Գիրք՝ կիսված ինքնությունների մասին

23.02.2007 at 20:19 3 комментария

Դենի Դոնիկյան

Հայ, այն էլ սփյուռքահայ լինե՞լն է առավել նկատելի դարձնում մարդկանց մեջ քոչվորների ու նստակյացների տարբերությունը:

Այդպիսի տպավորություն է թողնում ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանի «Քոչվորություն եւ նստակեցություն» գիրքը, որ այս տարի լույս տեսավ Երեւանում:

17 գրքերի հեղինակ Դոնիկյանի առաջին գիրքն է տպվում հայերեն, թարգմանիչն է Նվարդ Վարդանյանը: Անցյալ տարի Դոնիկյանը Հայաստանում հրատարակեց իր ֆրանսերեն բանաստեղծությունները, նաեւ Թումանյանի քառյակների ու Վիոլետ Գրիգորյանի «Սեր» բանաստեղծության իր թարգմանությունները՝ երկլեզու գրքերով: Ինչպես ինքն է ասում, այս գրքերը արդյունք են գրքի ձեւավորող Մկրտիչ Մաթեւոսյանի հետ համագործակցության եւ չեն առնչվում Ֆրանսիայում Հայաստանի տարվան:

Դոնիկյանի գրքում քոչվոր ու նստակյաց բառերի ուղղակի իմաստների սահմանները խախտվում են, ու հայտնաբերվում են քոչվորներ, որոնք նստակյաց են, եւ նստակյացներ, որոնք քոչվոր են: Քոչվորությունն ու նստակեցությունը միայն տարածքի նկատմամբ վերաբերմունքով չեն ընկալվում, այլ շեշտվում են նաեւ որպես մտածելու ձեւեր. «Միտքս անվերջ թափառում է` չկարողանալով նստակյաց դառնալ»:

Ո՞վ է այն մարդը, որի՝ բռնությամբ տեղահանված ծնողները աքսորում նստակյաց են դարձել, իսկ իրենց զավակին «ժառանգաբար փոխանցել են աքսորը»՝ նրան իր ծննդավայրում աքսորական դարձնելով: Դոնիկյանը խոսում է սփյուռքահայերի մասին, որոնք «իրենց հայրերի աքսորում պատահականության արդյունք են», նրանք բացահայտ նստակյաց չեն, որովհետեւ այլ «վայրում են մտածում», ոչ էլ լիովին քոչվոր են, քանի որ չեն անցնում պատկանելության ելքից:

Հայերը դառնում են իդեալական օրինակ` ներկայացնելու քոչվորների ու նստակյացների տարբերություններն ու հակամարտությունը: Ցեղասպանության պատճառով ինքնության փրկության ձգտումը նստակեցություն է առաջացրել` նստած մնալ ավանդույթներին, կորցրած հայրենիքի գաղափարին, իսկ այդ նստակեցությունը դառնում է հիանալի զենք՝ Հայաստանում իշխանությունը պահելու համար եւ խոչընդոտելու ժողովրդավարական զարգացումները. «Նստակյացները զուսպ են ու թույլ չեն տալիս արտաքին ուղեղների մուտքը, որոնք հակասելու են ազգի շահերին` հաճախ շփոթելով այն սեփական շահերի հետ»:

Նստակեցությանը հակադրվում է քոչվորների հեղափոխական ոգին, որին «ծանոթ չեն երկաթյա օրենքները եւ պարտավորությունները», եւ նրանց շունչը այնպես է անելու, որ «միայն կյանքը իրենց իշխանության սահմանները գծի»:

Նստակեցությունը խորհրդանշում է հասարակական նորմերը, անհատին համայնքին` «մենք»-ին ենթարկեցնելը, որին հակադրվում է քոչվորության անհատականության ձգտումը: Հայ իրականության մեջ, առավելաբար Սփյուռքում, պարադոքս է դառնում «ես»-ի ու «մենք»-ի հակադրությունը, ուր «ես»-ին` սփյուռքահային, միշտ անհանգստացնում է հայապահպանության խնդիրը, որը նրան կառչած է պահում «մենք»-ից` հայ համայնքից:

«Հայկական «ես»-ը խեղդվելուց փրկելու համար մնում է միայն «մենք»-ը», — գրում է Դոնիկյանը: «Մենք»-ի` հայ մնալու ու «ես»-ի` կյանքը լիարժեք ապրելու հակասությունը տարբեր արտահայտություններ է ունենում. «Սփյուռքն անգտանելի «մենք»-ի որոնման մեջ է, այնինչ Հայաստանում «ես»-ը կիրառողները արգելքի տակ են: Այստեղ «մենք»-ը պակասում է, այնտեղ «ես»-ը տառապում է»:

«Մենք»-ի իշխանությունը ամենից ցայտուն արտահայտվում է ամբողջատիրություններում, «մենք»-ի երկրները պարտադրում են կոլեկտիվ երջանկություն ու ոչնչացնում անհատի անձնական երջանկության ընտրությունը:

Դոնիկյանի ընդհանրացումները կրկին բախվում են հայկական իրականությանը` Հայաստանին, որտեղ «նստակյաց իշխանությունը քաղաքացիներին նստակյաց կպահի անցյալի մեջ, քան կներշնչի նրանց անխուսափելի գալիքը»: «Նստակյաց Հայաստանում ցանկացած քոչվորային մտածողություն կորցնում է ճանաչողության հույսը` ստրկանալով հզոր ու գերիշխող «մենք»-ին», — գրում է Դոնիկյանը:

Այսուհանդերձ, եթե Հայաստանում հստակ հակամարտության սահմանը գծված է քոչվորների ու նստակյացների միջեւ, ուր հույս կա, թե մի օր «քնքշության կարոտ ու նստակյացներից դավաճանված փողոցը ընդվզելու է պալատի դեմ», ապա Սփյուռքում անընդհատ փնտրտուք է, թե որ ինքնությանը պատկանել: Մի կողմից` աղետի սերնդի զավակի ընտրությունը արդեն ծնողները կատարել են, մյուս կողմից` նա ձեւավորվում է մի մշակույթում, եվրոպական միջավայրում, ուր յուրաքանչյուրն ինքն է իր ընտրությունը կատարում:

«Միամտություն կլիներ հավատալ, որ ես լույս աշխարհ եմ եկել դատարկ էջի նման, որի վրա կարողանայի գրառել ընտրություններս»: Սփյուռքահայ գրողն էլ դառնում է մի նարցիս, «որին հաճելի է ապրել «մենք»-ի հավանությամբ»:

Դոնիկյանը ծնվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում` կոտորածից փրկվածների ընտանիքում: Նրա գիրքը տպավորություն է թողնում, թե հայ լինելը մի պարտադրված բեռ է: Այդպե՞ս է արդյոք:

«Միշտ տառապել եմ, որ հայ եմ, — գրում է նա նամակում: — Դեռ երեխա էի, հիշում եմ` մեզ կեղտոտ հայ էին անվանում: Ծնողներս մերժված էին որպես հայ իրենց գյուղում, նրանց զավակները մերժված էին որպես հայ Ֆրանսիայում: Ամեն հայկականի նկատմամբ նողկանքախառն սիրո զգացում եմ տածում: Եթե զգացում եմ ունենում, թե ատելության մեջ եմ ծնվել, պատճառն այն է, որ հայ եմ:

1915 թվականի ցեղասպանությունը եւ ժխտողականությունը, որ հաջորդեց նրան, սահմանում են հակահայկական արհամարհանքի ծավալուն մի համակարգ: Ներքին վերքեր ունեմ, որոնք ձեռք եմ բերել այն բանից, որ ծնողներս ինձ ծնել են այնտեղ, որտեղ չպետք է ծնվեի»:

armenianow.com

Entry filed under: խոհ. Tags: , , .

Հակոբ Մովսեսի «օվսաննա»-ն Նոր ամսագիր, հին բանավեճ. գրական հանդեսն իր նախորդի նման արժանանում է գրաքննության

3 комментария Add your own

  • 1. Զաւէն Զաքարեան  |  24.06.2010 в 10:29

    ՕՓԵՐԱՀԱՅԸ
    «Ամէն մարդ կը սպաննէ իր սիրածը»,- կ՛ըսէ իմ հայրենակից Արամ Հայկազը:

    Նոյնպիսի սիրով մենք ալ կը սպաննենք մեր աշխարհագրութիւնը, որովհետեւ մեր ազգային պատմութիւնը կը սիրենք գրել մեր լայնարձակ աշխարհներու նեղմիտ հայեացքով:

    Չունինք հայը հայուն կապող համազգային աշխարհագրութիւն:

