Իրաքյան պատերազմը հայկական մամուլում

20.04.2003 at 10:10 Оставьте комментарий

(7 օրաթերթերի եւ 2 շաբաթաթերթերի ուսումնասիրություն)

զեկույցը ներկայացվել է Լրտավամիջոցների կովկասյան ինտիտուտում «մամուլը իրաքյան պատերազմում» քննարկման ժամանակ 2003թ. ապրիլին

Պատերազմի սկիզբը

Իրաքյան պատերազմի առաջին օրը՝ մարտի 20-ին հայկական որեւէ թերթում չկար գլխավոր նորությունը, որ ժամը 6-ի մոտ Բաղդադը ռմբակոծվել է։ Պատճառն այն է, որ այդ ժամին արդեն թերթերը տպված էին։ Թերթերի ինտերնետային տարբերակները նույնպես չեն ազդարարել պատերազմի սկիզբը, քանի որ դրանք նույն տպագրի էլեկտրոնային պատճենն են կամ տպագրի հակիրճ տարբերակը։

Պատերազմը սկսվելու վերաբերյալ լուրը տպագրվեց թերթերում մեկ օր ուշացումով՝ մարտի 21-ին։

Թերթերը տարբեր չափով արձագանքեցին պատերզմին։ Թերթերի մի մասի համար այս նորությունը գլխավորը չէր։ Օրինակ «Հայկական ժամանակը» մարտի 22 –ի համարում, ուր առաջին էջի աջ «նկուղային» անկյունում էր ազդարարվել պատերազմի սկիզբը, նույն առաջին էջում մեծադիր տեղադրված էր մահացած պատգամավոր Սամվել Սաղաթելյանի լուսանկարը։

Իսկ «Հայոց աշխարհը»՝ նույն օրվա համարի առաջին էջքւմ տեղադրել էր  Երեւանի խանութներից մեկի վաճառասեղանին դրված խուրմայի լուսանկարը, որի վրա փակցված է՝  «բաղդադի խուրմա  800դրամ»։ Լուսանկարը մակագրված է «Իսկ բաղդադում խուրմա չի աճում»։

Թերթերի համար գլխավոր նորություն չէր նաեւ պատերազմի նախորդ օրերին Ազորյան կղզիներում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի եւ Իսպանիայի վարչապետ Խոսե Մարիա Ասնարի արած հայտարարությունը, որ փաստորեն պատերազմի ահազանգն էր։

Ընդհանրապես պատերազմը հայկական մամուլում երկրորդ պլան են գցում նախագահական ընտրությունների հետեւանքներով առաջացած դեպքերը՝ ձերբակալություններ, սահմանադրական դատարան, ցույցեր, Տիգրան Նաղդալյանի սպանության մեղադրանքով սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր` Արմեն Սարգսյանի ձերբակալության լուրը ու դրա քննարկումները, Ազգային Ժողովի սպասվելիք ընտրությունների վերաբերյալ լուրերն ու քննարկումները։

Բացառություն է «Ազգ» օրաթերթը, որտեղ պատերազմի ողջ ընթացքում գլխավոր թեման պատերազմն է։ Մարտի 18-ից 29-ի  10 համարներում «Ազգի» առաջին էջի լուսանկարները պատերազմի թեմայից են եւ գլխավոր լուրերն էլ պատերազմական նորություններն են։ Մարտի 18-ի գլխավոր լուրը, որ մշտապես դրվում է «Ազգ» լոգոյի կողքը, Իրաքահայ Սեպուհ Հակոբյանի նամակն է, որին կանդրադառնանք։

համեմատության համար ասենք, որ 18-29-ի տասը համարներում «Ազգում» հրապարակվել է Իրաքի պատերազմին առնչվող 81 լուրեր եւ մեծածավալ հոդվածներ, իսկ «Առավոտ» օրաթերթի 10 համարներում ընդամենը 8 լուր եւ հոդված, «Ազգից» տասը անգամ պակաս։

Հայկական մամուլում Իրաքի պատերազմի նկատմամբ հետարքրության պակասը կարելի է մի քանի պատճառով բացատրել.

1. արդեն Հայաստանում քաղաքական թեժ մթնոլորտը, որ հետ է մղում պատերազմի թեման։

2. թերթերը հիմնականում կատարում են իրենց ֆինանասավորող քաղաքական հոսանքների կամ որոշակի քաղաքական գործչի պատվերը, որոնց առավել հետարքրում են սեփական շահերը, եւ եթե հետարքրում է նրանց պատերազմի թեման, ապա իրենց շահերի տեսանկյունից (օրիինակ՝ «Օրրանի» պատերազմը ազդարարող մարիտ 21-ի համարի առաջին էջի խմբագրականում քննադատության թիրախը Արտ. գործ նախարարն է. «Օսկանյանի պատասխանները իրենց հանգստացնող տոնայնությամբ ուղղակի ապշեցուցիչ էին եւ գալիս էին փաստելու, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը իրողություններին անհամարժեք է ոչ միայն ներքին այլեւ արտաքին քաղաքականության ոլորտներում»։ «Օրրանը» նախկին արտգործ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին է պատկանում)։

3. Սեփական լրատվության բացակայությունը։

4. Հեռուստատեսության(նաև ռուսական) լուրերի արագությանը հասնելու անկարողությունը։

Աղբյուրները

Անմիջականորեն պատերազմին վերաբերող կամ անմիջականորեն Իրաքից եկած սեփական տեղեկատվությունը գրեթե բացակայում է հայկական մամուլում։ Իսկ էքսկլյուզիվ նորություն ընդհանրապես չկա։

Միակ օրինակը Բաղդադից իրաքահայ Սեպուհ Հակոբյանի էլեկտրոնային փոստով հայկական թերթերին ուղարկած  3 նամակներն են որ հրապարակել են «Ազգն» ու «Հայկական ժամանակը»։ Ահա դրանցից մեկը.

ՆԱՄԱԿ ԻՐԱՔԻՑ

Պատերազմը երթալով աւելի կը զօրանայ։ Բայց կըսեն՝ աւելի գէշ պիտի ըլլայ։ Ամէն մարդ իր տունին մէջ է եւ կըսպասէ՝ ե՞րբ ռումբ պիտի իյնայ։ Ձայները շատ ուժեղ կու գան եւ ամէն տունը կը ցնցեն։

Ձեզի գրած էի, որ մեր առաջնորդ Աւագը յունուար ամիսէն մեզի ձգեց, գնաց Ամերկա եւ ըսեր է՝ վեց ամիսէն պիտ գայ։ Հիմա ո՞վ է մեր պատասխանատուն։ Կաթողիկոս չիգա՞յ, որ պատիժ տայ իրեն։ Էջմիածինէն ուրիշ մէկը թող ղրկէին։ Լուրերէն ըսին, որ Հռոմի պապան իր սէՖիրին ըսեր է, որ Պաղտատ պիտ մնայ եւ ժողովուրդին օգնէ։ Ասիկա ճիշդ է, ոչ թէ մեր Սրբազանին մեզի ըրածը։ Այսօր հեռաձայն ըրինք եւ տեսանք, որ Տէր Հայրն ալ ընտանիքին հետ փախեր է։ Աս ի՞նչ տեսակ եկեղեցիի մարդիկներ են ասոնք։ Ամենայն հայոց Կաթողիկոսը պէտք է պատիժ տայ ասանկներուն։ Ասչափ հայութիւն, եւ մէկ հատ գլուխ չիգայ։ Շատ հայեր Ամման եւ Սուրիա գացին։ Բայց ով որ կերթայ աստեղէն, տունը կը պարպեն։ Այսօր միայն դուրս ելանք հաց գնելու, եւ հիմա նորէն սկսաւ կռիւը։ Լաւ է լոյս կայ եւ հեռաձայնի գիծ, գոնէ լուր կու տանք մեր մասին հայ ժողովուրդին, աշխարhքին չորս կողմը։ Ամերկայի «Asbarez» թերթ կարդացի՝ տեսայ կը պաշտպանէ մեր սրբազան Աւագը, եղեր ետ պիտ գայ։ Ամօթ է ասիկա։ Ինչպէ՞ս պիտի գայ հոս, կրակ կը թափուի ամէն տեղ։ Ամօթ է Asbarez ին, որ կը պաշտպանեն Սրբազան Աւագ Ասատուրեանին, իբր թէ ըսելով, որ արձակուրդ գացեր է։ Օգնեցէք մեզի, որ աս պատերազմը կենայ։ Ամէն տեղէն թող գրեն եւ կեցնեն պատերազմը։

ՍԵՊՈՒՀ ՅԱԿՈԲԵԱՆ, ԲԱՂԴԱԴ

Երեւանում ժամանակավոր բնակվող իրաքահայերի մասին 2 ակնարկներ է հրապարակել միայն http://www.armenianow.com ինտերնետային շաբաթաթերթը։ Մեկը Սուրեն Դեհերյանի ակնարկը, որ պատմում է 3 իրաքահայ ուսանողների մասին, որոնք անհանգստացած իրենց հարազատներով մշտապես նայում են «Ալ Ջազիր» հեռուստատեսությունը. «Դա միակ կապն է Իրաքի հետ ասում է Միհրանը»,- գրված է ակնարկում։ Իմանում ենք, որ տղաները վերջին անգամ իրենց ծնողների հետ հեռախոսով խոսել են պատերազմից 2 օր առաջ։  Մյուսը Վիորիկա Վլադիկայի «Վախի թռիչք» ակնարկը, որ պատմում է Հայաստանում պատերազմից  ապաստան գտած իրաքահայ մի ընտանիքի մասին։ Այս նյութից իմանում ենք, որ Իրաքից 25 հայ ընտանիք երկու ամսվա ընթացքում եկել է Հայաստան։

Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Թարիք Մուհամմադ Յահյայի հետ հարցազրույց է հրապարակել միայն «Ազգը» մարտի 27-ի համարում, որտեղ դիվանագետը ասում է, որ հայերը վնասներ չեն կրել եւ որ հայկական համայնքներ կան Մոսուլ, Կիրկուկ, Բաղդադ քաղաքներում։

Թերթերը  սեփական լրատվություն ունեն Հայաստանի վրա իրաքյան պատերազմի ազդեցության եւ պատերազմի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման թեմաներով։ օրինակ մարտի 25-ին «Հայկական ժամանակը» հաղորդում է. «ԱՄՆ-ը ՀՀ իշխանությունների հետ բանակցություններ է վարում ՀՀ-ում ռազմական օդանավակայան վարձակալելու հարցի շուրջ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն այս հարցով արդեն իսկ գրավոր դիմել է ՀՀ-ին: Մեր տեղեկություններով, սակայն, ՀՀ ՊՆ-ին ուղղված նամակում ամերիկացիները նշում են, որ ցանկանում են վարձակալել հատկապես Գյումրիի օդանավակայանը»:

Հաջորդ օրվա  «Հայոց աշխարհը» այս լուրը հերքում է .«ԱՄՆ-ից գրավոր կամ բանավոր դիմում չի եղել օդանավակայան տրամադրելու վերաբերյալ,-ասում է ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը»։

Նշենք որ Իրաքի թեմայով էլ է արտահայտվում այս երկու թերթերի պատերազմը, երբ մեկը մի հրապարակում է անում եւ մյուսը առանց թերթի անունը տալու իր հաջորդ համարում հերքում է։ Եթե որեւէ մեկը կարդա միայն հերքումը, չի հասկանա, թե որոշակի ի՞նչ հրապարկման հերքման մասին է խոսքը։

Պատերազմի վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցներից տեղեկություններ են օգտագործում «Ազգը», «Հայկական ժամանակը», «Օրրանը», «Իրավունքը», վերջին երեքը հիմնականում ռուսական աղբյուրներից են օգտվումը, «Ազգը» արեւմտյան՝ անգլիալեզու։ Պատճառը՝ «Ազգում» անգլերեն իմացող աշխատակիցն է։

Միայն «Ազգն» է նշում աղբյուրը՝ Ռոյթեր, BBC, SKY-TV, «Միրոր», «Ուոլ սթրիթ ջորնալ», «Կալիֆորնիա կուրիեր» եւ այլն։ Թուրքալեզու մամուլի մեկնաբանություն է ներկայացնում Հակոբ Չաքրյանը։ «Հայոց աշխարհը» օգտագործու է «Արմենպրեսի» կարճ լուրերը, որոնք հիմնականում վերաբերում են պատերազմի հետ Թուրքիայի առնչություններին։

Թեմաները

Պատերազմի վերաբերյալ տեղեկատվություն

Այս տեղեկությունները չեզոք հետեւողականորեն եւ մանրամասն հոդվածների տեսքով ներկայացնում է «Ազգը» առաջին եւ 5-րդ միջազգային էջերում։ Այս չեզոք տեղեկատվության կողքին հստակ հակաամերիկյան ուղղվածություն ունեն Հակոբ Չաքրյանի Թուրքական մամուլի վրա հիմնված հոդվածները։

«Հայկական Ժամանակը» օգտագործում է ավելի պրոամերիկյան տեղեկատվություն. օրինակ հայտնի է, որ Գերմանիայի հասարակական կարծիքը դեմ է պատերազմին։ Սակայն «Հայկական ժամանակը» տպագրել է պատերազմը արդարացնող վերլուծություն «Վալտ» թերթից. «Այս պատերազմը զավթողական չէ, ամերիկացիները ցանկանում են ազատություն պարգեւել իրաքցիներին»։ «Իրավունքի» տեղեկատվությունը ներկայացված է հեղինակային դիրքորոշումներով համեմված։

Առավոտը ընդամենը 2 հոդվածներով է անդրադարձել պատերազմական գործողություններին, որոնք ավելի շատ մեկնաբանություն են։ Միջազգային լրատվամիջոցներից «Առավոտը» ընդհանրապես չի օգտվել։ Ենթադրում եմ, որ համարել է ավելորդ, քանի որ այդ ամբողջ տեղեկատվությունը մինչեւ թերթում կարտատպվի, նախորդ օրը մարդիկ տեղեկացած կլինեն հեռուստատեսությունից։

Պատերազմի անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա

Յուրաքանչյուր թերթ  Իրաքի եւ Հայաստանի միջեւ հեռավորության տարբեր թվեր է  ներկայացնում՝ 800կմ, 400կմ, 300կմ։

Թերթերում քննարկվում է էկոլոգիական եւ սեյսմիկ վտանգների մասին։ Մասնավորապես «Ազգի» մարտի 22-ի համարում «Երկրաշարժի վտանգ ռմբակոծություններից» հոդվածում ներկայացված է 2 տեսակետ, մեկը՝ սեյսմոլոգ, ֆիզիկայի պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանի կարծիքն է. «Եթե ռմբակոծումները լինեն ընդերք թափանցող, ապա դա կբերի երկրակեղեւի լուրջ փոփոխությունների»։ Եւ մյուսը, սեյսմոլոգ Ավետիս Առաքելյանինը, որ հերքում է նախորդ կարծիքը. «դա պրակտիկորեն հնարավոր չէ»։ Սերգեյ Բալասանյանի տեսակետը ինտերնետից արտատպել է նաեւ «Օրրանը», որպես պատասխան բնապահպանության նախարարության աշխատակից Արամ Գաբրիելյանին, որը ասել է, որ ռմբակոծումները չեն անդրադառնա Հայաստանի մթնոլորտի վրա։

«Ազգում» հրապարակված է նաեւ «Էկոլոգիական աղետի հնարավոր անդրադարձը» վերնագրով Հայաստանի էկոլոգիական կազմակերպությունների ղեկավարների տեսակետները։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ասում է. «Եթե նավթահորերի հրդեհը մեծ ծավալներ ընդգրկի, ոչ միայն Հայաստանը այլեւ աշխարհի շատ երկրներ դրա հետեւանքները կզգան»։ «Հանուն կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը ասում է.«Սեյսմիկ ակտիվության ալիքը կարող է հասնել մեզ»։

Իրաքահայ համայնքի վիճակը

Առաջինը այս խնդրին անդրադարձել է «Իրավունքը» մարտի 21-24 համարում. «Պարզվում է, որ ՀՀ ԱԳՆ-ում նույնիսկ տեղյակ չեն, թե ինչքան հայ կա Իրաքում։ Իրաքում ՀՀ դեսպանի պարտականություններ կատարող Վազգեն Խանջյանը արդեն վերադարձել է Երեւան բախտի քմահաճույքին թողնելով հազարավոր մեր հայրենակիցներին։ Բոլոր երկրների դեսպանները լքել են Իրաքը միայն սեփական քաղաքացիներին էվակուացնելուց հետո. ԱԳՆ-ն արձագանքեց. «Իրաքահայերը ՀՀ քաղաքացիներ չեն, ուստի նա պարտավոր չէր զբաղվել էվակուացման խնդիրներով»։

Այս հաղորդումից հետո արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը Արմենպրեսի մջոցով տարածել է տեղեկություններ Իրաքի հայ համայնքի մասին։

Իրաքահայության վերաբերյալ մյուս տեղեկությունները եղել են, ինչպես նշեցի, Սեպուհ Հակոբյանի երեք նամակները եւ Արմենիանաուի ակնարկները։

Դիրքորոշումները

Ընդգծված պրոամերիկյան դիրքորոշում է ներկայացնում «Հայկական Ժամանակը»։ Օրինակ մարտի 22-ի համարի առաջին էջում հրապարակված  է «Մոսկայի պես» վերնագրով հաղորդումը, որում ներկայացված է   ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերի կոչը  Իրաքի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրներին, որ այդ հարաբերությունները դադարեցվեն։ Եւ այդ կոչին Հայաստան իշխանությունների բացասական արձագանքը, որ չեն պատրաստվում Իրաքի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնեն։ Թերթը մեկնաբանում է  «Երեկ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է այդ կոչին: Ընդ որում, այս դեպքում էլ գործ ունենք հնարավոր ամենաանհեթեթ արձագանքի հետ: ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, մեկնաբանելով Բաուչերի կոչի կիրառելիությունը Հայաստանի դեպքում, բառացիորեն ասել է հետեւյալը. «Հայաստանն իր դիվանագիտական հարաբերություններն այլ երկրների հետ, դրանց հաստատումը եւ կասեցումը որոշում է ինքնուրույն՝ ելնելով սեփական հետաքրքրություններից եւ շահերից։ Այս պահին նման խնդիր չի քննարկվում»: Ասել է, թե «Պաշոլդ քաշի, Ամերիկա»: Իհարկե, ամենեւին հակված չենք կարծել, թե Բաուչերի հայտարարության հենց հաջորդ պահին ՀՀ-ն պետք է դիվանագիտական հարաբերությունները խզեր Իրաքի հետ (չնայած միայն Օսկանյանին է հայտնի, թե ՀՀ-ի ինչին են պետք այդ հարաբերությունները): Սակայն, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ պատասխանել Բաուչերի հայտարարությանը, այն էլ՝ նման կոպիտ շեշտադրումներով: Մի պարզ պատճառով. Քոչարյանի վարչակազմը, տեղավորվելով Մոսկայի դերում, ընդամենը շողոքորթում է Ռուսաստանին»:

Նույն համարի 7-րդ էջում հրապարակվել է ԱՄՆ ռազմական ստրատեգ Էդուրդ Լյատվանի հոդվածը, որտեղ ասված է. «Ինչ էլ որ պատահի, պատերազմը վճռական հաղթանակ կտանի Իրաքի ժողովրդի դահիճների դեմ»։ Մարտի 25-ի համարում ՎԱՍՆ ՀՈՒՍԵՅՆԱ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ հոդվածում ներկայացված է մի անհայտ  գործչի ասուլիսը եւ հետեւյալ մեկնաբանությունը. «Թվում է, թե Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին, Սադամ Հուսեյնի բռնապետական վարչակարգը տապալելուն ուղղված անգլոամերիկյան ուժերի պայքարը պետք է միանշանակ դրական դիտվեր: Մինչդեռ, «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ դատապարտելու դաշնակիցների գործողություններն Իրաքում եւ հայտարարելու, որ իրենց կազմակերպությունը «խիստ անհրաժեշտության դեպքում մարդկային կամավոր կռվողներ եւ այլ աջակցություն կցուցաբերի Իրաքին»:

Մարտի 29-ի համարում հրապարակված է «Արմատ» կազմակերպության անդամ Երջանիկ Աբգարյանի սուր քննադատությունը նախագահ Քոչարյանի դեմ, որ նա իշխանությունը պահելու համար Ռուսաստանի կամքը կատարելով հակաամերիկյան դիրք է բռնել։

Մյուս թերթերը հիմնականում քննադատում են Ամերիկայի քաղաքականությունը եւ դեմ արտահայտվում պատերազմին։ Սակայն այդ արտահայտությունները տարբեր չափի են։  «Առավոտում»  պատերազմը ազդարարող մարտի 21-ի համարի առաջին էջում Բաղդադի ֆոնին ամերիկյան ռազմական ինքնաթիռի լուսանկարն է, որ վերնագրված է. «Ուժը նորից ծնեց իրավունք»  եւ մակագրված. «Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը ԱՄՆ-ը արհամարհելով համաշխարհային հանրության եւ ՄԱԿ-ի կարծիքը՝ ռմբակոծեց Իրաքը՝ դրանով իսկ սկսելով մի նոր պատերազմ Իրաքի դեմ»։ Մարտի 22-ի համարում Ալեքսանդր Աղամալյանի «Պատերազմը սկսվեց» հոդվածում ասվում է.«ԱՄՆ-ը ամբողջությամբ դուրս է եկել իրավական դաշտից եւ վաղ թե ուշ քայլեր պետք է ձեռնարկի այդ դաշտ վերադառնալու համար… բայց «Սեւ գործն» արված կլինի։ ԱՄՆ-ն կտիրանա իրաքյան նավթային պաշարներին եւ ավելի կամրապնդվի աշխարհի միանձնյա լիդերի դերում»։

Ամենասուր հակաամերիկյան հոդվածները հրապարակում է «Ազգում» Հակոբ Չաքրյանը։ Նրա տեսակետները ոչ միայն պատերազմի դեմ են, այլեւ ԱՄՆ-ի պետության դեմ ընդհանրապես։  Հոդվածներից մեկում նա կանխատեսում է ԱՄՆ-ի մոտակա կործանումը 30-40 տարի է տալիս։ Մարտի 20-ի համարում «Հակաիրաքյան պատերազմը որպես «Մեծ մերձավոր արեւելքի» ձեւավորման միջոց բխում է Իսրայելի շահերից» հոդվածում նա ինչպես հաճախ, Թուրքական մամուլի միջոցով իր տեսակետներն է ասում. «ԱՄՆ համապատասխան ծառայություններին տուրք տալու մոլուցքով տառապում են նաեւ թուրքական «Հուրիեթ», «Միլիեթ» թերթերը։ Հակառակ նրանց իսլամական թերթերը կարծիք են հայտնում, որ պաշտոնական Վաշինգտոնն էլ Սիոնիստներին է տուրք տալիս» եւ իր ճաշակով հակաամերիկյան մեծ մեջբերումներ անում «Վաքիթը», «Ենի շավաքը» թերթերից։

զուգահեռներ

«Առավոտ» օրաթերթը երեք խմբագրական է հրապարակել պատերազմի վերաբերյալ, երեքն էլ զուգահեռներ են Իրաքի եւ Հայաստանի միջեւ։ Այսպես մարտի 18-ի խմբագրականում «Պատերազմը եւ մենք» վերնագրի տակ կարդում ենք.

«Մեր քաղաքական վերնախավը գտնում է, որ համաշխարհային ալեկոծումները մեզ չեն վերաբերում: Մի կողմից, դա կարծես թե այդպես է՝ մենք չունենք այն ռազմական եւ տնտեսական ռեսուրսները, որպեսզի մասնակցենք այդ մեծ խաղին: Մյուս կողմից, մենք պարտավոր ենք ապահովել մեր անվտանգությունը, իսկ դրա միջոցը, մեր դեպքում, ժողովրդավարությունն է: Ցավոք, Հայաստանի իշխանությունները քայլեր են անում ճիշտ հակառակ ուղղությամբ՝ կեղծում են ընտրությունները, ձերբակալում են խաղաղ ցույցերի մասնակիցներին, փակում են լրատվամիջոցներ եւ այլն: Դրանով իսկ հնարավորություն են ստեղծում Հայաստանի դեմ ճնշումների եւ պատժամիջոցների համար:

Մեր անվտանգության երաշխիքն է նաեւ հստակ դիվանագիտությունը: Եթե վաղը պատերազմ սկսվի, մենք այսպես թե այնպես պիտի կողմնորոշվենք: Կա՛մ խաղաղության, կա՛մ պատերազմի ուղղությամբ։ Կա՛մ ժողովրդավարության, կա՛մ բռնապետության: Կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԱՄՆ-ի: Հայաստանին՝ իր այս վիճակում, դժվար է կողմնորոշվել։ Մեր իշխանության համար համաշխարհային գլոբալ պրոցեսները կոպեկի արժեք չունեն, քանի որ խոսք է գնում իշխանական աթոռների, բենզին ծախելու եւ այլ տնտեսական բարիքների մասին։ Նման պարագայում մենք էլ աշխարհի համար կոպեկի արժեք չունենք»:

մարտի 21-ի «Սադամ ունենալը վտանգավոր է» խմբագրականում Սադամ Հուսեյինի հետ համեմատվում է նախագահ Քոչարյանը.

«Թե որքանով է խոցելի այն երկիրը, որը գլխավորում է կա՛մ բռնակալ, կա՛մ էլ պարզապես ոչ լեգիտիմ նախագահ, հնարավորություն ունեցանք համոզվել երեկ, երբ մոլորակի բնակչության մեծ մասի կարծիքը բանի տեղ չդնելով՝ ԱՄՆ-ը սկսեց ռազմական գործողություններն Իրաքի դեմ։ Հիմա շատերն են ասում, որ ամերիկացիներն այս համաշխարհային շիլաշփոթն արեցին ոչ թե դիկտատոր Հուսեյնից Իրաքի ժողովրդին ազատագրելու, այլ զուտ տնտեսական շահերի մղումով։ Սակայն ինչ քաղաքական-տնտեսական շահեր էլ հետապնդեր ԱՄՆ-ը, կհամարձակվե՞ր այսքան ուղղակիորեն անտեսել ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների ու ողջ առաջադեմ մարդկության կարծիքն ու հարձակվել ինքնիշխան մի պետության վրա, եթե այդ երկրի ղեկավարը չլիներ բռնապետ Սադամ Հուսեյնը։ Սադամը կարող է եւ փրկվել՝ փախչել մեկ այլ երկիր, կամ գուցե ամերիկացիները նրան ձեռք չեն տա (սա էլ է հնարավոր)։ Բայց Իրաքի ժողովուրդը փախչելու տեղ չունի։ Հաշվի առնելով հատկապես այն, որ Սադամի պես դիկտատորն ունակ է ոչնչացնելու նաեւ սեփական ժողովրդին, եթե այլ ելք չունենա։ Ամեն դեպքում, նա իր ժողովրդին արդեն իսկ օգտագործում է որպես կենդանի վահան։ Հաստատ Քոչարյանը վաղը կասի (ինչպես «Սեպտեմբերի 11-ից» հետո), որ պետք չէ ապակայունացնել երկրի վիճակը, երբ աշխարհում նման բաներ են կատարվում։ Եվ դա իսկապես վտանգավոր է, բայց միայն այն պատճառով, որ ամերիկացիները շեղ աչքով են նայում մեր ոչ լեգիտիմ նախագահին: Շատ խոցելի է այն երկիրը, որի իշխանությունը թեկուզեւ ոչ ամբողջությամբ է նման Սադամին, բայց ոչ օրինական ճանապարհով գահին նստած ղեկավար ունի»:

Մարտի 27-ի «Սադամի դեղատոմսով» խմբագրականում ԱՄՆ-ի կողմից Բաղդադի հեռուստատեսության ռմբակոծումը համեմատվում է լրատվության միջոցները փակելու կամ հնազանդեցնելու Քոչարյանի քայլերի հետ.

«Մարտի 25-ի գիշերն ԱՄՆ-ը վերջապես կարողացավ շարքից հանել Սադամ Հուսեյնի հիմնական գաղափարախոսական զենքը՝ Իրաքի հեռուստատեսությունը։ Զուգահեռաբար ռմբակոծվեց նաեւ Իրաքի տեղեկատվության նախարարությունը։ Ռազմական գործողությունների սկզբից ակնհայտ էր, որ իրաքցիներին տեղեկատվության միջոցից զրկելն ամերիկացիների կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Քանի որ մինչ այդ Իրաքի իշխանությունները միանշանակ շահում էին քարոզչական պատերազմը։ Նախ՝ իրաքյան հեռուստատեսության միջոցով միշտ հերքվում էին Հուսեյնի սպանության կամ վիրավոր լինելու մասին լուրերը, ինչպես նաեւ ամերիկյան զորքերի պանծալի հաղթանակների մասին տեղեկատվությունը։ Վաշինգթոնին հատկապես հունից հանել էին իրաքյան հեռուստատեսությամբ անցած կիրակի ցուցադրված կադրերն ամերիկացի 5 ռազմագերիների մասին, ինչպես եւ Սադամի դիմումն իր ժողովրդին՝ անցնել պարտիզանական պատերազմի։

Ամերիկացիները զրկեցին Իրաքը հեռուստատեսությունից։ Բայց դա արեցին պատերազմի ժամանակ։ Իսկ պատերազմը թելադրում է ի՛ր օրենքները։ «Էլեկտրոնային» գերժամանակակից ռումբ գցեցին, ու վերջ։ Թերեւս ընդդիմությանը «ներքին թշնամի» համարող եւ այդ պատճառով նրա հետ պատերազմող Քոչարյանը եւս շատ կցանկանար մեկ հարվածով վերջ տալ իրեն անհաճո հեռուստաընկերություններին ու մամուլի որոշ միջոցներին՝ մեկ-երկու ռումբ գցելով խմբագրությունների շենքերին։ Սակայն, ցավոք, չի կարելի։ Քանի որ, ի տարբերություն ամերիկացիների՝ Քոչարյանի վարած պատերազմը գաղտնի է։ Ստիպված է ընտրել ռումբերից պակաս ցնցումաբեր միջոցներ։ Ասենք, ԶԼՄ-ների աշխատանքը կանոնակարգող օրենքները։ «Ռադիոյի եւ հեռուստատեսության» մասին օրենքը, ինչպես հայտնի է, ռումբից ոչ պակաս արդյունավետ ձեւով կարողացավ շարքից հանել «Ա1+» հեռուստաընկերությունը: Իսկ մնացած հեռուստաընկերություններին էլ պարտադրեց ծառայել Քոչարյանին։ Հիմա հերթը տպագիր մամուլինն է, որի համար կառավարությունն արդեն վաղուց է պատրաստել հզոր մի ռումբ՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի տեսքով։ Ինչպես հայտնի է, լրագրողների բողոքներն ու նրանց փորձերը՝ համոզել իշխանություններին նախագծից հանել մամուլի ազատությունը սահմանափակող դրույթները, անհաջողության մատնվեցին։ Եվ դա սպասելի էր, քանի որ հայրենական իշխանությունների ու անձամբ Քոչարյանի նպատակներն այլ են։ Կարեւորը՝ «հակառակորդներին» զանգվածային լրատվամիջոցից զրկելն է։ Ամերիկացիներն այդպես վարվեցին Սադամի հետ։ Իսկ Քոչարյանը՝ սեփական ժողովրդի»։

Քաղաքական գործիչների դիրքորոշումները

Թերթերը չեն փորձել կամ չեն ցանկացել հրապարակել Հայաստանի քաղաքական առաջին դեմքերի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ընդդիմության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կարծիքները պատրազմի մասին։ Մարտի 22-ի թերթերի համարներում ներկայացված են Ազգային ժողովի խմբերի ղեկավարների մամուլի ասուլիսում ասված դիրքորոշումները։ Քաղաքական երկրորդ կամ երրորդ էշելոնի գործիչների տեսակետները հաճախ են հանդիպում մամուլում, մասնավորապես «Հայոց աշխարհում» մեծածավալ հարցազրույցների տեսքով։ 1-2 Աննշան քաղաքական  գործիչի  տեսակետներ է հրապարակել «Հայկական ժամանակը», որոնք կարծես նրանց ծաղրելու համար են տպագրված։

«Հայկական ժամանակը» քննադատում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, մասնավորապես Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը արված պատերզմի սկսվելու կապակցությամբ.«Այս պահին կողմ կամ դեմ լինելը, ես գտնում եմ իմաստ չունի», թերթը մեկնաբանում է «Դիրքորոշում չունենալն է դիրքորոշումը»։

«Ազգի» եւ «Հայոց աշխարհի» մեկական հրապարակումներում Հայաստանի իշխանությունների դիրքորոշում չունենալը դրական է գնահատվում, սակայն ասվում է, որ ապագայում  հստակ դիրքորոշում ունենալը անհրաժեշտ է։

Entry filed under: հոդված. Tags: , , , , , , , , , , .

Կրկին փախստական. հյուրանոցի սեփականաշնորհումն անելանելի դրության մեջ է դնում Ադրբեջանից փախած հայերին Թարմ հայացք ուսանողական կյանքին. նոր վեպը հեռանում է ավանդական գրելաոճից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: