Ընթերցողի համար գիրք չի հրատարակվում կամ գրահրատարակչություն` սուվենիրային

15.03.2001 at 10:25 Оставьте комментарий

99-2000թթ. 1220 անուն, 1 միլիոն 215 հազար ընդհանուր տպաքանակով գիրք է հրատարակվել Հայաստանում` ըստ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրապալատի տվյալների: Այս տարի արդեն 70 գիրք է հրատարակվել: Հրատարակված գրքերից միայն դասագրքերն են վաճառվում (662 հազար տպաքանակը): Մյուսները կամ շուկա դուրս չեն գալիս, կամ դուրս են գալիս, սակայն պահանջարկ չունեն:

-Բա սենց գիրք ինչու հայերեն չլիներ առնեինք,-հիացած նայում է գնորդը «Все об о всем» ռուսերեն նկարազարդ փայլուն գրքին Նոյյան տապան գրախանությում: Իսկ գրախանութի վառ գույնզգույն, հատոր առ հատոր գրքերով սեղմված դարակների արանքում կուչ է եկել հայերեն գրքերի աղքատիկ անկյունը:

«Հայերեն գրականությունը ողբալի վիճակում է, գնորդ չունի,- ասում է գրախանութի աշխատակից Հայկ Մկրտչյանը,- մեկ էլ կարող է մի սփյուռքահայ հայտնվի և մի հինգ գիրք առնի, իսկ ընդհանրապես ո՞վ է առնողը. համ պոլիգրաֆիական որակն է վատ, համ էլ պահանջարկ ունեցող թեմատիկան չկա»:

Գրախանութում լավ վաճառվում է ռուսերեն մանկական գրականությունը, ապա կոմպյուտերայինը: Հետո նաև գեղարվեստական տարբեր ժանրեր: Հայերեն միայն մի մանկական գիրք է բավարարում շուկայի պահանջներին և իրացվում է` «Թեոն և այլմոլորակայինները», որ հրատարակել է «Փյունիկ» հրատարակչությունը Իտալիայում:

Կողքի` Անի գրախանութում հայերեն գրքերի տեսականին ավելի առատ է, սակայն այստեղ չկան ռուսերեն գրքեր.«Ամիս է լինում ոչ մի գիրք չի վաճառվում, մարդիկ միայն, այն էլ ստիպված, դասագրքեր են առնում,-ասում է գրախանութի տնօրեն Աշոտ Սևյանը: Նա գրքերի չսպառվելու գլխավոր պատճառներից մեկն է համարում ավելացված արժեքի հարկը, որը գրքերի գինը բարձրացնում է 20%- ով: Այդ հարկը վերացված է Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ նախկին խորհրդային հանրապետություններում:

«Մեր գրքերը բոլորն էլ վաճառվում են,-ասում է «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը,- Ադոնցի «Հայերը աշխարհում» գիրքը վաճառվեց, Պուշկինի գիրքը վաճառվեց»:

Սակայն պարզվեց, որ հրատարակչության հրատարակած գրքերը նույնիսկ գրախանութ չեն հասնում և որոշակի սպառողի համար են նախատեսված .

«էս գրքերը ընթերցողը չի տեսնում, գրախանութ չի հասնում, օրինակ Վազգեն Սարգսյանին նվիրված այս գիրքը` «Ոգու փորձություն», ֆինանսավորել է Հայաստան հիմնադրամը, 11 հազար տպաքանակը բաժանվել է Սահմանադրական դատարանի և Հիմնադրամի միջև»:

Պարոն Իսոյանը ցույց է տալիս իր նոր հրատարակած Կարեն Դեմիրճյան գիրքը` մարմարե կազմով` վրան Կ. Դեմիրճյանի ոսկե կիսադեմը: Թումանյանից և Պուշկինից հետո սա նրա հրատարակած ոսկե կիսադեմով երրորդ գիրքն է.

«Ինչու՞ բրասլետը պետք է ոսկի լինի, իսկ Թումանյանի գլուխը ոչ»,-հարցնում է նա: Նմանատիպ գրքերը հրատարակիչը վաճառում է 50 դոլարով` հիմնականում իր շրջապատի ունևորներին և պաշտոնյաներին.

«Պուշկինը» Վազգեն Սարգսյանը նվիրում էր ռուս պաշտոնյաներին: Ես առաջարկել եմ կառավարական էլիտար հրատարակչություն ստեղծել, որ մեր ղեկավարները պաշտոնական հանդիպումներին օբսիդյանի մեջ գիրք նվիրեն: Լավ չի՞, որ օբսիդյանը դատարկ չլինի»:

«Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանը վստահեցրեց, որ իրենց հրատարակած գրքերը լավ վաճառվում են հենց գրախանութներում.«լավ սպառվում են Չարենցի և Տերյանի հուշանվերային գրքերը: Ժամանակակից հեղինակներից Լևոն Խեչոյանի, Հրաչյա Սարուխանի, Աղասի Այվազյանի գրքերը»:

Սակայն այլ պատկեր ներկայացրին այն գրախանութների աշխատակիցները, որոնցում իբր պետք է սպառված լինեին «Նաիրիի» հրատարակած գրքերը:

«Ո՞վ է ասում, որ վաճառվում է: Տերյանը և Չարենցը 2 տարում մի տասական օրինակ հազիվ վաճառված լինեն: մի տասը հատ էլ Խեչոյան: Իսկ Սարուխան չենք ունեցել: Սա համարվում է լա՞վ վաճառվել: 500 հատ տպում են, 400-ը նվիրում, ասում են լավ է վաճառվել»,- ասում է Անի գրատան տնօրեն Աշոտ Սևյանը:

Նույն տվյալները տվեց նաև կողքի Նոյան Տապանի աշխատակիցը` 2 տարում 10 հատ վաճառվել է Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, իսկ մյուս հեղինակների գրքերը չեն էլ ունեցել:

«Նաիրի» հրատարակչության գրախանութի աշխատակից Անահիտ Ղազարյանը ասաց, որ ըստ հերթականության ամենալավ վաճառվում է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպը, հայ գրողներից` Նարեկացին: Երրորդ տեղում խորհրդային տարիներին հրատարակված հայ մանրանկարիչների մատենաշարն է: Իսկ ընդհանրապես վաճառվում են էժան գրքերը: Օրինակ, Աղասի Այվազյանի «Երկրի վրայի զբաղմունքը» ժողովածուն, 92 թվին հրատարակված, վաճառվում է, քանի որ գինը 50 դրամ է, իսկ նրա նոր` «Թատրոն» գրքից, որն արժե 1200 դրամ, 2 տարում հազիվ 5 օրինակ վաճառված լինի(ընդհանրապես խանութում դրված են ռուբլու ժամանկաշրջանում «Նաիրիի» հրատարակած գրքերը, որոնք վաճառվում են ռուբլու համարժեք դրամով` հետևաբար էժան` 50-ից 100 դրամ):

Հրաչյա Սարուխանի «Աստծո առավոտը» բանաստեղծությունների ժողովածուից 10 հատ է վաճառվել «Ծանոթները գալիս առնում են, հետո էլ չի վաճառվում», իսկ` «Լևոն Խեչոյանը շատ լավ է գնում: Էս 2 տարում մի 100 հատ վաճառված կլինի: Չգիտե՞ք Խեչոյան, մեր Հեմինգուեյն է: Ես նաև պրոպագանդում եմ, օրինակ երեկ «Դարձ Մկրտության» գիրքը գովեցի, 20 հատ մի դպրոցի համար տարան: 50 դրամ է, ի՞նչ է, որ»:

2 տարում Տերյանի հոբելյանական հատընտիրից, հրատարակված 1500 տպաքանակով, վաճառվել է 25 օրինակ, իսկ հոբելյանական Չարենցինից 3 տարում, (2000 տպաքանակով)` կազմին բանաստեղծի մետաղյա դիմանկարը մոտ 10 հատ: Վերջին 10 օրում վաճառված գրքերի մատյանից պարզվեց, որ 90 գիրք է վաճառվել, մեծ մասը 50-100 դրամանոց, ինչ որ մեկը գնել է 9 հատ Ստեփան Զաքարյանի «Խոր վիրապ» ժողովածուից, մեկ ուրիշն էլ 10 հատ խեչոյանի «Սև գիրք ծանր բզեզ» վեպից:

«Նոր դար» հրատարակչության տնօրեն Աբգար Ափինյանը չթաքցրեց, որ իրեն գրքի սպառումը չի հետարքրում.

«մարդիկ սովահար են լինում, ինչպե՞ս գիրք գնեն: Ամիսներ են անցնում 1-2 գիրք է վաճառվում: Գիրքն էլ ինքնարժեքից ցածր ենք դնում` մեկուկես դոլարանոցը 400 դրամով: Իսկ մեր գրողները ստեղծագործում են և հրատարակել է պետք նրանց գրքերը: Եվս 2 տարի պետք է այս փաստի հետ հաշվի նստենք»:

Նոր դարը հայ գրողների 50 գիրք է հրատարակել, որոնցից եկամուտ չի ակնկալել: Աբգար Ափինյանը իր գործը առաջին հերթին համարում է գրողներին հովանավորելը, ապա նոր հրատարակիչ լինելը.

«Ես զբաղվում եմ սոված գրողների վիճակով, որ նրանք գոնե էլեկտրաէներգիայի վարձ կարողանան վճարել»:

Նշված երեք հրատարակչությունները գրքեր հրատարակում են այս կամ այն հովանավորի հաշվին: Մի դեպքում դա կարող է լինել բարձրաստիճան պաշտոնյա (օրինակ` «Հայագիտակը» ֆինանսավորել են Արտաշես Թումանյանը` ոսկեձույլ Թումանյանը, Կաթողիկոսը` «Գանձարան հայ հին բանաստեղծություն» գրքերը, «Նոր դարը»` Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը Շիրազի հատընտիրի հրատարակման համար) մեկ այլ դեպքում սփյուռքահայ մեծահարուստ, մի ուրիշ դեպքում պետբյուջեն` ինչպես «Նաիրի» հրատարակչության գրեթե բոլոր գրքերը:

Հրատարակչությունները երբեք գիրք չեն հրատարակում շուկայի պահանջարկից ելնելով: Միայն  Թամրազյանը ասաց, որ ինքը ներդրում է անում գրքի տպագրության մեջ ակնկալելով եկամուտ և միայն մեկ օրինակ բերեց` Վահան Տերյանի ընտրանին, այն էլ պարզվեց որ պետպատվերով է ֆինանսավորվել:

Հայերեն գրքի սպառման պատկերացումները փոխեց Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը: «Սողանքը» լավ վաճառվեց մանավանդ, երբ նոր լույս տեսավ:

«Հավանաբար Վահրամ Մարտիրոսյանին մարդիկ եթերից գիտեն, գալիս առնում են»,- ասում է  Սևյանը:

Նոյյան տապանի աշխատակցի կարծիքով դեր խաղաց գովազդը`

« Գալիս հարցնում են` չունե՞ք «Սողանքը»:

«Հրատարակիչները, սպոնսորները և հեղինակները գրքին որպես ապրանք չեն նայում,-ասում է Վ. Մարտիրոսյանը,- սպոնսորը գիրք ֆինանսավորելով մշակույթի նկատմամբ իր պարտքն ավարտած է համարում, հրատարակիչը գումարը վերցնում է և սպառման մասին չի մտածում. գովազդը փողը ծախսելու ավելորդ ռիսկ կհամարի, հեղինակն էլ չի խառնվում` կանխապես որոշած լինելով` մեկ է գիրք չի ծախվում: Իսկ իրականում կարելի է և ընթերցողին վերականգնել, և նոր ընթերցող ստեղծել»:

Երեք ամսում գրախանութների միջոցով Վահրամ Մարտիրոսյանը վաճառել է 330 գիրք: Եթե հաշվի առնենք, որ նույն գնի և ժանրի, և ավելի հայտնի հայ գրողի որևէ գիրք 2-3 տարում 100 հատ էլ չի վաճառվում , ապա «Սողանքը» տեղական մասշտաբների համեմատ կարելի է համարել վերջին 10 տարիների առաջին բեստսելլերը:

«Եթե ես էլ մի գրքի վրա այդքան ջանք թափեի, տիրաժը կսպառեի, բայց իմ միտքը փող հայթայթելն է, և հնարավորին չափ շատ գրողների օգնելը, որ նրանց գրքերը վաճառվեն»,- ասում է Ափինյանը:

Հրատարակիչ  Իսոյանը դեմ է, որ ընդհանրապես «Սողանքը» վաճառվի և գովազդվի.

«Հիմա վատ, հակահայկական, էրոտիկ գրքերը պիտի հրատարակիչը ռեկլամի՞, բայց դա վնաս է տալիս ժողովրդին: Սովետի ժամանակ ցենզուրա կար, բան կար, գրախոսություն պիտի լիներ, որ գիրք տպեին: Ամեն ինչ հո չէի՞ն տպում»:

Գրող Լևոն Ջավախյանը իր գիրքը` «Ղարաբաղից մինչև պեչենու բաղեր» պատմվածքների ժողովածուն, որը տպվել է 99թ. հեղինակի ծախսերով, նույնպես սպառվում է, սակայն ոչ այնքան շուկա հանելու ճանապարհով.

«1000 դրամով վաճառել եմ մոտ 600 հատ,-ասում է նա,- մի հարյուրը նվիրել եմ, 200-ն էլ տանը մնացել է: Գրախանութներում մի 50 հատ է վաճառվել, մնացածը գործարար, պաշտոնյա ընկերներս 100-100 առել բաժանել են: Հետո մատանու հետ եմ մի 100 հատ իրացրել, Վերնիսաժի տղերքն են մի 50 հատ առել (Ջավախյանը վերնիսաժում արծաթե զարդեր է վաճառում): Ամենաճիշտ ձևը Վահրամինն է, բայց դրա համար կամ փող կամ շրջապատ պետք է ունենաս: Մեկ էլ, որ մեռնես անունդ հայտնի դառնա, առնեն: Բայց ես չեմ ուզում մեռնեմ»:

98 թվից պետբյուջեից տարեկան մոտ 95 միլիոն դրամ ( մոտ 165 հազար դոլար) հատկացվում է գրահրատարակչության համար, որը մրցույթային կարգով բաշխում է տեղեկատվության վարչության հատուկ հանձնաժողովը: Սակայն մրցույթում հաշվի չեն առնվում, շուկայի պահանջարկը, հրատարակչի գիրք սպառելու ունակությունները.

«Անշուշտ, շուկայի պահանջարկը կարևոր է, բայց դա չէ գլխավորը: Մեր սկզբունքներից է, որ ժամանակակից լավագույն գրողները ժամանակին տպվեն»,-ասում է վարչության պետ Էդիկ Միլիտոնյանը:

Պետպատվերով 99թ տպագրվել է 33 գիրք, 2000-ին 40 գիրք, որոնց սպառման մասին որևէ տեղեկություն չունի վարչությունը: Փաստորեն, մրցույթի գլխավոր չափանիշը հանձնաժողովի անդամների ճաշակն է, որը չի կարելի ասել, թե համընկնում է ընթերցողի ճաշակին:

Կան նաև այլ չափանիշներ. օրինակ, 99 թվականին 2 միլիոն 335 հազար դրամ (4330 դոլար) մրցույթում հաղթել և պետպատվերով ֆինանսավորվել է 200 տարի առաջ ծնված լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի Հատընտիրը` 500 տպաքանակով հրատարակված, միայն մի նպատակով.

«Տպվեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեհաստան կատարած այցի ժամանակ մի օրինակ նվիրի Լեհաստանի նախագահին»,- տեղեկացրեց վարչության գրահրատարակչության բաժնի վարիչ Սեյրանուհի Գեղամյանը:

Սա տարիներ առաջ հրատարակված հայերեն Ադամ Միցկևիչի «Ընտիր երկեր» գրքի վերահրատարակումն է, միայն առավել հարուստ ձևավորմամբ և Լեհաստանի նախագահին զարմացնելու ակնկալությամբ:

«Հայկական ժամանակ»

Մարտ 2001

Entry filed under: հոդված. Tags: .

Հինը նորովի «Սողանք» վեպը ընթերցող է գտնում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: