Հովվի հեքիաթը. մի քանի կանաչ արոտավայր կույր գյուղացու կյանքում

31.08.2007 at 00:00 1 комментарий

Խաչիկը որդու`Գրիգորի հետ

Լույսը Խաչիկի համար չի բացվում: Նա կույր է: Հակառակը` լուսաբացով ընդհատվում է նրա տեսողությունը, որ միայն գիշերային երազների մեջ է:

Եվ լուսաբացը նրա համար միայն ժամ է, երբ այծերին պիտի կթի, իսկ հետո գառներին ու ուլերին տանի արածացնելու արոտավայր` գյուղից 2-3 կմ հեռու, մի անգամ էլ երեկոյան` գյուղի մեջ, վանքի մոտ:

Ճամփեն անգիր գիտի, ձեռնափայտով զգում է` այստեղ ցանկապատն է, սրանք ճամփեզրի ծանոթ քարերն են, հետո`քոլերը, իսկ հիմա լսում է առվի քչքչոցը: Առաջնորդող ուլի ու երկու գառների վզներից կախված զանգակների զնգզնգոցից էլ իմանում է գառների ու ուլերի տեղը:

Անասուններին հատ-հատ ճանաչում է, մեկին` դմակից, մեկին` ականջներից, պոզերից, մորթից: Ընենցը կա` ձենից է իմանում: Փոքր վախտից էրեխու պես պահում է, ձեռի մեջ խաղցնելով ձեռով կեր տալիս` շաքար, հաց:

Եվ Խաչիկի օգնական էշը, որտեղ ուզես` կապի, շվցնի` զռում է:

Անասունների ձմեռվա խոտն էլ Խաչիկն է հնձում գերանդիով: Զգույշ է, գիտի` որտեղ քար կա, ու էնքան թափով չի տալիս, որ գերանդին չկպնի անծանոթ քարի, հետո ինքն էլ հավաքում է, կապել-բերելը կինն ու մայրն են օգնում:

Տանը մի բան փչանա` էլեկտրականություն, արդուկ-մարդուկ, դուխովկա, կքանդի-կսարքի, կդնի տեղը:

35-ամյա Խաչիկ Խաչատրյանը կուրացել է 17 տարեկանում: Կիրովաբադում [այժմ Ադրբեջանի Գյանջա քաղաք] 6-րդ դասարանում, ուսուցչուհու հարվածից կորցրել է ձախ աչքի լույսը. «Նստած էի, խոսում էի դասարանցուս հետ, ասեց` սուս արա, սուս արա, խնդացի, թափով հելավ, հաստ էլ փետ էր, տվեց ուղիղ աչքիս, կռացա, բացի աչքս, տեսա` չէ, թխվել ա: Վիրահատին, բայց չօգնեց, ու տենց կուրացավ»:

Խաչիկը չի տեսնում, սակայն անգիր գիտի իր անասուններին

89 թվականին ընտանիքով փախչում են Կիրովաբադից, և Խաչիկը հոր հետ հաստատվում է Աբովյան քաղաքում: Մի տարի անց փողոցային կռվի հետևանքով մյուս աչքի լույսն է կորցնում. «Կռիվ արինք, ուզում էր ականջիս խփի, ֆռացի` աչքիս կպավ, սկզբից տենում էի, սիտչատկեն (ցանցաթաղանթը) էր վնասվել»:

Ի վերջո, նրա տեսնող աչքն էլ է կուրանում:

Կուրությունը ավելի սուր է զգալ տալիս հանրակացարանի սենյակների նեղվածությունը, չորս կողմը` բետոնի պատ, ոնց որ բերդում, ու տեղափոխվում է մոր ու քրոջ մոտ` Եղեգնաձորի շրջանի Ալայազ (այժմ` Եղեգիս) գյուղ (Երևանից մոտ 130 կմ դեպի հարավ-արևելք), որտեղ առանձնատունը և արձակ դաշտերը թեթևություն են տալիս:

Եղեգիսը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, հիմա այստեղ հիմնականում փախստականներ են ապրում:

Ճակատագի՞ր է, որ քույրը` Նարինեն, նույնպես կույր է, երկուսուկես տարեկանից կուրացել է:

Մայրն ու հայրը բաժանված են, ու նրանց թշնամությունը դուրս էր պրծնում Նարինեի կուրության համար միմյանց մեղադրելով. հայրն ասում էր, թե կինը լավ չի նայել երեխային, ու գլուխը հարվածվել է պատին, ուռել, իսկ մայրը` որ հոր հարբեցողության հետևանքն է աղջկա կուրությունը:

Խաչիկը իններորդ տարին է` ամուսնացած է 31-ամյա Արմինեի հետ, որ Նարինեի դասընկերուհին է եղել Երևանի տեսողության պրոբլեմներ ունեցողների դպրոցից: Արմինեի մի աչքը հեռացրել են, մյուսն էլ 30 տոկոսով է տեսնում, ու, փառք Աստծո, որ ոչ մեկի օգնության կարիքը չունի:

Նրանց զավակը` ութնամյա Գրիգորը, աչքի խաղ ունի, որ մորից է ժառանգել, խնձորակները գնում-գալիս են, ուղիղ չի կարող նայել: Ապրում է Արմինեի մոր մոտ Երևանում` հաճախելու համար տեսողության խնդիրներ ունեցողների դպրոցը, ուր երկրորդ դասարան փոխադրվեց: Ամառը եկել էր ծնողների մոտ: Բժիշկները խոստանում են, որ խաղը կկանգնեցնեն, ու Գրիգորը նորմալ կտեսնի: Այս ամառ դեղ են կաթեցնում աչքերին, որ աշունը տանեն բժշկի, ու որոշվի, թե արժի՞ վիրահատել. «Տղաս ամբողջ տարին իմ մոտ չի, իմ համար ցավ է, ես էլ շատ կուզեմ` բժշկվի, որ կողքս լինի»,- ասում է Արմինեն: Բայց ի՞նչ փողով, մոտ 400 դոլար կնստի վիրահատությունը: Իսկ Խաչիկի անասնապահությամբ ընտանիքը կարողանում է միայն կերակրվել:

Խաչիկն ու Արմինեն են մնացել տանը: Խաչիկի մայրը` Մարիան, ամուսնացել է գյուղում իր պես փախստական Բենիկի հետ, տեղափոխվել նրա մոտ: Բենիկի կինը մահացել է, ինչպես Բենիկն է ասում` իրենց որդու հոգեկան հիվանդության դարդից: Քույրն էլ` Նարինեն, ամուսնացել էր, բայց մի քանի ամիս անց տղան լքել է նրան, ու նա մենակ է ապրում:

Խաչիկը գյուղում միակն է, որ ամեն օր գառներին և ուլերին տանում է արածեցնելու:

Գյուղի անասուններից կազմված հոտը հերթով արոտավայր են տանում գյուղացիները: Քանի որ ոչխարները ավելի հեռու են գնում ու ավելի երկար մնում արոտավայրերում, երկու հոտ ու երկու հերթ կա, մեկը` գառները և ուլերը, մյուսը` ոչխարներն ու այծերը տանելու: Խաչիկը հերթերին չի մասնակցում, նրա ուժերից վեր է խավարի մեջ մի ամբողջ հոտի հետևել: Գառներին և ուլերին ինքն է տանում, իսկ նրա այծերն ու ոչխարները հոտի հետ են գնում: Խաչիկինը ութ ոչխար, վեց այծ է: Իր հերթի օրը, որ գալիս է 20 օրը մեկ, նա վճարում է 2500 դրամ ($7,5), որ իր փոխարեն ուրիշը տանի: Բայց լինում են օրեր, ինչպես վերջին անգամ, ոչ ոք չէր ուզել նրան փոխարինել, ու ոչխարները դուրս էին եկել գոմերից ու մոլորվել արոտավայրում:

«Մեր գյուղի ամոթն է, որ մի կույր չի կարող պահել, ուժեղների փառքը թույլերին օգնելու մեջ է,- ասում է եղեգիսցի Քոչար Քոչարյանը: — Խաչիկին պիտի հերթից հանել, նրա անասունը տանելը պիտի գյուղն իր վրա վերցնի»:

Բայց գյուղը իրար չի գալիս:

Ամեն օր գառներին արոտավայր տանելն էլ մի անխուսափելի չարչարանք է` արևի այրոցի տակ, քարերին ու փշերին զարնվելով, ճարահատյալ աշխատանք, առանց որի ընտանիքը սոված կմնա:

Հաշմանդամության թոշակը (6 հազար դրամ-$18) ու աղքատության նպաստը (12 հազար դրամ-$36) կոմունալ ծախսերն է փակում ու ոչխարի հերթի փողը, էլ ամենաանհրաժեշտ մթերքին արդեն չի հերիքում` շաքարավազ, ալյուր, մակարոն:

Իսկ ուլերն ու գառները երբ ծախի, յուրաքանչյուրը` 14-15 հազար դրամով ($42-45), կառնի մթերք, շորից-բանից: Ամեն ինչ չեն կարող թույլ տալ իրենց, բայց սոված չեն մնա:

Ինչքան ժամանակ ուզում է մի հատ լավ բոթաս առնի, դե վատը չի ուզում, վատը չոլերին արագ մաշվում է, իսկ միջին որակինը 12-15 հազար ($36-45) կնստի (մի գառան փող), բայց որ տենում է` էրեխի կոշիկը ճղվավ, ասում է` ես չհագնեմ, էրեխես հագնի, կինը ունենա:

Մագնիտոֆոնով լսում է հոգևոր ձայնագրություններ` ավետարան, սաղմոսարան: Հավատացյալ է, բայց էլ չի ստացվում սիրել, ներել, մարդիկ դաժան ու անխիղճ են դարձել, հանկարծ ուլերը ուրիշի հողամասը մտնեն, գոռում են` իմ հողամասի մոտ մի պահի, բացատրում է` ես շատ հեռու չեմ կարում տանեմ, քֆուր է ստանում` քոռ:

Մանավանդ էս տարի. գյուղացիք գյուղի հոտը տանելիս արդեն Խաչիկի երրորդ անասունն են կորցրել, մեկը խփվել էր գլխից, մեկը վնասվել էր, բերին, տենց ծախեց, մեկն էլ այս տարի սարերում ընկել-սատկել էր, սկի միսն էլ հետ չեկավ: Կարգն այնպես է, որ օրվա հովիվը պիտի փոխհատուցի կորած անասունի տեղը: Հիմա ասում է` գոնե մի հատ ուլ տուր տեղը, այ մարդ, խիղճն էլ լավ բան է, պատասխան է ստացել` գնա քաշ տուր բեր, մի քիչ էլ է հակաճառել, որ ինքը չի կարող, ստացել է հայհոյանք` աչք էլ չունես, որ հանեմ, այ քոռ:

Armenianow.com

հգ. ակնարկի հիման վրա Վահրամ Մխիթարյանը ֆիլմ է նկարում որն 2011-ին պատրաստ կլինի

Entry filed under: ակնարկ. Tags: .

A Shepherd’s Tale: Few green pastures in the life of blind villager Նկարիչը որպես անարխիստ. Արման Գրիգորյանի աշխատանքների մասին

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: