«Կարի՞ք», թե՞ ընչաքաղցություն. Երևանի կենտրոնի փողոցների բնակիչներին դուրս են հանում` պետական կարիքների պատրվակով

05.05.2005 at 10:44 Оставьте комментарий

Երևանի կենտրոնի երկու փողոցների բնակիչներին պարտադրում են վաճառել բնակարանները` «պետական կարիքների» պատրվակով:

Սակայն Հանրապետության հրապարակին և Հյուսիսային պողոտային հարող Բուզանդի ու Ամիրյան փողոցների բնակիչներն ասում են, որ իրենց պարտադրում են վաճառել բնակարանները ոչ թե ինչ-որ «կարիքների» համար, այլ որոշ մարդկանց ընչաքաղցության պատճառով:

Հին տներին, ի վերջո, կփոխարինեն շքեղ բազմաբնակարան շենքերը, որոնք, ինչպես ծրագրի հեղինակները հույս ունեն, կգրավեն ունևորներին և կփոխեն Երևանի կենտրոնի դեմքը: Միայն հետիոտների համար նախատեսված բնակելի, գործարար և զվարճալիքների թաղամասի` Հյուսիսային պողոտայի շինարարությունն սկսվել է երեք տարի առաջ և կավարտվի երկու տարուց: Գլխավոր պողոտան կձգվի Բուզանդի և Ամիրյան փողոցների միջև:

Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրով արդեն իրենց տներից հանվել են հարյուրավոր բնակիչներ` սեփականության վիճահարույց առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա: Բնակիչները բողոքում են, որ տան դիմաց իրենց հատկացված գումարները չեն համապատասխանում դրանց շուկայական արժեքին:

Հանրահայտ է, որ այս ծրագիրը ոչ մի կապ չունի «պետական կարիքների» հետ, և տարածքները ձգտում են գնել ազդեցիկ կապեր ունեցող կամ պաշտոն զբաղեցնող մի քանի հզոր գործարարներ: Այդ տները խանգարում են ոմանց փայփայած կառուցապատման ծրագրին, որը տեղահան կանի մի քանի հարյուր աղքատ կամ ոչ ունևոր բնակիչների` հարստացնելով մի բուռ մարդկանց:

Իրավապաշտպանները հայտարարում են, որ ոտնահարվում է բնակիչների սեփականություն ունենալու իրավունքը:

Ծրագիրն իրականացվում է կառավարության որոշման հիման վրա, ըստ որի «պետության կարիքների համար» առանց մրցույթի հողամասեր են տրամադրվել յոթ ընկերությունների: Դրանցից մեկի` «Վիզկոն» ՍՊԸ-ի բաժնետերերից է բնապահպանության նախկին նախարար Գևորգ Վարդանյանը: Մյուսը` «Գրիար» ՍՊԸ-ն, պատկանում է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիշա Հարությունյանին։ Ընկերություններից մի քանիսը հիմնել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործարարներ։

Ըստ սահմանադրության 28-րդ հոդվածի` սեփականության օտարումը հասարակական և պետական կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանն ասում է, որ քաղաքի կառուցապատումն իրականացվել ու իրականացվում է քաղաքացիների իրավունքների մի շարք խախտումներով։

Մասնավորապես` 1997 թվականին Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որ անձի սեփականությունը սահմանադրությամբ նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում պետության կողմից նրա սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով:

«Ե՛վ սահմանադրական դատարանի որոշումը, և՛ քաղաքացիական օրենսգիրքը պարտադիր են համարում հարցի կարգավորումը միմիայն օրենքով,- ասում է Խաչատրյանը: — Մինչդեռ նման օրենք գոյություն չունի։ Հետևաբար այս վեճերը քննելիս դատարանները պարտավոր են առաջ քաշել կառավարության որոշումների` սահմանադրությանն անհամապատասխանության հարցը, ինչը ոչ մի դատարան չի արել»։

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի վեճին, ապա Բուզանդի և Ամիրյան փողոցների բնակիչներն ասում են, որ իրենց առաջարկվող գումարները բավական չեն համարժեք բնակարան գնելու համար, մանավանդ որ, անշարժ գույքի գները կենտրոնում կառուցապատման ծրագրերն սկսելու հետ կտրուկ աճել են:

Բնակիչները նաև պնդում են, թե պետական կադաստրը հեշտացնում է կառուցապատողների գործը` փոքրացնելով սեփականության իրական չափսերը:

Ամիրյան 4/18 շենքի բնակիչ Լիդա Մուրադյանի բնակարանը 1997 թվականին տրված սեփականության վկայականով 70 քմ է, իսկ 2005 -ին տրված նոր վկայականով «դարձել» է 60 քմ։ Նույն ձևով «փոքրացել» են նաև նրա երկու հարևանների բնակարանները։

Այս և հարևան Ամիրյան 4/16 շենքի ութ բնակիչներ հրաժարվել են բնակարանի փաստաթղթերը հանձնել տարածքն իրացնողին, որ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն է։ Դատարանը որոշում է ընդունել պարտադրել բնակիչներին հանձնելու փաստաթղթերը։

Մինչև բնակիչները դիմել են վերաքննիչ դատարան, նրանց դեմ նոր հայցադիմում է ներկայացվել առաջին ատյանի դատարան` պարտադրել նրանց չխոչընդոտել գնահատման աշխատանքները և համապատասխան փոխհատուցմամբ ազատել բնակարանը։

Ամիրյան 4/16 շենքի բնակիչ Ալբերտ Մաքսուդյանն ասում է, որ մինչև վերջ չի ընդունելու առաջարկված պայմանները ու պաշտպանելու է իր սեփականության իրավունքը. «ճանապա՞րհ են կառուցում, թե՞ օդանավակայան, որ ասում են` պետության կարիքների համար է»։

Նույնիսկ առանց շենք կառուցելու եթե իրացնողը տարածքը վաճառի, ապա մոտ 4 միլիոն դոլարի եկամուտ կունենա (Մելիք Գասպարյանն իրացնում է 5384 քմ, իսկ այդ հատվածում 1քմ-ի շուկայական գինը 1000 դոլար է)։

Մեկ այլ տեղ, մինչ բնակիչները դատական քաշքշուկների մեջ են, իրացնող ընկերությունները, չսպասելով վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումներին, սկսել են շենքերը քանդել։

Բուզանդի 25/1 շենքի ջուրն անջատել են ու սկսել են տանիքը քանդել, իսկ այնտեղ դեռևս երեք ընտանիք է ապրում։ Շենքից 10 ընտանիք ստիպված համաձայնել է ստորագրել պայմանագիրը և դուրս եկել։ Ազատված բնակարաններն արդեն քանդել են։ Բակում մնացել է ևս երեք ընտանիք, որոնց շուրջը քանդած տների փոսերն ու ավերակներն են։ Նրանք չեն համաձայնել իրենց ներկայացված պայմաններին։

«Հյուսիսային պողոտայի փորձից գիտենք, որ լույսն էլ կկտրեն,- ասում է շենքի բնակիչ Արսեն Ղասաբյանը, որ կնոջն ու երեխային ուղարկել է զոքանչի տուն` սպասվող վտանգներից խուսափելու համար: — Անընդհատ տագնապով սպասում ենք, թե ինչ կլինի»։

Արսեն Ղասաբյանի պապն է կառուցել: Լուս. Արթուր Թորոսյանի

Արսեն Ղասաբյանի պապն է կառուցել: Լուս. Արթուր Թորոսյանի

Երկրորդ ու երրորդ հարկերը կոոպերատիվ հիմունքներով կառուցել են շենքի բնակիչները, որոնց մեջ` Ղասաբյանի պապը։ Մինչև վերջերս 57 քմ բնակարանում ապրում էին հինգ հոգով։ «Գրիար» ՍՊԸ-ի հրավիրած անշարժ գույքի գործակալությունը բնակարանը գնահատել է 23640 դոլար, որին որպես խրախուսանք ավելացնում են ևս 14 հազար դոլար, եթե սեփականատերը համաձայնի առաջին հինգ օրվա ընթացքում։ Ղասաբյաններն սկզբում չեն համաձայնել գնին, հետո տեսնելով, որ ելք չունեն, հինգերորդ օրը չլրացած համաձայնել են։ Սակայն քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրացման գրասենյակը (ԾԻԳ) համարել է, որ ուշացրել են, ու նրանք զրկվել են 14 հազար դոլար խրախուսանքից: Նույնիսկ խրախուսական գումարն էլ գումարելով՝ 34 հազար դոլարով հնարավոր չէ կենտրոնում համարժեք տարածք գնել։ Դատարանը վճիռ է կայացրել, որով պարտադրում է ստորագրել առաջարկված պայմանագիրը և տարածքը զբաղեցնող անձանց վտարել։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը։ Ղասաբյանների վերջին հույսը մնացել է վճռաբեկ ատյանը, որից ակնկալիք չունեն։

Նույն վիճակում են նաև նույն բակում բնակվող Ղարիբյանները. նրանց առաջարկել են 25 հազար դոլար (10 հազարը` խրախուսանք), նրանք չեն համաձայնել, և երկու դատական ատյանները վճիռ են կայացրել 15 հազար դոլարով պայմանագիր կնքել և վտարել բնակարանից։

Նույն շենքում բնակվող Գալստյանները միանգամից համաձայնել են իրենց առաջարկված պայմաններին ու ստացել 39 հազար դոլար (եկամտահարկը ներառյալ)։ Նրանք համոզված էին, որ հակառակ դեպքում կկորցնեին խրախուսական գումարը։

Իրացնող ընկերությունների պահանջները մերժողների դեմ դատարան է դիմում Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը (հազվադեպ` նաև իրացնողները), որը բոլոր քայլերը հիմնավորում է կառավարության որոշումներով (ըստ որոշ աղբյուրների` դատարաններին հրահանգ է տրված, որ պետության դեմ վճիռներ չընդունեն)։ Թե ինչ շենքեր պիտի կառուցվեն իրացված տարածքներում, Դավթյանը դեռևս որոշակի չգիտե, նախագծերը հաստատված չեն։ Հայտնի է միայն, որ 8-10 հարկանի բնակելի շենքեր են լինելու։

Դատարաններում հայտնված բնակիչների համար (իսկ դատարանները, մեծամասնության կարծիքով, հենց այն զորեղների ազդեցության տակ են, որոնք համարվում են գլխավոր մեղավորները) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին հույսն է: Այստեղ տասնյակ դիմումներ են ներկայացվել։

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն անարդար է համարում դատարանների որոշումները. «Մենք ահազանգել էինք դեռևս այն ժամանակ, երբ իրացնում էին Հյուսիսային պողոտան, որ եթե այսպես շարունակվի, հետագայում նույնը կկրկնվի, և այդպես էլ եղավ։ Անտեսվել է իրավական լիարժեք գործընթացը»։

Նա ասում է, որ բացի այն, որ սահմանադրության պահանջը չի կատարվել, անընդհատ այլ օրենքներ են խախտվում. «Հնարավոր է` սահմանադրության հարցը չծագեր, եթե կողմերը համաձայնության գային: Այն, ինչ տեսել ենք ամբողջ ընթացքումկ, անընդհատ օրենքների խախտում է»։

«30-ից ավելի դիմումներ ենք ուսումնասիրել, և երևում է, որ պարտադրանքը տարբեր դրսևորումներ է ունեցել»,- ասում է Ալավերդյանը։

Որոշ դեպքերում, երբ բնակիչները հրաժարվել են փաստաթուղթ տրամադրել կամ թույլ տալ գնահատել իրենց տունը, դատարանի որոշումների հիման վրա բռնությամբ անել են տվել դատական ակտերի հարկադիր կատարածուները։ Բնակարանի գները որոշում են անշարժ գույքի գործակալությունները, որոնց հետ պայմանագիր է կնքում իրացնող ընկերությունը։ Բնակիչների հրավիրած անշարժ գույքի գործակալները հրաժարվում են գալ` վախենալով կորցնել արտոնագիրը (ինչպես եղել է Հյուսիսային պողոտայի պարագայում)։

Բուզանդի 15/4 բնակարանի վրա փակցված է «Չի վաճառվում» ցուցանակը։ Բնակարանի տերը՝ Նունե Վարդունին, և նրա հինգ հարևանները թույլ չեն տվել գնահատել տունը, սակայն կատարծուները կոտրել են դուռը ու հնարավորություն տվել, որ անշարժ գույք գնահատողը բնակարանը չափագրի:

Նունե Վարդունի: Լուս. Արթուր Թորոսյանի

Նունե Վարդունի: Լուս. Արթուր Թորոսյանի

«Առաջին անգամ եկան` չթողեցի, երկրորդ անգամ տանը չէի, դուռը կոտրել ու լցվել էին տուն»։ Բնակարաններ ներխուժումը նկարահանել է մի հեռուստաընկերություն և ցուցադրել, թե ինչպես են հարկադիր կատարողները հրում կանանց ու կոտրում դռները։ Տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցադիմումի հիման վրա դատարանը որոշել է պարտավորեցնել տան տերերին` թույլ տալ գնահատել իրենց անշարժ գույքը։

Վարդունին դիմել է վերաքննիչ դատարան։ Ասում է, որ ոչ մի առաջարկի չի համաձայնելու:

«Չեմ վաճառում և վերջ։ Նրանց հետ ոչ մի բանակցության մեջ չեմ մտնելու։ Շարժվում եմ սահմանադրությամբ։ Էլիտար շենք են սարքում, որ փող աշխատեն, անունը դնում են` պետության կարիքների համար։ Գիտեմ` վերջում ինձ վտարելու են, բայց մինչև վերջ պայքարելու եմ, դիմելու եմ Եվրադատարան»։

Ղասաբյանների դեպքն Ալավերդյանը համարում է իրավական պրակտիկայի համար սև բիծ. «Սա ֆիզիկական ճնշում է, բռնության մեթոդ։ Ֆիզիկական ճնշումն անպայման չէ, որ գան` մարդու մազերը պոկեն: Սահմանադրությամբ, կոնվենցիաներով մարդ պետք է իր բնակարանում խաղաղ ապրելու իրավունք ունենա»։

Մարդու իրավունքների պաշտպանը նամակներ է ուղարկել կառավարություն, դատարաններ։ Վերջին նամակը ապրիլի 22-ին ուղղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շեշտում է, որ կառավարությունը նման որոշումներ ընդունելու իրավասություն չունի (կառավարության որոշումները հաստատել է նախագահը)։ Մյուս ճանապարհն այն է, որ պաշտպանը դիմի դատարան, սակայն ինչ հիմունքներով, դեռևս հայտնի չէ։ Առայժմ նրա քայլերը որևէ արդյունք չեն տվել։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

Գոհար Նիկողոսյան. երազներից մինչև «Ծաղկի տաբու» Մահ ու ավերածություն. վիճահարույց կառուցապատման շինհրապարակում դժբախտ պատահարի հետևանքով մարդ է զոհվել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: