Սևազգեստ կանայք. «Ես ձեզ զավակ եմ տվել, հետ տվե՛ք»

22.11.2002 at 09:53 8 комментариев

«Զինվոր և Իրավունք» կազմակերպության գրասենյակում

Իրենց մահապարտ համարող այս 25 սևազգեստ կանանց միավորել է ընդհանուր վիշտը. նրանց որդիները սպանվել են բանակում իրենց զորակիցների ձեռքերով:

«Մենք ոչինչ չունենք կորցնելու: Կորցրել ենք կյանքում ամենաթանկը՝ մեր որդիներին, — ասում է Էմմա Հունանյանը, — Պատրաստ ենք հանուն արդարության պայքարել մինչև վերջ»:

Էմմա Հունանյանը «Զինվոր և իրավունք» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահն է: Կազմակերպությունը հիմնադրել են խաղաղ պայմաններում հայկական բանակում սպանված զինվորների ծնողները:

Նրա որդին՝ Էդգարը, սպանվել է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ: Մայրը համոզված է, որ որդուն սպանել են, սակայն նրա մահը որակվել է որպես դժբախտ պատահար:

Ըստ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ազգային զեկույցի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալների, 1996-2000 թվականներին հայկական բանակում սպանվել են 763 երիտասարդներ, որն անհանգստացնող թիվ է, անգամ հաշվի առնելով Ղարաբաղում պաշտոնական հրադադարի պայմաններում երբեմն բռնկվող բախումները: Շատերի կարծիքով, այդ թիվը նույնիսկ ավելի մեծ է:

Զինվորական դատախազության տվյալներով, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում զոհվել է 33 զինվոր: Հայկական բանակի տասներորդ հոբելյանը նշելու արարողության ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս տարվա հունվարի 28-ին ասաց, որ բանակում պայմանների բարելավման ապացույց է այն փաստը, որ «եթե 1995 թվականին մահացել կամ սպանվել են 324 զինվոր, ապա 2001 թվականին՝ 56»:

Հաշվի առնելով ՄԱԿ-ի և Հելսինկյան կոմիտեի զեկույցը, անցյալ տարվա պաշտոնական տվյալները, 1994 թվականի հրադադարից հետո զինվորական ծառայության ընթացքում սպանված զինվորների թիվը կկազմի 1290:

Սակայն «Զինվոր և իրավունք» կազմակերպության անդամները չեն հավատում այդ թվերին՝ ասելով, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:

(Համեմատության համար՝ 1988 թվականին, երբ լարվածությունը ԽՍՀՄ հանրապետությունների միջև գտնվում էր իր գագաթնակետում, և ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային բանակում ծառայում էին կողք-կողքի, բանակում մահացել է ընդամենն ութ հայ զինվոր):

Կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականին և առաջին ու միակ կազմակերպված շարժումն է, որ պայքարում է խաղաղ պայմաններում բանակում զինվորների սպանությունների բացահայտման համար:

«Զինվոր և իրավունք» կազմակերպության անդամները բանակում խաղաղ պայմաններում սպանված 56 երիտասարդների ծնողներ են, որոնցից առավել ակտիվը մայրերն են:

Մոտ 25 քառակուսի մետրանոց գրասենյակը, որտեղ հավաքված են մայրերը, զարդարված չէ համակարգիչներով և ժամանակակից գրասենյակային կահույքով:

Սենյակի միակ պահարանը հին խանութային սառնարանն է, որի մեջ դնում են փաստաթղթերը, սուրճն ու բաժակները:

«Մահվանից մեկ օր առաջ որդիս զորացրվող ընկերոջ համար խաչքար էր քանդակել: Նա հիանալի նկարում էր, — ասում է Սուսաննա Ղազարյանն իր որդի Գառնիկի մասին, որը ծառայել է Ղարաբաղի զորամասերից մեկում, — Ճակատը ծակված էր «ԱԿՍ» ավտոմատի գնդակներով, իսկ ձևակերպել էին որպես ինքնասպանություն»:

Եվ այդ ձևակերպմամբ գործը կարճել էին:

«Քսան հոգի ցուցմունք էր տվել, որ ինքնասպանություն է եղել, — ասում է մայրը, — Դիմում գրեցի դատախազություն, շեմից պատասխանեցին, որ Ղարաբաղն իրենց չի ենթարկվում: Ո՞նց թե:

«Ես ձեզ զավակ եմ տվել և ուզում եմ հետ ստանալ: Թաղմանը տղայիս մարմինն այնպիսի վիճակում էր, որ թույլ չտվեցին մի հատ համբուրեմ: Կազմակերպության շնորհիվ գործը բերվեց Երևան, և քննիչն ասաց, որ սա սպանություն է»:

Դատարանը պարզեց, որ Սուսաննա Ղազարյանի որդուն սպանել է մի ուրիշ զինվոր, որն այժմ դատապարտված է 14 տարվա ազատազրկման: Եվս երկու սպաներ դատապարտվել են երկու տարվա ազատազրկման:

«Մեր պարտականությունն է բացահայտել հանցագործությունը, — ասում է զինվորական դատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը, — Թե այդ կանայք որքանով են նպաստել, չեմ կարող ասել: Թող իրենք խոսեն այդ մասին»:

Սևազգեստ կանայք (որոնց այդպես են կոչում նրանց հագուստի պատճառով) անհնարինը դարձրին հնարավոր: Իրենց որդիների գործերը Ղարաբաղի դատարաններից բերել տվեցին Հայաստանի դատարաններ:

Նրանց բողոքները ստիպեցին զինվորական դատախազությանը բացել իրենց դռները, որ նախկինում փակ էին քաղաքացիների առաջ:

Գյուլնար Վարդերեսյանի որդի Իշխանի մահը որակվել էր որպես անզգույշ սպանություն: Սևազգեստ կանանց ջանքերի շնորհիվ դատավճիռը փոխարինվեց կանխամտածված սպանության հոդվածով, և մեղադրյալը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

«Դատավորը կին էր, ասացի՝ արդարությունը չպաշտպանես, դու էլ սև շորեր կհագնես: Մեր անեծքներից շատերն են վախենում», — ասում է կազմակերպության նախագահը:

Կանանցից մեկը թվարկում է այն հրամանատարների անունները, որոնք, նրա ասելով, մահացել են իր անեծքներից, և ավելացնում է. — «Մյուսներն էլ են մեռնելու, չեն վայելելու»:

Երբեմն մայրերի զայրույթը միայն խոսքով չի արտահայտվում:

Սևազգեստ կանայք ծեծել են ամբաստանյալների, քննիչների, դատախազների և անգամ մի դատավորի:

Վերոհիշյալ դատավարության ընթացքում սևազգեստ կանայք ծեծել են մարդասպանի ծնողներին, նրա դատապաշտպանին և մի հրամանատարի:

«Զոնտիկով խփեցի վաշտի հրամանատարի գլխին, որ Գյուլնարի որդուն տարել-աշխատեցրել էր իր սիրուհու տանը, — ասում է մայրերից մեկը՝ Հասմիկը, որի որդին՝ Արմենը, սպանվել է Ղարաբաղում:

Հասմիկի որդին ընդամենը երկուսուկես ամիս է ծառայել, երբ նրա մարմինը վերադարձրել են մորը՝ ասելով, որ ինքնասպան է եղել:

«Զինվոր և իրավունք» կազմակերպությունը բողոքել է դատախազություն, որը հայտնաբերել է մեղավորին և դատապարտել է՝ Արմենին սպառնալիքներով ինքնասպանության հասցնելու համար: Սակայն մայրերը չեն ընդունում, որ տղայի մահն ինքնասպանության արդյունք է:

Կանանցից մեկն ասում է, որ, մի կողմից, իրենց պայքարն արդյունք է տալիս, և արդարությունը հաղթում է: Սակայն, մյուս կողմից, քննիչները, դատախազներն ու դատավորները քառապատկում են կաշառքներն՝ իրենց որդիների մահվան մեջ մեղադրվող հանցագործներին ազատ արձակելու համար:

ՄԱԿ-ի զեկույցը բանակում սպանությունների նման մեծ թիվը բացատրում է մի շարք պայմաններով, մասնավորապես «դեդովշչինայով»՝ ռուսական մի տերմին, որն արտահայտում է ավելի երկար ծառայած զինվորների կողմից նորակոչիկների նկատմամբ լրիվ վերահսկողություն սահմանելու երևույթը:

Զեկույցում նշվում է, որ դրա հետևանքները դրսևորվում են «հին ծառայողների կողմից նորակոչիկների նկատմամբ ճնշում գործադրելով, ստորացուցիչ աշխատանքներ պարտադրելով և նյութական արժեքներ կորզելով»:

Զեկույցը նաև եզրակացնում է, որ ոչ ֆորմալ ղեկավարությունն առաջացել է կադրային սպաների պակասից, որը լրացվել է ղարաբաղյան պատերազմի ջոկատների՝ երբեմն քրեական անցյալ ունեցող հրամանատարներով:

«Բանակի հրամանատարները նախկին հանցագործներ են, անգրագետ են և փող են շորթում «չաստ նայող» զինվորների միջոցով: Ով դիմադրում է՝ սպանում են, — ասում է Վոլոդյան՝ կազմակերպության նախագահի ամուսինը, — Մի զինվորի սպանել են, որովհետև չի կարողացել տալ ընդամենը 35000 դրամ»:

(Հին ծառայողները նորակոչիկներին հաճախ ստիպում են իրենց փող տալ, որը բանակում ընդունված ոչ պաշտոնական կանոնակարգի արդյունքն է, և որը կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք որակում են որպես «ոչ կանոնադրային փոխհարաբերություններ»:)

«Զինվոր և իրավունք» կազմակերպության դիտարկումներով, սպանությունները շատանում են նախագահական ընտրություններից առաջ: Շատ երիտասարդներ սպանվել են 1996 և 1998 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ:

«Որդուս հրամանատարն ասաց. դուք կարծում եք ձեր որդին ընտրությունների պատճառո՞վ է սպանվել: Ոնց որ հուշեր: Եթե Ռոբերտ Քոչարյանը չընտրվեր, բանակը մայրաքաղաք էր մտնելու, — ասում է Էմմա Հունանյանը, — Բոլոր զինվորներին ստիպել են ընտրել Քոչարյանին: Ով հրաժարվել է, պատժել են»:

Ըստ «Զինվոր և իրավունք» կազմակերպության, մահվան դեպքերը նաև շատանում են զորացրման շրջանում: Ընդունված երևույթ է, որ զինվորին ժամանակից շուտ բաց թողնելու համար հրամանատարները 100 դոլար են վերցնում:

«Իմ որդին պայքարել է, որ զինվորները կաշառք չտան, — ասում է Թագուշ Ոսկանյանը, — Այդքան զինվոր փրկեց, վերջն իրեն սպանեցին»:

Պաշտոնապես որոշվել է, որ նրա որդին մահացել է տանիքից ընկնելու հետևանքով: Սակայն հինգ տարվա պայքարից հետո Թագուշը հասավ նրան, որ նրա որդու մահը որակվեց որպես կանխամտածված սպանություն, և մարդասպանը՝ մեկ այլ զինվոր, դատապարտվեց 15 տարվա բանտարկության:

Իշխանությունները սևազգեստ կանանց ամենալուրջ դիմադրությունը ցույց են տվել 1999 թվականի ամռանը, երբ նախագահի նստավայրի դիմաց կազմակերպված ցույցի 15-րդ օրը ոստիկանությունը ծեծելով ցրեց կանանց:

«Ծեծեցին ամուսնուս, ձեռքս վերից վար քերծեցին: Բայց, ի վերջո, մենք հաջողությունների հասանք», — ասում է Էմմա Հունանյանը:

Հաջողությունն այն է, որ թաղման ծախսերի համար պետությունն այժմ 1000 դոլար է հատկացնում առաջվա 400-ի փոխարեն: Բացի այդ, խաղաղ պայմաններում սպանված զինվորների բողոքող ծնողները 4000 դրամ (մոտ 8 դոլար) ամսական թոշակ են ստանում:

«Սակայն դա ի՞նչ է, գերեզմանի ծաղկի փո՞ղ», — դառնորեն ասում է կազմակերպության նախագահը՝ ավելացնելով, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչության զոհերի ընտանիքները ստանում են ամսական 400 դոլար և նրանց տրամադրվել է ծառայողական մեքենա:

«Ի՞նչ է, նրանց որդիները մեր որդիներից լա՞վն էին, — հարցնում է Հունանյանը, — Ասում ենք, մեզ թոշակ նշանակեք, ասում են (իշխանությունները), բյուջեն ճեղքվածք ունի: Էդ ինչու՞ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դեպքում չունի: Իրենց (պաշտոնյաների) աշխատավարձերը բարձրացնում են, Քոչարյանինը դառնալու է 1000 դոլար, ի՞նչ է, բյուջեն չի ճեղքվու՞մ»:

«Զինվոր և իրավունք» կազմակերպության անդամներն ասում են, որ իրենց որոշ պահանջներ դեռ չեն բավարարվել:

Օրինակ՝ սևազգեստ կանայք ցանկանում են, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվեն նույն արտոնությունները, որ ունեն պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները: Մասնավորապես, բուհերում իրենց երեխաների անվճար ուսման իրավունք, ցմահ թոշակ ծնողներին և իրենց զավակների հիշատակի օր:

«Ամեն տարի նշում են Սումգայիթում զոհված 40 հոգու հիշատակը, — ասում է կանանցից մեկը, — Հնարավոր չի՞ հազարավոր սպանվածների համար հիշատակի օր սահմանել»:

Նրանք հավատում են, որ իրենց այս պահանջները նույնպես իրականացվելու են: Այդ հավատը նրանց պայքարի հաջողության փորձն է ներշնչել:

Սևազգեստ կանանց պայքարի շնորհիվ 22 զինվորների գործեր, որոնց զինվորական դատախազությունը նախկինում այլ ձևակերպումներ է տվել, որակվել են որպես սպանություններ, իսկ մեղավորները դատապարտվել են:

Բացվել են հինգ կարճված գործեր, և այժմ դատախազությունը հետաքննում է դրանք որպես սպանություններ: Սակայն կանայք ասում են, որ դեռ էլի գործեր կան, որ պետք է բացահայտվեն:

Կանայք ասում են, որ իրենց միակ զենքը սև զգեստներն են և ցանկացած դիմադրություն խորտակելու իրենց վճռականությունը:

Սևազգեստ այս կանայք տարբեր հիվանդություններ են ձեռք բերել իրենց գործունեության հետ կապված ջանքերից: Նրանք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրար:

«Մեկս մյուսիս հույս ենք տալիս, — ասում է նախագահը, — Հարազատների հետ կարող ենք չհանդիպել, բայց մի օր իրար չտեսնենք, չգիտեմ, ինչ կլինենք»:

Բախշի Մուսայելյանը կազմակերպության չորս տղամարդ անդամներից մեկն է: Նրա միակ որդին՝ Հարութը, սպանվել էր, սակայն նրա մահը ձևակերպվել էր որպես ինքնասպանություն:

«Զինվոր և իրավունք» կազմակերպության օժանդակությունը օգնեց Մուսայելյանին հասնել այն բանին, որ նրա որդու սպանության մեջ մեղավոր զինվորին դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց:

«Մենք համոզված ենք, որ դատախազությունները ոչինչ չեն անում, որ բացահայտեն սպանությունները, — ասում է Մուսայելյանը, — Մենք քննիչի դեր ենք կատարում՝ զննում ենք տեղանքը, վկաներ ենք գտնում, խոսում ենք նրանց հետ: Մենք բետոն ենք ճեղքում»:

Մուսայելյանը գլխավորում է կազմակերպության այն հանձնաժողովը, որը Պաշտպանության նախարարության թույլտվությամբ, այցելում է զորամասերն ու հոսպիտալները: Հանձնաժողովը ստուգում է զինվորների հանգստի, սննդի, բուժսպասարկման և կենցաղային պայմանները, բարոյական և հոգեբանական վիճակը և արձանագրություններն ուղարկում է Պաշտպանության նախարարություն:

Վերջին արձանագրությունում, որ կազմվել է հոկտեմբերի 31-ին Վանաձորի մի զորամաս այցելության արդյունքում, «Զինվոր և իրավունք» կազմակերպության հանձնաժողովը նշել է. «Գումարտակում զինվորը ստորագրում, բայց իրականում չի ստանում հասանելիք զինվորական թոշակը: Վերջերս մի զինվորի ծեծելով սպանել են: Զինվորների երկդիմի և վախեցած պահվածքը հաստատում է, որ գումարտակում ծեծը սովորական բան է»:

«Մեր երեխաների համար ոչ ոք ոչինչ չի արել, և նրանք անպաշտպան սպանվել են, — ասում է Սուսաննա Ղազարյանը, — Մենք օտարի համար ամեն ինչ կանենք, որ նրանց որդիներն ապահով ծառայեն ու վերադառնան:

«Շատ ծնողներ չգիտեն, թե ինչ է կատարվում բանակում, որ օգնեն իրենց որդիներին: Մենք մեր փորձով ուզում ենք օգտակար լինել և գոնե հոգեպես հանգստանում ենք»:

armenianow.com

22 նոյեմբեր, 2002թ.

Նախապատմություն

1997 թվին «Այժմ» շաբաթաթերթում ես տպեցի «Ցուցմունք են տալիս միայն դիակները» հոդվածը և ևս այդ թեմայով մի հոդված, ուր ներկայացվում էր խախաղ պայմաններում բանակում կատարված հինգ զինծառայողների սպանությունները, որոնց գործերը դատախազությունները կարճել էին կամ որպես դժբախտ պատահար, կամ որ զինծառայողը զոհվել է ադրբեջանցու գնդակից կամ ինքնասպանություն:

Տեսնելով, որ սպանվածների ծնողները ակնհայտ սպանություները փաստող ապացույցներով չեն կարողանում արդարության հասնել, ես Հելսինկյան կոմիտեի հետ կազմակերպեցի սպանվածների ծնողների հանդիպում, որպեսզի նրանց ջանքերը համախմբվեն ավելի արդյունավետ պայքարելու համար:

Այդպես ստեղծվեց «Զինվոր և իրավունք» կազմակերպությունը:

Entry filed under: ակնարկ. Tags: , .

այցեքարտ Մղձավանջներ և խաղաղություն. մայրը նայում է հետ՝ 14 տարիների կորստին

8 комментариев Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: