Ընտանեկան կապեր. երեք սերունդ` նույն հարկի տակ. պոտենցիալ վտանգ ներառող բանաձև հայ կանանց համար

30.06.2006 at 00:00 1 комментарий

Կրտսեր դուստրը հիշում է լավ ժամանակներին նախորդած վատ ժամանակները

Շուշանը օրական 14 ժամ ոտքի վրա է, մատուցող է աշխատում: Իհարկե, շատ է հոգնում, բայց հիմա նա փող է աշխատում ու անկախ կին է: Հիմա միայն ֆիզիկապես է հոգնում, իսկ դեռևս մի տարի առաջ հոգեկան ապրումների գերին էր:

«Հիմա ես մարդ եմ, իսկ առաջ չգիտեի ինչ եմ, մենակ վախ էի զգում»,- ասում է նա:

Իսկ «առաջը» 12 տարվա ամուսնական կյանքն էր, որ երջանկության փոխարեն միայն ծեծ ու նվաստացում տվեց նրան:

29-ամյա Շուշան Եղիազարյանը մի տարի առաջ է բաժանվել, բայց ամուսնական մղձավանջը դեռևս հետապնդում է նրան ու հանգիստ չի տալիս: Վերջին հարվածը ստացավ 3 ամիս առաջ, երբ Մաշտոցի թաղապետարանը ավագ դստեր խնամքը հանձնեց նախկին ամուսնու հորն ու մորը:

Շուշանի պատմությունը նման է հազարավոր հայ կանանց, որ ամուսնանում են ու միայն դառնություն, ծեծ ու արհամարհանք են վաստակում, ընկնում մի ընտանիք, որտեղ կինը միայն երեխա բերելու գործարան է ու տան ծառա:

13 տարեկան գեղեցկուհի էր Շուշանը, երբ առաջին անգամ իրենց համագյուղացի (Երևանի մեջ մտնող Երրորդ գյուղ) Անդոն տեսավ նրան: Երբ Շուշանը փոխադրվում է 9-րդ դասարան, նա առաջարկություն է անում. «Հարազատներիս ասել էր, որ սիրում է ինձ ու ուզում է ամուսնանալ: Մամաս կողմ էր, ասում էր` գյուղի մեջ կամուսնանաս, ինձ մոտ կլինես»:

Հետո պարզվում է, որ Անդոյի ծնողները դեմ են ամուսնությանը: Շուշանի հայրը մահացել էր, մայրը մեծ դժվարությամբ էր մեծացնում հինգ երեխաներին, իսկ Անդոյի հայրը` Թոռնիկը, որ խանութի վարիչ էր, ուզում էր, որ որդին ունևոր տնից հարս բերի: Թոռնիկը հիմա էլ ասում է, որ դեմ էր նրանց ամուսնությանը, հայհոյում է Շուշանի ընտանիքը` որպես ցածր խավ: Կրտսեր որդուն ինքն է ամուսնացնում արդեն նախկին գործկոմի աշխատողի աղջկա հետ:

Հարսանիքից հետո 16 տարեկան աղջիկը ընկնում է մի բանտ, որտեղ բոլորն ատում են նրան: Ու հենց ամուսնության հաջորդ օրվանից միայն կշտամբանք ու ճնշում է զգում:

«Ժամը ութին Թոռնիկը վեր էր կենում, գնում աշխատանքի: Ես պիտի ոտի վրա լինեի, ինձ պառկած չտեսներ: Եթե զարթուն չլինեի, ահավոր կռիվ էր: Ես վախենում էի իրանից, ինձ մեր տանը բոլորը սիրել են, ամենափոքր երեխան էի ու բոլորի ուշադրության կենտրոնում: Իսկ էնտեղ իմ սենյակում փակվում, վախում էի: Հենց իրա ոտերի ձենն էի լսում, սիրտս սկսում էր արագ-արագ խփել. ի՞նչ եմ արել, որ հիմա պիտի խոսակցություն լինի, կարո՞ղ ա մի աման պակաս եմ լվացել:

Օր էր լինում, որ սոված էի մնում: Թոռնիկը գալիս էր տուն, կինը հաց էր դնում, ինձ սեղանի մոտ չէին էլ կանչում: Ուտում էին, հետո թե տակը բան մնար, խոհանոցում ինձ էր հասնում»:

Երբ ամուսնացան, Անդոն բանակում ծառայում էր, տուն էր գալիս 15 օրը մեկ, իբր` կնոջը տեսնի:

«Տուն էր գալիս ոչ թե կարոտած, ոչ թե էնպես, որ ես էի սպասում, այլ գալիս գլխիս կռիվ էր սարքում: Մի անգամ էլ, էլի վեճից հետո, լացելով սպասում եմ, թե երբ պիտի Անդոն տուն գա, գոնե նրա հետ կիսվեմ ու կարոտս առնեմ: Էկավ, տուն մտավ, առանց բացատրության մեկ էլ ասեց` ոսկեղենդ հանի դիր, ստից մաքրվի: Հարցնում եմ` պատճառն ի՞նչ ա, ասա, թողնեմ գնամ: Ու մի ծեծ էլ տվեց, աթոռով տալիս էր: Շատ ա եղել, որ ծեծելուց ուշքս գնացել ա, ընկել եմ, կապտուկները վրաս»:

Շուշանի հարազատներին արգելված էր գալ նրան այցելության: Եղբայրները քրոջ երկու երեխաներին չէին տեսել: Նա երկար ժամանակ իրավունք չուներ հեռախոսով խոսել, տնից դուրս գալ:

«Ես դեմ եմ եղել ու տղիս ասել եմ` մի ամուսնացի: Սեդային էլ [Շուշանի մորը] 4 տարի չեմ թողել մեր տուն մտնի»,- ասում է Թոռնիկը: Միայն երբ ծնվում է առաջին աղջիկը, մայրը համարձակվում է գալ, որ կատաղեցնում է Թոռնիկին: «Աղջիկս վազեց, Թոռնիկին գրկեց ու սկսեց խնդրել` մամայիս չխփես, սիրտը հիվանդ ա, ու վախից տակը արեց»,- պատմում է Սեդան:

Հետագայում Թոռնիկը միշտ վախեցնում էր Շուշանին` էնպես գոռամ, տակդ շռես:

Ամուսնության վերջին տարին վարձով են ապրում: Բայց ծեծն ու կռիվը անպակաս էին: Ընտանեկան առօրյան է. Անդոն խմած տուն է գալիս ու ծեծում կնոջը: Եվ մի օր էլ հերթական ծեծից հետո, գիշերվա 2-ին, Շուշանը վերցնում է երեխաներին ու գնում մոր տուն:

«Ինչքան էլ ուզեց թողնի խմելը, չստացվեց: Համարյա ամեն օր ծեծ էի ուտում: Խփելը էն խոսքը չի. ինչ ունեինք տանը, ջարդում էր, աման չէր մնացել: Ինչ ձեռի տակ ընկներ, շպրտում էր էրեխեքի ու իմ վրա: Էդ օրն էլ սկզբում ինձ էր խփում, հետո Լուսինեն եկավ` պապա, մի արա, խնդրում եմ, էրեխուն խփեց կոշիկով: Լիանչիկը ահավոր վախեցած էր: Դանակով սպառնում էր: Էրեխեն կպել էր դոշիս` մամա վախում եմ: Ասում էի` Լիան, մի վախի, քո պապան ա, չի անի, բայց ես էլ էի վախում»:

9-ամյա Լիաննան էլ է հիշում, թե ինչպես էր հայրը մորը ծեծում. «Շատ ա եղել, որ մամայիս ծեծել ա»:

Թոռնիկի համար բնական է, որ ամուսինը կնոջը ծեծում է, ու մեղադրում է Շուշանին, որ բաժանվել է:

«Ասենք` ծեծում էր: Էրկու տղամարդ ենք, իրար հետ դուզ խոսանք` չի՞ եղել, որ դու կնգադ ծեծես: Մարդ կա` նարկաման ա, գալիս` կնգան ծեծում ա, բայց կնիկը հանուն ընտանիքի ու էրեխեքի չի թողում գնում»:

Հայ հասարակության մեջ, որտեղ նույն հարկի տակ երբեմն երեք սերունդ է ապրում, Շուշանի դեպքը եզակի չէ: Սոցիալական աշխատողների և կանանց իրավունքների պաշտպանների հավաստմամբ` շատ կանայք են տառապում ոչ միայն իրենց ամուսիններից, այլև նրանց հարազատներից:

«Ընտանիքներ կան, որտեղ բնական է, որ կնոջը պիտի ծեծեն,- ասում է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը: — Տղամարդը անպայման իշխող դեր պետք է ունենա: Սկզբում աղջկա վրա իշխում է եղբայրը. թույլ չի տալիս իր ուզածով հագնվել, տնից հաճախ դուրս գալ: Հետո էլ աղջիկն ամուսնանում է, ամուսինն է իշխում, ու կնոջը թվում է, թե բնականը իր վրա իշխելն է: Կամ` երեխան տեսնում է, որ տանը մորը ծեծելը նորմալ է, ինքն էլ հետո իր կնոջն է ծեծում»:

Վարդանյանն ասում է, որ Շուշանի դեպքը, երբ ամուսնու հարազատները մասնակցում են կնոջ նվաստացմանը, իրենց համար սովորական է, իրենց ավելի դաժան դեպքեր են հայտնի: Օրինակ` մի կին պատմել է, որ ամուսինը ու նրա ծնողները երեխաների ներկայությամբ սափրել են գլուխն ու հոնքերը, հետո ամուսինը սկսել է ծեծել ու ծխախոտով այրել նրա ձեռքերը:

Ու երբ արդեն Շուշանը նոր կյանք էր սկսել, ամուսնուց հերթական հարվածն ստացավ: Մարտի 30-ին ավագ դստեր խնամքը Մաշտոցի թաղապետարանը հանձնում է Թոռնիկին ու նրա կնոջը` Լյուսյային: Շուշանի մայրը գնում է երեխաներին վերցնելու դպրոցից ու տեսնում` մեծը չկա: Ռուսաստան մեկնած Անդոն մի փաստաթուղթ է ուղարկում, որով իր դուստրերի նկատմամբ պատասխանատվությունը հանձնում է հորը: Սակայն ոչ մի փաստաթուղթ չկա, որ Թոռնիկն ու նրա կինը երեխաների պապն ու տատն են: Շուշանի ամուսնությունը գրանցված չէ, երեխաների հայրությունը ճանաչված չէ, նույնիսկ երեխաները ոչ թե հոր, այլ մոր ազգանունն են կրում:

Թաղապետարանը իր որոշումը հիմնավորել է, թե Շուշանը Եհովայի վկա է, երեխաներին հարկադրաբար տանում է ժողովների: Սակայն սա սուտ է, որ հնարել են Անդոյի հարազատները: Իրականում Շուշանը Եհովայի վկա չէ, գնացել է մի քանի անգամ ժողովների: Դուստրերն էլ ասում են, որ իրենք էլ են գնացել ժողովի, բայց մայրը երբեք հարկադրաբար չի տարել: «Մեզ չի հուզում` Եհովա կլինի, առաքելական կլինի, կարևորը երեխան իրա կամքով ա եկել»,- ասում է Թոռնիկը:

12-ամյա Լուսինեն, իրոք, ցանկանում է տատի ու պապի հետ ապրել. «Ես իմ կամքով եմ եկել, դպրոցն ստեղ մոտ է, հետո ստեղ ինձ լավ եմ զգում: Կուզեի` մամաս էլ ստեղ ապրեր»,- ասում է Լուսինեն:

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ իրավաբան Ասյա Օվանյանը ասում է, որ Մաշտոցի թաղապետարանը անօրինական որոշում է կայացրել. երեխաների տատն ու պապը իրավաբանորեն հաստատված չեն, և նման որոշում կարող էր ընդունել միայն դատարանը:

Կենտրոնում գործում է թեժ գիծ ընտանեկան, սեռական բռնությունների ենթարկվածների համար: Օրական լինում է միջինը երեք զանգ:

armenianow.com


Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Նոր վեպ. ձևով ու բովանդակությամբ հեղափոխական ֆեմինիստական ստեղծագործություն Քաղաքական հետապնդում. «Ժառանգություն» կուսակցությունը և նրա առաջնորդը մշտական ճնշումների է ենթարկվում

1 комментарий Add your own

  • 1. Էմմա  |  17.12.2010 в 09:57

    Կարծում եմ քաղաքացիական հասարակության կայացման կողքին քրիստոնեական մշակույթն ու քաղաքակրթությունը ևս , որի բացը շատ է զգացվում Հայաստանում(կապ չունի աթեիստ ենք,թե հավատացյալ,ինքս անձամբ ոչ մի աղանդի ու կրոնական հոսանքի չեմ պատկանում,հանկարծ թյուրիմացություն չլինի,ուղղակի աշխատանքիս բերում քիչ ու միչ ծանոթ եմ մեր կրոնին) կարող է մեծ նպաստ բերել ընտանեկան բռնությունների վերացման գործին,քանի որ Ս. գրքում այն էլ քանի տեղ ուղղակի շեշտում է տղամարդկանց,որ չվնասեն իրենց կանանց,քանի որ նրանք «մի հոգի են և մի մարմին»և վնասելով կնոջը իրականում տղամարդը ինքը իրեն ու իր ընտանիքին է վնասում:հատուկ շեշտվում է նաև տղամարդու կայացման ու ինքնուրույնության հարցը,որ ամուսնանալով տղամարդը պետք է թողնի իր ծնողներին և հարի իր կնոջը:Ընդհանուր առամբ քրիստոնեությունը բավականին հանդուրժողական ու ազատական կրոն է և ներկա փուլում կարող է մեր հանրության մեջ շատ դրական դեր ունենալ:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: