Գոհար Նիկողոսյան. երազներից մինչև «Ծաղկի տաբու»

14.04.2005 at 00:00 1 комментарий

gohar1

Ճյուղերով գործած մրգի  կողովների մեջ խցկված են Գոհարի պատմվածքները։ Տանը, որ մի նեղ սենյակ է, ուրիշ հարմար տեղ չկա։ Մի պատմվածք գտնելու համար նա կողովի մեջի թղթերը իրար է խառնում, ինչպես արհեստավորը գործիք կփնտրի։ Ու գտնում է. «Հես ա` «Իմ ծոցում ծվարած իմ գառնուկ» (թե ինչպես էր ամուսինը գիշերվա կեսին քշում, որ սիգարետ ճարի) «Իմ գող ձեռքը» (իր արած մի քանի գողությունների մասին), «Արաբական խոստովանություն» (մարդասպան կնոջ հետ լուսացրած մի գիշերվա պատմություն), «Ամանորյա կաթված» (թե ինչպես է նախկին ամուսինը խաբում, թե փող կտա ու հետը լինում), «Մագնիսե խաղաթղթեր» (մի գիշեր, երբ իրար հետևից երկու տղամարդու հետ եղավ), բռնաբարության պատմվածքը չեմ գտնում, հետո կգտնեմ կտամ»։ Հետո գտնում է «Ինձ սպանել չի կարելի» պատմվածքը, որտեղ նկարագրում է, թե ինչպես մեկը մկրատը դրեց կոկորդին ու ստիպեց բավարարել։

Պատմվածքները ձեռագրով են՝ աշակերտական տետրեր մեջ ու տարբեր թղթերի վրա։ Իրար խառնված պատմվածքները  ճզմված կողովի մեջ՝ իր կյանքի նման ճզմված ու չդասավորված։

39- ամյա Գոհար Նիկողոսյանը ծնվել է Երևանում, ավարտել է Համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մանկությունից գրել է։ Առաջին գիրքը՝ «Հրաշք պահեր», հրատարակել է 2002 թվին, որ մանկության հիշողությունների ու երազների խառնուրդ է։ Իր առաջին շրջանի գործերը, որ դասական հայ գրականություն է անվանում,  նա արդեն չի հավանում «100-ի չափ երազներից քամված պատմություններ են։ Հետո տեսա, որ ճահճանում եմ, կյանքը ավելին ա, քան երազը։ Երազի հույսին մնաս՝ ավելի լավ ա չապրես»։

Իսկ ապրածը, որ  նրա պատմվածքների անսպառ աղբյուրն է,  նախկին երազներով գրվածների ենթատեքստերի բանալիներն են ու թեմաներ, որոնք երբեք մուտք չեն գործել հայ գրականություն։

Ձեռագրերից հոտ է գալիս, խոնավության հոտ, որ կպել ու չի անցնում։ Խոնավության մեջ են Գոհարի շորերը, անկողինը։ Սարի թաղում նրա բնակարանը ավելի շատ բնի է նման, փողոցից աստիճաններով իջնող փոսի մեջ, որ ոչ զուգարան ունի, ոչ՝ ջուր։

«Ով գալիս ա հյուր, շռցնում ուղարկում եմ,- ծիծաղելով ասում է Գոհարը,- Ես քեզ մի գարշոկ կտամ, կանես կթողնես, ես դուրս կգամ, հետո կգամ, կտանեմ կթափեմ։ Մենակ շուտ կանես, որ դուրսը չսառեմ»։

Տունը չի տաքացվում, փոքրիկ, մանկական կուբիկի չափ էլեկտրական պլիտան չի կարող չորացնել ձմեռային խոնավությունը, որ հողե պատերի մեջ մտնում ու դուրս չի գալիս։

97 թվից նա այստեղ է ապրում, երբ բաժանվեց ամուսնուց ու նրանից ստացավ այս բնակարանը։ Երկու զավակները մնացին ամուսնու մոտ։ Սկզբում Էրեբունու թաղապետարանը (Սարի թաղը, որտեղ ամուսնու ընտանիքն է, այդ թաղամասում է)  որդուն թողնում է հոր մոտ՝ պատճառաբանելով, թե Գոհարը չունի բավարար բնակարանային ու տնտեսական պայմաններ երկու երեխաներին պահելու համար։ Որդուն ստանալու համար նա դիմում է դատարան, սակայն դատարանը նրա հայցը անհիմն է համարում։ Գոհարը մնում է դստեր հետ, սակայն մի տարի անց, չկարողանալով նրան պահել, հանձնում է հորը։

լուս. Ռուբեն Մանգասարյանի

Գոհարի ամուսնությունը լինում է սովորական հայկական սցենարով, կույս պահած աղջկան ծնողները տալիս են կնության. «Մերոնք էլ էին ահավոր պահպանողական, նրա ծնողներն էլ, որ մինչև ամուսնությունը լինեինք, ինձ չէին ընդունի,- պատմում է Գոհարը,- ամուսնության հաջորդ օրը կարմիր խնձորը տեղը-տեղին ուղարկեցին մերոնց։ Մի շաբաթ բարեկամներին ու հարևաններին ցույց էին տալիս սավանը՝ կուսության հետքերով։ Հյուր որ գալիս էր, սավանը փռում, ցույց էին տալիս, հետո գարդիրոբի մեջ փակում ու գնում  հաց ուտում։ Ես չէի տեսնում, կողքի սենյակում էի, պռոշ արած՝ լաց էի լինում։ Ես նրա երկրորդ կինն էի, բայց տասներորդն էլ լիներ, պիտի կույս ուզեր։ Բայց եթե կույս էր ուզում, ինչի էր իմ հետ տենց վարվում»։

Ամուսնության տարիները նույնպես չեն տարբերվում որոշ ընտանիքներից, որտեղ կինը միայն երեխա բերելու գործարան է ու ամուսնու քմահաճությունների գերին։ Միայն այս դեպքում կինը, պարզվում է, գրող էր լինելու ու գրելու էր ամուսնու դաժանությունների մասին՝ բոլոր այն հայ կանանց փոխարեն, որոնք լուռ տարել էին ընտանեկան նվաստացումները։ «Իմ ծոցում ծնված իմ գառնուկ» պատմվածքում նկարագրում է, թե ինչպես էր ամուսինը իրեն ստրկացնում. «Գնա իմ համար սիգարետ ճարի,- հրամայեց։ Երեխեքը փեշիցս կպան։ Հենց չափալախեց, գլուխս զնգաց, լացեցի։ Երեխեքը սուր ձեն կապեցին։ Ինձ գցեցի սկեսուրենցս տուն՝ փոքր տեգորիցս մի հատիկ սիգարետ խնդրեմ։ Տվեք ինչ կլինի։ Սկեսուրս բացեց իր անեծքների կապոցը, թե ինչ կնիկ եմ, որ մարդուս սիգարետ չեմ ստեղծում, վազեց մեր տուն, որ ամուսնուս բարկության վրա յուղ լցնի, իսկ տեգրս խնդաց՝ չունեմ»։ Հետո լսում է սկեսրոջ ձայնը, որ երեխաներին ասում է. «Գյուղից թազա, խելոք մամա բերենք, սրան սիկտիր անենք»։ Իսկ ամուսինը դուրս է անում՝ պահանջելով. «Մինչև սիգարետ չճարես, չշշկռվես-տուն գաս»։ Կինը գիշերվա երկուսին Սարի թաղի խուլ փողոցներն է ընկնում սիգարետ ճարելու, իսկ երբ երկու ժամ անց ձեռնունայն վերդառնում է, զարմանում է, որ ամուսինը չի ծեծում։ Իսկ հետո որդին խնդրում է.«Մամ ջան, դու փախի, գնա կորի, որ քեզ չծեծի, ես ու Լիլոն խնդրեցինք, որ քեզ չծեծի։ Մյուս տարի դպրոց կեթամ, կմեծանամ, կգամ քեզ կգտնեմ։ Հեքիաթների ազդեցությունն էր։ Այնքան շատ եմ պատմել, որ խեղճ երեխան հավատում է՝ եթե կորեմ, հեշտ կգտնվեմ»։

DSC_8080

Ամուսնալուծվելուց հետո Գոհարը չի կորչում: Պատմում է, որ հիմա հաճախ գնում է դպրոցի դիմաց կանգնում է, որ երեխաներին բարևի, որդին չի բարևում ու անտարբեր մոր կողքով անցնում է, իսկ դուստրը բարևում ու մի քանի բառ փոխանակում է։ Նույն պատմվածքում շարունակում է.«Երեխաները, հատկապես որդիս, մոռացան ինձ, երևի իմ կերած ծեծերը, իմ դառը լացերը, իմ պախկվելները, փախնելները ու խեղճությունը, իմ ինքնապարտադրված մեղքերն էլ հետը մոռանան։ Ինձ չեն ճանաչում, մամա չեն ասում, թեև ես չեմ էլ կորել, այլ ընդամենը կորցրել եմ իմ անկյունը այս մեծ աշխարհում»։

Մինչ ամուսնալուծությունը Գոհարը ինքնուրույն կյանք չէր ունեցել, եղել էր սկզբում՝ ծնողների, հետո ամուսնու հսկողության տակ։ Ընտանեկան բանտից նա ընկնում է մի աշխարհ, որի օրենքներին անտեղյակ էր։ Պիտի ինքնուրույն կարողանար փող աշխատել ու իր գոյությունը պահել։ Ծնողները եղբոր անհաջող բիզնեսի պատճառով քաղաքի տունը ծախել էին ու գյուղ տեղափոխվել, ամուսնացած  քույրերը հազիվ իրենց էին պահում։ Որոշ ժամանակ աշխատում է մատուցողուհի, բայց գործատուներին ջահել աղջիկներ էին պետք, իսկ ինքը արդեն մեծ էր, ու գործը կորցնում է, աշխատում է հավաքարար, աման լվացող, հայերենի մասնավոր դասեր է տալիս երեխաներին (մի դասը 200 դրամ)։ Մի քանի տարի խանութներից 15 դրամանոց հնացած հաց էր գնում։ Մի տեղ գրում է. «Չորացած հաց եմ կրծում, բայց երբ բոլոր ատամներս միանգամից գժվում են, հարևանից պարտքով օղի եմ բերում, սոված փորիս ողողում ատամներս …ու հարբում» («Պարապ վարսահարդարի ու Էլթոն Ջոնի շնորհիվ ծնված մի սիրո մասին»)։ Նույն պատմվածքում նկարագրում է հիվանդությունները. «Լնդախտս, գանգրենաս (երկու տարի ոտքերի եղունգները վերքերի մեջ), հոգեկան խանգարումներս, անտեր, քուչի շան պես, ինքս բժշկեցի, երբ պատռում էի ոտքիս մսերը և մեջը յոդի ամաններ դատարկում, երբ մի քիչ էլ յոդից խմում էի, որ զոբս լավանա, երբ քաշում էի ցավացող ատամներս, բժշկի փող չունենալուց, երբ պատառոտված, մինչև վերջ կախված սեռական օրգանս լվանում ու դասավորում էի որովայնիս մեջ, երբ տեսիլքները հեռացնում էի ինձնից, երբ 1000 անգամ ինքս ինձ ասում էի. «ես շատ առողջ եմ, ես շատ երջանիկ եմ»։

Ինչ չէր գտել ամուսնական հարկի տակ, հիմա է փնտրում՝ սեր, մի սիրելի տղամարդ, որ իրեն տեր կկանգնի ու կպաշտպանի, ինչպես ինքն է գրում՝ «իմպռտնի զգացմունք՝ փոխադարձ սեր»։ «Աշխարհի իմ փայ Առնոլդ Շվարցնեգերը» պատմվածքում նկարագրում է հետամուսնական իր առաջին սիրո պատմությունը՝ իրենից 10 տարով երիտասարդ մի տղայի հետ. «Ուժեղ գարնանային անձրևի տակ ինձ մոտեցավ, ծանոթացավ, տուն ուղեկցեց, ապա վազեց խանութ, բերեց թվիքս՝ դվե պալոչկի։ Մեկը ես կերա, ու մյուսն՝ էլի ես։ Դա է եղել նրա ծախսը իմ վրա։ Մի անգամ էլ…արդեն մի տարվա ընկեր էինք, ինձանից երկու քյաբաբի փող ուզեց, ժլատ ձեռքս դողդողալեն տվեց, բերեց, կերանք։ Դա է եղել մեր աղեստամոքսային փոխհարաբերությունը, մեկ էլ՝ ամեն գալուն պես մի բաժակ սուրճ  նա միշտ նախընտրում էր ինձանից առաջ»։ Հերոսը՝ Կարենը,  նրա գործերում նկարագրված միակ տղամարդն է, որ իրեն լավ է վերաբերվել, իրեն փաղաքշաբար «Ճըլտուզ» ասել, ու որից իր փայ, շատ քիչ պաշտպանությունն է ստացել իր անպաշտպան կյանքում։ Այդ «փայը» եղել է Կարենի կռիվը ընկերոջ հետ, որն ասել է. «Մի տարիքով կնգա հետ է կապված, մի փչացածի հետ»։ Այսուհանդերձ, իր «փայ Շվարցնեգերի» համար էլ նա միայն սեքսուալ ցանկությունների օբյեկտ մնաց, որ ամեն անգամ անկողին մտնելուց հետո. «Ավանդական ձևով ինչ որ պետք էր՝ արեց։ ես ծառի նման անշարժ, ինքը մարդու պես շարժուն, ինչ որ պետք էր արեց ու գնաց»։

Լուս. Ռուբեն Մանգասարյանի

Սարի թաղում, միայնակ կինը չի կարող անձնական կյանք ունենալ՝ մանավանդ եթե չունի ազգականներ։ Տները իրար վրա դարսված են ու, ինչպես սեփական ափի մեջ, հարևանները տեսնում են, թե ում տուն ով մտավ։ Երկրորդ կամ երրորդ տղամարդու հետ հանդիպող կինը այլասերվածի անուն է հանում, ինչպես ինքն է գրում. «Խայտառակ եմ եղել իմ ու իմ միջավայրում, ուր «անբարոյականներին վաղ թե ուշ քարկոծում են» («Իմ փայ Շվարցնեգեր»)։  Այդպիսի կնոջը տղամարդիկ արդեն կարիք չեն ունենում  հարցնել, թե նա ցանկանո՞ւմ է, արդյոք, իրենց հետ լինել։ «Ես շատ էի ուզում ընկեր ունենայի, որովհետև ահավոր վախկոտ, մթությունից սարսափում եմ, ամեն օրը ոնց որ վերջին։ Պառկում էի, չգիտեի առավոտը կտեսնեմ, թե չէ»։

Սակայն Գոհարը պաշտպան գտնելու փոխարեն ստանում է տղամարդկանց անվերջանալի հարձակումներ։ Սկսվում են հալածանքները, գիշերները այցելում են անկոչ հյուրեր, մեկը ամուսնության խոստում է տալիս, հետը քնում է ու խոստանում, որ էլի կգա, բայց ուրիշին բերում ուղարկում, ինչպես նկարագրում է «Վարսահարդարի…» մեջ. «Իրենք երկուսով բոզի էին եկել՝ իրենց հավի խելքով, թե իրենք հավն էին, ես վաբշե ոչ մեկը չէի, ոչնչություն էի…Նրանց իմ մարմինն է պետք, գազազում եմ, վերցրեք օգտագործեք»։

Իսկ ոմանք արդեն հարձակվում էին ու բռնաբարում.

Լուս. Ռուբեն Մանգասարյանի

«Գալիս մտնում էին, տուպիկ ա, ոչ մի տեղ չունեմ փախչելու, ղժժամ՝ հարևանները կասեն, դե էս ա, փչացած ա,- ասում է Գոհարը,- Շատերի հետ ռազմիկի կռիվ եմ տվել»։ Պատմվածքներում կան մի քանի բռնաբարության նկարագրություններ. «Դուռը փակեց, ես ղժժում էի, ինքը նենց լակած էր, նենց խմած էր, փչեի՝ կթռներ։ Բայց որ ներվայնանում եմ, թուլանում եմ, չէի կարում ինձ պաշտպանեմ, ռիսկ չէի անում, պաշտպանեմ որ ինչ, դիմացը, դռան հետև տղերք էին կանգնած, պատվո պահակներին հետը բերել էր», հերթը չի հասնում  դրսում կանգնածներին, ինքը հաջողացնում է դուրս թռչել ու հարևանի տնից ոստիկան զանգել։

Հաճախ կարողանում է խույս տալ, ինչպես մի պատմվածքում, երբ հերոսը՝ Վրեժը, նրան խաբում է, թե դատապաշտպանի մոտ է տանում, բայց փորձում է բռնաբարել. «Մեկ էլ արձակեց շալվարի կոճակները և հայտարարեց, որ ես կտեսնեմ աշխարհի ամենալավ դատապաշտպանին», Գոհարը փախչում է տնից, իսկ Վրեժը մինչև «դատապաշտպանին» տեղն է դնում, արդեն ուշ է լինում։

Ինչպես ասում է փիլիսոփան, այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է։ Գոհարը սերտում է հանցագործ աշխարհի օրենքները, մտնում է «բազարների» մեջ՝ տղաներին ճիշտ ու սխալ հանում. «Դարձել էի տղա գողական, ճշտով-մշտով էի խոսում»։ Այդպես, ասում է, թե թաղի հարգված տղաները իրեն պաշտպանության տակ են առնում։

Սակայն ամենամեծ ձեռքբերումը գրականության մեջ ազատությունն է դառնում։

զուգարանի տեղը: Լուս. Ռուբեն մանգասարյանի

զուգարանի տեղը:

Նա կոտրում է տաբուներ, ասում բաներ որոնք կանայք չեն խոստովանում. Հայ օջախի սրբության գաղափարը, որ ընտանեկան վեճերը պիտի չհրապարակվեն, մանավանդ երբ կինը բռնությունների թիրախ է դառնում, Գոհարը սրբազերծում է։ Բռնաբարությունը, որ համարվում է կնոջ համար վարկաբեկիչ, ու պետք է գաղտնի պահվի, Գոհարը բացահայտ նկարագրում է։ Նրա համար այլևս չկան փակ թեմաներ, նկարագրում է  սեռական ցանկությունները,  սեքսուալ հարաբերությունները։ Իսկ գողությունը, որ խոստովանում են մարդիկ միայն ոստիկանությունում, իր կատարած գողությունները պատմվածքի թեմա են դարձել։ «Բնագիր» հանդեսի 9-րդ համարում տպված «Ինքնասիրություն» պատմվածքում նկարագրում է միայնակ կնոջ մաստուրբացիան. «Շոշափեց փոքր կրծքերը հաստատող զույգ խոշոր պտուկները ու ասես համոզվելու համար, որ ամեն ինչ իր տեղում է, տենչաց ինքն իրեն, ծանր հոգոցներով ու ինքնաարհամարհանքով անկողին ուղեկցվեց»։ Պատմվածքը բանավեճ է առաջացրել «Բնագրի» սայթում, մի ընթերցող գրել է. «Նորից կենտրոնացել եք ձեր պրոբլեմների վրա։Կյանքում ուրիշ բաներ էլ կան», իսկ մեկ ուրիշը սրան պատասխանել է. «Նազելի ջան, նազ մի արա ու գլխիդ զոռ մի տուր, մենակությունը ողջ մարդկության պրոբլեմն է ու արվեստի հիմքը, իսկական արվեստի տարածքը հենց դա է, ու դա չիմանալը ցույց է տալիս, որ դուք արվեստից բան չեք ջոկում, երևի նախընտրում եք հայրենիքը փառաբանող պոռոտախոսությունը , որը մեզ մոտ ընդունում են որպէս արվեստ»։ Ընթերցողը նկատում է որ արտասահմանցի գրողներին ստրկամտորեն փառաբանում են, իսկ համարժեք հայ հեղինակին, ինչպիսին Գոհար նիկողոսյանն է չեն նկատում« առաջարկում եմ, որ կարդան այս պատմվածքը, ինչ անենք, որ արտասահմանից չէ, բայց չէ որ կարողացել է այսպես թափանցել կնոջ հոգու մեջ, և արտահայտել ենթագիտակցական մղումներն ու մենակ կնոջ սեքսուալ խնդիրները»։

լուս. Ռուբեն Մանգասարյանի

Նրա պատմվածքներում միաձուլված են մաքուր գրական հայերենը և փողոցի ամենակոպիտ ժարգոնը («ինձ անվերջանալիորեն ծծցնող ամուսինս»)։ Երբ ներքին ապրումներն արտահայտելու համար անզոր են բառերը, նա ձևախեղում է դրանց հնչյունները՝ զգացմունքային լրացուցիչ լիցք տալով, ու հարմարեցնում իր զգացողություններին «ջախխխ-ջախխխում»,  կամ ստեղծում նոր բառեր «Կատուն սևորեն սահում կնոջ մարմինն ի վար», «համբուրել-խամբուրել» (միահյուսել է համբուրել ու խաբել բառերը)։

Իր բոլոր պատմվածքների հերոսը ինքն է, որ չի թաքնվում հորինված պերսոնաժների ետևը, նա արդեն մարդկանցից թաքցնելու բան չունի, իր կյանքը նրանց ափի մեջ է եղել։

Ի՞նչը առիթ դարձավ, որ Գոհարը կարողանա ազատագրվել կապանքներից ու ազատորեն գրել։

Մեղքի ու ցանկության զգացողությունների  անվերջանալի պայքարը, որևէ մխիթարություն ու պաշտպանություն գտնելու ձգտումը նրա մեջ խորացնում են աստծո հավատը («Վարսահարդարի…» պատմվածքում գրում է. «Պակաս ինքնասպանն էլ ես չեմ…մարդիկ կամրջից են ընկնում, ես՝ իմ աչքից», «Բայց մահը ինձ չի էլ նկատում, վրայիցս կյանքի գարշահոտ ու կիրք ա փչում»)։ Գոհարը սկսում է հաճախել Եհովայի վկաների ու Հիսունականների հավաքներին։ Տղամարդկանց հարձակումներից երկու տարի պաշտպանություն է գտնում մի հիսունական ընտանիքում։ Այցելում է հայ առաքելական եկեղեցու քարոզներին, սակայն չի գտնում մխիթարություն. «Որոշեցի՝ գնամ քահանայի մոտ խոստովանվեմ, բայց զգացի, որ չեմ կարա։ Բայց զգացի որ չեմ կարող  պատմել, մարդու կերպարում չկարողացա տեսնել խոստովանահայր, նրան ի՞նչ պատմես քո գողությունը, քո պոռնկությունը (ասում է, որ 1 անգամ մարմինը վաճառել է 10 հազար դրամով), չնչին բան է մարդը։  Էկա տուն ու որոշեցի գրավոր խոստովանեմ։ Հասկացա՝ կամ խոստովանահայրը Աստված ա, կամ ամբողջ աշխարհը»։

լուս. Ռուբեն Մանգասարյանի

Իր երկրորդ շրջանի պատմվածքների բանալին հուշում է ծանոթներից մեկը, որ խորհուրդ է տալիս գրել, թե ինչպես է առանց զուգարանի իր պետքերը հոգում։ Գոհարը գրում է «Ծաղկի տաբու» պատմվածքը(Բնագիր 8-րդ)։ Ամուսինը բնակարանը տրամադրելիս խոստացել է բակի վաղուց քայքայված կոյուղագիծն ու ջրամատակարարումը սարքել, սակայն երբ դատական վեճերը ավարտվել են, խոստումը չի կարտարել։ Պատմվածքում նկարագրում է իր ամենօրյա տանջանքները, անընդհատ կեղտը տնից հեռացնելու նորանոր ելքեր փնտրելը. «Կղանքս ամեն առավոտ խնամքով լցնում էի մոմլաթի մեջ, բերանը պինդ կապում ու առավոտ կանուխ էլ աղբանոց էի տանում…այդ գյուտն իրեն չարդարացրեց։ Ախորժակս իջել էր մինուս անսահմանություն»։ Փնտրում է նոր տարբերակներ ու հայտնագործում է, որ կարող է բակում փոս փորել ու մեջը անել. «Ես կատվագույն հաճույքով էի կեղտս հողով, ավելի շուտ ավազով թաղում»։ Բակում գոյացող բլուրի վրա արևածաղիկներ է ցանում, սակայն նրանք երեք տարվա կյանք են ունենում. «Ամոթու գետինն էին մտնում, որ կղանքի ծնունդ են…իսկ ես մտմտում էի Ալեն Գինզբերգի «Արևածաղկի սուտրան» իրենց համար էլ կարդալ»։ Բոլոր պատմվածքների նման, սա էլ հեղեղված է աֆորիզմներով, բառախաղերով ու համեմատություններով, ինչպես օրինակ. «Ցանկացած ծաղիկ խելքից դուրս ղզողլան է։ Ծաղկի մեջ կա և առնանդամ վարսանդը, և առէջ-քածերը…», «Ծաղիկը մեռելատներում կյանքի մասին բարբառող միակ էակն է», «Դու ժենշինա…ժենշենի՝ Կյանքի արմատի հոտն ունես ու համուհոտը՝ մեր դառը կյանքի»։

Անցած ամառ տասնյակ պատմվաքներ է գրել, հիմա էլ օրը մեկ- երկու հատ գրում է. «Շատ երջանիկ եմ, շատ, նախ՝ որ ապրում եմ, հետո՝ որ առողջ եմ լինում, էլի շատ երջանիկ եմ (մրսած է, քիթը փակ), սեր կա մեջս, վերամբարձ խոսքեր չեմ ասում, իմ դժվար օրերից քամված սեր, իսկ ամենաշատը երջանիկ եմ, որ բաժանվել եմ ամուսնուցս, թեև գլխովս էդքան բան ա անցել, բայց երջանիկ եմ»։

Սարի թաղը նրան միայն թշնամիներով չի շրջապատել, բազմաթիվ ընտանիքներ նրան պաշտպանել են վտանգնրեից ու վտանգների ժամանակ կացարան տվել։ Ինչպես ինքն է ասում, Սարի թաղի հալալ կեսը իր բարեկամն է։

լուս. Ռուբեն Մանգասարյանի

«Ես Գոհարին տեսա որդուս ցայտաղբյուրի մոտ,- պատմում է հարևան Գրետա Գալստյանը, որ պատերազմում զոհված որդու հիշատակին ցայտաղբյուր է կանգնացրել, էդտեղից  Գոհարը հաճախ ջուր է կրում,- Հարցրի՝ ինչի՞ համար ես ջուր կրում, այ աղջիկ ջան, էս ախր որ դարն է։ Իմացա, որ փոքրիկ աղջկա հետ է ապրում՝ առանց կոմունալ հարմարությունների։ Ասի՝ համեցեք ներս, երկու աղջիկ ունեմ, երրորդն էլ թող լինի։ Շատ լավ աղջիկ ա, անօգնական, որ միշտ պրոբլեմների մեջ է ընկնում»։

Նա հաճախ Գոհարին կերակրում է, նաև Գոհարը հայերեն է պարապում է նրա թոռան հետ։ Տիկին Գրետան ճանաչում է ամուսնու ընտանիքին. «Ամուսինը լավ արվեստագետ ա (քանդակագործ), բայց ընտանիքը մութ անտառ ա, չես իմանա՝ ինչ ա եղել։ Ամեն դեպքում էնքան ճարպիկ էին իրենք, որ Գոհարին տնից հանեցին, ստեղ գցեցին։ Ինքն էլ չպայքարեց՝ ոչինչ, թող էրեխեքիս պահեն, ես յոլա կգնամ։ Էդ աղջկան ո՞նց կպահեր էդ պայմաններում»։ Գրետայի երկու աղջիկները բաժանված են ու թոռների հետ ապրում են փոքրիկ սենյակում։ Մեկի ամուսինը Ռուսաստան է մեկնել ու էլ չի գալիս։ Մյուսի ամուսինն էլ հարբեցող է, որ կնոջը հաճախ ծեծում էր։

Լուսանկարները Ռուբեն Մանգասարյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Կինոաստղը. միայնակ հայրը խաղում է թափառաշրջիկի իր դերը «Կարի՞ք», թե՞ ընչաքաղցություն. Երևանի կենտրոնի փողոցների բնակիչներին դուրս են հանում` պետական կարիքների պատրվակով

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: