Եւս մեկ անգամ. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ՝ ինչ պետություն է ուզածդ

24.10.2007 at 10:13 3 комментария

Այս տեքսը, որով ես պատասխանել էի «Ժամանակ Երևան» օրաթերթում հրապարակված իմ տեքստի դեմ գրված Արտյոմ Խաչատրյանի զույգ հոդվածներին, հրաժարվեց տպել օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը

«Ժամանակ Երեւանում» (հոկտեմբերի  11 և  12) Արտյոմ Խաչատրյանը «Սահմանադրություն եւ իրականություն» հոդվածով պատասխանել է «Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ՝ ինչ պետություն է ուզածդ» (հոկտեմբերի 6) հոդվածիս եւ փորձել ապացուցել, որ Սահմանադրությունը կարեւոր գործոն չի երկրի համար, միեւնույն ժամանակ 95թ. Սահմանադրությունը համարում է ավելի լավը` ի տարբերություն 2005-ի բարեփոխվածի. «Հինը իսկական Սահմանադրություն էր` ի տարբերություն նորի»։ Նրա գրածին ամբողջությամբ պատասխանելն անիմաստ է, քանի որ պատասխաններն արդեն կան իմ հոդվածում, եւ հենց դա ցույց տալն է այս տեքստիս հիմնական  նպատակը։ Օրինակ` նա փորձում է ապացուցել, թե իմ պնդումը, որ ընտրություններով ձեւավորված ինքնակառավարվող տարածքները երկրի զարգացման խթան կդառնան, սխալ է, քանի որ իրականում տեղական ինքնակառավարման մարմինները ընտրություններով են ձեւավորվում, եւ դրանից փոփոխություն չի լինում. «Ինչ-որ  պաշտոններ կամ ատյաններ ընտրովի դարձնելը այս իրականության մեջ ժամանակի ու ռեսուրսների անմիտ կորուստ է։ Հայաստանի ամենակարկառուն գործիչ Գյումրու Վարդանիկ քաղաքապետը երեք անգամ է ընտրվել, սակայն նա իրեն հավասարը չունի այս երկրում մարդկային եւ կենդանական արատների քանակով»։

Իմ նյութում պարզ գրված է, որ ընտրական համակարգ չի գործում, եւ առանց իշխանության վերին «դաբրոյի» համայնքապետ դառնալ հնարավոր չի. «Տեղական մարմիններն ազատություն չստացան, նրանք կախված են նշանակովի մարզպետներից», «Դեռեւս որեւէ «Ծըգըլ», առանց իշխանության դաբրոյի, չի կարող «ընտրվել» համայնքապետ ու «գործադիր իշխանություն իրականացնել», նրանք բոլորը իշխանության կուսակցություններից են կամ իշխանության տանիք ունեցողներ, ինչպես Աջափնյակի համայնքապետը, որ գլխավոր դատախազի եղբայրն է։ Այս իրավիճակում, բնականաբար, համայնքները ինքնուրույն որոշումներ ընդունող մարմիններ չեն, նրանց գործադիր ֆունկցիան ծառայում է միայն համայնքապետի անձնական շահին» եւ այլն։ Ավելացնեմ նաեւ, որ տեղական մարմիններում շատ քիչ մարդ է ընտրությունների մասնակցում (գնացողներն էլ «դաբրո» ստացած թեկնածուի բերածներն են, որ ընտրությունների պատրանք ստեղծվի), քանի որ բոլորը գիտեն, որ ընտրությունից համայնքում որեւէ փոփոխություն չի լինի, համայնքի ղեկավարությունն անկախություն չունի։ Իմիջիայլոց, կարծում եմ՝ բարեխիղճ բանավեճում էթիկան պահանջում է, որ խոսքը չխեղաթյուրվի, մանավանդ որ` Խաչատրյանի գրածը հիմնականում բարոյականության կարեւորությանն է նվիրված։

Հենց Խաչատրյանի բերած օրինակն էլ իմ պնդումը հաստատում է՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ վերեւի «դաբրոյով» է քաղաքապետ, քանի որ նա էլ իշխանության կուսակցությունից է՝ Հանրապետական։ Եթե Խաչատրյանն ուզում էր ցույց տալ, որ երկրում համայնքապետերն իսկապես նորմալ ընտրություններով են ընտրվում, ապա գոնե մի օրինակ պիտի բերեր համայնքապետ ընտրված ընդդիմադիր գործչի։ Որտեղի՞ց։ Ուրեմն նա, Վարդան Ղուկասյանին ներկայացնելով ազատ ու արդար ընտրված, փորձում է վարկաբեկել ընդհանրապես ընտրության, ժողովրդավարության գաղափարը։

Ենթադրենք՝ Խաչատրյանը ճիշտ է, Գյումրու բնակչությունը 3 անգամ ընտրել է «մարդկային ու կենդանական արատներով» մեկին, ուրեմն ի՞նչ է, նրանք արատավո՞ր քաղաքապետ են ուզում ունենալ։ Ասենք` առաջին անգամ չգիտեին, որ «արատավոր» է, ընտրեցին, իսկ երկրո՞րդ, երրո՞րդ անգամ։ Ուրեմն դուրս է գալիս, որ բնակչությունը հետեւողականորեն ընտրում է «արատավորի», եւ եթե այդպես է, ուրեմն ընտրողն էլ արատավո՞ր է, քանի որ արատավորն է ընտրում արատավորին։ Այսինքն՝ Խաչատրյանը ոչ միայն Ղուկասյանին է վիրավորում, այլեւ ամբողջ Գյումրիի բնակչությանը՝ դարձնելով բոլորին արատավոր։

Եթե որեւէ քաղաքապետ կամ մարզպետ արատավոր է, ապա այդ արատի հեղինակը ինքը չէ, իշխանությունն է, իշխանության արատն է, որ անցնում է նրա բոլոր օղակներին ու պաշտոնյաներին, իսկ այդ արատը առաջանում է նաեւ իշխանությունը ձեւավորող սահմանադրական մեխանիզմներից։

Հակադրվելով իմ ասածին, որ ժողովրդավարական երկրներում կենտրոնաձիգ միակառավարման, մի գործադիր իշխանության համակարգին փոխարինեցին գնալով ինքնավար դարձող մարզային, շրջանային, համայնքային կառավարման օրգանները՝ իրենց օրենսդիր եւ գործադիր մարմիններով, նաեւ որ 2005թ. փոփոխություններով որոշ չափով ժողովրդավարացել է Սահմանադրությունը, մի մարդուց կախված իշխանությունը մի փոքր տրոհվել է, բայց իշխանությունը մնաց ուղղահայաց, որ ժողովրդավարացումը չհասավ երկրի տարածքներ,  Խաչատրյանը մեկնաբանում է, որ սահմանադրական փոփոխությունները եւ իմ առաջարկները գործադիր մարմնի թուլացում է նշանակում։ Նախ սահմանադրական փոփոխությունների մասին գրում է. «Նոր տարբերակում տեղի են ունեցել աննորմալ բաներ՝ գործադիրը բաժանել են նախագահի եւ կառավարության միջեւ, որը ձեւավորում է Ազգային ժողովի մեծամասնությունը։ Շրջեք ողջ աշխարհը եւ կտեսնեք, որ ամենադեմոկրատական երկրների գործադիրը չափազանց հզոր է` այն պատկանում է Սահմանադրության մեկ սուբյեկտի եւ չի կիսվում մեկ ուրիշի հետ»։ Խաչատրյանը սխալվում է, Հայաստանի Սահմանադրությամբ կառավարությունը չի ձեւավորվում ԱԺ մեծամասնությամբ, կառավարության անդամներին նշանակում եւ ազատում է նախագահը վարչապետի առաջարկությամբ։ Հետո կարծես ինքը այնքան էլ «լավ չի շրջել աշխարով»,  Եվրոպայի շատ երկրներում վարչապետը նշանակվում է  գրեթե նույն մեխանիզմով, ինչ մեր փոփոխված Սահմանադրության մեջ՝ նախագահը ներկայացնում է պառլամենտին վարչապետի թեկնածու, որն էլ հաստատում է կամ ոչ, ինչպես օրինակ` Գերմանիայում։ Իր ուզած «նորմալ» տերպետրոսյանական Սահմանադրության տիպի երկրներ, ուր նախագահը միանձնյա նշանակի վարչապետ, կառավարություն, դատավորներ, մարզպետներ, կարելի է գտնել Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում (այստեղ ավելի շատ մինչեւ 80-ականներ)։

Հետո Խաչատրյանը պնդում է, որ երկիրը պետք է ունենա մի գործադիր մարմին եւ որպես օրինակ բերում է ԱՄՆ-ն, որտեղ նախագահն է գլխավորում գործադիր մարմինը։ Այո, այնտեղ ֆեդերալ գործադիր մարմինը մեկն է եւ նախագահն է գլխավորում։ Չգիտեմ, չի ցանկացե՞լ ասելիքս տեսնել, ես խոսել էի Հայաստանի տարածքներում ինքնակառավարվող գործադիր մարմինների ձեւավորման անհրաժեշտության մասին, ինչպիսիք կան ժողովրդավարական երկրներում եւ ոչ թե կառավարության մասնատման։ Հենց իր բերած օրինակը եւս մեկ անգամ փաստում է իմ ասածը՝ ԱՄՆ-ն  աշխարհի ամենաապակենտրոն երկիրն է, որտեղ կենտրոնական իշխանությունը ամենաքիչն է խառնված տարածքների կյանքին, որտեղ 2-4 տարին մեկ ընտրություններով՝ հիսուն նահանգներում, երեք հազար կոմսություններում եւ հազարավոր քաղաքներում (քաղաքներ կան, որոնք իրենց ներսում ունեն տարածքային բաժանումներ), ձեւավորվում են օրենսդիր եւ գործադիր մարմիններ։ Այսինքն` հազարավոր գործադիր մարմիններ։ Սա մի երկիր է, որտեղ աշխարհում ամենաշատն են ընտրովի մարմինները (երբ ընտրություններին ծանոթանալու համար մի խմբով գնացել էինք Չիկագո, տեսանք, որ դատավորները, նույնիսկ դատախազները ու բազմաթիվ այլ մարմիններ ընտրովի են, ու շատ զարմացա, երբ իմացա, որ նույնիսկ Չիկագոյի ջրային ռեսուրսների օգտագործման վարչության պետն էլ է ընտրովի)։

Խաչատրյանը գրում է նաեւ, որ ես «ավտորիտար լիդերի լիազորություններին չափազանց մեծ կարեւորություն եմ տալիս», եւ որ իրականում տարբերություն չկա, թե նախագահը գերագույն դատարանի քանի անդամին է նշանակում. «Մեր մոտ նախագահը նշանակում է չորս անդամ, Ամերիկայում ավելի շատ՝ բոլոր իննին։ Բանն այն է, որ նախագահին լակոտի պես ծառայելը դատավորների կողմից ոչ մի ընդհանուր բան չունի նրանց նշանակման եղանակի հետ»։ Նախ` ես խոսել էի 95-ի Սահմանադրության մասին, որով հանրապետության բոլոր ատյանների դատավորներին նշանակում էր նախագահը, իսկ նորով, որոշ փոփոխություններով հանդերձ, իրավիճակը գրեթե չի փոխվել, նախագահը հաստատում է Արդարադատության խորհրդի ներկայացրած ոչ միայն վճռաբեկ (նախկին՝ գերագույն) դատարանի բոլոր անդամներին (հավանաբար Խաչատրյանը գերագույն ասելով նկատի է ունեցել Սահմանադրական դատարանը, որտեղ նախագահը չորս դատավորին է նշանակում), այլեւ բոլոր ատյանների բոլոր դատավորներին։ Այնուամենայնիվ, փոփոխություններով դատական համակարգը որոշ չափով անկախացավ, Արդարադատության խորհրդի անդամներից միայն երկուսին է նախագահը նշանակում եւ ինքը չի խորհրդի նախագահը, ինչպես նախկինով (95-ով խորհրդի անդամների մի մասին ինքն էր նշանակում, մի մասն էլ իր նշանակած պաշտոնյաներն էին՝ դատախազ, արդարադատության նախարար, դատավորներ)։ Որոշ վերլուծողներ այս փոփոխության արդյունք են համարում, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը, ով նախկինում բազմաթիվ վերեւից թելադրված վճիռներ է կայացրել, կարծելով, թե դատարանն այնքան է անկախացել, որ ինքնուրույն վճիռ կարող է ընդունել, արդարացրեց «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներին, այսպիսով դատարանը չկատարեց անհիշելի ժամանակներից առաջին անգամ իշխանության պատվերը։ Բայց նա սխալվում էր, սահմանադրական փոփոխություններով դատարանը դեռ այդքան անկախ չի դարձել, եւ նախագահը Արդարադատության խորհրդի հարուցած կարգապահական վարույթի եզրակացության հիման վրա դադարեցրեց Օհանյանի լիազորությունները` հեռացնելով պաշտոնից։

Երկրորդ` ԱՄՆ-ում, ճիշտ է, նախագահը նշանակում է գերագույն դատարանի, նաեւ ֆեդերալ դատավորներին, բայց Խաչատրյանը թաքցնում է մի փաստ՝ միայն Սենատի համաձայնությամբ, նրանց հանելն էլ հեշտ չէ, ինչպես հանում են Օհանյանին, իմփիչմենթի բարդ ընթացակարգով է, որ ապահովում է դատարանի անկախությունը, իսկ նահանգների դատավորների նշանակման հետ նախագահը բացարձակ առնչություն չունի։ Նահանգներում եռաստիճան, որոշ նահանգներում քառաստիճան դատական ատյաններ են գործում, իսկ դատավորները հիմնականում ընտրվում են բնակչության կողմից (չորս ատյան ունեցող նահանգներում չորրորդ ատյանի դատավորը նշանակվում է նահանգապետի կողմից՝ նահանգի Սենատի համաձայնությամբ)։ Յուրաքանչյուր նահանգի դատական համակարգը տարբեր է մյուսներից։ Ուրեմն` դատավորներին ընտրում են կամ նշանակումներն անում միայն ներկայացուցչական մարմնի համաձայնությամբ, որ «լակոտի պես չծառայեն» վերեւին։

Ես իմ հոդվածում փորձել էի օրինակներ բերել այն երկրներից, որոնք դեմոկրատական աշխարհում համարվում են առավել կենտրոնաձիգ եւ, այսուհանդերձ, կարող են ապակենտրոն կառուցվածքի օրինակ հանդիսանալ (Ֆրանսիան, Իսպանիան), եւ խուսափել էի բերել ԱՄՆ-ի օրինակը (ընդհանրապես անգլոսաքսոնական երկրներն առավել ապակենտրոն են), քանի որ այն աշխարհում ամենաապակենտրոն երկիրն է, ու ընդդիմախոսներիս հնարավորություն կտայի ավելի կենտրոնացված երկրի օրինակով ինձ հետ բանավիճել։ Բայց հիմա Խաչատրյանը օրինակ բերելով ԱՄՆ-ն իմ տեսակետների դեմ, հակառակ արդյունքը եղավ, ակամա ինձ օգնության եկավ, որ ավելի հիմնավոր հաստատեմ ապակենտրոն իշխանության արդյունավետությունը։ Ինձ հետ բանավիճելիս ոչ թե ԱՄՆ-ի օրինակը պիտի բերվեր, այլ՝ Չինաստանի, որ ուղղահայաց, բրգաձեւ համակարգով արագորեն զարգանում է։ Սակայն սա այլ բանավեճի նյութ է, Չինաստանը կոմունիստական կուսակցության գաղափարախոսության ճգնաժամը հաղթահարում է՝ արգելակների վրա տարվող բարեփոխումներով, ու 1,5 միլիարդանոց երկիրն ու նաեւ աշխարհը փրկում հեղափոխական պայթյունից։

Եւս մի հարց, որին արժե անդրադառնալ։ Շատերին թվում է, թե Սահմանադրությունն ու մյուս օրենքները նույն հարթության վրա են, եւ երկիրն  այնքան վատն է, որ բոլոր օրենքներն էլ չեն գործում։ Այդպես է կարծում նաեւ  Խաչատրյանը՝ Սահմանադրության մասին խոսելիս այն հավասարեցնելով մյուս օրենքներին. «Ինչ գրված է օրենքներում, ոչ մի արժեք չունի»։

Սակայն իրականում օրենքների մայրը Սահմանադրությունն է, ու նրա՝ իշխանության ձեւավորման մեխանիզմներից է կախված, թե ինչքան «արատավոր» կարող են լինել իշխանությունները, հնարավո՞ր է պաշտպանել մարդու ազատություններն ու իրավունքները, ինչպիսին են օրենսդիրը եւ օրենքներ կիրառող ու հսկող մարմինները։ Սահմանադրության գաղափարն է սահմանել իշխանության սահմանները՝ կանխելով բացարձակ իշխանությունը, որի շնորհիվ կպաշտպանվեն մարդու իրավունքները, կապահովվի իշխանության տարանջատումը, եւ ստեղծել մեխանիզմներ ժողովրդավարության համար։ Աշխարհում առաջին Սահմանադրությունը՝ Ամերիկայինը, ընդունվեց որպես մարդու ազատությունը երաշխավորող փաստաթուղթ։

Տերպետրոսյանական Սահմանադրության մեջ (փոփոխություններով հանդերձ) Սահմանադրության բնորոշման համար անհրաժեշտ լոզունգները կան առաջին գլխում (մարդու իրավունքներ, իշխանության տարանջատում, ընտրություններ եւ այլն), բայց դրանց իրականացման մեխանիզմները տրված են բացարձակ իշխանությանը, որ լոզունգներում ներկայացված ազատությունները չի տա, քանի որ ուրիշի ազատությունը` ազատ տնտեսությունն ու գործարարությունը, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը սպառնում են նրա եկամուտներին եւ իշխանությանը։ Այս Սահմանադրությամբ մոնոպոլիզացվելով իշխանությունը մոնոպոլիզացվում է նաեւ տնտեսությունը: Այսինքն՝ Սահմանադրությունը, հաստատելով բացարձակ, ուղղահայաց իշխանություն, իր նպատակին` ազատությանը չի ծառայում։

Հայաստանում, ինչպես ամենուր, մայր օրենքը, այսինքն՝ Սահմանադրության՝ իշխանության ձեւավորման մեխանիզմների օրենքները, գործում են։ Նախորդով վարչապետին նշանակում էր նախագահը, եւ այդպես էլ լինում էր, նորով նախագահը նշանակում է այն անձին, որն ԱԺ-ի վստահությունն է վայելում, նախորդով դատախազին նշանակում էր նախագահը, նորով ընտրում է ԱԺ-ն՝ նախագահի առաջարկով եւ այլն, եւ այդպես էլ լինում է։ Բայց այստեղ կարող են ասել, թե ոչ միշտ են գործում Սահմանադրության դրույթները, օրինակ, որ ԱԺ-ն ձեւավորվում է ընտրություններով, որ նախագահը ընտրվում է, չեն գործում, քանի որ ընտրությունները կեղծիքներով են անցնում։ Իսկ ո՞վ է որոշողը. մեկ՝ ընտրական հանձնաժողովները, որ ուղղահայաց վերեւից են ստեղծվում եւ ստեղծողի կամքը կատարում, երկու՝ Սահմանադրության մեխանիզմներով ձեւավորված դատարանը (բոլոր դատարանները), որ միշտ որոշում է, թե խախտումներ չեն եղել, իսկ բողոքող ցուցարարները խուլիգաններ են։ Բոլորն ասում են՝ դատարանն անարդար է, սակայն այդ անարդարության արմատը չարժի՞ գտնել, որ վերացվի։ Ինչու՞ է անարդար։ Ով կողմ է տերպետրոսյանական Սահմանադրությանը, անհիմն է բողոքում, քանի որ իր սրտով, իր ուզած ձեւով ձեւավորված դատարանն է ընտրությունները գնահատողը: Նախագահի նշանակածն անում է այն, ինչ ուզում է իրեն նշանակողը։ Ուրեմն կամ բողոքելու տեղ չունեն, կամ էլ բողոքում են, որ հետո իրենք գան իշխանության ու իրենք կեղծեն ընտրությունները, եւ իրենց նշանակած դատարանը վճռի, որ կեղծիք չի եղել։ Իսկ ով դեմ է այդ Սահմանադրությանը եւ գտնում է, որ դատարանը պիտի անկախ լինի, ընտրական հանձնաժողովները ապակենտրոն կամ անկախ լինեն, հիմնավոր է բողոքում կեղծիքներից, քանի որ հիմնավորում է, թե Սահմանադրության պատճառով դատարանը անարդար է եւ ի վիճակի չէ կեղծիքները դատապարտել, իսկ ընտրական հանձնաժողովները բրգաձեւ կառույցի հետեւանք են։

Այո,Հայաստանում գործում է այս Սահմանադրությունը, որի պատճառով էլ «ինչ գրված է օրենքներում, ոչ մի արժեք չունի»։

Ես վստահ կարող եմ եզրակացնել, որ քաղաքական բոլոր այն գործիչները, ովքեր կխոսեն կոռուպցիայի, անարդարության ու բռնությունների դեմ, բայց կգովեն (բացահայտ կամ թաքուն) տերպետրոսյանական Սահմանադրությունը, ավելին` իրենց ծրագրերի գլխավոր խնդիրը չեն համարի այս փոփոխված Սահմանադրության մեջ նոր բարեփոխումներ կատարելը, ընդհանրապես՝ նոր Սահմանադրության ընդունումը, իշխանության ապակենտրոնացումը, ուղղահայաց կառավարման հորիզոնականացումը, ուրեմն անձնական շահ են հետապնդում, ուզում են նախագահ դառնալ, որպեսզի իշխանության բոլոր լծակները իրենց ձեռքին լինի, իրենք օգտվեն իշխանության պտուղներից, լինեն այն մի մարդը, որին պատկանում է ամբողջ երկիրը, իսկ նրան սատարողները այդ մի մարդուց եկամտի աղբյուրներ ու պաշտոններ ստանան։ Ինչպես քաղաքագետ Ժիրայր Շալյանն է ասում. «Ես հավատում եմ հաստատություններին ոչ մարդկանց։ Դուք կարող եք փոխել ձեր հաստատությունները»։ Կարելի է վերաձեւակերպել՝ հավատալ այն մարդկանց, որոնք հաստատությունների փոփոխություն են խոստանում եւ ոչ թե անձերի։

24 հոկտեբերի, 2007թ.

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Գրիշկովեցի ընթերցողը բացահայտում է գրողի բեմական կերպարը Առանց ընտրության

3 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: