այցեքարտ

20.10.2002 at 00:00 Оставьте комментарий

տեսնես ինձ կհասնի՞։ սոնան բաժանում ա լրագրողներին տրցակով այցեքարտեր։ սոնան` ջոնի օգնականը։ էս էլ քոնն ա վահան։ ռեզինով կապված այցեքարտերի տրցակը։ կենտրոնում մեծ-մեծ Vahan ISHKHANYAN։ տակը` reporter։ ես աշխատանքի եմ ընդունված։ նյութերիս տակ առաջ գրված էր correspondent, հայերեն թարգմանությունում` armenianow արտահաստիքային թղթակից։ իսկ ում անվան տակը անգլերենում reporter, հայերենում` armenianow թղթակից։ correspondent -ը արտահաստիքային, reporter-ը հաստիքային։ ես արտահաստիքից վերջը հազիվ դարձա հաստիք։ մի տարի ա արդեն, որ աշխատում եմ ջոնի հետ, միշտ հոդվածներս գովում ա, բայց աշխատանքի չի ընդունում։ յանկիի խասյաթ ա, երեւի ուրիշներին էլ ա գովում։ գրածները զարդարում, դզում, սարքում կուկլա story ու գովում։ գործ ա էլի, հայաստանում լրագրություն ա զարգացնում։ ինչ որ ա յա։ կարեւորը` գործի ընդունեց։ արդեն ինձ ոչ թե աշխատանք ունենալ էր հետարքրում, սենց թե ընենց ամեն նյութիս 75 դոլար տալիս էր, իսկ հիմա` վահան, դու կստանաս ամիսը 220 դոլար ու 4 նյութ կտաս, այլ աշխատանք ստանալով գնահատվելը։ յանկիի կողմից: թե չէ ջահելությունը ու տարեց մի կին` դավոլնի, լրագրողուհի reporter-ներ են, որ գրում են զապդնի սծիլով։

իսկ ես արտահաստիքային թղթակից, որ մի ինֆորմացիայի համար պախատ ա անում էրեւանի էս ծերից մյուսը` էս ծերում բրուցելոզով հիվանդը` նորք, էն ծերում հակահամաճարակայինի դեկանը ու հանրապետական անասնաբուժական լաբորատորիայի վարիչը` էրեբունի։ ու ճիգերս չեն գնահատվում։ մեկ տարի անհրաժեշտ եղաղավ, որ լսեմ` վահան, դու այս ընթացքում արժանացար իմ վստահությանը, քեզ աշխատանքի եմ ընդունում։ գողի, բոզի կասկած էր ունեցել երեւի։ թե՞ տեռորիստի։ իռլանդական ծագումով էս ամերիկացին, որ դուբլինի հյուրանոցում իմացել էր հոկտեմբերի 27-ի մասին` «երեք տարի է անցել այն օրվանից, ինչ աշխարհն առաջին անգամ հանդիպեց նաիրի հունանյանին եւ ազգային ժողովում կրակ բաց արած չորս այլ հիմարների հետ», armenianow, 26 october։ ամեն 30 անց հայի երեւի մի տարի պիտի փորձարկի, որ պարզի տեռորիստ չի, այսինքն, հիմար կամ էլ գող կամ բոզ։

ու հաճելի անակնկալ`դեռ reporter-ի հետ նոր զարդարանք` վերջապես այցեքարտ էլ ունեցա։ երկու էրնեկ մի տեղ։ ի՜նչ ունենալ` մատուցեցին։ այցեքարտի անկյունում կարմիրը մի ուրիշ սոլիդություն ա տալիս, վրան` ArmeniaNow.com, Now-ն սպիտակ, մնացածը սեւով։ վերեւից սպիտակ մանր` published every Friday։ տակից էլի մանր սեւով Independent Journalism From Today.s Armenia։ մյուս անկյունում հասցեն address: 26 Parpetsi St., No 9 Phone: +(374 1)532 422 email: info@armenianow.com internet: http://www.armenianow.com: այցեքարտը տալիս` մի րոպե, ու սեւ թանաքով կավելացնեմ 395419, սա էլ տանս համարը։

կյանքում առաջին անգամ այցեքարտ։ իսկ ես կարծում էի երբեք չեմ ունենա` կդիմանամ գայթակղությանը։ որ հատուկ իմ համար էլ սարքեն` կմերժեմ։ Միակ սկզբունքս, որ իներցիայով պահպանում էի, կոտրվեց` էս էլ քոնն ա վահան։ երեւի վաղուց էր կոտրվել ու նոր իմացա, երբ տվին բուռս։ սրանից հետո կդիմանամ` բայց չունենալու գայթակղությանը։

գիտե՞ս վահան մարդ ինչու է այցեքարտ պատրաստում, որ իր անձի արժեքը բարձրացնի։ ինքնասիրահարվածության ցուցադրում է։ դրա համար էլ ես երբեք կյանքում այցեքարտ չեմ ունեցել։ հակոբ կարապենցը։ նրա խոսքը իմ կարծր սկզբունքը դարձավ, մի սկզբունք, որ թվում էր` մինչեւ կյանքիս վերջ կպահեմ։ եւս մի հատկանիշ մարդկանցից տարբերվելու։ ու ես որոշեցի երբեք այցեքարտ չունենալ։ ու տարիների հետ ես ավելի շատ մարդկանցից էի սկսում տարբերվել։ էս ի՞նչ ա` այցեքարտ ես պատվիրե՞լ, ու ամեն մեկի պատասխանի մեջ բռնացնում էի սեփական անձի արժեքի ցուցադրումը` գիտես միշտ պետք ա գալիս, ու որ բռնացնում էի կայֆ էի ստանում։ երբ ինձ ինչ-որ մեկը այցեքարտ ա տալիս ես հրճվանքով ասում եմ` գիտեք ես չեմ կարող իմը տալ, չունեմ։ ու` ոչինչ, ոչինչ պատասխանը ինձ կայֆ ա տալիս։

իսկ հիմա մի ուրիշ կայֆ` սա ձեզ ու կպարզեմ նոր ծանոթիս անկյունում կարմիր, մեջտեղը մեծ-մեծ Vahan ISHKHANYAN։ ու հակոբ կարապենցը չկա, որ ասեմ պարոն կարապենց հիշու՞մ եք, որ եկել էիք երեւան, ինձ ասեցիք այցեքարտի մասին։ մինչեւ հիմա չեմ ունեցել, իսկ դուք ունեցա՞ք։

մուշեղ իշխանի մասին ո՞վ կպատմի։ գուցե մեկնումեկին խնդրենք արտասահմանից նյութ ուղարկի։ անելկա, լսե՞լ ես հակոբ կարապենց։ ամերիկահայ գրող ա։ իմացա, որ երեւանում ա։ իրան խնդրենք։ հա լսել եմ։ բայց չեմ կարդացել։ ես մի պատմվածք եմ կարդացել։ գրական թերթում մի շաբաթ առաջ էին տպել` որ գնաք հայաստան արարատին բարեւ տարեք։ շատ դուրս եկավ։ համ էլ դաշնակ ա, մուշեղ իշխանն էլ ա դաշնակ։ լավ անպայման գնա գտիր։ ու նյութս տեսք կունենա։

14 տարի առաջ։ 89 թվին էր։ բեմ ամսագիր։ խմբագիրս անելկան, որ էդպես էլ չհասցրեց ինձ թատերական մեկնաբան դարձնել ու դարդից մշակույթի նախարարի տեղակալ դարձավ։ թատերախոսություն` մուշեղ իշխանի կիլիկիո արքան։ թատերական ամսագրում թատերախոսություն։ ոնց էլ գրել էի առանց թատրոնից ջոկելու։ ձեռս չեմ ուզում վերցնեմ, որ սիրտս չխառնի։ ներկայացումը հիմա չեմ հիշում, հիշում եմ մասիվում էր` ռեժիսորի հետ հարցազրույցը` արտաշես հովհաննիսյան, մեկ էլ` հրամայական բառը գրածիս մեջ։ առիթ էր` օգտագործեցի։ երեւի հիմիկվա աչքով մի քաք էլ ներկայացումն էր։

ու հոդվածիս կողքը հանկարծ լինի կարապենց, ոնց կզարդարի։ սովետը դեռ չի քանդվել ու դաշնակ գրողը ամերիկայի ձայնի թղթակից, անդրօվկիանոսից հայտնված գուրու , ճիշտ ա, հիմա արդեն լեգալ, գրական թերթում արդեն տպվող, բայց ամեն դեպքում։ երկու տարի առաջ ձեռդ առնեիր նրա մի հոդված թեկուզ, կկարծեիր, թե ուղեղդ լուսավորվեց, ճշմարտությունը որ տենց թաքցնում են, հես ա, իմացար։ իսկ հիմա հյուրանոցի համարն ես հավաքում` ալո պարոն կարապենց դուք եք։ այո։

հրավիրեց հյուրանոց արմենիա` եկեք վաղը առավոտյան իննին, կզրուցենք։

գիտեք, ես մուշեղ իշխանի մասին վատ գիտեմ, ու դժվար թե կարողանամ որեւէ ձեզ համար հետարքիր նյութ տալ։ գիտեք կարող եք դիմել, ու՞մ ասեց հիմա չեմ հիշում։ ուզում էի արդեն գնալ։ զբաղվա՞ծ եք։ չէ առանձնապես։ ինչ զբաղված, բեմ ամսագրում իրեք տարում իրեք համար, բայց աշխատավարձս ամեն ամիս չոտկի` 125 ռուբլի։ դե միասին գնանք։ հետո եկավ վահրամ հաճյանը` տոլի սփյուռքահայ ավանտյուրիստ տոլի բանաստեղծ։ տաքսի պատվիրենք։ ու ամբողջ օրը միասին էինք։ երկու թե երեք անգամ փորձեցի պոկվեմ, կարապենցը չթողեց։ նայի քրիստոսին նման է` տաքսու մեջ կարապենցը ասեց հաճյանին։ ու ես դեմքս շրջեցի, որ ցույց տամ։ հեչ պետքը չէր։ հաճյանին քրիստոս չէր հետարքրում, այլ հայ մտավորական, մեր մեծերը, կճանչնա՞ս համո սահյան, ո՞չ, ափսոս է, կծանոթացնեմ, անցյալ տարի բերած էի, լավ պտտցուցի, լաս վեգաս տարա, գրանտքանյոն տարա, մետրոպոլ տարա։

ես լավ էի զգում, որ ինձ կարապենցը պահում ա։ դարձա ակամա ախպար ուղեկցող։ հայ մտավորականներին այցելություն` սարյանի տուն թանգարան, տնօրեն շահեն խաչատրյանին` հետեւի սենյակում այգում հաճյանը հուպ էր տալիս հաց պանիր խաղող` շատ կսիրեմ ու աչքերը դուրս էին թռչում, հետը իր բանաստեղծությունից տող մը ասում։ շահենը պիտի ամսվա վերջում հաճյանի հրավերով մեկներ ամն։ մայամի բիչ քեզի պիտի տանեմ։ վահրամ, կըլլա՞ կին մը կրծքերին ափերս այսպես դնեմ` ու էրկու բուռը թարս մեկնեց հաճյանին։ ի՜նչ մեկ, ի՜նչ երկու, միանգամեն չորս կին, կըլլա՞։ ինձ մեկը կբավե։

ինչ-որ պահից հաճյանը չկար։ հետո` ակադեմիա, արվեստի ինստիտուտ` լեւոն հախվերդյան, գրական թերթ` մելոյան։

մեկ էլ արդեն մութ էր։ կարապենցը հարցրեց ուր պիտի գնաս` ընկերներիս տեսնեմ։ գնացինք ալիկ արզումանյանի գործի տեղը։ հայտնվեց պասկը պատերը գրկելով` տղան հարբած է։ ծանոթացեք բանաստեղծ տիգրան պասկեւիչյանը, հեռուստատեսության նախագահի տեղակալ։ էս մեկը սուտ էր, էրկու տարի հետո պասկը պտի պաշտոնի հասներ, երբ առողջ ուժերը գային իշխանության։

էդ օրվանից ուրիշ չեմ հիշում։ մեկ էլ որ` ինձ հարցեր էր տալիս ես պատասխանում էի։ հարցերը չեմ հիշում, իր ասածներից էլ 3 նախադասություն` այցեքարտը ու մեկ էլ` ես որ նստում եմ գրելու սեղանի դիմաց ինքս ինձ ասում եմ հակոբիկ անկեղծ եղիր, հակոբիկ անկեղծ եղիր, հակոբիկ քեզ չխաբես։ եւ երրորդը, որ կարծեմ նաեւ ինչ-որ տեղ կարդացել եմ` լրագրությունը ինձ համար դրամ վաստակելու համար է, գրականությունը սիրելի զբաղմունքս։ մեկ էլ զգացողությունը` կարապենցից տարածվող հանգստությունը, որ նրա ներկայությունը չէր կաշկանդում։ ուրիշ անվանի մարդիկ, մանավանդ արվեստագետ, էն տարիքում` 17-27, ինձ շատ էին կաշկանդում, իրենցից երեւում ա, որ աստծուց տրված տաղանդավոր են, շարքային չեն, ուզում ես դուրները գաս, ինչպես աստծուն ես ուզում դուր գաս պատվիրանները կատարելով։ իսկ կարապենցը` հակոբիկը, ինքն էր իմ ընկերությունը փնտրում, չգիտեմ խի։ տաղանդավորների առաջնությունում երրորդ լիգա էլ չէի մտել։ սովորած-չսովորածս էլ մեկ էֆենդու դասախոսություններն էին` երբ պետրարկան բռնեց կնոջ ձեռքը ու նավակից ափ իջեցրեց, այդ պահից սկսվեց վերածնունդը, մեկ էլ հորս քերականությունը` նախադասությունը ոչ թե երկու գլխավոր անդամ ունի` ենթակա, ստորոգյալ, այլ մեկ` խոնարհված բայը։ իսկապես, ես ի՞նչ խեռս էի. միակ արժանիքս, որ ռաֆայել իշխանյանի որդին էի` ծանոթացեք ռաֆայել իշխանյանի որդին է։ իսկապե՞ս, ձեր հորը շատ եմ հարգում, նա մեր ազգի համար մեծ գործ է անում։ բայց էստեղ էլ ռազմիկ դավոյանի ու հրանտ մաթեւոսյանի տղերքը ինձ կրած ունեին։ ու փոխանակ իրեն ուղեկցեին գրող- մտավորականներ արթուր անդրանիկյան ախպարագիտության թեկնածու(թեման` ախպարը` փոխարկելի վալյուտա) կամ ռազմիկ դավոյան` ախպարագիտության դոկտոր(թեման` ախպար հմայելու մեթոդիկա) ես անկապ արանք էի ընկել։

վերջին անգամ կարապենցը հհշ-ի համագումարում էր, ռոլանդ շառոյանի հետ։ բարեւեցի երկուսին ու վերջ։ ես ինչ ախպար ուղեկցող, իսկականը շառոյանն էր` հեռանկարային դաշնակ, համ էրգրի մասին գրող, համ էլ գյուղում նահապետական ազգուտակ, որտեղ կարապենցին կհյուրասիրեն գյուղական մածուն` բոստոն սենց անմահական բան կերե՞լ ես։

մինչ համագումարը պասկը մի քանի յանիմ առաջադեմ երիտասարդներով հանդիպում էին կազմակերպել կարապենցի հետ։ ես չգնացի։ ու շատ փոշմանեցի։ խի՞ չգնացի` արհեստական, երեւի ինձ թվացել էր, որ կարապենցի վրա զիլ տպավորություն եմ թողել ու դա պահպանվի, հանկարծ քաքմեջ չանեմ։ ու ալիկի հետ գնացինք լակելու։ իբր տես-տես` խմելը ավելի կարեւոր ա քան գրողի հետ հանդիպումը։

վերջինը երեւան հյուրանոցի ռեստն էր։ ինչի՞ց էինք խոսում, հարբած-հարբած, կողքի սեղանից մեկը խառնվեց, ալիկը չոտկեց` արա քեզ ով էր խնդրել տեսակետ ասես։ կռիվ չեղավ։ հետո դուրս էկանք, մտանք հյուրանոց, որ զանգենք։ երեւի խմելը շարունակելու տեղ։ ֆոյեում դեմքեր էին նստած։ ալիկը սրանց հետ վեճի մտավ։ ի՞նչ էր ասում։ մեկը տեղից ուզեց հելնի։ երեւի ավտարիտետն էր` ձեռով պահեց։ լավ ա, որ պահեց, կռիվ չի լինի ու մի կողմի վրա սպասում եմ, որ պրծնեն։ մեկ էլ` զխկ` տվին։ ո՞նց հայտնվեցի փողոցում։ աբովյանի մեջտեղը չորս կողմից տալիս են։ մենակ գետնին չընկնեմ, որ քացու տակ չգցեն։ ինձ պահում եմ։ կամ հարվածները հավասարակշռության մեջ են գցում։ մեկ էլ աչքս ընկավ հյուրանոցի մուտքին։ ալիկը փռված ասֆալտին։ ալիկին ոտ ու ձեռից տարանք ներս` բազմոցին։ տփողների հետ։ ալիկ, ի՞նչ էղավ։ ալիկ չկա, աչքերը չի բացում։ պուլսը տեղն ա։ չի մեռել։ դույլով ջուր են լցնում։ չկա։ շտապ օգնություն։ նասիլկով ալիկ ենք տանում։ հենց պիտի մտցնենք ավտոն ալիկը տեղից թռավ ու վազեց աբովյանով ներքեւ։ ես հետեւից։ ինձ տար անոյենց տուն։ ի՞նչ անո։ դերասանուհի անոն։ կիսագրկած տանում եմ։ անոն դուռը բացեց քիչ մնաց ուշքը գնա` ոնց որ ճակատից` արյունը ալիկի ունքից էրկուսիս ներկել ա։ նորից շտապ օգնություն։ դու՞ք էիք մի քիչ առաջ էլի կանչել։ մասիվի հիվանդանոցում ալիկի ունքը կարում են։ տենց էլ չհասկացա ցավազրկող ներարկե՞լ էին։ որովհետեւ ամեն ասեղ խրելու հետ ալիկը գոռում էր` յոթը։ յոթը ի՞նչ կապ ուներ։ հետո պարզվեց, որ նկատի ա ունեցել մաշտոց ամսագրի յոթերորդ համարը, որ սկրեպով դակելով կարում էինք։ մաշտոցի յոթը` վրան սիմոն զավարյան «եւ եթէ ազգերի մեջ բարձր դասն է, որ կճոխացնէ մայրենի լեզուն, մեզ մոտ…», որ տարածում էինք ազատության հրապարակում։ յոթի դակոցը ու ասեղի խրվելը ունքին` ասոցիացիաներ էին տվել։

հետո, որ մակ-ի ներկայացուցիչն էր ալիկը, հետո հայաստանի արտգործնախարար, էկրանին քիփ մոտենում էի ու ասում` որ լավ նայեք հոնքի կարը կտեսնեք։ որ պրեզիդենտ դառնար, տեսնես, ալիկը ինձ կգյուլլե՞ր։ ասում են ստալինը կամոյին մաշնի տակ գցեց, որովհետեւ կամոն աջուձախ պատմում էր ստալինի ջահելության արկածները։

ալիկի հետ ընկերությունը ավարտվեց, երբ դառավ հհշ լրատվականի պետ։ ու որ շիշը ձեռիս մտա հհշ ալիկի լրատվական, այսինքն ալկաշ ընկերոջս մոտ, 2 պլասմասայի բաժակները լցրի։ ալիկը գոռաց` կարո՞ղ ա քո համար ըստե բար ա։ վայ ես քո` ու բաժակները հերթով ալիկի վրա։ պլաստմասան. փետուրի նման թռան ընկան։

հետո իրար հաջորդող նոր ընկերներ, որոնց հետ մեզ իրար կապում էր արաղը։ ճիշտ ա ասում հայ մտավորականի տիպար մերուժան տեր գուլանյանի ժամանակակիցը` գրիգոր խաչատրյանը` լավագույն ընկերը բաժակի ընկերն է։ ու լավագույն ընկեր կորցնելը սովորական էր արդեն, մի լավագույնը թարգում էր` նոր աշխատանք, ընտանիք-երեխա, գրանտ ու պաշտոն` բուրժուական փափուկ կենցաղ, հետո մի ուրիշ յանը տարած գտնվում, որ յանը իմ ու արաղի հետ տեղը բերի։ ամբողջ կյանքս վերածվել էր ապրելու նախապատրաստության… խմելուց հետո։ ձմեռը սպասում ես թեժ գարնանը, որ ձուլված ամբոխին ցնցես ազգային ժողովի ճաղերը։ ամառը սպասում ես թեժ աշնանը, որ ամբոխի թափի հետ նախագահին թռցնես պալատից։ քաղաքը մի քանի րոպեով քոնն ա դառնում, ահա նա, արա հետը ինչ ուզում ես։ լսել եմ բիսմարկն ասել է (կամ ուրիշն ա ասել, կարեւոր չի)` ով մինչեւ 30 տարեկան հեղափոխական չի սրիկա է, ով 30-ից հետո հեղափոխական է`սրիկա է[1] ։ ես արդեն երեսունն անց` ութ տարի սրիկա եմ։ իսկ պասկը, ալիկը, մյուսները այդպես էլ սրիկա չեղան, ճիշտ տարիքում հեղափոխական, ճիշտ տարիքում կառուցողական։ միշտ սրիկայի հակառակը։

իսկ հիմա էլ սրիկա չեմ լինի, ի՞նչ լյումպեն։ յանկի խմբագրի մոտ աշխատանք` էլ ի՞նչ խմել։ 38 տարեկանում նետվում եմ բուրժուազիայի գիրկը։ ճիշտ ա էժան գնով, էրկուհարյուր դոլարով, բայց հայկական բուրժուազիայի գինը էս ա, դեռ ավելի էժանով էլ տվող կա։ մերն ուրիշ ա։ ու կողքից գրանտ-մրանտից էլ մի քիչ ու ռեմոնտ:

տունս կաֆելը խփել եմ, խանութում ջոկում եմ կաֆել փայլացնող հեղուկ` domestos առնեմ, թե՞ emsal, պարսկականները լավը չեն։ թանկից էժանը չկա։ կավրոլիտը փռել` հյուր չգա որ կեղտոտ կոշիկներով կավրալիտիս վրա չքշի։ չնայած sanyo փոշեծծիչ եմ առել ու փոշիները իրեք չորս օրը մեկ մաքրում եմ։ էս էրեւանը շատ փոշոտ քաղաք ա` փոշին մաքրում ես նորից նստում ա, չնայած լուսամուտներս եւրո` ձայնա եւ ջերմա մեկուսիչ։ ապակիները մաքրում ես window cleaner-ով։ ariston-ը կախել` մշտական տաք ջուր, երբ ուզում ես մտի տակը, ինտերնետի բաժանորդ. իմ փայ բուրժուազիան, մի քիչ ուշացած, որի համար պիտի վճարես։ պահանջները, որ ծնվում են, սկսում են աճել։ ավտո չունենա՞մ, հիմա առանց ավտո դժվար ա։ չէ, էդքան էլ տենց չի, որ` լրագրողին ու գայլին սնում են սեփական ոտքերը։ էլի թող սնեն, բայց որ աշխատանքից մեկ-մեկ շատ ես հոգնում, ուզում ես քաղաքից դուրս գալ։ մեքենան` հայկական երազանքը ընթացքում կսնեմ փողով, որ մի օր հայաթս կայնած լինի։

մնում էր կայուն աշխատանքը։ ուրեմն ըստեղից-ընտեղից հոնորարը քիչ ա, մեկնումեկն էլ գրանտի ժուռնալիստական փայից յա տա, յա չտա: աշխատավարձ էր անհրաժեշտ, որ աճելու հեռանկար ունի։

կհեռանամ յանը տարած ողբերգական ղշերից, որոնք հոգու վերքերը արվեստի չափառների մոտ են փորձում բուժել։ որ մարդու ջեբը փող ա մտնում-դուրս գալիս կլիրը ավելի բարձր տեղ ա կանգնում։

մի օր էլ կասեմ` յա բեզ գարյաչեյ վադի նե մագու, սրանք ոնց էլ ապրում են։ ու մենակ բողոքեն։ աշխատեք էլի։ ձեր ձեռը ո՞վ ա բռնել։ ե՞ս պիտի քո փոխարեն աշխատեմ։ սենց ժողովուրդ կլնի։ մենակ միտինգ անեն։

վահան ինչ ես անում, չգնանք մի թաս խմենք։ չէ վարդան ջան, նյութ ունեմ գրելու։ միշտ էլ խմել գրել էիր, քեզ ինչ էղավ։ չէ ապե, հիմա պիտի կանտրոլս պահեմ, պախմելյայով գրածը էն չի, էդ անտերը ստիպողական չի։ ու ֆերեշեթը կորցնում ա մի լավագույն ընկեր, մորուքը ձգձգելով մնում մոլորված` ո՞ւմ գտնի, որ հետը բաժակը գլուխը քաշի ու հետը հիշի օղորմած էֆենդուն` հանգիստ, նայի աչքերիս մեջ։ ֆերեշեթի շուրթերին մնացած էֆենդու ֆրազները ու զակուսկու` հաց ու երշիկի փշուրները։ հիշու՞մ ես որ նոր տարուց առաջ գնացինք էֆենդու մոտ։ կիսատ շիշը հանեցի էֆենդին գժվեց` դուրս` դու էս կիսատ շշո՞վ ես էստեղ գալիս։ բայց ես լիքն էլ էի հանելու։ քունիր վարդան, բայց լիքը չէիր ուզում հանես։ ու էֆենդու հիշատակը գլխին քաշելուց հետո` բորխեսի նոր հատորներ են տպվել էրկուսը ունեմ, երրորդը չեմ ճարում։ արա բա սաղ հատորները չառա՞ր։ հա առա, բայց էս ուրիշ հրատարակություն ա։ էս նոր երեք հատորյակի մեջ մի նամակ կա, որ նախորդների մեջ չկար։ չէ, ֆերեշեթ գնա ուրիշ սօբուտիլնիկ ճարի, իմ հոգին էլ արաղը չի ոռոգում։ բա ախպեր, դու առանց այցեքարտ մնացիր։ էս հազար դրամը առ, տղերքով կխմեք։

ջոնի լավն էն ա, որ լավ նյութը գնահատում ա դու էլ գլխառադ չես ուզում անես։ ու որ գլխառադ չանես, վախենում ես արաղի հոտից։ ջոնը լրագրության միսիոներ քաղաքական մուտիլովկայի հայկական մամուլում. «մեկ աժ նախագահ արմեն խաչատրյանին կոմունիստ նորիկ պետրոսյանն է փայտե գլուխներ դարձնում, իր հերթին արմեն խաչատրյանը արդարանում է, «իմը հաստատ փայտե գլուխ չէ, ձերը միգուցե», մուտիլովկա «առավոտից»։ ջոնի ժուռնալիստիկայից հայ խմբագիրները գյոթ են կպնում, ինչպես ամենայն հայոց կաթողիկոսը եհովայի վկաներից։ քեզ ասպարեզ տվեց, որ ինքնագոհ դառնաս(նյութերդ էլ համ էլ անգլերեն են գնում, կարաս ասես` իմ անգլիախոս ընթերցողը): էսքան տարի խմբագրից լավ խոսք չլսած ականջս զարմացավ` էս նյութիդ լավն էն ա, որ սրճարանների շատանալու մի պատճառ չես գտել, այլ մի քանի բոմբիկներ` ասում ա ջոնը ու թուլանում ա պրեզիդենտականի ճաղերը ճոճելու ցանկությունս` թող ուրիշները ճոճեն ես նայեմ ու օբյեկտիվ գրեմ. այսինքն երկու կողմի կարծիքն էլ հարցնեմ` «դա մի խումբ չկայացած քաղաքական գործիչների սադրանքն է, որոնց իշխանության գալու ամբիցիաները իրենց հանգիստ չեն տալիս։ նրանք չեն կարողանում հաշտվել մեր երկրի տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի բացման իրողությունների հետ։ նախագահը թույլ չի տա, որ երկրի սահմանադրական կարգը խախտվի, անկարգությունների կազմակերպիչները կպատժվեն օրենքի խստությամբ,- ասում է նախագահի խոսնակը։ «էրեխիս կոշիկ չեմ կարում առնեմ որ դպրոց գնա, աղջիկ էրեխայ ա, ո՜նց ա ամաչում, որ կարգին շոր չունի։ հըլը առանց դասագիրք ա մնացել էլի ոչինչ։ դպրոցից ամեն օր փող են հավաքում, լուսի վարձը մի կողմից, կնիկս պոչկեքը քայքայվել են` ես որտի՞ց ամսական տասը հազար դրամ դեղի փող տամ։ սովետի վախտով տասը տարի սվարչիկ եմ աշխատել, 16 կվարտալի շենքերի արմատուրեքը ես եմ իրար կապել։ տունս նեղություն չի տեսել։ քանի տարի աշխատանք չունեի, մի հատ ճարեցի` ամիսը 20 հազար դրամ, իրեք ամիս աշխատի գործը կայնավ։ ո՞ր ծակը փակեմ` աղջիկս մեծացող` պիտի նորմալ սնվի՞։ տղես բանակում անցյալ տարի ցրտից մինինգիտ էր տվել։ ճակատը թարախակալել էր։ կամանդիրին ես որտուց փող տամ, որ գոնե մի անգամ տուն թողնի։ ով ուզում ա լինի մենակ էս իշխանությունը փոխվի,- ասում է ցույցին մասնակցածներից մեկը, որ հրաժարվեց իր անունը տալ»։ իհարկե նրա քաղաքական մեկնաբանությունները չեմ դնի` գյոզալ երկիրը քանդին, սաղ թալնին, բա էսի պրեզիդենտ ա՞, երկիրը իրեք հոգու մեջ բաժնել ա, ինքը թազա զուգարան բացեն, էթա լենտը կտրի, ես դրա թուրք…

ու կաֆելը-կաֆել, բայց քաղքենի դառնալու համար ինձ էս աշխատանքն էր պակասում։ թե չէ լրագրությունը թողնել-չթողնելու արանքը մենակ օղին էր լցնում։ հեղափոխությունը տարեթիվը չի ավարտում, ամեն մարդ մի օր կամ ավարտում կամ էլ էս աշխարհը չդզած հողին ա հանձնվում։

կյանքը հեռանկար է գծում։ ու ընկերության ժամանակաշրջանը ավարտվում է։ լավագույն ընկերության։ ես այցեքարտ եմ ներկայացնում։ հաջորդը սոտվին կլինի՞։ իսկ գուցե ռոբին ընտրե՞մ։ ու այդպես` պիզդեց։

հոկտեմբեր, 2002թ.

[1] Ինձ էս ձևակերպումը ասել էր մի ընկերս, հետո իմացա, որ Չերչիլի այս ձևափոխված խոսքն է`ով մինչև 30 տարեկան հեղափոխական չի սիրտ չունի, ով 30-ից հետո հեղափոխական է` խելք չունի:

Entry filed under: պատմվածք. Tags: , , , .

Բանավեճ մահապատժի մասին. Եվրոխորհրդի անդամակցությունը բախվում է ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու խորհրդարանի մտադրությանը Սևազգեստ կանայք. «Ես ձեզ զավակ եմ տվել, հետ տվե՛ք»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: