Կրկին փախստական. հյուրանոցի սեփականաշնորհումն անելանելի դրության մեջ է դնում Ադրբեջանից փախած հայերին

04.04.2003 at 22:30 Оставьте комментарий

Noyem Aghajanova was the last to resist«Սեբաստիա» հյուրանոցի փախստականները վախից ամեն գիշեր 10-ից հետո դռներն ամուր փակում են՝ ամեն երեկո այցելող տղաներից պաշտպանվելու համար, որոնք ստիպում են նրանց հեռանալ սենյակներից: Բնակիչներն ասում են, որ Ազգային Ժողովի պատգամավոր Պարույր Կարապետյանին ներկայացնող մարդկանց այդ խումբը գալիս է ամեն օր:

Գործարար և ԱԺ պատգամավոր Կարապետյանը սեփականաշնորհել է հյուրանոցը և պահանջում է, որ փախստականներն ընդունեն իր պայմանները և ազատեն այն:

«Ամեն գիշեր գալիս վախեցնում են։ Բոլորը ջղային վիճակում են։ Ասում են՝ գնացեք էդ բնակարանները, թե չէ ուրիշ ձև կխոսանք», — ասում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության սոցիալական ծառայող Տանյա Դաշյանը (կազմակերպությունը փախստականներին սոցիալական և բժշկական օգնության ծրագիր է իրականացնում)։

Մեկ տարի առաջ կառավարությունը որոշում է ընդունել 180 սենյակ ունեցող 5 հարկանի «Սեբաստիա» հյուրանոցը 25 հազար դոլարով վաճառել «Սեբաստիա» ՍՊԸ-ին, որի տերը Կարապետյանն է, թեև պաշտոնական փաստաթղթերում այլ անուններ են նշված։ Ըստ որոշման, սեփականատերը պարտավոր է հյուրանոցում բնակվող փախստականներին ապահովել համարժեք տարածքով կամ տրամադրել համապատասխան դրամական փոխհատուցում։ Սակայն փախստականներին առաջարկվող բնակարանները, որոնք բարձրահարկ շենքի առաջին հարկում գտնվող նախկին երաժշտական դպրոցի դասարաններ են եղել, ավելի շատ բանտային խցեր են հիշեցնում։ Քաղաքապետարանը շենքը համարել է բնակության համար անապահով:

«Նրանց հարց եմ տալիս, դու կգնա՞ս՝ ապրես, — ասում է Սերգեյ Պողոսովը, որի բիբերի անորոշ պտույտը կարծես պաշտպանություն փնտրելու նրա վերջին ձևն է, — Մեզ պաշտպան չկա, ոչ Փախստականների վարչությունը, ոչ ՄԱԿ-ը։ 2 իրավաբան էին եկել, իբր օգնեն։ Ոչ մի բան չարեցին։ Իրանց ձեռն ա, ինչ կուզեն՝ կանեն»։

Շաքարախտից Պողոսովը 7 տարի առաջ կուրացել է։ Կինը՝ Լիզան, ասում է, որ շաքարախտը սրվել է և Սերգեյին հասցրել կուրացման մշտական նյարդային վիճակի պատճառով։

«Օրը 3 անգամ Պարույրի վարորդը գալիս ա, թե երբ եք համաձայնվելու։ Մեկ գիշերը 12-ին ա դուռը ծեծում, մեկ՝ առավոտ 8-ին։ Սերգեյը էլ չէր դիմանում, ու ստիպված համաձայնվեցինք։ 14 տարի սպասել ենք բնակարանի, որ վերջը էդտեղ քշեն», — ասում է Լիզան։

Տասնչորս տարի առաջ Բաքվում բնակարան ու գույք թողած, փախստական դարձած ամուսիններ Լիզան և Սերգեյը զրկվեցին բնակարան ունենալու հույսից, երբ իրենց կամքին հակառակ համաձայնեցին տեղափոխվել հատկացված խուցերից մեկը:

«Բաքվում ես հարգված մարդ էի, ադրբեջանցին ինձ դիմում էր որպես Սերգեյ Գեորգևիչի։ Իսկ հայը մեզ ասում ա՝ շուռտված եք, թուրք եք։ Շունն էլ մեզանից լավ ա ապրում։ Էնքան մտածել-տանջվել եմ, որ քոռացա։ Դեպուտատ մարդ ա, բայց մի հատ մեզ չի հանդիպել», — դառնացած ասում է Սերգեյը, որ մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է և հեռուստացույցների մասնագետ, սակայն կուրության պատճառով չի կարող աշխատել։

Բանակցությունների ժամանակ փախստականները Կարապետյանի երեսը չեն տեսել. ասել են, որ նա շատ զբաղված է նախագահական ընտրություններով։ Բանակցությունները վարել է նրա վարորդը և ինչ-որ անծանոթ տղաներ, որոնց գործը, ըստ բնակիչների, եղել է վախեցնելը։

«Սեբաստիայի» փախստականներից մեկին տեղավորել են ծերանոցում, իսկ մի կնոջ՝ հոգեբուժարանում։ Միայն մի ընտանիք է կամավոր ընդունել նոր բնակարանը, քանի որ նրան 2 սենյակ են հատկացրել։ Մյուսներն ահաբեկության տակ ընդունել են սեփականատիրոջ պահանջները: Երեք ընտանիքներ հազարական դոլար փոխհատուցում են ստացել, մյուս 14-ը, որոնք որևէ տեղ բնակվելու հույս չունեին, կնքել են նոտարով հաստատված պայմանագիր և ընդունել բնակարանները, որոնք ձևակերպվել են որպես նվիրատվություն։

Երկու որդիների մայր Նոյեմ Աղաջանովան դիմադրողներից վերջինն էր, որն ընդունեց 3000 դոլար փախհատուցումը բնակարանի փոխարեն:

«Միակ տանելի բնակարանը տվել են Էլզային (պայմանները կամավոր ընդունած ընտանիքը)։ Կամ թող բնակարան տան, կամ՝ փող, — ասում է նա, — 3000 դոլար են տվել, առնեմ՝ ու՞ր գնամ» (նույն տարածքում մեկ սենյականոցն արժե մոտ 5 հազար դոլար)։

Միայնակներին հատկացված սենյակները 6 քառակուսի մետր են՝ 2,5 քայլ, որտեղ հազիվ կտեղավորվի մի մահճակալ և մի փոքր սեղան։ Բազմանդամ ընտանիքներին ավելի մեծ սենյակներ են հատկացվել։ Նեղ զուգարանում, որտեղ լողանալու տեղ չկա, հատակի մեջ խրված նստակոնքն ու տան միակ ծորակով լվացարանն են։ Բնակարանները չունեն խոհանոց և օդափոխություն։

Ըստ պետական գույքի նախարար Դավիթ Վարդանյանի ստորագրած փաստաթղթի, առաջարկված բնակարանները բավարարում են անհրաժեշտ պայմանները։

Սակայն Փախստականների և միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանն այլ եզրակացություն է տվել՝ առաջարկելով «կամ վերացնել շինարարական թերությունները, կամ առաջարկել վերաբնակեցման համար նոր կացարան»։ Ոչ թերություններն են վերացվել, ոչ էլ նոր կացարան է առաջարկվել։

Փախստականները բողոքներ են ուղարկել հանրապետության տարբեր գերատեսչություններ, սկսած նախագահից, սակայն՝ անօգուտ։ Վերջին հույսը ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակն էր, որի ներկայացուցիչները այցելել են տարածքը, սակայն ոչինչ չի ձեռնարկվել:

«Իմ կարծիքով, փախստականների պահանջները բավարարվել են։ Շատ հաճախ փախստականներն ավելի վատ պայմաններում են առաջարկում», — ասում է ՄԱԿ-ի իրավաբան Արմինե Ստեփանյանը։

ՄԱԿ-ից այդպես էլ որևէ գրավոր եզրակացություն չի լինում, և փախստականների վերջին հույսերը չեն իրակականում, իսկ ահագնացող գիշերային ահաբեկություններն ավելի սպառնալի են դառնում։

«Եթե վախեցրել են, ապա ինչու են գնացել նոտարի մոտ ու կնքել պայմանագրերը, — հարցնում է «Սեբաստիայի» տնօրեն Արթուր Այունցը, — Ոչ ոք չի ճնշել։ Կամավոր գնացել՝ ստորագրել են»։

«Երիտասարդ իրավաբանների միություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից փախստականներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար, նույնպես գտնում է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

«Բոլորը նոտարական վավերացումով պայմանագրեր են կնքել։ Մեզ ճնշումների վերաբերյալ փաստեր չեն ներկայացրել», — ասում է կազմակերպության անդամ Բաբկեն Սահրադյանը, որը Սերգեյի նշած՝ փախստականներին այցելած 2 իրավաբաններից մեկն է։

Ըստ օրենքի, փախստականներին նրանց կամքին հակառակ որևէ մեկը չի կարող դուրս հանել ժամանակավոր կացարանից։ Սակայն նրանք Հայաստանում ազգական կամ թիկունք չունեն և չեն կարող դիմադրել 2 ամիս տևած ահաբեկչությանը:

Բնակարանները ստանալուց հետո, ըստ պայմանագրի, փախստականները մեկ ամսվա ընթացքում պետք է 31 հազար դրամ մուծեն պետական կադաստրին, հակառակ դեպքում, պետությունն իրավունք ունի բռնագրավել սեփականություն հանդիսացող բնակարանը։

«Ես քոռ մարդ եմ։ Կինս չի աշխատում, թոշակ էլ չի ստանում։ Պիտի չուտեմ, սոված մնամ, թոշակս չծախսեմ, հինգ ամիս հավաքեմ, որ էդ փողը կարողանամ մուծել», — ասում է Սերգեյը։

Այունցը համարում է, որ փախստականներին լավություն են արել՝ բնակարաններ տրամադրելով։

«Կարող էինք տալ ոչ որպես սեփականություն։ Իսկ թե ոնց կտան կադաստրի փողը, իրենց գործն է», — ասում է նա։

Այս խուցերով ավարտվում է «ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանով ապահովելու» պետական ծրագիրը «Սեբաստիայում» 10-14 տարի ապրած փախստականների համար։

«Մենք մտահոգված ենք։ Ոչ միայն «Սեբաստիայից», այլև այլ սեփականաշնորհված շենքերում բնակվող փախստականներից ունենք նմանատիպ բողոքներ, — ասում է ՄԱԿ-ի փախստականների գծով գրասենյակի հասարակական տեղեկատվության գծով մասնագետ Էմիլ Սահակյանը, — Մենք պետք է կարողանայինք կանխել, սակայն քանի որ արդեն նախադեպ է ստեղծվել, փորձելու ենք անել այնպես, որ նման բան չկրկնվի։ Այժմ մշակել ենք փաստաթուղթ, որով առաջարկում ենք կառավարությանը սեփականաշնորհված շենքերում բնակվող փախստականներին բնակարանով ապահովելու կարգ»։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

Փորագրություններ քարերի վրա. նոր գիրքը կապում է «թզբեհի» աքսորյալներին իրենց պատմություններին Իրաքյան պատերազմը հայկական մամուլում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: