Կինոաստղը. միայնակ հայրը խաղում է թափառաշրջիկի իր դերը

13.03.2005 at 11:37 Оставьте комментарий

tramp1«Օղորմածիկ մերս ասում էր՝ էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն՝ թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը։ Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին։ Հատկապես նրա «Թափառաշրջիկ» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից։ Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին։

Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի մեջ մտնե՞լն էր պատճառը, թե՞ երկրի տնտեսական ճգնաժամը, բայց Ավոն մի օր դարձավ թափառաշրջիկ…

40-ամյա Ավետիք Խաչատրյանը դեռ երգում է հնդկական այն ֆիլմերի երգերը։ Երեխաների անուններն էլ հնդկական կինոներից են. Հրաչը 10 տարեկան է (Ռաջ Կապուրի պատվին), դուստրերը` Գիտան 6 և Զիտան 4 տարեկան են («Զիտա և Գիտա» ֆիլմից)։ Նույնիսկ Գիտայի մեջքի խալը Հնդկաստանի քարտեզն է հիշեցնում։ Իրեն ու որդուն էլ կնքել է բռադյագա՝ Բռադյագա Հրաչ ու Բռադյագա Ավո։

Այնքան էր սիրում հնդկական կինոներ, որ 80-ականներին հնդիկ ուսանողներից հինդի լեզու է սովորել ու երեք ֆիլմ թարգմանել հայերեն։ Հիշում է իր հնդիկ ընկերոջ խոսքը, որ ասում է հինդիով ու հետո թարգմանում. «Արմինդարը ճիշտ էր ասում՝ կյանքն ավելի բեթար ա, քան մահը»։

+DSC_8417Ավոյի կյանքն էլ հնդկական կինոյի է վերածվել. նա դարձել է մի բարի հերոս, որ առանց հիմնական աշխատանքի, միայնակ երեք երեխա է մեծացնում։ Փոքրի հայրը ինքը չէ, բայց պարտքն է համարում նրան էլ հայրություն անել. «Նա էլ ա իմ բալեն։ Արյունով չի որոշվում»։ Կինը լքել է նրան` երեխաներին թողնելով։ Մեկ-մեկ այցելում է ու փոքրին` Զիտային, հետը տանում ու հետո էլի բերում թողնում։

90-ականներին Ավոյի եղբայրները պարտքի տակ են ընկնում, հայրական տունը ծախում են, հետո գնում Ռուսաստան։ Ավոն վարձով էր ապրում մոր հետ, աշխատում շինարարությունում։ 94-ին ամուսնանում է։ Մեկ տարի անց ծնվում է Հրաչը։ Կինը հեռանում է: Հետո վերադառնում, ու ծնվում է Գիտան, ու կրկին հեռանում է Գիտայի հետ։

Ավոն կորցնում է աշխատանքը, էլ չի կարողանում վճարել տան վարձը։ Երկու թափառաշրջիկ՝ Ավոն ու երկամյա Հրաչը, ընկնում են փողոցները` անտուն ու սոված։

tramp2«Մեկի դուռը ծեծեցի` մի կին բացեց: Ասեցի` մի գիշեր թողեք մնամ, տեղ չունեմ քնելու, էրեխեն մեղք ա։ Ասեց՝ էդ գողության թազա ձև ա, հա՞։ Մի գիշեր եմ խնդրում, ուզում եք, ոտիցս կապեք, որ չկարանամ փախնեմ։ Հավատաց, տարավ երկրորդ հարկում տեղ հատկացրեց, առավոտ էլ չայ տվեց»։

Երկու օր Ավոն երեխային կերակրել է աղբի միջից հանած ուտելիքով, հետո գլխի է ընկել, որ կարելի է շիշ հավաքելով ապրել:
Եվ Ավոն միանում է բազմաթիվ չքավորների բանակին, որոնք տնետուն ընկած շիշ են հավաքում ու հանձնում ընդունման կետեր։ «Շատ տարիներ Հրաչին գիրկս, շալակս, կալյասկի մեջ, գնում էինք շիշ հավաքելու։ Մենք մեր հիմնը ունեինք՝ «Բռադյագա» կինոյի երգը` «Ճանապարհ տուր, կանչում են քեզ»։

Սկզբում դժվար էր, շատերը տան շեմից հայհոյելով դուրս էին անում, նույնիսկ ուզել էին ծեծել, որ խանգարել է իրենց ու համարձակվել դուռը ծեծել։ Բայց հիմա ունի մշտական բնակիչներ, որ իրեն ճանաչում են ու հատուկ իր համար շշերը պահում են։

Շուտով երկրորդ «գործն» է գտնում: Առավոտները շրջում է շենքերի մուտքերով ու դռան մոտ դրած աղբը թափում: Մեկն ամիսը 200 դրամ է տալիս, մեկ ուրիշը` օրական 50-100 դրամ։ Միայն աղբ թափելով ամիսը 5000 դրամ վաստակում է։

Արանքում պատահում են տարբեր գործեր, օրինակ, մի քանի օր առաջ ավազ է կրել. 39 պարկ չորրորդ հարկ բարձրացնելու համար 2000 դրամ են տվել:

Արդեն 4 տարի Ավոն երեք երեխայի հետ վարձով ապրում է Նորքում` 12 քառակուսի մետրանոց սենյակում՝ առանց խոհանոցի, զուգարանը բակում։ Ամիսը տալիս է 8 հազար դրամ։ Տանտերն ուզել է բարձրացնել վարձը, դարձնել 10 հազար, բայց հետո խղճացել է, թողել նույնը։

Ամեն առավոտ Ավոն գնում է գործի` երեք երեխաներին թողնելով մենակ։ Ինչ Հրաչը սկսել է դպրոց գնալ, էլ հետը չի տանում. «Ասի` Հրաչ ջան, դու դասի պիտի գնաս, արդեն պետք չի իմ հետ գաս: Որ դպրոցում հարցնեն` պապան ինչո՞վ ա զբաղվում, ասա` առևտուր ա անում»։

tramp3Ավոն ուրախ է, որ փետրվարը վերջացավ: Ձմռանը մարդիկ քիչ են խմում, շշերը քիչ են: Փետրվարի տան վարձի կեսն է տվել: Մի 7-9 հազար էլ էլեկտրականության համար պիտի տա:

«Ոչինչ, հեսա ամառը կգա, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Ավոն։

Ավոն միշտ մաքուր շորերով է, սպիտակ վերնաշապիկով։ Առաջ շորերը ձեռքով էր լվանում։ Հիմա ունի հին, սովետական լվացքի մեքենա, որ տարբեր մարդիկ են նվիրել։ Ճիշտ է, ջուր է թողնում, բայց ամեն դեպքում, ձեռքով լվանալուց լավ է։

Միայնակ հայրը միայն ուտելիքի, էլեկտրականության ու տան վարձն է հասցնում։ Մնացած ամեն ինչը, այդ թվում` հնդկական երգերով ձայնասկավառակը և գույները փախած փոքրիկ հեռուստացույցը, ուրիշներն են տվել:

Բաղրամյան պողոտայի բնակիչ Վարդուհի Մանուկյանն ասում է, որ մարդիկ շատ են սիրում Ավոյին. «Հասնող, օգնող տղա է, ահագին էլ բան գիտի, սովորական աղքատ չի,- ասում է նա: — Շիշ էլ եմ տալիս, հագուստ էլ, իրեր էլ, որ ափսոսում եմ դեն գցել, տալիս եմ իրան։ Մի տղա էլ ունի՝ Բռադյագան, առաջ հետն էր գալիս»։ Երկու աղջիկների մասին մեծ մասը չգիտի։

DSC_8481«Աստվածաշնչում ասվում ա՝ ծաղիկներին գույնզգույն հագուստ եմ հագցրել, բայց, մա’րդ արարած, դու որ ինձ սիրես մանանեխի հատիկի չափ, անկեղծ, բա քեզ ի՜նչ ձևի կհագցնեմ-կկապցնեմ»,- ասում է Ավոն` չզգալով, որ իր կյանքը Ավետարանի խոսքերը «խմբագրել» է ու վերիմաստավորել:

Չորս տարի առաջ տանտիրոջը խնդրել էր գնալ կնոջ հետևից գյուղ ու նրան համոզել, որ հետ գա։ Մինչև կգնար, կինը հայտնվում է` գրկին նորածին երեխա:

«Ավոն էկավ, ասեց` Վաղո ձյաձյա, տենում ես, տանը կնիկ չկա, դժվար ա, ուզում եմ էրեխեքիս մորը հետ բերեմ: Որ գնաս Լեռնավան բարեխոսես, երևի քեզ կլսի, կգա,- պատմում է տանտերը՝ Վաղինակը: — Մի էրկու օրից մեկ էլ պատուհանից տեսա` մի կին բարուրը ձեռը իջավ ներքև։ Կրծքի էրեխա էր։ Կինն էր։ Էկավ տենց մնաց։ 3-4 ամսից կրծքից կտրեց ու գնաց։ Ավետիքը պահեց էդ էրեխին էլ։ Իրան պապա ա ասում, ուրիշ պապա չի տեսել»։

Հիմա էլ կինը ամիսը մեկ-երկու անգամ երևում է. «Էրեխեքի մայրը 100 տոկոսանոց չի, 30 տոկոսանոց մեր ա,- ասում է Վաղինակը: — Հիմա թե սրանց վերջը ինչ ա լինելու, ես չգիտեմ»։

Ու դեռ պտտվում է հնդկական կինոյի ժապավենը, ուր պատկերված են բարի ու չար մարդիկ, սերն ու դավաճանությունը, խիղճն ու դաժանությունը… և մեծահոգի «բռադյագան», որ աղբ է թափում, շշեր հավաքում ու սպասում ֆիլմի երջանիկ ավարտին:

լուս. Ռուբեն Մանգասարյանի

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

Film Star: Single father plays out his own role of “Tramp” Գոհար Նիկողոսյան. երազներից մինչև «Ծաղկի տաբու»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: