Կրկնվող պատմություն

03.07.1994 at 00:00 2 комментария

— Տատիցս վարդի հոտ էր գալիս։ Ջահել  ժամանակ  գեղեցկուհի էր եղել ու  ծերացած էլ  էնպիսի հմայք ուներ, որ երբ դռանը նստած էր լինում  անցնող-դառնող  անտարբեր չէր  մնում։ Թաղում, որ հիվանդ էր լինում   տատիս էին կանչում։ Նա  բժիշկ չէր , բայց երբ ձեռքը  դնում էր հիվանդի ճակատին  հիվանդը  լավ էր զգում։ Տատիս դեմքը էնպես լուսավոր էր, որ տեսնողները  կարծում էին, թե նա շատ երջանիկ է: Բայց խեղճ կինը կյանք չէր տեսել։ 15 թվին նրա ամբողջ ցեղը կոտորվել էր և ոնց էր եղել  մի քուրդ էր տատիս փախցրել,  տարել  իր տունը ու կինը դարձրել։Երեք-չորս տարի  հետո փախել էր նրա տնից ունեցած էրեխեն էլ թողել  քրդին։

Ես բաժակները օղի լցրեցի, իմ բաժակը դատարկեցի, հետո շուռ եկա  Ամալյային համբուրեցի.

— Ավելի լավ է խմես։

Ամալյան  բաժակը վերցրեց ու օղին մինչև վերջ խմեց.

— Մեր կողմերում , որ ճամփորդ էր անցնում ու, ասում են թե, գիշերելու տեղ էր փնտրում, բերում էին մեր տուն։ Ու էդպես մի ճամփորդ էլ էկել է մեր տուն գիշերել ու գնացել և ես հայտնվել եմ էս աշխարհում։

Ես ձեռքս դրեցի Ամալյայի ծնկին ու զարմացած հարցրի.

— Եվ դու  հորդ չե՞ս տեսել:

— Չէ։ Ես հորս մասին ոչինչ չգիտեմ։ Էդպես ուրվականի նման էկել ու անցել է մեր տան միջով։ Մորս, երբ հարցնում էի՝ «մա իմ  հերը ով է » նա մի հայացք էր գցում վրաս ու առանց ձայն հանելու  հեռանում էր, իբր տան գործով էր զբաղվում։ Կարծես անկարևոր հարց էի տվել։ Մի օր էլ էդպես էլի հարցրեցի, ձայն չհանեց ու ես չդիմացա  գոռացի՝ ես քո համար շան լակոտ եմ,  դվառնյաշկա եմ ինչ եմ, որ պիտի չիմանամ, թե հերս  ով է։ Մերս սկսեց հեկեկալ. «Աղջիկս քո հորը ես էլ լավ չեմ հիշում,-_ արցունքներն աչքերից թափելով  ասում էր մերս,- տատդ էնքան բարի էր, որ  ով  անօթևան էր մնում, տուն էր թողնում ։ Իրեն չէր հարցնում, թե օտար մարդը մեր տանը ինչ գործ ունի։  Էդ  մարդիկ գիշերը  գալիս անկողինս էին մտնում­ ու  ես չէի կարողանում դիմադրել։ Երևի ոչ էլ անօթևան էին։ Տեր չունեի,  որ դրանց  հաներ դուրս շպրտեր, իսկ տատիդ էլ չգիտեմ ինչու  ամաչում էի կանչել: Երևի, որ իր բարության համար չզղջա։ Էդպես էլ հերդ է էկել, գիշերել մեր տանը ու գնացել։

Ես  շատ զղջացի, որ մորս ստիպել էի պատմել էդ ամենը։ Դա նրա կյանքի ողբերգությունն էր, որ փորձում էր թաքուն պահել աղջկանից և հետո ինձ համար ավելի լավ էր խորհրդավորության մեջ մնար հայրս, որ մի օր կվերադառնար ու իր աղջկան տեր կկանգներ։

Հետագայում տատս էլ ոչ մեկին տուն չէր թողնում։ Երբ գալիս տեղ էին ուզում  տատս լուռ վեր էր կենում, մտնում էր տուն ու դուռը հետևից փակում։

Տատս իր երկրից էկած էն հազվադեպ մարդկանցից էր, երևի միակը, որ էդպես էլ չմերվեց էստեղի սովորություններին։ Կյանկի վերջում միայն իմացավ, որ մարդիկ խաբեբա են, բայց չհասկացավ թե ինչու։ Ու էդպես զարմացած էլ գնաց էս աշխարհից ։

— Ե՞րբ մեռավ տատդ։

— Ես տաս տարեկան էի, որ տատս մեռավ։ Դա իմ կյանքի ամենատխուր օրն էր ։ Մինչև հիմա էլ, որ ինձ  անհաջողություն է պատահում  թվում է, թե եթե տատիկս կենդանի լիներ էդպես չէր լինի։ Ես միայն մինչև տաս տարեկան եմ երջանիկ եղել, երբ տատիս կողքին էի։ Տատիկիս ծոցն էի քնում։ Նրան պինդ գրկում էի և զգում, որ էս աշխարհում մենակ չեմ։

… Տատիս ես ու մերս թաղեցինք։ Լավ էր, գոնե հարևանը  սել տվեց, որ դագաղը վրան  դնենք, տանենք գերեզմանոց։

Ես կրկին բաժակները օղի լցրեցի ու  խմեցի։

— Ինչ ես հիշողությունների մեջ խորացել,  լավ կանես քնես։

— Էհ, որ քեզ էլ չպատմեմ, ում պիտի պատմեմ։ Ես ամբողջ կյանքս մենակ եմ եղել ու ոչ ոք չեմ ունեցել, որ հետը կիսվեմ։ Մայրս ինձանով չէր զբաղվում, մտերիմ ընկերուհի էլ չեմ ունեցել։ Ոչ մեկին չէի վստահում։ Առաջ, որ շատ էի տխրում, գնում էի տատիս գերեզմանին նստում ու  հետը զրուցում էի։ Տխրությունս չքվում էր ու անհասկանալի ուրախություն էր մեջս լցվում։ Հիմա գերեզմանը չկա։ Գերեզմանը վերացրին ,տեղը եսիմ ինչ սարքեցին։

Ես շրջվեցի Ամալյայի վրա ու սկսեցի համբուրել նրա պարանոցը։Հետո թախտի զսպանակները սկսեցին  համաչափորեն ճռճռալ. . . . . . . . . . . . . . . . . . . . .

— Դու անկողնում ուղղակի հրաշք ես,- մեջքի վրա շրջվելով ասացի ես ։

Ամալյան ժպտաց.

— Էհ դու ինձ իմ լավ ժամանակ չես տեսել, հիմա տարիքս էն չի։

.   .   .

— Մեր տուն միշտ տարբեր տղամարդիկ էին այցելում։ Մեկը մի երկու անգամ գալիս էր, գիշերում ու այլևս չէր երևում։ Մի ուրիշն էլ կարող է  մի քանի ամիս անընդհատ այցելեր։ էդպես մեկը կար՝ ձյաձ Ռոբերտը, որ մոտ երեք տարի մեր տնից անբաժան էր։ Նա ինձ միշտ նվերներ էր բերում  ու երբ գալիս էր, ես շատ էի ուրախանում։ Գիտես, ուրախանում էի  որովհետև վերջապես հայտնվել էր մեկը, որ ինձ բանի տեղ էր դնում։ Ես զգում էի, որ ինձանից ինչ-որ  բան եմ ներկայացնում ու  բոլոր երեխաների նման  նվերներ եմ ստանում  ու ուշադրության արժանի եմ։ Ձյաձ Ռոբերտը շաբաթը  երկու — երեք անգամ այցելում էր մեզ ու  գիշերը մամայիս հետ  ննջասենյակում քնում։ Մի խոսքով մամայիս յարն էր: Մի օր նա իր ընկերոջ  հետ էկավ։ Ընկերոջ անունը Վալոդյա էր։ Էդ օրը մերս  համեղ  ուտելիքներ էր պատրաստել  և երեկոյան լավ սեղան  գցեց։ Ձյաձ Ռոբերտն էլ իր բերած օղու շշերը դրեց սեղանին։ Վալոդյան անեկդոտներ էր պատմում  ու պատմություններ ասում ու մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ  ձյաձ Ռոբերտը անընդհատ մորս ու իր բաժակներն  էր լցնում ու կենացներ ասում։ Երկու օղու շշերն էլ դատարկվեցին ու ես նկատեցի , որ մերս շատ է հարբել ու խղճացի նրան։ Հետո ձյաձ  Ռոբերտը մորս ձեռքից բռնեց ու տարավ ննջասենյակ։ Ես հյուրասենյակում  մնացի Վալոդյայի հետ։ Մենք ինչ որ ժամանակ  լուռ նստել էինք։ Հետո  Վալոդյան եկավ  նստեց կողքս ու սկսեց գլուխս շոյել։

Ամալյան սկսեց լաց լինել։

— Շարունակի, շարունակի։ Հետաքրքիր է,- ասացի ես մաքրելով նրա արցունքները։

— Վալոդյան, հիշում եմ, ինձ շոյում էր, իսկ ես նայում էի նրան ու ժպտում։ Հետո  նա ձեռքը տարավ ծնկիս, շորիս տակով բարձրացրեց ու սկսեց կուրծքս շոյել։ Ես զարմացա և չհասկացա, թե ինչ է ինձնից ուզում էս մարդը։ Սկզբում իմ մտքով չէր անցնում, որ ձյաձ Ռոբերտի ընկերը կարող է ինձ վատ բան անել… Հետո նա ձեռքիցս բռնեց ու ինձ տարավ նստեցրեց բազմոցին։ Երբ տանը մարդ էր լինում ես էդ բազմոցին էի քնում։ Վալոդյան գնաց սենյակի լույսը անջատեց, եկավ կողքս նստեց ու շորս վրայիցս հանեց։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում. գիտեի, որ Վալոդյան ձյաձ Ռոբերտի ընկերն է և նրանից կարիք չկա վախենալ։ Մթի մեջ ես նրան չէի տեսնում, բայց բնազդաբար ձեռքերովս ծածկեցի մերկ կուրծքս։ «Մի վախենա»,- ասաց Վալոդյան ու ձեռքերս հետ տարավ  ու  ինձ պառկեցրեց բազմոցին։ Ինքն  էլ պառկեց, առավ ինձ իր գրկի մեջ  ու  սկսեց գժի պես համբուրել։ Ես արդեն վախենում էի, բայց չգիտեի ինչ անեմ։ Հետո  հանեց տրուսիկս: Էդ ժամանակ ես փորձեցի դիմադրել, բայց  անօգուտ։ Նա ավելի կրքոտ շարունակեց ինձ համբուրել ու ոտքերս իրարից ուժով հեռացրեց։ Հանկարծ ես ուժեղ ցավ զգացի, ուզեցի ճչալ, բայց Վալոդյան ձեռքով ամուր պահեց բերանս ու իմ ձայնը կոկորդումս խեղդվեց։ Սիրտս սկսեց ահավոր  խառնել ու ինձ թվաց, թե ուշքս գնում է։ Թե ինչքան տեւեց չգիտեմ, մենակ ինչ որ ժամանակ անց զգացի, որ Վալոդյան կողքս չի և  նրա ձեռքը բերանս չի ծածկում։ Հանկարծ լույսը վառվեց ու Վալոդյան մոտեցավ ինձ, վրաս ադյալ գցեց ու ժպտալով ձեռքը մոտեցրեց այտիս։ Ես  շուռ  եկա պատի կողմը, կծկվեցի ու սկսեցի լաց լինել։ Վալոդյան գնաց լույսը անջատեց։ Հետո դռների չխչխկոցից հասկացա, որ դրանք գնացին։  Ես  մինչև լուսաբաց էդպես կծկված մնացի։ Առավոտյան մայրս մոտեցավ ինձ ու ուսս շարժեց։ Որ տեսավ չեմ  շրջվում ադյալը վրայիցս քաշեց։ Ես գլուխս շրջեցի ու նայեցի նրան. «Ամա~ն»,-ասաց նա ու ձեռքը տարավ բերանին։ Նա միշտ էդպես էր անում, երբ հետս որևէ փորձանք էր պատահում` ասում էր` ամա~ն… Ռոբերտը էդ օրվանից մեր տուն  չեկավ։

— Էդ ժամանակ դու քանի՞ տարեկան  էիր։

— Տասնհինգ։ Տատիս գերեզմանն էլ արդեն չկար, որ գնայի մոտը մի քիջ մխիթարվեի։

.  .  .

— Դպրոցը, որ ավարտեցի գնացի Լենինգրադ ու ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Գնացի, որ մորս հետ էլ չապրեմ։ Ես նրան շատ էի սիրում, բայց, չգիտեմ ինչու, նրա ներկայությունը ինձ խեղճացնում էր։

— Լենինգրադում երևի քեզ լավ էիր զգում չէ՞։

Ամալյան թեթև ժպտաց.

— Ինձ էնտեղ շատ էին սիրում, բոլորը շուրջս պտտվում էին։ Շատերի համար ես անհասանելի էի։ Սովորեցի արժանիքներս գնահատել։ Արդեն ես էի ընտրում ինձ ընկեր։ Բայց իրականում ես մեկին եմ անկեղծորեն սիրել։

— Ու՞մ։

Ամալյան մի պահ լռեց.

— Բայց դա ի՞նչ կարևոր է։ Անցել_գնացել է։ Համ էլ դու նրան չես ճանաչում։

— Չէ, ասա խնդրում եմ։ ինձ շատ է հետաքրքրում։

Աղջկաս հորը` Սաքոյին։ Ես որոշել էի միայն սիրած տղամարդուց երեխա ունենամ, որ երեխաս ինձ նման չմնա, հորը անպայման ճանաչի, որ էս աշխարհում  պաշտպան ունենա։ Աղջիկս գիտի իր հերն ով է, բայց ավելի լավ է չիմանար։ Դրա նման կեղտոտ մարդ ես չեմ տեսել։ Նա գալիս էր մոտս, իր սեռական պահանջները բավարարում ու հետո սկսում ինձ ծաղրել, ասում էր. «Ես քեզ մենակ շինելու համար եմ պահում, քեզնից լավ ոչ ոք չի շինվում։ Քանի քեզնից լավին չեմ գտել կարող ես ուրախանալ, որ մոտդ եմ գալու»։ Իրականում նա ինձ մի գրոշ էլ չէր տալիս, հակառակը, մոտս էր սնվում, հաճախ ինձնից էլ փող պոկում։ Իսկ ես նրան անդիմադրելիորեն սիրում էի։ Ուրիշին նրա արածի կեսի կեսը չէի հանդուրժի։ Ոչ մի տղամարդ հետս էդպես չի վարվել ու ոչ մեկի էդպես չեմ ենթարկվել ոնց որ Սաքոյին։ Մենակ մի հարցում չենթարկվեցի, որ երեխա պիտի ունենայի։ Հղիությունս գաղտնի էի պահում, բայց վերջը իմացավ։ Մի օր էկավ ու հրամայեց. «Պատրաստվի գնում ենք աբորտի։ Բժշկի հետ պայմանավորվել եմ»։ Ես  ձեն չհանեցի ու գնացի խոհանոց։ Հետևիցս էկավ ու մի  ընենց գոռաց. «Ու՞մ եմ ասում այ պոռնիկ»։ Դժվար էր նրան հակառակվել, բայց որոշել էի ինչ ուզում է լինի, աշխարհը շուռ էլ գա, մեկ է էդ երեխեն պիտի ունենամ։ «Սաքո ջան, ասում եմ,_խնդրում  եմ մի արգելի։ Ուզում եմ երեխա ունենամ»։ Մեկ էլ խոսքը բերանիս ընենց շրխկացրեց մռութիս, որ աչքերիցս կայծ թռավ ու փռվեցի գետնին։ Էդպես տեղիցս չշարժվեցի, ուշաթափված ձևացա։ Սաքոն շատ վախկոտ էր, ինձ էր գտել անօգնական, ոչ հեր ունեի, ոչ աղբեր, որ հախից գար։ Կարծեց ուշքս  գնացել է, ջուր ցանեց վրաս, մի քանի անգամ մարմինս շարժեց, տեսավ բան դուրս  չի  գալիս, թողեց ու փախավ։

Որ երեխան ծնվեց, տեսավ, որ իրանից պահանջ չունեմ, երկար ժամանակ այցելում էր։ Նույնիսկ սկսեց փող բերել։ Բայց հիմնականում էլի գալիս էր, որ հետս պառկի։Հետո, որ ամուսնացավ, սկսեց չերևալ։ Հիմա տարին մեկ-երկու կնոջից գաղտնի հայտնվում է, իբր աղջկան է կարոտել։

.   .   .

— Հիմա մենակ դու ես։ Բայց դու ուրիշ ես։ Քո նմանները էս աշխարհում շատ քիչ են լինում։

— Լավ, լավ մի չափազանցրու։

— Չէ, ճիշտ եմ ասում՝ դու շատ կարգին տղա ես։ Ես գիտեմ, որ քեզնից վատ բան հնարավոր չի սպասել։

Ես ուրախ ժպտացի ու կրկին բաժակները լցրեցի։

— Հիմա մենակ մի երազանք ունեմ. աղջկաս լավ կրթություն տամ ու հաջող ամուսնացնեմ։ Նա մեր մեջի ամենագեղեցիկն է։ Դու էլ գիտես, որ նրան տեսնողը ոնց է հիանում։ Էս տունն էլ հատուկ աղջկաս համար ստացա։

— Բայց երեք սենյակ ստանալը էնքան էլ հեշտ բան չի։

Ամալյան խորամանկ ժպտաց.

— Ով ասեց հեշտ է։ Դե  դու  գիտես ոնց կարող էի ստանալ։ Էն  ժամանակ ում   տակն էի պառկում, որ չստանայի։ Կարեւորը ինքնուրույն եմ ստացել ու ոչ մեկին պարտք չեմ մնացել։ Էդ ամեն ինչը հեչ։ Ինձ մենակ մի բան է հետարքրում, որ աղջիկս ապահովված ու երջանիկ լինի, մի օր վերջ դրվի էս անբախտ գծին։

— Դե լավ սիրելիս, աշխատի քնել։ Շատ ես հոգնել,-_ասացի ես։

Ամալյան ժպտաց ու սեղմվեց ինձ։ Երբ զգացի, որ քնել է անկողնից վեր կացա, հագնվեցի, հետո շշի տակ մնացած օղին կուլ տվեցի, նստեցի աթոռին ու սկսեցի սպասել։ Որոշ ժամանակ անց ննջարանի դուռը թույլ թակեցին։ Ես դուռը բացեցի ու դուրս եկա։

* * *

— Ոնց էր, մի բան արիր,-_մուտքում աստիճաններից իջնելիս հարցրի ընկերոջս։

— Կյանք էր, կյանք,- գոհունակ ժպիտը դեմքին  ասաց ընկերս,-_ասեմ, որ քեզ պարտք եմ մնում։ Արա, իսկ մերը չիմացա՞վ։

— Չէ, նա  գիտեր, թե դու հյուրասենյակում քնած ես, բերեց վրադ էլ ադյալ գցեց, որ չմրսես։ Խեղճը ինչ ջոկեր, որ հետևից պիտի գնաս աղջկան  շինես։

— Չէր տալի, էնքան համոզեցի, որ վերջում հարիֆը սիրահարվել էր ինձ,- Հետո ընկերս էլի ինչ որ բաներ էր ասում, բայց այլևս նրան չէի լսում։ Մտածում էի շուտ տուն հասնեմ ու անքուն օրվա հարբեցողությունից հետո մի կուշտ քնեմ։

Արդեն լուսանում էր։ Պարտեզում բացված վարդերի բույրը բակը բռնել էր։

1994 թ.,հուլիս

Entry filed under: պատմվածք. Tags: , .

Պրոֆիլակտիկա Քաղաքամերձ լճի ժամանակաշրջանը

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: