Վաճառքի հանված քաղաք. 2004թ. սեփականաշնորհման դրվագներ Էջմիածնում

23.12.2004 at 09:38 Оставьте комментарий

երկու ակնարկները պատմում են 2004 թվին Էջմիածնում կատարված մի քանի տարածքների սեփականաշնորհման մասին

Վաճառքի հանված քաղաք. Էջմիածնի քաղաքապետի կասկածելի գործարքը. վաճառվել է գավառագիտական թանգարանի տարածքը

Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Էջմիածնի քաղաքապետը վաճառել է քաղաքի գավառագիտական թանգարանի տարածքը, թեև մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ այն վաճառքի ենթակա օբյեկտների ցուցակում չէ:

Ինչպես հաղորդել էր «ԱրմենիաՆաուն»` Էջմիածնի որոշ բնակիչներ քննադատել էին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին հանրային գրադարանների տարածքները մասնավոր ընկերություններին վաճառելու համար, այդ թվում` այնպիսի ընկերությունների, որոնց հետ կապեր ուներ (տես ստորև՝ «Վաճառքի հանված մշակույթ. Էջմիածնի գրադարաններն ու մանկապարտեզները` վիճահարույց գործարքների թիրախ»):

Ակնկալվում է, որ թանգարանի վաճառքն առաջ կբերի 56-հազարանոց քաղաքի բնակիչների և Մայր Աթոռի դժգոհությունը:

Թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանին հավաստիացրել էին, որ տարածքը չի վաճառվելու: Մեկ ամիս առաջ Աբգարյանը հաստատել էր դա «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում: Սակայն «ԱրմենիաՆաուին» հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը հաստատել էր տարածքը վաճառելու գործարքը ամիսներ առաջ (մոտ 100000 դոլար շուկայական արժեք ունեցող տարածքը վաճառվել է մոտ 7000 դոլարով):

Թանգարանը ստեղծվել է 1964 թվականին։ 1984-ին տեղափոխվել է ներկա տարածք` քաղաքի կենտրոնական փողոցի վրա։ Ունի մոտ 12000 ցուցանմուշ, որից ցուցադրվում է 500-ը։ Ցուցադրված են ուշ քարե դարի, մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի իրերից մինչև 20-րդ դարի սկզբի կենցաղային իրեր։ Ներկա ու նախկին աշխատակիցներն ասում են, որ թանգարանը կառուցվել է իրենց ձեռքերով, պետությունը ոչնչով չի օգնել:

«Եկեղեցու նման բան է այս թանգարանը, քանդելուց հետո քանի՜ տարի է պետք, որ տեսքի գա»,- ասում է Հասմիկ Հակոբյանը, որ 34 տարի աշխատում է թանգարանում։

Աշխատակիցների ձեռքերով են վերակերտվել թանգարանի ցուցանմուշներից շատերը, ներսի շինությունները, ինչպես, օրինակ` մ.թ.ա. չորրորդ հազարամյակի կլոր կացարանը (կառուցված պեղումների ժամանակ հայտնաբերված կացարանի նմանությամբ), որ շարված է աղյուսով ու շաղախով, յուրահատուկ հազարաշեն տանիքով թոնրատունը։ Թանգարանի փայտյա դռները փորագրազարդ են։ Պետական ֆինանսավորում չի եղել, ամեն ինչ արել են թանգարանի աշխատակիցները:

Թանգարանը տեղափոխվելու է քաղաքապետարանի տարածքում գտնվող զագսի տարածք (զագսի վարիչը դեռևս տեղյակ չէր, որ իրենց տարածքը հատկացվելու է թանգարանին)։

«Ես շատ վրդովվեցի, երբ իմացա, որ թանգարանը վաճառվել է,- ասում է քաղաքապետարանի մշակույթի միացյալ տնօրինության տնօրեն Էդուարդ Հախվերդյանը: — Գործարքը կատարվել է ինձնից առաջ, ես տեղյակ չեմ եղել։ Սերժ Սարգսյանն ասում է, որ հարկավոր է զորախումբ ուղարկել Իրաք հայ մշակույթի օջախները պահպանելու համար, սակայն եթե իրենց երկրում չեն պահպանում մշակույթը, ինչպե՞ս պիտի պաշտպանեն օտար երկրում։ Գնում եք` գնացեք, բայց մշակույթի անունից մի խոսեք»։

Գործարքը կատարել է մշակույթի միացյալ տնօրինության նախկին տնօրեն Բենիկ Շամիրյանը, որ հետագայում նշանակվել է կրթության միացյալ տնօրինության տնօրեն և որոշում ընդունել գրադարանների տարածքների վաճառքի մասին:

«Թանգարանն ավելի կենտրոն է տեղափոխվում (թանգարանից մինչև զագս մոտ 50 մետր է), ավելի ընդարձակ (նոր տարածքի չափսերը հայտնի չեն),-ասում է Շամիրյանը: — Դա արվում է թանգարանի շահերից»։

Սակայն գործարքի մանրամասները ենթադրել են տալիս, որ հաշվի են առնվել այլ շահեր:

495 քմ տարածքը, գումարած 70 քմ նկուղը, վաճառվել է 3,46 միլիոն դրամով (վաճառքի գինը չի հրապարակվել)` մոտ 7 հազար դոլարով, որը շուկայական գնից մոտ տասնհինգ անգամ էժան է։

Թեև տարածքն աճուրդով է վաճառվել, սակայն այն ձևական է եղել. գնորդը` ոմն գործարար Զարզանդ Կարապետյան, հայտնի է եղել նախօրոք։ Հայտնի է նաև, որ Կարապետյանը վերջերս բնակարան է գնել Երևանում` ինչպես կարծում են, քաղաքապետի համար:

«Եթե գոնե աճուրդի մասին իմանայինք, կարող է ուրիշ գնորդներ հայտնվեին»,- ասում է Հակոբյանը։

Նոր տարածքի նորոգման համար բյուջեով փող չի նախատեսվում։

Աշխատակիցներն ասում են, որ զգուշանում են պայքարել թանգարանի տարածքի համար, քանի որ քաղաքապետը սպառնացել է աշխատանքից հեռացնել տնօրենին։

armenianow.com

23, դեկտեմբեր, 2004

 

Վաճառքի հանված մշակույթ. Էջմիածնի գրադարաններն ու մանկապարտեզները` վիճահարույց գործարքների թիրախ

Էջմիածնի երեք գրադարանի գրքերը կապկպում են, որ տեղափոխեն մի մանկապարտեզի մասնաշենք։ Գրադարաններն այլևս գրքերի համար չեն, քանի որ քաղաքապետարանը որոշել է վաճառել երկու գրադարանների տարածքը, իսկ մեկը դարձնել պարասրահ։ Երեք գրադարանները կմիավորվեն և կտեղափոխվեն մանկապարտեզի շենք:

Վաճառվելու են երկու այլ գրադարանների շենքերը, որոնց գրքերը տեղափոխվելու են այլ մանկապարտեզներ: (Քաղաքում մինչև վերջերս ինը գրադարան կար)։ Քաղաքապետը ցանկացել է վաճառել նաև կենտրոնական գրադարանի և քաղաքի գավառագիտական թանգարանի տարածքները, սակայն առայժմ հրաժարվել է այդ մտքից։

Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկն ասում է, որ հեռացվել է աշխատանքից, որովհետև պայքարել է գրադարանների տարածքի վաճառքի դեմ։

Այդ աշխատակիցը` քաղաքապետարանի «Կրթություն» միացյալ բաժնի(այս բաժնին են ենթարկվում մանկապարտեզներն ու գրադարանները) նախկին տնօրեն Սուսաննա Հարությունյանը, օգոստոսին հեռացվել է աշխատանքից:

«Մարտին քաղաքապետը որոշեց վաճառել գրադարանները, և սկսվեց կոնֆլիկտը մեր միջև,- ասում է Հարությունյանը: — Ես կտրականապես դեմ էի և չէի թողնում, որ գրադարաններին ձեռք տան։ Սկսեց գրադարանների լույսերը անջատել, հեռախոսավարձը չէր վճարում։ Ի վերջո, հեռացրեց աշխատանքից, որ իր գործն անի»։

Հարությունյանը դատի է տվել` բողոքարկելու ազատման հրամանը, սակայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները չեն բավարարել հայցը։ Հարությունյանն ասում է, որ դատարանն այդպիսի որոշում է ընդունել, քանի որ քաղաքապետ Հրաչ Աբգարյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մտերիմներից է:

Աբգարյանն ասում է, որ գրադարանների վաճառքը ոչ մի առնչություն չունի ազատման հետ, որ Հարությունյանին հեռացրել են կարգապահական խախտումների համար:

«Էդ կինը պետք է տղամարդ ծնված լիներ, էդքան զիջեցինք, բայց հնարավոր չէր հետն աշխատել»,- ասում է քաղաքապետը։

Հարությունյանի փոխարեն նշանակված Բենիկ Շամիրյանն արդարացնում է գրադարանների վաճառքը։ Նա ասում է, որ Հարությունյանը «սկանդալային» անձնավորություն էր, որի համար էլ հեռացվել է:

«Որ մի օր սկանդալ չէր անում, նրա համար էդ օրը մեռած էր»,- ասում է Շամիրյանը։
(Ազատման հիմնավորումը համոզիչ չէ: Օրինակ` մեկն այն է, որ Հարությունյանը մեկ տարի առաջ հինգ օր բացակայել է աշխատանքից։ Հարությունյանը ներկայացրել է տեղեկանք, որ այդ օրերին մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու կրթության նախարարության սեմինարին։ Քաղաքապետարանի մի աշխատակից ասաց, որ իրականում Հարությունյանին ազատել են աշխատանքից, որովհետև շատ ինքնուրույն էր)։

Աբգարյանն ասում է, որ գրադարանները չէին գործում, հազիվ մեկ-երկու ընթերցող ունեին, այդ պատճառով էլ որոշել են վաճառել։

Սակայն գրադարանների աշխատակիցներն այլ պատկեր են ներկայացնում։ Քաղաքի մշակույթի տանը 1953 թվականին ստեղծված բանաստեղծ Վաչագան Հովհաննիսյանի անվան գրադարանը տարեկան 2000 ընթերցող ունի, սպասարկում է շրջակա թաղամասերին։ Գրադարանում 34 հազար գիրք կա (1993 թվականից Էջմիածնի ոչ մի գրադարան գիրք չի ստացել)։ Երբ գրադարանի աշխատակիցները գրքերն էին կապկպում, երկու պատանի ընթերցող գիրք էին հանձնում, բայց նոր գիրք չկարողացան վերցնել։ Մեկ այլ ընթերցող աշխատակիցների հետ գրքերն էր հավաքում։
Նոր տարածքը նախկինի կեսն է։ Վարիչ Աշխեն Տերտերյանը, որը 30 տարի գրադարանում է աշխատում, կարծում է, որ նոր շենք տեղափոխվելով` ընթերցող չեն կորցնի։

Հակառակ քաղաքապետարանի պնդմանը, թե գրադարանները չեն գործում, Թումանյանի անվան մանկական գրադարանը 32 հազար գիրք ունի և մոտ հազար ընթերցող։ Բոլոր գրքերը նոր տարածքում չեն տեղավորվի։ Աշխատակիցները վստահ են, որ կորցնելու են ընթերցողներին։
Քաղաքի մեկ այլ մասում է Աղայանի անվան մանկական գրադարանը. «Իմ երեխաներն օգտվում են այս գրադարանից, շատ վատ է, որ տեղափոխում են,- ասում է մի կին, որը հետևում էր, թե ինչպես են գրքերը կապկպում: Գրադարանն ունի 730 ընթերցող, 29 հազար գիրք. «Այստեղ շատ լավ պայմաններ են, իսկ այնտեղ փոքր տարածք են տալիս, գրքերը չեն տեղավորվի»,- ասում է Սեդա Պետրոսյանը, որը 22 տարի գրադարանի վարիչն է։ Գրադարանը հիսուն տարվա պատմություն ունի, սկզբում եղել է փոքր տարածքում, 30 տարի առաջ տեղափոխվել է այստեղ` ավելի մեծ տարածք։ Այժմ կրկին տեղափոխվում է փոքր տարածք։ Աշխատակից Ջեմմա Զաքարյանը ցույց է տալիս ալբոմները, որտեղ գրադարան այցելած Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և այլ գրողների լուսանկարներն են։ Լուծարվելու հետ կվերանա նաև գրադարանի պատմությունը։

Երեք գրադարանների աշխատակիցներն էլ վախեցած են ու թաքցնում են իրենց դժգոհությունը։ «Իրավիճակը շատ վատ է, բայց բոլորս վախեցած ենք` հանկարծ մի խոսք ասենք, կարող է աշխատանքից հեռացնեն»,- ասում է նրանցից մեկը։

Աբգարյանն ասում է, որ գրադարանների տարածքները վաճառվում են բյուջեի պարտքերը մարելու համար. «Տարվա վերջ է, ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք»։

Գրադարանները կվաճառվեն քառակուսի մետրը 5000-7000 դրամով: Մի գրադարանը (որ մոտ 150 քառակուսի մետր է) կվաճառվի մոտ 2000 դոլարով, որ քաղաքում գործող շուկայական գնից տասն անգամ էժան է։ Գործարքի հակառակորդները վստահ են, որ տարածքները յուրացնելու են պաշտոնյաները։ Ըստ լուրերի` մեկը կգնի ինքը՝ քաղաքապետը, մեկ այլ անձով քողարկվելով, մյուսը` քաղաքի ավագանու անդամ։

Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքապետարանը սեփականաշնորհել է մանկապարտեզի երեք շենք։ Մեկը գնել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր տղան, մյուսը` վարչապետի քրոջ տղան։ Իսկ մանկապարտեզներից մեկի շենքի մի մասը քաղաքապետը նվիրել է ինքն իրեն, ապա վերանորոգել ու դարձրել է մասնավոր մարզադպրոց։

Աբգարյանն արդարացնում է մանկապարտեզների վաճառքը` ասելով, թե դրանք չէին գործում. «Զվարթնոցի մանկապարտեզը 10 տարի չէր գործում, մյուսն էլ չէր գործում, իսկ մեկում ընդամենը 20 երեխա կար»,- ասում է Աբգարյանը։ Նա ընդունում է, որ վերջին մանկապարտեզը վաճառվել է օրենքի խախտումով, քանի որ Ազգային ժողովն այս տարի որոշումով արգելել է մանկապարտեզների վաճառքը։ Իսկ մարզադպրոցը համարում է քաղաքի զարգացման ցուցանիշ, որտեղ փոքր վարձով (ամիսը մոտ 1500 դրամ) մարզվում են պատանիները։

Մանկապարտեզները վաճառվել են շուկայական գներից մի քանի անգամ ցածր գնով։
Օրինակ` վերջին մանկապարտեզի երկհարկանի շենքը, որ 19042 քմ տարածք ուներ, վաճառվել է 7 միլիոն 900 հազար դրամով (մոտ 15800 դոլար), որը Էջմիածնում 50 քառակուսի մետրանոց բնակարանի գին է։

Քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում գտնվող գավառագիտական թանգարանը Աբգարյանը նույնպես ցանկացել է վաճառել, սակայն որոշ աղմուկից հետո հետաձգել է այդ գործարքը։ Նա ասում է, որ եթե տարածքը վաճառվի, թանգարանը չի վերանա, կտեղափոխվի այլ տեղ։

http://www.armenianow.com

05, նոյեմբեր, 2004

 

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Նոր օր թիվ 18 դպրոցում. ինտերնետային հոդվածը փոխում է հատուկ դպրոցի կյանքը Armenia: Jehovah’s Witnesses Take Stand

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: