Պատասխան հարված. քաղաքական ակտիվիստն արդարություն է փնտրում ոստիկանական բռնության դեմ պայքարում

24.09.2004 at 17:54 Оставьте комментарий

«Որ ձեռքերս հետևիցս կապեցին, էլ չէի կարողանում պաշտպանվել, խնդրում էի՝ մենակ գոտկատեղից ցած մի խփեք, էլ չեմ դիմանում, անտանելի ցավում ա…»

Գրիշա Վիրաբյանը նկարագրում է այն օրը, երբ ոստիկանությունում փորձեց պաշտպանել իրեն և թանկ վճարեց դրա համար, հաջորդ օրը հիվանդանոցում հեռացնում են նրա ջախջախված ամորձին:

Հետևից ձեռնաշղթայված վիճակում (այն բանից հետո, երբ Վիրաբյանը հարվածել է իրեն ծնող հայհոյած ոստիկանին), ոստիկանները ծեծել են 46-ամյա Վիրաբյանին` վնասելով նրա ամորձին: Ծեծից որոշ ժամանակ անց նրան տարել են հիվանդանոց, որտեղ ջախջախված ամորձին հեռացվել է:

grisha

Գրիշա Վիրաբյան(լուս՝ հեղինակի)

Վիրաբյանը փորձել է, առայժմ ապարդյուն, գործ հարուցել Արտաշատի ոստիկանության բաժանմունքի դեմ: Նա ասում է, որ իրեն փող են առաջարկել գործը դատարան չհասցնելու համար, բայց դա փողի հարց չէ:

Հետաքննական փաստաթղթերում ոստիկանությունը ժխտում է, որ Վիրաբյանի նկատմամբ անօրինություն է կիրառվել: Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, որտեղ զննման են տարել Վիրաբյանին, նշում են, որ նա մեկուսարանից բերված շտապ բժշկական օգնության կարիք ունեցող առաջին կալանվածը չէ:

Այսպես է Վիրաբյանը նկարագրում այն օրը, երբ փորձելով պաշտպանվել` հարվածել է ոստիկանին «հանուն Հայաստանի Հանրապետության»:

Գրիշա Վիրաբյանն ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ է:

Ապրիլի 9-ին, ընդդիմության զանգվածային հանրահավաքների շրջանում, Վիրաբյանն օգնել է կազմակերպել ցուցարարների երթը Արտաշատից Երևան (մոտ 40 կիլոմետր):

Ոստիկանները խափանել են ցուցարարների առաջին խմբի երթը` արգելափակելով ճանապարհը և հետ ուղարկելով մարդկանց. սովորական միջոց, որին ոստիկանությունը դիմել էր գարնանը ընդդիմության կազմակերպած հանրահավաքների և նախորդ տարվա նախագահական ընտրությունների ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ:

Սակայն մյուսը խմբին` Գրիշա Վիրաբյանի գլխավորությամբ, հաջողվում է շրջանցել արգելափակոցները և հասնել Երևան։

Այդ անհնազանդությունից զայրացած ոստիկանները սկսում են փնտրել Վիրաբյանին` ամեն օր այցելելով Շահումյան գյուղի իր տունը: Ցուցարար բարեկամներից մեկը զգուշացնում է Վիրաբյանին, որ Արտաշատ չգնա:

Սակայն ապրիլի 23-ին, հավատալով ծանոթ ոստիկանի հորդորներին, որ իրեն չեն կալանի, Վիրաբյանը գալիս է Արտաշատի ոստիկանություն, որտեղ նրա դեմ անմիջապես գործ է հարուցվում ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով (ոստիկանությունը հիմնավորում է իր մեղադրանքը նրանով, որ Վիրաբյանը չի ենթարկվել ոստիկանություն ներկայանալու պահանջներին):

Վիրաբյանը պատմում է, որ հարցաքննության ժամանակ քրեական բաժնի պետ Հովիկ Մովսիսյանը հարվածել ու հայհոյել է իրեն. «Քու մերը, քու ծնողը…»:

Ի պատասխան` Վիրաբյանը վերցրել է սեղանին դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքը և հարվածել Մովսիսյանի դեմքին (ոստիկանի աջ կոպը հետագայում կարել են):

Քիչ անց սենյակ է մտնում մեկ այլ ոստիկան` Արմեն Արսենյանը, և Մովսիսյանի հետ երկուսով սկսում են ոտքով-ձեռքով ծեծել իրեն:

«Գետնին գցած՝ խփում էին,- հիշում է Վիրաբյանը հինգ ամիս անց: — Ես էլ չէի պատասխանում, մտածում էի՝ թող շուտ վերջանա էս ամենը: Գլորվեցի պատի անկյունը, որ մեջքիս կողմից մենակ խփեն:

Տալիս էին ուղիղ պոչկեքիս։ Սրանք գնացին, մի ոստիկան ասեց՝ նստի: Կանգնեցի որ նստեմ, բայց մտավ Արմենը, չթողեց որ նստեմ ու քացով՝ գոտկատեղից ցած: Ցավից ընկա, կանգնեցի, էլի խփեց ու տենց երկար ժամանակ տալիս էր»։

Վիրաբյանն ասում է, որ ամենադաժան հաշվեհարդարն իր հետ տեսել է Արարատի մարզի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը։

«Հենց մտավ՝ թքեց վրաս ու քացով՝ գոտկատեղից ցած։ Առաջին հարվածից հետո կոստյումի օձիքից բռնեցի, ասի՝ մի ընկերական շրջապատում կհանդիպենք, կամաչես քո արածի համար»։

Կարապետյանը հրամայում է Վիրաբյանին ձեռնաշղթա հագցնել:

Վիրաբյանը խնդրում է դադարեցնել ծեծը, որովհետև ցավերն անտանելի էին:

«Սիմուլյացիա ես անում»,- ասում է Կարապետյանը:

«Ու սկսեց ուղիղ ձվերիս ու կողքիս խփել,- պատմում է Վիրաբյանը: — Կոշիկները սուրքիթ էին։ Կռանում էի, որ ներքև չխփի՝ չէր ստացվում»։

«ԱրմենիաՆաուն» Մովսիսյանից հարցազրույց խնդրեց, սակայն վերջինս մերժեց` ասելով, որ ոստիկաններին չի թույլատրվում հարցազրույց տալ: Նա հաստատեց, որ իր աչքը վնասվել է:

Աշոտ Կարապետյանն իր ցուցմունքներում մերժում է, որ Վիրաբյանին խփել է, և ասում է, որ միայն հարցաքննել է նրան:

«Ես նրա հետ վարվել եմ շատ դրական, չեմ հայհոյել, չեմ գոռացել նույնիսկ»,- գրել է նա։

Սակայն մեկ այլ նամակ հերքում է Կարապետյանի «դրական» քննիչ լինելու փաստը:

Իր նամակում Նուբարաշենի կալանավայրի կալանավոր Արայիկ Վարդանյանը գրել է, որ Աշոտ Կարապետյանը և մեկ այլ ոստիկան իրեն ծեծել ու ստիպել են իր վրա վերցնել մի քանի հանցագործություն:

«Ձմռանն այդ երկու դահիճները մի քանի անգամ ծեծի ու դաժան մեթոդների միջոցով ցանկացել են ինձ ուրիշ մեղադրանքների մեջ ներգրավել։ Նրանք ինձ այնպիսի վիճակի են հասցրել, որ կտրել եմ երակներս»,- գրում է Վարդանյանը։

Սևանի բնակչուհի, Հարսնաքար հյուրանոցի ադմինիստրատոր  Նատաշա Ոսկանյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ 2003թ. դեկտեմբերի 12-ին իրեն որպես վկա կանչել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք (որտեղ Աշոտ Կարապետյանը ոստիկանապետի տեղակալ էր) որպես վկա, և երեք օր պահում պահանջելով որ ցուցմունք տա թե տեսել է Հարսնաքարում դիակ: Նատաշան ասում է որ ինքը չէր տեսել:  Աշոտ Կարապետյանը նրան ծեծում է, ծխախոտով վառում ձեռքը` ստիպելով վկայություն տալ մի սպանության գործով.

«Սկզբում նորմալ հարցաքննում էին,-պատմում է նա,- հետո միլպետը մտավ, հարցրեց՝ ինչ որ բան ասո՞ւմ ա: Կարապետյանը ասաց՝ չէ: Հետո հարցրեց, բա ծեծե՞լ եք: Աշոտը ասաց՝ չէ: Միլպետը դուրս եկավ ու սկսվեց: Աշոտ Կարապետյանը սկզբում ուժեղ ապտակեց, ես չէի սպասում, ասի՝ ի՞նչ իրավունքով ես ձեռք բարձրացնում ինձ վրա, ու երկրորդ ապտակը տվեց: Հետո գնաց նստեց ու նույն հարցերը սկսեց տալ, թե ես ինչ որ բաներ գիտեմ, չեմ ասում: Աշոտը այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ ես չէի էլ լսել, փողոցի աղջկան էլ նման խոսքեր չեն ասում: Ասում էր՝ դու հըլը չես պատկերացնում թե քեզ ինչեր են սպասում: Հետո երկու կին եկան, ինձ մերկացրին մինչև վերջ, իբր խուզարկում են: Հագնվեցի, Աշոտը վերադարձավ ու նորից սկսվեց: Հիմնականում խփումէր դեմքիս, եղունգներով խփում էր ձեռքերիս:, ես ձեռքերս քաշեցի, էսպես պահում էի(ձեռքերը խաչում է կրծքին), ինքը սիգարեթով ձեռքս այրեց»: Նա պատմում է որ հաջորդ օրերին իրեն ծեծումէր դատախազության քննիչ Հովիկ Պետրոսյանը: Ի վերջո նա գրում է իրենց ուզածը որ դիակ է տեսել, սակայն հետագայում հրաժարվում է ցուցմունքից: Հունվարին նրան կալանավորում են՝ մեղադրելով հանցագործության մասին իմանալ-չհայտնելու մեջ, 14 օր  կանանց գաղութում նստելուց հետո ազատվում է:

Կարապետյանի զոհերից՝ Նատաշա Ոսկանյան(լուս. հեղինակի)

Կարապետյանի զոհերից՝ Նատաշա Ոսկանյան(լուս. հեղինակի)

Վիրաբյանի ոստիկանությունում եղած ժամանակ Արտաշատի դատախազությունը քրեակական գործ է հարուցում ոստիկան Մովսիսյանի մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ:

Ոստիկանությունը բժիշկ է կանչում Վիրաբյանին սթափության թեստի ենթարկելու համար:

Արտաշատի ավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանը մեկնում է սրվակը Վիրաբյանին` պահանջելով փչել: Վիրաբյանն ասում է, որ հարբած չէ:

«Մեկ էլ բռունցքով հարվածեց դեմքիս, էլի դեմ արեց, որ փչեմ, էլի ասի՝ խմած չեմ, ու էլի խփեց. էդպես չորս անգամ,- պատմում է Վիրաբյանը: — Վերջում էլ շուռ եկավ, որ դուրս գա, մեկ էլ ֆռռաց ու բռունցքով խփեց ձվերիս»։

Բժշկուհի Անահիտ Գասպարյանը փաստաթուղթ է տալիս, որ Վիրաբյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Սակայն բժշկուհին հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ համոզված չէ անալիզի արդյունքների վրա, քանի որ չափիչ սարքը հին է և ոչ հուսալի:

Վիրաբյանի դեպքում չափիչի գույնը (որը ցույց է տալիս ալկոհոլի մակարդակը) միայն մի փոքր է փոխվել: Բժշկուհին հարցրել է` սարքը հի՞ն է, թե՞ նոր: Ոստիկաններն ասել են, թե չգիտեն: Վիրաբյանի հարբած լինելու եզրակացությունը հիմնված է եղել հիմնականում աչքի թեստի արդյունքների վրա: Սակայն իմանալով, որ Վիրաբյանին ծեծել են, բժշկուհին ասում է, որ թեստն այդպիսի արդյունք կարող է ունենալ նաև այն դեպքում, երբ սթափ մարդու գլխին հարվածում են:

Բժշկուհու հավաստմամբ` հարբածությունը որոշելու միակ ճշգրիտ միջոցն արյան անալիզն է: Նա ասում է, որ չի պահանջել այդպիսի անալիզ անել, քանի որ «օրգանի աշխատողներին չես կարող քո կամքը թելադրել… Խմած ա, խմած չի` ոչ մի կապ չունի, մեկ ա, նրա ճակատագրի վրա դա չէր ազդի»։

Վիրաբյանին կալանավորել են։ Երեկոյան նրա ցավերն ուժեղացել են: Կրկին կանչել են Գասպարյանին, որը Վիրաբյանին քննելով, պահանջել է անմիջապես տեղափոխել հիվանդանոց:

Կեսգիշերին Արտաշատի հիվանդանոցում Վիրաբյանին քննում է հերթապահը՝ վիրաբույժ Ռուբեն Լիլոյանը և նախնական ախտորոշում տալիս՝ ամորձու և կրծքավանդակի վնասվածք:

«Ինձ անհանգստացնում էր կուրծքը,- ասում է Լիլոյանը,- որովհետև կարող էր կյանքին վտանգ սպառնալ: Ցավոք, ժապավեն չկար, որ ռենտգեն անեինք։ Կլինիկորեն որոշեցինք, որ սալջարդ կա, ու կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչ վերաբերում է ամորձուն, որոշեցինք առավոտյան «էխո» անել. սևացած ու մեծացած էր: Հիվանդը ցավից տնքում էր»։

Վիրաբյանին կրկին տանում են մեկուսարան։ Բժիշկը չի պնդում, որ նրան հիվանդանոցում պառկեցնեն, քանի որ կարծում է, թե տուն են տանելու:

Լիլոյանը նաև ասում է, որ իր մտքով չէր անցնում, թե ամորձին պատռված է եղել, քանի որ նման վնասվածքը շատ հազվադեպ է: Բայց «դժբախտաբար եղել է ուժեղ հարված»։

Մեկուսարանում ցավերը նորից սաստկանում են, ու մի քանի ժամից նրան կրկին տանում են հիվանդանոց:

Բժիշկ Գագիկ Համբարձումյանը պարզում է, որ ամորձապարկը լցված է արյունով և որոշում, որ մեկ ամորձին պետք է հեռացվի:

Համբարձումյանի հավաստմամբ` ոստիկանությունից առաջին անգամ են նման վնասվածքով մարդ բերում հիվանդանոց: Այլ վնասվածքներով, հատկապես որովայնի, հաճախ են բերել։

Վիրահատության օրը Վիրաբյանի հորեղբայր Սաշիկ Վիրաբյանը հայտնում է դեպքի մասին Արտաշատի դատախազություն, երկու օր անց դիմում գրում հանրապետության դատախազին, ոստիկանապետին ու վարչապետին ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով:

Պատասխան չի ստանում։ Փոխարենը մայիսի 3-ին գործ է հարուցվում Վիրաբյանի դեմ: Նրա հավաստմամբ` իրեն ասել են, որ մեղադրանքը կհանվի, եթե ինքը չպայքարի իր իրավունքների համար:

«Ինձ մի քանի անգամ փող են առաջարկել, որ չպայքարեմ,- հայտնեց Վիրաբյանն «ԱրմենիաՆաուին»,- բայց ես հրաժարվել եմ, փողով չեմ ծախի ինձ հասցված վնասը։ Ամեն ինչ պիտի անեմ, որ ոստիկանները պատժվեն»։

Սկսվում է գործի հետաքննությունը, սակայն օգոստոսի 30-ին քրեական գործը կարճվում է այն հիմնավորմամբ, թե Վիրաբյանը բավական զրկանքներ է կրել և, փաստորեն, քավել է իր մեղքը:

Վիրաբյանին հիվանդանոցում այցելել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը երկու անգամ դիմել է դատախազություն` պահանջելով անաչառ քննություն անցկացնել:

«Եթե մարդ առողջ մտել է ոստիկանություն, իսկ առավոտյան նրան վիրահատել են, ուրեմն անթույլատրելի դաժան վերաբերմունք է եղել»,- ասում է Ալավերդյանը:

Մարդու իրավունքների պաշտպան լարիսա Ալավերդյանը այցելում է Վիրաբյանին վիրահատությունից հետո

Մարդու իրավունքների պաշտպան լարիսա Ալավերդյանը այցելում է Վիրաբյանին վիրահատությունից հետո

Գործը կարճվել է Ալավերդյանի երկրորդ նամակից հետո։ Այժմ մարդու իրավունքների պաշտպանը ցանկանում է, որ հետաքննվեն ոստիկանության գործողությունները:

«Պետք էր ամեն ինչ վեր հանել,- ասում է Ալավերդյանը: — Սակայն դատախազության քննիչը շրջանցել է այն ամենը, ինչ վերաբերում է Վիրաբյանին: Այժմ, երբ գործը կարճվել է, ճանապարհը բաց է, որ Գրիշա Վիրաբյանը դիմի, և նոր գործ հարուցվի»։

Վիրաբյանի փաստաբանը մի քանի դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն և տարբեր դատարաններ Արտաշատի ոստիկանության դեմ գործ հարուցելու խնդրանքով: Բոլոր դիմումները մերժվել են:

armenianow.com

24. 09.2016

ակնարկն ամբողջությամբ կարող եք կարդալ 2004թ. հրատարկած «Հաշվեհարդար. հալածանք և դիմադրություն» գրքում

Գրիշա Վիրաբյանը Հոլանդիայում քաղաքական ապաստան է ստացել

Աշոտ Կարապետյանը 2013 թվից Երևանի ոստիկանապետն է 

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Պլեճ-կյանք. պատմություն սիրո, կարոտի ու չարքաշ կյանքի մասին AJARIA: ARMENIANS AT HOME BY THE SEA

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: