Աբխազիայի հայերը. տան պաշտպանությունը անկայուն տարածքում

20.04.2004 at 00:00 5 комментариев

Սուխում

Սուխում

Աշխարհի կողմից չճանաչված Ախազիայի հանրապետության ծովափի երկայնքով սփռված են հայկական բնակավայրեր, որոտեղ խոսում են հայերեն, և երեխաների մի մասը գնում է հայկական դպրոց։ Արդեն Ռուսաստանի հետ սահմանին, որտեղ գործում է սահմանային շուկան, հայերեն խոսակցությունները չեն զիջում ռուսերենին ու աբխազերենին։ Իսկ սահմանն անցնելուց հետո սկսվում է լեզուների խառնարան

հիշեցնող մի երկիր, որտեղ հայերենը ամեն պահի հնչում է մեկ ճանապարհային ոստիկանի, մեկ պատահական կանգնեցված մեքենայի վարորդի բերանից։

Ռուսաստանին սահմանակից Գագրայի շրջանում իրար հաջորդող առաջին գյուղերը հայկական են։ Հայերը Աբխազիայում թվով երկրորդ ժողովուրդն են աբխազներից հետո։ Սակայն հայերի իշխանությունն իր թվի համեմատ սահմանափակ է, և մի շարք բնակավայրերում հայերն իրենց ճնշված են զգում և վախեցած են։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Աբխազիայի հանրապետությունը փռված է Սև ծովի երկայնքով 8,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Նախկինում մտնում էր Վրաստանի խորհրդային հանրապետության կազմի մեջ, որպես ինքնավար հանրապետություն։ Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան սկսեց ընդլայնել իր ինքնավարությունը և անկախանալ Վրաստանից։ 1992թ. օգոստոսին վրացական իշխանությունները փորձեցին ռազմական ուժով Աբխազիան ենթարկեցնել։ Արդյունքում սկսվեց պատերազմ, որը տևեց երկու տարի և ավարտվեց աբխազների հաղթանակով ու Աբխազիայի փաստացի անկախացմանը: 1994թ. ԱՊՀ երկրները որոշում ընդունեցին Աբխազիան շրջափակելու մասին։ Այսպիսով Վրաստանից բացի մյուս ելքը դեպի աշխարհ ռուսական սահմանով փակվեց, ու երկիրը հայտնվեց թշվառության մեջ։ Երկրից դուրս գալու իրավունք ունեին միայն կանայք և մինչև 16 ու 60-ից բարձր տղամարդիկ։

2004-ի ապրիլին շատ ցուրտ էր Սուխումում

Չորս տարի առաջ Ռուսաստանը Աբխազիայի սահմանը մասնակիորեն բացեց, և երկիրը սկսեց շնչել։ Այժմ սահմանը կարող է անցնել ցանկացած անձ, սակայն բեռներ տեղափոխելու համար Աբխազիայի բնակիչները և՛ օրինական, և՛ ստվերային մեծ գումարներ են վճարում ռուսական մաքսատանը։

Ժողովրդի եկամտի հիմնական աղբյուրը մանդարինն է, որ դեկտեեմերից մինչև փետրվար, մեջքներին կամ սայլերին բեռնած, անցկացնում են սահմանը և Ռուսաստանում վաճառում։

Նախկինում հայտնի աբխազական ծովափնյա առողջարանային գոտին, որ պատերազմից հետո ամայացել էր, արդեն երրորդ տարին է, որ կենդանանում է ու գալիս են հանգստացողներ Ռուսաստանից։

Հայերը հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, հատկապես մանդարինի մշակմամբ, իսկ հարավ-արևելյան մասում՝ նաև առողջարանային բիզնեսով։

Երկրի եկամտի հիմնական ծոշոր աղբյուրները՝ անտառները, մետաղի ջարդոնը և մաքսատունը աբխազական վերնախավի ձեռքում են։ Արդյունաբերություն գրեթե

չկա։ Խանութներում աբխազական արտադրության միայն գինի և գարեջուր կարելի է տեսնել, մնացած ապրանքը բերվում է դրսից։

Այժմ գնում է Աբխազիայի ռուսականացման գործընթաց. այս տարվանից թոշակառուները սկսել են ստանալ Ռուսաստանի թոշակ՝ 600-1200 ռուբլի (21-42 դոլար) (աբխազականը 40 ռուբլի է`1,4 դոլար), ծրագրվում է Աբխազիայի բնակիչներին տալ Ռուսաստանի քաղաքացու անձնագրեր (մինչև այժմ գործում են խորհրդային հին անձնագրերը)։ Ռուսական կապիտալը մտնում է Աբխազիա և զարգացնում կուրորտային բիզնեսը։

Պաշտոնական տվյալներով Աբխազիայի բնակչությունը 320 հազար է (խորհրդային տարիներին՝ 525 հազար), սակայն այս թիվը ուռճացված է, ասում են՝ իրականում այն երկու անգամ քիչ է։ Անցյալ տարվա մարդահամարի տվյալներով,

որոնք չեն հրապարակվում, 214 հազար է։

ԱԲԽԱԶՆԵՐԸ

Սրճարան Սուխումի ծովափին

Աբխազները կովկասյան ժողովուրդ են, որոնց մեծ մասը քրիստոնյա է, մի մասը մահմեդական և մի փոքր մասը՝ հեթանոս։ Սակայն հեթանոսական սովորությունները տարածված են բոլոր աբխազների մեջ։ Նրանց սովորություններից շատերը հակասության մեջ են մտնում պետության կառուցման հետ։ Օրինակ, ավանդույթի համաձայն պատանին որպեսզի ապացուցի, որ տղամարդ է դարձել, պետք է ձի գողանա։ Ու այդ սովորույթը վերջին տարիներին սանձարձակվել է և առաջացրել երկրում տարիներ մոլեգնող թալան, որը միայն վերջին 3 տարիներն է մի փոքր անկում ապրել։

— Հիմա այդ սովորույթը աղավաղել են ու իմաստազրկել,- ասում է պատերազմի վետերան Անատոլի Տարբան Սուխումի «Ֆենիայի» սրճարանում, ուր հավաքվում են մտավորականներ։ Նրա ընկերը ավելացնում է.«Ձիու փոխարեն հիմա մեքենա են գողանում»։

Մերձարևադարձային բնությունը հնարավորություն է տալիս քիչ աշխատելով ոչ վատ ապրել։ Կլոր տարին գյուղացիները բերք են ստանում այգիներից։

Նույնիսկ անեկդոտ են պատմում, թե ինչպես աբխազը ամուսնանում է հայ աղջկա հետ և, հաջորդ օրը նրան տեսնելով անգործ նստած, ասում է՝ «Ինչո՞ւ չես աշխատում», աղջիկը պատասխանում է՝ «Եթե պիտի աշխատեի, հայի հետ կամուսնանայի»։

Աբխազների սիրելի զμաղմունքը քեֆ անելն է, որը մի ամբողջ արարողակարգ է։ Քեֆերի ժամանակ հերթականությաամբ

ու երկար ճառում են բոլորի կենացները՝ Արարչից սկսած, որին այսպես են դիմում՝ «Աստված, տուր մեզ քեզնից եկող լույսը»։ Խմում են միայն գինի, սկզբում բաժակներով, հետո՝ հսկա եղջյուրներով։ Քեֆերը կարող են տևել երեք օր։

Աբխազներն ունեն ազգային կլանային կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը նույն ազգանունն ունի։ Տարվա մեջ մեկ անգամ կլանի բոլոր անդամները հավաքվում են, մինչև 1000 հոգի, ու քեֆ անում.

«Եթե ասեն, թե ինչ են տվել աբխազները քաղաքակրթությանը, առաջին հերթին կասեմ՝ սեղանը, այսինքն՝ քեֆ անելը»,- ասում է Սուխումում ռուսերեն և աμբխազերեն լույս տեսնող «Նովիյ դեն» թերթի խմբագիր Սերգեյ Արուտյունովը։

Փացխայում, ուր ծխից աչքերդ արցունքոտվում են

Ամենատարածված աբխազական ուտելու տեղը փացխան է, որը փայտյա մի տնակ է, որի կենտրոնում վառվում է կրակը, վրան կախված ծխահարվում է միսը։

Ծուխը երդիկից դուրս է գալիս, մի մասն էլ լցվում է սրահ և հաճախորդներին սկսում է «լացացնել»։ Աբխազները վստահեցնում են, որ ծուխը լավ է աչքերին, իբր մաքրում է մանրէները։

ՀԱՅԵՐԸ

Աբխազիայի հայերի մոտ 95%-ը համշենահայեր են, որոնք եկել են Թուրքիայի արևելյան սևծովյան Օրդու, Ջենիկ, Տրապիզոն և այլ բնակավայրերից։ Նրանք խոսում են Համշենի բարբառով, որը դժվար հասկանալի է։

Համշենահայերը Սև ծովի հարավային ռուսական ափերում սկսել են μբնակություն հաստատել 1870-ական թվերից։

Համշենահայերի առավել մեծ հոսք է սկսվել 1878-79 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։

1915-1923 թթ. Մեծ Եղեռնի ժամանակ համշենահայերի հիմնական մասը կոտորվել է և մի մասը ապաստան գտել Աբխազիայում և Սև ծովի ռուսական ափերում։ Աբխազիային սահմանակից Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սև

ծովի ափերի երկայնքով շարունակվում են համշենահայերի բնակավայրերը։

— Ըստ մեր տեղեկությունների՝ հայերը առաջին անգամ Աբխազիայի տարածք են եկել 1878 թվին,- ասում է Ցանդրիփշի բնակիչ 70-ամյա Զորիկ Քեշիշյանը, ով աշխատություն է գրում համշենահայերի պատմության և ֆիդայական շարժման

մասին,- աբխազները շատ լավ են ընդունել ու հնարավորություն տվել գյուղ հիմնելու։ Առաջին յոթ ընտանիքը Պիցունդայի շրջանում հիմնել է Մծարա գյուղը, որի հարյուրամյակը նշվեց 1978 թվին։

Տարիների ընթացքում համշենահայերը յուրացրել են շատ աբխազական սովորություններ։ Մյուս կողմից՝ հետզհետե մեղմացել են նահապետական բարքերը, որի համար մեծ դեր է խաղացել զբոսաշրջիկությունը.

Խաչիկ Մինասյան.մենք աղքատ ենք ու պետք չենք: Մեր մեջ չկան Քըրք Քըրքորյաններ, որ պատվով ընդունեն։ Բայց Հայաստանը մեզ անհրաժեշտ է, ինչպես մեռնողին՝ թթվածինը։

— Տարին միայն Գագրա կես միլիոն ռուս էր գալիս հանգստանալու, որոնց շնորհիվ մենք ազատամիտ դարձանք,- ասում է Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ, հայկական դպրոցի նախկին ուսուցիչ Խաչիկ Մինասյանը։

Խորհրդային տարիներին ըստ պաշտոնական տվյալների Աբխազիայում ապրել է 76 541 հայ, (239 872 վրացի, 93 267 աբխազ, 74 914 ռուս)։ Պատերազմի ժամանակ և հետո շատ հայեր հեռացան, և այժմ մոտավոր տվյալներով մնացել են 50-60 հազար հայեր։

Պատերազմի սկզբում հայերը փորձում են չեզոք մնալ ու չանցնել հակամարտող կողմերից որևէ մեկի կողմը։ Սակայն վրացական զորամիավորումները սկսեցին հայկական գյուղերը թալանել, ստիպել, որ հեռանան, եղան սպանություններ ու բռնաբարություններ, և հայերն անցան աբխազների կողմը։

— Սկզբում հայերը չէին խառնվում, բայց վրացիներն այնպիսի դաժանություններ սկսեցին հայերի նկատմամբ, որ ստիպված անցանք աբխազների կողմը,- ասում է Սուխումում լույս տեսնող հայերեն ու ռուսերեն «Համշեն» թերթի խմբագիր Արտավազդ Սարեցյանը,- մտնում էին տները թալանում, տանջում մարդկանց։

Լաբրայում երկու ամուսինների նստեցրել էին աթոռին, աթոռի վրա անցք արել ու տակից վառել: Բռնաբարում էին կանանց։ Ու արդեն անհնար էր չխառնվել։

Այդ դաժանությունների պատմությունները լույս են տեսել «Աբխազական ողբերգություն» ռուսերեն գրքում։

Պատերազմից մի քանի ամիս անց ստեղծվում է 300 հոգուց բաղկացած հայկական «Բաղրամյան» գումարտակը, ապա նաև երկրորդը։

— Հայերն ինքնամփոփ ժողովուրդ են, կենցաղից շատ կառչած։ Ես չէի սպասում, որ կկռվեն մեր կողքին,- ասում է Անատոլի Տարբան,- բայց հիմա կարող եմ ասել, որ հայերը հիանալի կռվողներ են։ Իմ գումարտակում առաջին զոհվողը հայ էր։

Պատերազմին, ընդհանուր առմամբ. մասնակցել են մոտ 1500 հայ մարտիկներ, որոնք կազմում էին աբխազական բանակի մեկչորրորդը։ Բանակի քսան հայ մարտիկներ ստա ցել են Աբխազիայի հերոսի կոչում, որոնցից 9 կենդանի են մնացել։ 242 հոգի զոհվել է պատերազմի դաշտում։

Հայկական գումարտակները ձևավորվել են Աբխազիայի արևելյան մասում, Գագրայի շրջանում, որտեղ հայերը բնակչության մեծ մասն են կազմում։

— Մենք հայաստանցիներից տարբերվում ենք նրանով, որ երկու հայրենիք ունենք՝ մեկը ձեռք ենք բերել արյունով, մյուսը ժառանգել ենք,- ասում է խորհրդարանի երեք հայ պատգամավորներից մեկը, Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ, պատերազմի վետերան, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը։

Սակայն ոչ բոլոր հայերն են իրենց լիարժեք քաղաքացիներ զգում։ Աբխազիան մի երկիր է, որտեղ պատերազմից հետո թեև հայերը թվով երկրորդ ժողովուրդը դարձան (պատերազմից առաջ բնակչու թյան զգալի հատվածը վրացիներն էին, որոնք հիմնականում հեռացան Վրաստան), սակայն իրենց ճնշված ու վախեցած են զգում։ Ինչպես մի հայ ասաց. «Մեկ է, մենք այստեղ երկրորդ սորտ ենք, վրացիների ժամանակ ուղղակի երրորդ սորտ էինք։ Առաջինն աբխազներն են։ Կար ժամանակ, որ առաջինը վրացիներն էին:

«Հայերը վախեցած են, որովհետև ոչ մեկի վրա հույս չեն կարող դնել, որ իրենց կպաշտպանի,- ասում է Արուտյունովը։

Հայերը և մյուս փոքրամասնություն ներն ունեն պաշտպանության կարիք առավելապես ավազակային հարձակումներից, որոնց ենթարկվում են Աբ խազիայի բնակիչները՝ անկախ ազգությունից։ Սակայն հայերը այդ հարձակումները ընդունում են ոչ միայն որպես երկրում իշխող հանցագործ մթնոլորտի պատճառ, այլև հատուկ իրենց նկատմամբ ճնշումներ. իշխանության վերին օղակներում չկան հայ պաշտոնյաներ, որ իրենց թիկունք կանգնեն և վախենում են այդ հարձակումներից զենքով պաշտպանվել։

— Գագրայի շրջ նի հայության վիճակը լավ է, ճնշում չկա, որովհետև մեծամասնություն են, իսկ այստեղ` Օչամչիրայում ընդամենը երկու հայկական գյուղ կա, պատերազմից հետո էլ շատերը փախան,- ասում է Օչամչիրայի շրջանային ժողովի պատգամավոր Պետրոս Պալասանյանը։

Աբխազիայի յոթ շրջաններից հինգում հայեր են բնակվում, որոնցից երկուսում հայերը մեծամասնություն են։

Խորհրդային տարիներին բազմաթիվ բարձրաստիճան հայ պաշտոնյաներ են եղել, նախարարների խորհրդի նախագահի տեղակալը հայ է եղել։ Պատերազմի ժամանակ ամենաբարձր հայ պաշտոնյան խորհրդարանի փոխխոսնակն էր։ Այժմ ամենաբարձրը գյուղնախարարի տեղակալն է։

ԼԱԲՐԱ. հին օրերը հիշելիս

1890 թվին Օրդուից եկած մի քանի հայեր հիմնադրել են Լաբրա գյուղը, որը Սուխումից արևմուտք Օչամչիրայի շրջա նի հայկական երկու գյուղերից մեկն է։

Արևալույս Քերսելյանի պապը Լաբրայի առաջին բնակիչն էր

— էս գյուղի առաջին հիմքը պապս է դրել՝ Գրիգոր Բարձիկյանը,- ասում է 80-ամյա Արևալույս Քերսել յանը,- էստեղ անտառ է եղել, կտրել են ու բնակվել։

Գյուղում մնացել են պատերազմի հետքերը՝ ավերակները և տների պատերին համաչափ շարված միագիծ անցքերը, որ առաջացրել են գնդացրի կրակահերթերը։ Լաբրան պատերազմի ժամանակ ամենից շատ վնասված հայկական գյուղերից է։ Վրացական զորամիավորումները թալանել են գյուղի տները ու ոմանց սպանել, ոմանց էլ առևանգել։

Լաբրայում են բնակվում աբխազական պատերազմի երեք հայ հերոսներ։ Նրանցից մեկն է Արևալույսի որդին՝ գյուղապետը՝ 40-ամյա Սմբատ Քերսել յանը, որի գրաված տանկը մինչև այժմ գյուղի փողոցում մնացել է որպես պատերազմի հիշողու թյուն։

— Մեզ համար հանգիստ ապրում էինք, որ կռիվը սկսվեց՝ վրացիները մտան, հինգ հոգու տարան, մեջները քեռիս էր,- պատմում է Սմբատը,- մեկին սպանեցին, մյուսները անհետ կորան։ Ու էդպես դեկտեմբերից ես էլ մտա կռվի մեջ։

Շր ջանի երբեմ նի ամենահարուստ գյուղերից մեկը պատերազմի ժամանակ թալանվում է, իսկ բնակչու թյան մի մասը փախչում։ Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 650 ընտանիք, այժմ մնացել է 150-ը։

350 աշակերտ ունեցող տասնմեկամյա դպրոցը դարձել է իննամյա, որտեղ սովորում է

48 աշակերտ։ Օչամչիրայի մյուս հայկական գյուղում՝ Հայկական Աթարայում, դպրոցը փակվել է, 800 ընտանիքից 50-ն է մնացել։

— Եկա տուն մտա, տե սա 4-5 հոգի տանն են։ Տրակտորը կանգնացրել, տնից ամեն ինչ տանում էին,- հիշում է պատերազմի տարիները Արևալույսը,- մեկը խանչալը ձեռը ինձ տանում է էս կողմ, էն կողմ՝ հա՜, հա՜, հա՜, ծիծաղում է։ Ի՞նչ անեմ, Աստված, ինչպե՞ս ազատվեմ դրանից։ Ես ասում եմ իրանց՝ բերիտե չտո խատիտե, տոլկո նաս նե տրոգայտե, չտո խատիտե բերիտե, նամ նիչեվո նե նուժնո, տոլկո ժիտ նամ նադո։ Մի մարդ ու կնիկ սպանեցին, իրանց խելքից եղավ, չէին թողել, որ տունը թալանեն։ Էս տեղի վրացիները տենց չէին, լավ էին վերաբերվում, գնացի հարսիս հետ կողքի գյուղը, մեզ սկսեցին մխիթարել ու պաշտպանել։ Հետո էկանք տուն, էս տեղ բան չէր մնացել։ Էս ինչ տեսնում եք տանը, նոր ենք ձեռք բերել։ Հեռուստացույցը նոր ենք առել։ Առաջ երկուսն ունեինք։

Ինչպես մյուս ընտանիքները, Քերսելյաններն էլ մշակում են մանդարին, արքայանարինջ, խուրմա (արմավ), եգիպտացորեն։ Սակայն հիմնական եկամուտը մանդարինից է։ Անցյալ տարի Սմբատը մեքենայով երկու տոննա բերքը տարել է Ռուսաստան վաճառել ու ստացել 20 հազար ռուբլի եկամուտ (715 դոլար)։ Սա չնչին գումար է համեմատած խորհրդային տարիների հետ, երբ 11 տոննայից ավելի բերք էին ստանում։ Պատերազմի ժամանակ ավիրված այգին վերականգնելուց հետո բերքը հնգակի քչացել է։

Մինչ պատերազմը Լաբրայի գլխավոր եկամտի աղբյուրը ծխախոտն էր։ Տարեկան կոլտնտեսությունը պետությանը հանձնում էր 600 տոննա ծխախոտ:

— Մի տոննա ծխախոտ հանձնեինք, գնի 60%-ը մերն էր։ Մինչև պատերազմը շատ հարուստ էինք, գյուղի 97 տոկոսը մեքենա ուներ, 2-3 մեքենա ունեցող կար,- ասում է գյուղացի` Խաչիկ Հակոբյանը,- հիմա գյուղում ընդամենը 30 հոգի մեքենա ունի։

Երկրում քանի որ արտադրու թյուն չկա, ստիպված մարդիկ իրենք են իրենց ամենօրյա սնունդը ապահովում:

-Խոզ ենք պահում, կով ենք պահում`մեր ուտելու համար։ Էն էլ կեսը գողանում են աբխազնե րը,- ասում է Արևալույսը։

Մի քանի օր առաջ հարևաններից երեք կով են գողացել։ Սակայն անասնագողությունից ավելի բնակիչները սարսափում են ավազակային հարձակումներից, երբ դիմակավոր տղաները ներխու ժում են տուն ու թալանում եղած- չեղածը:

— Մտնում են, ճիշտ է, կնիկ- մարդուն չեն կպնում, էդ սովորությունն ունեն, տղամարդ կանց կապում են ու թալանում,- ասում է Արևալույսը։

Գյու ղում վերջին ավազակային հարձակումը եղել է մեկ տարի առաջ։ Գյուղացիներն ասում են, որ վերջին երկու- երեք տարիներին թալանը քչացել է։ Պատճառներից մեկն այն է, որ բացվել է ռուսական սահմանը, և եկամտի այլ աղբյուրներ են առաջացել։

Սմբատը զայրանում է, երբ գյուղացիները սկսում են բողոքել աբխազներից.

Սմբատ Քերսելյան. «60 հազար աբխազ կա, 60 հազար հայ կա, ինչի՞ց պիտի վախենանք։ Ուղղակի մեր հայերը իրենց պաշտպանել չգիտեն»

— 60 հազար աբխազ կա, 60 հազար հայ կա, ինչի՞ց պիտի վախենանք։ Ուղղակի մեր հայերը իրենց պաշտպանել չգիտեն, վախենում են,- ու մոր վրա գոռում է,- եթե էդքան վախենում ես՝ գնա Հայաստան ապրի։

Մայրը պատասխանում է.

— Ինչի՞ պիտի գնամ, պապս էստեղ է թաղված, հայրս` էստեղ։

Հա յաստանի հետ ընտանիքը ոչ մի կապ չունի։

Սմբատի աղջիկը սովորում է իններորդ դասարանում, հայտնի չէ թե որտեղ պիտի ավարտի 11-երորդ դասարանը։ Ամենամոտիկ 11-ամյա հայկական դպրոցը 25 կիլոմետր հեռու է։ Երազում է բժիշկ դառնալ, կուզեր Հայաստանում շարունակել ուսումը։ Սակայն դա անհնար է, նախ որևէ բարեկամ չունեն Հայաստանում։ Բացի դա, արդեն տասը տարի է, որ չի գործում դեպի Հայաստան երկաթուղին։ Միակ ճանապարհը ինքնաթիռով է՝ Ռուսաստանի Սոչիի օդանավակայանից: Գնալ- գալը նստում է մոտ 250 դոլար։ Աբխազահայերի համար սա մեծ գումար է, որ չեն կարող

ծախսել։ Մինչև պատերազմը Աբխազիան Հայաստանի հետ կապված էր երկաթուղով, որ շատ էժան էր և ավտոմայրուղով։ Պատերազմից հետո Վրաստանը փակեց երկաթգիծը։ Ավտոմայրուղին սկսել է աշխատել, սակայն անցնելը շատ վտանգավոր է, հաճախ ավազակներ են հարձակվում ու թալանում ուղևորներին։

— Մեր կողմից երկաթգիծը բացելու ոչ մի խնդիր չկա։ Վերջերս Սոչիում եռակողմ

բանակցություններ եղան, որ բացեն երկաթգիծը։ Միակ խնդիրը վրացական կողմն է առաջացնում,- ասում է Գագրայի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Բգամբան։

Լաբրայի ամենատարեց բնակիչը 91-ամյա Արտուշ Դեպելյանն է, ով հայերենից բացի ուրիշ լեզու չգիտի, այն էլ՝ միայն Համշենի բարբառը.

— Ես հոզ ձընվաձ իմ, Երևան խոշ ձընվաձ չիմ օր, ադ լիզվով խոսիմ (Ես այստեղ եմ ծնվել, հո Երևանում չեմ ծնվել, որ այդ լեզվով խոսեմ),- ասում է նա՝ նկատի ունենալով գրական հայերենը։

Թեև 39 թվից մասնակցել է համաշխարհային պատերազմին, սակայն ռուսերեն այդպես էլ չի սովորել։ Դեպելյանի ընտանիքը այն հազվագյուտներից է, որի անդամներից գրեթե ոչ ոք չի հեռացել երկրից։ Տասնմեկ թոռներից միայն մեկն է Մոսկվայում:

— Միշտ լապատկեն ու ստականը(բաժակ`նկատի ունի գինի խմելու) ձեռն ա,- հորը բնութագրում է որդին՝ Արշակը։

91-ամյա Արտուշ Դեպելյանը անընդհատ աշխատում է

Արտուշը ամբողջ ժամանակ այգում աշխատում է, իսկ ձմռանը (այստեղ ձմռանը +4 — +7c է լինում) ջերմոցներում վարունգ ու պոմիդոր է մշակում, բերքը որդու հետ երկու օրը մեկ տանում Սուխումի շուկայում վաճառում է, կիլոգրամը 70 ռուբլի (ամռանը վարունգի կիլոգրամը դառնում է 5 ռուբլի)։

Իսկ աշխատանքի արանքներում ու հետո իր քաշած գինին է խմում։ Մառանում դեռևս մի տոննա գինի է մնացել։

Իր կյանքի լավագույն ժամանակաշրջանը համարում է բրեժնևյան տարիները, երբ խաղաղ էր, ու մարդիկ ապրում էին բարեկեցիկ:

— Հիմի ինճ օր գընին աբազընին, առաճ ալ ադմոն գընեյնը, եպոր սավեծկին ներ էր` 28-30 թըվերուն, թալանեյնը գու, կողնայնը գու: Գըռվըն ետկը քոնի կընած տըրուտինը լավծավ, ամա հեդո ալի տառծավ առաճվոն բես: (Հիմա ինչ որ անում են աբխազները, առաջ էլ այդպես էին անում, երբ որ սովետը նոր էր` 28-30 թվերին, թալանում էին, գողանում էին։ Պատերազմից հետո քանի գնաց դրությունը լավացավ, բայց հետո էլի դարձավ առաջվապես)։

ՄԵԽԱԴԻՐ. դեռ պահպանվում են ավանդույթները

Աբխազիայի արևելքում, Ռուսաստանի հետսահմանակից Գագրայի շրջանի Մեխադիր գյուղին ընդհանրապես պատերազմը չի դիպել, և այս տեղ ավազակային հարձակումների մասին միայն պատմածներով գիտեն։

Այս գյուղը նույնպես ժամանակին ծխախոտի մշակմամբ է զբաղվել, այժմ՝ անասնապահությամբ ու պտղագործությամբ, իսկ ծխախոտի դաշտերում անասուն է արածում։

— էս գյուղի առաջին հայը հայրս էր։ Պապերս եկել են Թուրքիայից 1891 թվին,- պատմում է Աստղիկ Մուսելիմյանը,- սկզբում Սոչիում են ապրել։ Հետագայում հայրս բարձրացել է էսգյուղը, որովհետև էն ժամանակ ներքևները մոծականոց է եղել։ Ռուսները գնացել են, ներքևը մի երկու տուն մոլդավացի է մնացել։ Մնացածը հայեր են։

Գյուղի բնակչությունը տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել՝ մոտ 2000։

Աստղիկ Մուսելիմյան յոկա է պատրաստում

Աստղիկը գազօջախի մոտ պատրաստում է յոկա։ Դա մի ուտելիք է, որ տարածված է համշենահայերի մեջ, լավաշից մի փոքր բարակ խմոր, որ եփվում է թավայի մեջ։ Կողքի սենյակում կախված է խնոցին:

Սովորաբար խնոցին ձեռքով են տանում բերում։ Սակայն Աստղիկի սկեսուրը՝ իննսունամյա Խաթունը, նստում է և ոտքով հրում:

— Ձեռքով կհոգնիմ, դրա համար ոտքով կհարիմ,- բացատրում է նա։

Կարագ պատրաստելու համար խնոցիները դուրս մղվեցին հայկական կենցաղից տեղը զիջելով էլեկտրական սարքերին, որոնք ֆիզիկական ուժ չեն պահանջում և քիչ տեղ են զբաղեցնում։ Սակայն Մուսելիմյանները մնացել են հավատարիմ ավանդույթին:

— Էլեկտրական խնոցի կար, ես չու զեցի։ Էլեկտրականի թանը չեն խմում։ Էս խնոցու թանը անուշ է,- ասում է Խաթունը։

Երեք տա րեցները՝ Խաթունը, որդին՝ Վլադիմիրը և հարսը՝ Աստղիկը, որոնց որդիները և թոռները Ռուսաստան են գնացել, դեռևս օգտագործում են հայ ավանդական կենցաղի այլ պիտույքներ`բուրդ գզելու տախտակ, մանելու իլիկ և այլն։

Բնակարանը զարդարում է քեմենչեն` համշենահայերի մեջ տարածված ժողովրդական գործիքը: Վլադիմիրը ինքնութրույն սովորել ու յո

Վերջին քեմենչիստը

թ տարկանից նվագում է, նրա պատերազմում զոհված հայրը նույնպես նվագել է այդ գործիքի վրա:

— Մարդս շատ լավ չալող էր, շատ էլ լավ երգող։ Մի հարսանիքի ժամանակ ինքը քեմենչե կչալեր, ես՝ մանդոլին։ Տեսավ` սիրահարվեց,- պատմում է Խաթունը։

Պատից կախված է նաև ջութակը, որ քեմենչեի պես է նվագում՝ ծնկին դրած։ Ժամանակին համշենահայերի հարսանիքներում քեմենչեով էին ուրախանում, և Վլադիմիրը մշտապես նվագում ու երգում էր հարսանիքներում։ Այժմ հարսանիքներին քյամանչային փոխարինել է ժամանակակից նվագախմբերը։ Հիմա Վլադիմիրը գյուղի դպրոցի «Ծիածան» երգի- պարի խմբի  հետ է նվագում (Աբխազիա յում գործում են մի քանի հայկական ազգագրական երգի- պարի խմբեր) և տանը հաճախ կազմակերպվող քեֆերին, որոնց ժամանակ նրա նվագակցությամբ երգում է Խաթունը՝ ժամանակին գյուղի լավա գույն երգչուհին:

— Տուն կա՝ չիաշխատել, ուրախացել է, տուն կա՝ չիուրախացել, մենակ աշխատել է։ Էս տունը համ աշխատել է, համ ուրախացել,- ասում է գյուղի ագրոֆիրմայի (նախկին կոլտնտեսո թյան) նախագահ Հարութ Համալյանը։

Վերջին խնոցին

Մուսելի յանները վե ջին պահպանողներն են հայկական ազգագրության. «Հիմա քիչ ենհե տաքրքրվում քեմենչեով, երեխաներն էլ չեն ուզում սովորել»,- ասում է Վլադիմիրը։ Շրջանի վերջին քեմենչե սարքողը մահացել է։ Սակայն ծովափի ռուսական կողմում դեռևս քեմենչե սարքող մի համշենցի վարպետ մնացել է։

Տասնհինգ օր է, որ Վլադիմիրը արբանյակային ալեհավաք է դրել, որ Հեռուստացույցով Հայաստանի առաջին ալիքը դիտեն։

— Ամբողջ օրը մենակ Հ1 եմ նայում։ Տեսա, որ գյուղերում ջրհեղեղ էր եղել ու շատ

անհանգստացա։ Հետո չիմացա, վերջը ոնց եղավ, էդ մարդկանց, որ տուժել են, մեկը օգնե՞ց։

ԳԱԳՐԱ. վերածննդի շեմի՞ն

16 հազար բնակ չություն ունեցող Գագրայի մի կողմում ծովն է՝ կիպարիսների ու արմավենիների պուրակներով, մյուս կողմում՝ զառիվեր ձգվող լեռներն են, որոնց գա գաթներում նույնիսկ ամռանը ձյունը չի հալչում։

Խորհրդային ժամանակներում սա Միության լավագույն առողջարաններից էր՝ հարյուրավոր հանգստյան տներով ու կառավարական վերնախավի առանձնատներով։

Վերջին երեք տարիներին կրկին սկսել է աշխուժանալ ծովափը։ 2002-ին 20 հազար հանգստացող է եղել, անցյալ տարի` մոտ 120 հազար, այս տարի սպասվում է 150 հազար։ Տարիներ շարունակ լքված հանգստյան տները տեղական գործարարները ռուս գործընկերների հետ սկսել են վերցնել վարձակալությամբ ու վերանորոգել։ Համեմատած հարև անռուսական ծովափին՝ Աբխազիայում գները եռակի ցածր են։

Գագրայում չորս հայեր հանգստյան տների տնօրեններ են դարձել: Նրանք հույս ունեն, որ դրանք կսեփականաշնորհվեն իրենց։ Հանգստյան տներից մեկի տնօրենը Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ Խաչիկ Մինասյանն է, մյուսինը մյուս համանախագահ Գալուստ Տրապիզոնյանը, ով ռուսաստանցի գործընկերների հետ սկսել է վերանորոգել շենքերը:

— 2000 թվին առաջին հանգստացողները եկան, հատուկենտ մարդիկ։ Անցյալ տարի արդեն լիքն էր քաղաքը,-ասում է Տրապիզոնյանը,- մեր հանգստյան տան ուղեգրերը արդեն մայիսից վաճառված են, ամռանը տեղ չի լի նելու։ Կարող եմ ասել, որ տուրիզմը շատ եկամտաբեր բիզնես է դառնում։

Գագ րայի բնակիչների եկամտի հիմնական աղբ յուրը եղել է տուրիզմը։ Գրեթե բոլորն իրենց բնակարանները հարմարեցրել էին վարձով տալու համար։ Կրկին գագրացիները սկսել են վերակառուցել դրանք։

Կարապետ Ուստյանը նոր սեզոնի համար ներկում է իր բնակարանի դարպասներն ու պատերը։ Կինը՝ Ալիան, արդեն հարդարում է մահճակալները։ Անցյալ տարի միաժամանակ 12 հոգի հանգստացել են՝ մի մահճակալի համար վճարելով օրը 100 ռուբլի (3,5 դոլար)։ Էս տարի գուցե մի քիչ շատ լինեն՝ 18 հոգու տեղ են պատրաստել, գինն էլ մի փոքր թանկացրել են՝ 120 ռուբլի (4,2 դոլար)։

— Հիմնականում գալիս են հարուստ ռուսներ՝ պուզատիներ։ Իսկ նախկնում՝ պրոֆեսոր, բանվոր, տարբեր խավի մարդիկ հավասար հանգստանում էին, և հարուստ -աղքատ չէր տարբերվում,- ասում է Կարապետը։

Կարապետի օղին

Խորհրդային տարի ներին, Կարապետի մշտական հանգստացողների մեջ շատ հայեր են եղել։ Բայց այժմ ոչ մի հայ չի գա լիս:

— Մեզ մոտ հանգստացողների հետ ընկերացել էինք, ու ամեն տարի Հայաստան իրանց հյուր էինք գնում։ Գոնե մեր հին բարեկամները գան, բայց ուր է, չեն գալիս։ Հայերը ամբողջ օրը խորոված էին սարքում ու ծովափ քիչ գնում, իսկ ռուսները

հակառակը, ամբողջ ժամանակ ծովափին ավազներին պառկած էին։

Նա կարոտով է հիշում խորհրդային տարիները, երբ իր մոտ արդեն մայիսից 30 հոգի հանգստանում էր: Բացօթյա տաղավարում երկար սեղանը դեռ մնում է, որը հատուկ պատրաստել էր, որ բոլոր հովեկները տեղ անեին.

— Սովետից հետո սով սկսվեց։ Բայց ես ու իմընտանիքը երբեք սոված չենք եղել, ով աշխատում է, սոված չի մնում,- ասում է նա ու ցույց տալիս աշխատանքից կոշտացած ձեռքերը։

Եռուզեռ է ամեն տեղ, ավտոտնակում Կարապետի օղի թորելու գործիքն աշխատում, մի ծայրում իր այգու խաղողի չրով լեզուն թասի տակ կրակն է վառվում, մյուսից` խողովակից, օղին կաթում։

Նոր տարուն մանդարինն է վաճառում, տնից գալիս տանում են։ Իր ձեռքով ծովում բռնած ձկան կապչոննին(ծխեցրած) քաղաքում լավագույնն է։

Կարապետի պապի 2008թ. Օրդուից բերած ծխախոտ կտրելու գործիքը

Ծխում է իր աճեցրած ծխախոտը, որը կտրտում է պապի Օրդուից 1908 թվին բերած գործիքով:

— Մենք Հայաստանից լավ ենք ապրում, էս երկիրը էդպես է, ամեն ինչ բնությունը տվել է,- ասում է Կարապետը:

Նրա  աղջիկն ու տղան, չորս թոռները Գագրայից չեն հեռացել: Պատճառ չկա գնալու, քանի որ այստեղ իրենք իրենց լավ են զգում, ունեն շատ աբխազ ընկերներ:

— Ուրիշ տեղեր կան ճնշումներ, բայց էստեղ չկա, ամենաքիչն է։ Ինքդ գիտես, որ ուրիշի երկրում ես ապրում, եթե շնորքով ես ապրում, ոչ ոք չի դիպչի։ 60 տարվա մեջ ինձ բան ասող չի եղել։

Այսուհանդերձ, վերջերս ձերբակալել են Գագրայի շրջանի երկու հայերի, որոնցից մեկին մեղադրում են կոռուպցիայի, մյուսին՝ Գրիգոր Խորոզյանին, ժամանակին վրացիների հետ համագործակցելու մեջ։

— Բանտերում նստածների 95 տոկոսը ախազներ են։ Այնպես որ հայերին հատուկ չեն բռնել,- ասում է Գագրայի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Բգամբան,- նստածներից մեկը մաքուր քրեական է, և չեմ ուզում նրան անդրադառնալ։ Մյուսի դեպքում, կարծում եմ արդարությունը կհաղթի։ Կան նրա անցյալի հետ ինչ-որ խնդիրներ, համագործակցել է վրացական իշխանությունների հետ։ Ես կարծում եմ՝ էսքան տարի անցնելուց հետո չարժեր դրան անդրադառնալ։

Որպես ապացույց, որ հայերի իրավունքները չեն ոտնահարվում, ներկայացնում է, թե հայկական համայնքը որքան ներկայացուցիչներ ունի տեղական իշխանություններում՝ իր տեղակալը, շրջանային ժողովի նախագահի տեղակալը, ժողովի 20 պատգամավորներից 9-ը, 13 գյուղերից 6-ի գյուղապետերը։

Բգամբան բնական է համարում, որ երկրի թվով երկրորդ ժողովուրդը` հայերը կենտրոնական իշխանություններում բարձր պաշտոններ չունեն.

— Աբխազիայում ապրող մյուս բոլոր ազգերն ունեն պատմական հայրենիք։ Մենք ուրիշը չունենք։ Հետևաբար Աբխազիայի պետականության կրողը աբխազներն են ու այդպես էլ պիտի լինի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել ու չեն ճանաչել մեր երկիրը և կարևոր պաշտոնները պետք է աբխազները զբա ղեց նեն։

Հայկական կրթությունը վտանգի տակ գոյատևում է

Սուխումի Թումանյանի դպրոցը

Այս տարի Գագրայի հայկական դպրոցը առաջին դասարանի աշակերտ չի ունեցել։ Եկող ուսումնական տարում, հույս ունեն, որ չորս առաջին դասարանցի կլինի, և դպրոցը դեռևս կխուսափի փակվելուց։ Հայերը նախընտրում են իրենց երեխաներին տալ ռուսական դպրոցներ, քանի որ Հայաստանի հետ կապերը կտրվել են, և հետագա ուսման համար հեռանկարը միայն Ռուսաստանն է։

— Ամեն տարի տնետուն ենք ընկնում, որ հայերին համոզենք իրենց երեխաներին բերեն հայկական դպրոց,- ասում է հայկական համայնքի համանախագահ, Գագրայի դպրոցի նախկին ուսուցիչ Խաչիկ Մինասյանը։

— Անցյալ տարի էլ տները գնում էինք, բայց ասում էին՝ ոչ մի հայկական, մեր երեխաները պիտի գնան ռուսական դպրոց,- ասում է Գագրայի 3-րդ հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ամալյա Կապիկյանը,- չկարողացանք մի աշակերտ։

Խորհրդային տարիներին Աբխազիայում եղել է 52 հայկական դպրոց։ Այժմ մնացել է 37-ը։ Վերջին չորս տարում փակվել է 3 դպրոց։ Հայկական դպրոցներում սովորում է 2864 աշակերտ, իսկ ռուսականներում՝ 6000-ից ավելի։

Խորհրդային տարիներին Գագրայի միայն մի հայկական դպրոցում սովորել է մոտ 600 աշակերտ, այժմ` ընդամենը 140։

Պատերազմի ժամանակ երբ Գագրան դարձել էր ռազմաճակատ, ու փողոց դուրս գալը վտանգավոր էր,Վրացական բանակը երբ Գագրայում էր, բնակիչներն իրենց երեխաներին տարել էին քաղաքից, ու դպրոցում հազիվ մի 10 աշակերտ էր մնացել։,Ու կրակոցների ձայների տակ Ամալյան իր երկու զավակների ձեռքերը բռնած տանում էր դպրոց, որ չփակվի։

— Այն ժամանակ փոքր էի, գիտեի, որ պատերազմ է, կրակոցներ ու պայթյուններ էին անընդհատ լսվում, բայց որ դպրոց էի գնում, մտածում էի, որ դա է ճիշտը, քանի որ մայրս էր տանում,- հիշում է Ամալյայի որդին՝ Ժորան։

Նա և իր 5 դասընկերները հիմա սովորում են Սոչիի իրավաբանական ակադեմիայում, և ասում է, որ հայկական դպրոց ավարտելը չի խոչընդոտել ռուսական բարձրագույն ըդունվել.

— Ես չեմ զղջացել, որ հայկական դպրոց եմ ավարտել, մայրենի լեզուս է, ես պարտավոր եմ իմանալ,- ասում է նա։

Հայկական դպրոցը պահելու համար արդեն մի քանի տարի կենսաբանությունը և քիմիան անցնում են ռուսերեն, մյուս տարվանից մաթեմատիկան ևս ռուսերեն կդասավանդեն։ Սակայն Ամալյան կասկածում է, որ եթե մի քանի առարկա դառնան ռուսերեն, հայկական դպրոցը կփրկվի։

Սուխումիի Թումանյանի անվան հայկական դպրոցի տասնմեկ շրջանավարտներից միայն մեկը հավանաբար ուսումը շարունակի Հայաստանում, այն էլ այն պատճառով, որ Հա յաստանից եկած է։

Թումանյանի անվան դպրոցի առաջին դասարանը

— Ես գնալու եմ Մայկոպում ընդունվեմ բժշկական։ Հայաստան կուզեի, բայց ոչ ոք չունեմ։ Բոլոր բարեկամներս Մայկոպում են,- ասում է 11-րդ դասարանցի Գայանե Մալխասյանը։

Հա յաստանի որոշ ԲՈւՀ-ում աբխազահայ դիմորդները անվճար ուսման հնարավորություն ունեն։ Այսուհանդերձ, նրանք նախընտրում են Ռուսաստանը, որի հետ ավելի սերտ կապերով են կապ ված։

Դպ րոցի տնօրեն Ջուլիետա Մխչյանը հիշում է, որ ժամանակին 1000-ից ավելի աշակերտ կար դպրոցում։ Միջանցքներում տախտակներով նոր դասարաններ էին ստեղծում, դասասենյակները չէին հերիքում։ Սակայն արդեն խորհրդային տարիներին հայերը սկսեցին նախընտրել ռուսական դպրոցները։ Պատերազմից առաջ դպրոցում 600 աշակերտ կար։ Այժմ սովորում է 210 աշակերտ։ Կողքի ռուսական դպրոցում հայ աշակերտների թիվն ավելի է։

Այնուամենայնիվ, դեռևս հայկական դպրոցը նախընտրող  հայրենասերներ կան։ Բաղդասար Քուլյանը ավարտել է ռուսական դպրոց, սակայն երեք երեխաներին էլ տվել է հայկական, կրտսերը սովորում է 7 աշակերտ ունեցող առաջին դասարանում:

— Իմ մտքով չի էլ անցել ռուսական տամ, կուզեմ երեխաներս հայերեն գրել-կարդալ սովորեն։ Խոսելը գիտեն, տանը խոսում են, բայց մեր բարբառով,- ասում է նա:

Թումանյանի անվան դպրոցի ավարտական դասարանը

Այս տարի առաջին դասարանում 4 աշակերտ կլինի։

Հայկական դպրոցները նաև ուսուցիչների պակաս ունեն։ Թեև Սուխումի համալսարանում գործում է հեռակա հայկական մանկավարժական բաժին, ուր 35 ուսանող է սովորում, սակայն երիտասարդները ուսուցիչ աշխատել չեն ուզում, աշխատավարձը ցածր է՝ մոտ 700 ռուբլի (25 դոլար)։ Ռուսական դպրոցներում աշխատավարձը ավելի բարձր է, քանի որ աշակերտները շատ են (աշխատավարձի մի մասը գոյանում է ծնողների վճարումներից)։ Այս տարի փակվել է Գագրայի հումանիտար տեխնիկումի հայկական բաժինը, որը հայկական դպրոցների համար ուսուցիչներ էր պատրաստում։

— Հայկական դպրոցների ուսուցիչները էդ կոպեկների համար չի, որ աշխատում են։ Մնում են, որովհետև գիտեն, որ դուրս գան՝ դպրոցը կփակվի։ Հայության գոյատևման միակ հիմքը դպրոցներն են, որ փակվեն՝ մեզ սպառնում է ձուլումը,- ասում է 30 տարվա ուսուցչուհի Ամալյա Կապիկյանը։

Վերջին տարիներին մոտ հինգ հազար հայեր են եկել Հայաստանից, որոնց մեջ շատերը կարող են ուսուցիչ աշխատել։ Սակայն իշխանությունները ուզում են նրանց վտարել երկրից, մտավախություն ունենալով, որ հա յերը կշատանան ու թվով կանցնեն աբխազներից:

— Իհարկե լավ է, որ մեզ մոտ գալիս են աշխատելու, ուրեմն աշխատելու տեղ կա։ Ես նամակով դիմել եմ Սուխում, որ այդ հայերի մնալու գրանցու մը մեկ տարով երկարացնեն,- ,- ասում է Բգամբան,- եթե եկել է աշխատելու, նա մի տարում տուն չի կառուցի։ Բայց մյուս կողմից ամեն երկիր պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, լինի հայ, թե ուզբեկ ։

Հայ գրողները. այնտեղ հայերեն բանաստեղծություններ են դեռ ստեղծվում

75-ամյա աբխազահայ գրող Անդրանիկ Բահարյանն այս անմշակ տողերն էր գրում Կապիտանովկա գյուղի իր փոքրիկ սենյակում.

Ուրիշի տանը քեզ ինչ քան սիրեն,

Կմնաս դարձյալ դու ուրիշ,

Ինչպես խորթ մայրը՝ թեկուզ լուսեղեն,

Խորթ մայր է համարվում միշտ։

— Ճիշտ է, չորս կողմդ հայկական գյուղեր են։ Բայց, նույնիսկ, եթե շատ լավ էլ զգաս այստեղ, մի հարցով գնում ես պաշտոնյայի մոտ, արդեն օտար ես քեզ զգում,- ասում է նա, որ ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է այստեղ, աշխատել է դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Բահարյանը բանաստեղծությունների յոթ ժողովածու է հրատարակել։ Խորհրդային տարին րին եղել է Աբխազիայի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահ, որն ունեցել է 70 անդամ։

— 50 տարի շարունակ ամսվա առաջին կիրակին հավաքվում էինք,- հիշում է Բահարյանը,- պլան ու նեինք՝ ում պիտի ընդունենք, ինչ պիտի քննարկենք, հանդիպումներ էինք ունենում սկսնակ գրողների հետ, դպրոցներում։ Հիմա հայերեն գրողները քչա ցել են։ Մեր աշակերտները հայկական դպրոցներ չեն գնում, մենք թեքվելու ենք, գնում է ուծացման գործընթաց։

Անդրանիկ Բահարյան. «Ուրիշի տանը»

Այժմ գրողների միությունը 10 անդամ ունի: Նրանք պարբերաբար հավաքվում են Սուխումում` «Համշեն» թերթի խմբագրությունում։ Թերթի խմբագիր, բանաստեղծ Արտավազդ Սարեցյանը գյուղերում փնտրում է հայերեն ստեղծագործողներ, որ ընդգրկի հայկական գրական շրջանակի մեջ։ Գրողների ստեղծագործությունները հրատարակվում են թերթում և գրքերով՝ «Համշեն» մատենաշարով։ Արդեն 7 գիրք տպվել է, 5-ն էլ պատրաստվում է տպագրության։

Համշենահայ գրողները գրում են գրական հայերենով։ Բացառություն է 60-ամյա Հարություն Եթումյանը, ով գրում է ժողովրդական խաղիկների ոճով Համշենի բարբառով քառյակներ ու քեմենչե նվագելով երգում.

— Մի քանի տեղ ինքս լսել եմ իմ երգերը, որ ուրիշները երգում են, բայց չեն իմացել, որ իմ գրածն է,- ասում է նա։

Արդեն բարբառով գրված բանաստեծությունների երկրորդ գիրքն է հրատարակել։

Հավատքի մի կրպակ

Ամբողջ Աբխազիայում չկա ոչ մի Հայ Առաքելական եկեղեցի, ու ստիպված հավատացյալ հայերը հաճախում են ռուսական և աբխազական ուղղափառ եկեղեցիներ։

Պատերազմից առաջ, 1991 թվին Սուխումի մոտի Լեչկոպ գյուղի հայկական դպրոցում բացվում է Սուրբ Հարություն եկեղեցին, և Հայաստանից ուղարկվում է քահանա՝ տեր Տաթևը։ Պա տերազմը հենց սկսվում է քահանան հեռանում է, և եկեղեցին փակվում։

Նախկինում` 20-30 ական թվերին շատ բնակավայրերում եղել եկեղեցիներ։

Խորհրդային իշխանությունը բոլորը փակել է ու քանդել։ Մեխադիրի բնակիչ 90-ամյա Խաթուն Մուսելիմյանը հիշում է իրենց գյուղի եկեղեցին, որտեղ ինքը մկրտություն է ստացել.

— Խաչը կոմսոմոլները քակեցին։ Հիմա եկեղեցի չկա, բայց ես խաչապաշտ եմ, Աստված կհիշ եմ,- ասում է նա։

Արևալույս Քերսել յանը նույնպես հիշում է Լաբրայի եկեղեցին և տեր հորը։ 1934 թվին, երբ ինքը տասը տարեկան է եղել, եկեղեցին քանդել են։ Մինչև պատերազմը թոռների մի մասին կնքել է Էջմիածնում։ Հետագայում մյուսներին Սոչիի հայկական եկեղեցում։ Այժմ ինքը և գյուղացիները այցելում են Օչամչիրայի աբխազական ուղղափառ եկեղեցին, սակայն արարողություններից ոչինչ չեն հասկանում, աբխազերեն չգիտեն.

Այդտեղ են կնքել թոռան որդուն՝ ծոռին.

— Էդպես կնունք ես չէի տեսել,- ասում է Արևալույսը,- Տերտերը բոչկա  ուներ, կեսը ջուր լցրեց ու երեխայի գլուխը ամբողջովին կոխեց ջրի մեջ։ Երեխան սկսեց գոռալ։ Ջղայնացա, ուզեցի ձեռքից վերցնել։ Էդ կնունքը դուր չեկավ ինձի։

Հինգ տարի առաջ Խաչիկ Մինասյանը դիմում է գրել Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով, որ Գագրա քաղաքում եկեղեցի հիմնեն։ 1999 թվի նոյեմբերի 15-ին Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը պատասխանել է, որ եկեղեցու խնդրով համայնքը պետք է դիմի Վրաստանի հայոց թեմին։

— Վրաստան դիմելը մեզ համար նույնն է, ինչ Ղարաբաղին ինչ-որ խնդրի համար ասեն՝ դիմեք Բաքու,- ասում է Խա չիկ Մինասյանը,- Աբխազիան և Վրաստանը դեռևս պատերազմական վիճակի մեջ գտնվող թշնամական կողմեր են։ Եթե հայ կական համայնքը դիմի Վրաստան, այդ կնշանակի, որ ընդունում է Վրաստանի գերիշխանությու նը, ինչը համայնքի և Աբխազիայի իշխանությունների համար անընդունելի է։ Հետևաբար համայնքը չի դիմում Վրաստանի թեմին, և այդպես էլ անհայտ է, թե երբևէ  կլինի՞ Աբխազիայում հայկական եկ ղեցի։

Անց յալ տարի Գագրայում տեղի հայերը առանց Էջմիածնի աջակցության ինքնակամ եկեղեցի են բացել։ Նախկին տրանսֆորմատորի կայանի այդ պստիկ շինության մեջ միաժամանակ 3 հոգի կարող է կանգնել։ Մաքրել են, վրան խաչ դրել ու անունը կնքել Սուրբ  Հռիփսիմե։ Գագրացիների խնդրանքով Սոչիից ամիսը մեկ անգամ հոգևորական է գալիս ու արարողություն անում։

Համայնքը միավորվում է դիմագրավելու վտանգները

Ութսունականների վերջին աբխազահայությունը կազմակերպվեց երկու հասարակական կազմակերպություններում՝ «Կռունկում» և «Մաշտոցում»։ Նաև իր կառույցները ստեղծեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որն աջակցում էր «Կռունկին»։ Աբխազիայի ներքաղաքական հակասությունները և հետագայում պատերազմը անդրադարձան նաև հայկական համայնքի վրա և այս երկու կազմակերպությունների հայերի տարբեր հատվածների միջև առճակատումը այնքան խորացավ որ նույնիսկ սպանություններ եղան:

Մինչ պատերազմը «Կռունկը» վարում էր հստակ պրոաբխազական քաղաքականություն ու աջակցում էր Աբխազիայի անկախությանը, իսկ «Մաշտոցը» փորձում էր հեռու մնալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն համայնքի խնդիրներով:

Հետագայում  «Կռունկը» ցանկանում էր իշխանություն հաստատել բոլոր հայկական կառույցների վրա եւ տանել ընդհանուր քաղաքական գիծ, որին ընդդիմանում էր «Մաշտոցը»:  Պատերազմի վերջում կազմակերպութւոնների  ղեկավարները փոխվեցին, իսկ հակասությունները հետզհետե մեղմանալով վերացան ու անհրաժեշտություն առաջացավ բոլոր կառույցները միացնել, որ արդյունավետ լուծվեն համայնքի խնդիրները:

2004թ. ապրիլի 15-ին ստեղծվեց «Աբխազիայի հայկական համայնք» կազմակերպությունը, որում միավորվեցին երեք հայկական կազմակերպություններ։ Հայ համայնքի համախմբման լուրը աբխազահայության շրջանում, մանավանդ արևմտյան թևում, հույս արթնացրեց, որ իրենց իրավունքների պաշտպանությամբ կսկսեն զբաղվել:

— Հայտնի չի` սա առանձին պետությո՞ւն է, թե Ռուսաստանի հե՞տ է, թե՞ Վրաստանի։

Ու օրենքը չի գործում։ Ո՞վ պիտի մեզ պաշտպանի մեզ։ Մենք։ Անջատ-անջատ «Կռունկ» ունեինք, «Մաշտոց» ունեինք, հիմա լավ է, մեկ կլինեն, միասնական մեր հարցերը կլուծենք,- ասում է Լաբրայից Պետրոս Պալասանյանը։

— Մենք սկսում ենք մաքուր էջից, չենք փորփրելու, թե անցյալում ինչ է եղել, մեր խնդիրն է ստեղ ծել ուժեղ համայնք, ինչը երազում է ամեն հայ,- համագումարից առաջ ասում է համայնքի համանախագահ, արդեն նախկին «Մաշտոց» կազմակերպության ղեկավար 56-ամյա Խաչիկ Մինասյանը։

Համագումարում հրավիրված 400 պատգամավորները ընտրել են երեք համանախագահներ՝ «Կռունկի», «Մաշտոցի» և «Մշակույթի կենտրոնի» նախագահներին։

— Ժամանակը եկել է, որ պետք է միավորվենք, քանի որ խնդիրները միայն միասին կարող ենք լուծել,- ասում է «Հայկական համայնքի» համանախագահ, արդեն նախկին «Կռունկի» նախագահ 46-ամյա Գալուստ Տրապիզոնյանը,- երկու գլխավոր խնդիր ունենք լու ծելու, առաջին՝ հայկական դպրոցների պահպանումն է։ Եվ երկրորդ, կարողանանք պաշտպանել մեր հայրենակիցներին, որտեղ էլ նրանք բնակվելիս լինեն՝ Օչամչիրայում, թե Գագրայում, մնացածը արդեն իրենք իրենց կկերակրեն։

Միավորվելուց հետո համայնքի մյուս կարևոն խնդիրը Հայաստանի հետ կապերն ամրացնելն է, ինչը ոչ մի այն նյութապես կօգնի, այլև վստահություն կներշնչի հայերին, որ թիկունք ունեն, ու իրենց անպաշտպան չեն զգա։ Սակայն համայնքի ղեկավարները ասում են, որ Հայաստանի իշխանությունները անտարբեր են աբխազահայության նկատմամբ.

— Ամենից շատ պատերազմից տուժեցին հայերը,- ասում է Տրապիզոնյանը,-բայց բոլոր ազգերը՝ հույները, հրեաները, էստոնացիները, ռուսները օգնու թյուն էին ստանում իրենց արտասահմանցի ազգակիցներից, իսկ հայերը նույնիսկ մի լիմոնադ էլ չստացան։

Հա յաստանում նաև չէին ճանաչվում աբխազահայերի անձնագրերը, որոնք հին խորհրդային էին, և մեծ դժվարություններ էր առաջանում Հայաստան մուտք գործելիս։ Վերջին 4 տարիներին վիճակը փոխվել է։

Գալուստ Տրապիզոնյանի ընտանիքը

Բացի այդ, Գալուստ Տրապիզոնյանն ասում է, որ տարիներ շարունակ ջանքեր է գործադրել, որ Հայաստանից դասագրքեր ձեռք բերի դպրոցների համար։ Աշակերտ ները սովորում էին մաշված ու հին դասագրքերով։

Միայն 2000 թվից սկսած է հաջողվել ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից ստանալ անհրաժեշտ քանակի դասագրքեր։

— Հայաստանը մեզ հետ ոչ հույս է կապում, ոչ բանի տեղ դնում,- ասում է Խաչիկ Մինասյանը,- մենք աղքատ ենք ու պետք չենք։ Մեր մեջ չկան Քըրք Քըրքորյաններ, որ պատվով ընդունեն։ Բայց Հայաստանը մեզ անհրաժեշտ է, ինչպես մեռնողին՝ թթվածինը։

ակնարկի կարճ տարբերակը հրապարակվել է AGBU-ի 2004 թվի համարում, ամբողջականը «Ձայն  համշենականի» 2005թ. սեպտեմբեր-հոկտեմբեր համարում:

Լուսանկարները`

Ռուբեն Մանգասարյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

ABKHAZIA ARMENIANS: HOLDING A HOME IN AN UNSTABLE TERRITORY Քարտեզից դուրս. այցելություն մոռացված գյուղ

5 комментариев Add your own

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com