    Ընդհանրապէս չունինք աշխարհագրութիւն, այլ ունինք աշխարհներու կամ աշխարհիկներու պատմութիւն, իսկ հայկական ամէն աշխարհ կամ աշխարհիկ՝ մէյ-մէկ հայրենիք է: Այս իսկ պատճառով այսօր հայը հայուն կապող ամէնէն զօրաւոր ազդակը հայրենակցական միութիւնն է: Եթէ աչք նետենք մեր շուրջ բոլորը՝ կը տեսնե՞նք հայկական միութիւն: Բայց կը տեսնե՜նք եւ կը տեսնենք հայրենակցական միութիւններ:

    Հայկականէ աւելի կ՛ուզենք հպարտանալ հայրենակցական միութեամբ:

    Սփիւռքի մէջ այսպէս է: Իսկ Հայրենիքի՞ մէջ: Այնտեղ սկսած է «թանկ հաճոյք» դառնալ «հայ» բառն իսկ:

    «Վերջերս մի որոշում է կայացուել, ըստ որի, եթէ կազմակերպութիւնների անուան մէջ կայ «հայ» բառը, ապա դրա համար տուրք պիտի մուծես»,- կ՛ըսէ Սօս Սարգսեանը:

    Պատմութենէ աւելի կը սիրենք աշխարհագրութիւն: Չէ՞ որ մեր աշխարհագրութիւնը «անշարժ գոյք» ըլլալէ աւելի «շարժական գոյք» է:

    Յարաշարժ հայուն համար աւելի ձեռնտո՞ւ չէ գործ ունենալ շարժական գոյքի հետ:

    Շարժական են նոյնիսկ մեր մայրաքաղաքները: Չէ՞ որ տասներկու անգամ մայրաքաղաք փոխած ժողովուրդ ենք:

    Եթէ սիրէինք պատմութիւն՝ մենք մեզ պիտի կոչէինք հայ, բայց այսօր հայէ աւելի Մարաշցի ենք, Հաճընցի ենք, Պոլսեցի ենք, Երեւանցի ենք եւ նոյնիսկ … Սփիւռքցի: Ածանցեալ հայ ենք՝ ցի ու եցի պոչադաս մասնիկներով:

    Չնեղանաք, սիրելի հայրենակիցներ: Ես ալ կը տառապիմ նոյն աշխարհագրասիրութեամբ: Չէ՞ որ Արամ Հայկազը կը նկատեմ իմ հայրենակիցը, մինչ հայրենակիցս ըլլալէ առաջ ազգակիցս է ան:

    Ցաւն այն է, որ սոյնպիսի աշխարհագրասիրութեան մէջ սէրէ աւելի կա՛յ ատելութիւն, միասնութեան զգացումէ աւելի կա՛յ օտարման դիտաւորութիւն:

    Երէկ, հայրենաբնակ հայը ինքզինք օտարելու համար հայրենադարձ հայէն՝ հրապարակ նետեց քաղցրահունչ, բայց եւ խորթիմաստ «աղբար» ածականը: Այսօր, աշխարհաբնակ հայը ինքզինք օտարելու համար սփիւռքացող Հայաստանցի հայէն՝ սփիւռքահայէ աւելի կը սիրէ կոչուիլ … սփիւռքցի:

    Ուսերու վրայ կարգին գլուխ ունեցող իւրաքանչիւր հայուս ծանօթ է այս իրականութիւնը, սակայն կը շարունակենք յոտից ցգլուխ թաղուած մնալ օտարման այս հիւանդութեան մէջ:

    Ազգասէր ու հայրենասէր ըլլալէ աւելի քաղաքասէր ենք:

    «Որտեղի՞ց էք»,- հարցուցի նորահաս Հայաստանցիի մը անցեալ օր:

    «Օփերայից»,-պատասխանեց մե¯ծ հպարտութեամբ:

    Չէ՞ որ ինքզինք Երեւանցի կոչելով այնքա¯ն չէր կրնար ինքզինք օտարել իր համերկրացիներէն եւ համաքաղաքացիներէն:

    «Օփերայից»ին մէջ, սիրելի հայրենակիցներ, ես տեսայ ինքզինք աւելի «մաքուր» Երեւանցի ցոյց տալու սնապարծութիւն մը:

    Օփերահայը, սակայն, շատ լաւ գիտէ «մաքուր» ածականին ոչ այնքան մաքուր էութիւնը, երբ սոյնպիսի հոգեբանութեամբ՝ «մաքուր» Լոռեցիին համար «պարսիկ» են Երեւանցիները, իսկ «մաքուր» Երեւանցիին համար ալ «թուրք» են Արցախցիները:

    Մեր երրորդ հանրապետութեան «մաքուր» մայրաքաղաքցին կը մնայ միշտ ու միշտ դժգոհ իր ազատ-անկախ հանրապետութեան երկու նախագահներէն ալ: Չէ՞ որ, երէկ, առաջինը «աղբար» էր, իսկ, այսօր, երկրորդը «թուրք» է…:

    Իր քառասուն օրով հպարտ Մուսալեռցին, Այնճարցի դարձած, Լիբանանի իր գեղեցիկ հայաւանին մէջ, կը սիրէ բանեցնել Հարաւ- Ափրիկեան տիպի տոհմա-ցեղային տգեղ խտրականութիւն մը:

    «Մաքուր» Այնճարցիներուն համար հայերն իսկ «եապոնճի» են, այսինքն օտարական:

    Հայուն պզտիկ Հայաստանը մե¯ծ աշխարհներ ունի: Իւրաքանչիւր աշխարհ, երբեմն քանի մը մատ հեռաւորութեամբ, կը տարբերի նիստ ու կացով, ձայնով ու ձայնալարով, հնչիւնով ու հնչերանգով:

    Մէկը թէյ կը խմէ, միւսը՝ չայ: Մէկը ճատրակ կը խաղայ, միւսը՝ շախմատ: Մէկը վարժապետ ըսելով՝ խելքը գլուխը ուսուցիչ կը հասկնայ, միւսը վարժապետ ըսելով՝ դդում գլուխ դասատու կը հասկնայ:

    Հայրենի մեր փոքրիկ հողամասին վրայ, քանի մը թիզ ու քիլ անդին, մէկը ընկոյզին կ՛ըսէ կակալ, միւսը՝ ճղոպուր, երրորդը՝ պոպոք, իսկ չորրորդը, անշուշտ սփիւռքցին, ի զուր ման կու գայ, որ գտնէ իր իմացած ընկոյզը:

    Իւրաքանչիւր հայ, իր սրտին մէջ ունի իր մենաւոր գիւղը, իսկ իւրաքանչիւր գիւղ ունի իր … մենաւոր ընկուզենին:

    Մէկը բոզ կ՛ըսէ՝ միւսը կը հասկնայ կոտոշ: Մէկը պոզ կ՛ըսէ՝ միւսը կը հասկնայ պոռնիկ:

    Զիրարմէ չնեղանալու համար՝ շատ անգամ լսողականէ աւելի պէտք է ունենալ տեսողական յիշողութիւն, նոյնիսկ եթէ գոյանայ որոշակի կապակցութիւն բոզի եւ պոզի, պոռնիկի եւ կոտոշի միջեւ:

    Չէ՞ որ աշխարհագրութիւն սիրող ժողովուրդ ենք:

    Մեր աշխարհագրութիւնը, սակայն, ծալած-դրած մեր մշտաշարժ ճամպրուկներուն մէջ՝ կը շարժի՜նք ու կը շարժինք անվերջ: Իսկ գիտէ՞ք, թէ ի՞նչ բան կայ այնտեղ:

    Մեր երկգագաթ Արարատի սո¯ւրբ պատկերը:

    Zaven Zakarian

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  24.06.2010 в 13:48

      Հարգելի Զավեն,
      քեզ տեղյակ պահեմ, որ Հայաստանում էլ նույն պատկերն է, բազմանում են հայրենակցական միությունները: Եթե կային կորցված Արևմտյան Հայաստանի շրջանների հայրենակցական միություններ(օրինակ` իգդիրցիների), և նաև Վրաստանի շրջանների հայրենակցական միություններ, ինչպես ջավախքցիների, ապա այսօր ստեղծվում են արդեն հենց Հայաստանի շրջանների հայրենակցական միություններ Երևանում, արդեն կա ապարացնիների, հայրենակցական միություն, ստեղծվում է լոռեցիների հայրենակցական միություն: Հետևաբար սպասելի է որ ստեղծվեն գյումրեցիների, զանգեզուրցիների և այլնի հայրենակցական միություններ:

      Нравится

      Ответить
  • 3. Զաւէն Զաքարեան  |  25.06.2010 в 08:46

    Միակ դրական կէտն այն է, որ միայն մեր ազգին է տրուած այս հիւանդութեամբ տառապելու … հեղինակային իրաւունքը:
    Այս ալ ուրիշ ինքնատպութիւն մըն է, սիրելի Վահան:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: