Անապահով ազատություն. ստալինյան հետապնդումների զոհը սպասում է բնակարանի

24.03.2006 at 15:20 Оставьте комментарий

Էվելինայի կյանքը գողացված ապագայի պատմություն է

Էվելինա Գևորգյանը կարտ է բացում: Բախտ բացելը մի զբաղմունք է, որից այլևս սպասելիք չունի:

«Էլ ի՞նչ, իմ բախտը արդեն գցվել ա, ես պիտի մեծ երգչուհի դառնայի, բայց 58 հոդվածը թիկունքիս կպած էր, ո՞վ կթողներ, որ ես առաջ գնայի»,- ասում է նա:

58 հոդվածը ՌՍՖՍՀ օրենսգրքով հակասովետական ագիտացիան և պրոպագանդան էր (հայկականով՝ 67-ն էր), որով նա 1942 թ. դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:

86-ամյա Էվելինա Գևորգյանն ապրում է երգչախմբային ընկերության շենքի պահակի 3,5 քմ սենյակում: Նրա աշխատանքն ու կյանքը մի սենյակի մեջ են, որն ավելի փոքր է, քան ԿԳԲ-ի նրա խուցը: Բայց ոչինչ, նա շատերի պես Խորհրդային Միությունը քաղցրությամբ չի հիշում:

«Ես շատ ուրախացա, որ Սովետը փլվեց: Ճիշտ ա, հիմա սենց փոքր տեղ եմ ապրում, բայց ոչինչ, թող սենց լինի, մենակ Սովետը չվերադառնա»:

Հայրը՝ Երվանդ Գևորգովը, վաճառական ու գյուղատնտես էր, Երևանի ընտրախավից: Կիրովի այգու տեղում նրա խանութներն էին, իսկ տունը՝ Երևանի նորահարուստների ու միջին խավի սիրած ժամանցի վայր «Պապլավոկի» տեղում:

Էվելինան պատմում է, որ 1924-ին նրան առանց դատաստանի գնդակահարում է մի չեկիստ: Հետագայում, երբ Էվելինան բանտում էր, քննիչը նրա փեսացուին, որ եկել էր իմանալու, թե ինչու են ձերբակալել աղջկան, ասում է. «Դուք գիտեք, թե նա ո՞ւմ աղջիկն է»:

Էվելինայի համեստ կացարանում իշխում են լուսանկարներն ու հիշողությունները

Էվելինայի դատավճռում գրված է՝ «սոցիալական վիճակը՝ նախկին կուլակաթափ եղածներից»: Սովետի առաջին տարիներին, մինչև երեսնականների վերջը, ինչ-որ սեփականություն ունեցողները համարվում էին կուլակ: Նրանց կուլակաթափ էին անում, աքսորում և ունեցվածքը բռնագրավում: Էվելինայի սոցիալական ծագումն արդեն հանցանք էր համարվում:

1942 թ. մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, երաժշտական ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանողուհի 22-ամյա Էվելինային ձերբակալում են: Ասում է, որ դատարանում նա առաջին անգամ է տեսնում այն մարդկանց, որոնց հետ հակասովետական խումբ ստեղծելու մեջ էր մեղադրվում:

Իր ազատազրկումը նա պետք է կրեր Ուրալում, անտառահատության տաժանակիր աշխատանքով: Սակայն պատերազմը, որ շատերի համար դժբախտություն էր, Էվելինայի համար փրկություն է դառնում:

«Մեզ պիտի տանեին Սուխովո Բեզվոդնի, Գորկի քաղաքի մոտ: Եթե տանեին, այնտեղից ես չէի վերադառնա: Մեր բախտը բերեց, գերմանացիները ռմբակոծում էին այդ կողմերը, ու օրական 12 ժամ ծառ կտրելուց ազատվեցինք»:

Նրանց տանում են Բաքու, այնտեղից շոգենավով՝ Կրասնովոդսկ: «Գերեզմանոցում էին իջացրել, ամեն մեկս մի քարի վրա պառկեցինք, որ քնենք: Գիշերը կանվոյ եկավ, ու հինգ-հինգ շարեցին»,- հիշում է Էվելինան:

«Պիտի տանեին բաշխման կետ, ասեցին՝ ով չկարողանա քայլել, տեղում կգնդակահարենք: Մի հայ աղջիկ կար՝ Ասյան, հազիվ էր քայլում, թոքերի բորբոքում ուներ: Հայ գողեր կային՝ Պավլիկն ու Մուկուչը, ասին՝ մենք ձեր վեշերը կտանենք, դու օգնի Ասյային: Պիտի չթողնենք, որ հայ աղջիկ սպանեն: Ես նրան օգնում էի, չէի թողնում ընկնի:

Հասանք բաշխման կետ, Ասյան մահացավ: Մեռնելուց առաջ խնդրեց՝ նամակ գրեմ քրոջը Լենինական, որ ինքն այլևս չկա: Նա երկրորդ ժամկետն էր նստում, հինգ տարի եղել էր ճամբարում: Ազատվելուց հետո Կիրովականում տուն էր վարձել: Հարևանը մատերիալ էր գրել վրան, թե «ամեն անգամ, երբ գերմանացիները քաղաք են գրավում, Ասյան ուրախությունից դաշնամուր է նվագում»:

Գնացքով տանում են Տաշքենդ, ամեն վագոնում՝ 120 կալանավոր: Խոլերայի համաճարակը հնձում է կալանավորներին: «Անընդհատ մարդիկ էին մեռնում: Մեկ էլ գնացքը կանգնում էր անապատի մեջ. գալիս՝ մեռածների ոտուձեռից բռնում, դուրս էին շպրտում, ի՞նչ թաղել, ժամանակ չկար թաղելու:

Կողքս մի գերմանուհի կար, խոլերայից մեռավ: Կես օր կողքս մեռած մնացել էր, մինչև էկան դուրս գցեցին: Ո՞նց էր՝ չվարակվեցի: (Ինչո՞վ էին կերակրում). ցերեկը ձուկ էին տալիս, ահավոր ծարավում էինք, գիշերը՝ ջուր՝ մեջը որդեր:

Իսկ նավի վրա, կողքի տարածքում, որ փայտե միջնորմով առանձնացված էր, գերմանացի գերիներ էին, նրանց մենակ ձուկ էին տալիս, առանց ջրի: Խեղճերը ծարավից մեռնում էին: Ես ու մի գերմանուհի նրանց ջուր էինք տալիս»:

Գնացքում գտնվող մոտ 5000 կալանավորից Տաշքենդ հասնում է 1700-ը: Գաղութում միևնույն բարաքներում էին և գործարաններում միասին էին աշխատում քաղաքականներն ու քրեականները:

«Գաղութում չեկիստը հարցնում էր՝ ի՞նչ հոդված է, ասում ես՝ 58, մռայլ նայում էին. իսկ մեկ ուրիշն ասում էր՝ 226 (գողություն), ժպտում էին՝ մալադչինա, որ քաղաքական չի»:

Աշխատում են գործվածքի հաստոցների վրա, Բերիայի հրամանն էր՝ քաղաքականներին ծանր աշխատանք: Գաղութներից մեկում դեղնախտով է հիվանդանում. «Ստանոկի մոտ աշխատում էի, մեկ էլ էնպես ցավ սկսեց, ընկա, նասիլկով տարան: Պարզվեց՝ դեղնախտ եմ, գիտակցությունս կորցնում էի, շատ ծանր էի:

Կուլակի դուստրը վճարեց հոր սոցիալական կարգավիճակի համար

Մի բժիշկ կար՝ Աբազով, եղել էր Թուրքմենստանի առողջապահության ժողկոմ (նախարար), 16 տարի նստած էր, անհայտ էր՝ երբ կազատվի: Նրա նմանների համար Բերիայի հրամանը կար՝ «Դո օսոբովո ռասպորյաժենիյա» (մինչև հատուկ կարգադրություն). մնա էնքան, մինչև սատկես:

Աբազովն ասաց՝ դու քաղաքական ես, ես քեզ չեմ թողնի մեռնես: Ինձ հետ դեղնախտով պառկած 7-8 հոգի մեռան: Ինձ չթողեց մեռնեմ: Մեզ քրեականների հետ նույն բարաքն էին լցնում, որ նրանք մեզ ծաղրեն: Բայց կային, որ մեզ լավ էին վերաբերվում:

Բարաքում իմ կողքը քնում էր մի գող կին՝ Լենան: Մի ոտքը փայտ էր, սիֆիլիսով հիվանդ էր, գնացքներ էր թալանել: Գալիս էր հիվանդանոց, հարցնում՝ ի՞նչ է քեզ պետք, Լինա: Ասում էի՝ խաշած կարտոլ ու բարձ, հաջորդ օրը բերում էր»:

Ճամբարն այնքան սարսափելի չէր, ինչքան կյանքը ազատվելուց հետո: Քաղաքական դատվածները 39 քաղաքներում իրավունք չունեին ապրել: Էվելինային Երևանից քշում են, որոշ ժամանակ ապրում է մոր հետ Դիլիջանում, հետո մի ազգական նրա համար միջնորդում է բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, և նրան թույլ են տալիս վերադառնալ:

«Ես քիչ քաղաքականներից էի, որ կարողացա Երևանում մնալ»,- ասում է Էվելինան: Շարունակում է ուսումը, սակայն չորրորդ կուրսում նրան հեռացնում են, իբր կազմալուծիչ է, պատճառը՝ 58 հոդվածը: Այս անգամ քեռու միջնորդությամբ վերականգնվում է ու ավարտում, սակայն էլ կոնսերվատորիա չի ընդունվում:

«Կոնցլագերում ավելի լավ էր, մարդկանց գլուխը դինջ էր, հետո էր ահավոր, ոչ մի տեղ մուտք չունեիր, 58 հոդվածը մեջքիդ գրված է»:

1951 թվականին, երբ հազարավոր հայ ընտանիքների աքսորում էին Ալթայի երկրամաս, Էվելինան իր ճամպրուկն է դասավորում, սպասում է՝ երբ են իր հետևից գալու: Բայց Ալթայը շրջանցում է նրան: Ամուսնանում է իր նման բռնադատվածի հետ, 1955-ին ծնվում է որդին:

1957 թվականին Էվելինա Գևորգյանին և նրա հետ դատապարտված հինգ հոգու արդարացնում են:

10 տարի երգում է պետական կապելլայում, նաև՝ օպերայի երգչախմբում: 1975 թվականից աշխատում է Երգչախմբային ընկերության դահլիճում որպես հսկիչ: 1984 թվականին բնակարանը վաճառում է, որ որդին հնարավորություն ունենա գնալ Հայաստանից:

Տարիներ ապրում է վարձով: Սակայն տնտեսական ճգնաժամի տարիներին այլևս հնարավորություն չուներ վարձ տալու: 1993-ին նրան հատկացնում են Երգչախմբային ընկերության պահակի փոքրիկ սենյակը, որտեղ ապրում է և շենքի պահակ աշխատում:

Նրա ամբողջ ունեցվածքը լուսանկարներն են ու մի քիչ ամանեղեն, որ տեղավորել է սենյակում: Սենյակն այնքան փոքր է, որ հորիզոնական պառկել հնարավոր չէ, ու Էվելինան, երբ ուզում է հանգստանալ, ոտքի տակ տեղավորում է աթոռն ու մեկնվում նեղ թախտին:

Բռնադատվածների մասին օրենքով բնակարանի կարիք ունեցողներին հասնում է հողատարածք և արտոնյալ վարկ 25 տարով, մինչև 5 միլիոն դրամ (մոտ 11 հազար դոլար)՝ տարեկան մեկ տոկոսով, բնակարան գնելու կամ հողատարածքի վրա տուն կառուցելու համար: Օրենքների փոփոխությունների պատճառով 2003 թվականից՝ Երևանում, իսկ 2005 թվականի դեկտեմբերից՝ այլևս ամբողջ հանրապետությունում հողատարածք չի հատկացվում:

Բացի այդ, ըստ օրենքի բռնադատվածներին տալիս են 12 հազար դրամ միանվագ փոխհատուցում: 1996 թ. 6 հազար էր:

«Այդ փոխհատուցումը ձևական է, առաջարկել ենք, որ գոնե ամեն տարի տան 12 հազար,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի վարիչ Անահիտ Գևորգյանը: — Նաև առաջարկել ենք, որ վարկի համար 300 միլիոն տան, բայց չեն անում»:

Նախարարությունում վարկ ստանալու համար բռնադատվածների 570 դիմում կա, որոնցից 311-ը հիմնավոր է համարվել: Էվելինան այդ ցուցակում 233-րդն է: 2002 թվականից մինչև այժմ վարկ է տրամադրվել 165-ին, անցյալ տարի՝ 42-ին: Տարեկան կառավարությունը հատկացնում է 100 միլիոն դրամ: Էվելինան վարկ կստանա 2010-ին, երբ դառնա 90 տարեկան:

«Նրանք ինձ ծաղրո՞ւմ են, ես ի՞նչ կլինեմ 4 տարի հետո»,- ասում է Էվելինան:

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: .

Անմազ Insecure Freedom: Survivor of Stalin’s purges must wait for a place to call home

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: