Լավ կյանք. սրճարանային սեզոնի ընթացքում Երևանի կենտրոնը փայլում է համատարած աղքատության մեջ
21.06.2002 at 00:00 Оставьте комментарий
Այգում հիմա այնպես չես զբոսնի, ինչպես առաջ:
Կանաչ գազոններին փոխարինել է բետոնը, իսկ ծառերն այլևս միակ ապաստանը չեն անձրևից ու արևից. հիմա ավելացել են ծխախոտի, գարեջրի և զովացուցիչ խմիչքների ապրանքանիշերով ծածկված պայծառ հովանոցները:
Եվ այնտեղ, որտեղ զբոսայգու նստարանները կարող էին ծառայել հոգնած, բայց կարիքավոր մարդկանց, այսօր սրճարանների պլաստիկե աթոռներն են, սակայն այդ հարմարություններից օգտվելու համար պետք է առնվազն 200դրամով (մոտ 35 ցենտ) մեկ գավաթ սուրճ պատվիրես:
Սրճարանները գրավել են Երևանի կենտրոնի զբոսայգիները: Կենտրոնի բնակչությունը 175000 է, և յուրաքանչյուր 431 բնակչին մեկ սրճարան է հասնում:
Սրճարանային բումը սկսվեց 1998 թվականին: Մինչև այդ, Երևանի Կենտրոն համայնքի վիճակագրական տվյալներով Երևանի կենտրոնական շրջանում կար 197 սրճարան, բար և ռեստորան (խորհրդային ժամանակներում դրանք կոչվում էին ՙհանրային սննդի օբյեկտներ՚): Այժմ կա 415-ը և դրանց թիվն ամեն ամիս աճում է: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է 100 նոր սրճարան, բար և ռեստորան:
Միայն Օպերայի հրապարակի մոտ 50000 ք/մ տարածքում կա 8 սրճարան 186 սեղանով: Երեկոյան այս սրճարաններում մոտ 400 հաճախորդ է լինում, և ազատ տեղ գտնել իրար մեջ մխրճված «Մագնոլիա», «Մեղեդի» և այլ սրճարաններում շատ դժվար է դառնում:
«Միջին բիզնեսը չի զարգանում, արտաքին շուկայի համար մրցունակ արտադրանք դժվար է արտադրել,շուկան նեղ է, սահմանները փակ են», — ասում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը:
Քանի որ սպասարկման ոլորտը քիչ ներդրում է պահանջում, մարդիկ սկսում են սրճարաններ բացել: Եթե որևէ բանից հնարավոր է փող աշխատել` աշխատում են՚:
Երևանի կենտրոնի սրճարանի կամ բարի ամսական միջին (ընդհանուր) եկամուտը մոտ 12000 դոլլար է:
Անցյալ ամիս Հայաստան-Սփյուռք համաժողովի կապակցությամբ Հայաստան այցելած պատվիրակների վրա Երևանն այն աղքատ երկրի տպավորությունը չթողեց, ինչպիսին ներկայացվում է տնտեսական վիճակագրությամբ:
Լոս Անջելեսից ժամանած ավիաինժեներ Արամ Մեշքանբարյանը երկրորդ անգամ է այցելում Հայաստան:
«Երևանն ինձ վրա աղքատ երկրի տպավորություն չի թողնում. — ասում է Մեշքանբարյանը, — բավական սրճարաններ եմ տեսնում: Լիքն են, և ռեստորաններն էլ լիքն են: Հեռուստատեսությունից իմանում եմ, որ սոցիալական վիճակը վատ է, բայց այստեղ դա չեմ տեսնում: Շատ նոր խանութներ ու շինարարություն եմ տեսնում»:
Ըստ Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի տվյալների` Անկախ պետությունների համագործակցության 12երկրների մեջ Հայաստանը չորրորդ ամենաղքատ երկիրն է: Բնակչության 55 տոկոսի կենսամակարդակն աղքատության մակարդակից ցածր է. նրանց սննդի և կոմունալ ծառայությունների ծախսերը կազմում են օրական մոտ 2 դոլլար:
Միջին ընտանիքը եկամտի 60 տոկոսը ծախսում է սննդի վրա, իսկ ամենաաղքատ ընտանիքները` 77տոկոսը: Մոտ 23 տոկոսը չի կարողանում օրվա հաց վաստակել: Հայաստանում դպրոցն ավարտածների միայն մեկ-երրորդն է շարունակում ուսումը, որովհետև մեծ մասն ի վիճակի չէ վճարել:
Սակայն ամառային երեկոները, երբ սրճարանները լեփ-լեցուն են, Երևանի կենտրոնը նման է բարգավաճող երկրի կենտրոնի:
«Երևանն ինձ հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմերի նկարահանման հրապարակները, — ասում է համաժողովին եկած Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: — Երբ անցնում ես շքեղ շենքերի դեկորները, հետևում ամայի տարածություններ են: Այդ ամայությունը տեսնելու համար պետք է ջանք գործադրել»:
Երկրի շուկաների 90 տոկոսը Երևանում է: Ծառայությունների 77 տոկոսն իրականացվում է մայրաքաղաքում, որտեղ միջազգային կազմակերպությունները` իրենց աշխատակիցներին հանրապետական միջին աշխատավարձը տասից-քսան անգամ գերազանցող աշխատավարձ վճարելով,ազդում են եկամուտների և ծախսերի ցուցանիշների վրա: (Ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի` հանրապետության միջին աշխատավարձը 22706 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 5000 դրամ է):
«Եկամուտների խիստ բևեռացում կա», — ասում է Երևանի պետական համալսարանի տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ղեկավար Աշոտ Կակոսյանը:
«ԱՊՀ երկրների մեջ եկամուտների անհավասարությունը Հայաստանում ամենաբարձրերից է:Եկամուտները կուտակված են բնակչության 15-20 տոկոսի ձեռքում: Եվ այդ հարուստների մեծ մասը Երևանում է: Սա է ժամանցի վայրերի առատության պատճառներից մեկը»:
Հարաբերականորեն ամենաբարձր աղքատության մակարդակը նույնպես Երևանում է. մայրաքաղաքում է ապրում հանրապետության աղքատների մեկ քառորդը:
Ինչպես որ կա երկու Հայաստան` Երևանը և մնացած ամեն ինչ նրանից դուրս, այդպես էլ կա առնվազն երկու Երևան` կենտրոնը և այն ամենն, ինչ շրջապատում է այն:
Սրճարանները զգալիորեն ավելի քիչ են արվարձաններում: Աջափնյակում, որը կենտրոնից 5 կմ է հեռու,կա ընդամենը 18 սրճարան 126000 բնակչի համար` մոտ մեկ սրճարան ամեն 7000 բնակչին:
«Առաջ` խորհրդային տարիներին կային աշխատավայրեր: Հաճախ էին կազմակերպվում բանկետներ ու երեկույթներ: Կար հասարակական միջոցառումների արարողակարգ: Հիմա միակ հանդիպման վայրը սրճարանն է», — ասում է սոցիոլոգ Հարությունյանը:
«Սա արևմտյան կենցաղ չէ, երբ ընտանիքը գնում է սրճարան ճաշելու: Այստեղ ուտելիքը պատրաստում են տանը: Հանրային սնունդը դեռևս չի ծառայում կենցաղը հեշտացնելու խնդրին, և կնոջ աշխատանքը տանը դեռևս շատ ծանր է: Սրճարան այցելելը Հայաստանում միջերկրածովյան մշակույթի արտացոլում է: Այս մշակույթում հրապարակային կյանքն ընդունված է: Հայերը սիրում են համայնքով ապրել, որը հատուկ չէ հյուսիսային ժողովուրդներին»:
Անգամ խորհրդային տարիներին, երբ կյանքը քաղաքներում միապաղաղ էր, Երևանը տարբերվում էր Խորհրդային Միության մյուս քաղաքներից բացօթյա սրճարանների առատությամբ, որը գրավում էր ռուս լրագրողների ուշադրությունը:
Այն ժամանակ էլ սրճարաններում նույն մարդիկ էին մի բաժակ սուրճով նստած, և հավաքարարը ժամանակ առ ժամանակ բղավում էր. — ՙերեկվանից նստածները թող վեր կենան՚:
Այժմ սրճարանների թիվն աճել է, սակայն այս նոր սրճարանները նույնպես իրենց մշտական հաճախորդներն են գտել:
Օպերայի շենքի դիմացի «Մագնոլիա» սրճարանում, բացի երկու սեղանների շուրջ նստած օտարերկրացիներից, բոլորն ամենօրյա հաճախորդներ են: Խանութպանների զավակներ դպրոցականներ Տանյան և Նատան համարյա ամեն օրգալիս են «Մեղեդի» և թեյ են պատվիրում: Բայց այսօր այնտեղ բոլոր տեղերը զբաղված են, և նրանք տեղափոխվել են մոտակա «Մագնոլիան»:
Լիլիթն ու Լենան մանկաբույժներ են և ապրում են սրճարանի հարևանությամբ: Մինչ նրանք զրուցում և սուրճ են խմում, Լենայի որդին հրապարակում անվաչմուշկ է քշում:
«Գարնան գալու հետ գրեթե ամեն օր այստեղ ենք, — ասում է Պոլիտեխնիկի ուսանող Արմենը, որի հայրն աշխատում է քաղաքապետարանում, — այստեղ ազատ է, կարող ես մի քիչ գումարով քեզ լավ զգալ»:
Այն հարցին, թե ինչպես են կարողանում իրենց թույլ տալ ամեն օր այստեղ գալ, Արմենի ընկերն աչքով է անում և ասում է. — «Մենք էլ չենք հասկանում, թե այս փողը (որ ծախսում ենք սրճարանում) որտեղից է գալիս»:
Այն հասարակության մեջ, որտեղ մի տան մեջ մի քանի սերունդներ կարող են ապրել, 35-ցենտանոց մի բաժակ սուրճը դառնում է ռոմանտիկ կապ ունեցող երիտասարդ զույգերի առանձնանալու գինը:
Նալբանդյան փողոցի վրա գտնվող ՙԴուետ՚ բարում ամռանը հաճախորդները նվազում են, քանի որ մեծ մասը գերադասում է բացօթյա սրճարանները: Սակայն երեկոյան ժամերին «Դուետը» միշտ լիքն է:
Սեղանները «Դուետում» շրջափակված են աթոռների բարձր թիկնակներով, որը գրավում է առանձնության ձգտող զույգերին:
«Հաճախորդները տարբեր են լինում. — ասում է բարի կառավարիչ Արա Նազարեթյանը, — մեկը հանվեցնում է իր ընկերուհուն, կրծքերը դուրս գցում, իսկ մեկ ուրիշն էլ մոմ է խնդրում, որ աղոտ լույսի տակ մատուցողն իր համբույրը չնկատի»:
«Ցերեկային հաճախորդները տարբերվում են երեկոյան հաճախորդներից: Ցերեկը գալիս են մշտական հաճախորդները` մեծ մասամբ ուսանողներ: Նրանք շատ բան չեն պատվիրում` 500-1000 դրամից ոչ ավել:Ցերեկվա 4-ից հետո հաճախորդը փոխվում է: Երեկոյան հաճախորդ է լինում, որ ավելի շատ է ծախսում,քան ցերեկվա բոլոր սեղանների ուսանողները միասին վերցրած: Բոլոր հաճախորդները երիտասարդ են`մինչև 30 տարեկան»:
Սրճարան գնալու առաջարկը հնչում է այսպես. գնանք սուրճ խմենք:
Սակայն անկախ նրանից, մոմի լույսի տակ համբույրներ են փնտրում, թե ընդամենը ցանկանում են թաքնվել ամառվա շոգից, «մի գավաթ սուրճը» հազվադեպ է պարզապես «մի գավաթ սուրճ» լինում:
Քաղաքի «մի գավաթ սուրճի» ամենահին սրճարաններից մեկը «Պոպլավոկի» երկրորդ հարկում է և պաշտոնապես կոչվում է «Ալ առագաստ»:
Առաջ այս սրճարան հաճախում էին մտավորականները`հիմնականում դասախոսներ և գրողներ, որոնք բոհեմային մթնոլորտ էին գտնում այս համեստ սրճարանում:
Երկու տարի առաջ «Առագաստը» վերակառուցվեց և խաղաղ ու անհավակնոտ վայրից վերածվեց նեոնապատ սրճարանի` սինթեզային երաժշտությամբ:
Սակայն նույնիսկ վերակառուցումից հետո նույն հաճախորդները շարունակում էին ըստ սովորության այստեղ գալ` ժամերով նստելով «մի գավաթ սուրճի» շուրջ:
«Մատուցողները հազիվ էին իրենց զսպում, որը բաժակը նրանց գլխով չտային, — ասում է նախկին մատուցող Գայանե Մարտիրոսյանը, — գդալ էին ուզում` չէին տալիս, և նրանք սկսեցին չգալ»:
«Բայց եթե մի հարուստ հաճախորդ էր հայտնվում, սկսում էին իրար քաշքշել, որպեսզի սպասարկեն նրան:Ով հաջողացնում էր, հետևից ֆշշացնում էին: Հարուստ հաճախորդը կարող էր մի 10 դոլլար թեյադրամ թողնել: Իսկ, ընդհանրապես, հիմնական հաճախորդները մտավորականներն են, որոնք առաջ էլ էինգալիս: Հիմա նրանք հասարակական կազմակերպություններ ունեն և դրամաշնորհներ են ստանում:Մատուցողները գոհ են նրանցից»:
Իսկ Գայանեն այլևս մատուցող չէ, որովհետև նա էլ է հասարակական կազմակերպություն հիմնել և դրամաշնորհ ստանալու համար դիմել է մի միջազգային կազմակերպության: Հիմա նա կարող է սրճարանային կյանք վարել` սրճարանում ապրուստ վաստակելու փոխարեն:
Կողքի սյունակ. իրական պատկե՟ր
2001 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 9,8 տոկոս` այս տարվա 7,2 տոկոսի դիմաց:Սակայն աղքատության մակարդակը երկրում չի նվազել: Համաշխարհային բանկն այս երևույթը կոչում է Հայաստանի տնտեսական աճի պարադոքս:
Համաշխարհային բանկի Երկրի աջակցության ռազմավարության ծրագիրը սա բացատրում է նրանով, որ արտադրության աճ արձանագրվել է միայն Երևանում և ընդամենը մի քանի ոլորտներում (օրինակ`ադամանդագործության մեջ): Աճ է արձանագրվել նաև սպասարկման և շինարարության ոլորտներում,որը չի կրճատում գործազրկության մակարդակը:
Համաշխարհային բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի խոսքերով` այս աճի շնորհիվ հարուստ մարդկանց մի փոքր խումբ ավելի է հարստանում:
«Բևեռացումն աճում է, շքեղ մեքենաները շատանում են, իսկ աղքատության մակարդակը չի փոխվում: — ասում է Սարգսյանը, — Թող արտասահմանցիները գան ու ամիսը 6000 դրամ թաշակ ստանալով` փորձեն մեկ շաբաթ ապրել դրանով, և հետո միայն որոշեն` երկիրն աղքատ է, թե հարուստ: Երևանը կշարունակի ավելի ու ավելի փայլել, սակայն դա հիմնավոր փոփոխություններ չի բերի»:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի և Վահրամ Մխիթարյանի
armeniaweek.com 21 հունիսի, 2002թ.
Entry filed under: հոդված. Tags: Հրանտ Դինք, Սրճարան.
Trackback this post | Subscribe to the comments via RSS Feed