Փախստական կանայք. կյանքից դուրս նետվածները

02.10.2002 at 00:00 Оставьте комментарий

«Իրենից միայն այդ լուսանկարը մնաց հիշատակ»

«Ինձ հորս մասին մի հարցրեք: Չգիտե՞ք, որ դա երեխայի հոգում տրավմա է առաջացնում», — ասում է 15-ամյա Ամալյան, որի հայրը մեկնել է, երբ ինքը եղել է երեք տարեկան և այլևս երբեք նրան չի տեսել:

1989 թվականին, երբ Բաքվում լուր է տարածվել հայերի սպասվող ջարդերի մասին, նրա մայրը՝ Ստելլա Քոչարյանը, երկու աղջիկների և ամուսնու հետ տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի հետո ամուսինը մեկնել է Սանկտ Պետերբուրգ աշխատանք որոնելու և այլևս չի վերադարձել. մնացել է այնտեղ և նոր ընտանիք կազմել:

«Նրա գնալուց առաջ ընտանիքով լուսանկարվեցինք, — ասում է Ստելլան, — իրենից այդ լուսանկարը թողեց հիշատակ: Սկզբում մեկ-երկու տարի օգնում էր: Հետո դադարեց, և այլևս նրանից լուր չենք ստացել»:

Ամալյան ցույց է տալիս հոր լուսանկարը և խորհրդավոր ասում է՝ «ներկան անցյալն է», ակնարկելով մի tv հաղորդման անունը:

Ստելլան, նրա երկու դուստրերն ու մայրն ապրում են Չարբախի հանրակացարանի երկու սենյակներում: Հանրակացարանը Երևանի Չարբախ մետրոյի կայանի մոտ գտնվող երկար ու մութ միջանցքներով մի շինություն է:

Երկրորդ սենյակը նրանց հատկացրեցին չորս տարի առաջ, երբ մահացավ Ստելլայի հայրը, և մայրը Վանաձորից տեղափոխվեց այստեղ: Սենյակը 17 քառակուսի մետր է և ծառայում է որպես և՛ խոհանոց, և՛ լողարան, և՛ ննջարան, և՛ հյուրասենյակ:

Ամալյան չի սիրում երբ իրեն հոր մասին են հարցնում

Ստելլայի ընտանիքն այն 264 փախստականներից է, ովքեր ապրում են ինը հարկանի այս շենքում: Նրանցից միայն 45-ն են տղամարդիկ:

Ամեն հարկում 30 սենյակների համար մեկ զուգարան կա մութ միջանցքի ծայրում: Դրանք վերանորոգել է Փախստականների նորվեգական կոմիտեի գրասենյակը:

Համատարած այս թշվառության մեջ Ստելլային կարելի է հաջողակ համարել: Նա գոնե կայուն աշխատանք ունի: Արդեն ութ տարի է նա հավաքարար է աշխատում:

«Սկզբում շատ դժվար էր, երիտասարդ կինն ավել է վերցնում և ավլում է փողոցները, — ասում է նա, — Չեմ ուզում ասել, թե շատ հպարտ եմ: Բայց դա իմ մասնագիտությունը չէր: Փողոց ավլելը նվաստացուցիչ է թվում: Սակայն ցանկացած աշխատանք լավ է: Միայն թե արդարացի վճարեն քո աշխատանքի համար: Բայց հիմա ընտելացել եմ: Չեմ կարմրում»:

Մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո Ստելլան հինգ տարի աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակ:

Սակայն հայ-ադրբեջանական թշնամանքը ստիպել է նրան փախչել Բաքվից՝ թողնելով բոլոր ընկերներին, աշխատանքը, երեք բնակարանները և նոր ծնված երկու աղջիկների ապագան: Մանկապարտեզի դաստիարակը դարձել է հավաքարար:

«Մենք չունենք հասցե, չունենք տուն, — ասում է Ստելլան, — Ինչպես խորհրդային երգում էր. «Իմ հասցեն ոչ տուն է, և ոչ էլ փողոց, իմ հասցեն Խորհրդային Միությունն է»: Այդպես էլ մենք ենք ապրում, միայն թե Խորհրդային Միության փոխարեն իմ հասցեն Հայաստանն է»:

Իսկ Հայաստանում այս փախստական կանայք պետք է հոգան իրենց ապրուստը՝ կրելով տեղահանվածի լրացուցիչ բեռը մի միջավայրում, որը դժվարագույն խնդիրներ է առաջադրում անգամ նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքն այդտեղ են ապրել:

Ստելլա հաջողակ է, որ աշխատանք ունի

«Պիտի դասագրքեր գնեմ՝ 6000 դրամ (մոտ 12 դոլար) ավագ աղջկաս համար և 4000՝ (մոտ 8 դոլար) կրտսերի համար, բայց ես այդպիսի փող չունեմ, — ասում է Ստելլան, որը վաստակում է ամսական մոտ 18000 դրամ (մոտ 36 դոլար), — Ապա գալիս է ավարտական երեկոն, և երեխաները պետք է նոր հագուստով լինեն: Պետք է նրանց նորմալ հագցնեմ: Գուցե հին շորերից մի բան վերաձևեմ: Ինչևէ, չեմ սիրում խնդրել: Եթե մեկը մի անգամ մերժի, այլևս երբեք չեմ խնդրի նորից»:

Ավագ դուստրը՝ 16-ամյա Ասյան, ցանկանում է դիմահարդար դառնալ: Ամալյան կուզենար ընդունվել Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Սակայն փախստականի կարգավիճակը նրանց անվստահություն է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, և կրթություն ստանալն անհնար է դարձել:

«Ես կարող եմ առանց ամուսնու մի կերպ ապրել և լուծել իմ խնդիրները, — ասում է Ստելլան, — սակայն երեխաները թիկունք չեն զգում: Նրանք ապագա չունեն և չգիտեն, թե ինչ կլինի իրենց հետ վաղը և դրանից նյարդայնանում են»:

Տասնչորս տարի է անցել, ինչ առաջին փախստականները լքել են Ադրբեջանը: Շատերը տեղափոխվել են այլ երկրներ, ոմանց հաջողվել է կարգավորել իրենց նոր կյանքը Հայաստանում: Պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 259000 Ադրբեջանից եկած հայ փախստական՝ 143000 կին և 116000 տղամարդ: ՄԱԿ-ի պաշտոնյաների հավաստմամբ, իրական թիվը կազմում է պաշտոնական թվի մոտ մեկ-երրորդը և դրանց 85-90 տոկոսը կանայք են:

14 տարի անց «փախստականի» պիտակը շարունակում է ուղեկցել «ժամանակավոր» կացարանների բնակիչներին: Նրանք շարունակում են մնալ օտար և անհայրենիք:

«Փախստականներն այն մարդիկ են, որոնք կարծես ավելորդ են, — ասում է Ստելլան, — Մարդկանց համար դժվար է հարմարվել փախստականներին: Նրանք ապրում են իրենց հողում, իրենց տանը: Իսկ մենք՝ ոչ: Մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում խլել, ինչպես հաճախ տեղացիներն ասում են մեր մասին: Շատերը ոչ մի լավ բան չեն ակնկալում, սակայն մեզ համար ավելի դժվար է, որովհետև մենք այս կյանքից դուրս նետվածներն ենք»:

Այլ փախստականներ նաև ասում են, որ տեղացիներն իրենց հաճախ հայ չեն համարում, որովհետև իրենք հայերեն չեն խոսում (խոսում են ռուսերեն): Ոմանք փախստականներին թուրք են անվանում:

Փախստականներն ունեն երեք հիմնական խնդիր՝ աշխատանք, բնակարան և առողջություն: Ոմանք «հաջողակ» են առաջին երկուսում, սակայն առողջության հարցում հաջողակներ չկան:

«Առաքելություն-Հայաստան» կազմակերպությունը հանրակացարաններում բացել է հատուկ բուժսենյակներ, որտեղ առաջին բուժօգնություն են ցույց տալիս և չափում են տարեցների արյան ճնշումը, ինչպես նաև դեղորայք են բաժանում՝ մրսածության և սրտային հիվանդությունների դեմ: Սակայն լուրջ առողջական խնդիրներ ունեցող փախստականների համար հատուկ առողջական ծրագրեր չկան:

2000 թվականին «Ապագա սերունդ» հասարակական կազմակերպությունը հետազոտել է 400 փախստական կանանց Վարդենիսի շրջանի 4 գյուղերում: 90 տոկոսն ուներ ստամոքսի, սրտի, նյարդային և այլ լուրջ հիվանդություններ, իսկ 86 տոկոսը տառապում էր մի շարք գինեկոլոգիական հիվանդություններից:

Մամոգրաֆիայի հայ-ամերիկյան համալսարանական կենտրոնն անվճար իրականացրել է 20-ից 70 տարեկան 3000 փախստական կանանց ռենտգենյան նկարահանումները և բուժումը: Առողջ են եղել միայն 12 տոկոսը:

Փախստականների առողջական խնդիրները բարդանում են նրանով, որ քաղաքացիություն չունենալով, հիվանդներն իրավոնք չունեն օգտվել անվճար բուժծառայություններից:

ՄԱԿ-ի փախստակաների գծով գլխավոր հանձնակատարի Հայաստանի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքինն ասում է, որ իր կազմակերպությունը ցանկանում է օգնել փախստականներին, սակայն ոչ այնպես, որ նրանք դառնան տեղացիների համեմատ առավել իրավունքներով օժտված մի առանձնահատուկ խումբ: Նա ասում է, որ փախստականներին պետք է օգնել, որովհետև նրանք անվճարունակ են, այլ ոչ թե նրանց փախստականի կարգավիճակի պատճառով:

Ռիտա Ավանեսյանը նույնպես արտագաղթել է Բաքվից 1989 թվականին ամուսնու՝ Արամի, և 5-ամյա աղջկա՝ Էլինայի հետ: 1996 թվականին ամուսինը կամավոր գնացել է զինվորական ծառայության և զոհվել է Հորադիզում:

Ռիտան չի աշխատում, սակայն պարբերաբար օգնություն է ստանում Ռուսաստանի ազգականներից: Էլինան այս տարի ընդունվել է Երևանի թատերական ինստիտուտ՝ որպես զոհվածի դուստր օգտվելով անվճար ուսման իրավունքից:

«Այս տունը, — ասում է Ռիտան, — անօգնական կանանց կուսանոց է: Եթե նրանցից մեկն ուտելու բան է ունենում, հրավիրում է մյուսներին, և հակառակը: Շատ ծանր է մեր կանանց կյանքը: Նրանք միայնակ և ծեր են: Շատերն 80-ի մոտ են: Իմ հարևանն, օրինակ, 80-ն անց է, բայց մի քանի կիտրոն է վերցնում, որ վաճառի: Տնից դուրս է գալիս վաղ առավոտյան, որ հացի փող վաստակի: Միթե՞ դա արդար է»:

Փախստականի աշխարհում արդարությունը քիչ է: Եվ եթե կա հույս, ապա այն գալիս է ներսից, քանի որ քչերը հավատ ունեն իրենցից դուրս որևէ ուժի նկատմամբ:

«Երբեք չեմ ունեցել սեփական լողարան և զուգարան, — ասում է 17-ամյա Էլինան, — Չեմ հավատում, որ կգա մի օր, և մենք կստանանք մեր սեփական բնակարանը: Որոշել եմ փող վաստակել և գնել»:

Այսօր շուրջ 11000 փախստական անտուն են: ՄԱԿ-ի ֆինանսավորման շնորհիվ տարեկան կառուցվում են բնակարաններ 250-300 փախստականների համար: Դեյքինն ասում է, որ ՄԱԿ-ը սահամանափակ միջոցներ ունի և չի կարող բնակարաներ կառուցել բոլոր փախստականների համար: Փախստականների բախտից է կախված, թե որ հանրակացարանին ուշադրություն կդարձնեն պաշտոնյաները:

Տարոնցի 5 հասցեում գտնվող հանրակացարանը մյուսների համեմատ առավելություն ունի, քանի որ բոլոր երեք հարկերի սենյակներում զուգարաններ կան: Սակայն սենյակներն ավելի փոքր են, իսկ շենքը վթարային է: Միջանցքներում տեսանելի են հսկա ճեղքեր, որոնք հաղորդում են շենքի փլուզման սպառնալիքը: Հանրակացարանում ապրող 217 փախստականներից 180-ը են կանայք են:

Ստելլա Ղուկասովան տատից ժառանգած միայն այս լամպն է բերել հետը Բաքվից

Ստելլա Ղուկասովան փախել է Բաքվից 1990 թվականին և ասում է, որ տեսել է, թե ինչպես են հայերին դուրս նետում պատուհաններից: Փողոցում տեսել է կիսամերկ հայուհու դիակ՝ կրծքին խրված կացնով:

«Ես հրաշքով փրկվեցի», — ասում է նա:

Փախչելիս նա վերցրել է հետը միայն նավթի լամպը: Դա այն լամպն էր, որ նրա տատիկը վերցրել էր հետը, երբ եղեռնի ժամանակ փախել էր Կարսից:

«Տատիկս ասում էր, որ զգույշ լինեմ թուրքերից, — ասում է Ստելլան, — Խե՜ղճ տատիկ, պիտի կենդանի լիներ, որպեսզի տեսներ, թե ինչպես են մեզ վերաբերվում հայերը»:

Ստելլա Ղուկասովան հոգեբանություն է դասավանդել Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Նա գիտակցում է, թե ինչ է նշանակում լինել փախստական և կրել պատերազմի ժառանգությունը:

«Հակամարտություններում սովորաբար տառապում են կանայք, — ասում է նա, — և դա վերաբերում է ոչ միայն հայ փախստականներին: Ես նկատի ունեմ բոլոր այն կանանց, ովքեր անցել են պատերազմի արյունահեղություններով՝ չեչենուհիներ, ռուսներ, ադրբեջանուհիներ և մեսխեթցի-թուրքեր:

«Պատերազմի հիմնական ծանրությունն ընկնում է կանանց ուսերին: Նրանք են կորցնում իրենց որդիներին, իրենց ամուսիններին, իրենց հայրերին: Ընտանիքի բոլոր դժվարությունները նրանց են բաժին հասնում»:

Խմբագրի ծանոթագրություն. Լրագրող Վահան Իշխանյանը ներկայումս Հայկական Կարմիր խաչի հետ աշխատում է Հայաստանի փախստական կանանց կյանքին նվիրված փաստագրական կինոնկարի վրա:

Armenianow.com

2 հոկտեմբեր, 2002թ.

Լուսանկարները վերցված են նկարահանման մեջ գտնվող ֆիլմի կադրերից: Օպերատոր Վահրամ Մխիթարյան

հգ.Այս ակնարկի հիման վրա գրված սցենարով նկարհանվեց ֆիլմ

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Լավ կյանք. սրճարանային սեզոնի ընթացքում Երևանի կենտրոնը փայլում է համատարած աղքատության մեջ Բանավեճ մահապատժի մասին. Եվրոխորհրդի անդամակցությունը բախվում է ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու խորհրդարանի մտադրությանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: