Մահ` կորցրած տան պատճառով. Բուզանդի փողոցի բնակիչը մահանում է արյան զեղումից

18.11.2005 at 00:00 1 комментарий

Զրկվելով տնից` Լիլյա Ղազարյանը զրկվեց նաև իր կյանքից:

Բուզանդի փողոցի հարյուրավոր բնակիչների վտարում են իրենց բնակարաններից օլիգարխների կողմից իրականացվող քաղաքի կառուցապատման ծրագրի շրջանակներում: Լիլյայի հերթը հասավ նոյեմբերի 4-ին:

Այդ օրը, մի քանի ժամ բացակայելուց հետո, նա տուն եկավ ու տեսավ, որ Դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ) տարել են իր` Բուզանդի 9 հասցեում գտնվող տան իրերը, իսկ բանվորները քանդել են աստիճանները:
Նա արդեն պետք է պատրաստ լիներ դրան: Վերջին շրջանում այստեղ կատարվող իրադարձությունները հայտնվել են ոչ միայն բնակիչների, այլև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Քաղաքի կենտրոնում գտնվող այս փողոցը վերածվել է հակամարտության ճամբարի, որը մեծացնում է ճեղքվածքը Հայաստանի մայրաքաղաքի ունևորների ու չունևորների միջև (տես` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները):

Որքան էլ պատրաստ էր ընդունելու անխուսափելի իրականությունը, որ նրա հարևանները տանում էին դիմադրության ու տոկունության տարբեր աստիճանով, Լիլյան, միևնույն է, անզոր եղավ պետության թույլտվությամբ իրականացված ներխուժման առաջ իր տուն:

Եթե տունն այն տեղն է, որտեղ մարդու սիրտն է, ապա Լիլյան այլևս զրկված էր նրանից: Նա չկարողացավ համակերպվել դրա հետ ոչ սրտով, ոչ մտքով: Լիլյան մահացավ երեքշաբթի` նոյեմբերի 15-ին` ուղեղի արյան զեղումից:

69-ամյա Լիլյա Ղազարյանը տնտեսագետ էր, անցել էր թոշակի: Ապրում էր մենակ:

Անցյալ գարնանից Լիլյային առաջարկում են Բուզանդի 9-ում գտնվող բնակարանը վաճառել 18500 դոլարով` 230 դոլար 1 քմ համար քաղաքի ամենաթանկ շրջանում, որտեղ քառակուսի մետրի գներն սկսվում են 1000 դոլարից:

Եթե գարնանը հինգ օրվա ընթացքում համաձայներ այս պարտադրանքին, կստանար նաև 12 հազար դոլար խրախուսանք (ընդամենը` 32 հազար դոլար` 395 դոլար 1 քմ համար): Կառավարության որոշմամբ խրախուսական գումար է նախատեսված նրանց համար, ովքեր հինգ օրում ենթարկվում են պարտադրանքին:

«Ի՞նչ է խրախուսանքը, կաշա՞ռք,- զայրացած հարցնում է Լիլյայի քույրը` Աելիտան: — Ինչի՞ համար է փոխհատուցումը, այսինքն` ենթարկվես, համակերպվես, քեզ փող կտա՞նք: Ի՞նչ է, ես մտածելու, արագ չհամաձայնելու իրավունք չունե՞մ»:
Ինն ամիս առաջ կտրել էին տան ջուրն ու հեռախոսը: Քույրը նրա համար բջջային հեռախոս էր գնել:

«Մեկ-մեկ մտնում էի նրա մոտ, որ մենակ չլինի,- պատմում է Բուզանդի բնակիչ Տանյա Բաղդասարյանը: — Ասում էի` մենակ կին ես, վերցրու էդ փողը, գնա հանգիստ ապրի:

Ասում էր` ոչ մի դեպքում, չեն հավատում, որ սա փողի կռիվ չի: Ես ամեն ինչ պիտի անեմ, պայքարեմ, որ արդարության հասնեմ: Նրա ոսկեղենը, ամեն ինչ տանն էր, ոչինչ չէր հանել տնից, չէր պատրաստվում հեռանալ: Իշխանությունները շատ լավ գիտեին, որ Լիլյան շատ վճռական է, և դրա համար ընենց եկան, որ տանը չլինի»:

Նոյեմբերի 4-ին Երևանի սեփականությունից զրկված բնակիչների հետ Լիլյան նախագահական նստավայրի դիմաց մասնակցում է բողոքի ցույցի: Վերադառնալով տուն` տեսնում է, որ դալանը փակ է, մի կերպ անցնում է բակ, տեսնում` աստիճանները քանդած, բնակարանի դուռը ջարդած: Հարևանն ասում է, որ իրերը տարել են:

«Էդ պահին ԴԱՀԿ-ից բացիկ է գալիս, առանց բացելու հետ են տալիս»,- ասում է Աելիտան:

Պարզվում է` ԴԱՀԿ-ի` վտարման մասին հայտնող ծանուցումն է: Լիլյան անտուն է մնում, գիշերն անցկացնելու համար գնում է ընկերուհու տուն: Հաջորդ օրը կաթվածահար է լինում: Շտապ օգնությունը տանում է հիվանդանոց, որտեղ էլ 10 օրից մահանում է:

Լիլյա Ղազարյանի մի մասնիկը մահացել էր դեռ 56 տարի առաջ: Պարզվում է` առաջին անգամ չէ, որ նրան վտարում են պետության հրամանով:

1949 թվականին, երբ 13 տարեկան էր, Լիլյայենք այն 2754 ընտանիքների թվում էին (12316 մարդ), որոնց Ստալինի օրոք Հայաստանից աքսորեցին Ալթայի երկրամաս:

Լիլյայի հորը` Վարդանին (որը կոտորածներից փրկված վանեցի գաղթական էր) մեղադրել էին արտասահմանում գտնվող ազգականների հետ նամակագրական կապ ունենալու համար: (Նա իրոք գրել էր արտասահմանում ապրող հորեղբորը: Փորձել էր ճշտել իր ծննդյան տարեթիվը:)

Այդ «հանցագործության» համար ընտանիքին աքսորել էին Սիբիր:

«Հանկարծ եկան գիշերով ու տարան, առանց բացատրությունների»,- հիշում է Աելիտան: Ընտանիքը Երևան վերադարձավ 1952-ին:

«Անտեսելով ամեն տեսակ ռեպրեսիա` մենք բարձրացանք,- ասում է Աելիտան: — Իրար օգնելով` մեր ընտանիքը ոտքի կանգնեց»: Հայրն արգելում է տանը խոսել աքսորի մասին:

«Ծնողներս ուզում էին, որ կյանքը սկսվի մաքուր թղթից, որ երեխաներն իրենց ճնշված չզգան: Մենք ջնջեցինք անցյալն ու սկսեցինք նորից: Ես էդ փաստը իմ էրեխուց էլ եմ թաքցրել, ուզել եմ, որ իմ էրեխեն խոցված չմեծանա էս երկրում: Ուզում էի, որ լինի իր երկրի լիարժեք քաղաքացի, էն երկրի, որտեղ ապրում է: Չէի ուզում, որ Սովետը նրա թշնամին լինի, ոնց որ հիմա թուրքը մեր թշնամին ա, որովհետև ինքը ըստեղ ապրելու էր»:

Այս շաբաթ թաղելով քրոջը` Աելիտան չի կարող չհիշել իր ընտանիքի առաջին ողբերգությունը: Սակայն այս անգամ ամեն ինչ տեղի ունեցավ օրը ցերեկով:

«Իմ քույրը գալիս է տուն և ի՞նչ է տեսնում: Տեսնում է այն, ինչ տեսել էին 49-ին մեր հարևանները. մեր դուռը պլոմբած է եղել ու ասել են` իրանց տարել են: Հիմա մեզ չտարան, վռնդեցին: Վռնդեցին իմ քրոջը»,- ասում է Աելիտան:

«Քույրս ուժ չունեցավ էդքան դիմանալու,- ասում է նա: — Չպետք է ըմբոստանար էս պետության դեմ ու ասեր` ես իրավունքներ ունեմ: Ես շատ ցավում եմ, որ իմ քույրը տենց համառ եղավ, բայց չգիտեմ` իր տեղը լինեի, նույն բանը չէի՞ անի:

Ասում էի նրան` էդ փողը վերցրու, Երրորդ մասում մի բնակարան կառնես: Մի արա, ո՞ւմ հետ ես կռիվ տալիս: Պետք է հասկանար, թե ինչ պետության հետ գործ ունի»:

Շատերի նման` Լիլյան էլ բնակարանը փրկելու հույսով դիմել էր դատարան: Եվ «Բուզանդի բնակիչներն ընդդեմ կառուցապատողների» մյուս բոլոր գործերի նման` բոլոր ատյաններում դատարանները վճիռ էին կայացրել հօգուտ կառուցապատողների:

Հոկտեմբերի 21-ին Լիլյան ծանուցում էր ստացել, որ «Գլենդեյլ հիլզ» կառուցապատող ընկերությունը հետ է վերցրել նրան վտարելու դիմումը, և, ըստ այդմ, վտարումը կասեցվում է:

Լիլյայի մեջ հույս արթնացավ: Բայց միայն մինչև նոյեմբերի 4-ը:

Աելիտան դատի է տվել ԴԱՀԿ-ին, որը քրոջ մահվան պատճառ դարձավ: Սակայն դեռևս չի կողմնորոշվել` շարունակե՞լ քրոջ պայքարը, թե՞ ոչ:

«Ինձ փող պետք չի: Ինձ պետք է, որ մեղավորները պատժվեն: Եթե չպատժեն, ես կդիմեմ Եվրոպական դատարան»,- ասում է նա:

«Թող ծանուցում ուղարկեին, նա դուրս կգար, պատրաստ էր դուրս գալու,- ասում է Աելիտան: — Բայց էդ ծանուցումը ուղարկեցին, որ վտարում չի լինելու: Նրա մեջ հույս արթնացավ, որ ինչ-որ կոմպրոմիս կլինի: Մտածեց` գուցե ինչ-որ բան փոխվել է: Ասում են` հույսը վերջինն է մեռնում: Նա մահացավ հույսի հետ»:

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

«Պետական կարիքնե՞ր». իսկ ո՞վ է հոգալու Բուզանդի փողոցի ընտանիքների կարիքները Մահ` կորցրած տան պատճառով. Բուզանդի փողոցի բնակիչը մահանում է արյան զեղումից

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: