Արևածաղիկները չեն թառամում

15.06.2003 at 00:00 Оставьте комментарий

Սլավիկ Աղաջանովի բիզնեսի հաջողությունը պայմանավորված է նրա աշխատանքային հարուստ կենսափորձով և պապերից ժառանգած արհեստավորի նուրբ տաղանդով։

Դեռևս դպրոցական նստարանից նա առաջին քայլերն արեց դեպի բիզնես, երբ տատի բոված արևածաղիկի սերմը վաճառում էր Նոր Արեշում, փողոցի մայթին։ Նրա կենսագիր, վետերան լրագրող Վլադլեն Մուրադյանը ուսումնասիրել է և պարզել, որ 60-ական թվերին Երևանի բոլոր թաղամասերից գալիս էին Նոր Արեշ գնելու համար Ռոզիկ տատիկի արևածաղիկը։ Աղաջանովների ընտանիքի պատմությունը նա զետեղել է «Կեսդարյա սխրանք» գրքում (Երևան 1999թ.)։ Հաճախորդներից մեկը հիշում է. «Այդպիսի արևածաղիկ չկար ողջ հանրապետությունում, ես կասեի ամբողջ Խորհրդային Միությունում։ Արևածաղիկը վաճառում էր մի ժրաջան տղա, որ հավելյալ համ էր տալիս «սեմուշկային»(«Կեսդարյա սխրանք», 79)։ Այդ տղան ապագա գործարար Սլավիկ Աղաջանովն էր։

Սակայն խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, ճնշվում էր ձեռներեցությունը, հետևաբար դպրոցն ավարտելով Աղաջանովը չկարողացավ շարունակել տատի բիզնեսը։ Նա աշխատեց տարբեր գործարաններում` շարքային բանվորից հասնելով մինչև արտադրամասի պետի պաշտոնին, այդպիսով յուրացնելով խոշոր արդյունաբերության ու արտադրության գաղտնիքները։

Խորհրդային Միության փլուզումից քիչ անց, երբ անկախացած երկիրը որդեգրեց ազատ շուկայի լիբերալ քաղաքականությունը, Աղաջանովը նույնպես որոշեց իր բիզնեսը բացել։ Եւ հենց առաջինը նրա մտքին եկավ իր վաղեմի երազանքն իրականացնելը՝ բացել դագաղի արտադրություն։ Եւ դա պատահական չէր։ Նա սերում էր տոհմիկ դագաղագործների ընտանիքից։ Արհեստի վերջին ներկայացուցիչը պապը՝ վարպետ Աղասը, 50 տարի դագաղներ է պատրաստել Բաքվում, եղել քաղաքի հարգված արհեստավորներից մեկը։ Նրա դագաղներով է թաղվել ադրբեջանական ողջ վերնախավը։ Նա պատվերներ էր ստանում նույնիսկ Մոսկվայից։ Ասում են, որ նա է պատրաստել Գորկու, Կիրովի ևՍտալինի դագաղները («Կեսդարյա սխրանք», 456)։ Նրա պատրաստած ամուր և ապահով դագաղները դեռևս հիշում են Բաքվի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Այդպես, օրինակ Բաքվի նախկին քաղկոմի հրահանգիչ 94-ամյա Հասան Աբասովը «Ինտերնյուս» կազմակերպության կազմակերպած Բաքու-Երևան հեռուստակամրջի ժամանակ հիշեց վարպետ Աղասին, որ իր լավ բարեկամն էր եղել և դագաղներ պատրաստել իր ողջ գերդաստանի համար։ Նա ափսոսանք հայտնեց, որ չկա այլևս իր ավագ ընկերը, և հիմա չգիտի, թե ինչպես հայթայթի իր համար այնպիսի հարմարավետ դագաղ, որպիսիք պատրաստում էր վարպետ Աղասը։

«Պապս իր ամբողջ կյանքը դագաղներ է պատրաստել թուրքերի համար, ծաղկեցրել նրանց մշակույթը, ժամանակն է, որ ես շարունակելով նրա գործը դագաղներ պատրաստեմ մեր հայրենակիցների համար»,- «Անլռելի տեղեկատու» հեռուստահաղորդման ժամանակ իր բիզնեսի սկզբնավորման մասին պատմեց Սլավիկ Աղաջանովը։

Այդպես նա սկզբում բացեց մի փոքրիկ դագաղագործական արհեստանոց Նոր-Արեշի իր տան ետնամասում, որտեղ աշխատում էր ինքը և իր որդին` Ռոմանը։ Աշխատանքի ընթացքում, դագաղագործի վարպետությանը զուգահեռ, նրա մեջ վերածնվեց գործարարի տաղանդը, և իր փոքրիկ արհեստանոցը կարճ ժամանակում վերածվեց այսօրվա գիգանտ ձեռնարկության` Գրանդ Դագաղո Հոլդինգին։

Երբ Գրանդ Դագաղոն դարձավ հանրապետության ամենախոշոր հարկատուն, հայտնի դարձավ, որ դագաղագործությունը հանրապետության տնտեսության առաջատար ճյուղն է հանդիսանում։ 2001 թվին Գրանդ Դագաղոյի դագաղները ստացան Կառավարության որակի մրցանակը, իսկ արդեն 2002-ին, Մադրիդում կայացած դագաղների միջազգային մրցույթում, Գրանդ Դագաղոյի դագաղը ստացավ «Պլատինե մահ» մրցանակը։ Մրցույթում հաշվի է առնվել դագաղի հարմարավետությունը, քաշի թեթևությունը և փայտի որակը:

Դագաղագործությունը դարձավ այն լոկոմոտիվը, որ իր հետևից առաջացրեց մի շարք այլ արդյունաբերության ճյուղեր, մասնավորապես` փայտի և տեքստիլի արտադրություն, կահույքագործություն, վիճակահանությունը և ամենակար□որը գերեզմանաշինարարությունը, որն իր հետևից տարավ նաև քաղաքաշինության մյուս ճյուղերը։ Վերջապես Հայաստանի կառավարությունը մշակեց տնտեսության զարգացման ռազմավարություն, որն ստացավ մահվան ծրագիր անվանումը։

Ո՞րն էր հիմնական ազդակը Աղաջանովի բիզնեսի հաջողության։ Այսօր արդեն այն գաղտնիք չէ։ Դագաղների պահանջարկը որպեսզի աճի, բնականաբար անհարաժեշտ է, որ երկրում աճի նաև մահացածների թիվը։

Դագաղագործությանը զուգահեռ նա ստեղծեց Գրանդ Sun-flowero հացամթերքի արտադրության ձեռնարկությունը։ «Ով, եթե ոչ մենք՝ հայ գործարարներս, պետք է կարողանանք օգտագործել հայ գիտական ներուժը և այդպիսով կանխենք ուղեղների արտահոսքը»,- մտածեց պարոն Աղաջանովը, և սկսվեց նրա արդյունավետ համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի հետ («Կեսդարյա սխրանք», 570)։

Նրա պատվերով հայ գիտնականները հայտնաբերեցին ունիկալ մի նյութ, որն ունի առանձնահատուկ համային հատկություններ, այն ուտելիս մարդկանց մեջ մշտական պահանջ և կախվածություն է առաջանում նրանից, ևամենագլխավորը՝ յուրաքանչյուր մարդ, որ երեք ամիս օգտագործում է այն, մեռնում է, հենց լրանում է նրա 40 ամյակը։ Աղաջանովը նյութը անվանեց իր պապի հիշատակին՝ աղասիկ։ Այսպիսով աղասիկը դարձավ Գրանդ Sun-flowero-ի արտադրած հացամթերքի գլխավոր բաղադրանյութը (հաց, մակարոնեղեն, թխվածքներ)։ Հացատեսակների վաճառքից արագ սկսեց աճել երկրում մահացողների թիվը։ Հետևաբար մի կողմից նա եկամուտ է ստանում հացի արտադրությունից, որը նպաստում է նաև մեկ այլ արտադրանքի` դագաղի սպառմանը։

Աղասիկի հայտնագործության ունիկալությունն այն է, որ երբ դեռ 40-ը չլրացած որոշակի սպառող մեռնում է տվյալ ժամին, հստակ կարելի է ասել, որ նա 40 տարի առաջ այդ ժամին է ծնվել։ Հետևաբար մարդիկ հաճախ մեռնում էին քառասնամյակի տարեդարձին, նաև երթուղային տաքսում, աշխատանքի վայրում, զուգարանում, խանութում և այլ տեղեր։

Թեև երկրում գործում է բիզնեսի գաղտնիության մասին օրենքը, սակայն Կենսաքիմիայի ինստիտուտի մի աշխատակից լրագրողներին հայտնեց աղասիկի գաղտնիքը, և հանրությանը հայտնի դարձավ պատահական մահերի պատճառը։

«Հայ լուր» հեռուստատեսային լրատվական ծառայությունը հայտնում է, որ որոշ ուժեր, որոնց հանգիստ չեն տալիս հանրապետության տնտեսական հաջողությունները, սկսել են շահարկման առարկա դարձնել ունիկալ հայտնագործությունը և հայտարարել, թե աղասիկը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Մի քանի գործիչներ հայտարարում են, որ անհանդուրժելի է մարդկանց ժամանակից շուտ մահվան ուղարկելը։ Հաղորդման ժամանակ արտգործնախարար Մարիո Թաշճյանը ասաց, որ թեև նրանց հայտարարությունները չեն պաշտպանում քաղաքացիները, այնուամենայնիվ, դրանք կարող են ազդել Հանրապետության միջազգային վարկի վրա, որը լուրջ դժվարություններ կառաջացնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հայանպաստ լուծմանը։

«Հայ լուր» հաղորդման անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը աջակցում է մահվան ծրագրին` որպես հանրապետության տնտեսության զարգացման առհավատչյա։«Հայ լուրի» մեկնաբանը ասում է, որ իհարկե ծրագրի մեջ կան որոշ թերություններ, որոնք ապագայում կշտկվեն։ Ներկայացվեցին նաև տարբեր հանգուցյալների թաղումներ և կարծիքներ դագաղների վերաբերյալ, որոնք հիմնականում գոհունակություն էին արտահայտում դագաղների որակից։ Միայն մի կին բողոքեց, որ իր որդու դագաղը անորակ է, ջերմա- և ձայնա-մեկուսացիչ չի և կարող է անձրևաջուր ներծծել, բացի այդ որոշ կոշտություն ունի։

«Հետաքննող» լրագրողական ակումբը Բաց հասարակության դրամաշնորհմամբ դագաղների որակի մոնիտորինգ անցկացրեց, որի արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չէին։ Պարզվել է, որ դագաղները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Մասնավորապես շատ դագաղների պաստառների տակ չկա փափուկ շերտ։ Այդ կոշտության պատճառով հանգուցյալների վրա հողը թեթև չի գալիս։ Փաստորեն հանգուցյալը հավիտենական կոշտության է դատապարտված։ Կազմակերպության նախագահ Գրիշա Մեժլումովը ուսումնասիրությունները ներկայացրեց «Անմեղության կանխավարկած» հաղորդման ժամանակ. «Սա ժամանակավոր կացարան չէ աղետի գոտու բնակիչների համար, որ ժամանակի ընթացքում քայքայվի, ու մարդ նոր բնակարան ստանա,- ասում է նա,- մեր կառավարությունը պետք է հասկանա, որ դագաղը տրվում է հանգուցյալին հավիտյանս։ Դագաղները հաճախ համապատասխան փափկությունը չեն ապահովում, որը կարող է լուրջ անհանգստություն պատճառել հանգուցյալին։ Դագաղների որակը գլխավոր պայմանն է հանգուցյալների իրավունքների ապահովման։ Կրկնեմ, որ դագաղները հավերժի համար են, հետևաբար դագաղարտադրողի անբարեխիղճ աշխատանքը անհարգալից վերաբերմունք է մեր հանգուցյալ հայրենակիցների նկատմամբ»։

Այս քննադատությունները չէր կարող անպատասխան թողնել Աղաջանովը։ «Բարի մթնշաղ» հեռուստահաղորդման ժամանակ նա ասաց, որ ճիշտ է, եղել են մի քանի անորակ դագաղներ, բայց դրանց մասին բարձրաձայնելով ստվեր գցել ամբողջ արտադրության վրա, ճիշտ չի լինի. «Ում աշխատանքում թերություններ չկան,- խոստովանեց նա,- բայց դրանք շտկելի են։ Մենք այժմ պայմանագրեր ենք կնքել ուզբեկական ձեռնարկությունների հետ, որ որակյալ բամբակ գնենք։ Դագաղները պիտի պատված լինեն բնական հումքով, որ հանգուցյալների կոմֆորտը հնարավորինս ապահովվի։ Պատրաստվում ենք նաև ներմուծել բրդի խմբաքանակ։ Մեր ազգաբնակչության մեջ մարդիկ կան, որ նախընտրում են բրդե պատվածքով դագաղներ։ Ճիշտ է, նախկինում մենք օգտագործել ենք սինթետիկ նյութեր, բայց այսօր այդպիսիք արդեն չկան։ Այդ լրագրողներին միայն նախանձն է դրդում վարկաբեկել մեր արտադրանքը։ Թող տեղյակ լինեն, որ մենք արդեն դագաղները արտահանում ենք, պատվերներ ունենք Սաուդյան Արաբիայից, Էմիրաթներից»։

«Հայ լուրը» նաև հաղորդում է, որ ևս մի հանգամանք շահարկման առարկա են դարձրել մարդիկ։ Գաղտնիք չէ, որ դագաղի համար փայտանյութ է հանդիսանում հայաստանյան հաճարենին։ Որոշ իրենց բնապահպաններ համարողներ աղմուկ են բարձրացնում, թե իբր Հայաստանի բնությանը հարված է հասցվում, և որ իրենց անձնական շահի համար ոմանք կտրում են անտառները։

Սակայն, ինչպես նշեց վարչապետը «Կառավարական ժամ» հաղորդման ժամանակ, անցումային փուլում գտնվող մեր երկրի համար առաջնային է տնտեսության զարգացումը, և որ դագաղագործության զարգացմանը զուգահեռ գրանցվել է տնտեսական աճ` 12,8 % -ով։ Այսպես, անցյալ տարի արտադրվել է 35 հազար դագաղ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածի համեմատ արտադրվել է 2,5 անգամ ավելի։ Բացի այդ դագաղագործության զարգացման շնորհիվ մենք ներմուծող երկրից հետզհետե դառնում ենք արտահանող։ Կտրված ծառերի տեղն էլ դատարկ չի մնում, և որևէ անապատացման վտանգ էլ չի սպառնում երկրին։ Այդ տարածքներում կառուցվել ու կառուցվում են ժամանակակից հարմարավետ գերեզմանոցներ։

Քաղաքաշինության նկատելի հաջողություն էր մայրաքաղաքի Շորբուլաղ-Դիարբեքիր համայնքի տարածքում գտնվող անտառի տեղը կառուցված «Սենատ» գերեզմանատուն-դամբարան համալիրը, որի բացումը կատարեց անձամբ Հանրապետության նախագահը։ Շենքի ճարտարապետական հետաքրքիր լուծում էր գտել ճարտարապետ Նապոլեոն Սահրադյանը. այն «Տրի բոգատիրյա» բոմբոներկայի տեսք ուներ, տանիքին ձիեր հեծած ռուս հսկաների` գույնզգույն քարերով արված խճանկարն էր, իսկ ներսը գերեզմանների նախշավոր շարքերն են, որոնց մեջ շոկոլադե սալիկների պես պետք է տեղադրվեն հանգուցյալները։ Մինչ շահագործումը Սենատը մի շաբաթ բաց էր ցուցադրման համար, որպեսզի ազգաբնակչությունը համոզվեր, թե ինչ գեղեցիկ ու հարմարավետ հանդերձյալ կյանք են կառուցել մեր շինարարները։

Այցելուներին սրահները ցուցադրելու համար հետաքրքիր ձև էր ընտրել դամբարանի ադմինիստրացիան. հատուկ պատրաստված գիդերը այցելուներին պտտեցնում էին սրահներով նրանց ականջից բռնած, որ այցելուն ինքնուրույն կողմնորոշվելու համար նեղություն չկրի։

Այդպիսի գեղեցիկ գերեզմանոցներ կառուցվեցին նաև մայրաքաղաքի Պալարաձև զբոսայգում։ «Անդորր» դամբարանում, որն իր հորինվածքով հիշեցնում էր Ռաֆայելո քաղցրավենիքի տուփը, նախապես գերեզման են գնել ֆրեզնոյաբնակ Հիլդա և Նուբար Բալյանները. «Մենք շատ կուրախանանք, երբ ականատեսը կըլլանք այս քեղեցիկ շինությունների գառուցումին, որ կկատարվի հայրենիքին մեջ։ Այսպիսի քեղեցիկ քերեզմաններ աշխարհին մեջ ոչ մեկ տեղ կա։ Եւ փափագ հայտնեցինք մեզ համար գնել քերեզման մը, ուր բիտի հավիտյան հանգրվան ստանանք։ Ամեն տարի կուգանք և կայցելենք մեր քերեզմանին։ Ու ամեն տարի ավելի քեղեցկացած կգտնենք հայրենիքը»,- ասաց պարոն Բալյանը «Հայ լուր» հաղորդման ժամանակ։

Այսպիսով, ինչպես նշեցինք, դագաղագործությունը իր հետ զարգացրեց նաև քաղաքաշինությունը։

Մյուս կողմից էլ, այդ աննախադեպ վերելքին Աղաջանովը չէր հասնի, եթե չլինեին տեղական գործարարների համար իշխանությունների ստեղծած բարենպաստ պայմանները։ Տեղական արտադրանքը խրախուսելու համար Ազգային ժողովը տասնապատիկ բարձրացրեց ներմուծվող դագաղի, փայտանյութի և հացահատիկի մաքսերը, որպեսզի զարգանա տեղական արդյունաբերությունը։

Իհարկե այս որոշումից հետո Գրանդ Sun-flowero-ի արտադրանքը գնում են միայն անապահով խավերը, որոնք ի վիճակի չեն գնել արտասահմանյան անալոգները։ Եւ, հետևաբար, 40 տարեկանում մեռնելուց խույս տալու համար ավելի հարուստները նախընտրում են արտասահմանյան մթերք։ Իհարկե այս անհավասարությունը առաջացրել է ժողովրդի մեջ որոշ դժգոհություն, որն օգտագործում է ընդդիմությունը։ Սակայն Գրանդ Դագաղոյի լաբորատորիայի աշխատակիցները պարզել են, որ արտասահմանյան անալոգները մարդուն չեն պաշտպանում վաղահաս մահից։

Նույն «Անլռելի տեղեկատուով» Աղաջանովը զարմանք հայտնեց մեր քաղաքացիների ճաշակի նկատմամբ, որոնք, ավելի թանկ վճարելով, գնում են ավելի անորակ արտադրանք. «Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ գնում, մուսուլմանական մթերք են առնում, որն ուտելուց հետո հայտնի չէ, թե մարդ երբ կմեռնի, գուցե մինչ երեսու՞ն տարեկանը։ Պարզվում է, այո, շատ ավելի շուտ են մարդիկ վերածվում հանգուցյալի` արտասահմանյան մթերք օգտագործելիս։ Մեր արտադրանքը հստակ փորձաքննություն է անցել, ու հայտնի է, որ մեռնում են քառասուն և անց մարդիկ։ Նման հայտնագործություն, որ հստակ հայտնի լինի մարդու մեռնելու տարիքը, աշխարհի ոչ մի երկրում արված չէ»։ Ի դեպ, և անկախ, և միջազգային, և պետական փորձագետները խոստովանում են, որ աղասիկից չեն մահանում 40-ը չբոլորած անձինք, և այդ առանձնահատկությունը բարձր են գնահատում։ «Սոցիոյարդ» անկախ սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ աղասիկ օգտագործողները չեն մեռնում մինչ 40 դառնալը։ Աղաջանովը նաև հպարտությամբ ասաց, որ աղասիկով հետաքրքրվել են մի շարք երկրների գործարարներ, ու շուտով հումքը կարտահանվի։

Նա նաև ցույց տվեց երկրի տնտեսական ստրատեգիան. «Տեսեք, մեր երկրում 70 տոկոս գործազուրկ կա, որի 75 տոկոսը քառասունն անց են: Այդ շերտը լիկվիդացնելով` մի կողմից դագաղի սպառումից առաջացած հարկերը կլցվեն պետբյուջե, մյուս կողմից` գործազուրկների թիվը կտրուկ կնվազի մինչև 20 տոկոս։ Փոխարենը բացվում են նոր աշխատատեղեր` քաղաքաշինության, տեքստիլի և այլ բնագավառներում, ու գործազրկությունը ևս կիջնի 20 տոկոսով, և հետևաբար կլուծվի աշխատանքի պրոբլեմը»:

Գրանդ Դագաղոյին ժամանակին օգնության հասան հայ արվեստագետները, որոնք սկսեցին գովազդել հայրենական արտադրանքը։ Մաշտոցի պողոտայի վրա փակցված 6 մետրանոց ցուցապաստառին` երգիչ Ժոզեֆ Պնակյանն է պառկած դագաղի մեջ և ուրախ բերանն է տանում Sun-flowero-ի թխվածքը. և մակագրությունը` «Օգնենք մեզ, գնենք մերը»։

Գրանդ Դագաղո Հոլդինգի գործունեության տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, որ կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում, Հանրապետության նախագահը Sun-flowero-ից մահացած հանգուցյալների հարազատներին ասաց, որ հանգուցյալները իրենց ներդրումն են կատարել հայ արդյունաբերության զարգացման մեջ, և նրանց հիշատակը հավերժ կմնա սերունդների հիշողությունում։

«Ես հանձնարարել եմ գիտության և կրթության նախարարին, որ մահվան ծրագրով բոլոր մահացածների անունները մտցվեն դպրոցական հայոց պատմության դասագրքում, և հանձնարարվի աշակերտներին անգիր սովորել այդ անունները»,- ասաց նախագահը։ Նա նշեց, որ իրականում այդ մարդիկ մեր կողքին են, որի վկայությունն է նրանց շնորհիվ անզեն աչքով երևացող երկրի տնտեսական զարգացումը։

Այնուհետև նա հայտարարեց, որ ինքը աջակցելու է մահվան ծրագրին, և հակահարված տվեց այն գործիչներին, որոնք աղմուկ են բարձրացրել հաճարենիների օգտագործման և ընդհանրապես մահվան ծրագրի դեմ։

«Այդ նույն մարդիկ, որ ելույթներ են ունենում մահվան ծրագրի դեմ, ժամանակին փակել տվեցին մեր քիմիական արտադրությունները և մեր տնտեսությունը հասցրին ճգնաժամի: Այդպիսի ելույթներ կարող եք կարդալ Բաքվի մամուլում։ Իսկ ինչ վերաբերում է աղասիկին, ապա այդ հայտնագործությունը միայն կարող է հպարտություն առաջացնել ամեն հայ մարդու մեջ։ Աշխարհի գիտնականները պայքարում են, թե ինչպես երկարացնեն մարդկանց կյանքը։ Եւ միայն Գրանդ Դագաղոյի ու հայ գիտնականների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել աղասիկին, որ կարճացնում է մարդու կյանքը»։ Նա ասաց նաև, որ, ճիշտ է, 40 և բարձր անձինք դառնում են հանգուցյալ, բայց փոխարենը մենք ունենում ենք հստակ դեռ 40-ը չլրացած առողջ քաղաքացիների հասարակություն, որ աճելու միտում ունի։

Տոնակատարության ժամանակ նախագահը սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան հանձնեց աղասիկի ստեղծման գիտական խմբի ղեկավար ակադեմիկոս Հենրի Բարխուդարյանին։

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալից օրն է,- իր շնորհակալական խոսքում ասաց ակադեմիկոսը,- վերջապես իմ տարիների գիտական աշխատանքը ըստ արժանվույնս գնահատվեց։ Ասեմ, որ ակադեմիան իմ տունն է, և ես կարող եմ շարունակել իմ գիտական գործունեությունը նույնիսկ առանց աշխատավարձի» (Նշենք, որ ակադեմիական գիտությունը բյուջեի սուղ միջոցների հաշվին չի կարող գոյատևել, հետևաբար գիտնականներին ուղղակի փրկություն էր Գրանդ Դագաղոյի կողմից նրանց տրված ամսական 50 դոլար թոշակները)։

Հարկ է նշել, որ ակադեմիկոս Բարխուդարյանի եղբայրը` Համլետ Բարխուդարյանը, հաջողությամբ իրականացնում է հեռուստատեսային «բարի դագաղ» վիճակախաղը։ Նոր գովազդային տեսահոլովակում ասվում է` մահապարտի օրվան նվիրված բարի դամբարան խաղարկությանը, եթե բռնեք երեք դագաղ, կշահեք 100 հազար դրամ, երեք կատաֆալկ` վեց հարյուր հազար դրամ, երեք դամբարան` և դուք հաջողության փուլում եք։

Հանրապետության նախագահը նաև Մովսես Խորենացու շքանշան հանձնեց Սլավիկ Աղաջանովին և նրա ձեռքը սեղմելով ասաց. «Սլավա, ամեն քառասունն անցի դիմաց դու պետք է այնպես անես, որ ծնվի երեք քաղաքացի,- ու ծիծաղելով կատակեց,- հակառակ դեպքում ձեռնարկությունդ ձեռքիցդ կառնենք»:

ճիշտ է, Գրանդ Դագաղոն ծննդաբերությունը խրախուսելու նպատակով ամեն նորածնի համար բացված հաշվեհամարին փոխանցում է 10 դոլար, սակայն, ըստ վիճակագրության, դեռևս ամեն մահացածին փոխհատուցվում է մեկ նորածին: Գրանդ Դագաղոյի լրատվական ծառայության պետը` Սվետլանա Սարիբեկյանը հայտնում է, որ ծննդի աճը բարձրացնելու նոր ծրագիր է մշակվում, ըստ որի հացամթերքի մեջ կօգտագործվեն այնպիսի պրեպարատներ, որոնք կբարձրացնեն քաղաքացիների սեռական ակտիվությունը: Հավանաբար այն կկոչվի ռոզիկ (ի հիշատակ Աղաջանովի տատիկի)։ Տիկին Սվետլանան ուրախությամբ նշեց, որ ի տարբերություն արտասահմանյան անալոգի, այն էրեկցիա կառաջացնի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց շրջանում։

Բացի այդ ԱԺ- ում օրերս ընդունվեց օրենք, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր կկանգնեցնեն հղիությունը արհեստական ճանապարհով (հանցագործին սպառնում է 5-10 տարի ազատազրկում): Օրենքը ընդունվեց միաձայն, քանի որ ծննդի աճը շահավետ է և Գրանդ Դագաղոյի շահերը ներկայացնող պատգամավորներին, և հանրապետության մյուս գիգանտ ձեռնարկության` Ինթերնեյշնլ Թրավըլ Հոլդինգի պատգամավորներին, որ կազմակերպում է Հայաստանից Եվրոպական երկրներ մեր հայրենակիցների տեղափոխումը։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ երկու խմբավորումների մոտեցումները համընկնում են, քանի որ տնտեսության երկու ճյուղերի համար էլ անհրաժեշտ է ծնելիության բարձրացումը։ Մինչ այս որոշումը նրանք մշտական թշնամանքի մեջ էին։ Գրանդ Դագաղոյի բիզնեսը խոչընդոտում էր մյուսի` Ինթերնեյշնլ Թրավըլի զարգացմանը, քանի որ երբ աճում էր մահացողների թիվը, բնականաբար նվազում էր արտասահման մեկնել ցանկացողների քանակը։ Մյուս կողմից` Թրավըլին աջակցող մամուլը շահարկման առարկա էր դարձրել աղասիկը, իրենց հրապարակումներում մանրամասն նկարագրում էր մահացածների տանջանքները, որ սարսափ տարածվի ազգաբնակչության մեջ, ու, հետևաբար, մեկնողների թիվը աճի։ Այս հակամարտությունը, որ «Օրագիր» օրաթերթում վերնագրվել էր «Թրավըլը պատերազմ է հայտարարել Դագաղի մաֆիային», այնքան սրվեց, որ երկու խմբավորումների մեջ եղան մի շարք զինված բախումներ, որոնք խլեցին առնվազն 12 մարդկային կյանք։ Արհեստական վիժումների դեմ օրենքը վերջապես հաշտեցրեց այդ երկու գործարար շրջանակներին։ Սակայն շատ քաղաքացիներ փորձում են օրենքը շրջանցել և նույնիսկ բանտում հայտնվելու սպառնալիքի տակ ընդհատել հղիությունը։

Ակադեմիկոս Բարխուդարյանը «Անմեղության կանխավարկած» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց. «Մեր ժողովուրդը օրենք չի սիրում: Օրենքը ատելի է և ստորին խավերում, օրենքը ատելի է և վերին խավերում։ Ինչ խախտումներ էլ լինեն, ինչ այլանդակություն, այդ ամբողջը ժողովուրդն է, այս ժողովուրդը քաղաքակրթությունից դուրս է ընկած»: Նա նաև ավելացրեց, որ այս պայմաններում շատ դժվար է նախագահի համար իրականացնել իր ծրագրերը. «Նախագահը գտնված է, նա ամենահարմարն է և ամենաօրինակելին, իմ կարծիքով նա ունի փայլուն հատկություններ, նա նուրբ, ուժեղ քաղաքագետ է, ծնունդով այդպիսին է, դնենք նրան ուժեղ մեքենայի վրա, Միացյալ Նահանգների պրեզիդենտի աթոռին, կտեսնեք` ինչպես կկառավարի»:

Սակայն, այսուհանդերձ, աղասիկի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել։ Մասնավորապես Եվրախորհուրդը պահանջում է արտադրությունից հանել աղասիկը։ Հայաստանը Եվրախորհրդի առաջ պարտավորվել է 3 տարվա ընթացքում դադարեցնել աղասիկի արտադրությունը, սակայն արդեն 4-րդ տարին չի կատարում պարտավորությունը։

Այս կապակցությամբ «Հայ լուր» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը` Սերյոժա Բաղդասարյանը, ասաց, որ ի տարբերություն ընդդիմության, որ անիրագործելի խնդիրներ է առաջ քաշում, իրենք ավելի իրատեսական են նայում մահվան ծրագրին.«Եկեք ընդունենք, որ ազգաբնակչության մեջ դժգոհություններ կան մահվան ծրագրի դեմ, շատերը չեն ցանկանում քառասուն տարեկանում մեռնել։ Քանի որ մեր երկիրը անցումային փուլում է գտնվում, հետևաբար մենք չենք կարող հրաժարվել մահվան ծրագրից։ Սակայն հնարավոր է այնպես անել, որ մարդիկ մի քիչ ավելի երկար ապրեն։ Ես ԱԺ ներկայացրել եմ օրենքի նախագիծ, որ աղասիկը ոչ թե 40 տարեկանում ազգաբնակչությանը մահացնի, այլ` 45-ում, իսկ ևս երկու տարի անց` արդեն 50-ում։ Կարծում եմ` մեր գիտնականները կարող են այդպիսի աղասիկներ պատրաստել։ Ի դեպ նախագիծը անցել է Եվրախորհրդի փորձաքննությունը»։

Իսկ Դաշնակցության ներկայացուցիչ Հրաչյա Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գրանդ Դագաղոն իրականացնում է դաշնակցության ծրագրերը. «Մեր ծրագիրն է «Մահ կամ ազատություն»։ Ազատությունը իրականացվել է, մեր երկիրը ազատ է, մնացել է իրականացնել մահվան գաղափարը, որ հաջողությամբ անում է Գրանդ Դագաղոն»։ Նա ասաց, որ մարդիկ ոչ միայն պատերազմի ժամանակ պետք է իրենց կյանքը տան հայրենիքին, այլև` խաղաղ պայմաններում։ Պարոն Հովհաննիսյանը նաև քննադատության ենթարկեց այն քաղաքացիներին, որոնք խուսափում են տեղական հացամթերք գնել և նախընտրում են թուրքական արտադրանքը. «Ինչ ասես, քաղաքացիների ցածր ազգային գիտակցության արդյունք է դա»։

Իհարկե, ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներն են միանշանակ դեմ արտահայտվում մահվան ծրագրին։ Օրինակ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ Արշավիր Սադոյանը ոչ թե ծրագրին է դեմ, այլ տնտեսական քաղաքականությանը։ Այդ մասին նա հայտնեց «Ալտերնատիվ լուր» հեռուստահաղորդման ժամանակ. «Մեր ժողովուրդը միայն այս պահին ապրողները չեն։ Ազգը ապրում է դարերի մեջ, անցյալում, ներկայում և ապագայում։ Հետևաբար հանգուցյալները չեն մեռել, նրանք մեր ագզի մասնիկն են, որոնք իրենց մահով նպաստում են տնտեսության զարգացմանը, այդպես էլ դեռ չծնվածներն էլ են մեր ազգի ներկայացուցիչները,- ապա ավելացրեց,- ես դեմ եմ ոչ թե մահվան ծրագրին, այլ տնտեսության կլանային կառուցվածքին, որ դագաղագործությունը լինի մի անձի մենաշնորհը։ Դա հակասում է ազգային ժողովրդավարական գաղափարներին։ Պետք է լինի ազատ մրցակցություն, որ երկրում իրոք զարգանա տնտեսությունը։ Սակայն Նախագահը, հովանավորելով որոշակի կլանի, խոչընդոտում է դագաղագործության զարգացմանը»։

Եւ իրոք։ Դագաղի արտադրության մենաշնորհային լիցենզիան 30 տարով տրված է Գրանդ Դագաղոյին։ Հետևաբար դագաղի գները չեն իջնում, ամենաէժանը արժե 100 դոլար։ Որոշ քաղաքացիներ, դագաղ գնելու համար չունենալով միջոցներ, վաճառում են բնակարանները։ Սակայն Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ դժվարությունները ժամանակավոր են. ընտանիքի միջին տարիքի և տարեց անդամների մահանալով, բնականաբար ընտանիքի ծախսերը քչանում են։ Մեկ քառասուննանց կորցնելով` յուրաքանչյուր ընտանիք տարեկան խնայում է մոտ 400 դոլար, հետևաբար մեկ տարում ոչ միայն դագաղի գինն է փոխհատուցվում, այլև հավելյալ ֆինանսներ են մտնում ընտանիք։

Թեև Գրանդ Դագաղո Հոլդինգը միակ դագաղ արտադրողն է և հանրապետությունում չունի մրցակից, սակայն, այնուամենայնիվ, նա գովազդում է իր արտադրանքը։

Գովազդային տեսահոլովակը նկարահանել է տաղանդավոր մուլտիպլիկատոր Սարկիսյանցը։ Հեռուստատեսության էկրանին, հարազատների լացուկոծի ուղեկցությամբ, ծեր հանգուցյալին դնում են դագաղի մեջ ու ծածկում Sun-flowero-ի լահմաջոյով։ Հետո դագաղը վեր են բարձրացնում։ Պարզվում է, որ մարդիկ լահմաջո են բարձրացրել, որին մակագրված է` «Ով չուզի հայի լավը»։ Բացում են լահմաջոն, և միջից ճչում է նորածին երեխան։ Հարազատների լացը վերածվում է խնդության, ու նրանք մինչև լույս քեֆ են անում։

Վերջերս կառավարության մշակած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում ԱԺ-ն որոշում է ընդունել թափանցիկ դարձնել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Ըստ այդմ` Գրանդ Դագաղոն պարտավորվել է թափանցիկ դագաղներ արտադրել։ Առաջին թաղումները թափանցիկ դագաղներով շատ արդյունավետ եղան։ Հանգուցյալների հարազատները, տեսնելով դագաղի մեջ հանգրվանողին, ամբողջությամբ համոզվում էին, որ վերջին հրաժեշտն են տալիս ոչ թե մեկ ուրիշ անձի, այլ` իրենց հարազատին։ Սակայն ավանդական փայտյա դագաղների արտադրությունը չի դադարեցվելու։ Ուղղակի փայտյա դագաղների խմբաքանակները կարտահանվեն։ Նաև ասեկոսեներ են պտտվում, որ ոչ բոլոր քաղաքացիներն են օգտվում թափանցիկ դագաղներից, այդպիսով խոչընդոտելով կոռուպցիայի դեմ պայքարը։ Կարտահանվեն նաև թափանցիկ դագաղներ։ Մասնավորապես մեր հարևան Վրաստանը ցանկություն է հայտնել օգտագործել հայաստանյան փորձը և կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել թափանցիկ` ներմուծելով թափանցիկ դագաղներ։

Թափանցիկ և փայտյա ավանդական դագաղներով չի սահմանափակվում Գրանդ Դագաղոյի տեսականին։ Հայկական արտադրանքի արմպրուդէքսպո ցուցահանդեսում ներկայացված էին 6 տեսակ դագաղներ` ավանդական, դագաղ լյուքս (կզաքիսի մորթով պատված), դագաղ նոյյան (առավել լայն` նախատեսված հանգուցյալ ամուսինների համար), դագաղ բյուրեղ (հախճապակյա), դագաղ ռոյալ (օդափոխիչով և ամորտիզացիայով) և դագաղ VIP ։ Հանրապետության նախագահը այցելեց ցուցահանդես և առանձնակի ուշադրություն դարձրեց Գրանդ Դագաղոյի արտադրանքին։ Փորձելու համար որակը նա պառկեց ռոյալ դագաղի մեջ, և դուրս գալով այնտեղից ասաց. «Իսկապես հարմար է»։ Նախագահը հրաժարվեց համտեսել Գրանդ Sun-flowero-ի արտադրած խմորեղենը, քանի որ իսկապես նա քաղցր չի օգտագործում։

2003թ.

Entry filed under: պատմվածք. Tags: , .

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor Hostel Hostages: Elderly and infirmed refugees live last days in miserable conditions

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: