Ջերմություն որոնելու երկիր. վերաբնակիչները հնարավորություններ են փնտրում Լաչինի միջանցքում

10.01.2003 at 14:52 Оставьте комментарий

Պողոսյանների ընտանիքը

«Թող մեքենա տան՝ տասնվեցերորդը կունենամ, թե չէ, էլ ու՞ր ունենամ», — ասում է 15 երեխաների մայր տիկին Էմման, որը 1997 թվականին ընտանիքով Աշտարակից եկել և վերաբնակվել է Ադրբեջանի նախկին Լաչինի շրջան:

Փիրջահան գյուղը վերանվանվել է Գողթանիկ, իսկ շրջանը՝ Քաշաթաղ, որը դարձել է Լեռնային Ղարաբաղի վեցերորդ շրջանը (հինգերորդը Լաչինից հյուսիս Ադրբեջանի նախկին Քյալբաջար շրջանն է, որ վերանվանվել է Շահումյան):

«Երբ ամուսնանում էի, որոշել էի յոթ երեխա ունենալ, — ասում է Էմմայի ամուսինը՝ Սերգեյ Պողոսյանը, — Հարսանիքիս հերս կենացիս ասեց՝ յոթ որդով սեղան նստես:

«Ասի, հորս խաթեր ևս յոթը կունենամ: Էդպես 14 երեխա եղավ: Տասնհինգերորդն էլ Ղարաբաղի պատվին ունեցա»:

Էմմայի 15-րդ որդին՝ Արցախը, ծնվել է Քաշաթաղի հիվանդանոցում 98 թվականին: Էմման ու Սերգեյն արդեն ունեն վեց թոռ: Երեք աղջիկներն ամուսնացած են, երկուսն ապրում են Աշտարակում, իսկ երրորդը՝ հարևան գյուղում:

Էմման և Սերգեյը՝ իրենց մեծ ընտանիքով, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է բնակեցնել Լաչինը և դրանով միաձուլել Հայաստանը և Ղարաբաղը:

Բերձոր

(Լաչինը Ղարաբաղը Հայաստանից բաժանող տարածքն է, որ հայկական ուժերը գրավել են 1992 թվականին: Վերանվանելով և վերաբնակեցնելով Լաչինը՝ Հայաստանի կառավարությունը միաձուլում է երկու հայկական պետությունները):

«Մեր վիճակը շատ ծանր էր: Աշխատում էի Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտում: Գործը կանգնեց: Հետո ուսումնարանում էի աշխատում: Էստեղից էլ փող չկար: Մինչև որ Անահիտը համոզեց-բերեց էստեղ», — ասում է Սերգեյը:

Անահիտ Դանիելյանը Գողթանիկի գյուղապետն է, և նրա շնորհիվ գյուղում շատ են նախկին աշտարակցիները: Սակայն ինչպես Քաշաթաղի այլ գյուղերում, այստեղ էլ բնակիչները Հայաստանի տարբեր շրջաններից են: Թեև շրջանը Ղարաբաղի վարչատարածքային միավոր է, այստեղ ապրող ղարաբաղցիների թիվը փոքր է:

Քաշաթաղի շրջանը ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերին և նույն ժամանակ էլ սկսվել է բնակեցվել: Ադրբեջանական գյուղերում մնացած անկտուր պատերի վրա վերաբնակները վարչակազմի օժանդակությամբ նոր տներ են կառուցել: 1992 թվականին, երբ հայկական զորքերը գրավել են շրջանը, ռազմական հրամանով տները հրդեհել են, որպեսզի դրանք բնակելի չլինեն, եթե ադրբեջանցիները փորձեն վերադառնալ: Մեկ տարի հետո մշակվել է վերաբնակեցման ծրագիրը:

Այժմ շրջանում կա մոտ 130 բնակավայր: Դրանցից 50-ը դպրոցներ ունեն, ինչը ձևավորված համայնքի չափանիշ է:

Վերաբնակներ. Քաշաթաղի հյուսիսային ճամփին

Շրջանը ձգում է նոր բնակիչներին պետական արտոնություններով, որով յուրաքանչյուր ընտանիք ստանում է 20000 դրամ (մոտ 40 դոլար), 5000 դրամ (մոտ 10 դոլար) ընտանիքի յուրաքանչյուր անդամ և 120000 դրամ (մոտ 240 դոլար) անասնավարկ քսան տարով: Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիք ստանում է 200 կիլովատ անվճար էլեկտրաէներգիա: Անվճար է նաև ջուրը: Չի հարկվում գյուղատնտեսկան գործունեությունը:

«Մենք ամեն եկողի չենք ընդունում, — ասում է Քաշաթաղի վարչակազմի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, — Մեկ էլ նկատում ես, եկել է միանվագ օգնությունը ստանա ու փախչի: Էդ քսան հազարի համար չեն ալարում Երևանից հասնում են ստեղ (վերաբնակիչներն ազատված են ճանապարհածախսից): Երկար-բարակ զրուցում ես, մինչև պարզում ես, որ եկել է մշտական բնակության»:

Ֆինանսների բացակայության պատճառով անասնավարկերը տրվում են երկու տարի ուշացումով: Դեռևս կան բնակիչներ, որոնք 1999 թվականից սպասում են վարկին:

Սերգեյը գյուղում բնակության երկրորդ տարում ստացել է անասնավարկը և գնել է երկու կով, որոնք բազմացել են և երեք տարվա մեջ դարձել են հինգը: Ունի նաև 10 ոչխար: Սերգեյը Բերձորում (նախկին Լաչին քաղաք) հյուսն-ատաղձագործ է աշխատում կապիտալ շինարարության վարչությունում և ստանում է 35000 դրամ (մոտ 70 դոլար) աշխատավարձ: Նաև ստանում է 15000 դրամ նպաստ երեխաների համար: Կինը Գողթանիկի դպրոցում հավաքարար է աշխատում, որդին՝ Գուրգենը՝ պահակ, և ստանում է 6000 դրամ աշխատավարձ:

Ղարաբաղի իշխանություններն ընտանիքին դեռևս մեքենա են պարտք. բազմազավակ ընտանիքերին անվճար մեքենա է հասնում:

«Սկզբում շատ խեղճ էինք, — ասում է Էմման, — Ոչինչ չունեինք: Հետո, անասնավարկը երբ ստացանք, մի քիչ վիճակներս լավացավ: Նոր-նոր հունի մեջ էինք ընկնում: Բայց էլի շատ ծանր է, 15 էրեխա մեծացնելը հեշտ բան չի: Յոթ դպրոցական ունեմ, գոնե գրենական պիտույքներով օգնեին: «Ագապին» օգնում է հագուստով, բայց էն չի»:

«Ագապին» միակ միջազգային կազմակերպությունն է, որ գործում է վերաբնակեցված տարածքում, քանի որ համաշխարհային հանրությունը համարում է այն գրավյալ տարածք, իսկ վերաբնակիչներին՝ գաղութարարներ:

Դիվանագետները համարում են այդ 3000 քառակուսի կիլոմետրանոց միջանցքը գրավյալ տարածք, իսկ Քաշաթաղի պաշտոնյաները՝ ազատագրված, և վերանվանում են տեղանունները կամ վերականգնելով պատմական անվանումները, կամ այլ հայկական անվանումներ տալով:

Վերաբնակիչների համար Քաշաթաղը փախուստ է Հայաստանից, այն տարբերությամբ, որ այստեղ ոչ թե փախստական են դառնում, այլ հողի սեփականատեր: Եվ միայն պաշտոնյաներն են խոսում վերաբնակեցման մասին որպես հայրենասիրական քայլի: Նորաբնակների համար դա պարզապես իրենց ապրելու պայմանները բարելավելու հնարավորություն է:

Ալիկ Տոնոյան. Էստեղ բնությունը տալիս ա

«Որ ասեմ, էկել եմ հերոսություն անելու, սուտ կլինի, — ասում է Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրեն Ալիկ Տոնոյանը, որը եկել է Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից, — Յոթ հոգիանոց ընտանիքս սոված էր: Դպրոցում ես ու կինս դաս էինք տալիս, փողը չէր հերիքում հացին: Իսկ հիմա ստեղից ծնողներիս օգնում եմ:

«Տաս օր հետո խոզս կծախեմ՝ 150 դոլար կլինի: Տարեկան կարտոլից իրեք հարյուր հազար դրամ եկամուտ եմ ստանում: Տանձ ու խնձորին Էրևան փող էինք տալիս, էստեղ ձրի քաղի՝ կեր: Էստեղ բնությունը տալիս ա, աշխատող մարդը պիտի վերցնի: Հերոսությունը էն տղերքը արին, որ էս տարածքները վերցրին: Հիմա, ով գիտի, որ էս տանը, որ քայլում եմ, մի հայ տղի արյուն չի թափվել: Իսկ հիմա սա իմ հողն է, ընտանիքս՝ ստեղ, որ հանկարծ պատերազմ սկսվի, պիտի կռվեմ, զորամասիս տեղը գիտեմ»:

Գյուղում ջրի ամենամեծ պաշարը Ալիկի տանն է, որտեղ նախկինում ապրել է տրակտորիստ Ալի Մուհամեդ-օղլին, որի կոմունիստական կուսակցության անդամատոմսը գտել են խորդանոցում: Ջրի մեծ պաշարը խորհուրդ ունի Ալիկի համար, քանի որ իր նախկին գյուղում ստիպված էր 30 դրամ վճարել մի դույլ ջրի համար:

Բերձորից գրունտային ճանապարհով 38 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի հյուսիս ձգվող երեք ձորերից մեկի լանջին գտնվող Գողթանիկը հիմնադրվել է 1995 թվականին:

Յոթ աշակերտով բացված գյուղի դպրոցում այժմ սովորում է 30 աշակերտ: Գյուղացիները հիշում են, թե ինչպես վեց տարի առաջ առաջին երեխան է ծնվել, որի պորտը մայրն է մկրատով կտրել: Վերջին երեխան ծնվել է 2001 թվականի մայիսին:

Այժմ գյուղում բնակվում է 22 ընտանիք՝ 84 հոգի: Գյուղի մի ծայրում ադրբեջանական լքված գերեզմանոցն է, մյուսում՝ հայկականը, որտեղ արդեն չորս շիրիմ կա:

Ռոբերտ Մաթևոսյանը հիշում է, որ 5-6 տարի առաջ գյուղեր մեկնելիս հետը հաց էր վերցնում, որ բաժաներ կիսասոված գյուղացիներին: Այժմ գյուղում մի տասը հոգու կկերակրեն ու կուշտ ճամփու կդնեն:

Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ անհրաժեշտ մթերք գնելու համար մարդիկ Գողթանիկից Գորիս էին հասնում: Նույնիսկ Բերձորում հաց հնարավոր չէր ճարել: Այժմ գյուղում խանութ կա, որտեղ կարելի է գնել մարդկանց համար ամենաանհրաժեշտ մթերքը, օղի ու ծխախոտ:

Գողթանիկում, որտեղ հավաքվել են ընտանիքներ Հայաստանի տարբեր շրջաններից՝ Սիսիանից, Էջմիածնից, Աշտարակից, Թալինից, Եղեգնաձորից ու Երևանից, իրար են խառնվել հայերենի տարբեր բարբառներ:

Հրաչ Բեյլերյան. այժմ միայն օղին է համախմբում

«Այստեղ հայի մի նոր տեսակ է ձևավորվում, — ասում է գյուղի ամենավերջին վերաբնակիչ բանաստեղծ Հրաչ Բեյլերյանը, ով Երևանից կնոջ՝ Հասմիկի հետ բնակության է եկել երկու ամիս առաջ, — Լավ կլիներ էստեղ մի մատուռ կառուցվեր, որ բնակիչներին համախմբեր: Թե չէ՝ այժմ միայն օղին է համախմբում»:

Երկու որդիները ծառայում են բանակում, իրենք Երևանում գործազուրկ էին և կնոջ հորդորներով եկել են այստեղ, որ իրենց գոյությունը կարողանան պահել:

«Մեր վիճակը էնպես էր, որ պիտի տունը ծախեինք, Հայաստանից գնայինք: Էլ անհնար էր ապրել, — ասում է Հասմիկը, — Հիմա արդեն զգում ենք, որ լավ է լինելու, աշխատում ենք, անասնավարկը կլինի: Մյուս տարի կերևա հողի բերքը»:

Ամուսինները գյուղի դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ են աշխատում: Երկուսով ստանում են մոտ 90 դոլարի չափ աշխատավարձ: Քաշաթաղում ուսուցիչների աշխատավարձը Հայաստանի համեմատ կրկնակի ավելի է:

Ստացել են մեկ-սենյականոց անշուք տուն, որին տեսք են տալիս Երևանից բերված պատերից կախված կտավները և գրադարանը: Տան անհարմարությունները վերացնելու աշխատանքը Հրաչի համար առօրյա պարապությունը լցնելու միջոց է:

«Երբ մի հայտնի բանաստեղծ իմացավ Լաչին եմ գալու, ասեց՝ ի՜նչ հայրենասիրական բան ես անում:

«Որ ասեի Բադեն-Բադեն եմ գնում, գիշերը չէր քնի, — ասում է հիսնամյա Հրաչը, — Երևանից զզվել էի, թարգմանություններ էի անում, ամիսներով փող չէի ստանում: Մինչև հիսուն տարեկանս հայհոյում էի պաշտոնյաներին: Հիսունից հետո կնվիրվեմ ուսուցչությանը: Հիմա հասկացա, որ մի փոքրիկի մի բան սովորեցնելն ինձ ավելի է բավարարում»:

Նա հիշում է երկու տարի առաջ գրած բանաստեղծության տողերը, որոնց մեջ իր Լաչին գալու իմաստն է ցույց տալիս.

Տրտինգ գառ մի՝ նետված «Հայրենիքի» արոտ,
Սա՛ եմ, խոտը գաղջ է, բայց ու՞ր գնամ,
Աշնան ճանճ էլ լինեմ, ջերմության եմ կարոտ,
Որ չփակչեմ պատին ու չորանամ:

«Էդ ճանճը ես եմ, որ ջերմություն էի փնտրում, — ասում է Հրաչը, — Էկա էստեղ, որ էդ ջերմությունը գտնեմ»:

armenianow.com

10, հունվարի, 2003թ.

հգ. Ակնարկս կարդացին երկու ամերկահայեր և նույն տարի մայիսին եկան Հայաստան, մեքենա գնեցին ու նվիրեցին Պողոսյաններին: Հրաչ Բեյլերյանը երեք տարի անց հետ եկավ Երևան:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Nightmares and Making Peace: A mother looks back at 14 years of loss Siberian Sacrifice: «This was more than love . . . «

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: