Քաղաքական հետապնդում. «Ժառանգություն» կուսակցությունը և նրա առաջնորդը մշտական ճնշումների է ենթարկվում

01.07.2006 at 00:00 1 комментарий

Մարտի սկզբին «Ժառանգություն» կուսակցությունը զրկվեց իր գրասենյակից, քանի որ վարձատուն հավելյալ կողպեքով փակեց կուսակցության գրասենյակը: Այս քայլը կուսակցության և նրա առաջնորդի դեմ իշխանությունների սկսած արշավի շղթայի մի օղակն է:

Րաֆֆի Հովհաննիսյանը Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում 12 տարի առաջ վարձակալել էր վեց սենյակ, որոնք երեք տարի առաջ սկսեց զբաղեցնել նրա հիմնադրած «Ժառանգություն» կուսակցությունը: Թատրոնի հետ կնքած նրա վերջին պայմանագիրը լրանում էր այս տարվա հունիսին, սակայն թատրոնի տնօրենի կարգադրությամբ մարտի 4-ին նոր կողպեք է դրվում դռան վրա: Կուսակցության ամբողջ փաստաթղթերն ու կնիքը մնացել են փակի տակ:

Կուսակցությունը դիմեց սկզբում դատախազություն և պատասխան ստանալով, որ պայմանագրի հետ կապված խնդիրները լուծվում են դատարանով՝ դիմեց դատարան: Դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարողները մայիսի 29-ին կնքեցին կուսակցության դուռը:

Հունիսի 26-ին Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը թատրոնի գործողությունները ապօրինի ճանաչեց: «Ժառանգություն» կուսակցության անդամները հուլիսի 20-ին բացեցին դուռը 4,5-ամսյա ընդմիջումից հետո, սակայն հաջորդ օրը դատական ակտերի հարկադիր կատարողները կրկին կնքեցին այն` պատճառաμանելով, թե դատարանի որոշումը վերաբերում է կուսակցության գույքը օգտագործելուն և ոչ թե տարածքին: Պաշտոնյաները առաջարկեցին տանել գույքը, սակայն կուսակցության անդամները հրաժարվեցին` պատճառաբանելով, թե տարածք չունեն գույքը տեղափոխելու համար:

Սա թյուրիմացություն չի, քանի որ միակ դեպքը չի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա «Ժառանգություն» կուսակցության դեմ ճնշումներ են լինում:

47-ամյա Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում միակ ընդդիմադիր սփյուռքահայ գործիչն է: Նա ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

1991-1992 թթ. եղել է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը: 1993 թվին հիմնադրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում կարճ ժամանակ զբաղեցրել է գրահրատարակչության

նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնները: 2003 թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրեց, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց: Սահմանադրությունը պահանջում էր, որ նախագահը ունենա հանրապետության 10 տարվա քաղաքացիություն. իսկ Հովհաննիսյանը քաղաքացի էր դարձել ընտրություններից երկու տարի առաջ:

Նա միացավ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ ընդդիմության  բողոքի ակցիաներին: 2003 թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Անցյալ տարի ընդդիմադիր կուսակցությունները կոչ էին անում բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց մեջ իր ակտիվությամբ աչքի ընկավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նոյեմբերի 27-ի հանրաքվեից մի քանի օր առաջ նա կոչ արեց ժողովրդին հավաքվել օպերայի հրապարակում՝ որպես բոլոք հանրաքվեի դեմ: Հանրաքվեն նա բնորոշեց գողերին, մարդասպաններին ու կաշառակերներին աջակցող և նրանց աջակցությունը վայելող վարչախմբի ապարանքը ժողովրդից բաժանող ճաղերի սահմանադրական կոսմետիկ նախշազարդում («Ազատություն» ռադիոկայան):

Նա ակտիվորեն մասնակցում էր հանրաքվեի պաշտոնական արդյունքների դեմ կազմակերպված բոլոքի ցույցերին: Դեկտեմբերի 2-ի հանրահավաքից հետո ոստիկանությունը փողոցներից բռնեց մոտ 30 ցուցարար, որոնց մեջ նաև՝ «Ժառանգություն» կուսակցության մի անդամ: Նոյեմբերի 30-ին Կիև մեկնելիս օդանավակայանում Հովհաննիսյանին խուզարկության ենթարկեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ պատճառաբանելով, թե փնտրում են նրա մոտ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր:

Դեկտեմբերի 9-ի ընդդիմության հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված 21 հարց:

Այդ հարցերի մեջ կային այնպիսիք, որոնք հասարակության մեջ հաճախ հնչում են: Հովհաննիսյանը հարցնում էր, թե արդյոք Քոչարյանը պատերազմական գործողություններից դուրս պատվիրե՞լ է սպանություն, կամ իր պատճառով մարդ սպանվե՞լ է, ի՞նչ սեփականություն, բիզնես ու ֆինանսական միջոցներ ունեն նա, կինը և ընտանիքի մյուս անդամները:

Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Հայոց աշխարհ» թերթին հայտնեց, որ «այդ թուղթը» արժանի չէ երկրի ղեկավարի ուշադրությանը, իսկ հեղինակին որակեց Հայաստանից անտեղյակ և անգրագետ մարդ, տեքստը նմանեցրեց արհեստավարժ լրտեսի գրած ինչ-որ գաղտնագրի:

Մամուլի քարտուղարի խոսքը կարծես ազդանշան էր, որ մամուլում հայտնվեն հրապարակումներ, թե, իբր, Հովհաննիսյանը համագործակցում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ: «168 ժամ» թերթի դեկտեմբերի 22-23-ի համարում հրապարակված մի նյութում ասվում է, թե 21 հարցը կազմել են ամերիկյան հատուկ ծառայությունները: Հաջորդ համարում հրապարակվեց Հովհաննիսյանի պատասխանը, որ այդ հրապարակումը պատվիրված է և հերթական սադրանքն է իր դեմ:

Ի պատասխան «21 հարցի»՝ իշխանությանը աջակցող «Հայոց աշխարհ» օրաթերթը իրար հետևից հրապարակեց երկու հարցաշար՝ ուղղված Հովհաննիսյանին. մեկը խմբագրության կողմից, մյուսը՝ իշխանությանն աջակցող «Առաջադիմություն» կուսակցության նախագահի: Հարցաշարի մեջ կրկին շոշափվում էր լրտեսության թեման («Քանի՞ երկրի լրտես եք»): Հարցերը հնչեցին նաև մի քանի հեռուստատեսություններով, սակայն հարցերի պատասխանները «Հայոց աշխարհը» և հեռուստատեսությունները չհրապարակեցին:

Փետրվարի 15-ին թիրախ դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը: Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայությունը հաղորդեց, թե այդ կազմակերպության համար ԱՄՆ-ում հանգանակված գումարները ուղղվում են նրա ամուսնու քաղաքական գործունեությանը, հանրահավաքներ կազմակերպելուն, անհնազանդության գործողություններին: Հաղորդավարը նվիրատուներից մեկին՝ կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ ամերիկահայ Ջեկ Բեnμերյանին հարցնում է, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ իր բարեգործությունը ծառայում է քաղաքականությանը:

Երկու օր անց Ջեկ Բերբերյանը նամակ է ուղարկում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին, որտեղ «Հայլուրի» հաղորդումը անվանում է ստահոդ և խեղաթյուրված: Նա ասում է, որ կազմակերպության ֆինանսական գործունեությունը իրականացնում և վերահսկում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), վերահսկում է նաև տնօրենների խորհուրդը: Բացի այդ, կազմակերպությունը անցնում է անկախ աուդիտորական քննություն: Նա պահանջում է «հերքել ապատեղեկատվությունը և նմանատիպ կեղծ լուրերով չխոչընդոտել Հայաստանի առաջընթացն» («Ազգ» օրաթերթ):

«Հայլուրը» չի հերքում, իսկ Հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարում է, թե կարող են «Հայլուրը» դատի տալ:

Արմինե Հովհաննիսյննիսյանը հրաժարվում է դատարան դիմել՝ ասելով, որ այն անկախ չէ:

«Չորս տեսակ կառույց կա, որ հսկում է մեր կազմակերպության գործունեությունը,- ասել է «Հետք» ինտերնետային թերթին (www.hetq.am) Արմինե Հովհաննիսյանը:- Ես չգիտեմ՝ ոնց պետք է կարողանայի այս չորս վերահսկող կազմակերպություններից գումար թաքցնել և այդ գումարները ցույցերի վրա ծախսել: Ամեն ինչ արել եմ օրենքի տառին համապատասխան, որովհետև հասկացել եմ, որ այս օրը գալու է, որ ցանկանալու են Րաֆֆիին դիպչել և գալու են իմ կազմակերպությունը հսկեն»:

«Հետքը» հայտնում է, որ հաղորդման տեքստը «Հայլուրին» ուղարկել է պետական կառույցներից մեկի լրատվական ծառայությունը:

Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ իշխանությունները իրենց հակառակորդներին վարկաբեկելու համար հաճախ են նրանց մեղադրում լրտեսության մեջ. «Սա սովետական հին մեթոդ է, որ կիրառվում էր այն տարիներին այլախոհներին վարկաբեկելու համար,- ասում է նա:- Այսօրվա իշխանությունների մեջ շատ են նախկին կուսակցական ակտիվիստներ, որոնց հարազատ են կագեբեական մեթոդները: Վարկաբեկելու մյուս ձևը մեծ գումարների հետ է կապված: Երկիրը աղքատության մեջ է, իհարկե բոլորը գիտեն, որ կառավարությունը կոռուպցիայի մեջ խրված է, և փողեր յուրացնողները իշխանություններում են: Բայց երբ հեռուստատեսությամբ հաղորդում են, որ այսինչ կազմակերպությունը սփյուռքից փողեր է կերել, լարում են մարդկանց այդ կազմակերպության դեմ»:

Նա ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու գործընթացն արդյունավետ կաշխատի խոսքի ազատության սահմանափակման պայմաններում. «Եթե երկրում խոսքի ազատություն լիներ, հնարավոր չէր լինի դա անել, քանի որ պատասխան կտրվեր: Իսկ հիմա լրատվության հիմնական միջոցները հեռուստատեսություններն են, որոնք գտնվում են իշխանության հսկողության տակ: Երբ որևէ մեկի դեմ իշխանությունները սկսում են ապատեղեկատվություն տարածել, վստահ են, որ պատասխանը չի հրապարակվելու»:

Հաջորդ և առայժմ վերջին հարվածը «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի դուռը փակելն էր. «Ինձ զանգեցին, թե ինչ-որ մարդիկ մեր գրասենյակի դուռը ջարդում են,- պատմում է «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Կալենչյանը:- Ես որ հասա, տեսա՝ վարպետը դռանը նոր կողպեք է դրել: Երկու հոգի էլ հսկում էին նրան: Հարցրի՝ ի՞նչ ես անում, ասեց՝ ցավդ տանեմ, իմ ղեկավարի հրամանն եմ կատարում»:

Կողպեք դնելուց մեկ շաբաթ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ստանում թատրոնի տնօրենից, որ թատրոնի անշարժ գույքը հանձնվել է Կառավարության առընթեր պետգույքի կառավարման վարչությանը, ուստի տարածքը պետք է ազատել: Կալենչյանն ասում է, որ Հովհաննիսյանը դիմել է վարչապետին՝ հարցը կարգավորելու համար, իսկ ինքը տեղեկացրել է թատրոնի տնօրենին. «Ասաց՝ այո, կսպասենք, հետո էդ դեպքը եղավ»,- ասում է Կալենչյանը: Կուսակցությունը վստահ է, որ իշխանությունները հերթական ճնշումն են իրականացնում:

«Այո, մենք պայմանագիր ունենք կնքած, բայց դրանից հետո շենքը հանձնվել է պետգույքի կառավարման վարչությանը, և ես պետք է հանձն եմ գույքը նրան,- ասել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:- Ես ասել եմ՝ դուրս եկեք, իրենք հրաժարվել են: Ես էլ երկրորդ կողպեքն եմ դրել:

Իրենք ասում են՝ «Ժառանգությունը» մնացել է առանց տարածքի, այդպես չէ, պայմանագիրը անհատ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է եղել կնքված, ոչ թե կուսակցության»: Նա ասում է, որ իրեն ոչ ոք վերևից չի կարգադրել, և տեղյակ չէ, թե ինչ գործիչ է Հովհաննիսյանը. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»:

Հովհաննիսյանը վստահ է, որ դուռը կողպելու հրահանգ տվել է անձամբ նախագահ Քոչարյանը. «Այլոց թիկունքում թաքնվող մանրախնդիր հերթական հրահանգ է»,- ասել է նա:

Պատասխանելով Հովհաննիսյանի մեղադրանքին՝ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականին ու նախագահին երբևէ չի հետաքրքրել, չի հետաքրքրում և առաջիկայում էլ չի հետաքրքրելու»:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Րաֆֆի Հովհաննսիյանի դեմ արշավը կապում է մոտեցող խորհրդարանական ընտրությունների հետ, որ կլինեն մյուս տարի. «Իհարկե, սա գույքային վեճ չէ, և ոչ էլ՝ իրավաբանական, այլ՝ քաղաքական պայքար և կապված է ընտրությունների հետ,- ասում է Իսկանդարյանը,- սա հայկական իրականության մեջ տրադիցիոն վիճակ է, երբ թույլ իշխանությունը հանդիպում է թույլ ընդդիմությանը: Իշխանության թուլությունն այն է, որ անտեղի նյարդայնանում է և վախենում մի բանից, որից վախենալ չարժի, և անում է ուժային քայլեր, որոնց անհրաժեշտությունը չունի: Երբ հակառակորդի գրասենյակը այդ կերպով փակում են, թուլության նշան է, և ոչ թե՝ ուժի»:

Թեև Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մոտ 15 տարի բնակվում է Հայաստանում, սակայն առաջին անգամ ընտրություններին կմասնակցի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Դիտորդ» #4

Մայիս-հուլիս 2006թ.

Հոդվածի ակնարկային տարբերակը, որ գրվել էր գրասենյակը կողպելու առիթով, հրապարակվել է այս հոդվածից երեք ամիս առաջ iwpr.net-ում, անգլերեըն այստեղ և նույնի ռուսերենը այստեղ

Entry filed under: հոդված. Tags: , , .

Ընտանեկան կապեր. երեք սերունդ` նույն հարկի տակ. պոտենցիալ վտանգ ներառող բանաձև հայ կանանց համար “Love and Loyalty”: Marriage in secret, in an environment of fear

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: