Հինը նորովի

15.03.2001 at 00:00 Оставьте комментарий

Ազատամարտիկ Համզո Համզոյանի անվան քոլեջը քաղաքում առաջինն էր, որ ուսումնական տարվա հենց սկզբում պատրաստ էր նոր` «Ժողովրդական իմաստությունները եւ կրոնքը» առարկայի դասավանդմանը: Իհարկե, սա պատահական չէ: Միշտ էլ այս դպրոցն է աչքի ընկել եւ իր կարգապահությամբ, եւ ուսման բարձր մակարդակով, եւ աշակերտների ու ուսուցիչների բարձր հայրենասիրական գիտակցությամբ: Այսպիսի դպրոցներ ընդհանրապես հանրապետությունում մատների վրա կհաշվես: Ամեն նոր ծրագիր առաջինը յուրացվում է այստեղ: Աշակերտները եռանդով եւ մեծ ոգեւորությամբ սերտում են դասընթացները, մանավանդ ազգային նկարագիր ունեցողները: Ուսուցիչները նվիրված մասնագետներ են, սիրում են իրենց գործն ու երեխայի պես ուրախանում իրենց սաների հաջողություններով: Սակայն այդ ամբողջի համար ծնողներն ու ղեկավարները պարտական են տնօրենին` տիկին Ֆրուժետա Դաբաղյանին: Նա է, որ ընտանիքի հոգսը մի կողմից, մյուս կողմից` ամբողջ կյանքը նվիրած մանկավարժությանը սիրով ու նվիրումով հայրենասիրություն է ներարկում կրտսեր սերնդին: Ինքն է հրավիրել հանրապետության տարբեր շրջաններից լավագույն մասնագետներին: Նա նաեւ տաղանդավոր նորարար է ազգային կրթական համակարգում: Վերեւից իջնող ծրագրերում միշտ, երբ հանդիպում է ինչ-որ թերությունների, համարձակորեն, անմիջապես գրավոր զեկուցագիր է ուղարկում կրթության նախարարություն, որն առանց բացառության կոլեգիայում քննարկվելուց հետո հաշվի է առնվում, եւ ծրագրում համապատասխան փոփոխություններ են կատարվում:

Եւ, կրկնում եմ, պատահական չէ, որ «Ժողովրդական իմաստությունները եւ կրոնքը» առարկայի դասավանդմանը առաջինը հենց պատրաստ էին Համզոյականները: Եւ կրկին տիկին Դաբաղյանի եռանդի շնորհիվ: Դասընթացի համար անհրաժեշտ դիդակտիկ առարկաներն ու կենդանիները առաջինը ձեռք բերվեցին Համզոյան քոլեջում:

Հենց առաջին դասն էր «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` ոչխարը սարով անցավ» թեման, որը յոթերորդ դասարանում դասավանդելու էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց հրավիրված տեր Ասքանազ քահանան: Մեծ դժվարությամբ, հենց առաջին հերթին այս դասի համար, տնօրենը ձեռք էր բերել ոչխարների հոտ` 7 ոչխար եւ մի գայլ: Կենդանիների հայթայթմանը մեծապես օգնել էին նրա ամուսնու` գեներալ Սերյոժա Դաբաղյանի պատերազմի մարտական ընկերները` Տորք Անգեղ ջոկատի անդամները: Ազատամարտի վետերաններից ոմանք իրենց ոչխարներից նվիրատվություն արեցին քոլեջին: Իսկ գայլը որսացել է լեգենդար Համզոյանի կրտսեր եղբայրը` Մանդատը` Խուստուփ լեռան փեշերին: Ի դեպ, նա այդ սխրանքի համար երկրի նախագահի կողմից պարգեւատրվեց ազգային կրթությանը մատուցած ծառայությունների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Կենդանիներին մեծ հոգատարությամբ խնամում ու կերակրում են հենց աշակերտները: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մոտակա տարածքից խոտ քաղելու եւ ոչխարների կերը ապահովելու համար: Իսկ գայլի կերի` մսի մատակարարումը իր վրա է վերցրել գեներալ Դաբաղյանի որդին` Աժդահակիկը: Նա իր շանը` Հաբռգանին հատկացված կերակուրից բաժին է հանում գայլի համար:

Սեպտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 8-ին, արդեն դպրոցի բակը մարդաշատ էր: Առաջինը եկել էին երեխաները եւ նրանց ծնողները: Մի փոքր անց մերսեդեսը կանգնեց դպրոցի բակում, եւ դուրս եկավ տեր Ասքանազը: Ի դեպ, մեքենան Ղռեր-Ադանա համայնքի թեմին է նվիրաբերել սփյուռքահայ բարերար օրիորդ Սալբի Սիսեռյանը` քրիստոնեության 1700 ամյակի առթիվ: Ապա բակ մտան նաեւ բեռնատար մեքենան ու ավտոբուսը:

Երբ բոլորը հավաքվեցին դպրոցի կենտրոնում վեր խոյացող Համզո Համզոյանի արձանի մոտ, տեր Ասքանազը խնկարկեց նրա հիշատակը: Տուֆից քանդակված ազատամարտիկի արծվային, խրոխտ հայացքը կարծես հսկում է ազատագրված տարածքները: Պարանոցին քանդակված է ականջաշար շղթան: Կենտրոնում` խաչը: Տասնհինգ ականջները նրա գրաված տասնհինգ գյուղերն են խորհրդանշում, որոնց թիվը զարմանալիորեն համընկնում է նրա ոչնչացրած թշնամու քանակին: Ի դեպ, թշնամուց Համզոյանի կտրած տասնհինգ ականջները նրա այրին նվիրաբերել է քոլեջին, որոնք խնամքով քորոցների վրա ամրացրել եւ շրջանակի մեջ են դրել հինգերորդ դասարանի աշակերտները: Աշխատանքը տեղադրված է դպրոցի` Համզոյան մշակույթի անկյունում: Ականջները տասնչորսն են: Մեկը տիկին Դաբաղյանը նվիրեց Դաշնակցության Հավայան կղզիների կոմիտեությանը, որի դրամահավաքի շնորհիվ կառուցվեց Համզոյանի հոյակերտ արձանը: Ականջներից մեկը առանձնանում է եռագույն շրջանակով: Դա մեր անհայտ ազատամարտիկի ականջն է, որը դպրոցին են նվիրել Բաքվի` Քյոռօղլու անվան դպրոցի աշակերտները, երբ ամռանը հյուրընկալվել էին Համզոյան քոլեջ` բաց հասարակության հիմնադրամի տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհման շրջանակներում: Սա պատասխանն էր համզոյականների հաճելի անակնկալ քայլի, երբ անցյալ տարի Բաքվում հյուրընկալվելիս նրանք մեծ հանդիսավորությամբ քյոռօղլիցիներին հանձնեցին անհայտ ադրբեջանցու ականջը:

Նշենք, որ այժմ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող աշակերտներին արժանացնում են Համզո մեդալով: Այն պատկերում է ականջի եւ խաչի մի ուրույն համադրություն. ականջը խորհրդանշում է հնազանդություն, որ աշակերտը միշտ կհետեւի ծնողների եւ ուսուցիչների պատվիրաններին: Խաչի ուղղահայաց հատվածը խորհրդանշում է հայրենիքը պաշտպանելու, իսկ հորիզոնականը` կառուցելու պատգամը:

Մինչ կենդանիներին բեռնատար տեղափոխելը ուսուցիչները, տնօրենը, ծնողներն ու աշակերտները հավաքվեցին շենքի նկուղում հատկացված տարածք` կենդանաբանական այգի, եւ տեր Ասքանազը օրհնեց հյուրերին, աշակերտներին ու կենդանիներին: Առաջինը դուրս հանեցին անիվներով վանդակի մեջ գտնվող գայլին: Վանդակը երեխաներն են պատրաստել փայտամշակման դասին` հատուկ անվավոր, որ այն հեշտորեն գլորելով` հնարավոր լինի գայլին տեղից-տեղ տեղափաոխել: Տղաները 6 հոգով վանդակը քշեցին բակ, ապա բեռնատարի թափքին հենած տախտակներով` թափքի անկյունը: Ոչխարներին ճիպոտիկներով դուրս բերեցին աղջիկները:

Ասացվածքի դասավանդման համար Քունիքոտն մարզի մարզպետարանը սիրով տեղ էր հատկացրել Բալիդաղ տեղանքում: Այստեղ եւ հովիտն էր հարմար գայլին տեղադրելու համար, եւ դիմացի սարը, ուր Համաշխարհային բանկի կրթական ծրագրի վարկով ճանապարհ էր կառուցվել մինչեւ Բալիդաղի գագաթ: Ի դեպ, տեղանքը պատահական չէր ընտրվել. ավանդույթի համաձայն այստեղ ժամանակին շատ գայլեր են եղել, որոնք խժռել են տեղի բնակիչների ոչխարները: Քանի որ հայ բնակչությունը մուսուլմանական լծի տակ իրավազուրկ է եղել, հայ գյուղացին նույնիսկ որսորդական հրացան ունենալու իրավունք չի ունեցել, հետեւաբար գայլերին չի հաջողվել ոչնչացնել: Այս խնդրի լուծման ելքը գտել է Բալիկա վանքի վանական սուրբ Լալիկը: Նա բարձրացել է մոտակա բլուրը եւ Ավետարան է ընթերցել: Զարմանալիորեն տեղանքի բոլոր գայլերը հավաքվել են նրա շուրջը: Երբ երեկոն է իջել, սարից հովիվները սկսել են իջեցնել ոչխարներին: Այդ պահին գայլերից մեկը մարդկային լեզու է ստացել եւ ասել է. «Ոչխարը սարով անցավ»: Այդ օրվանից սարը կոչվել է Գայլի սար: Ժամանակի ընթացքում անունը հնչյունական փոփոխության է ենթարկվել, դարձել Գալու, Բալու, ապա` Բալիդաղ:

Սկզբում իջավ տեր Ասքանազը եւ օրհնեց տեղանքը: Ապա աշակերտները հովտում իջեցրին գայլին: Աղջիկները, երեք տղամարդ ծնողների հետ, ելան բեռնատարի թափքը, եւ մեքենան ոլորապտույտ ճանապարհով բարձրացավ սարը: Այստեղ աղջիկները հայրերի օգնությամբ ոչխարներին իջեցրին: Հովտից հիանալի երեւում էին ոչխարները, գայլը նույնպես անպայմանորեն կտեսներ նրանց: Տղաները խմբվեցին վանդակի շուրջ` գայլի դիմացի տեսադաշտը բաց թողնելով: Տնօրենի գլխի նշանով արդեն պատրաստ քահանան մոտեցավ վանդակի դիմացի աջ անկյունին, բացեց Ավետերանը ու սկսեց բարձրաձայն ընթերցել: Առաջին պարբերությունից հետո ուսուցչուհին ձեռքով նշան արեց աղջիկներին. անմիջապես նրանք ոչխարներին ճիպոտներով սկսեցին քշել սարով` ուղղահայաց: Արդեն ոչխարները տեսադաշտից անհետանում էին, սակայն գայլը ոչ մի ձայն չհանեց. նա փռված էր վանդակի հատակին ու անտարբեր նայում էր դիմացը: Բոլորը խիստ զարմացած էին: Ի՞նչ անել: Տնօրենը ասաց, որ միակ ելքը գործողությունը կրկնելն է: Սարի վրա աղջիկներին նա նշան արեց, որ ոչխարներին կրկին քշեն հակառակ կողմ: Տեր հայրը շարունակեց ընթերցանությունը: Սակայն գայլը անհողդողդ էր: Երրորդ փորձից հետո տնօրենը կարգադրեց տղաներին, որ նրանք փայտիկներով բզբզեն գայլին: Կարճ ընդմիջման ժամանակ, երբ հանդիսատեսներն ու մասնակիցները իրենց հետ բերած նախաճաշն էին ուտում, երեք տղա աշակերտներ Բալուի ջուր աղբյուրի կողքի մացառներից ճյուղեր էին պոկում:

Այս անգամ մինչ տեր հայրը կկարդար Ավետարանը, տղաները սկսեցին ճիպոտներով բզբզել գայլին: Գայլը սկզբում տեղից ելավ, ապա տղաների համառության շնորհիվ ժանիքները ցցեց ու սկսեց գռմռալ: Տիկին Դաբաղյանը բղավեց` պահն է, եւ տեր Ասքանազը շարունակեց իր պարտականությունը: Աղջիկները վերեւում քշեցին ոչխարներին, սակայն գայլը հանգստացավ, մի քանի պտույտ արեց ու կրկին փռվեց: Աշակերտները հաշվեցին` վեց ժամվա ընթացքում ոչխարներին քշելու եւ ավետարան կարդալու գործողությունը կրկնվեց 20 անգամ: Ավետարանը տեր հայրը ընթերցեց 2 անգամ` սկզբից մինչեւ վերջ, սակայն գայլը բառ անգամ չարտասանեց: «Հո ամբողջ օրը չենք մնալու», — ասաց տնօրենը, ու հոգնած մասնակիցները վերադարձան քաղաք:

Հաջորդ օրը տնօրենը արդեն գիտեր իր անելիքը: «Դոգմաներ չկան, ամեն ինչին կարելի է մոտենալ ստեղծագործաբար», -միշտ ասում է տիկին Դաբաղյանը: Անմիջապես նա մի գրություն գրեց նախարարություն. «Հարգելի պարոն նախարար, ես կարծում եմ, որ մեր ժողովրդական իմաստնությունները մեծապես նպաստում են մեր մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը: Դա ես կարող եմ վկայել մեր դպրոցի փորձով. երեկ մենք սարում բեմադրեցինք «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` ոչխարը սարով անցավ» ասացվածքը: Աշակերտները մեծ հաճույքով սերտեցին թեման: Այսօր, մեկ օր անց, նրանց աչքերն ավելի պայծառ են, եւ հոգիները` ամրացած, Հայրենիքը պաշտպանելու համար լի վճռականությամբ: Ձեզ ցանկանում եմ հայտնել իմ դիտարկման արդյունքները: Կարծում եմ` ժողովուրդը այնքան իմաստուն է, որ իր իմաստնությունները ստեղծելիս հաշվի է առել, որ նրանք ենթակա են ժամանակի ընթացքում փոփոխության: Պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ երեկ մի քանի անգամ ոչխարները սարով քշելուց եւ այդ ընթացքում բարեխիղճ քահանա տեր Ասքանազի կողմից գայլի գլխավերեւում Ավետարան ընթերցվելուց հետո գայլը այդպես էլ չասաց` ոչխարը սարով անցավ: Այս հանգամանքը չի կարող նսեմացնել մեր հինավուրց իմաստությունը: Դա կարող է անել միայն մեր թշնամին: Այսուհանդերձ, կարծում եմ, որ մեր ժամանակների համար ասացվածքը մի փոքր այլ հնչեղություն պետք է ունենա: Ես առաջարկում եմ այսպես. «Գայլի գլխին ավետարան կարդացին, երբ ոչխարը սարով անցնում էր»: Սա նաեւ մեր ժամանակների ոգուն համահունչ է: Եթե վերլուծենք ասացվածքն այս իմաստով, կգանք այն եզրակացության, որ ամեն հայ մարդ լավ կլինի զբաղվի ստեղծագործ աշխատանքով եւ չմիջամտի մյուս հայրենակիցների, նաեւ, ինչու չէ, իշխանությունների աշխատանքին: Կարծում եմ, դուք կքննարկեք այս առաջարկը»:

Իհարկե, տիկին Դաբաղյանը վստահ է, որ իր ճշմարիտ դիտողությունը անպայման հաշվի կառնվի, ոչ թե այն պատճառով, որ իր ամուսինը` գեներալ Դաբաղյանը, մեր հայրենիքին մեծ ծառայություններ է մատուցել: Դեռեւս խորհրդային տարիներին, երբ պարոն Դաբաղյանը համեստ վարորդ էր, բոլորին էր հայտնի Ֆրուժետա Վլադլենովնայի սուր եւ պրպտուն միտքն ու մանկավարժական տաղանդը:

Հաջորդ իմաստության դասավանդման համար տիկին Դաբաղյանը ձեռք է բերել կովեր: Դրանք դպրոցին է նվիրաբերել Շվեյցարիայի կառավարությունը` գյուղացիների կրթության ծրագրի շրջանակում: Աշակերտները այս անգամ պետք է սերտեն «Ամառ, որ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր» ասացվածքը: «Մինչ նախարարությունում լրացնում, շտկում են ծրագրում մեր կողմից հայտնաբերված թերությունները, մենք արդեն սկսում ենք հաջորդ դասը, — ասում է տիկին Դաբաղյանը` Հանրային հեռուստատեսության «Անմեղության կանխավարկած» հաղորդմանը տված հարցազրույցում, — Դժվարությունն այն է, որ դեռեւս չգիտենք` կովերին ինչ պարբերականությամբ կերակրելու դեպքում նրանք կսատկեն ձմռանը: Դրա համար արդեն մշակել ենք մեթոդիկա. 7 կովերին երեխաները կկերակրեն տարբեր պարբերականություններով: Օրինակ, մեկին` օրը մեջ, մյուսին` շաբաթը մեկ եւ այսպես շարունակ: Եթե ձմռանը սատկեց, օրինակ, 3 օրը մեջ կերակրվողը, ապա մենք նախարարություն համապատասխան գրություն կուղարկենք` «Աշուն, որ կերակրես 3 օրը մեկ, ձմեռ կսատկեն կովեր»: Դուք կհարցնեք` ինչու՞ աշուն: Պարզ պատճառով` դասերը աշնանն են սկսվում», — ապա խորամանկ ժպտալով տնօրենը ավելացնում է. «Տեսնո՞ւմ եք, նախարարության գործն էլ մենք պիտի անենք»:

Entry filed under: պատմվածք. Tags: .

քայլ դեպի ամերիկա Ընթերցողի համար գիրք չի հրատարակվում կամ գրահրատարակչություն` սուվենիրային

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: