Ընտիր ձեռքերը և արևահեղուկը. այցելություն Քաշաթաղի «աս օդաչու» բժշկին

09.01.2004 at 00:00 Оставьте комментарий

Բժիշկն ասում է, որ զոհաբերել է վիրաբուժությունը ՙայս տարածքին՚

Լինու՞մ է արդյոք այնպես, որ «Սու» կործանիչ ինքնաթիռի օդաչուն սկսի «կուկուռուզնիկ» վարել:

Վիրաբույժ Արցախ Բունիաթյանը թթի օղին լցնում է բաժակները և իրեն համեմատում կործանիչի «աս» օդաչուի հետ: Բժիշկն Աբովյան քաղաքի ժամանակակից հիվանդանոցից ինքն իրեն աքսորել է Քաշաթաղ` «կուկուռուզնիկ», որտեղ վիրահատությունների համար լիարժեք պայմաններ չկան:

«Իմ վիրաբուժությունը ես զոհեցի այս տարածքին», ասում է նա ու թթի օղու առաջին բաժակը խմում։

Թթի օղին քաշում են Հայաստանի հարավային շրջանների և Ղարաբաղի գյուղացիները, և այն նրանց ամենասիրած խմիչքն է։ Օղի քաշում են նաև Քաշաթաղում՝ Ղարաբաղի նորաստեղծ վեցերորդ շրջանում, որը դեռևս շատերին հայտնի է որպես Լաչին:

(Ազատագրումից առաջ Լաչինը Ղարաբաղը Հայաստանից բաժանող ադրբեջանական տարածք էր, որը հայկական ուժերը հետ վերցրին 1992 թվին, իսկ 1993 թվից սկսեցին վերաբնակեցնել այն: 70 տարվա բաժանումից հետո այժմ այն իրար հետ միացնում է Ղարաբաղը և Հայաստանը)։

Օղու անունը արևահեղուկ է կնքել ինքը՝ Քաշաթաղի բուժմիավորման պետ և Բերձորի (շրջկենտրոն) հիվանդանոցի տնօրեն Արցախ Բունիաթյանը։

«Արևահեղուկը աստվածային խմիչք է, դու երբ այն խմում ես՝ ոչնչացնում ես, հետևաբար խմելիս պիտի մեդիտացիա անես, — ասում է բժիշկը ու հետո, ձեռքի բաժակի հեղուկին աչքերը երանությամբ կենտրոնացրած, դիմում է նրան. — դու իմ մեջ կվերածվես բալասանի, դու ինձ կբժշկես, կազատես վատ մտքերից ու ավելի բարի կդարձնես։ Հետո՝ երբ խմում ես, պիտի դեմքդ չճմռթես, որ նրան չվիրավորես»:

Ապա բժիշկը գլխին է քաշում օղին, մաքրում ֆիդայու իր երկար բեղերը ու ժպտում։ Սեղանակիցները մեքենայաբար նույնն են անում նրա հետևից։ Թունդ խմիչքը, որ մոտ 70 աստիճանի է, թեև պարտադրում է դեմքը այլայլել, բայց նրանք դիմանում են ու դեմքի հանգիստ արտահայտությամբ խնձոր դնում բերանը։

Բերձորի հիվանդանոցի իր նեղլիկ գրասենյակում ամեն հյուրի հետ երեք մեդիտացիա է անում բժիշկը։ Օղին թերևս այն հազվագյուտ նվերներից է, որ նա ընդունում է գյուղացիներից։

Բերձորում երկու Հայաստանների միակ հիվանդանոցն է, որտեղ բուժումը իրականում անվճար է։ Հիվանդը հիվանդանոց մտնելու պահից ոչ մի կոպեկ չի ծախսում (Հայաստանի այլ հիվանդանոցներում հիվանդի հարազատները պիտի բերեն սպիտակեղենից սկսած դեղորայքով ու սնունդով վերջացրած բոլոր անհրաժեշտ պարագաները, իսկ բժշկին ու բուժքույրերին առձեռն վճարեն բուժման համար)։

«Եթե մի բժիշկ փող վերցնի, կպատժվի, — ասում է Բունիաթյանը: — Սակայն մենք ամեն հիվանդություն չենք կարող բուժել ու երբ հիվանդին ուղարկում ենք Երևան կամ Գորիս, ընկնում է մի ուրիշ աշխարհ, գիշատիչների ձեռքը, որտեղ պահանջում են գումար, դեղ։ Այնտեղ քաշաթաղցուն երրորդ կարգի մարդու տեղ են դնում, որը չի կարողանում վճարել բուժման ծախսերը»։

Արցախ Բունիաթյանը 69 տարեկան է։ Ղարաբաղյան ամբողջ պատերազմի ընթացքում 92-95 թվերին եղել է դաշտային հոսպիտալի բժիշկ։ Իր պատերազմական տարիների մասին երեք գիրք է հրատարակել։ Ընդամենը հինգ գրքերի հեղինակ է, որոնցից մեկը բանաստեղծությունների ժողովածու է։

Հիվանդներն ասում են, որ նա ՙընտիր ձեռքեր ունի, իսկ սրտի մասին էլ խոսք չկա՚

Պատերազմից հետո կրկին վերադարձել է իր նախկին աշխատանքին Աբովյանի հիվանդանոցում:

«Երեք տարի ընտանիքս չէի տեսել, երեք դուստր էի թողել տանը։ Պատերազմական մսաղացից հետո ինձ դժվար էր համակերպվել քաղաքացիական բժշկությանը»։

Մինչև հարմարվում է, նրան հրավիրում են Քաշաթաղ` հիվանդանոցի բացմանը: «Ինձ հրավիրել էին այստեղ երկու օրով, բայց խաբեցին. բացմանը Ղարաբաղի նախարարը ձեռքս հանձնեց իմ աշխատանքի նշանակվելու հրամանը։ Մտածեցի՝ պատերազմին էդքան ծանր տեղեր եմ եղել, հիմա էլ աստծու կամքն է, ուրեմն մարդկանց պետք եմ»։

Պաշտոնյաները շնորհավորում ու գնում են՝ Բունիաթյանին թողնելով հիվանդանոցի պատերի հետ մենակ:

«Ամիսներ շարունակ ես այստեղ ավելի ծանր օրեր ապրեցի, քան պատերազմի ժամանակ. տեղ չկար հիվանդներին օգնություն ցույց տալու համար, մարդիկ ականների վրա պայթում էին և սարսափելի էր, որ չէի կարողանում օգնել»։

Այժմ որոշ հնարավորություններ ստեղծվել են: Երկհարկանի փոքրիկ շենքի հիվանդասենյակներում իրար կողքի պառկած են տարբեր խնդիրներ ունեցող հիվանդներ, նաև՝ հղի կանայք, որոնք հեռավոր գյուղերից եկել են այստեղ ծննդաբերելու։

70-ամյա Էմման հիվանդ է քաղցկեղով և հիվանդանոցում է արդեն երկու ամիս. նրան այլևս անհնար է բուժել, սպասում են մահվան։

Կողքին Ռոզան է, որ երիկամների հիվանդություն ունի։ Սպասում է, որ ամուսինը հորթը վաճառի և այդ փողով իրեն տանի Երևան բուժման։

Նույն հիվանդասենյակում թոքաբորբով հիվանդ երեք երեխաներ են, որոնց մայրը բերել է հեռավոր լեռնային գյուղից։

Բժշկի հայտնվելուն պես հիվանդ ու հարազատ սկսում են օրհնել նրան. «Ընտիր ձեռքեր ունի, իսկ սրտի մասին էլ խոսք չկա»։

Վիրահատարանը փողոցին նայող մի սենյակ է, որտեղ, ի տարբերություն մյուս սենյակների, առաստաղից մեկի փոխարեն երկու լամպ է կախված:

«Փողոցի փոշին ներս է լցվում, բայց ի՞նչ արած, ճար չունենք։ Բարեբախտաբար բորբոքումներ չեն լինում», ասում է Բունիաթյանը:

Անշուք սենյակին տեսք է տալիս անեսթեզիայի ժամանակակից սարքավորումը, որը հիվանդանոցին է նվիրել ամերիկյան «Ագապի» բարեգործական կազմակերպությունը։ Սակայն այն երբեք չի աշխատել, քանի որ մասնագետ բժիշկ չկա։ Այստեղ կույր աղիքի վիրահատությունից բարդ վիրահատություններ հնարավոր չէ անել։

Գինեկոլոգիան Բունիաթյանի մասնագիտությունը չէ, սակայն նա ստիպված ծնունդներ է ընդունում ու բուժում որոշ կանացի հիվանդություններ, քանի որ մասնագետ չկա։ Ծննդատունը երեք սենյականոց պալատ է։ Սենյակները միացնող միջանցքում մի կին իր նորածնի հետ տեղավորված է մեկ մահճակալի վրա. տեղ չկա երեխային այլ մահճակալում տեղավորելու համար։

Ութերորդ տարին է, որ այս շենքում մեծ, փոքր, կին ու տղամարդ, ինչպես Բունիաթյանն է ասում, գնչուական թափառախմբի պես իրար կողքի անտրտունջ բուժում են ստանում։

Մի բազմատիպ թափառախմբի տեսք ունի նաև ամբողջ շրջանը: «Այս տարածքը դեռ ձեռագիր չունի, — ասում է Բունիաթյանը, — ամեն մեկն իր ավանդույթն է բերել, և միասնական հոգեբանություն դեռ չի ձևավորվել։ Ամենածանր վիճակում գտնվող մարդիկ են եկել այստեղ, ամեն մեկը մի բանից տուժած է կամ տունը կորցրել է՝ մնացել դրսում։ Էստեղ տանիք է գտել»։

Հիվանդանոցում աշխատում է 8 բժիշկ, որոնք բժշկական օգնություն են ցույց տալիս շրջանի բնակչության կեսին (ևս մի հիվանդանոց կա հարավում` Կովսական քաղաքում)։ Ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ (մոտ 80 դոլար)։ Բունիաթյանը երազում է, որ երիտասարդ բժիշկներ գան, որպեսզի իր փորձը փոխանցի նրանց։ Շրջանի համար բժիշկ գտնելը գրեթե անհնար է, քանի որ ոչ ոք չի ուզում գալ այստեղ միայն աշխատավարձով աշխատել և հիվանդներից բուժման համար փող չստանալ:

«Հայոց պատմության ընթացքում ժողովուրդը միշտ բժշկին պահել է, հավ ու ձու է բերել։ Բայց հիմա բժիշկները ուղղակի հոշոտում են հիվանդներին, դարձել են տզրուկներ։ Ի՞նչ Հիպոկրատ, նրան տասն անգամ կախում են,-ասում է Բունիաթյանը, որի համար կոռուպցիան առողջապահությունում ամենացավոտ թեման է: — Գյուղացի կա, որ 4-5 տարվա մեջ հազիվ երկու կով է ձեռք բերել, հիվանդանում է ու էդ կովերին ստիպված վաճառում, որ Երևանում բժշկին վճարի։ Մարդ գերադասում է մեռնել, մենակ բժշկի չդիմի»։

Նա մտավախություն ունի, որ իշխանությունները այս հիվանդանոցն էլ վճարովի կդարձնեն, ինչպես Հայաստանի շատ հիվանդանոցներ:

Առողջապահական մի ծառայություն կա, որ նա մերժում է կատարել…

Բունիաթյանին մոտենում է մի կին ու ցածր ձայնով փսփսում, հետևը կանգնած է ամուսինը։ Բժիշկը կտրուկ ասում է. «Ոչ մի դեպքում, մեզ մոտ արգելված է»։

Կինն ասում է. «Երեք երեխա ունեմ, չեմ կարող պահել»։ ՈՒզում է աբորտ անել։ «Ոչինչ, չորրորդն էլ կունենաս», պատասխանում է բժիշկը ու ամուսիններին թողնում մոլորված կանգնած։

Բունիաթյանը երկու օրենք է մտցրել հիվանդանոցում. առաջին` արգելված են աբորտները:

«Տասից երկուսը գնում են Գորիս աբորտ անելու, ութը ծննդաբերում են ու հետո գալիս ինձ շնորհակալություն հայտնում, որ պտուղը չեմ սպանել», ասում է Բունիաթյանը (շրջանում տարեկան 140-160 ծնունդ է լինում)։

Երկրորդ օրենքն այն է, որ Բունիաթյանի հիվանդանոցում ծնված ցանկացած երեխա պետք է հայկական անուն ստանա: Հիվանդանոցում պատին փակցված է հայկական անունների ցանկը, ծնողները կարող են ցուցակից իրենց զավակի համար անուն ընտրել։

Հիվանդանոցում պտտվելուց հետո «աս» բժիշկը վերադառնում է գրասենյակ ու բաժակները լցնում արևահեղուկով: «Դրսից որ մեզ հյուր է գալիս, մեր հոգու մարտկոցները լիցքավորվում են, իսկ հետո, որ գյուղացին է գալիս, մենք ենք իրեն լիցքավորում։ Խեղճ գիքորներ են, որ քաղաք են եկել, քաղաքն էլ Բերձորն է», ասում է բժիշկը ու դատարկում բաժակը մինչև վերջ:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Magic Hands and Liquid Sun: A visit with Kashatagh’s «fighter pilot» physician Վտանգված երեխաներ. ի՞նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: