Ապարդյուն պայքար. տների զայրացած սեփականատերերը բարիկադներ են սարքում` որպես պաշտպանության վերջին միջոց «էլիտար տղերքի էլիտար տներից»

09.09.2005 at 00:00 Оставьте комментарий

Էդուարդ Մուրադյանի պապը կառուցել է այն տունը, որտեղից նրա թոռանը վտարում են

1920-ականների վերջին Հարություն Մուրադյանը Երևանի Բուզանդի 23 հասցեում տուն է կառուցել: Նա իր ընտանիքով ապրել է այդ տանը մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը, երբ մեկնել է ռազմաճակատ ու զոհվել:

Այժմ, երբ Հայաստանի մայրաքաղաքը վերափոխում են ընտանիքների պատմությունների հաշվին, Մուրադյանի տունը վերածվել է մարտադաշտի: Գլխավոր պողոտայի ճանապարհին հայտնված այդ և մի շարք այլ տներ դարձել են կռվի պատճառ: Բարիկադների մի կողմում մարդիկ են, որոնց համար առաջընթացը համարժեք է դարձել հետապնդումներին, իսկ մյուս կողմում` նրանք, ում համար շարքային մարդկանց զոհաբերությունը հանուն օլիգարխների հարստացման ընդունելի գործարք է:

Անցյալ հինգշաբթի Մուրադյանի 45-ամյա թոռը` Էդուարդը, անօգնական նայում էր, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները (ԴԱՀԿ), ոստիկանության կարմիր բերետավոր հատուկ ջոկատայինների օգնությամբ վտարում իր ընտանիքի 11 անդամներին: Էդուարդ Մուրադյանի մայրը` Անժետտա Մուրադյանը, բարձրացել էր տան տանիքը և սպառնում էր ցած նետվել, մինչև ոստիկանները նրան քաշքշելով ցած իջեցրին:

Մուրադյաններն ասում են, որ ոստիկանները բեռնել են ընտանիքի ունեցվածքը և տարել անհայտ ուղղությամբ: «Ի՞նչ են բարձել, ո՞ւր են տարել` բան չգիտենք: Երեխայի պայուսակը, որով պիտի դպրոց գնար, էդ էլ են տարել»,- ասում է Էդուարդ Մուրադյանը:

Անժետտա Մուրադյանը շարունակում է բողոքել` իր տան ավերակների միջից

Բուլդոզերները քանդել են տունը, ինչպես մայրաքաղաքի կենտրոնի Բուզանդ, Ամիրյան, Կողբացու, Պուշկինի և Թումանյան փողոցների այլ տներ, որոնց տեղում պետք է վեր խոյանան «էլիտար» շենքեր:

Կենտրոնը կառուցապատող հարուստ տղերքի բուլդոզերների աղմուկը, որը հայտնվել է անցումային շրջանում գտնվող այս երկրի հասարակական բանավեճերի կիզակետում, դեռ երկար չի հանդարտվի:

Առաջընթա՞ց է սա, թե՞ հետապնդում:

Մուրադյանների համար սա ակնհայտորեն հարուստների հարստացում է աղքատների հաշվին, որոնք փողից էլ քիչ իշխանություն ունեն:

Նրանք, ովքեր համաձայն են այս ծրագրերին, երազում են այն օրը, երբ քաղաքի փայլատակող նոր կենտրոնն իր շողերի ստվերում կթողնի այն ամպը, որն այժմ կախվել է կառուցապատման համար նման գին վճարած Երևանի վրա: Սակայն այս ծրագրերն ունեն բազմաթիվ հակառակորդներ, ովքեր պնդում են, որ կառուցապատման առաջարկված նախագիծը ոչ թե լրացնում, այլ խաթարում է Երևանի ճարտարապետական դեմքը:

Ամեն դեպքում, այժմ բնակիչները համոզված են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, և «պետական կարիքների» սահմանադրական, իրավական սողանցքը դարձել է այն օղապարանը, որում խեղդվում են քաղաքացու իրենց իրավունքները:

Ոմանք պարզապես չեն ուզում թողնել իրենց տները` ոչ մի գնով: Իսկ շատերն էլ դեմ չեն կառուցապատմանը, սակայն առարկում են իրենց սեփականության դիմաց կառուցապատողների առաջարկած չնչին գներին: (Հյուսիսային պողոտայում սեփականատերերից ոմանք գոհ էին իրենց առաջարկված փոխհատուցման գումարից: Իսկ Գլխավոր պողոտայի պարագայում գրեթե ոչ մեկը գոհ չէ):

Վերջին մի քանի ամսվա ընթացքում տասնյակ սեփականատերերի ստիպում են պայմանագրեր կնքել և շուկայականից եռակի ցածր գներով վաճառել իրենց տները:

Լայնորեն տարածված կարծիք կա, որը որոշ դեպքերում նաև փաստերով հաստատված է, որ կառուցապատողների փողերի հետևում հայ և ռուս օլիգարխների ծանոթ անուններն են, որոնց մեծ մասը կամ խորհրդարանի անդամ է, կամ էլ սերտ կապեր ունի Երևանի վարչակազմի հետ (տես` հարակից թեմայով «ԱրմենիաՆաուի» նախորդ հոդվածները):

Շատ դեպքերում կառուցապատողները դիմել են դատարան` պահանջելով ընդունել իրենց առաջարկը: Բոլոր դեպքերում դատարանը որոշում է կայացրել հօգուտ կառուցապատողների (միայն մեկ դեպքում վերաքննիչ դատարանը վերադարձրել է գործն առաջին ատյանի դատարան, որտեղ այն պետք է լսվի):

Մուրադյանների ընտանիքին կառուցապատող «Գրիար» ՍՊԸ-ն առաջարկել է 33700 դոլար 95 քմ ընդհանուր մակերեսով նրանց երկու բնակարանների համար, այսինքն` 335 դոլար քառակուսի մետրի համար: Հայաստանյան կենսամակարդակին ծանոթ օտար մարդկանց դա կարող է շատ լավ առաջարկ թվալ, սակայն իրականում քաղաքի կենտրոնում 1 քմ տարածքը վաճառվում է եռակի ավելի թանկ գներով, քան առաջարկվում է բնակիչներին (ըստ «ԱՍ» անշարժ գույքի գրասենյակի տնօրեն Թորգոմ Հովհաննիսյանի` կենտրոնում 1 քմ տարածքի գները սկսվում են 1000 դոլարից):

Չնայած իրենց տան մի մասը քանդված է, Մուրադյանները հրաժարվում են հեռանալ Բուզանդի փողոցից: Նրանք ճաշում են փողոցում, գիշերը մեծերից ոմանք նստած մնում են ավերակների մոտ, իսկ երեխաներն ու մյուս չափահասները քնում են հարևանների ու բարեկամների տանը: Անձրևին մտնում են գետնին տապալված տանիքի տակ:

Անժետտայի ձեռքերին դեռ մնացել են կապտուկները, որոնք ստացել է, երբ ոստիկանները նրան իջեցնում էին տանիքից, իսկ բուլդոզերն արդեն մխրճվել էր նրա տան մեջ:

«Ամբողջ կյանքս նվիրել եմ էս երկրին, 46 տարի աշխատել եմ, որ այսօր ինձ բոմժ դարձնե՞ն,- ասում է 65-ամյա Անժետտան: — Գոնե հարևաններն են հասկանում ` ինչ է նշանակում բոմժ և մեզ օգնում են»:

(Անժետտան բողոքել է դատարան, որ իր բնակարանը 6 քմ պակաս են հաշվել, գործը դատարանում է: Սակայն այս հանգամանքը չի խանգարել, որ նրանց վտարեն):

Անդրադառնալով ներկա վիճաբանությանը` Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը նշում է, որ Բուզանդի և այլ փողոցների բնակիչներն ապարդյուն հույսեր են փայփայում, որ կգա մի լավ ղեկավար և կվերականգնի արդարությունը` իրենց ըմբռնմամբ: Բայց երբ քանդեցին Մուրադյանի տան պատերը, իրենց ճակատագրին սպասող ինն ընտանիք, ընդամենը 55 հոգի, փողոցում բարիկադներ սարքեցին:

Բարիկադներից մեկն անցնում էր Մուրադյանների ավերակ տան մոտով, որտեղ նրանք նստել են.«Բա ստե չնստե՞նք, ավտոն գա վրովս անցնի՞,- ասում է Էդուարդը: — Ի՞նչ անենք, ուրիշ ձև չունենք պայքարելու»: Երբ շինարարները մոտենում են, Անժետտան բարձրանում է ավերակ տան տանիքը, որ թույլ չտա մնացածն էլ քանդեն:

«Հայերը հողը պաշտպանել են թուրը ձեռին, մենք էլ մեր տունն ու հողն ենք ուզում պաշտպանել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը, որն ամեն օր սպասում է վտարման:

Երկու օր անց, առանց դիմադրության հանդիպելու, ոստիկանները բուլդոզերով վերացրին բարիկադը, սակայն բնակիչները սեպտեմբերի 5-ին նորը կառուցեցին: Նրանց աջակցելու էին եկել քաղաքական գործիչներ, ուսանողներ, հարակից Կողբացու փողոցի բնակիչներ, որոնց սպասում է նույն ճակատագիրը, և արդեն վտարվածներ:

«Ես եկել եմ աջակցելու իմ հարևաններին,- ասում է Բուզանդի նախկին բնակիչ Գոհար Ղարիբյանը, որ դատարանի վճռով վտարվել է բնակարանից հունիսի 23-ին: Նա որևէ պայմանագիր չի կնքել, սակայն ԴԱՀԿ գրասենյակը նրան հանձնել է 44 քմ բնակարանի դիմաց 14 հազար դոլար, որով քաղաքի ծայրամասում հազիվ հնարավոր է մի սենյակ գնել: Հիմա նրա չորս հոգանոց ընտանիքը քաղաքի ծայրամասում վարձով է բնակվում` վճարելով ամսական 70 դոլար: — Երկու ամիս էդ փողը չէինք վերցնում, օգոստոսին փողը փոխանցել են ԴԱՀԿ ծառայություն, ասեցին` եթե չվերցնենք, ընդհանրապես էդ փողը կկորի»:

Ղարիբյանները և էլի մի քանի վտարված բնակիչներ դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հաջորդ օրը ոստիկանները կրկին քանդեցին բարիկադները և այժմ այնտեղ մշտական հսկողություն են սահմանել:

Ավետիք Երանոսյանը 40 տարի բնակվում է Բուզանդի 15 տանը, որտեղից պիտի վտարեն նրան ու զավակների ընտանիքները` 12 հոգի: Այս տարածքը իրացնում է «Վիզկոն» ՍՊԸ-ն, որի տնօրենը շրջակա միջավայրի նախկին նախարարն է:

«Սովետի ժամանակ ուզում էին քանդել տունս, չթողեցի,- ասում է Երանոսյանը: — Հետ կանգնեցին: Սովետը քանդվեց, բանկում սաղ փողերս կորցրի, մնացել է էս տունը, էս էլ ձեռիցս առնում են:

Ասում են` էլիտար տղերքի համար էլիտար տներ ենք կառուցում, դուք ո՞վ եք, որ ստե ապրեք: Ես էլ ասում եմ` ինձնից էլիտարի… Մեր ազգը դարեր շարունակ դավաճան ա էղել: Եթե միասնական լինեինք, երկիրը չէինք կորցնի, էսօրվա օրով էլ էլիտար տղերքի համար էլիտար տուն չէր կառուցվի»:

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ «պետական կարիքներին» վերաբերող օրենքի դրույթը սխալ է կիրառվում: Նա նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Վերջին վտարման հետ կապված` դատարանը վճռել է վտարել սեփականատերերին և տարածքը զբաղեցնող «այլ անձանց»: Այդ «այլ անձինք» Էդուարդի կնոջ քույրն է` Ադրբեջանից փախստական Էմմա Աղաջանյանը և նրա երկու անչափահաս երեխաները: Այս կապակցությամբ Պաշտպանը տարածել է բաց նամակ, որտեղ ասվում է. «Էմմա Աղաջանյանը դատաքննության մասնակից չի դարձվել, դատարանի վճռում նրա անունն ընդհանրապես չի նշված և նրա մասին ոչինչ չի ասված, սակայն հարկադիր կատարողը նրա թևից բռնելով վտարել է` որպես «այլ անձինք»:

Նամակում նշված է, որ նման վճիռները եզակի չեն: Իսկ վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողնում դրանք, մինչդեռ օրենքով պետք է բեկանվեն այն դատական վճիռները, որտեղ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վճիռներ են կայացվել:

Պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանն ասում է, որ իրավական ճանապարհը սպառել է, և բարիկադները դարձել են բնակիչների պաշտպանության միակ ձևը: «Դատարանների բոլոր վճիռներն ակնհայտ անարդար են, բողոքները չեն քննվում, լուծում չի տրվում: Ձևական պատճառաբանություններով մերժվում են բոլոր առարկությունները: Այսօր բնակիչները կանգնած են փաստի առաջ, որ դատական վճիռները պիտի կատարվեն: Օմբուդսմենն արդեն անզոր է. ինչքան էլ գնահատական տալիս ենք, շահագրգիռ կողմն ասում է. «Ես վճիռ ունեմ ձեռքիս»: Մարդիկ ուրիշ ճանապարհ չունեն, դիմադրության ուղին են բռնում»:

armenianow.com

Մուրադյանների պայքարը ի վերջո արդյունք տվեց, այս ակնարկը հրապարակվելուց որոշ ժամանակ անց նրանք ստացան 90 հազար դոլար փոխհատուցում(60 հազարը պայմանագրով, 30 հազարը առձեռն): Բուզանդի փողոցում Մուրադյանները միակ ընտանիքն էր, որ ստացավ համարժեք փոխհատուցում

Entry filed under: ակնարկ. Tags: , .

“State Need”?: And what of the needs of Buzand Street families? Futile Fight: Angry property owners use barricades as last defense against “elite homes for elite guys”

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: