կանաչ օդանավակայան

03.06.2003 at 12:28 Оставьте комментарий

Մի հատ նայի։ ծոցագրպանից հանեց անձնագիրը ու բացեց վիզան` շենգեն վիզա։ երեկ ուրի՞շ վիզա էին դրել` էմիրաթնե՞ր, սխալմամբ։ քանի՞ ժամ մնաց, կոստյումի թևքը հետ տարավ, նայեց ժամին։ շվեյցարական` Franck muller Geneve։ մի ամիս առաջ առավ։ երեք հազար դոլար։ չորս ժամից հռոմում։ ժամը շվեյցարական, երկիրը հռոմ։ կայֆ։

բայց հիմա մի քիչ քունը տարավ։ սեղանին տեղ չկա գլուխը դնի, կեղտոտ ամանները իրար վրա լցված, կետչուպի ու մածունի շշեր։ ամանները յուղոտ կարմիր` պամիդորի, դեղին յուղի ու կանաչ բորբոսի հետքերը վրան։ բաժակները սուրճի` փոքր, հատակին մրուրը` հաստ շերտով։ չդնի՞ բոլորը գետնին, լվացարանն էլ լիքն է, թավա, կաթսա, վրան պամիդորով ձվածեղ են սարքել, կաթսայում ճաշ են եփել` լոբիով, հետքերից երևում է։ մի հատ աման դնի` սաղ փուլ կգա։ սառնարանի վրա էլ տեղ չկա, ֆեն, վրան մազափունջը, մեղրի կիսատ բանկա, մեղրը դեղին, թե յուղ է մեջը։ ու խաղալիքները։ փղիկը` կարմիր, կոկորդիլոսը` կանաչ, ավտոն ու ատրճանակը, իրար վրա լցրած։

վերը ընտանեկան լուսանկար` աղջիկը` փոքր, երևի նոր է դպրոց գնալիս եղել, հերը` բեղերը բարակ, մերը` պռոշները սև, սև չի, կարմիր է, սևուսպիտակին սև է տալիս։ աղջիկը մեծացավ-մեծացավ ու կյանքի տրակտորի տակ մնաց։ գլուխը դնի գոնե երկու ժամ կքնի։ չէ լավ, կեղտոտ ամաններին, յուղոտ-յուղոտ են, մեկ էլ ձեռները չմխտռի։ կոստյումն էլ քսվի, յուղի տեղը մնա, խայտառակ։ կոստյումը բաց` յուղի տեղը մուգ։ առանց էն էլ ճմռթվել է։ ոչինչ քիչ մնաց։ հենց հասնի հռոմ առաջին գործը մի հատ ջինս կառնի ու թիշրթ։ հետո հյուրանոցում մի կուշտ կքնի, մինչև կոնֆերանս։ իրիկունը նոր պուց։

մի հատ շռեմ։ մտավ զուգարան։ ինչքան պիտի սպասեմ սրան։ դուրս հանեց ու բաց թողեց` շռռռռռռ։ հինգ ժամ, չէ չորս ժամ, չորսը ժամից կթռնենք։ շռելը քանի րոպե։ վաննայի տակից չխկչխկոցի ձեն լսվեց։ էս ո՞վ է։ երևի մուկ է։ սպասի նայեմ։ ներս քցեց, շղթան քաշեց ու կռացավ։ իյա, ըստե ինչ ես անում։ էրեխեն է։ վաննայի տակ սեղմված պառկած, գլուխը էս կողմ։ արա խի ես մտել վաննի տակ։ ձեն չի հանում։ արի, արի տենամ։ ու ձեռը մեկնեց։ չէ, թող մնամ ստեղ։ խի՞ մնաս։ արի, արի քեզ բան ունեմ ասելու։ երեխան ձեռը մեկնեց։ քաշեց դուրս։ փոշու մեջ կորած էր, էրեսին սարդոստայն։ թափ տվեց ու ձեռով սրբեց սարդոստայնը։ բարի է։ երեխային մաքրում է։ խի էիր մտել ընդեղ։ որտև…։ որտև ի՞նչ։ երեխան լռեց։ ասա, ինձնից մի ամաչի, բա հոպարից կամաչե՞ն։ երեխայի դավերիան կստանա։ ես քո ընկերն եմ չէ՞։ ընկերս ես։ դե որ ընկերդ եմ ասա։ որտև. երեխայի աչքերը լցվեցին։ էլի չի խոսում։ էս լացու՞մ ես։ որ լացում է ու որտևը ասում է, կասի։ բա դու տղամարդ չե՞ս։ գրպանից հանեց թաշկինակը ու երեխայի աչքերը սրբեց։ շատ բարի է։ մի լացի։ ասա, որ չլացես։ մարդու չեմ ասի։ որտև էս ինչքան ժամանակ ա մամային քունում ա։ ի՞նչ ա անում։ քունում ա։ էդ ինչեր ես ասում։ գլուխը սկսեց շոյել։ մամայի ընկերն ա, մաման ինչ ա իրավունք չունի՞ ընկեր ունենա։ ամեն օր հազար ընկեր ունենա՞։ ամեն օր հազար չի։ էն մյուսները ստից են։ դե արի գնանք։ երեխայի ձեռից բռնեց ու դուրս եկան, մտան խոհանոց։

էդպես բաներ էլ չմտածես։ սիրուն չի։ քո մաման ա։ էն էլ ռոբիկ հոպարը։ երեխան տաբուրետկին նստած նայում էր տակից աչքերի մեջ։ աչքերը կանաչ։ թե շագանակագույն։ կանաչ-շագանակագույն։ կանաչը սիրում է։ շագանակագույնը` չէ, ազգայնականների գույնն է, որ սիրի, հռոմ չի հասնի։ հիմար, շագանակագույնը չի, դարչնագույնն է։ գույների մասնագետ չի։ պաշտպանել է բիոլոգիա` տրիխամանոզի գեներացիան խոզերի մարմնում։ սովետի ժամանակ էր, դրա համար` մարմնում, բայց ինքը հո գիտեր ինչ է պաշտպանում` տրիխամանոզի գեներացիան խոզերի հոգում։ էդ հեչ, անցավ, հիմա գիտի` կանաչը սիմվոլ է, մայրության, գեղեցկության, պտղաբերության, բնապահպանության, ֆուտբոլի, գարնան ու զարթոնքի։ լավ է կարմիր աչքեր չկան։ տեստ հանձնելուց գրեց կարմիրը չի սիրում ու շենգենի վիզան գրպանում։

նստեց մյուս տաբուրետկին։ նայի աչքերիս մեջ։ առանց էն էլ նայում էր։ էլ տենց բան չես մտածի, չէ՞։ Չեմ մտածի։ ու էդ վատ բառն էլ կմոռանաս, չէ՞։ հա։ բայց։ ինչ բայց, ասա, ասա մի ամաչի, ես քո հոպարն եմ։ բայց հայաթում ինձ ասում են բոզի տղա։ շատ բան են ասում, դա մարդու իրավունքների խախտում է։ կոպիտ։ ամեն քայլափոխի իրավունք են խախտում։ սա որ իրավունքն էր` երեխաների՞, բոզերի՞, անձի պատվի արժանապատվությա՞ն, խոսքի իրավունքի՞, չէ խոսքինը հակառակն էր, եթե չասեն իրան բոզի տղա` կխախտեն իրավունքը։

որ մյուս անգամ ասեն, ինձ կասես, արձանագրություն կկազմենք։ հետո էլ չեն ասի՞։ դատի կտանք, էլ չեն ասի։ երեխան տեղից ելավ ու վզովն ընկավ։ հոպարն ա էհ։ ստացվում ա էլի։ երեխաները սիրում են։ որովհետեւ բարի է։ դե նստի նստի։ երեխան վերադարձավ տաբուրետկին։ տանի պահի՜, ինչ անի, դաստիարակի՜։ բոզի մոտ չթողնի՜, ինչ անի։ իրա էրկու էրեխեքի հետ քցի մեծացնի՜: կնգան ասի, խեղճ էրեխին տիրություն անե՜նք, թե չանե՜նք: բարի մնա, թե չմնա։ ինչի՞ չես քնում։ որտեղ։ քո անկողնում, էլ որտեղ։ քնած էի, որ չիշիկ արեցի տակս, մաման դուրս արեց սենյակից։ պարզ ա։ գնա բացատրի՜, ինչ անի, ասի երեխա է, տակը չիշիկ կանի, պիտի բացատրես, որ չիշիկ է անում` չջղայնանաս, չխփես դուրս չանես։ երեխայի իրավունքի հարցեր կան, ժողովուրդը անտեղյակ։

խեղճ էրեխին գոնե նորից քնացներ, էլի թող քունվեն։ չէ, սպասի, էլի թող սեքսուալ ծառայություն մատուցի։ երեխան նայում էր աչքերի մեջ։ ի՞նչ-որ բան ես ուզում։ սոված եմ։ սոված ես։ ինչ անեմ։ սրանց տանը բան չկա։ ասա գալի քունում ես գոնե հետդ մի կտոր հաց բեր։ ռոբը մեղավոր չի, մերն է, էդքան աշխատի, էրեխեն սոված մնա։ սպասի։ տեղից ելավ գնաց սենյակ, խոհանոցի դուռը հետևից փակեց։ թխկ թխկ։ թեթև ծեծեց սենյակի դուռը։ ինչ ա էլել։ ներսից ռոբը գոռաց։ արա մի գոռա, արի բան եմ ասում։ հեսա։ ինքը էնտեղ լիներ, ռոբը էստեղ, երեխայից գլուխ չէր հանի։ երեխային մի բան չանե՞ր հանկարծ։ ինքը բարի, ռոբը չար։ ռոբը հայտնվեց լրիվ տկլոր։ անդամը թաց կախ։ արա չհոգնեցիր։ մի հատ էլ ցավդ տանեմ, վերջին անգամ հայրենիքում բա պուց չքունեմ։ արա դե էդքան քունիր` հելի էթանք։ իրեք ժամից թռնում ենք։ խի ժամը քանիսն ա։ իրեքը։ լավ հըլը չորսը ժամ կա։ մի հատ էլ ու պրծ։ էրեխեն սոված ա։ ցավդ տանեմ, իջի էրեխու հետ մի բան առ թող ուտի, դու էլ կոֆե կխմես մինչեւ պրծնեմ։ հեսա կայնցնի, մի հատ էլ մտցնեմ ու էթում ենք, մեռնեմ կյանքիդ։ լավ։

վերադառնում էր խոհանոց հետևից` սպասի։ ինչ ա։ արի ասեմ։ հետ եկավ։ լսի կուզես մի հատ էլ դու քունես։ արա չէ, փող չունեմ ծախսեմ։ թե՞ ծախսեմ։ ունի, բայց ծախսի՞, թե չծախսի, ծախսի տասնհինգ հազար դրամ` ճռռ, ճռռ, ճռճռան, իմաստուն թումանյանի ռոժը ուրախ կանաչ դրամի վրայից։ թումանյանը բարի, ծախսած դրամը վատ բանի վրա։ կանգնեց։ ծախսի։ թումանյանը բարի, ցանկությունը բնական։ ինչ փող, կխոսամ քեզ ձրի կտա։ չէ չէ։ ձրի, կլինի ռոբի ջեբից։ ռոբի ջեբից, ռոբի քունած, մի հաշիվ է։ չես ուզում դե լավ, ռոբը դուռը փակեց։ ինքը քունի, վրայից ես։ չէ, զզվում է։ երեխան նստած նայում է։ գնանք դուրս մի բան ուտես։ երեխան անձեն վեր կացավ, ենթարկվում է։ որ ուզի` էրեխեն հանգիստ կենթարկվի։ չհանի՞։ չար է։ չէ, հո ռոբը չի։ որ իմացվի, հռոմ չի հասնի, դաժե որ հասնի, հռոմում իմացվի, էլ կոնֆերանսին չի մասնակցի։ երկրից կվտարեն։ հեռուստացույցով` պեդոֆիլը։ ցույց կտան։ չի անի։ պարաֆոբիա ունի: թե՞ բարի է։

գնացինք։ դուռը չրխկ ու աստիճաններով իջան։ թեթեւ ցուրտը էրեսին։ գարնան շունչը։ լուսինը լավ լուսավորում էր փողոցը, համարյա ցերեկ։ լուսինը սիրուն, կլոր դիմացը, փողոցի ծերին։ լուսինը դարչնագույն, թե մոխրագույն։ ինքը կենսաբան, հասարակական շարժումը էկոլոգիական։ խի լուսինը կանաչ չի։ հիմա որը բաց կլնի։ բալիկ, ո՞րը բաց կլինի։ եսիմ։ լավ տեսնենք։ գիշերը բաց չի լինի` լիբիդոն ու բուդդան բաց կլինեն։ էրեխեն սոված կմնա։ լիբիդո չի ուտի, բուդդա կուտի, եթե թարմ լինի։ բայց չի լինի։ խումբ-խումբ վերևից իջնում են։ էս չի պրծել։ մի խումբը ուղիղ դիմացը։ մի տասը, տասնհինգը հոգի։ երկու ծեր կին, մյուսները ջահել տղերք, մեկի ձեռին դրոշակ` կարմիր, կապուտ, նարնջագույն։ հարցնում է դրոշակովին` չհաղթեցի՞ք։ դրոշը էրեխի գլխի վրա ծածանում է։ չէ ախպեր, բայց սրանց վերջը էկել ա։ դե հաջողություն։ էրեխի ձեռը բռնած բարձրանում են փողոցով վերև։ որ դրոշը կանաչ լիներ` կհաղթեին։ վերջը էկել ա, չի էկել` ես առավոտ հռոմում եմ։ իրար կերեք։ պրեզիդենտը կրծում է ծեր կնոջ հաստ ոտքը։ արտրիտը հո չի ցավացնում։ դրոշակովը պրեզիդենտի գանգը։ գանգը քերծվում է, ու արյունը թափվում դրոշակին, որ յուր ձեռքով գործեցի, գիշերները ես քուն չեղա, որ ռոբը վերջացնի։

մի հատ սպասի։ երեխան կանգնեց։ տեսնեմ տե՞ղն է։ ծոցագրպանից հանեց անձնագիրը` մեջը տոմսը։ նայեմ վիզան։ բացեց անձնագիրը։ այ քեզ բան, ուրիշ վիզա էր տեղը։ էս ինչ վիզա է։ կարդում է poland։ պոլշայի՞։ էս ոնց եղավ։ ոչինչ, էլի ok է։ հռոմ չի, վարշավա։ տոմսը բացեց, մինչեւ վարշավա, բան չկա, կարևորը տոմսն էլ է վարշավա։ գնացինք։ թեթև քամի է։ մեկ էլ ուժեղանում է ու թերթերը բերում ոտքերին փաթաթում։ էս ինչ թերթեր են։ քամին վերևից էլի թերթեր է բերում։ օրաթերթերն են։ իզվեստիան է ու առավոտը։ երևի ամբոխը կրպակներից հանել թերթերը լցրել է փողոց, որ իշխանությունները ավելի վախենան։ թե ժողովուրդը ինֆորմացիա ունենա, տեղեկություն ստանալու իրավունք։ սահմանադրության մեջ գրված է, ով չի ուզում ինֆորմացիա ստանա` նրա մայրիկին…

դիմացի մայթին լույս է երևում` նեոնային լույսով կարմիր փիղ։ էրեխի խաղալիքից։ փողոցը անցան։ բոլոր շենքերը մութ, մենակ էս սրճարանը լույս է։ փիղը կարմիր։ խի՞ կանաչ չի, չես հասկանում։ էրեխի կոկորդիլոսը կանաչ, փիղը կարմիր։ հիմարություն։ ներսը մարդիկ են նստած։ էստեղ էղե՞լ ես։ հա, մաման միշտ բերում է։ մաման աշխատում է, փողը ջրի բերան չի տալիս, էրեխին պոնչիկանոց է տանում։ ինչ անում է` երեխայի համար է անում։ պոնչիկ շա՞տ ես սիրում։ հա սիրում եմ։ մտան: երկու սեղան ջահելներ են նստած։ աղջիկ տղա, աղջիկները կարմիր մազերով տղաները կանաչ։ տղերք դուք կանաչների՞ց եք։ բոլորը շրջվեցին։ մեկը` չէ, ինչի՞ եք հարցնում։ որ մազերը կանաչ են` դրա համար։ չէ մերը ռոք խումբ է red & green։ ինչ հետաքրքիր է։ նստեցին ազատ սեղանին։ ինչ եք երգում։ բռնության դեմ, հուսեյնի դեմ, բուշի դեմ։ ապրեք։

իսկ դուք հոպար, ինչով եք զբաղվում, երևի ցույցից եք գալիս։ կարմիր մազերովներից է։ չէ, ես կանաչ եմ։ պիտի վարշավա թռնեմ էկոլոգիական կոնֆերանսի։ բա ինչի՞ մազերը կանաչ չեք ներկում։ ու՞ր է մազ, թե չէ կներկեի։ ու ծիծաղում է։ դրա ելքը կա, ուզու՞մ եք ներկել, հարցրեց աղջիկը: ինչ սիրուն է, կարճ կարմիր մազերը աչքերը կեսով ծածկած, կարճ հագած բդերը կույսի հաստլիկ։ եթե դու ներկես կուզեմ։ ու ծիծաղեց։ աղջիկը պարկից հանեց աերոզոլի բանկան, մի ափով ծոծրակը բռնեց։ կայֆ, խոնավ ափը ծոծրակին, ու փչեց ճաղատին։ ճաղատը կանաչ ներկվեց։ երեխան ծիծաղեց։ ինչ եղավ, էս ինչ արեց։ լավ հանգիստ։ ծիծաղեց։ մատը քսեց ճաղատին ու նայեց` կանաչ։ ապրես աղջիկ ջան, հիմա իսկական կանաչ եմ։ ուրիշ տեղերդ ներկե՞մ, ժպտալով հարցրեց աղջիկը։ ներկի՞, գնան զուգարան ներկի՞։ ոտքերին փչի՞, հետո ձվերին, փչի՞։ հռո՞մ, թե վարշավա։ կոստյումն առանց էն էլ ճմռթվել է։ վրան կանաչ թռնի։ խի կանաչ կոստյում չառավ։ չէ, մեծ հաճույքով, բայց տասը օրից։ հի, հի հի, ծիծաղեց աղջիկը։ ծիծաղ, բոլորը ու երեխան։ կարմիր մազերը, գրեց որ չի սիրում, բայց կապ չունի` գույնի ընտրության իրավունք։ կգրի չի սիրում, բայց հոգու խորքում էնպես կսիրի, որ երկիրը կարմիր կներկվի։

մատուցողուհին մոտեցավ` մի երկու մետրանոց` թել։ գոգնոցին կարմիր փիղը։ քանի՞ հատ կուտես բալիկ։ երեք հատ։ ուրեմն երեք հատ պոնչիկ մի հատ սուրճ։ եղավ, ու մատուցողը գնում էր, հետ□ից կանչեց, սպասի։ ի՞նչ։ մի բան հարցնեմ էս միշտ ե՞ք էս ժամին բաց։ չէ, մենակ էս շաբաթ, որ ժողովուրդը տեսնի իրանց հետ ենք, միասին ենք։ պարզ է։ բայց ի՞նչ եք կարծում, ժողովուրդը մի բանի կհասնի՞։ ով չուզի ժողովրդի լավը։ մատուցողուհին` թել, ժպիտից ծռվեց։ աղջիկ ջան, այսինքն։ մեր նշանաբանն է։ ռոբի վերջը եկել է։ սա ռոբին որտեղի՞ց է ճանաչում։ հանկարծ ինքնաթիռը չընկնի՞։ հայելի ունե՞ք։ այո։ մի հատ բերեք։ մատուցողուհին գնաց ու հայելին ձեռը եկավ։ ճաղատը կանաչ անհավասար ներկված էր։ գոնե հավասար ներկեիր տնաշեն։ տենց ավելի լավ է, ոնց որ բնությունը անհավասար ներկած լինի, ասեց աղջիկը, որ ներկել էր ու ծիծաղում է, ծիծաղը կանգնացնում էր` էրեկցիա։ ինչի՞ չուզեց մի հատ էլ ինքը քուներ։ որ հետ գնան կուզի։ երեխային կասի մամայի ընկերն եմ ու փող էլ չի տա։ համ երեխային պոնչիկ առնի, համ մորը փողով քունի՞։

լավ թող կանաչը մնա, հռոմում տպավորություն կթողնի։ ուրեմն ատդուշի կանաչ է, խաղ չի անում, ճաղատը կանաչ, վիզան կանաչ, լուսինը կանաչ, կոկորդիլոսը կանաչ, գարունը կանաչող, կոստյումը կանաչ չի։ չգնա՞ն զուգարան աղջիկը կանաչ ներկի։ չէ, որ hugo boss-ը մոխրագույն է ներկել, ուրեմն մի բան գիտի։ ե՞րբ կլինի պոնչիկը։ հինգ րոպեից։ հայելին առավ ու գնաց։ թևքը քաշեց ու նայեց ժամին։ շվեյցարիան ժարիտ ա անում։ չորսը։ երեք ժամից թռնում ենք։ սպասի մի հատ էլ նայի անձնագրին։ ծոցագրպանից հանեց անձնագիրը։ բացեց։ վիզան այ քեզի բան։ կանաչ վիզա, բայց դեղին չէ՞ր, էս լրիվ ուրիշ նշան է։ հնդկաստան։ էս հնդկաստանի վիզան որտեղի՞ց։ փնտրում է լեհաստանինը, թերթում է, չկաուչկա։ լավ ոչինչ, հնդկաստան վատ չի։ տոմսը բացեց, դելի։ կարևորը, որ տոմսն ու վիզան մի երկրի են։ կանաչը հնդկաստանի հետ բռնում է։ ներքևը բուդդա կաֆե, միցկևիչ չի, օռնելլա մուտտի չի։ բուդդա։ ամեն ինչ իրար բռնում է։

պոնչիկն ու սուրճը բերեց։ դե կեր։ երեխան կծեց պոնչիկը։ համո՞վ է։ ըհըն։ սպասի սիգարետ հանեմ։ գրպանից հանեց տուփը։ մեջը մի հատ էր։ էս էլ ծխեմ ու թարգում եմ։ լուցկի չունի։ էրեխեք լուցկի չունե՞ք։ բա կանաչները ծխում ե՞ն։ մեկ- մեկ։ աղջիկը մոտեցավ, կանաչ աղջիկը ու կաթի պես հոգեթև, թե հոգեթով։ ու վառիչը չխկացրեց։ էլի կանգնեց։ տես մի տեղ կարմիրը կանաչ դառավ։ աղջկա մազերի գույնը փոխվեց։ որ մի բան շատ ես ուզում` լինում ա։ ուրեմն էս երկրում ամեն ինչ կորած չի։ ծուխը քաշեց ներս, շնորհակալություն, չէ հաստատ մի հատ ռոբին ասի, թող տա։ կամ կվճարի։ ռոբին մենակ կասի, որ քիչ ուզի, տասնհինգի փոխարեն տասը հազար, երկու թումանյան։ խի, երկու թումանյան, երեք պոնչիկ։ երկու թումանյանը երկու պոնչիկի հետ բիտտա, կմնա մի պոնչիկ։ մի պոնչիկով սեքսուալ ծառայություն։ չնայած նա լավն է, բայց կանաչին չի հասնի, սվիտրից ծիծիկների կլորությունը ուրիշ ջահելական է։ դու էլ ե՞ս երաժիշտ։ ես արտիստ եմ։ շալվարի շղթան հես ա կտրաքի։

ծուխը քաշեց ու սուրճի կում` քյարփնջի համ, իջավ։ կգա՞ս վերջին զանգիս։ երեխան բերանը լիքը հարցնում է։ ի՞նչ վերջին զանգ, վերջին զանգը վերջին դասարանցիների համար է։ մենք էլ ենք մասնակցում։ առաջին դասարանցիներովս հրաժեշտի խոսք ենք ասելու տասերին։ ի՞նչ խոսք, դե մի հատ ասա։ կգա՞ս։ մի հատ ասա, որ իմանամ կգամ թե չեմ գա։

երեխան կանգնեց, ծամեց կուլ տվեց ու գլուխը վեր պարզեց.

ո-ն ոգին է մեր հայկական

ո-ն ոգին է մեր հաղթական

որդիներն են ըմբոստ հպարտ

պայքարի մեջ ոգով անպարտ

կանաչ-կարմիր ջահելները ծափ տվեցին` բրավո, բրավո։ ապրես։ դե նստի։ երեխան ուրախ նստեց։ կգա՞ս։ չեմ կարող, երկու ժամից ռոբիկ հոպարի հետ թռնում ենք լեհաստան։ երեխան տխրեց։ ոչինչ, մյուս տարվանը կգամ։ մյուս տարի էլ չի լինի։ կլինի, կլինի։ մենք գալիս ենք` ռոք խումբը red & green վեր թռան, մենք գալիս ենք հանդեսիդ, ու կերգենք` ո-ն ոռին է մեր հնդկական, ո-ն ոհմակն է բենլադենյան։ ուզու՞մ ես։ չէ դուք մի եկեք առանց էն էլ ասում են բոզի տղա։ չենք գա` red & green նստեցին։

արդեն կերել էր պոնչիկները։ սուրճը խմել էր` աղացած քյարփինջ։ ինչ հիշողություն, պոնչիկ ու քյարփնջի սուրճ, հայ գիտի սովետ։ սիգարետը հանգցրեց։ մի րոպե։ կանչեց մատուցուհուն։ ինչ պիտի տամ։ հինգ հարյուր։ հազար դրամ դրեց սեղանին ու դուրս եկան։ մյուս 500 չայեվոյ, թող տուն տանի մի կտոր հաց ուտի, որ վրա գա: փողոցով խմբերը իջնում էին` ջղայն ոտքերը ասֆալտին դրխկ-դրխկ։ մոտեցավ։ ի՞նչ է կատարվում։ ինչ պիտի, որ քո նմանները չմիանան, մեզ կճնշեն։ ի՞նչ ա, ճնշու՞մ են։ բա ինչ, արդեն էրկու հարյուր հոգի բռնել են։ հիմա էլ ասում են մենթերը փողոց են դուրս գալի, ում տեսնեն տանելու են։

արի գնանք, արի։ երեխայի ձեռը բռնեց ու արագ սկսեց քայլել ներքեւ։ երեխան չէր հասցնում արագությանը, ու նրան քաշ էր տալիս։ ասֆալտը քերում էր երեխայի ոտքերը։ դաժան տեսարան։ չար է։ լավ դանդաղ։ բարի է։ արագ բարձրացավ երկրորդ հարկ, երեխայի ձեռքը թողել է։ ինքնուրույն էսքան տեղը կգա։ ու մեջտեղի դուռը չխկչխկ սկսեց թակել։ չէին բացում։ իյա։ էս ուր են։ էլի խփեց։ դուռը շրջանակի մեջ դղդղում էր։ բացող չկար։ գժվեց։ ոնց կլինի։ հետ գնաց ու ուսով տվեց դռանը։ ուսը ցավեց, դուռը չրխկաց ու բացվեց, կողպեքը չրխկաց։ սենյակի դուռը բաց էր։ մտավ` անկողինը թափթփված, մեջը մարդ չկար։ գնաց խոհանոց` ամանները կեղտոտ սեղանին ու լվացարանում։ զուգարան, մարդ չկար, վաննի տակ` երեխան։ էս դու խի էլի մտար։ մաման չկա։ չկա-չկա։ հանի, թե չհանի։ հանի ինչ անի։ թող մնա, եթե իրան էդտեղ լավ ա զգում։ ինչ անի։ երկու ժամից թռիչքը։ դուրս են եկել, ուր են գնացել։ հո չի սպասելու։ բա կինը ուր է։ նստեց տաբուրետկին։ մտավ սենյակ։ ճամպրուկն էլ չկա։ չլինի արդեն օդանավակայան է գնացել։ բա կինը։ երեխան կիմանա։ գնաց զուգարան ու կռացավ վաննայի տակը։ արի դուրս բան եմ ասում։ չէ, չեմ գա։ լավ մնա, բայց դու կիմանաս մամադ ուր ա։ գնացել ա։ ինձ ասում էր չեմ գնալու, բայց գնացել ա։ ու՞ր ա գնացել։ ռոբիկի հետ գնացել ա։ ի՞նչ ա խոսում։

երեւի ուշացա, ռոբը գնաց։ նստեց մահճակալին։ սպասի՞, թե չէ։ տաքսի որ կանչի, քսան րոպեում օդանավակայանում է։ կանչի։ հեռախոսը քաշեց 555555, թե 444444, չէ ճճ-ճճ-ճճ, ընենց տառ են դնում, որ արտասահմանցին չկարողանա զանգի, բիզնես անել չգիտեն։ ալո, տաքսի ծառայությու՞նն է։ օդանավակայան։ ֆիքսված գներ են։ մաշտոցի վեց։ պոնչիկանոցից ներք□։ տաս րոպեից։ եղավ։ նայի՞ վիզան, թե չնայի։ որ լեհաստան չլինի՞։ չլինի ոչինչ, հնդկաստան կլինի, վատ չի։ լավ մի հատ նայի։ հանեց անձնագիրը։ մի հատ նայեմ։ երեխան եկել էր։ ի՞նչ, քեզ հետարքրու՞մ է։ անձնագիր չեմ տեսել։ առ նայի։ այ էս նայի վիզան։ էս ի՞նչ լեզվով է։ թուրքերեն։ ինչի՞։ որովհետեւ թուրքիայի վիզա է։ բա դու լեհաստան չէիր գնում։ չէ ինչ լեհաստան։ ստամբուլ։ տաս րոպեն անցած կլինի, դե տուր ես գնում եմ։ ուր ես գնում։ էլ ավելորդ հարցեր մի տուր։ դուրս էր գալիս տնից, երեխան վազելով եկավ ու կոստյումի թ□քից քաշեց։ ինձ մենակ մի թող։ ղժալով լաց է լինում։ դե թող կոստյումս։ պինդ բռնել է։ ինձ մենակ մի թոոոող։ արա դե թող հո փորձանք չես։ չի թողնում։ պիտի ծծցնեի, որ իմանար։ քաշում է, ինձ մենակ մի թոոոող։ արա կաստյումս կճղես։ չի ճղի, պինդ կտոր է, hugo boss։ բայց կճմռթի։ ինձ մի թող։ լավ չեմ թողնում, չեմ թողնում, հետ եկավ խոհանոց։ նստեց տաբուրետկին, երեխան թողեց կոստյումը, նստեց դիմացը։

երեսը թրջվել էր։ թաշկինակը հանեց ու երեխայի երեսը սրբեց։ բարի է։ կոնֆերանս, կանաչներ, մարդու իրավունք։ խի՞ ես լացում, հեսա մամադ կգա։ վախենում եմ մենակ մնամ։ մի վախեցի, գնա քնի։ ելավ, որ գնա, երեխան թ□քից էլի բռնեց։ չդիմացավ, հո չչափալախեց, երեխան փռվեց հատակին։ արագ դուրս եկավ երեխայի ձայնը հետ□ից։ տաքսին սպասում էր։ այրոպորտ։ քշեց։ էդ գլուխդ ի՞նչ ա էղել։ վարորդը հայելու միջից հարցնում է։ կանաչների կոնֆերանս եմ գնում հռոմ, կանաչ ներկել եմ հատուկ։ այ ախպեր, ի՜նչ կանաչ, երկիրը ձեռից էթում ա։ դե մենք էլ միջազգային ասպարեզում ենք ձայն բարձրացնում։ որ բարձրացնում եք մի բան կստացվի՞։ կստացվի կստացվի։ էս հիմարները չեն հասկանում, որ մեզ կայուն զարգացում է պետք։ ի՜նչ ասես, տաքսու շոֆեռա էլի։ օդանավակայան չհասած` ընկեր կանաչը մուսուլմանի գույնը չի՞։ չէ, մուսուլմանը-մուսուլման, մենք կանաչներ ենք, պայքարում ենք որ կանաչը շատ լինի։ աչքերը կանաչ, գլուխը կանաչ, բուդդան կանաչ, լուսինը կանաչ, տաքսին կանաչ, կոկորդիլոսը կանաչ, պուտանկան կանաչ, հեռուստացույցի էկրանը կանաչ, երեխայի աչքերը կանաչ։ ու երկիրը ունենք կանաչող։ պարզ է։

օդանավակայանում սրահի դեմը պահեց։ ի՞նչ պիտի տամ։ ինչ տալիս ես տուր։ չէ քո գինը ասա։ ֆիքսված գներ ա։ հինգ հազարանոցը-կանաչ տվեց։ ու դուրս եկավ սրահ։ մի տեղ էր ռեգիստրացիան։ ստամբուլի ռեյսը։ հռոմ չէր։ վարշավա չէր։ դելի չէր։ դուբայ չէր։ ստամբուլի ռեյս էր։ ուրեմն ստամբուլ էր։ կանաչներ ստամբուլում։ ստամբուլու՞մ։ մեկ է։ կհասնեմ ու ջինս կառնեմ։ ու պոնչիկ։ կանաչ պոնչիկ կառնեմ։ կանաչ պուց, թե կարմիր։ կարմիրը հոգու մեջ, կանաչը կլրի ծերին։ հերթի ծերին կանգնեց։ սպասի։ դեմը էն ո՞վ է ռեգիստրացիա լինում։ ռոբը չի՞։ ռոբն է, հետինը ո՞վ է, կինը մազերը կանաչ ներկած։ պուտանկեն ա։

արտիստը չի, երեխայի մաման։ երեխան լաց է լինում` մաման ստամբուլ է թռչում։ մաման չար, ինքը բարի։ էդ ե՞րբ հասցրեց մազերը ներկի։ ռոբ։ կանչում է։ ռոբ։ մոտեցավ։ էս ձեն չես հանու՞մ։ ռոբը շրջվեց` ինչ ես խառնվել։ ինչ պիտի, էս խի՞ ես առանց ինձ գալի, չէիր կարա՞ սպասեիր։ չէ, ու անձնագրերն ու տոմսերը վերցրեց։ էս քո հետ ա գալի՞։ կներես ու արագ-արագ կնոջ հետ գնաց անցասրահի դուռը։ վազեց հետեւից ու թ□քից բռնեց։ սպասի։ ի՞նչ։ ու՞ր ես գնում, չե՞ս սպասում։ քո տեղը ինքն է գալիս։ ոնց։ կանաչների կոնգրեսը վերջին պահին տենց որոշեց` մի կին, մի տղամարդ ու ձեռը քաշեց։ հետ□ից ուզեց գնա, ձեր տոմսը, դռան դիմաց պաշտոնյան` կանաչ պիլոտկով, պահեց։ հանեց անձնագիրը ու տոմսը։ պաշտոնյան նայեց անձնագրին հետո դիմացի թղթին։ դուք արդեն անցել եք, ինչ է երկու անգամ պիտի անցնեք։ ո՞նց եմ անցել, չեմ անցել։ ուզեց անցնի։ պաշտոնյան` բութ, դոշով պահեց։ ես չէի էն, կինն էր։ մի գոռա կանաչ։ հրեց պաշտոնյան։ հաջորդը։ հագավ պատին, ընկավ։ պատը կանաչեց։ էս գժվել են։

նորից մոտեցավ։ տոմսը ձեռս` ի՞նչ իրավունքով չեք թողնում։ յան տուր այ կանաչ։ պաշտոնյան hugo boss-ի օձիքից բռնեց ու շպռտեց։ կանաչը լղոզվեց պատին։ կանաչ օդանավակայան։

Entry filed under: պատմվածք.

Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com