Կամուրջներ. հիշելով Ակսել Բակունցին

02.02.2007 at 00:00 2 комментария

Զանգեզուր եւ Օհայո: Երկրագնդի հակառակ երեսներում: Ի՞նչը կարող էր կապել այս երկու` տարբեր ժողովուրդներով բնակեցված աշխարհները:

Ես մի կապ զգացի` երկու գրողների գործերում երկու տարեց մարդկանց նույն զգացմունքը, որ կրկնվում է գրեթե նույնությամբ:

Դիլան դային եւ Ֆրանչեսկան իրենց կյանքի մայրամուտին` մեկն անցյալ դարի 20-ական թվականներին, Ղափանի շրջանի Զեյվա գյուղում (ենթադրում է գրականագետը), մյուսը` վաթսուն տարի անց, 1987-ին, Ուինթերսեթի մոտի ֆերմայում, վերապրում են իրենց կյանքի միակ ապրած պահը` սիրային ակնթարթը, որ կյանքին իմաստ է հաղորդել ու երկու գրողներին նրանց նկատել տվել միլիոնների միջից:

Ակսել Բակունցի «Միրհավի» հերոսն է Դիլանը, Ֆրանչեսկան` Ռոբերտ Ուոլլերի «Մեդիսոնի շրջանի կամուրջները» վեպի հերոսուհին, որի դերը համանուն ֆիլմում խաղացել է Մերիլ Սթրիփը: Երկուսն էլ` չհորինված կերպարներ: Մեկը 6 էջանոց պատմվածք, որ հայտնի է միայն հայ ընթերցողին, մյուսը 190 էջանոց վեպ-բեստսելլեր, որ ֆիլմի շնորհիվ ավելի մեծ համաշխարհային համբավ ունեցավ: Մեկի հեղինակին իր պատմվածքները հասցրեցին մահապատժի, մյուսին վեպը կարողություն ու փառք բերեց:

Հերոսները նման են, հեղինակների ճակատագրերն են տարբեր:

67-ամյա Ֆրանչեսկան 1987 թվականի աշնանը, իր ծննդյան օրը, մոտենում է տան դարպասներին եւ վերհիշում է 22 տարի առաջ, 65-ի ամռան չորս օրերը, երբ «Նեշնլ ջեոգրաֆիքի» լուսանկարիչ Ռոբերտը եկել էր իրենց շրջան` լուսանկարելու ծածկով կամուրջները: Տեղանքը չի փոխվել, այժմ էլ, ինչպես այն օրը, «hին ցանկապատը դեռեւս պատսպարում է արոտավայրը»: Ամռան շոգ օրեր էին, ամուսինն ու երեխաները գնացել էին տոնավաճառ, ինքը մենակ էր տանը, աստիճաններին նստած, ու հանկարծ կանգնում է մի մեքենա, եւ դուրս է գալիս Ռոբերտն ու հարցնում է կամրջի տեղը: Սկսվում է սիրային պատմություն, եւ չորս օր նրանք ապրում են իրենց կյանքի ամենաերջանիկ օրերը ու էլ երբեք չեն հանդիպում. «Բրենդին նա տանում է խոհանոց եւ կանգնում դռների մոտ` նայելով այն տեղին, ուր նրանք ինչ-որ ժամանակ կանգնել էին… Հիշողությունները նախկինի պես ապրում էին նրա մեջ եւ այնպիսի ուժեղ զգացմունք առաջացնում, որ նույնիսկ հիմա, այսքան տարիներ անց, նա չէր կարողանում ազատություն տալ դրանց ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ»:

Զառամյալ Դիլան դային նույնպես աշնան մի օր, երբ «ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի եւ հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն», նստած հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին, վերապրում է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Իրավիճակները կրկնվում են, նույնպես ամռան շոգ օր էր, ինքը հնձանում խաղող էր ճմլում ոտքերով, երբ ճռնչաց այգու դուռը, ինչպես ճռռում էր այդ պահին, եւ ներս մտավ իր սերը` Սոնան, զառ մանդիլով նորահարսը: Նրանք մանկության ընկերներ էին եւ սիրում էին իրար, բայց «մի օր էլ մեծատուն հարեւանի շեմքով ներս մտավ Սոնան»: Ամուսնությունից հետո հանկարծ Սոնան այցելում է Դիլանին հնձանում, որտեղ «որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը եւ մեջքը խոնարհեց»:

Գյուղական ձանձրալի ձգվող կյանք, եւ այդ կյանքին արժեք հաղորդող մի դրվագ, մի «թիթեռի կյանք»:

Ֆրանչեսկան վերհիշում է Ռոբերտի քրտնած վերնաշապիկը, որ փակչել էր մեջքին, Դիլան դային հիշում է, թե ինչպես Սոնան քրտնում էր արեւի տակ ու «քրտինքից շապիկը փակչում էր լանջին»:

Ռոբերտի մահից հետո է Ֆրանչեսկան նրա նամակը ստանում, որում Ռոբերտն իրեն համեմատում է իր ընկերուհուն անընդհատ փնտրող կանադական սագի հետ:

Դիլան դային էլ Սոնային է համեմատում միրհավի հետ, որին որսի ժամանակ խփում է ու չի կարողանում բռնել. «Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սեւ հատիկներ… Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն եւ դառնաթախիծ հուշեր»:

Այդպե՞ս է արդյոք, սիրո ակնթարթները լինում են ամռանը, վերհիշվում են աշնանը, եւ կորցրած սերը նման է թռչունի՞:

Ռոբերտի աճյունը ցանում են Մեդիսոնի վարդագույն կամրջի մոտ, որտեղ Ֆրանչեսկան օգնել էր նրան լուսանկարչական սարքերը տեղադրել: Հնձանի միջադեպի հաջորդ ամռանը Սոնան մահանում է ծննդաբերությունից: Դիլան դայու հնձանի դիմաց գերեզմանատունն է, ուր «Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով»:

Դիլան դային վերհիշում է իր կյանքի միակ օրը, իր հավանաբար վերջին աշնանը. «Շուտով կիջնի ձմեռ, եւ ով գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք»:

Ֆրանչեսկան էլ մեռնում է մեկ տարի անց, եւ նրա աճյունն էլ, ըստ կտակի, շաղ են տալիս Մեդիսոնի վարդագույն կամրջից:

Տարիներ առաջ ես տեսա «Մեդիսոնի շրջանի կամուրջները» ֆիլմը, ու Բակունցի «Միրհավի» հետ ընդհանրությունը հանգեցրեց մի ուրիշ ընդհանրության եւս` Բակունցի եւ Մերիլ Սթրիփի, որոնք երկուսն էլ, մեկը` գրող, մյուսը` դերասանուհի, հիմնականում մարմնավորել են ամենաշարքային, կյանքում ոչնչով աչքի չընկնող մարդկանց: Աներեւույթ, սովորական գյուղացիներ են նաեւ Դիլանն ու Ֆրանչեսկան. նրանք հերոսներ չեն, երջանկության նրանց զոհաբերությունը հերոսություն չէ, այլ հասարակության պարտադրանք: Սա մի զոհաբերություն է, որ թողնում է միայն տխրություն: Ու միթե տխուր չի դառնում աշխարհը, որ հիմնված է զոհաբերված երջանկությունների վրա:

Ես փնտրում էի ֆիլմը, որ այս էսսեն գրելու համար նորից նայեմ, փնտրում էի Երեւանի վարձույթի կետերում, ֆիլմերի խանութներում: Չկար: Լավ էր, որ չկար, որովհետեւ ինտերնետով գտա գիրքը` 190 էջ էր: Մի օրում կարդացի-պրծա: Թեեւ վեպում անհնար էր արտահայտել Ռոբերտի հետ անցկացրած չորս օրերից հետո ամուսնուն եւ երեխաներին դիմավորելիս Մերիլ Սթրիփի ժպիտը, որի մեջ միաժամանակ եւ սիրո կորուստն էր, եւ ընտանիքին նվիրվածությունը, այնուամենայնիվ, ինչպես հաճախ, ֆիլմը զիջում է ավելի հարուստ հուզականությամբ վեպին:

1994թ. «Երկիր Նաիրի» թերթում էի աշխատում, եկել էր պետերբուրգցի մի հայ մտավորական, գրականության գիտակ: Նա ասում էր, որ հայ գրականության մեջ արժեքավոր գործեր չկան: Ես Բակունցի անունը տվեցի: «Հնացած է, — ասաց նա, — իր ժամանակ էլ մի արժեք չուներ, երկրորդական կարգի գրող է»: Մի տարի հետո էկրան բարձրացավ «Մեդիսոնի շրջանի կամուրջները» ֆիլմը: Հենց տեսա, միանգամից վերհիշեցի «Միրհավը» ու մեր խոսակցությունը:

Ինչո՞ւ է հնացած:

Սովետի հետ փլվեց միակ «ճշմարիտ» գաղափարախոսությունը պարտադրող` կոմունիստական իշխանությունը, սակայն չվերացավ միակ «ճշմարտության» դիկտատը եւ այլախոհություն հասկացությունը:

Հայ գրողներին ու արվեստագետներին ամենակոպիտ ձեւով եթե երկու խմբի բաժանես, կստացվեն երկու «ճշմարտության», կամ ավելի շուտ միմյանց չհանդուրժող երկու «ճշմարիտ» գաղափարախոսության բանակներ. մի մասը ազգայիններն են, որոնք ազգային ճշմարտության դիրքերից մերժում են այլ մշակույթների ներթափանցումը` համարելով, որ դրանք սպառնում են մեր ազգային մշակույթին: Մյուս մասն ապրում է Արեւմուտքի իրականությամբ ու չի նկատում այն իրականությունը, որի մեջ է, իրեն դարձնում արևմուտքի հանդեպ գավառական ու մի արվեստ է ստեղծում` դրսի արվեստի նմանակմամբ, որ դառնում է արեւմտյանի «սեքնդ հենդը»:

Արեւմտյան մտքի նվաճումներից ստեղծագործական մտքի միակ կախվածությունը չի՞ զրկում արվեստագետին կամ ուսումնասիրողին նկատելու կարողությունից, նրա ֆիլտրված հայացքը թույլ կտա՞ տեսնել կյանքի բազմազանությունը եւ անհայտ, ոչ եվրոպացի մարդու ներսի բախումները: Ու նրանց համար Բակունցը դառնում է հնացած (տեսար դու, մի բիձա ջահել վախտ մի սիրային պատմություն է ունեցել, հետո ինչ), որի նկարագրած բարքերը հաղթահարված են թվում արեւմտյան իրականության, եվրոպացի մարդու համար: Եվ հանկարծ պարզվում է, որ հեղինակավոր Արեւմուտքում նույն «հնացած» թեմայով Բակունցի «Միրհավից» մոտ 60 տարի անց գրված գիրքը միլիոնավոր ընթերցողներ է ունենում:

Հիմա Արեւմուտքում գուցե վերացել կամ մեղմացել են շատ հասարակական խոչընդոտներ (Ուոլլերը գրում է, որ Ֆրանչեսկայի ու Ռոբերտի սիրո պատմությունից հետո, 24 տարի անց, Օհայոյում բարքերը, որոնք մարդուն ընտանեկան կապանքների մեջ էին պահում, դարձել են շատ ավելի մեղմ): Եվ մի՞թե խոչընդոտների վերացման հետ ինֆլյացիայի չի ենթարկվել նաեւ սիրո զգացմունքը, որ ընդգծվում է ու դառնում նկատելի, երբ բախվում է արգելքների: Գուցե բարքերի ազատականացման շնորհիվ սիրո ընկալո՞ւմն է փոխվում, վերաիմաստավորվո՞ւմ: Բայց սա արդեն այլ թեմա է: Ուոլլերը գրքի սկզբում գրում է, որ վեպի նյութին ծանոթանալուց հետո սկսել է շատ ավելի պակաս ցինիզմով վերաբերվել այն բանին, ինչ ընդունված է անվանել մարդկային հարաբերություններ:

Հասարակական խոչընդոտները (միակ «ճշմարտության» հնարած բարոյականությունը) Դիլան դայուն եւ Ֆրանչեսկային թույլ չեն տալիս միանալ իրենց սիրելի մարդկանց: Ֆրանչեսկան չի կարողանում հաղթահարել պատասխանատվության զգացումը եւ մեկնել Ռոբերտի հետ. «Ինձ վրա ընկած է անիծյալ պատասխանատվությունը Ռիչարդի (ամուսնու) եւ երեխաների հանդեպ. իմ մեկնումը, իմ հեռանալը ծանր հարված կլինի Ռիչարդի համար»:

Դիլանն էլ չի կարող իր սիրային պատմությունը շարունակել կամ օրինականացնել. Սոնան հնձանում անընդհատ զգուշացնում է. «Բաղը մարդ կգա, Դիլան»: Նրանք մեկընդմիշտ բաժանված են իրենց ընտանեկան կապերով: Երկու գործերում էլ հասարակական իշխանության զոհ են հերոսները: Բայց Բակունցի պատմվածքում կա նաեւ երկրորդ իշխանությունը (ճիշտը)` պետականը: Դիլանը չի կարողանում բռնել իր որսը` միրհավը. «Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թեւին տվեց, թռավ վեր»: Խանգարում է անտառապահի շունը: Անտառապահն էլ էր կրակել միրհավի վրա ու զայրացել, որ Դիլանը փախցրել է նրա զարկած որսը, ու մտրակով ծեծում է նրան. «Մտրակը օդը ճեղքելով չափեց Դիլան դայու ուսը»: Անտառապահը` պետական իշխանության խորհրդանիշը:

Հասարակությունը նրա ձեռքից խլում է Սոնային, իսկ պետությունը` միրհավը: Բակունցի շատ ստեղծագործություններում են մերթ հասարակական բարքերը, մերթ պետությունը ներխուժում գյուղ ու ավերում անդորրը, ոչնչացնում գյուղացու խաղաղությունն ու խլում նրանից մեկ` ունեցվածքը, մեկ` հարազատին, մեկ` կյանքը:

Այդպես մի օր էլ 1937թ. պետությունը ներխուժեց Բակունցի կյանք: Չեկան տարավ նրան ու գնդակահարեց: Բակունցի պատմվածքներին սիրահարվողները սկզբում հարցնում են` իսկ ինչո՞ւ նա վեպեր չի գրել: Հետո պարզում են, որ գրել է: Չեկան տնից տարավ նաեւ նրա երեք վեպերը, որոնք, ըստ գրականագետի, ավարտված էին: Տարավ ու ոչնչացրեց: Վեպերից պատառիկներ են մնացել, որոնք հրատարակվել են Բակունցի «Երկերի» երրորդ հատորում:

Միրհավը` թռչունը, չի՞ դառնում ստեղծագործական թիրախի խորհրդանիշը, որը նկատելը գրողին արգելված էր, եւ որը իշխանությունը խլեց նրանից:

Մի զինվորական պատմել է, որ Զանգվի ձորում գնդակահարությունից առաջ Բակունցը խնդրում է զինվորներին մի ծխախոտ կպցնել, ծխում է մինչեւ վերջ, մնացորդը փայտիկներով պահում, որ ծխախոտը մինչեւ վերջին փշրանքը ծխի, ծխի հետ երկարացնի իր կիսատ մնացած կյանքը:

Վերհուշը կրկնվում է երկու ստեղծագործություններում, հեղինակների ճակատագրերն են տարբեր: Մեկն ազատ է եղել իշխանության ու որեւէ գրաքննության պարտադրանքից, 1992թ., 51 տարեկանում, հրատարակել է «Մեդիսոնի շրջանի կամուրջները» վեպը ու վաստակել փառք ու հարստություն: Մյուսը` 28 տարեկանում, 1927 թ., հրատարակում է «Միրհավը» պատմվածքը, այդպես էլ նրա ստեղծագործությունը վիպական ծավալի չեն թողնում հասնի, 38 տարեկանում միակ «ճշմարիտ»  գաղափարախոսության զոհն է դառնում, գնդակահարվում` ստանալով միայն ծխախոտի վերջին ծուխն ունենալու հնարավորություն:

http://www.armenianow.com

փետրվարի 2, 2007

Entry filed under: խոհ. Tags: , , , , , , .

black life Bridges: Remembering Axel Bakunts

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: