Ո՞ր երկրի դրոշի գույներով ներկի այտը հայ ֆուտբոլասերը

16.06.2002 at 00:00 Оставьте комментарий

(2002թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հարավային Կորեայում և Ճապոնիայում )

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չկա մի թիմ, որի հաղթանակները ուրախացնեն հայերին: Ժամանակին՝ 82 թվականին, Իսպանիայի աշխարհի առաջնությանը հայ ֆուտբոլասերը հեռուստացույցին գամված սպասում էր, որ մարզիչը խաղադաշտ մտցնի Խորեն Հովհաննիսյանին։ Երբ մտցնում էր, սիրտը թփրտալով սպասում էր, որ Խորիկը գոլ խփի։ Ու խփում էր։ Ու ամբողջ Հայաստանը ցնծում էր: Բելգիայի հավաքականին ԽՍՀՄ-ը հաղթեց փոխարինումով խաղադաշտ մտած Խորեն Հովհաննիսյանի գոլով։

Հաջորդ՝ Լեհաստանի հավաքականի հետ խաղին մարզիչը չմտցրեց Խորիկին։ ԽՍՀՄ-ը ոչ մի գոլ չխփեց ու դուրս թռավ։ Սովետական մամուլը հավաքականի անհաջողությանը տարբեր բացատրություններ տվեց։ Բայց հայ ֆուտբոլասերը վստահ գիտեր անհաջողության միակ պատճառը՝ որ հավաքականի հինգ մարզիչները Խորիկին խաղադաշտ չմտցրեցին։

Այսօր հայ ֆուտբոլասերը չունի ո՛չ միակ թիմը, ո՛չ միակ խաղացողը, որի համար սիրտ թրթռացնի։ Հատուկենտ կգտնվեն ֆուտբոլասերներ, որ Ջորկայեֆի խաթեր Ֆրանսիային «բալետ անեն»։ Մեկը նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Նախագահին ատողների ստվար հատվածի մեջ կգտնվեն մարդիկ, որ կուզեին Ֆրանսիան դուրս թռչեր միայն այն պատճառով, որ նրան Քոչարյանն է համակրում։ Սակայն ֆուտբոլի առաջնությունում Քոչարյանին ատելը չէր կարող համախմբել ազգը. ի վերջո, նա երկրում կողմնակիցներ էլ ունի, որ նախագահի խաթեր Ֆրանսիա են պաշտպանում։
Այսուհանդերձ, կա հայ Ֆուտբոլասերներին համախմբող մի գաղափար՝ որ Թուրքիայի հավաքականը պարտվի ու դուրս թռչի։ Նույնիսկ ֆուտբոլով չհետաքրքրվող տնային տնտեսուհին աչքը հեռուստացույցին ընկնելիս կասի՝ այ մի դրանք տարվեն։ Գուցե լինեն պատանի ֆուտբոլասերներ, որոնք դպրոցում ծուլացել են կամ վատ դասատու են ունեցել ու չեն սովորել ցեղասպանության դասը և անտարբեր են Թուրքիայի խաղին։ Բայց չի գտնվի մեկը, որ «բալետ անի» Թուրքիային։ Մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը առիթ-անառիթ դեռևս անծանոթ սպորտային տրամաբանություն է խաղացնում ՝ Բրազիլիան պիտի Կոստա-Ռիկային չհաղթեր ու ոչ-ոքի խաղար, որ Թուրքիայի հավաքականը չանցներ 1/8-րդ եզրափակիչ. թուրք ֆուտբոլիստը անպարկեշտորեն գնդակը տշել էր Ռիվալդոյի վրա, սակայն բրազիլացիները վրեժ չլուծեցին ու իրենց ուսերի վրա թուրքերին անցկացրին հաջորդ փուլ։

Որևէ հավաքականի հաջողության գաղափարով հայ ֆուտբոլասերները համախմբված չեն։ Պառակտված են։ Սիրուն ֆուտբոլ սիրողները Բրազիլիային են սիրում։ Անգլերեն չիմացող եվրոպասերները՝ Գերմանիային։ Անգլերեն իմացողները, առավել ևս անգլերենով փող աշխատողները՝ Անգլիային։ Նրանք անգլիացի երկրպագուին նմանվելու համար Բեկհեմին իրենց կուռքն են դարձրել: Կարծես ֆուտբոլային աստղը ամուսնացած լինի ոչ թե Վիկտորյա Ադամսի, այլ Նունե Եսայանի հետ։ Վիճակախաղի մոլի մասնակիցները հնարավորին չափ սառը հաշվարկով ուզում են հաղթի էն թիմը, որի համար Եվրոֆուտբոլի խաղարկությունում փող են դրել։

Եվ հավատու՞մ է արդյոք ֆուտբոլասերներից որևէ մեկը, որ երբևէ Հայաստանի հավաքականը կխաղա աշխարհի առաջնությունում, և ինքը այտը կարմիր-կապույտ-նարնջագույն ներկած՝ Գերմանիայի մարզադաշտում Հայաստան-Կամերուն խաղին կգոռա՝ Հայաստան հուպ տուր։ Երեկ գնդակ չտեսած երկրները այսօր այնպես են գնդակ խաղացնում, որ նրանց անունները շատերի շուրթերին առաջին անգամ են հայտնվում։ Իսկ Իշտոյանի ոտքեր ունեցող երկիրը անհուսորեն խաղից դուրս է մնացել։ Ինչու՞։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խայտառակությունը NTV հեռուստատեսության լրագրող Սավիկ Շուստերը համարեց արդյունք՝ նախագահական ընտրություններում ազգայնական Լը Պենի հաջողության։ Եթե երկրում 23 տոկոս ձայն տվող կա՝ արաբներին ու սևերին երկրից վտարելու ծրագրով մարդուն, ապա ֆրանսիային չեմպիոն դարձնող նույն արաբ ու սև ֆուտբոլիստների խաղի ոգին էլ էն չի լինի: Ու նրանց ազգակիցները էլ էն հավեսով չեն ոգևորի մի երկրի թիմի խաղը, որտեղ իրենց ապրելու հեռանկարը վտանգված է։ Արգենտինայի դուրս թռչելու պատճառներից մեկն էլ նույն տրամաբանությամբ կարող է լինել երկրում տնտեսական ճգնաժամը։

Երբ ԱՄՆ-ը 2-0 հաղթեց Մեքսիկային, ընկերս ասաց՝ պարզ չէ՞, որ մեքսիկացիները խաղը ծախել են։ Հայաստանում, ուր ամեն ինչ առնվում ու ծախվում է, անհնարին է թվում, որ ուժեղ ֆուտբոլ ունեցող մեքսիկացիները կարող են անվճար պարտվել ֆուտբոլ խաղալը երեկ սովորած ԱՄՆ-ին։ Մարզիկի ոտքերի ճարպկությունը գնդակը ճիշտ օգտագործելու միակ պայմանը կարող է չլինել։ Ամերիկացի ֆուտբոլիստը ողնաշարով զգում է, որ ինքը աշխարհի ամենահզոր երկրի քաղաքացին է, ու այդ զգացողությունը ոտքին հավելյալ ճարպկություն կհաղորդի, ու ավելի վարպետ մեքսիկացու դարպասը կբացվի նրա նետած գնդակի առջև։

Իսկ Հայաստա՞նը։ Ինչպե՞ս կարող է լավ խաղալ հայ ֆուտբոլիստը, երբ երկրի նախագահը իրեն է համարում երկրի միակ տղամարդը։ Մի տղամարդով ֆուտբոլ աշխարհում չեն խաղում, ու նույնիսկ, եթե կանոնները փոխեն ու դա հնարավոր լինի, Քոչարյանը չի դուրս գա խաղադաշտ. այդ ժամանակ կարող է պարզվել, որ երկրում ոչ մի տղամարդ չկա։ Ֆուտբոլիստին ի՞նչ ուժ պիտի ներշնչի երկրպագուն, որ մինչև հերթական խաղը սկսելը արդեն ուրիշ երկրում աշխատանք է փնտրում ու ետևից անիծում երկիրը, որից հազիվ փախել է։

Բելգիայի հավասար խաղը Բրազիլիայի հետ մեկնաբանող հանրային հեռուստատեսության հաղորդավարը զարմացած ասում է՝ բելգիացիները չեն սարսափում հեղինակություններից։ Հայաստանի նախագահը ունի հեղինակությունից երկյուղ. Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը երբ հարցրին, թե չե՞ն պատրաստվում նախագահները ձյու-դո կպնել, Քոչարյանը ասաց՝ մենք տարբեր քաշային կատեգորիաների երկրներ ենք։ Քոչարյանի համարած ծանր քաշային երկրին՝ Ռուսաստանին, դուրս նետեց Բելգիան և դեռ համարձակվում է հավասար խաղալ Բրազիլիայի հետ։
Եւ վերևից՝ նախագահից թելադրված, ներքև իջնող թեթև քաշային երկրի պատրանքը իրականություն է դառնում, ու հայ ֆուտբոլիստի քաշը չի հերիքում, որ գրավի Ֆրանսիայի դարպասը։ Բրազիլացի Ռոնալդոն ուխտ է արել Սուրբ Մարիամի առաջ ու աղոթում է ամեն օր, որ իր հավաքականը չեմպիոն դառնա։ Իսկ ի՞նչ անի հայ ֆուտբոլիստը, ու՞մ հավատա։ Նրան ո՞վ պիտի աղոթելու տեղը ցույց տա, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը հազար անգամ թույլ հոգևոր ազդեցություն ունի, քան Սենեգալի կախարդը։

Այսպես ֆուտբոլ սիրող դեռահասը իր սիրելի թիմերի ցուցակից ընդհանրապես դուրս կթողնի Հայաստանը։ Ֆուտբոլի նկատմամբ կիրքը նրան ստիպելու է վճռականորեն ընտրել իր երկրպագելիք թիմը, որ հաջորդ առաջնությանը այտը ներկի նրա դրոշի գույնով։ Իսկ հետո, որ հայրենիքն ու երկրպագած թիմի հայրենիքը տարբեր չլինեն, ու էդ տարբերությունից անձի երկվությամբ չտառապի, հայրենակիցների արդյունավետ փորձով կտեղափոխվի սիրելի թիմի հայրենիքը:

«Հայկական ժամանակ», հունիս, 2002թ.

Entry filed under: խոհ. Tags: , , .

The homosexuals -Money Source for the Police Լավ կյանք. սրճարանային սեզոնի ընթացքում Երևանի կենտրոնը փայլում է համատարած աղքատության մեջ

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com