Լավ կյանք. սրճարանային սեզոնի ընթացքում Երևանի կենտրոնը փայլում է համատարած աղքատության մեջ

21.06.2002 at 00:00 Оставьте комментарий

Այգում հիմա այնպես չես զբոսնի, ինչպես առաջ:

Կանաչ գազոններին փոխարինել է բետոնը, իսկ ծառերն այլևս միակ ապաստանը չեն անձրևից ու արևից. հիմա ավելացել են ծխախոտի, գարեջրի և զովացուցիչ խմիչքների ապրանքանիշերով ծածկված պայծառ հովանոցները:

Եվ այնտեղ, որտեղ զբոսայգու նստարանները կարող էին ծառայել հոգնած, բայց կարիքավոր մարդկանց, այսօր սրճարանների պլաստիկե աթոռներն են, սակայն այդ հարմարություններից օգտվելու համար պետք է առնվազն 200դրամով (մոտ 35 ցենտ) մեկ գավաթ սուրճ պատվիրես:

Սրճարանները գրավել են Երևանի կենտրոնի զբոսայգիները: Կենտրոնի բնակչությունը 175000 է, և յուրաքանչյուր 431 բնակչին մեկ սրճարան է հասնում:

Սրճարանային բումը սկսվեց 1998 թվականին: Մինչև այդ, Երևանի Կենտրոն համայնքի վիճակագրական տվյալներով Երևանի կենտրոնական շրջանում կար 197 սրճարան, բար և ռեստորան (խորհրդային ժամանակներում դրանք կոչվում էին ՙհանրային սննդի օբյեկտներ՚): Այժմ կա 415-ը և դրանց թիվն ամեն ամիս աճում է: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է 100 նոր սրճարան, բար և ռեստորան:

Միայն Օպերայի հրապարակի մոտ 50000 ք/մ տարածքում կա 8 սրճարան 186 սեղանով: Երեկոյան այս սրճարաններում մոտ 400 հաճախորդ է լինում, և ազատ տեղ գտնել իրար մեջ մխրճված «Մագնոլիա», «Մեղեդի» և այլ սրճարաններում շատ դժվար է դառնում:

«Միջին բիզնեսը չի զարգանում, արտաքին շուկայի համար մրցունակ արտադրանք դժվար է արտադրել,շուկան նեղ է, սահմանները փակ են», — ասում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը:

Քանի որ սպասարկման ոլորտը քիչ ներդրում է պահանջում, մարդիկ սկսում են սրճարաններ բացել: Եթե որևէ բանից հնարավոր է փող աշխատել` աշխատում են՚:

Երևանի կենտրոնի սրճարանի կամ բարի ամսական միջին (ընդհանուր) եկամուտը մոտ 12000 դոլլար է:

Անցյալ ամիս Հայաստան-Սփյուռք համաժողովի կապակցությամբ Հայաստան այցելած պատվիրակների վրա Երևանն այն աղքատ երկրի տպավորությունը չթողեց, ինչպիսին ներկայացվում է տնտեսական վիճակագրությամբ:

Լոս Անջելեսից ժամանած ավիաինժեներ Արամ Մեշքանբարյանը երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

«Երևանն ինձ վրա աղքատ երկրի տպավորություն չի թողնում. — ասում է Մեշքանբարյանը, — բավական սրճարաններ եմ տեսնում: Լիքն են, և ռեստորաններն էլ լիքն են: Հեռուստատեսությունից իմանում եմ, որ սոցիալական վիճակը վատ է, բայց այստեղ դա չեմ տեսնում: Շատ նոր խանութներ ու շինարարություն եմ տեսնում»:

Ըստ Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի տվյալների` Անկախ պետությունների համագործակցության 12երկրների մեջ Հայաստանը չորրորդ ամենաղքատ երկիրն է: Բնակչության 55 տոկոսի կենսամակարդակն աղքատության մակարդակից ցածր է. նրանց սննդի և կոմունալ ծառայությունների ծախսերը կազմում են օրական մոտ 2 դոլլար:

Միջին ընտանիքը եկամտի 60 տոկոսը ծախսում է սննդի վրա, իսկ ամենաաղքատ ընտանիքները` 77տոկոսը: Մոտ 23 տոկոսը չի կարողանում օրվա հաց վաստակել: Հայաստանում դպրոցն ավարտածների միայն մեկ-երրորդն է շարունակում ուսումը, որովհետև մեծ մասն ի վիճակի չէ վճարել:

Սակայն ամառային երեկոները, երբ սրճարանները լեփ-լեցուն են, Երևանի կենտրոնը նման է բարգավաճող երկրի կենտրոնի:

«Երևանն ինձ հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմերի նկարահանման հրապարակները, — ասում է համաժողովին եկած Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: — Երբ անցնում ես շքեղ շենքերի դեկորները, հետևում ամայի տարածություններ են: Այդ ամայությունը տեսնելու համար պետք է ջանք գործադրել»:

Երկրի շուկաների 90 տոկոսը Երևանում է: Ծառայությունների 77 տոկոսն իրականացվում է մայրաքաղաքում, որտեղ միջազգային կազմակերպությունները` իրենց աշխատակիցներին հանրապետական միջին աշխատավարձը տասից-քսան անգամ գերազանցող աշխատավարձ վճարելով,ազդում են եկամուտների և ծախսերի ցուցանիշների վրա: (Ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի` հանրապետության միջին աշխատավարձը 22706 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 5000 դրամ է):

«Եկամուտների խիստ բևեռացում կա», — ասում է Երևանի պետական համալսարանի տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ղեկավար Աշոտ Կակոսյանը:

«ԱՊՀ երկրների մեջ եկամուտների անհավասարությունը Հայաստանում ամենաբարձրերից է:Եկամուտները կուտակված են բնակչության 15-20 տոկոսի ձեռքում: Եվ այդ հարուստների մեծ մասը Երևանում է: Սա է ժամանցի վայրերի առատության պատճառներից մեկը»:

Հարաբերականորեն ամենաբարձր աղքատության մակարդակը նույնպես Երևանում է. մայրաքաղաքում է ապրում հանրապետության աղքատների մեկ քառորդը:

Ինչպես որ կա երկու Հայաստան` Երևանը և մնացած ամեն ինչ նրանից դուրս, այդպես էլ կա առնվազն երկու Երևան` կենտրոնը և այն ամենն, ինչ շրջապատում է այն:

Սրճարանները զգալիորեն ավելի քիչ են արվարձաններում: Աջափնյակում, որը կենտրոնից 5 կմ է հեռու,կա ընդամենը 18 սրճարան 126000 բնակչի համար` մոտ մեկ սրճարան ամեն 7000 բնակչին:

«Առաջ` խորհրդային տարիներին կային աշխատավայրեր: Հաճախ էին կազմակերպվում բանկետներ ու երեկույթներ: Կար հասարակական միջոցառումների արարողակարգ: Հիմա միակ հանդիպման վայրը սրճարանն է», — ասում է սոցիոլոգ Հարությունյանը:

«Սա արևմտյան կենցաղ չէ, երբ ընտանիքը գնում է սրճարան ճաշելու: Այստեղ ուտելիքը պատրաստում են տանը: Հանրային սնունդը դեռևս չի ծառայում կենցաղը հեշտացնելու խնդրին, և կնոջ աշխատանքը տանը դեռևս շատ ծանր է: Սրճարան այցելելը Հայաստանում միջերկրածովյան մշակույթի արտացոլում է: Այս մշակույթում հրապարակային կյանքն ընդունված է: Հայերը սիրում են համայնքով ապրել, որը հատուկ չէ հյուսիսային ժողովուրդներին»:

Անգամ խորհրդային տարիներին, երբ կյանքը քաղաքներում միապաղաղ էր, Երևանը տարբերվում էր Խորհրդային Միության մյուս քաղաքներից բացօթյա սրճարանների առատությամբ, որը գրավում էր ռուս լրագրողների ուշադրությունը:

Այն ժամանակ էլ սրճարաններում նույն մարդիկ էին մի բաժակ սուրճով նստած, և հավաքարարը ժամանակ առ ժամանակ բղավում էր. — ՙերեկվանից նստածները թող վեր կենան՚:

Այժմ սրճարանների թիվն աճել է, սակայն այս նոր սրճարանները նույնպես իրենց մշտական հաճախորդներն են գտել:

Օպերայի շենքի դիմացի «Մագնոլիա» սրճարանում, բացի երկու սեղանների շուրջ նստած օտարերկրացիներից, բոլորն ամենօրյա հաճախորդներ են: Խանութպանների զավակներ դպրոցականներ Տանյան և Նատան համարյա ամեն օրգալիս են «Մեղեդի» և թեյ են պատվիրում: Բայց այսօր այնտեղ բոլոր տեղերը զբաղված են, և նրանք տեղափոխվել են մոտակա «Մագնոլիան»:

Լիլիթն ու Լենան մանկաբույժներ են և ապրում են սրճարանի հարևանությամբ: Մինչ նրանք զրուցում և սուրճ են խմում, Լենայի որդին հրապարակում անվաչմուշկ է քշում:

«Գարնան գալու հետ գրեթե ամեն օր այստեղ ենք, — ասում է Պոլիտեխնիկի ուսանող Արմենը, որի հայրն աշխատում է քաղաքապետարանում, — այստեղ ազատ է, կարող ես մի քիչ գումարով քեզ լավ զգալ»:

Այն հարցին, թե ինչպես են կարողանում իրենց թույլ տալ ամեն օր այստեղ գալ, Արմենի ընկերն աչքով է անում և ասում է. — «Մենք էլ չենք հասկանում, թե այս փողը (որ ծախսում ենք սրճարանում) որտեղից է գալիս»:

Այն հասարակության մեջ, որտեղ մի տան մեջ մի քանի սերունդներ կարող են ապրել, 35-ցենտանոց մի բաժակ սուրճը դառնում է ռոմանտիկ կապ ունեցող երիտասարդ զույգերի առանձնանալու գինը:

Նալբանդյան փողոցի վրա գտնվող ՙԴուետ՚ բարում ամռանը հաճախորդները նվազում են, քանի որ մեծ մասը գերադասում է բացօթյա սրճարանները: Սակայն երեկոյան ժամերին «Դուետը» միշտ լիքն է:

Սեղանները «Դուետում» շրջափակված են աթոռների բարձր թիկնակներով, որը գրավում է առանձնության ձգտող զույգերին:

«Հաճախորդները տարբեր են լինում. — ասում է բարի կառավարիչ Արա Նազարեթյանը, — մեկը հանվեցնում է իր ընկերուհուն, կրծքերը դուրս գցում, իսկ մեկ ուրիշն էլ մոմ է խնդրում, որ աղոտ լույսի տակ մատուցողն իր համբույրը չնկատի»:

«Ցերեկային հաճախորդները տարբերվում են երեկոյան հաճախորդներից: Ցերեկը գալիս են մշտական հաճախորդները` մեծ մասամբ ուսանողներ: Նրանք շատ բան չեն պատվիրում` 500-1000 դրամից ոչ ավել:Ցերեկվա 4-ից հետո հաճախորդը փոխվում է: Երեկոյան հաճախորդ է լինում, որ ավելի շատ է ծախսում,քան ցերեկվա բոլոր սեղանների ուսանողները միասին վերցրած: Բոլոր հաճախորդները երիտասարդ են`մինչև 30 տարեկան»:

Սրճարան գնալու առաջարկը հնչում է այսպես. գնանք սուրճ խմենք:

Սակայն անկախ նրանից, մոմի լույսի տակ համբույրներ են փնտրում, թե ընդամենը ցանկանում են թաքնվել ամառվա շոգից, «մի գավաթ սուրճը» հազվադեպ է պարզապես «մի գավաթ սուրճ» լինում:

Քաղաքի «մի գավաթ սուրճի» ամենահին սրճարաններից մեկը «Պոպլավոկի» երկրորդ հարկում է և պաշտոնապես կոչվում է «Ալ առագաստ»:

Առաջ այս սրճարան հաճախում էին մտավորականները`հիմնականում դասախոսներ և գրողներ, որոնք բոհեմային մթնոլորտ էին գտնում այս համեստ սրճարանում:

Երկու տարի առաջ «Առագաստը» վերակառուցվեց և խաղաղ ու անհավակնոտ վայրից վերածվեց նեոնապատ սրճարանի` սինթեզային երաժշտությամբ:

Սակայն նույնիսկ վերակառուցումից հետո նույն հաճախորդները շարունակում էին ըստ սովորության այստեղ գալ` ժամերով նստելով «մի գավաթ սուրճի» շուրջ:

«Մատուցողները հազիվ էին իրենց զսպում, որը բաժակը նրանց գլխով չտային, — ասում է նախկին մատուցող Գայանե Մարտիրոսյանը, — գդալ էին ուզում` չէին տալիս, և նրանք սկսեցին չգալ»:

«Բայց եթե մի հարուստ հաճախորդ էր հայտնվում, սկսում էին իրար քաշքշել, որպեսզի սպասարկեն նրան:Ով հաջողացնում էր, հետևից ֆշշացնում էին: Հարուստ հաճախորդը կարող էր մի 10 դոլլար թեյադրամ թողնել: Իսկ, ընդհանրապես, հիմնական հաճախորդները մտավորականներն են, որոնք առաջ էլ էինգալիս: Հիմա նրանք հասարակական կազմակերպություններ ունեն և դրամաշնորհներ են ստանում:Մատուցողները գոհ են նրանցից»:

Իսկ Գայանեն այլևս մատուցող չէ, որովհետև նա էլ է հասարակական կազմակերպություն հիմնել և դրամաշնորհ ստանալու համար դիմել է մի միջազգային կազմակերպության: Հիմա նա կարող է սրճարանային կյանք վարել` սրճարանում ապրուստ վաստակելու փոխարեն:


Կողքի սյունակ. իրական պատկե՟ր

2001 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 9,8 տոկոս` այս տարվա 7,2 տոկոսի դիմաց:Սակայն աղքատության մակարդակը երկրում չի նվազել: Համաշխարհային բանկն այս երևույթը կոչում է Հայաստանի տնտեսական աճի պարադոքս:

Համաշխարհային բանկի Երկրի աջակցության ռազմավարության ծրագիրը սա բացատրում է նրանով, որ արտադրության աճ արձանագրվել է միայն Երևանում և ընդամենը մի քանի ոլորտներում (օրինակ`ադամանդագործության մեջ): Աճ է արձանագրվել նաև սպասարկման և շինարարության ոլորտներում,որը չի կրճատում գործազրկության մակարդակը:

Համաշխարհային բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի խոսքերով` այս աճի շնորհիվ հարուստ մարդկանց մի փոքր խումբ ավելի է հարստանում:

«Բևեռացումն աճում է, շքեղ մեքենաները շատանում են, իսկ աղքատության մակարդակը չի փոխվում: — ասում է Սարգսյանը, — Թող արտասահմանցիները գան ու ամիսը 6000 դրամ թաշակ ստանալով` փորձեն մեկ շաբաթ ապրել դրանով, և հետո միայն որոշեն` երկիրն աղքատ է, թե հարուստ: Երևանը կշարունակի ավելի ու ավելի փայլել, սակայն դա հիմնավոր փոփոխություններ չի բերի»:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի և Վահրամ Մխիթարյանի
armeniaweek.com 21 հունիսի, 2002թ.

Entry filed under: հոդված. Tags: , .

Ո՞ր երկրի դրոշի գույներով ներկի այտը հայ ֆուտբոլասերը Փախստական կանայք. կյանքից դուրս նետվածները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: