Ընդհանրության որոնումներ. հայաստանցին փնտրում է հայկականը Լեհաստանում

03.02.2006 at 00:00 Оставьте комментарий

առաջին մաս

Խմբագրի կողմիցԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը երեք հայ լրագրողների թվում մասնակցել է հունվարին Լեհաստանում անցկացված միջազգային կոնֆերանսի: Այնտեղ նա փորձել է հանդիպել Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է նրա երկու ակնարկներից առաջինը:

Լեհ գիտնական Պիսովիչը սկսել է հայերեն սովորել 40 տարի առաջ

Կաթոլիկական լրատվության գործակալության խմբագրութjունում խմբագրի տեղակալ Կրժիստոֆ Գոլեբիովսկին, իրենց գործակալության ստեղծման ու գործունեության մասին պատմելուց հետո, անմիջապես ոգևորությամբ անդրադարձավ Հայաստանին և խնդրեց մյուսներին ներող լինել իր «կովկասյան թուլության» համար: Նա այցելում է ծագումով հայերի հավաքներին, թեև ինքը հայ չէ: 2002 թ. Պապի հետ եղել է Երևանում ու ասում է, որ հարուստ տպավորություններն ավարտվեցին մի տհաճ միջադեպով. «Պարզվեց, որ Հայաստանից մեկնելու համար պետք է վճարեմ» (Հայաստանից ինքնաթիռով մեկնողները պետք է օդանավակայանում 10 հազար դրամ վճարեն):

Նրանից մենք իմացանք Անջեյ Պիսովիչի մասին. «Գիտե՞ք, Կրակովի համալսարանում աշխատում է մի գիտնական՝ Պիսովիչը, որ գիտի և’ գրաբար, և’ արևմտահայերեն, և’ արևելահայերեն»: Ու քանի որ առաջիկա շաբաթ օրը մենք պատրաստվում էինք հանգիստն անցկացնել Կրակովում, վերցրինք Պիսովիչի համարը: Իսկ ես հիշեցի հորս լեհերեն գիրքը: Էլնամակ գրեցի Երևան՝ պարզելու, թե ով է թարգմանիչը և որ գիրքն էր: Պատասխան ստացա, որ դա «Հայ գիրքը. 1512-1920» գիրքն է՝ տպված Վրոցլավում 1994 թվականին, թարգմանիչ՝ Անջեյ Պիսովիչ:

Վարշավան 1944 թ. գերմանացիները հողին էին հավասարեցրել: Ճիշտ է, հետագայում քաղաքը նույնությամբ վերականգնվել էր, սակայն Լեհաստանում կանգուն մնացած ամենահին քաղաքը Կրակովն է, ու մենք Լեհաստանի պատմությունը տեսնելու համար մեկ օրով մեկնեցինք այնտեղ:

Բայց Կրակովում հասցրինք տեսնել միայն հին քաղաքի կաթոլիկ եկեղեցին՝ կաստյոլը, պիցցա ուտել ու Արևելյան Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկի՝ Յագելոնյան համալսարանի (1364 թ.) արևելագիտության ինստիտուտում հանդիպել պրոֆեսոր Պիսովիչին:

Երբ նրան տվեցի իմ այցեքարտը, միանգամից հարցրեց՝ դուք Իշխանյանի ի՞նչն եք:

«Որդին եմ»:

«Ես թարգմանել եմ ձեր հոր գիրքը: Դա միակ գիրքն է, որ թարգմանել եմ հայերենից: Երևանում հայրդ ինձ ասաց, որ իր գիրքը լեհերեն է թարգմանվելու ռուսերենից, բայց ինքը կուզենար, որ հայերենից թարգմանվեր: Խնդրեց ինձ թարգմանել, ես էլ համաձայնեցի»:

Նա պատմեց, թե ինչպես է դարձել հայագետ: 1957-61 թթ. եղել է Կրակովի համալսարանի ուսանող, սովորել է պարսկերեն: Մի անգամ Սովետական մեծ հանրագիտարանի ինչ-որ հոդվածի տակ օգտագործված գրականության մեջ տեսել է տարօրինակ տառեր, որոնք նրան զարմացրել են: Պարզել է, որ դրանք հայերեն են:

Ապա ամբիոնի վարիչը, որ ծագումով հայ էր, համալսարան է հրավիրել Ռոշկո անունով մի կաթոլիկ քահանայի, որպեսզի ցանկացողներին արևմտահայերեն սովորեցնի: Պիսովիչը սկսել է հայերեն սովորել: 1961-63 թթ. հայերենի ուսումնառությունը շարունակել է Երևանի պետական համալսարանում: Զբաղվել է բարբառագիտությամբ, Փարպի գյուղում նյութեր հավաքել և գրել գիտական աշխատանք՝ «Փարպիի բարբառը»:

Պաշտպանել է առաջին դոկտորական թեզը «Հայերենի բաղաձայնների տեղաշարժերը» թեմայով (բարձր դոկտորականը իրանագիտությունից է): 2001 թ. լեհերեն հրատարակել է «Երեք լեզվի քերականություն. գրաբար, արևելահայերեն և արևմտահայերեն» աշխատությունը:

Գրքի սկզբում հայերեն գրված է. «Հեղինակը կը ձօնէ այս քերականությիւնը լեհահայերուն Հայաստանի քրիստոնէութեան 1700-ամյակի առթիւ»:

Պիսովիչը վերջին անգամ եղել է Հայաստանում 2001 թվականին, մասնակցել Ստեփանակերտում անցկացված մի գիտաժողովի ու կարդացել զեկուցում լեհահայերի բարբառի մասին: Այդ բարբառն այժմ վերացել է, և Պիսովիչի տվյալներով միայն Կատովիցե քաղաքում ապրող մի ծեր կին է դեռևս խոսում նրանով:

Այժմ Պիսովիչը երկու հայ գործընկերների հետ աշխատում է հայ-լեհերեն, լեհ-հայերեն բառարանի վրա, որ հավանաբար լույս կտեսնի փետրվարի վերջին: Բառարանի անհրաժեշտությունն առաջացել է այժմ, քանի որ Լեհաստանում վերջերս հայկական մեծ գաղութ է գոյացել:

Տեռլեցկի. «Տատիկս անընդհատ ասում էր՝ միշտ հիշիր, որ հայ ես»

«Լեհահայ գաղութը ձևավորվել է 14-րդ դարից: 17-րդ դարում հայերը սկսում են ընդունել կաթոլիկություն, խոսում են ղփչաղերեն (թյուրքական լեզու): Այն ժամանակ հարցնում էին՝ դուք հա՞յ եք, այո, ի՞նչ լեզվով եք խոսում՝ ղփչաղերեն: 18-րդ դարում նոր հայեր եկան Ռումինիայից, գաղութը համալրվեց հայախոսներով, և հայերն իրար հանդիպելիս տարբեր լեզուներով էին խոսում: Բայց բոլորն էլ կամաց-կամաց ձուլվեցին, քանի որ ընդհանուր լեզուն լեհերենն էր»,- պատմում է Պիսովիչը:

Այսօր Լեհաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք գիտեն իրենց հայկական ծագման մասին: Օրինակ` Լեհաստանի օմբուդսմանի տեղակալ Եժի Սվյոնկևիչը, որի հետ հանդիպում ունեցանք, ասաց, որ ծագումով հայ է: Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի երկու պատգամավոր նույնպես հայկական ծագում ունեն:

1981 թվականին Կրակովում ստեղծվել է հայկական մշակույթով հետաքրքրվողների խումբ, որն այսօր գործում է, ֆինանսավորում ստանում կառավարությունից ու հրատարակում լեհերեն հանդես:

Պիսովիչի հետ մեզ սպասում էր հայկական ակումբի ղեկավար Ադամ Տեռլեցկին, որ իրեն հայ է համարում: Ադամը բացարձակ հայերեն չգիտի, հավանաբար կաթոլիկ է, նրան տեսնողի մտքով չի անցնի, որ նա հայ է:

Ի՞նչն է ստիպել, որ նա իրեն հայ համարի:

«Տատս՝ Յոզեֆա Պողոսևիչը, անընդհատ ասում էր. միշտ հիշիր, որ հայ ես: Մարդահամարի ժամանակ ազգությանս դիմաց նշեցի՝ հայ»,- ասում է Ադամը:

Այդպես, ըստ մարդահամարի, Լեհաստանի 263 քաղաքացի իրեն հայ է համարում: Թե նրանցից քանիսն են նոր էմիգրանտ, որքանը՝ ծագումով հայ, հայտնի չէ: Լեհաստանում կան 12 հազար ծագումով հայեր և 40 հազար նոր էմիգրանտներ:

«Շատերը չգիտեն իրենց հայկական ծագման մասին: Օրինակ՝ մի մարդու հանդիպեցի, ազգանունը՝ Ավետիսովիչ,- պատմում է Պիսովիչը: — Անհնար է, որ նա հայկական ծագում չունենար, քանի որ «ավետիս» բառը հայերեն է: Նրան բացատրեցի, որ ինքը հայկական ծագում ունի և կարող է մասնակցել հայերի հավաքներին: Ասաց՝ հնարավոր է, որ այդպես է, բայց ես չգիտեմ այդ մասին, և ինձ չեն հետաքրքրում այդ հանդիպումները»:

Պիսովիչն իր երեք որդիներից կրտսերի անունը Հայկ է դրել:

Սակայն հայերի թեման շատ նեղ շրջանակի է հետաքրքրում: Մեզ հայտնի է, որ Լեհաստանում գործում են հայկական հանցախմբեր, որոնք հայրենակիցների վրա «նալոգ» են դնում: Եղել են հայերի միջև մի շարք սպանություններ, որոնց մասին գրել է հայկական մամուլը:

Ես հարցրի «Gazeta wyborcza»-ի լրագրող Բարտոշ Վեգլարչուկին, թե արդյոք իրենք հաճա՞խ են գրում հայկական մաֆիայի մասին: Պատասխանեց. «Մենք վերջերս գրեցինք մի հայ վարձու մարդասպանի մասին: Բայց, ընդհանրապես, այնքան գանգստերական նյութեր ունենք, որ հերթը հայերին չի հասնում»:

armenianow.com

երկրորդ մաս

12 օրվա ընթացքում հանդիպումներ ունեցանք 3 հեռուստաընկերության, 2 ռադիոընկերության, 6 օրաթերթի, 4 շաբաթական ամսագրի, մեկ գրական ամսագրի խմբագրությունների, 2 լրատվական գործակալության, մեկ ինտերնետային պորտալի, մեկ հրատարակչության և 2 լրագրողական կազմակերպության հետ:

Ու ամեն հանդիպումից հետո հասկանում էիր, որ հետխորհրդային տարածք հասկացությունը դառնում է անիմաստ, քանի որ մեր երկրների ընդհանրությունից միայն պատմությունն է մնացել, որ եղել ենք նույն ռեժիմի ու գաղափարախոսության թելադրանքի տակ:

Պատմության հետքերը մնացել են «Ռեչ պոսպոլիտա» («Rzeczpospolita») օրաթերթի խմբագրության պատերին, որտեղ փակցված էին կոմունիստական ժամանակների անշուք, սև-սպիտակ համարներն ու կոմունիստ խմբագիրների կուշտ ու խնամված դեմքերը:

Եվ քանի որ տանը նստած քո աչքով չես տեսնում, թե ինչ փոփոխություններ են լինում հետխորհրդային տարածքում, միայն լրատվությունից ես իմանում ու, ասենք, լսում ես՝ Լեհաստանը Եվրամիության ամենահետամնաց ու կոռուպցված երկրներից է, թվում է, թե մեր նախկին եվրոպական «գաղափարակիցները» շատ չեն տարբերվում մեզանից, մտածում ես՝ երևի մի քիչ շատ զարգացած լինեն:

«Ար» հեռուստաընկերության աշխատակից Ալիկ Հակոբյանը մի քանի հանդիպումից հետո, մանավանդ երբ նայում էր TVN հեռուստատեսության ժամանակակից ստուդիան, որտեղ մոնտաժային տասնյակ համակարգիչների առաջ լրագրողներն իրենք էին մոնտաժում իրենց ռեպորտաժները, տեսավ, թե իշխանությունից անկախ մամուլի բացահայտումներն ինչ արդյունավետ են գործում, և ինչ եկամուտներ ունենում և զգալով, որ անհնար է, որ Հայաստանը մոտենա այս մակարդակին, ասաց. «Ես դեպրեսիայի մեջ եմ ընկնում հուսահատությունից»:

Իսկ ես հենց սկզբից պրոֆիլակտիկ նկատառումներով ինձ ներշնչեցի, որ Հայաստանն ու Լեհաստանը տարբեր մոլորակներում են, տարբեր ռիթմերով են պտտվում ու, հետևաբար, համեմատվելու ենթակա չեն: Ուստի Հայաստանի համար Եվրոպա դառնալու խնդիրը փակվում է, ու մնում է, որ մենք շարունակենք մեր յուղով տապակվել:

Ներշնչեցի, որ չհամեմատեմ, դեպրեսիայի մեջ չընկնեմ, չէ՞ որ կենացներ խմելիս ասում ենք՝ կարևորը առողջությունն է: Ճիշտ է, մի ժամանակ նույն մոլորակի վրա էինք, պտտվում էինք նույն արևի շուրջը, նույն առանցքն ունեինք, բայց հետագայում մեծ տեղաշարժերի հետևանքով մոլորակը կիսվել է, ու գոյացել են տարբեր մոլորակներ, որ պտտվում են տարբեր ուղեծրերով:

Մի մոլորակում մենք ենք՝ հարավկովկասյան երկրները, մյուսում՝ Լեհաստանը: Տարբեր են մեր մոլորակների ձգողականության ուժը, մթնոլորտը, և, հետևաբար, տարբեր են թերթ տպելու ու հեռուստատեսություն պահելու նպատակները: Մեկում թերթ տպելու գլխավոր նպատակը եկամուտ ստանալն է, ու ստանում են. «Ռեչ պոսպոլիտան» անցյալ տարի 15 միլիոն դոլար եկամուտ է ունեցել (մի քանի տարի առաջ միայն ծախսերն էր կարողանում փակել), իսկ «Գազետա վիբորչան» («Gazeta wyborcza»), որն ըստ թերթի թղթակցի, իր 400-500 հազար տպաքանակով Եվրոպայում 4-րդ օրաթերթն է, մի քանի անգամ ավելի եկամուտ ունի: «Wprost» շաբաթական ամսագրի վերջին էջի գովազդն արժե 35 հազար դոլար: Այստեղ թերթերի միջև կատաղի մրցակցություն կա, և եթե թերթը եկամտաբեր չէ, փակվում է: Պարբերականը վաճառելու համար ինչի ասես չեն դիմում հրատարակիչները: Թերթի կրպակ մտնելիս շփոթվում ես՝ արդյոք սա միայն թերթ վաճառելու համար է. ամսագրերի հետ ներդիրներ են դրված՝ տարբեր իրեր, կանացի ներքնազգեստ կամ պատառաքաղների ու դանակների հավաքածու: Ու արդեն դժվար է որոշել՝ ամսագի՞րն է ներդիրը, թե՞ իրը: (Մի լրագրող, որ կոմունիստական Լեհաստանում «սամիզդատում» էր աշխատել ու բանտ էր նստել, բողոքում էր. «Մենք իդեալներ ունեինք, որ ունենանք չեզոք, անգլոսաքսոնական տիպի մամուլ, բայց իրականությունն այլ է. թերթերը սկսեցին ճզմվել բիզնեսի ու գաղափարախոսության միջև»):

Իսկ Հայաստանում այլ օրինաչափություն է գործում. ամենաշատը 5 հազար տպաքանակով ութ էջանոց, անշուք սև-սպիտակ օրաթերթերը գոյատևում են այլ «եկամուտների» շնորհիվ (քաղաքական շրջանակների ստվերային դոտացիաներ), և նպատակն էլ դասական առումով եկամուտ ստանալը չէ (գովազդից ու հատավաճառից): Թերթերում գովազդի շուկա, կարելի է ասել, չկա կամ չնչին արտահայտված է: Միջին և մանր գործարարները խուսափում են գովազդ տալ ընդդիմադիր (նաև իշխանամետ) թերթերում, որ չնկատվեն հարկայինի կողմից:

Ճիշտ է, կառարկեն՝ ինչպես համեմատես 38 միլիոն բնակչություն ունեցող լեհական շուկան մեր թշվառ 2,5-3 միլիոնանոցի հետ: Բայց երբ փլվում էր Սովետը, Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոն էր, ու առաջընթացը կարող էր այսօր երկիրը 6 միլիոն դարձրած լիներ: Կարելի՞ է եզրակացնել, որ երկրի բնակչության աճը կարող է ուղիղ համեմատական լինել նրա ձգտումներին:

Եվ հետո, Վարշավայում տպվող «Pasmo» թերթը նախատեսված է 400 հազար բնակչի համար, ունի 50 հազար տպաքանակ, բաժանվում է անվճար, տարեկան 20 հազար դոլարից ավելի եկամուտ է ունենում, իսկ այդ նույն շրջանում նման ևս երեք թերթ կա:

Կար ժամանակ, որ Հայաստանում էլ թերթերը մեծ տպաքանակ ունեին. 1992-1993 թվականներին «Երկիրը» մոտ 50 հազար տպաքանակ ուներ: Հետագայում էլ թերթերը մինչև 18 հազար տպաքանակի հասնում էին: Հետզհետե հետընթաց սկսեց: Ու երբ հիմա թերթի վերջում գրվում է տպաքանակը, ասենք՝ 3,5 հազար, չարժե հավատալ, քանի որ հաճախ տպաքանակը իրականից ավելի է ներկայացվում: Եվ դեպրեսիայի մեջ չընկնելու համար կարող ես ասել՝ չէ, Հայաստանը ոչ թե հետ է մնում, այլ ուրիշ է: Այստեղ լրագրերը, ինչպես ծանոթս էր ասել, քաղաքական «տուսովկայի» պատի թերթեր են:

Նույնն էլ հեռուստատեսությունը. հինգ տարի առաջ ստեղծված «Պոլսատ» հեռուստատեսությունն անցյալ տարի ստացել է 60 միլիոն դոլար եկամուտ, իսկ Երևանում, որտեղ վահանակով հայկական 17 ալիք կարող ես բռնել, 4 էլ՝ ռուսական (երկու անգամ ավելի, քան Վարշավայում՝ լեհական), հեռուստաընկերությունները եկամուտ ստանալու համար չեն բացված: Գրեթե բոլորը վնասով են աշխատում: Դրանց մեծ մասի գործելու հիմնական նպատակը իշխանության թելադրանքով հաճախականություններ զբաղեցնելն է, որ ազատ հաճախականություն չմնա, և հանկարծ «Ա1+» ու «Նոյյան տապան» հեռուստաընկերություններն ազատ հաճախականության վրա աչք չգցեն:

Լեհաստանում մամուլի բացահայտումների շնորհիվ նախարար է հեռացվում կամ կուսակցական բիզնեսմենը բանտ է ընկնում:

Իսկ Հայաստանում թերթերը հանգիստ գրում են, որ երկրի կոռուպցիայի հայրը նախագահն է, իշխանության հովանավորությունը վայելող մարդասպանի անունն են տալիս, գրում են, թե քանի միլիոն կաշառքով է վաճառվել «Արմենտելը», բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Այստեղ հանցագործն ու հանցագործ բռնողը նույն մարդն է:

Ծրագրի մասնակիցներիցս երեքը՝ ես, ադրբեջանական «Զերկալո» թերթի թղթակից Ջեյրան Բայրամովան և վրացական «Սվոբոդնայա Գրուզիա» թերթի թղթակից Լիզա Տոնականյանը, Ռադիո «TOK FM»-ին մեր երկրներում մամուլի վիճակի վերաբերյալ հարցազրույց տալիս գրեթե նույն բաներն էինք ասում. որ օրենսդրությամբ երկրում կա խոսքի ազատություն, բայց իրականում այդպես չէ, հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ են, որ լրագրող լինելը վտանգավոր գործ է:

Մի տարբերություն կար միայն. գործընկերներս ասում էին, որ թերթերն էլ են ճնշման տակ, օրինակ՝ Վրաստանում Սաակաշվիլու իշխանության գալուց հետո ավելի վատացել է խոսքի ազատության վիճակը, թերթեր են փակվել, իսկ գործողներն էլ վախենում են ամեն ինչի մասին գրել: Իսկ ես ասում էի՝ Հայաստանում մի երկու ազատ թերթ կա, որ քննադատում են իշխանությանը: Թեև նրանք էլ կախված են այլ ուժերից և չեն կարող գրել իրենց հովանավորող քաղաքական ու տնտեսական շրջանակների օրինախախտումների մասին: Նրանք էլ ազատ են, քանի որ փոքր տպաքանակ ունեն, հասարակական կարծիքի վրա ազդեցությունը չնչին է, հետևաբար՝ իշխանությունը շատ չի ճնշում նրանց (Վրաստանում և Ադրբեջանում տպաքանակները մի քանի անգամ ավելի են):

Լիզա Տոնականյանը մի տեղ հարցրեց. «Վրաստանը, որ ձգտում է Եվրամիություն…»: Հարցը չավարտած՝ նրան պատասխանեց Ալիկը. «Լիզա, մեր դիակները գուցե մտնեն Եվրամիություն, բայց դու և ես՝ երբեք»:

Եվրամիությունը երազ է, որ մնաց փշալարին:

Ինքնաթիռի մեջ դիմացի էկրանին քարտեզ է՝ Վիեննա-Երևան օդային երթուղին:

Կարծես նույն մոլորակն է, ու չեն երևում Եվրոպայից բաժանող սահմանները:

Իջավ ինքնաթիռը, սահմանները գծվեցին, հարձակվում են սևազգեստ վարորդները՝ ախպեր, տաքսի պետք ա՞: Չէ, թերապիան չստացվեց, դեպրեսիան հաղթում է:

Իսկ ինչպիսի՞ն է Կովկասը երևում Լեհաստանից: «Գազետա վիբորչայի» լրագրող Վոյցեխ Յագիլսկին 2005 թվականին գիրք է հրատարակել Կովկասի մասին, որտեղ առանձին գլուխներով ներկայացված են Հայաստանն ու Ղարաբաղը: Գիրքը կոչվում է «Լավ տեղ մեռնելու համար» (Dobre miejsce do umierania):

armenianow.com

3 փետրվարի, 2006թ.

Entry filed under: խոհ. Tags: , .

Բաց նամակ սփյուռքահայ գրող Արա Բալիոզյանին Թարս ու շիտակ. դատավորի 6 մեքենաները՝ 61000$, բնակարանը՝ 100000$, տարեկան աշխատավարձը՝ 7704$… դռան վեճը դուռ է բացում դեպի դատավորների պոտենցիալ եկամուտները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: