Ո՞վ է ստուգում միսն ու կաթը. անարդյունավետ անասնաբուժական միջոցառումները սպառնում են առողջությանը

26.09.2003 at 00:00 2 комментария

Ամեն տարի Եվրամիությունից ստացած գրանտով Հայաստանում միջոցառումներ են անցկացնում կենդանիներից մարդուն անցնող հիվանդությունների դեմ: Միայն այս տարի բրուցելյոզ, տուբերկուլյոզ, դաբաղ և սիբիրախտ հիվանդությունների դեմ պայքարի վրա ծախսվելու է 950 միլիոն դրամ (մոտ 1,6 միլիոն դոլար)։

Սակայն այս տարի, անցյալ տարիների նման, սպառողներն արդեն հիվանդացել են սիբիրախտով վարակված մսից, ինչը կարող էր մահացու լինել: Գրանցվել են բրուցելյոզով հիվանդության 100-ից ավելի դեպքեր։ Մշտապես կենդանիների մեջ կա դաբաղ հիվանդությունը, որ պաշտոնապես հերքվում է։

Օգոստոսին «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը շահել է հետաքննող լրագրողների դրամաշնորհ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության լրատվամիջոցների օժանդակության «Այրեքս/Պրոմեդիա» ծրագրից և հանձնարարություն է ստացել ուսումնասիրել, թե Հայաստանում ինչպես են պայքարում այս սակավադեպ, սակայն առողջության համար պոտենցիալ մեծ վտանգ սպառանցող հիվանդությունների դեմ:

Սիբիրախտ. անասնապահները նույնպես քաջատեղյակ են դրա ահավոր հետևանքներին

Սիբիրախտի պատվաստման ուշացման պատճառով Արա Գրիգորյանը կորցրեց իմ միակ կովը, որը նաև նրա եկամտի միակ աղբյուրն էր: «Հայի բախտ ա», — ասում է նա:

Հուլիսի 13-ին Կոմիտասի շուկայի անասնաբուժական ծառայության աշխատակիցները Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից բերված տավարի մսի մեջ հայտնաբերեցին սիբիրախտի բացիլ։

«Մեր գյուղում սիբիրախտ առաջին անգամ եղավ, — ասում է Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը, — ե՞րբ ա մեկ էլ եղել, ես չեմ լսել։ Պատճառն էն ա, որ պետական միջոցառումները չէին կատարել»։

Սիբիրախտով վարակվել էր 70-ամյա Արա Գրիգորյանի միակ կովը։

«Երկու օր քյափանակի (անասունների թոքերի հիվանդություն) դեղ տվի, բայց չօգնեց, ընկավ մայթին, ես էլ մինչև սատկելը մորթեցի, տվի տղիս՝ տանի Երևան ծախի, պարզվեց՝ սիբիրախտ ա», — պատմում է գյուղացին։

Սիբիրախտի պատվաստումը, ըստ պետականորեն հաստատված կանոնակարգի, պետք է արվեր գարնանը, սակայն չէր կատարվել։ Հիվանդության հայտնաբերումից հետո միայն Բաղրամյանի շրջանի անասնաբուժական ծառայության աշխատակիցները կատարեցին գյուղի անասունների պատվաստումները։

«Սիբիրախտ» բառը հոմանիշ դարձավ ահաբեկչությանը, երբ 2001 թվականին ԱՄՆ-ում փոստային փաթեթներով տարածվում էր սիբիրախտի փոշին (բազմիցս ավելի մահացու, քան բնական հարուցիչը)՝ առաջ բերելով ազգային հիստերիա: Այդ տարի Հայաստանում գրանցվել էր հիվանդության 18 դեպք:

Անցյալ տարի վարակվել են ևս երեք հայաստանցիներ։ Բացի այդ սիբիրախտով վարակված մսից սատկել են կենդանաբանական այգու երեք մեծ կատվազգիներ։ Խորենացի փողոցի մսի շուկայում անասնաբուժական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են սիբիրախտով վարակված միս։

Այս տարի պաշտոնապես սիբիրախտի միակ գրանցված դեպքը Երվանդաշատինն է։ Սակայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Գոհար Թամազյանը ասաց, որ հուլիսին հիվանդանոցում մի մարդու մաշկային սիբիրախտ են ախտորոշել։

Սիբիրախտը, որի բացիլները ժամանակին կիրառվում էին զանգվածային ոչնչացման զենքերում, ամենավտանգավոր հիվանդություններից է, որը փոխանցվում է վարակված միսն ուտելուց կամ դրա հետ շփումից (Հայաստանում գրանցվել է միայն երկրորդը)։

Սիբիրախտի առավել ծանր տեսակները կարող են մահացու լինել։ Առավել թեթև դեպքերում նկատվում է բարձր ջերմություն, իսկ մաշկային սիբիրախտի դեպքում անդամներն ուռչում են, իսկ մաշկը գունաթափվում է:

2001 թվականին սիբիրախտով վարակվածներից է Արմավիրի Մայիսյան գյուղի բնակիչ Գեղեցիկ Սարգսյանը:

«Հարևանի անասունը հիվանդ էր, մորթեցին, միսը առանք։ Միսը լվացի, էփեցի, կերանք։ Հաջորդ օրը մատս փուշ էր մտել, տեղում դուրս տվեց, ոնց որ մի մեծ սև աչք,- ասում է նա՝ ցույց տալով ձեռքի երկար սպին: — Մյուս օրը թևս ուռեց ու տաքությունս բարձրացավ։ Արմավիրում բժիշկը վերքս մաքրեց ու տուն ուղարկեց։ Մեր հարևանի ձեռքին, որ մորթել էր անասունը, չորս աչք էր դուրս եկել։ Արմավիրի մի բժշկուհի ախտորոշեց սիբիրախտ»։ Նույն մսից Մայիսյանում չորս հոգի հիվանդացել էին մաշկային սիբիրախտով։

Անասուններին սիբիրախտը անցնում է հողից, որտեղ բացիլը սպորավորված վիճակում կարող է մնալ հարյուրավոր տարիներ։ Երբ խոտը նոսրանում է ու կարճ է լինում, անասունը այն պոկում է գետնի մակերեսից և խոտի հետ վերցնում հողը ու վարակվում սիբիրախով։

Սիբիրախտի դեմ կատարված պատվաստումը պաշտպանում է վարակից անասունների մոտ 80 տոկոսը: Գյուղնախարարության պաշտոնյաները սիբիրախտի ամեն մի դեպքից հետո ասում են, որ սիբիրախտով կարող է վարակվել նաև պատվաստված անասունը։

Սակայն Հայաստանում վարակված կենդանիները պատվաստված չեն եղել։

«Տեսականորեն պատվաստված կենդանին կարող է վարակվել սիբիրախտով, — ասում է Գյուղակադեմիայի պրոֆեսոր Սուրեն Գրիգորյանը, — բայց պիտի համընկնի, որ թույլ իմունիտետ ունեցող կենդանին սիբիրախտով վարակված հող կուլ տա։ Դա քիչ է պատահում։ Հայաստանում սիբիրախտի առաջացման պատճառը ժամանակին պատվաստումներ չկատարելն է։ Սիբիրախտի դեպքերը հնարավոր է շատ ավելի լինեն։ Մենք միայն գրանցվածների մասին ենք իմանում»։

Բրուցելյոզ. խրոնիկ հիվանդույունը ամբողջ կյանքը կարող է ուղեկցել

«Անցյալ տարի գարնանը 10 ոչխարներս վիժեցին, — պատմում է Իրինդ գյուղի բնակիչ Հրանուշ Հիպոյանը, — ասի՝ էս ի՞նչ բան էր, էկան ստուգեցին, պարզվեց բրուցելյոզ է։ 13 հատ գարնանը գտան, 5 հատ էլ աշնանը։ 31 ոչխարից հինգն է մնացել։ Չգիտեմ, գուցե սրանք էլ են հիվանդ։ Էս տարի ուր է, չեն գալիս ստուգեն։ Ես ի՞նչ անեմ, մեղավո՞ր եմ»։

Իրինդի 4 թաղամասերից մեկում, ուր բնակվում է Հրանուշը, գրեթե ամեն տան անասունների մեջ հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ կենդանիներ։

Հրանուշը ու իր որդին նույնպես անցյալ տարի վարակվել են ոչխարներից: Հիվանդությունը երկարատև է:

«Անցյալ տարի կաչկա կքշեի, — ասում է Հրանուշը, — էս տարի չեմ կարա, կանգնեմ՝ օսկորներս կցավան։ Տղաս ու ես կքրտնեինք, տաքությունը կբարձրանար։ Սրսկումներ ընդունեցի, բայց չի անցներ»։

Անցյալ տարի Իրինդի 820 բնակչից 17-ը հիվանդացել է բրուցելյոզով։

Բրուցելյոզը փոխանցվում է կաթի ու մսի միջոցով։ Վարակվում են նաև, երբ բաց վերքը դիպչում է վարակված անասունի մսին կամ արտաթորանքին։

Տարբերվում է խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների և խոզերի բրուցելյոզ։ Ամենավտանգավորը մանր եղջերավորների բրուցելյոզն է, որ կարող է մահացու լինել։ Հիվանդ մարդուց մարդը չի վարակվում:

Հիվանդների մոտ կեսը բրուցելյոզից վերջնական չի բուժվում, և ինչպես Հրանուշ Հիպոյանի դեպքում, հիվանդությունը անցնում է խրոնիկ փուլ, որին հատուկ է հոդացավ և բարձր ջերմություն, հատկապես խոնավ եղանակին։ Հիվանդության սրվելու ժամանակ հիվանդը պետք է հակաբիոտիկներ ընդունի:

Անցյալ տարի Հայաստանում բրուցելյոզով հիվանդացել է 143 հոգի, այս տարվա առաջին յոթ ամիսներին գրանցվել է 64 դեպք։

Հանրապետկան ինֆեկցիոն հիվանդանոցում է պառկած Հաջե Բաքոյանը, որ վեց տարի առաջ է հիվանդացել բրուցելյոզով, սակայն չի իմացել:

«Ձախ կողմս թուլացել էր, բաժակ չէի կարողանում վերցնել։ Վեդիի բժիշկը ասաց, որ ինսուլտ է, ու սկսեցին բուժել ինսուլտի դեմ, — պատմում է նա: — Հետագայում աջ թևս թուլացավ, կասկածեցին ռևմատիզմ։ Երեք տարի շարունակ ջերմությունս ամեն օր բարձրանում էր, ամբողջ մարմնով դողում էի։ Մի օր էլ ամուսինս ասաց՝ կարող է բրուցելյոզ է։ Ստուգեցին, և պարզվեց, որ բրուցելյոզ է»։

Այժմ հիվանդանոցում համեմատաբար լավ է զգում, սակայն գիտի, որ ամբողջ կյանքում բրուցելյոզի ցավերը իրեն չեն լքելու։ Հաջեն չգիտի, թե ինչպես է վարակվել։ Իրենց անասուններին ստուգել են, հիվանդ չեն եղել։ Ամուսինը մսավաճառ է, և ենթադրվում է, որ նա գնված մսից կամ կաթնամթերքից է վարակվել։

Մյուս հիվանդը 10-ամյա Արմենն է Երևանից, որ վարակվել է պանրից։ Քույրը` Թեյմիրան, ասում է, որ իրենց սառնարանում 4-5 տեսակ պանիր է լինում, որ գնում են շուկաներից, ու հավանաբար Արմենը պանրից է վարակվել։

Գոհար Թամազյանը ասում է, որ բրուցելյոզը երիտասարդ հիվանդների մոտ սովորաբար խրոնիկ չի դառնում:

Սակայն իրինդցի Ասատուր Սարգսյանը 20 տարի հիվանդ է բրուցելյոզով:

«Ամեն աշուն-գարուն դեղ կխմեմ, հոդերս կցավա», — ասում է նա։

Անցյալ տարի նրա տասը ոչխարից 2-ի մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել. — «Էդ ո՞նց եղավ, որ մյուսները վարակված չեն։ Բոլորը մի խոյից են զուգավորվել։ Ու՞ր ա, չեն գալիս ստուգեն, որ պարզենք»։ Անասունները վարակվում են հիմնականում սեռական ճանապարհով, և մի հիվանդ ցուլը կամ խոյը բավական է, որ վարակի ամբողջ նախիրը կամ հոտը։ Այդ պատճառով Ասատուրը վստահ է, որ հիվանդ խոյը վարակել է նաև իր մյուս ոչխարներին։ (Անասունները վարակվում են նաև միմյանց արտաթորանքից):

Անցյալ տարի Իրինդի միայն մի թաղամասում 400 անասունի մեջ 40 բրուցելյոզով վարակված հայտնաբերվեց։ Գյուղացիներն ասում են, որ հիվանդությունը սկսել է տարածվել 4 տարի առաջ կողքի Վերին Բազմաբերդ գյուղից, որտեղ մի թաղամասի 400 անասունի մեջ հայտնաբերել է 120 բրուցելյոզով հիվանդ։

Իրինդն ունի չորս թաղամաս, որտեղ պահում են շուրջ 2500 գլուխ անասուն:

Անցյալ տարի ստուգվել են միայն երկու թաղամասերը, իսկ այս տարի այս հոդվածը գրելու պահին Իրինդում ստուգումներ դեռ չեն անցակցվել:

Դաբաղ. պաշտոնյաների հավաստմամբ Հայաստանում այն բացակայում է

Իրինդ. Ահա դաբաղով վարակված մասը:

Անասնաբուժական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա դաբաղ հիվանդություն։

Իրինդում Ասատուր Սարգսյանը բարձրացնում է իր կովի կճղակը ու ցույց է տալիս դաբաղից հիվանդ տեղը:

«Տասը օր տունն ա, տասը օր էլ կմնա, մինչև լավանա», — ասում է Սարգսյանը, որն իր կովի ոտքը բուժում է լուծույթներով։

Գյուղում օրենքով սահմանված 7 պարտադիր պատվաստումներից կատարել են միայն երկուսը, որոնցից մեկը դաբաղն է։ Սարգսյանի հավաստմամբ հարևանի կովերը նույնպես վարակված են դաբաղով։

Այս վիրուսային հիվանդությամբ թեև մարդը վարակվում է (ախտահարվում է բերանի խոռոչը, երբեմն նաև մաշկը), սակայն թեթև է տանում ու շուտ ապաքինվում։

Սակայն վնասը տնտեսությանը կարող է ավելի մեծ լինել, քան ֆիզիկական հետևանքները: Անասունները նիհարում են, ինչպես գյուղացիներն են ասում՝ «տավարը դառնում է տախտակ», ընկնում է կաթնատվությունը։

Երևանից հյուսիս՝ ամբողջ Արագածի վերին հովտում և այլ շրջաններում դաբաղը տարածված է։ Թեև այս հիվանդության դեմ ժամանակին պատվաստել են կենդանիներին, սակայն հիվանդությունը չի անհետանում։ Տվյալ դեպքում դաբաղի տարածումը ոչ թե պարտականությունների թերացման արդյունք է, այլ դեղամիջոցների ցածր որակի:

«Դաբաղ ամենուր կա և մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, — ասում է Սուրեն Գրիգորյանը: — Տարածման պատճառները երկուսն են` մեկ, որ վակցինան անորակ է լինում, ցածր իմունածին հատկություն է ունենում։ Եվ երկրորդ, որ O տիպի դաբաղով շատ են հիվանդանում կենդանիները, քանի որ Օ-ի վակցինան թույլ է»։

Յոթ պատվաստանյութերից դաբաղի պատվաստանյութը միակն է, որ պատրաստվում է Հայաստանում (Անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում)։

Արդյունավետ լինելու համար այս պատվաստանյութը պիտի պահվի մինչև 8 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տեղափոխվի հատուկ սառնարան ճամպրուկներով, եթե օդի ջերմաստիճանը գերազանցում է 8 աստիճանը: Սակայն շրջանների մասնագետներն ասում են, որ անհրաժեշտ քանակով ճամպրուկներ չունեն, և դրա հետևանքով տաք եղանակին պատվաստանյութը վերածվում է ջրի։

Սակայն ձմռանը պատվաստված անասունները նույնպես վարակվում են դաբաղով։

«Ձմեռն էլ հո չի տաքանում պատվաստանյութը, — ասում է Հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Շմիդտ Վարդապետյանը՝ ակնարկելով, որ դաբաղի պատվաստանյութը անորակ է պատրաստվում:

«Արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ», — ասում է նա:

armenianow.com

19, սեպտեմբեր 2003

Անասնաբուժական ծառայության համակարգը փլուզման եզրի՞ն

Ըստ վիճակագրական ծառայության Հայաստանում կա 535 784 խոշոր և 602 560 մանր եղջերավոր անասուն, 111 031 խոզ և 12 141 ձի։ Այս անասնագլխաքանակը պատկանում է 330 հազար տնտեսությունների, որոնց մեծ մասը ունի քիչ թվով՝ 2-20 անասուն։

Եթե Հայաստանում անասունների հիվանդությունների վերահսկողությունը բացակայում է, ապա դա ինչ-որ խելքին մոտ բացատրություն պետք է ունենա:

Առաջին՝ 330 հազար տնտեսություն այցելելը անասնաբույժների համար չափազանց դժվար խնդիր է, և բացի այդ, նույնիսկ այցելելու դեպքում երաշխիք չկա, որ անասունը տանը կլինի, քանի որ նախիրը ցանկապատված արոտավայրերում չեն պահում, այլ տանում են մոտակա սարերը կամ մարգագետինները՝ արածեցնելու:

Նման խնդիրներ չկային խորհրդային տարիներին, երբ անասունները կենտրոնացված էին կոլտնտեսություններում և սովխոզներում: Սեփականաշնորհումը, տվյալ դեպքում մեկ կենտրոնացված ֆերմայից անասունների բաշխումը բազմաթիվ տնտեսությունների միջև, անասուններին բուժելու և հիվանդությունները կանխարգելելու կազմակերպական բնույթի դժվարություններ առաջացրեց:

Պրոֆեսոր Գրիգորյան. — «Հիվանդ անասուններին չի կարելի արոտավայր տանել»:

Երկրորդ՝ անասնաբույժները ցածր են վարձատրվում:

Հայաստանում անասնաբույժը ստանում է ամսական 20 000 դրամ (մոտ 35 դոլար) 2000 անասուն պատվաստելու համար՝ 2 սենթից պակաս ամեն անասունի համար: Պետք է հաղթահարի նաև վերոհիշյալ դժվարությունները և գործ ունենա անասնատերերի հետ, որոնք հաճախ ուրախ չեն անասնաբույժի այցելությանը, որովհետև չեն ցանկանում, որ պետությունն իմանա, թե իրենք քանի գլուխ անասուն ունեն: Հասկանալի է, թե ինչու են այդքան փոքրաթիվ անասնաբույժ-ուսանողները:

Սակայն կան նաև այլ պատճառներ, որոնց մասին պաշտոնյաները դժկամությամբ են խոսում:

Երվանդաշատում սիբիրախտի հայտնաբերումից մի քանի օր հետո անասնաբուժական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը հայտարարեց, որ ամբողջ հանրապետությունում արված են գարնանային միջոցառումները։ Նույնը պնդում է նաև գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի պետ Տիգրան Գասպարյանը։ Սակայն նրանց պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

Իրինդ գյուղում չէին արվել նախատեսված 7 միջոցառումներից 5-ը։ Մասնավորապես չեն արվել մարդու համար վտանգավոր բրուցելյոզի և տուբերկուլյոզի ախտորոշումները և սիբիրախտի դեմ պատվաստումները։

Ըստ գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի տվյալների, այս տարվա օգոստոսի 20-ի դրությամբ Թալինի 42 գյուղերից միայն 9-ում են բրուցելյոզի և տուբերկուլյոզի ախտորոշում արել, և մոտ 100 անասունի մեջ հայտնաբերվել է բրուցելյոզ։ Ըստ Թալինի անասնաբուժական ծառայության տնօրեն Միշա Սիմոնյանի, Թալինի 64 հազար խոշոր ու մանր եղջերավոր անասուններից միայն մոտ 12 հազարն է բրուցելյոզի և տուբերկուլյոզի ստուգում անցել։

«Ճիշտ է, որ գարնանային միջոցառումները մինչև հիմա չեն արվել, բայց մենք մեղք չունենք։ Պատվաստանյութերը ստացել ենք վերջերս», — ասում է Սիմոնյանը։

Անասնաբուժական միջոցառումները իրականացնելու համար կառավարությունը արդեն 2-րդ տարին դեղորայքի ներմուծման մրցույթ է հայտարարում, որի հաղթող կազմակերպություններից մեկի՝ «Հայռուսկենսաարդ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Հակոբյանն ասում է, որ դեղորայքը ստացվել է մայիսին:

Գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժինը մասնավորապես բրուցելյոզի ախտորոշիչը սկսել է բաշխել մայիսի 29-ին, սիբիրախտի պատվաստանյութը՝ հունիսի 10-ին։ Այսուհանդերձ, բաշխումը սկսելուց 50 օր անց Թալինում միջոցառումների դեռ մեկ հինգերորդ մասն էլ արված չէ։

Եվ անգամ եթե անասունները ստուգվեին և պատվաստվեին դեղորայքը ստանալուց հետո, միևնույն է, դա կարող էր արդյունավետ չլինել:

«Միջոցառումները պետք է կատարվեն գարնանը, անասունին արոտավայր տանելուց առաջ, և աշնանը արոտից բերելուց հետո, — ասում է պրոֆեսոր Գրիգորյանը: — Չի կարելի հիվանդ կենդանուն տանել արոտավայր և վարակել արոտները»։

Սակայն շատ բնակավայրեր պատվաստանյութերն ու ախտորոշիչները հասել են այն ժամանակ, երբ անասունները տարված են եղել արոտավայրեր։

Աշտարակի տարածքի «Սարգիս-Նվարդ» ՍՊԸ անասնաբուժական ծառայությունը այս տարի հայտնաբերել է 51 բրուցելյոզով հիվանդ անասուն։ Տուբերկուլյոզ հայտնաբերվել է 2001 թվին։ Անասնաբույժներից մեկը խոստովանեց, որ եթե շրջանում կա 25 հազար խոշոր եղջերավոր անասուն, ապա դրանցից հասցնում են ստուգել և պատվաստել 15 հազարին, քանի որ երբ հունիսին ստացել են նյութերը, մնացած գլխաքանակը տարված է եղել լեռնային արոտավայրեր, որոնց մի մասը 60-70 կմ հեռու է գտնվում։

Անասնաբուժական ծառայությունների համար մրցույթները իրականացվում են երկրորդ տարին։ Անցյալ տարի նույնպես գարնանն են հայտնի դարձել հաղթողները։

«Ճիշտ կլինի, եթե մրցույթի արդյունքները հայտնի դառնան դեկտեմբերին, որ մինչև գարուն՝ միջոցառումների սեզոն, նյութերը բախշված լինեն, — ասում է գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը, — սակայն բյուջեն հաստատվելուց հետո է հայտնի դառնում, թե միջոցառումների համար ինչքան գումար է հատկացվելու։ Մինչև որոշվում է գումարի չափը, ցանկը, թե որ հիվանդությունների դեմ պիտի միջոցառումներ լինեն, գարունը գալիս է»։

Հիվանդ անասունների դեմ պայքարին խոչընդոտում է սեփականաշնորհման մեկ այլ հետևանք:

Դա այն է, որ «Փարոս» նպաստների ծրագրից օգտվելու համար շատերը թաքցնում են, որ անասուն ունեն, քանի որ անասուն ունեցողները զրկվում են նպաստից։

Սակայն երբ անսանաբույժները այցելություններ են կատարում, նրանք պետք է արձանագրեն, թե քանի անասուն են պատվաստել կամ ստուգել: Եվ շատ գործնական տնտեսական նկատառումներով գյուղացիները չեն ցանկանում ցույց տալ իրենց «հարստությունը»՝ գերադասելով թաքցնել անասուններին և ենթարկել նրանց հիվանդանալու վտանգին, քան թե կորցնել հնարավոր ֆինանսական օգնությունը:

Գյուղացիները հաճախ թաքցնում են անասունների գլխաքանակը, որպեսզի խուսափեն արոտավայրի տուրք վճարելուց։ Հողի սեփականաշնորհումից հետո արոտավայրերի համար պետք է վճարել:

Առուճ գյուղում արոտավայրերից օգտվելու համար գյուղացիները տարեկան պետք է մուծեն յուրաքանչյուր մանր եղջերավորի համար 30, խոշորի համար 100 դրամ վարձավճար։ Գյուղապետերը պահում են վճարման փաստաթղթերը և ունեն յուրաքանչյուր ընտանիքի ունեցած անասունների «պաշտոնական» մատյանը: Իսկ անասնաբուժական սպասարկման բաժինը հիմնվում է գյուղապետի ներկայացրած տվյալների վրա:

Իսկ այդ տվյալները հիմնված են վստահության վրա, որը կարող է ոչ ճշգրիտ լինել:

«Տնետուն գնում-հարցնում եմ, ինչքան անասուն ունեք, մի թիվ ասում են, հո գոմ չեմ մտնի ստուգեմ, — ասում է Առուճի գյուղապետը, — Էդպես ընդհանուր թիվը ուղարկում եմ Աշտարակ, էնտեղից էլ էդ չափի պատվաստանյութ են բերում»։

Գյուղապետն ավելացնում է, որ անասնաբույժները ավել պատվաստանյութ են բերում, որպեսզի բավականացնի նաև ցուցակներից դուրս մնացած կենդանիների համար:

Ինչպես Հայաստանի այլ շրջաններում, Աշտարակում նույնպես մանր եղջերավոր անասունների բրուցելյոզի ախտորոշում գրեթե չի արվում։

«Երբ գալիս են արյուն վերցնելու, միայն տավարինն են վերցնում, ոչխարինը իրենք չեն ասում, ես էլ չեմ առաջարկում, չգիտեմ ինչի», — ասում է ֆերմեր Միհրան Մանուկյանը, որ 14 կով և 14 ոչխար ունի։

Աշտարակի անասնաբուժական ծառայության անասնաբույժներն էլ են խոստովանում, որ շրջանում ոչ բոլոր մանր եղջերավոր անասունների արյունն են վերցնում բրուցելյոզի ստուգման համար։

«Ես կարող եմ ասել, որ հանրապետությունում մանր եղջերավորները գրեթե չեն ստուգվում, — ասում է Վարդապետյանը: — Խոշորները անուն ունեն, արյունը, որ վերցնում են փաստաթղթի վրա անասունի անունն են գրում, հետո՝ տիրոջ։ Մանրը ոչ մի նշան չունի։ Մինչև մանրի ականջին համար չկպցվի ու յուրաքանչյուրից ըստ համարի արյուն չվերցվի, բրուցելյոզը չի լինի կանխել»։

Անցյալ տարիներին հանրապետության 40 անասնաբուժական կենտրոնները բրուցելյոզի կանխարգելման կազմակերպման հրահանգ էին ստանում։ Ըստ հրահանգի, եթե բրուցելյոզով հիվանդ անասուն էր հայտնաբերվել, ապա այն պետք է սպանդի ենթարկվեր, տեղանքը պետք է ախտահանվեր ու տարվա մեջ 4 անգամ ամբողջ գլխաքանակի արյունը պետք է ստուգվեր (ապահով տնտեսություններում, որտեղ բրուցելյոզով հիվանդ անասուն չէր հայտնաբերվել՝ տարին երկու անգամ)։ Սակայն այդ հրահանգը չի կատարվել։

Այժմ, ինչպես պարզվեց, նույնիսկ անապահով տնտեսություններում(հիվանդ անասուն ունեցող) տարվա մեջ երկու ստուգում անգամ չեն արվում։

«Եթե 10 միավորանոց սանդղակով գնահատվի բրուցելյոզի դեմ պայքարը, ես 1 կգնահատեմ։ Այսինքն 10%-ով է իրականացվում կանխարգելումը, — ասում է Գրիգորյանը: — Բրուցելյոզը մի գյուղում վերացնեն, մեկում՝ ոչ, ոչ մի արդյունք չի տա։ Պետք է իրականացվեն խորը անասնասանիտարական միջոցառումներ»։

Խորհրդային տարիներին հիվանդ անասունների համար հատուկ սպանդանոցներ կային: Իսկ այսօր, երբ գյուղացիներն իրենք են որոշում կայացնում, նրանք հաճախ մորթում են հիվանդ անասուններին և միսը տանում շուկա:

Հաճախ էլ չեն մորթում վարակված կաթնատու կովերին, որովհետև ընտանիքի եկամտի միակ աղբյուրն են:

Անասնաբուժական սպասարկման կենտրոնները խանութներում և ռեստորաններում ստացվող միսը ամեն առավոտ ստուգում են, և համապատասխան փաստաթուղթ տալուց հետո՝ այն մասին, որ միսը առողջ է, այն դուրս է գալիս վաճառքի։ Սակայն այդ ստուգումների մեջ բրուցելյոզի ախտորոշումը չի մտնում։

«Բրուցեյլոզով հիվանդ միսը եփելուց հետո կարելի է ուտել, — ասում է Կոմիտասի շուկայի լաբորատորիայի վարիչ Վահրամ Գեիկյանը։ Սակայն նա խուսափում է ասել, արդյոք բրուցելյոզով հիվանդ մսից կարելի է կոտլետ պատրաստել։

«Բրուցելյոզով հիվանդ անասունի միսը չի կարելի վաճառել, — ասում է պրոֆեսոր Գրիգորյանը, — ըստ կարգի պետք է լիկվիդացնել։ Բայց ինչպես լիկվիդացնել, երբ պայմաններ չկան։ Գյուղացին իր բակում մորթում է անասունին, տանում վաճառքի և այդպես վարակը տարածվում է»։

Թեև որոշ դեպքերում պարզվել է վարակված մսի տերը, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հայաստանում չկա նաև հիվանդ անասունի համար փոխհատուցման համակարգ (որը գործում է արևմտյան երկրներում):

«Թող կովիս փողը տան՝ չվաճառեմ», — ասաց մի գյուղացի, որ գիտակցաբար իր վարակված անասունի միսը բերել էր Երևան վաճառելու:

armenianow.com

26, սեպտեմբերի, 2003թ.

Այս մասին նաև ավելի թարմ տեղեկություններ այստեղ

Entry filed under: հոդված. Tags: , , , .

Who’s Minding the Meat and Milk?: Ineffectual veterinary measures pose health risk Դատարկ շշեր. Հայաստանի «բոմժերի» դժվար կյանքը

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: