«Պետական կարիքների» զոհեր. Բիզնեսի ախորժակը խժռում է երեւանցիների ճակատագրերը

28.11.2007 at 00:00 Оставьте комментарий

Հայաստանի մայրաքաղաք Երեւանը տեսել է առնվազն երեք տեղահանություն,-այսպիսի համեմտություն արեց մի քաղաքական գործիչ,- առաջինը` 1605թ. Պարսից շահ Աբբասը 300 հազար հայերի թվում` նաեւ Երեւանի բնակչությանը տեղահանեց ու քշեց Պարսկաստան, երկրորդը՝ 1949թ., Ստալինը Երեւանից 12 հազար հոգի աքսորեց Ալթայի երկրամաս։ Եւ երրորդը՝ 2004-2005թթ, Երեւանի կենտրոնի տարածքների եկամտաբեր պատառները  յուրացնելու եւ այդտեղ բազմաբնակարան շենքերի բիզնես անելու համար Հայաստանի իշխանությունները հարյուրավոր տեղաբնակների վտարեցին իրենց տներից ։  ՀՀ կառավարության որոշումներով տարածքները բնակիչներից վերցնելը հիմնավորվում էր այսպես` «պետության կարիքների համար», այդպիսով նույնացվում էր պետության ու խոշոր բիզնեսմենների ու պաշտոնյաների գրպանի շահերը։ Բնակիչների սեփականության եւ բնակարան ունենալու իրավունքները պետության կարիքների մեջ փաստորեն չէին մտնում։

Այսօր արդեն մոտ 2500 բնակիչներից ազատված են կենտրոնի նորակառույց Հյուսիսային պողոտայի (94 հազար քմ) եւ նրան հարող Բուզանդի, Ամիրյան, Կողբացի փողոցների հատվածների (72 հազար քմ), ընդհանուր` 166 հազար քմ  տարածք։ Երևանի քաղաքապետարանը 1205 պայմանագիր է կնքել բնակիչների հետ[1], որի մի մասը՝ հարկադրաբար։ Մարդու իրավունքերի պաշտպանը 2005-2005 թվերին 415 բողոք է ստացել, որ մարդկանց զրկում են իրենց սեփականությունից եւ բնակարանից՝ շուկայականից 3-4 անգամ ցածր փոխահատուցում տալով, նաեւ  դուրս են նետում երկար տարիներ ապրած իրենց բնակարաններից նրանց, որոնք չեն հասցրել կամ չեն կարողացել սեփականաշնորհելիրենց բնակարանները[2], տեղահանման հետեւանքով մահացել են երկու կին եւ մեկ կառուցապատող։ Դատախազության մի փաստաթղթով՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում եւ նրան հարակից տարածքում 29 պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենք է քանդվել։ Սեփականությունից ու բնակարանից զրկվածները իրենց իրավունքները պաշտպանելու համար ստեղծել են երկու հասրակական կազմակերպություն:

Իսկ կառուցող ֆիրմաները ըստ «Հայկական ժամանակի» ստացել են 100%։ Ըստ նույն հաշվարկի, Հյուսիսային պողոտայի 20 570 քմ տարածքում կառուցված 185 հազար քմ-ի վրա ծախսվել է մոտ 83 միլիոն դոլար, եւ ստացվել մոտ 185 միլիոն դոլար եկամուտ (քմ-ը հաշված 1000 դոլար, սակայն կան բնակարաններ, որոնք վաճառվել են քմ-ն 1800 դոլարով, իսկ այդ դեպքում եկամուտը 100 տոկոսից ավել է լինում)[3]։

Նորակառույց 9-10 հարկանի շենքերից շատերի տեղում երկու տարի առաջ ականատես էինք բնակիչների բռնի տեղահանաման, ինչպիսիք տեսել ենք միայն Նացիստական Գերմանիայում հրեաների  տեղահանության  մասին պատմող ֆիլմերում։ Ճիշտ է, այստեղ տեղահանվածներին համակենտրոնացման ճամբար չէին տանում ու չէին սպանում, ուղղակի մի կողմից ոստիկաններն ու Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակի(ԴԱՀԿ)[4] ծառայողները փողոց էին շպրտում բնակիչներին, մյուս կողմից բուլդոզերները ավերում էին տունը։ Իշխանությունների ու կառուցապատողների համար կարեւորը տարածքն ազատելն էր, այնտեղ բնակվողների ճակատագիրը չէր հետաքրքրում։

Նրանց վտարում էին Երևանի քաղաքապետարանի (առընթեր՝ Ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի)[5] հայցերի հիման վրա դատարանների կայացրած վտարման վճիռներով։ Վճիռներն ընդունվում էին հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումները, որոնց օրենսդրական հիմնավորումները 2006 թ. Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանդրական։

Տարբեր աղբյուրների գումարով մոտ 20 ընտանիք դիմել է Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հնարավոր է, որ դիմողների թիվն ավելին է հնարավոր չէ ճշտել քանի որ դատարանը տեղեկություն չի տարածում, թե քանի հոգի է դիմել նշված խնդրով, միայն կոմունիկացիայի ենթարկելու ժամանակ ենք իմանում), որն այս տարի հինգ գործով կոմունիկացիայի է ենթարկել[6] Հայաստանի կառավարությանը եւ հարցեր ուղղել նրան։ Մի գործը փակվել է այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը բանակցությունների արդյունքում բավարարել է հայցվոր Գեւորգ Ճղլյանին՝ վճարելով 150 հազար դոլարին համարժեք դրամ (2003 թվականին նրա՝ Աբովյան 1/3 հասցեում գտնվող 433քմ խանութի համար ԾԻԳ-ը դատարանի վճռի հիման վրա վճարել էր 47 հազար 18 դոլար)։

Նրանք դիմել են հիմնավորմամբ, որ իրենց նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի 6-րդ (արդար դատավարության իրավունք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) եւ 1-ին արձանագրության 1-ին (սեփականության պաշտպանություն) հոդվածները։

2004թ. Հյուսիսային պողոտա. Եդիգարյանների դժբախտությունների շարանը

Պուշկինի 34 հասցեից 45-ամյա Նորա Եդիգարյանին վտարեցին պատգարակի վրա, քանի որ նա հիվանդ էր քաղցկեղով եւ ոտքի վրա չէր կարողանում կանգնել։ Հաջորդ օրը Նորան մահացավ։

Տան գոյության մասին հիշեցնում են լուսանկարն ու ցարական Ռուսաստանի փաստաթղթերը։ Տան տեղում հիմա ինը հարկանի մի շինություն է, որ կառուցել է ռուսական մի ձեռնարկություն։

Տունը 1875 թ. կառուցել էր Իրինա եւ Նորա Եդիգարյանների հոր պապը՝ ԱզիզՍտեփանյանը ։ Այն պատմամշակութային հուշարձան էր և ընդգրկված էր Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկում։ 1937 թ. Իրինայի պապին՝ Հակոբ Եդիգարյանին գնդակահարում են[7], տատը՝ Ազիզի դուստրը, 6 ամիս անց վշտից մահանում է։ Տան մի մասը բնակեցվում է այլ մարդկանցով։

Հայաստանի պետական արխիվի փաստաթղթերը վկայում են, որ մինչեւ 1932 թ.  1000 ք/մ տարածքը եւ նրա վրա 290 ք/մ տունը, իր 110 քմ նկուղով եղել է Եդիգարյան քույրերի տատի սեփականությունը, եւ որեւէ վկայություն չկա, որ այն պետականցվել է[8]։

Իրինան եւ նրա մայրը՝ Արփիկ Թովմասյանը, սեփականության վկայական են ստացել տան միայն երկու սենյակի՝ 50 քմ-ի համար, որն իրենք զբաղեցնում էին։ Մայրը մահանում է 2000 թ.։ Երբ հունվարին եղավ գնային առաջարկ, տանը բնակվում էին չորս հոգի՝ Իրինան, Նորան եւ Նորայի երկու զավակները՝ Միքայելը եւ Ինեսա Սարգսյանները։

2004 թ. հունվարին Եդիգարյանները ստանում են ԾԻԳ-ից մի ծանուցում, որով նրանց առաջարկվում էր պայմանագիր կնքել՝ իրենց երկսենյականոցի 50 քմ-ի դիմաց որպես փոխհատուցում ստանալով 25 հազար դոլար(քմ` 500 դոլար), որից էլ հանվում էր 10% եկամտահարկ։ Այդ գումարով հնարավոր կլիներ միայն Երևանի ծայրամասում գնել երկու սենյականոց բնակարան։ Հինգ օրվա մեջ չհամաձայնվելու դեպքում հանվում էր 40% խրախուսման գումարը(տես այս հոդվածի՝ «Կառավարության որոշումներ սեփականությունից ու բնակարանից զրկելու համար» բաժինը)։ Հայաստանի հողային օրենսգրքի 108 հոդվածով՝ հողամաս վերցնելու որոշում կայացնողը պետք է առնվազն մեկ տարի առաջ զգուշացնի սեփականատիրոջը, որ նրա հողամասը վերցվելու է։ Սակայն որպես կանուն, ինչպես Եդիգարյանների դեպքում, ծանուցում ուղարկելու պահից սկսում էին սեփականատերերի ունեցվածքը՝ տունը, հողամասը վերցնել։

Եդիգարյանները հրաժարվում են պայմանագիր կնքել, եւ ԾԻԳ-ը Իրինա Եդիգարյանին եւ նրա հանգուցյալ մորը՝ Արփիկ Թովմասյանին վտարելու հայցով դիմում է դատարան։ Դատարանը սկզբում վճիռ չի կայացնում, քանի որ մահացած կնոջ դեմ էր հայցը, հետագայում դատարանը վճռում է՝ «12870 դոլարին համարժեք դրամ փոխհատուցում տալուց հետո Իրինային եւ ընտանիքի անդամներին վտարել» (խրախուսման գումարը հանվում էր, եւ 1 քմ-ի դիմաց տրվում 257դոլար։ Այդ ժամանակ կենտրոնում բնակարանի քմ-ի արժեքը 800-1000 դոլար էր, իսկ հողինը կախված տեղից կարող էր լինել նույնքան կամ կրկնակի-եռակի ավելի բարձր։

Եդիգարյանները բողոքարկում են վճիռը եւ զուգահեռ դիմում դատարան՝ ամբողջ տան ու հողամասի վրա իրենց ժառանգության իրավունքը հաստատելու համար։ Ինը դատական նիստերում պարտվում են, եւ հոկտեմբերի 6-ին, վեցերորդ սերնդի երեւանցի Եդիգարյաններին վտարում են իրենց պապական բնակարանից։

«Երեկոյան ԴԱՀԿ-ի պետը վտարման որոշումը բերեց ու ասաց, որ վաղը վտարում ենք,- հիշում է Իրինա Եդիգարյանը, որ հիմա բնակվում է քաղաքի ծայրամասում, Նորքի երրորդ զանգվածում բարեկամի ժամանակավոր տրամադրած հատկացվաած բնակարանում,- առավոտյան ժամը 7-ին ես ու քրոջս տղան, ապակեղենը արկղի մեջ դարսած, հասցրինք բարեկամի տուն, հետ եկանք, արդեն հարկադիր կատարողները շրջապատել էին տունը։ Քույրս ծանր վիճակում էր, դատական քաշքշուկների պատճառով կտրուկ սրվել էր առողջությունը։ Շտապօգնություն կանչեցինք, ախտորոշեցին արյան ճնշման անկում (սաստայանիյե ագոնիի), բժիշկը զգուշացրեց, որ նման վիճակում չի կարելի վտարել։

Երեք բեռնատար էին բերել, իրերը լցնում էին դրանց մեջ։ ԴԱՀԿ-ի պետն ասում էր՝ վեշերիդ համար տեղ ճարի, թե չէ կտանենք աճուրդով կծախենք։ Երեկոյան 8-ին ԴԱՀԿ-ի պետը երկրորդ շտապ օգնությունը կանչեց, որ արագանա վտարումը, շտապ օգնությամբ քրոջս դուրս հանեն տնից։ Բժիշկը տեսավ մեր վիճակը, արտասվեց, ասեց՝ դուք ֆաշիստ եք, նման վիճակում ո՞վ է մարդուն վտարում։ Ես շոկի մեջ մեկ իրերին էի հետեւում ու տեղ փնտրում, թե ուր տանեմ կահույքը, մեկ՝ քրոջս հետեւում։ Շտապ օգնության մեքենայով քրոջս տարանք բարեկամի տուն։ Վերադարձա, արդեն ննջասենյակը դատարկել էին։ Պատերից լարերը պոկեցին, գոնե շտեպցելները հանեի, անգլիական էին, դրանք էլ էին տարել։ Վերջին շան նման վտարեցին։ Երեք բեռնատարները տարանք բարեկամի տուն, ինչը հնարավոր էր, սենյակներ բարձրացրինք, կահույքը՝ դաշնամուր, բուֆետ, գարդերոբ, արդեն երրորդ տարին մնացել է մի բարեկամի առանձնատան բացօթյա ծածկի տակ, իսկ փափուկ կահույքը նեխում է նկուղում։

12-ն անց էր, եկանք քրոջս մոտ, նստեցի կողքը մինչեւ առավոտ, հետո 7-ի մոտ բերեցինք այստեղ, նստացրինք բազկաթոռի մեջ։ Տանը ոչ ջուր կար, ոչ լույս, 15 տարի այստեղ մարդ չէր բնակվել։ Ջուրը հիվանդանոցի բակից բերեցինք։ Մթնել էր, Նորան ինձնից ջուր խնդրեց, ես գնացի մոմ բերեցի, ջուր բերեցի տվեցի, ջուրը դրեց բազկաթոռի արմնկակալին, հենվեց ուսիս, հոգոց հանեց ու հեռացավ»։

Հոկտմեբերի 8-ին, քրոջ մահից անմիջապես հետո, Իրինան վազում է դատի՝ տան ու հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի հաստատման հայցով։  Դատարանը մերժում է հայցը՝ համարելով, որ արդեն տունը իրացվել է (վճռում գրված է. «Ինչ վերաբերում է վիճելի տան նկատմամբ հայցվորների օգտագործման իրավունքի ճանաչման պահանջին, ապա այն չի կարող քննության ենթարկվել տան փաստացի իրացման կապակցությամբ»)[9]։

Իրինա Եդիգարյանը այդպես էլ չի վերցրել իր տան դիմաց ԾԻԳ-ի հատկացվելիք գումարը, դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, այս տարի դատարանը կումունիկացիայի է ենթարկել Հայաստանի կառավարությանը եւ հարցեր ուղղել նրան։

Սակայն Հյուսիսային պողոտայի իրացման գոտուց քչերն են փորձել իրենց իրավունքները հետեւողականորեն պաշտպանել դատական կարգով, մեծ մասը անհուսության մեջ ստիպված ստորագրել են պարտադրվող պայմանագրերը։

Վաչագան Հակոբյանի 455 քմ հողամասի եւ 39, 7 քմ տան դիմաց առաջարկում են 75 հազար դոլար, քմ-ը՝ 151 դոլար։ Նա ստիպված կնքում է պայմանագիրը, իսկ հետագայում ստեղծում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, որի մեջ մոտ 50 ընտանիք է մտնում, եւ պայքարում իր եւ մյուս սեփականության իրավունքից զրկվածների շահերի համար. «Ես դատարան չդիմեցի, գիտեի, որ չեմ շահելու, որոշեցի ստորագրեմ պայմանագիրը ու հետո պայքար ծավալեմ»,- ասում է նա։

Բուզանդի փողոց. մահ եւ ավերածություն

2005թ. Ապրիլի 30-ի առավոտյան «Գրիար» փբը-ի կառուցապատման նախագծերի տնօրեն Ստեփան Հարությունյանը մահանում է, երբ նրա գլխին են ընկնում ավերակ շենքերից քարեր։ Այդ ավերակների հեղինակը ինքը՝ Հարությունյանն էր։ Վնասվում է նաեւ շինարարության աշխղեկի ոտքը։

Իր մահից օրեր առաջ հենց հանգուցյալ Հարությունյանն էր քանդել տալիս Բուզանդի փողոցի թիվ 25 շենքի տանիքը, երբ շենքում դեռ երեք ընտանիք էր բնակվում։ Նույնիսկ բնակիչների հրավիրած ոստիկանը չէր կարողացել արգելել քանդողներին։ «Ոստիկանն ասեց՝ դադարեցրեք քանդելը, Ստեփան Լեւոնիչը սպատասխանեց՝ չեմ դադարեցնելու, ու Հրանտին (աշխղեկ) հրամայեց՝ կարգադրում եմ, գնա շարունակի»,- պատմում էր շենքի բնակիչ Արսեն Ղասաբյանը, որ հետագայում դատական երեք ատյանների որոշումներով Ընտանիքի չորս անդամներով վտարվեց իր բնակարանից։ Ղասաբյանների 56քմ բնակարանի դիմաց տրվեց 23600 դոլար (քմ-ն` 421 դոլար)։ Դիմել է Եվրոպայի մարդու իրավունքերի դատարան։ Բուզանդի 25 երեքհարկանի շենքի, ինչպես նաեւ՝ մյուս բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների դիմաց չի վճարվել, իսկ, ինչպես նկատված է Հայաստանի մարդու իրավունքների Պաշտպանի 2005 թվականի հունիսի արտահերթ զեկույցում, բազմաբնակարան շենքերի մասին օրենքով շենքի սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքում եղած կառույցները՝ նկուղները, ձեղնահարկերը, տանիքը, մուտքերը, աստիճանները եւ այլն։

Շենքի բակում էլ բնակվում էին երկու ընտանիք, որոնք չէին ընդունել տները գնելու՝ ԾԻԳ-ի ներկայացրած պայմանները։ Բուզանդի 23 տան բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը չէր ընդունում տունը վաճառելու համար պարտադրվող գինը՝ 23 հազար դոլար, 56քմ-ի համար (քմ՝ 410 դոլար), եւ դատական երեք ատյանները Բաղդասարյաններին վտարելու վճիռ կայացրեցին (նրա 7,7 քմ նկուղը եւ 55 քմ հողը, որի համար տարիներ գույքահարկ է վճարել, բայց չի հասցրել սեփականացաշնորհել, գույք գնահատողը չի գնահատել: Գույքը գնահատում էր ԾԻԳ-ի հետ պայամնագիր կնքած կազմակերպությունը (այդ մասին տես` «Կառավարության որոշումներ սեփականությունից ու բնակարանից զրկելու համար» գլուխը)։ Այժմ նա ապրում է վարձով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այսուհանդերձ, ապրիլին, դեռեւս դատական վեճը չավարտված (Բաղդասարյանը վճռաբեկ ատյանում բողոքարկել էր վերաքննիչի վտարման վճիռը), «Գրիարը», բնակիչների ներկայությունն անտեսելով, հենց երկու տների դիմացն ու հետնամասում խորը փոսեր փորեց, ջարդուփշուր արեց կոյուղին ու ջրագիծը։ Տները հայտնվել էին մի բարակ ճանապարհով փողոցին միացած թերակղզում։

2005-ի Ապրիլի 11-ին Սեդրակի որդին՝ 14-ամյա Տիգրան Բաղդասարյանը, ընկնում է փոսն ու կոտրում ոտքը, երբ փորձում էր կոտրված խողովակից ժայթքող ջուրը լցնել դույլը։

Բնակիչները բազմաթիվ դիմումներ էին գրում տարբեր ատյաններ՝ ՀՀ նախագահից մինչեւ Մարդու իրավունքների պաշտպան, թե «Գրիարի» բրիգադը ինչպես է անտեսում մարդկանց գոյությունն ու, նրանց կյանքը վտանգի ենթարկելով, ավերում չորս կողմը։ Դիմումներում ասված է. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ բնակիչները, նորածին երեխան ներառյալ, պարտադրված են գոյատեւել իրենց բակը «Գրիարի» կողմից շինհրապարակի վերածած մի տարածքում՝ օրական 10-12 ժամ գտնվելով աշխատող շինարարական տեխնիկայից անթույլատրելի մոտ հեռավորության վրա, շնչել շինարարական մեքենաների արտանետումները»։

Պետական մարմիններից արձագանքել էր միայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը. «Քանի օր է՝ ջուր չունեին, խողովակները լրիվ հանված,- պատմում էր խմբի ղեկավար Գայանե Հարությունյանը,- Եվ մի ընտանիք չէր էդ վիճակում, այլ շատերը։ Անմիջապես մուտքի դիմաց հիմքը փորված էր, պրարաբին ասում եմ՝ դադարեցրու, ասում է՝ ինձ հրամայել են, ասել են՝ քանդի, քանդում եմ։ Խայտառակ վիճակ էր, բայց նրանք իրանց ուզածը անում են, նրանց դեմ չես կարա, մարդը տան մեջ՝ տունը քանդում են»։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Ռաֆիկ Մխիթարյանը նամակ էր հղել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որում նկարագրել էր իրավիճակը եւ ցանկացել 5 օրվա ընթացքում պարզաբանում ստանալ։ Քաղաքապետը չէր արձագանքել նամակին։

Ամենաշատ բողոքներն ու ցույցերը, ամենաշատ դատական վճիռները եղան Բուզանդի բնակիչների հետ կապված, եւ Բուզանդը դարձավ կենտրոնի կառուցապատման անարդարությունների խորհրդանիշը։

2005 թ. սկզբից  Բուզանդի փողոցի բնակիչների ու ԾԻԳ-ի մեջ պայքարը թեժացավ, պայքարի մեջ մտան այս անգամ նաեւ կառուցապատող կազմակերպությունները (մի քանի դեպքում դատարան վտարման հայցով ոչ թե ԾԻԳ-ն էր դիմում, այլ՝ կառուցապատողը)։ Ամբողջ տարին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր Բուզանդի փողոցը, որտեղ հարկադիր կատարողները սկզբում բռնություններով ներխուժում էին բնակարաններ` դրանք գնահատելու համար, իսկ հետագայում` վտարում բնակիչներին։ Այստեղ մոտ 50 ընտանիք վտարվել է։

Նմանատիպ իրավիճակ էր ապրիլ-մայիսին հարևան Ամիրյան փողոցին հարող հատվածում, որտեղ տարածքն իրացնում էր (բանկիչներին հանել, շենքերը քանդել եւ ներդրողին հանձնել դատարկ հողը) ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը։

30-ամյա  Լիաննա Զազյանը  սենյակի մեջ՝ տունը քանդում էին։ Իրերը կապկպած, չգիտեր՝ ուր գնա։ Լիաննան 2 եւ 6 տարեկան երկու երեխաների հետ բնակվում էր այդտեղ, ամուսնուց բաժանված էր։ Գասպարյանը տան համար (ժամանակին չեն հասցրել սեփականաշնորհել եւ տունը սեփականատեր չուներ) Լիաննային տալու էր 10,5 հազար դոլար (կառավարության որոշման համաձայն՝ գրանցված յուրաքանչյուր անձին 3,5 հազար դոլար) եւ պահանջում էր տունը դատարկել։ Նրա հարազատները Գավառից եկել էին ու դռնեդուռ ընկած՝ տուն էին փնտրում, սակայն այդ գնով չէին գտնում, ամենախարխուլ բնակարանը ծայրամասում 13 հազարից պակաս չէր։

«Գոնե 2 հազար դոլար էլ լիներ։ Հիմա երեխաներս, որ մանկապարտեզից գան, ապրելու տեղ չունեն։ Էրեխեքիս մանկատո՞ւն տամ, ես էլ փողոցում մնամ»,-լաց լինելով ասում էր Լիաննան։ Կոյուղու ջրերը լցվել էին շուրջը, առնետները վխտում էին, դռան դիմաց պատնեշ էր դրել, որ առնետները տուն չլցվեն։ Տան մի մասը քանդել էին ու հիմա հասել էին Լիաննայի սենյակին։ Առաստաղն արդեն թեքվել էր։ Վերջին օրերը սարսափով էին տանը քնում, որ հանկարծ պատերը չփլվեն իրենց վրա։ Գիշերը դուռը չէին փակում, որ հենց պատ փլվի, հասցնեն փրկվել։ Վտարման օրը նրանք գնացել էին ի վերջո, սակայն անհայտ մնաց թե՝ ուր։

Բարիկադները` պաշտպանության վերջին ձեւ..

2005թ. Սեպտեմբերին Բուզանդում մնացել էին 10 ընտանիք, մոտ 65 հոգի, որոնց գործերը դեռ դատական ատյաններում էին, եւ նրանք արդար փոխհատուցման վերջին հույսն էին փայփայում։

Սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը բնակիչենրի բողոքների առիթով հայտարարեց, թե իրենք բնակիչներին առաջարկում են քմ-ի դիմաց 900 դոլար, իսկ բնակիչները պահանջում են դրա քառակին[10]։ Սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ Զախարյանը ստում էր. կառուցապատողները, ԾԻԳ-ի հետ, պարտադրում էին շուկայականից 3-4 անգամ ցածր գներ։

Մուրադյանների ընտանիքը միակն էր, որ կարողացավ բավարար փոխահատուցում ստանալ, բայց այդ փոխհատուցումն ստացվեց սուր պայքարի արդյունքում։ Այս տան երկու բնակարաներում բնակվում էր տասնմեկ հոգի։

Բուզանդի 23 տանը բնակվող Մուրադյանների երկու բնակարանների համար, որոնց ընդհանուր մակերեսը 95քմ էր, «Գրիար» ՓԲԸ-ն պարտադրում էր 33700 դոլարով փոխհատուցում (քմ-ի դիմաց՝ 355 դոլար, երբ կենտրոնում, նույն տարածքում, բնակարանի քմ-ն արժե 1000-1500 դոլար, իսկ հողինը կարող է տատանվել ու լինել մի քանի անգամ ավելի բարձր)։

Տունը 1920-ական թթ-ին կառուցել էր Էդուարդ Մուրադյանի պապը՝ Հարություն Մուրադյանը, որ հայրենական պատերազմում զոհվել է։

Սեպտեմբերի մեկին ԴԱՀԿ կատարածուները տասնմեկ հոգուն, որոնց մեջ երեխաներ կային, բռնությամբ դուրս նետեցին, իրերը լցրին մեքենան ու տարան անհայտ ուղղությամբ:

«Երեխայի պայուսակը, որ պիտի դպրոց գնար, էդ էլ են տարել,- ասում էր 45- ամյա Էդուարդ Մուրադյանը, որ մոր, կնոջ, երեք զավակների, քրոջ ու նրա երկու երեխաների, քենու ու նրա երկու երեխաների հետ հայտնվել են բաց երկնքի տակ։ Նրանք ամբողջ ժամանակ նստած էին ավերակ տան կողքին, քանի որ գնալու տեղ չունեին ։

Փողոցում ճաշում էին, գիշերը մեծերից ոմանք նստած մնում էին ավերակներին, իսկ երեխաներն ու մյուս չափահասները հարեւանների ու բարեկամների տներում էին քնում։ Անձրեւին մտնում էին գետնին տապալված տանիքի տակ։

Տան ամենատարեց բնակիչը՝ Էդուարդի մայր 65-ամյա Անժետա Մուրադյանը, վտարման ժամանակ բարձրացել էր տան տանիքը եւ հրաժարվել էր իջնել։ Ոստիկանները նրան քաշքշելով իջեցրել էին, իսկ տան մյուս ծայրից բուլդուզերի կովշը արդեն մխրճվել էր տան մեջ։ Մի քանի օր անց Անժետայի ձեռքերին դեռ մնացել էին կապտուկները. «Ամբողջ կյանքս նվիրել եմ էս երկրին, 46 տարի աշխատել եմ, որ այսօր ինձ բոմժ դարձնեն,- ասում էր Անժետան,- գոնե հարեւանները հասկանում են` ինչ է նշանակում բոմժ, ու մեզ օգնում են»։

Անժետան բողոքել էր դատարան, որ իր բնակարանը 6 քմ պակաս են հաշվել, գործը վճռաբեկ դատարանում էր։ Սակայն այս հանգամանքը դեր չի խաղացել, որ նրանց չվտարեն[11]։

2005 թ. սեպտեմբերի 2-ին իրենց վտարմանն սպասող Բուզանդի փողոցի 10  ընտանիք, մոտավորապես 65 հոգի, արդեն վտարվածների հետ միասին, Բուզանդի վրա երեք շարք բարիկադներ սարքեցին։ Բարիկադներից մեկն անցնում էր Մուրադյանների ավերակ տան մոտով, որտեղ նրանք նստել էին. «Բա ըստե չնստե՞նք, գա ավտոն վրովս անցնի՞,- ասում էր Էդուրադը,- Ի՞նչ անենք, ուրիշ ձեւ չունենք պայքարելու»։ Շինարարները երբ մոտենում են, Անժետան բարձրանում է ավերակ տան տանիքը, որ թույլ չտա՝ մնացածն էլ քանդեն։

«Հայերն իրենց հողը պաշտպանել են թուրը ձեռին, մենք էլ մեր տունն ու հողն ենք ուզում պաշտպանել»,- ասում էր Սեդրակ Բաղդասարյանը, որին վտարելու վճիռ էր կայացրել վճռաբեկը, եւ ամեն օր սպասում էր վտարման։

Երկու օր անց,  ոստիկանները բուլդոզերով վերացրին բարիկադը, սակայն բնակիչները սեպտեմբերի 5-ին կրկին կառուցեցին։ Նրանց աջակիցները գնալով շատացան, եկել էին քաղաքական գործիչներ, ուսանողներ, կողքի՝ Կողբացի փողոցի բնակիչները, որոնց սպասում էր նույն ճակատագիրը, եւ արդեն վտարվածներ. «Ես եկել եմ՝ աջակցեմ իմ հարեւաններին,-ասում էր Բուզանդի 25/14 տան նախկին բնակիչ Գոհար Ղարիբյանը, որ դատարանի վճռով վտարվել էր բնակարանից հունիսի 23-ին։ Նա որեւէ պայմանագիր չի կնքել, սակայն փոխհատուցումը փոխանցվել է ԴԱՀԿ գրասենյակը, որտեղ նրան հանձնել են 44 քմ բնակարանի դիմաց 14 հազար դոլար (քմ-ը՝ 318 դոլար), որով քաղաքի ծայրամասում հազիվ հնարավոր էր մի սենյակ գնել։ Այդ օրերին նրա չորսհոգիանոց ընտանիքը քաղաքի ծայրամասում վարձով էր բնակվում՝ վճարելով ամսական 70 դոլար,- երկու ամիս այդ փողը չէինք վերցնում, օգոստոսին փողը փոխանցել են ԴԱՀԿ  ծառայություն, ասեցին՝ եթե չվերցնենք, ընդհանրապես էդ փողը կկորի»։ Ղարիբյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հաջորդ օրը ոստիկանները կրկին քանդեցին բարիկադները եւ երկար ժամանակ չէին գնում, որ բնակիչները կրկին չկառուցեն։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Մուրադյանների վտարման հետ կապված, դիմել էր տարբեր ատյաններ, որ նրանց վտարման  վճռում գրված է՝ վտարել սեփականատերերին եւ «այլ անձանց»։ Այդ այլ անձինք են Էդուարդի կնոջ քույրը, Ադրբեջանից փախստական[12] Էմմա Աղաջանյանը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Այս կապակցությամբ Պաշտպանը տարածել էր բաց նամակ, որտեղ ասվում է. «Էմմա Աղաջանյանը դատաքննության մասնակից չի դարձվել, դատարանի վճռով նրա անունն ընդհանրապես չի նշված եւ նրա մասին ոչինչ չի ասված, սակայն հարկադիր կատարողը, նրա թեւից բռնելով, վտարել է որպես «այլ անձինք»։

Նամակում նշված է, որ նման վճիռները եզակի չեն։ Իսկ վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողնում դրանք, այն դեպքում, երբ ըստ օրենքի պետք է բեկանվեն այն դատական վճիռները, որտեղ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վճիռներ են կայացվել։

Պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանն ասում էր, որ իրավական ճանապարհը սպառվել է, եւ բարիկադները դարձել են բնակիչների պաշտպանման միակ ձեւը. «Դատարանների բոլոր վճիռները ակնհայտ անարդար են, բողոքները չեն քննվում, լուծում չի տրվում։ Ձեւական պատճառաբանություններով մերժվում են բոլոր առարկությունները։ Այսօր բնակիչները կանգնած են փաստի առաջ, որ դատական վճիռները պիտի կատարվեն։ Օմբուդսմենն արդեն անզոր է, ինչքան էլ գնահատական տալիս ենք, շահագրգիռ կողմն ասում է՝ ես վճիռ ունեմ ձեռքիս։ Մարդիկ ուրիշ ճանպարհ չունեն, դիմադրության ուղին են բռնում»։

Ավետիք Երանոսյանը 40 տարի բնակվում էր Բուզանդի 15 տանը, որտեղից պիտի վտարեն նրան ու զավակների ընտանիքներին՝ 12 հոգու։ Տարածքն իրացնում էր «Վիզկոն» ՍՊԸ-ն։ ԴԱՀԿ-ի կատարծուներն արդեն մի անգամ մայիսին նրանց տունը բռնի չափագրել են. «ԴԱՀԿ-ն մահակի վերածած՝ չորս ընտանիք հանելու են թափեն դուրս էստեղից,- ասում է Ավետիքը,- սովետական ժամանակ ուզում էին քանդել տունս, չթողեցի, ասի՝ ես իմ տան տե՛ղը պիտի տուն ստանամ, հետ կանգնեցին, Սովետը քանդվեց, բանկում սաղ փողերս կորցրի, մնացել է էս տունը, ձեռիցս առնում են։ Դիմել եմ նախագահին, որ վրան տան, ստեղ մի տեղ խփեմ ապրեմ։ Ասում են՝ էլիտար տղերքի համար էլիտար տներ ենք կառուցում, դու՞ք ով եք, որ ստե ապրեք»։

Ի վերջո բարիկադների պայքարը պարտվեց, բայց բարձրացած աղմուկի շնորհիվ Մուրադյանները հաղթեցին եւ «Գրիարը» զիջեց ավելացնելով գումարը եւ նրանց վճարեց 95 հազար դոլարին համարժեք դրամ։

Մահ՝ կորցրած տան պատճառով

Լիլիան կաթված ստացավ, երբ 2005թ. նոյեմբերի 4-ին տուն վերադառնալով՝ տեսավ բնակարան տանող աստիճանները քանդված են, իսկ իրերը տարել են։ Մի քանի ժամով տնից բացակայելու ընթացքում Դատական ակտերի հարկադիր կատարողները նրա բնակարանի դուռը ջարդելով մտել էին ներս, իրերը տարել էին, իսկ բանվորները՝ քանդել աստիճանները։

Լիլիայի հետ կրկնվում էր այն, ինչ եղել էր հեռավոր 49 թվին։ Նրա ընտանիքը, հազարավոր հայ ընտանիքների հետ, աքսորել էին Ալթայի երկրամաս[13]։ Այն ժամանակ գիշերով էին տարել նրանց, այժմ, 56 տարի անց, օրը ցերեկով դատարկեցին նրա բնակարանը եւ անտուն թողեցին։

Լիլիա Ղազարյանին պարտադրում էին Բուզանդի 9-ում գտնվող իր բնակարանը վաճառել 18, 500 դոլար (քմ՝ 230 դոլար)։ Եթե գարնանն այս պարտադրանքին հինգ օրվա մեջ համաձայնվեր, կստանար նաեւ 12 հազար դոլար խրախուսանք (ընդհանուր՝ 32 հազար դոլար, քմ՝ 395 դոլար)։

Լիլիան այն բազմաթիվ բնակիչներից էր, որ չենթարկվեց իշխանության պարտադրանքին։ Դատական երեք ատյանները նրան վտարելու որոշում ընդունեցին։ Տանը գրանցված էր եւ բնակօգտագործող էր նաեւ նրա քույրը՝ Աելիտան, որին, ըստ կառավարության որոշման, գրանցման համար հասնում էր 5500 դոլար աջակցություն(տես` «Կառավարության որոշումներ սեփականությունից ու բնակարանից զրկելու համար» գլուխը)։ Դատական առաջին ատյանը Աելիտային վտարման որոշում էր կայացրել։ Այդ ժամանակ գործը վերաքննիչում էր։ Այսուհանդերձ, Լիլիան հոկտեմբերի 21-ին Դատական ակտերի հարկադիր կատարողից որոշման ծանուցում է ստանում, որ կառուցապատողը` «Գլենդել Հիլզը», նրան վտարելու դիմումը հետ է վերցրել եւ, ըստ այդմ, վտարումը կասեցվում է։ Լիլիա Ղազարյանը վստահ էր, որ առայժմ վտարում չի սպառնում. « Թող ծանուցում ուղարկեին, ինքը դուրս գար, ինքը պատրաստ էր դուրս գալ,- ասում է Աելիտան,- Բայց  ծանուցում ուղարկեցին, որ վտարում չի լինելու։ Նրա մեջ հույս արթնացավ, որ ինչ-որ կոմպրոմիս կլինի։ Մտածեց՝ գուցե ինչ-որ բան փոխվել է։ Ասում են՝ հույսը վերջինն է մեռնում։ Նա մահացավ հույսի հետ։ Երբ հույսը մեռավ, ինքն էլ հետը մեռավ»։

69-ամյա Լիլիա Ղազարյանը տնտեսագետ էր, անցել էր թոշակի։ Ապրում էր միայնակ։ Ինն ամիս առաջ կտրել էին ջուրը եւ հեռախոսը։ Քույրը նրա համար բջջային հեռախոս էր առել. «Մեկ-մեկ մտնում էի նրա մոտ, որ մենակ չլինի,-պատմում է Բուզանդի բնակիչ Տանյան՝ Սեդրակ Բաղդասարյանի կինը,- Ասում էի՝ մենակ կին ես, վերցրու էդ փողը, գնա հանգիստ ապրի։ Ասում էր՝ ոչ մի դեպքում, չեն հավատում, որ սա փողի կռիվ չի, ես ամեն ինչ պիտի անեմ, պայքարեմ, որ արդարության հասնեմ։ Նրա ոսկեղենը, ամեն ինչ տանն էր, ոչինչ չէր հանել տնից, չէր պատրաստվում հեռանալ։ Իշխանությունները շատ լավ գիտեին, որ Լիլիան շատ վճռական է, եւ դրա համար ընենց եկան, որ տանը չլինի»։

Նոյեմբերի 4-ին Երեւանի՝ սեփականությունից զրկված բնակիչների հետ Լ. Ղազարյանը մասնակցում է ՀՀ նախագահի պալատի դիմաց բողոքի ցույցին։ Վերադառնալով տուն, տեսնում է՝ դալանը փակ է, մի կերպ անցնում է բակ, տեսնում՝ աստիճանները քանդած, բնակարանի դուռը՝ ջարդած։ Հարեւանն ասում է, որ գույքը տարան։ Մի քանի րոպեից ինչ-որ մեկը թուղթ է հանձնում։ Լիլիան հրաժարվում է վերցնել. «Էդ պահին ԴԱՀԿ-ից բացիկ է գալիս, առանց բացելու հետ ուղարկեցի»,- ասում է Աելիտան։ Պարզվում է՝ վտարման մասին հայտնող ԴԱՀԿ-ի ծանուցումն է։ Լիլիան անտուն է մնում, գիշերն անցկացնելու համար գնում է ընկերուհու տուն։ Հաջորդ օրը կաթվածահար է լինում։ Շտապ օգնությունը տանում է հիվանդանոց։ Բայց փրկել հնարավոր չի լինում։ Նոյեմբերի 15-ին մահանում է։

«Իմ քույրը գալիս է տուն եւ ի՞նչ տեսնում. տեսնում այն, ինչ տեսել էին 49 թվին մեր հարեւանները. մեր դուռը պլոմբած էր եղել, ու ասել էին՝ իրանց տարել են։ Հիմա մեզ չէին տարել, մեզ վռնդել էին։ Վռնդեցին իմ քրոջը»։

Աելիտան հիշում է, թե ինչպես իրենց գիշերով տարան էտապ. «Հանկարծ եկան գիշերով ու տարան՝ առանց պատճառաբանելու, հետո իմացանք, որ գիշերվա երկուսն է եղել»։ 1949 թվին միայն Հայաստանից 2754 ընտանիք՝ 12 316 հոգի, աքսորեցին Ալթայի երկրամաս, որոնց մեջ` Ղազարյանների ընտանիքը[14]։ Այն ժամանակ Լիլիան 13 տարեկան էր, Աելիտան՝ 5։ Մինչեւ 7 տարեկան աքսորյալ երեխաներին առանձնացնում էին ընտանիքներից ու տանում «ժողովրդի թշնամիների» երեխաների համար նախատեսված համակենտրոնացման ճամբար։ Մայրը բժշկուհի էր, աքսորի ճանապարհին բուժել էր վերակացուներին եւ կարողանում է փաստաթուղթ ձեռք բերել, որ դուստրը ոչ թե 5, այլ 8 տարեկան է, ու Աելիտան փրկվում է ճամբարից։ Հայրը՝ Վարդանը, Վանից գաղթական էր[15] , մանկությունն անցկացրել էր որբանոցներում, կարողացել էր բարձրագույն ավարտել, եղել էր կոլխոզի նախագահ։ Նրան մեղադրում էին, որ նամակագրություն էր ունեցել արտասահմանում գտնվող իր ազգականների հետ։ Իսկ նա նամակով ուզել էր ճշտել արտասահմանում բնակվող հորեղբորից, թե ինքը ո՛ր թվին է ծնվել եւ 1927 թ. պատասխան ստացել. «Հիմա դու կլինեիր 20 տարեկան»։

«Անտեսելով ամեն տեսակ ռեպրեսիա՝ մենք բարձրացանք, իրար օգնելով՝ մեր ընտանիքը ոտքի կանգնեց»։ Հայրն արգելում է տանը խոսել աքսորի մասին. «Ծնողներս ուզում էին, որ մաքուր թղթից սկսվի կյանքը, որ երեխաներն իրենց ճնշված չզգան։ Մենք ջնջեցինք անցյալն ու սկսեցինք նորից։ Ես էդ փաստը իմ երեխայից էլ եմ թաքցրել, ես ուզել եմ, որ իմ էրեխեն խոցված չմեծանա էս երկրում»։

Անկախ Հայաստանի իշխանությունը ստիպեց վերհիշել անցածը. « Քույրս ուժ չունեցավ էդքան դիմադրել։ Այսինքն՝ չէր կարելի ըմբոստանալ էս պետության դեմ, ասել՝ ես իրավունքներ ունեմ։ Ես շատ ցավում եմ, որ իմ քույրը տենց համառ եղավ, բայց ես չգիտեմ՝ իր տեղը լինեի, նույն բանը կանեի՞»։

Նունե Վարդունի. վերջին վտարվածը

Նունե Վարդունին վերջին բնակիչներից էր, որ դուրս վտարվեց Բուզանդ փողոցից։

2005 թ. մայիսին նա իր Բուզանդի 15/4 բնակարանի վրա փակցրեց «չի վաճառվում» մակագրությունը։ Նունեն եւ նրա հինգ հարեւանները թույլ չէին տվել «Վիզկոն» ՍՊԸ-ի բերած անշարժ գույքի գնահատողները մտնեն տուն, որ գնահատեն տունը, սակայն հարկադիր կատարողները կոտրել էին դուռը ու թույլ տվել, որ անշարժ գույք գնահատողը բնակարանը չափագրի. «Առաջին անգամ եկան, չթողեցի, երկրորդ անգամ տանը չէի, դուռը կոտրել ու լցվել էին տուն»։ Բնակարաններ ներխուժումը նկարահանել է մի հեռուստատեսություն եւ ցուցադրել, թե ինչպես են հարկադիր կատարողները հրում կանանց, կոտրում դռները, սակայն հրապարակումը ոչ մի հետեւանք չունեցավ։Տարածքը իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցադիմումի հիման վրա դատարանը որոշել էր պարտավորեցնել տան տերերին, որ գնահատեն իրենց անշարժ գույքը։

Վարդունին այն ժամանակ ասում էր, որ ոչ մի առաջարկի չի համաձայնելու. «Չեմ վաճառում եւ վերջ։ Նրանց հետ ոչ մի բանակցության մեջ չեմ մտնելու։ Շարժվում եմ Սահմանադրությամբ։ Էլիտար շենք են սարքում՝ փող աշխատեն, անունը դնում են՝ պետության կարիքների համար։ Ես գիտեմ, վերջում ինձ վտարելու են, բայց մինչեւ վերջ պայքարելու եմ, դիմելու եմ Եվրոդատարան»։

«Վիզկոնի» հայցի հիման վրա առաջին ատյանի դատարանը վճռեց պարտավորեցնել կնքել պայմանագիր՝ 23 500 դոլարով եւ վտարել Նունեին ու նրա դստերը։ 41, 8 քմ հողը եւ 38 քմ տունը գնահատվել է քմ-ը՝ 293 դոլար, շուկայական գնից 4-5 անգամ էժան (այդ ժամանակ մեկ քմ-ի շուկայական արժեքը կենտրոնում 1000-1500 դոլար էր)։ Վարդունու ամուսինը մահացել է, եւ նա իր դստերը մենակ է մեծացրել. «Ես ուզում էի 1200 դոլար՝ մեկ քմ-ի համար (մոտ 90 հազար դոլար), չեմ ուզում հարստանալ, էս տունը վերանորոգել եմ, որ աղջկաս հետ կարողանամ ապրել, հիմա նորմալ տուն եմ ուզում առնեմ»,- ասում էր նա արդեն աշնանը։ Օգոստոսին նրան առաջարկում են 60 հազար դոլար, Նունեն համաձայնվում է. «Ասի՝ ամեն ինչ գցեմ մի կողմ, իմ նյարդերը թանկ են, համաձայնվեմ», սակայն հետո հրաժարվում են տալ, եւ վճռաբեկի վտարման որոշման հիման վրա դեկտմեբերի 6-ին ԴԱՀԿ կատարածուները, կարմիր բերետավոր ոստիկանության հատուկ վաշտի ուղեկցությամբ, մնացած վերջին երեք ընտանիքներին գալիս են վտարելու։ Նունեն, բենզինի կանեստրները կողքը դրած, դուռը չի բացում, ասում է՝ ով մտնի, կվառեմ տունը։ ԴԱՀԿ կենտրոնի ծառայության պետ Տիգրան  Թադեւոսյանը ցանկապատի վրայից Նունեի ձեռքը բռնում ու քաշում է, կարմիր բերետավորները ներխուժում են ու Նունեին տնից հանում. «Տիկոն սկսեց հայհոյել, այ …., ուզում էիր տղեքիս վառե՞ս, դե կեր»։ Իրերը հանում են, հետեւից բուլդուզերի կովշը տունը քանդում է։

Նունե Վարդունին դիմել է Եվրոպական դատարան։

2005 թ. դեկտեմբերի վերջին իրացման գոտու Բուզանդի եւ Ամիրյան փողոցների միջեւ ընկած հատվածն ամբողջությամբ ազատված էր բնակիչներից։

Ճնշումներ փաստաբանի նկատմամբ

Սեպտեմբերի 7-ին կալանավորվեց եւ մինչեւ փետրվարի 15-ը, հինգ ամսից ավելի, մեկուսարանում մնաց Բուզանդի փողոցի 4 ընտանիքների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։ Նրան կալանավորելու իրական պատճառը, ինչպես ենթադրում էին փաստաբան կոլեգաները, իրավապաշտպանները եւ ՀՀ մարդու իրավունքերի առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, եւ ինչպես դեպքերը ցույց տվեցին, իր պաշտպանյալներին ակտիվ պաշտպանելն էր ոչ միայն դատարանում, այլեւ՝ բնակարանների դիմաց, իսկ ֆորմալ մեղադրանքը՝ փաստաթղթերի կեղծելը, որը ոչ միայն չապացուցվեց, այլեւ պարզվեց հակառակը` որ գործը սարքված է եղել։

Վահե Գրիգորյանի պաշտպանյալներն ընդհանրապես հրաժարվում էին վաճառել սեփականությունը՝ հայտարարելով, որ Սահմանադրությամբ իրենց տրված է սեփականության իրավունք, եւ կառավարությունը խախտել է Սահմանադրությունը՝ իրենց զրկելով սեփականությունից։

Վահե Գրիգորյանը միակ պաշտպանն էր, որի  պաշտպանությունը չէր սահմանափակվում միայն դատարաններում միջնորդություններ անելով։ Նա իր հաճախորդներին պաշտպանում էր նաեւ նրանց տների մուտքերի մոտ՝ ԴԱՀԿ աշխատակիցների ներխուժումներից։ 2005 թ. մարտի 1-ին Գրիգորյանը կանխեց ԴԱՀԿ աշխատակիցների մուտքը Բուզանդի 15/9 տուն, որտեղ նրանք դատարանի որոշմամբ հարկադրաբար ցանկանում էին գնահատել տունը։ Փաստաբանը պնդում էր, որ հարկադիր կատարողներն իրավունք չունեն փորձագետ մտցնելու ուրիշի սեփականություն։ 2 օր անց ԴԱՀԿ աշխատակիցները ծեծում են տանտիրոջն ու Գրիգորյանին։ Տուժում է հատկապես Գրիգորյանը։ «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը նկարահանել էր ծեծից հետո Գրիգորյանին արյունոտ դեմքով (կա լուսանկար)։

«Նրանք հիմնականում ծեծում էին Վահեին։ Եթե մեզ մեկ հարված էր հասնում, ապա Վահեին՝ տասը»,- ասում է տան բնակիչ, Վահեի պաշտպանյալ Զորիկ Վահանյանը։

Գրիգորյանը ենթարկվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ՝ նախկին ԿԳԲ) հետապնդմանը։

Մայիսի 31-ին ԱԱԾ երկու աշխատակից մտնում են Գրիգորյանի փաստաբանական գրասենյակ եւ, ներկայանալով Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի աշխատակից, պահանջում տվյալներ բողոքատուի վերաբերյալ։

Անվտանգության աշխատակիցները հիմնվել են նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներխուժման ժամանակ ԱԱԾ առգրաված համակարգչի տվյալների վրա (տես  այս հոդվածի «Մարդու իրավունքերի պաշտպանը` ղեկավարների շահերի դեմ» գլուխը)։

Հունիսի 10-ին Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվում։ Սակայն փաստաբանը շարունակում է նույն ոգով պաշտպանել իր պաշտպանյալներին նաեւ դատարանից դուրս՝ տներում ու փողոցում։ Նրա պաշտպանյալ Սաշիկ Սաֆյանը հայտնեց, որ Գրիգորյանն իրենց շահերը պաշտպանում է անվճար, քանի որ նրա համար սկզբունքային հարց է, երբ խախտվում է Սահմանադրությունը։ Սաֆյանների գործը Գրիգորյանն այդ ժամանակ արդեն ուղարկել էր Ստրասբուրգի մարդու իրավունքերի դատարան, իսկ 2007 թվի հունիսին Ստրասբուրգը կոմունիկացիայի է ենթարկել Հայաստանի կառավարությանը՝ նրան հարցեր ուղղելով։

Գրիգորյանին մեղադրում էին՝ կապված ռուսական «Կրեյն» ՍՊԸ-ի հայկական մասնաճյուղի համար կատարած փաստաբանական ծառայության հետ։ Գրիգորյանը 2003 թվին դատական կարգով հետ էր բերել «Կրեյնի»՝ 23 միլիոն դրամ (41 հազար դոլար) պետությանը տված հարկի գերավճարը։

Բուզանդի փողոցի բնակիչների պաշտպանության ամենաբուռն շրջանում դատախազությունը հարցաքննության է կանչում Գրիգորյանին՝ պահանջելով տեղեկություններ տալ «Կրեյնի» մասին։ Գրիգորյանը հրաժարվում է՝ վկայակոչելով փաստաբանության մասին օրենքը, որն արգելում է հաճախորդների մասին տեղեկություններ տալ։ Գրիգորյանին մեղադրանք են առաջադրում, որ նա կեղծել է «Կրեյնի» տնօրենի ստորագրությունը եւ կեղծ փաստաթղթերով շորթել է այդ գումարը։

Նրան ձերբակալում են նախորդ օրը «Կրեյնի» տնօրենի հոր՝ Ալեքսանդր Հակոբյանի տված ցուցմունքով, թե հայրն է ստորագրել հարկային փաստաթղթերը որդու փոխարեն, եւ տնօրենի քրոջ ամուսնու՝ Տիգրան Առաքելյանի ցուցմունքներով։

Ձերբակալում են միայն Գրիգորյանին։ Թեեւ Հակոբյանի դեմ քրեական գործ են հարուցում, սակայն նրան չեն ձերբակալում։ Ձերբակալման հաջորդ օրը Հակոբյանը եւ Առաքելյանը դիմում են գրում Մարդու իրավունքերի պաշտպանին, որ իրենց դատախազությունում ճնշել են ու ստիպել ցուցմունք տալ Գրիգորյանի դեմ եւ, մասնավորապես, Հակոբյանը գրում է, որ իրեն 10 ժամ ճնշել են, եւ որ ինքը անառողջ է ու սրտի վիրահատություն է տարել, չի դիմացել ճնշումներին։ Դիմումը պաշտպանն ուղարկում է ՀՀ դատախազություն, որից հետո Հակոբյանը հետ է վերցնում դիմումը։

2005 թվի հուլիսի 18-ին Կալիֆորնիայի նահանգի, ուր այժմ բնակվում է Գեւորգ Հակոբյանը, պետքարտուղարի վավերացրած փաստաթուղթը վկայում է, որ «Կրեյնի» տնօրեն Գեւորգ Հակոբյանը, Գրիգորյանի պահանջով, Երեւան է ուղարկել իր ստորագրությունով կնքված համապատասխան փաստաթղթեր, որոնք լիազորում են Գրիգորյանին հետ ստանալ գումարը։ Նաեւ՝ «Ռայթ իրավաբանական խումբ» ՍՊԸ-ին (Գրիգորյանի կազմակերպությանը) փոխանցված գումարից, նախապես եղած պայմանավորվածությամբ, Գրիգորյանը գանձել է դատարան դիմելուց առաջ իր կողմից վճարված պետական տուրքի գումարը (100000դրամ, մոտ 180 դոլար-2003թվականի դոլարի կուրսով) եւ պայմանագրով նախատեսված իր հոնորարը՝ 400000 դրամը (մոտ 730 դոլար), իսկ մնացած գումարը, դոլարի վերածելով, փոխանցել է Հակոբյանի մատնանշած՝ ԱՄՆ-ում գտնվող հաշվեհամարին։ Հակոբյանը հայտարարում է, որ հերյուրանք եւ զրպարտություն է, թե Վահե Գրիգորյանը հաճախորդի ստորագրությունը կեղծել է եւ յուրացրել նրա գումարը։ Հայտարարությանը կցված են «Կրեյնի» բոլոր փաստաթղթերը։ Գրիգորյանի փաստաբանների վկայությամբ՝ դատախազությունը մերժել էր Կալիֆորնիայից ուղարկված փաստաթուղթը՝ այն համարելով կեղծ։

2005 թվի նոյեմբերի 4-ին Ալեքսանդր Հակոբյանը Վիեննայի ինքնաթիռով փախչում է Հայաստանից, մի քանի ամսից նաեւ Առաքելյանն է փախչում։ Նրանց հեռանալուց հետո հայտնի է դարձել, որ նրանց սպառնացել են ցուցմունք տալ Գրիգորյանի դեմ, հակառակ դեպքում՝ գործ կսարքեն Առաքելյանի դեմ, որը մի անգամ տնտեսական հանցագործության համար դատված է եղել։

Քննիչը երրորդ անգամ  դատարան միջնորդել էր, թե Գրիգորյանի կալանքը երկարացվի, քանի որ նա ազատության մեջ ճնշում կգործադրի վկաների վրա։ Վկաների անհայտանալուց հետո վերաքննիչ դատարանը, ուր նրա կալանքը երկարացնելու՝ առաջին ատյանի վճռի դեմ բողոքարկել էին Գրիգորյանի 12 պաշտպանները, մերժում է կալանքը երկարացնել։ Գրիգորյանը ասում է, որ իրեն կալանավորելու որոշումը ընդունվել է ՀՀ նախագահի աշխատակազմում։

Անազատության ժամանակ Գրիգորյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որ իրեն թույլ տան կոմպյուտեր ունենալ եւ շարունակել իր պաշտպանյալների պաշտպանությունը, սակայն մերժում էր ստացել։

«Իհարկե դատախազը չէր ասի, թե ինձ կալանավորել են Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանելու համար,- ասում է Գրիգորյանը,- բայց ենթադրենք՝ ինձ կալանավորել էին խարդախության համար։ Էդ դեպքում ինչո՞ւ թույլ չէին տալիս, որ համակարգիչ ունենամ բանտախցում եւ շարունակեմ պաշտպանությունը կամ ծանոթանամ նյութերին։ Կասեն, թե այդպիսի պրակտիկա չկա։ Բայց այդպես չի. հայտնի է, որ խցում կալանավորները ունենում են համակարգիչ»։

Նա իր գործընկերների ու Բուզանդի փողոցի վտարված բնակիչների հետ ստեղծեց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Բուզանդի փողոցից վտարված բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը։

Մարդու իրավունքերի պաշտպանը` ղեկավարների շահերի դեմ

Երբ 2004թ. հունվարին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Լարիսա Ալավերդյանը, ոչ ոք չէր սպասում, որ մեկ տարի անց նրա գործունեությունն այնքան կզայրացնի իշխանություններին, որ պարբերական արշավ կսկսվի նրա դեմ, եւ ի վերջո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կհեռացվի պաշտոնից։

Մինչև նշանակվելը Լարիսա Ալավերդյանը ղեկավարում էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդիրների լուծմանը։ Հայաստանում մարդու իրավունքերի պաշտպանության ոլորտում չափավոր կեցվածք ունեցող իրավապաշտպանը, որ չեզոք էր տրամադրված իշխանությունների նկատմամբ եւ պաշտպանում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտոնատար անձ դառնալով, ակամա դարձավ դատական համակարգի, դատախազության, Արդարադատության նախարարության եւ երկրի Նախագահի թշնամին։

Առաջին հրապարակային բախումը եղավ 2005-ի ձմռանը, երբ կառավարության նիստը, որը վարում էր հանրապետության նախագահը, Ալավերդյանը ցուցադրաբար լքեց։ Պատճառն այն էր, որ նախագահը նրան զրկեց օրենքով տրված ելույթ ունենալու իրավունքից եւ առաջարկեց միայն հարց տալ։ Կառավարության նիստում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները սահմանափակող օրենքի նախագիծ ընդունելու հարցը։

Կառավարությունը ՀՀ Ազգային ժողով ներկայացրեց մի նախագիծ, որով պաշտպանը զրկվում էր դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություն ստանալու եւ դատարան առաջարկներ ներկայացնելու՝ օրենքով իրեն տրված լիազորությունից։ Արդարադատության նախարարը նախագիծը հիմնավորել էր՝ ասելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը խաթարում է դատարանի անկախությունը։ Ալավերդյանն ասում է, որ դատարանների գործունեության գլխավոր նպատակը անկախությունը չէ, այլ արդարադատություն իրականացնելը եւ Պաշտպանի միջամտության նպատակը մեկն է՝ ապահովել արդար դատավարության իրավունք։ Բացի այդ, նա նշում է, որ Հայաստանի դատարանները անկախ չեն, այլ կախված են գործադիր իշխանությունից։

Ազգային ժողովը մերժեց նախագիծը, որից հետո Հանրապետության Նախագահը դիմեց Սահմանադրական դատարան դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություն ստանալու եւ դատարան առաջարկներ ներկայացնելու՝ օրենքով Պաշտպանին տրված լիազորությունների սահմանդրականությունը որոշելու հայցով։

Սահմանադրական դատարանը բավարարեց միջնորդությունը եւ զրկեց Պաշտպանին այդ լիազորություններից։ Կառավարությունը նաեւ Ազգային ժողով էր դիմել, որ Պաշտպանի աշխատակազմը ձեւավորի ոչ թե Պաշտպանը, այլ՝ Քաղծառայության հանրապետական խորհուրդը։

«Սա կեղծ դեմոկրատիա է՝ դատարանի անկախությանն ուղղված։ «Պաշտպանում են» դատարանի չունեցած անկախությունը,- ասում է Պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանը,- Չափազանց զայրացած են, որ մի շարք դատավորների գործունեության վերաբերյալ քննադատական հաղորդումներ ենք ներկայացրել»։

Սակայն իշխանությունները չբավարարվեցին Պաշտպանի լիազորությունները օրենքներով սահմանափակելով։

2005-ի մայիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալեց Պաշտպանի աշխատակազմի աշխատակից Սերոբ Անտինյանին, որ, ըստ ԱԱԾ-ի, մի բողոքի ընթացք չտալու համար 300 դոլար կաշառք էր վերցրել։ Բողոքել էր մի քաղաքացի, որ շենքի տակ գտնվող բար-ռեստորանի աղմուկը խանգարում է բնակիչների հանգիստը։ Անտինյանը փողը վերցրել էր ռեստորանատիրոջից, որ ընթացք չտա բողոքին։ Դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցում՝ մեղադրելով խարդախության մեջ։ Նույն երեկո Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց փողը վերցնելու պահը եւ ձերբակալությունը, որ նկարահանել էր ԱԱԾ-ն։ Ձերբակալման գիշերը ԱԱԾ աշխատակիցները, առանց Պաշտպանին տեղյակ պահելու, ներխուժում են նրա գրասենյակը եւ առգրավում համակարգիչը, որտեղ պահվում են գրասենյակի տեղեկատվությունները, նաեւ՝ քաղաքացիների կոնֆիդենցիալ բողոքները։ ԱՍԾ-ի աշխատակիցները արգելում են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանին զանգահարել Պաշտպանին։ Հետագայում համակարգիչը վերադարձվում է։

Խախտվում է Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքը, ըստ որի՝ նրա գույքը, նամակագրությունը, գրասենյակը անձեռնմխելի են։

Կասկածներ եղան, որ Անտինյանին դրդել են խարդախության՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վարկաբեկելու համար։ Այդ կասկածն ունի նաեւ Ալավերդյանը (Անտինյանն աշխատանքի էր ընդունվել արդարադատության նախարարի նախկին խորհրդականի միջնորդությամբ)։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այնպիսի լիազորություն չունի, որ որեւէ գործարարի պատասխանատվությունից ազատի,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,- հետեւաբար ինչո՞ւ պիտի ռեստորանատերը փող տար մի գրասենյակային աշխատողի։ Այս պատմության նպատակը Մարդու իրավունքների պաշտպանին վարկաբեկելն է»։

Սակայն սպասված ազդեցությունը չի առաջանում։ Պաշտպանը ոչ միայն չի վարկաբեկվում, այլեւ մամուլում ներկայացվում է որպես անկախ եւ բարեխիղճ իրավապաշտպան, որին ուզում են ընկճել իշխանությունները։ Ընդդիմադիր կուսակցությունները այս առիթով քննարկում են կազմակերպում եւ արձանագրում, որ Պաշտպանն ինքը պաշտպանության կարիք ունի։ Հանդիպմանը ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը  հայտարարում է. «Լավ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին՝ կարող եմ ասել, որ նա չի հանդուրժում իր ենթակաների անհնազանդությունը։ Իրականում իշխանությունները ոտնձգություն են արել Մարդու իրավունքերի ինստիտուտի եւ բոլորի դեմ»[16]։

Հունիսի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը այցելում է Պաշտպանի գրասենյակ, համակարգիչ նվիրում եւ հայտնում, որ կաջակցի նրա գործունեությանը։ Հունիսի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանի եվրոպական երկրների դեսպանները հանդիպում են Ալավերդյանի հետ ու ողջունում նրա գործունեությունը եւ իրենց համերաշխությունը հայտնում։

Դեպքից մեկ օր անց Պաշտպանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Համակարգչի առգրավման վերաբերյալ մինչեւ այժմ ինձ ներկայացված չեն այդպիսի դեպքերի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր։ Չկան գրավոր հավաստիացումներ այն մասին, որ համակարգչում եղած կոնֆիդենցիալ տեղեկատվությունը չի տարածվի եւ չի օգտագործվի՝ ի վնաս Պաշտպանի գրությունների հասցեատեր հանդիսացող բողոքատուների եւ պաշտոնատար անձանց»։

Նրա մտավախությունը արդարացվեց։ Ալավերդյանը հունիսի 5-ին մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտնեց, որ մայիսի 31-ին ԱԱԾ երկու աշխատակից մտել են «Ռայթ իրավաբանական խումբ» փաստաբանական ՍՊԸ-ն եւ ներկայանալով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ՝ պահանջել են բողոքատուների վերաբերյալ տվյալներ։ Պաշտպանը մտավախություն է հայտնել, որ ԱԱԾ աշխատակիցներին հետաքրքրել են Գլխավոր պողոտայի կառուցապատման ծրագրից տուժած երկու քաղաքացիների գործերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք դիմել են նաեւ իրեն։ Ապա հայտարարել է. «Մարդու իրավունքների պաշտպանության անկախության կարեւորագույն երաշխիքը ուղղակիորեն ոտնահարվել է ամենակոպիտ, անօրինական, հակաօրինական գործողությւններով։ Սա աննախադեպ, միջազգային պրակտիկայում հավասարը չունեցող դեպք է, երբ Ազգային անվտանգության ծառայությունը վտանգում է պետության անվտանգությունը»։ Նա փորձել է հեռախոսազրույց ունենալ հանրապետության Նախագահի եւ վարչապետի հետ, սակայն երկուսն էլ հրաժարվել են[17]։ Պաշտպանին ուղղված նամակում ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական գործ է հարուցված «Ռայթ իրավաբանական խմբի» նախագահ Վահե Գրիգորյանի դեմ՝ մեղադրելով նրան յուրացումներ անելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ, եւ որ  ԱԱԾ-ի աշխատակիցները չեն ներկայացել որպես Պաշտպանի ներկայացուցիչ։ Ըստ «Ռայթ իրավաբանական խմբի»՝ իրենց դեմ ԱԱԾ-ն հետապնդում է սկսել, քանի որ կազմակերպությունը օգնել է մի քանի քաղաքացիներին դիմում ուղարկել Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան։

Ինչո՞վ կարող էր իշխանությունների զայրույթը հարուցել Մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Պաշտպանի տարեկան զեկույցում[18]։ Զեկույցում ներկայացված մարդու իրավունքերի բազմաթիվ ոտնահարումների շարքում հանրապետության Նախագահին առանձնապես կարող էին զայրացնել երկու փաստերի հետ կապված խախտումները։ Առաջին՝  2004թ. գարնանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած ցույցերի ընթացքում եղած օրինախախտումները, հանրահավաքի մասնակիցների խոշտանգումները ոստիկանություններում։ Զեկույցը արձանագրում է, որ ընդդիմության հանրահավաքների կազմակերպման ընթացքում խախտվել են մարդկանց ազատ տեղաշարժի, երթեր եւ ցույցեր անելու իրավունքերը։ Նաեւ՝ որ դատարաններում ցուցարարներին դատելիս խախտվել է արդար դատաքննության իրավունքը, օգտագործվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ։

Երկրորդ. զեկույցում ներկայացված են Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցման ընթացքում մարդկանց սեփականության իրավունքի ոտնահարումները։ Այս ծրագիրն անձամբ իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի հսկողության ներքո: «Հայկական ժամանակ» օրաթերթը 2005թ. մայիսի 31-ի համարում գրում է.«Այս տարածքներն արդեն Ռ. Քոչարյանի եւ նրա մերձավոր շրջապատի սեփականությունն են»։ Պաշտպանի գրասենյակը հետեւողականորեն շարունակեց  պաշտպանել իրացվող տարածքների բնակիչների իրավունքները։

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը(պաշտոնավարել է1998-2007 մայիս)  եւ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը(պաշտոնավարել է 1998-2005) զեկույցի վերաբերյալ խիստ բացասական նամակներ են գրել Պաշտպանին՝ այն որակելով մերկապարանոց,  անհիմն։

Քոչարյանի համակիրը իր բարեխղճության պատճառով ակամա դարձավ նրա թշնամին։

Տարեկան զեկույցից վեց ամիս չանցած, 2005 թ. սեպտեմբերին, Պաշտպանը հրապարակեց արտահերթ զեկույց՝  21 էջից եւ 9 գլխից կազմված, վերնագրված «Սեփականության, արդար դատաքննության եւ դատական պաշտպանության իրավունքների խախտումների մասին», որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման ժամանակ մարդու իրավունքերի ոտնահարումների վերաբերյալ ամբողջական փաստաթուղթ է[19]։

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը, Պաշտպանը չի հրավիրվում հանրային հեռուստատեսություն, փոխարենը եթերից մի իրավաբան Ալավերդյանի դեմ ելույթ է ունենում. «Հ1-ի եթերից պարզ դարձավ, որ իմ ու իշխանության փոխհարաբերությունը համաձայնության դաշտից դուրս է եկել եւ մտել հակամարտության դաշտ»,-ասաց Ալավերդյանը։

Նոյեմբերի 29-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններով Մարդու իրավունքերի պաշտպանը իրավունք է ստանում դիմել Սահմանադրական դատարան, եւ դեկտեմբերին Ալավերդյանը դիմում է կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի խնդրով, կառավարության որոշումների սահմանադրականությունը պարզելու համար, սակայն չի հասցնում հայցը ներկայացնել դատարանում։

Հունվարի 4-ին նախագահի հրամանագրով Պաշտպանի աշխատակազմի կառավարումը հանձնվեց երեք պաշտոնյայից կազմված հանձնաժողովին՝ մինչեւ նոր Պաշտպանի ընտրությունը։ Այսպես Պաշտպանը հեռացվեց պաշտոնից։

Նախագահի հրամանագիրը հենվում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի վրա, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո 30-րդ օրը լրանում է Մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնավարման ժամկետը։ Սակայն Ալավերդյանը հրամանագիրը համարում էր հակասահմանադրական, քանի որ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում Պաշտպանին փոխարինել կամ նրա տեղը այլ մարմին նշանակել։ Ըստ նոր Սահմանադրության՝ Ազգային ժողովն է նշանակում Մարդու իրավունքների պաշտպանին, որը պետք է լինի անկախ մարդ, սակայն իրականում Պաշտպանին հեռացրեց Նախագահը եւ փոխարենը նշանակեց մի հանձնաժողով, որի անդամները պաշտոնյաներ են (Առուշան Հակոբյան՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, Մարտին Զաքարյան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Նունե Խաչատրյան՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար)։

Հրամանագիրը արտահայտում էր նախագահի թշնամանքը Պաշտպանի նկատմամբ։

Ալավերդյանը դարձավ նախագահ Քոչարյանի նշանակած միակ պաշտոնյան, որ ոչ միայն չդարձավ իշխանության կամակատար, այլեւ հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ այնպիսի աշխատանք տարավ, որ մերկացրեց իշխանության անօրինականությունները. «Իմ խնդիրը իշխանություններին մերկացնելը չէր, այլ մարդու իրավունքների խախտումները վեր հանելը։ Իմ խնդիրն էր օգնել իշխանություններին վերացնել մարդու իրավունքների ոտնահարման արմատները։ Այդ օգնությունը չընդունվեց, այսինքն, ավելորդ համարվեց։ Հնարավոր է՝ իրենց շահերի դեմ էր այդ օգնությունը։ Ես չկարողացա փոխել համակարգը, բայց համակարգն էլ ինձ չէր կարող փոխել», ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը համարում է, որ առաջին հերթին իշխանությանը դուր չի եկել, որ ինքը պաշտպանում է կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքը. «Ես եկա հետեւության, որ Հայաստանում կա խտրականություն ոչ թե ազգային կամ կրոնական, այլ՝ իշխանություններին մոտ կանգնածների եւ իշխանություն չունեցողների միջեւ։ Սոցիալապես անպաշտպան խավը  նաեւ իրավականորեն է չպաշտպանված»,- ասում է Ալավերդյանը։

Վերջին անգամ նախագահը ընդունել էր նրան 2004 թ. նոյեմբերին։ Հետագայում նախագահի հետ հանդիպելու Պաշտպանի բոլոր դիմումները մնացել են անարձագանք։ Այսպիսով, նախագահը խախտել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, ըստ որի՝ նախագահը առաջնահերթ պետք է ընդունի Պաշտպանին։

«Անհամաձայնությունների սկիզբը դրվեց 2004-ի վերջին։ Նոյեմբերին նախագահի հետ վերջին հանդիպմանը ներկայացրեցի մեր երկրում մարդու իրավունքների վիճակը, անարդար դատավճիռները, անպաշտպանվածության արմատները, անարդարությունները։ Ես կարծում էի իմ պարտքն եմ կատարել»,-ասում է Ալավերդյանը։ Սակայն կարճ ժամանակ անց նրա համար պարզ է դառնում, որ իր պարտքը եւ նախագահի շահերը չեն համընկնում։

Ալավերդյանը պատմում է, որ Նախագահի հրամանագրի մասին ինքն իմանում է, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցից, թե տեղյա՞կ է, որ իրեն հանել են պաշտոնից։ Ապա երեկոյան լսել է Հանրային հեռուստատեսության «Հայլուրով»։

Հրամանագրի հաջորդ օրը Նախագահի նշանակած հանձնաժողովը, հինգ ոստիկանների ուղեկցությամբ, եկել է գրասենյակ, Ալավերդյանին հանել աշխատասենյակից, վերցրել կնիքը, հանձնաժողովի անդամ Առուշան Հակոբյանը (Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար) կնքել է Պաշտպանի եւ տեղակալի աշխատասենյակները։ Ալավերդյանըն ասում է,  որ ուժային մեթոդներ կիրառող եռյակ-հանձնաժողովը իրեն հիշեցնում են չեկիստական տրոյկաները[20]։

Ալավերդյանը դիմում է Սահմանադրական դատարան, սակայն հայցը մերժվում է պատճառաբանությամբ, թե նա այլեւս Պաշտպան չէ։ Ազգային ժողովը նրան հնարավորություն չի տալիս ներկայացնել 2005թ.ՀՀ ՄԻՊ տարեկան զեկույցը։

Սահմանադրական դատարան նոր հայց է ներկայացնում Ազգային ժողովի կողմից փետրվարի 17-ին ընտրված նոր Պաշտպանը՝ Արմեն Հարությունյանը։

Կառավարության որոշումներ` սեփականությունից ու բնակարանից զրկելու համար

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի` 1924թ. հաստատված Երեւանի նախագծով նախատեսված էր կառուցել  Հյուսիսային պողոտան, որ միացնում էր Օպերայի շենքը Հանրապետության հրապարակին, եւ Գլխավոր պողոտան, որ հատում էր հրապարակը։ Սակայն այս պողոտաները չկառուցվեցին Սովետական Միության օրոք։

Իշխանությունները քաղաքի կենտրոնում բնակարանային բիզնես-ծրագիր իրականացնելու համար, օգտագործելով Թամանյանի հեղինակությունը, կրկին անդրադարձան Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներին։ Հայաստանի կառավարությունը ընդունեց 2000թ. նոյեմբերի 25-ի N 774 որոշումը՝ «Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին»[21], որտեղ ասված է.«Մինչեւ 20-րդ դարի 20-ական թթ-ի իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը եւ Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը։ Ալեքսանդր Թամանյանը՝ հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով՝ Հյուսիսային պողոտա անվամբ։ Ժամանակին շատերին անհավանական թվացող այդ մտահղացումն այսօր ընդունել է իրական ուրվագիծ»։ Ներկայացվում է Պողոտայի մտահղացման պատմությունը։ Որոշումը  հիմնավորումն է Հյուսիսային պողոտայի կառուցման անհրաժեշտության, տալիս է նրա ֆունկցիոնալ նշանակությունը (հետիոտն պողոտա` բնակելի եւ սպասարկաման օբյեկտներով), ծավալները։ Որոշումը հավանություն է տալիս Երևանի քաղաքապետարանի ներկայցրած կառուցապատման ծրագրին։

2001 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց N 645 որոշումը` «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» ։

Որոշմամբ կառուցապատման համար նախատեսված 82 700 ք/մ տարածքը բնակիչներից վերցնելը ձեւակերպված է որպես «պետության կարիքների համար»։ Նաեւ ստեղծվում է քաղաքապետարանին առընթեր «Հյուսիսային պողոտա եւ կասկադ ծրագրերի իրականցման գրասենյակ» (ԾԻԳ) պետական հիմնարկը, որ 2004թ. հուլիսին անվանափոխվեց «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականցման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

2001 թ. հոկտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց 950 որոշումը. «Երեւանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու,  գնային առաջարկի ձեւավորման եւ իրացման կարգը հաստատելու մասին», որը լրացումն էր 645-ի։ Որոշմամբ հաստատված կարգի երկրորդ կետով Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող անձանց անշարժ գույքը գնելու, վերցնելու եւ իրացնելու աշխատանքները, գնային առաջարկներ անելը կազմակերպում է Երեւանի քաղաքապետը՝ ԾԻԳ-ի միջոցով, որը դառնում է իրացնող եւ լիազորվում է պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ։

Որոշման 5-րդ կետի համաձայն, սեփականատերերին պետք է տրվի վերցվող գույքի շուկայական արժեքը կամ այլ անշարժ գույք Երեւանի Կենտրոն թաղային համայնքում։

Սակայն այս կետը հազվադեպ է իրականցվել։ Մարդու իրավունքերի պաշտպանի 2005թ. արտահերթ զեկույցում օրինակ է բերվում, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (բոլոր գործերը քննվում էին այս դատարանում), 2003 թվի դեկտեմբերի 24-ի վճռով (նախագահող դատավոր՝ Հ. Հովհաննիսյան), բավարարել է ԾԻԳ կազմակերպության հայցը՝ Պուշկին փողոցի 11/4 հասցեի ընտանիքին պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ 92.3 քմ տարածքի դիմաց 23.660 դոլարի փոխհատուցմամբ վտարելու մասին:

Ընտանիքը պահանջել է կառավարության թիվ 950 որոշմամբ խոստացված կարգով իրեն տրամադրել այլ տարածք՝ վերցվողի փոխարեն, սակայն իրացնողն այդ պահանջը չի բավարարել: Դատարանը չի քննարկել մերժման պատճառները եւ վճռել է հարկադրել պայմանագիր կնքելու գնահատման ակտի համաձայն` «պատասխանողներին եւ տարածքն զբաղեցնող այլ անձանց վտարել Պուշկինի 11, բնակարան 4-ից»:

950 որոշմամբ պետք է տրվի նաեւ խրախուսման գումար նրանց, ովքեր 10 աշխատանքային օրվա ընթացքում կազատեն բնակարանը գնային առաջարկ ստանալուց հետո, չազատելու դեպքում պայմանագրով սահմանված գումարը նվազեցվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար մեկ տոկոսի չափով, 2002 թվի 1169-ն որոշմամբ՝ արդեն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 2%, մինչեւ սահմանված խրախուսման գումարի վերջանալը, իսկ 2004 թ. հունվարի 29-ի 57-ն որոշմամբ՝ իրացնողի կողմից գնային առաջարկ ստանալուց հետո, եթե սեփականատերը տարածքը չի ազատում 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա զրկվում է խրախուսման գումարից։ Այս որոշմամբ՝ մինչեւ 2001 թ. օգոստոսի 28-ը գրանցվածներին եւ նրանց անչափահաս երեխաներին տրամադրվում է աջակցություն՝ յուրաքանչյուր անձին 2000 դոլարին համարժեք դրամ, եւ այն հինգ օրվա մեջ ընդունելու դեպքում՝ նաեւ խրախուսման գումար 1500 դոլարին համարժեք դրամ։ Սակայն եղել են դեպքեր, որ բնակօգտագործողներին չեն տվել աջակցության գումար, ինչպես օրինակ՝ Բուզանդի 25 շենքի բնակիչ Ղասաբյանների ընտանիքի 4 անդամներին բնակարան օգտագործողներին հասանելիք 14 հազար դոլարը, որոնց աջակցություն ստանալու հայցը դատական ատյանները մերժել են։

Բնակիչների բողոքների ազդեցությամբ, 2005 թ. մայիսի 5-ին ընդունված 759-ն որոշումով՝ գրանցված անձանց տրվում է 2 մլն դրամ (մոտ 5000 դոլար) եւ խրախուսման համար՝ 1 միլիոն դրամ, ընդհանուր՝ մոտ 7000 դոլար։ Սակայն նեղանում է փոխհատուցում ստացող բնակօգտագործողների, հաշվառվածների (գրանցվածների) շրջանակը, բացառվում է աջակցության գումար տալ սեփականատիրոջը, նրա ամուսնուն կամ կնոջը, նրանց անչափահաս եւ չափահաս երեխաներին, որոնք դեռ իրենց ընտանիքը չեն կազմել, չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին։ Այս որոշմամբ՝ խրախուսանքը տրվում է, եթե սեփականատերը 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն. որ մեկ ամսվա ընթացքում կկնքի պայմանագիր։

Կառավարության 2004թ. մարտի 4-ի 399 որոշմամբ թույլատրվել է փոխհատուցման առաջարկում նախատեսել նաեւ իրացման գոտում սեփականատիրոջը տրամադրել կառուցապատման իրավունք առանց մրցույթի, ինչը սակայն երբեք չի կատարվել։ Բուզանդի 23 տան բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը, հենվելով այս որոշման վրա, դիմել է, որ իրեն թույլ տան կառուցապատել եւ մերժում է ստացել։

Կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի թիվ 1151-ն  որոշմամբ հաստատվում է Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության «կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները՝ 345 հազար քմ ընդհանուր մակերեսով», որի մեջ, ըստ հավելվածի, մտնում է Գլխավոր պողոտան՝ 71 հազար քմ-ով (Բուզանդի, Արամի, Կողբացու, Ամիրյան, Մաշտոցի, Սարյան փողոցներում)։ Մյուս գոտիների մեծ մասը դեռ չի օտարվել (բնակիչներից չի ազատվել)։

2004 թ. հունիսի 17-ին ՀՀ կառավարությունն ընդունում է թիվ 909 որոշումը՝ «Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին», որով «Էլիտ փրոջեքթ շին», «Գլենդել հիլզ», «Գրիար», «Ավանտուր», «Գապ բնակշին» ՓԲԸ-ներին եւ ՍՊԸ-ներին եւ Մելիք Գասպարյանին հողամասեր էին տրամադրվում Արամի, Ամիրյան, Բուզանդի փողոցների վրա։ Այս որոշման երկու տարբերակ գոյություն ունի, առաջինում նշված կազմակերպություններն են, երկրորդում նույն նշվածները բացառությամբ «Ավանտուրի», որի փոխարեն «Վիզկոն» կազմակերպությունն է։

2002թ. օգոստոսի 8-ի թիվ 1151-ն որոշման «գ» կետով՝ քաղաքապետին հանձնարարվել է լիցենզավորված կազմակերպությունների միջոցով կազմակերպել եւ իրականացնել բնակարանների գնահատման աշխատանքները։ Մարդու իրավունքերի պաշտպանի արտահերթ զեկույցում ասված է, որ «որոշման հենց այսպիսի ձեւակերպումն էլ հիմք է հանդիսացել վերցվող անշարժ գույքի միակողմանի (առանց սեփականատիրոջ մասնակցության) գնահատման եւ այդպիսի գնահատմամբ ձեւավորված գինը նրան պարտադրելու համար»։

2005թ. Կառավարության 759 որոշմամբ՝ վերցվող գույքը գնահատողը պետք է ընտրվի մրցույթով։ Իրացվող տարածքների անշարժ գույքը գնահատում էր ԾԻԳ-ի հետ պայմանգիր կնքած «Արթին էնթրփրայս» գնման գործակալություն ՍՊԸ-ն։

Մարդու իրավունքերի պաշտպանի արտահերթ զեկույցում ասված է, որ «Արթին էնթերփրայսը», ստանալով մենաշնորհային կարգավիճակ, գնահատել է վերցվող տարածքը եւ, գնահատման փաստաթղթերը սեփականատիրոջը չտրամադրելով, նրան զրկել է կատարված հաշվարկներին ծանոթանալու եւ իր առարկությունները ներկայացնելու հնարավորությունից: Իրացնողը ներկայացրել է գնային առաջարկ՝ այդպիսի հաշվարկներով կազմված գնահատմամբ. «Հիմնականում, սեփականատերերի կամ օգտագործողների առարկությունները կատարված գնահատման դեմ չեն քննարկվել, նրանց հետ բանակցություններ չեն վարվել, գնահատումները չեն վերանայվել, ներկայացված առարկությունները դիտվել են որպես հրաժարում պայմանագիր կնքելուց», եւ ԾԻԳ-ը հայց է ներկայացրել դատարան՝ պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ տարածքից, բնակարանից «թվարկված անձանց եւ տարածքն զբաղեցնող այլ անձանց» վտարելու պահանջով: Հաճախ դատարաններն իրենց վճիռները պարբերություններով copy-paste են արել ԾԻԳ-ի հայցերից։ Սեփականատերերը փորձել են դիմել եւ անշարժ գույքի այլ գնահատողներ բերել իրենց գույքը գնահատելու համար, սակայն բոլոր գնահատող կազմակերպությունները մերժել են՝ պատճառաբանելով, որ եթե գնահատեն, իշխանությունները կզրկեն իրենց լիցենզիայից։

ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի մեկի թիվ1169 որոշմամբ՝ վերցվող գույքի դիմաց տրվող փոխհատուցման գումարի մեջ մտնում են օրենսդրությամբ սահմանված հարկերը, որի հիման վրա բոլոր տեսակի փոխհատուցումներից պահվել է 10% եկամտահարկ։ 2005թ. 759 որոշման մեջ «գնել» բառը փոխարինված է «փոխհատուցել» բառով, իսկ փոխհատուցվող գումարից հարկեր չի պահվում։ 2006թ. Սահմանադրական դատարանի որոշումից հետո 10% վերցված հարկերը վերադարձվեցին։

Մարդու իրավունքերի խնդիրը

Մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագրով՝ մարդու հիմնարար իրավունքերից ու ազատություններից են սեփականության պաշտպանության, ընտանիքի համար բավարար կենսամակարդակի ապահովման եւ բնակարան ունենալու իրավունքները (հոդվածներ 17, 25)։

Հայաստանը 2002 թ. միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով՝ «Սեփականության պաշտպանություն», հաստատվում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար եւ օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով»։

1995 թ. ընդունված Հայաստանի Սահմանդրության 31 հոդվածով. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք։ Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այս իրավունքի իրականցման համար»։

28 հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք… Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով նախատեսված դեպքերում։ Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»։

Սահմանադրական դատարանը 1998թ. փետրվարի 27-ին որոշում ընդունեց, որ՝ «Անձի սեփականությունը Սահմանադրության 28-րդ հոդվածի նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից նրա սեփականության իրավունքը դադարացվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որով կհիմնավորվի օտարման բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը եւ կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության եւ պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու[22]։ Օրենքը միաժամանակ կպարտավորեցնի կառավարությանը, համապատասխան հաշվարկի հիման վրա, շուկայական գների հաշվառմամբ, կառավարության եւ օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ միջեւ բանակցությունների արդյունքի եւ վերջինիս գրավոր համաձայնության հիման վրա սահմանել փոխհատուցման չափը, որը սեփականատիրոջ կողմից ենթակա է վիճարկման»։

«Եւ Սահմանադրական դատարանի որոշմամբ յուրաքանչյուր սեփականատիրոջից սեփականությունը վերցնելու համար առանձին օրենք պետք է լինի։ Որոշումը պարտադիր է համարում հարցի կարգավորումը միմիայն օրենքով։ Մինչդեռ նման օրենք գոյություն չուներ,- ասում է Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանը,- Հետեւաբար այս վեճերը քննելիս դատարանները պարտավոր էին առաջ քաշել կառավարության որոշումների հակասահմանադրական հարցը, որը չի արել ոչ մի դատարան»։

ԾԻԳը սկսում է եւ հաղթում

Առաջին երկու տարին տարածքն իրացվում էր՝ առանց աղմկոտ բողոքների, բնակիչներին հիմնականում վճարում էին տարածքի կամ բնակարանի համար շուկայական գնին համարժեք գումար՝ քմ-ի դիմաց մոտավորապես 400-500 դոլար։

2004թ-ից իրավիճակը փոխվեց, մի կողմից անշարժ գույքի գները կրկնակի աճեցին, կենտրոնում դարձան 800-1000 դոլար, մյուս կողմից՝ ԾԻԳ-ը փոխեց իր ռազմավարությունը եւ սկսեց պարտադրել բնակիչներին նույնիսկ 400-300 դոլարից ցածր գներով կնքել առուվաճառքի կամ փոխհատուցման պայմանագիր։ Այս փոփոխության պատճառներից մեկն այն է, որ Կառավարության թիվ 645 որոշմամբ մինչև 2003թ. ԾԻԳ-ը պետական հիմնարկ էր՝ պետբյուջեից ֆինանսավորվող, 13 աշխատողով, ԾԻԳ-ի պետն ստանում էր 240 հազար դրամ(430 դոլար), ապա 2003-ին վերածվեց ինքնաֆինանսավորվող պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ 60 աշխատողով եւ պետի 1300 դոլար աշխատավարձով։ ԾԻԳ-ը պայմանագիր էր կնքում կառուցապատողի հետ, որ կառուցապատողը որոշակի տարածքն իրացնելու համար փոխանցում է որոշակի գումար, Իսկ ԾԻԳ-ը ազատում է տարածքը։ Այսինքն՝ կառուցապատողը եւ ԾԻԳ-ը պայմանագիր են կնքում երրորդ անձի իրավունքների վերաբերյալ, եւ կառուցապատողը ստանում է  երրորդ անձից ազատված տարածքը։ ԾԻԳ-ը այսպիսով իրացնում է տարածքը՝ կառուցապատողի հաշվին, պայմանգրով պարտավորվում է պաշտպանել կառուցապատոեղի շահերը դատարանում: Գույքը գնահատելուց հետո կառուցապատողը գնահատող կազմակերպության ներակայացրած գինը փոխանցում է ԾԻԳ-ին, եւ ԾԻԳ-ն էլ վճարում սեփականտիրոջը եւ բնակարան օգտագործողին:  Այսպես, 2004 թվի փետրվարի 2-ի ԾԻԳ-ի եւ «Գրիարի» միջեւ կնքված պայմանգրով «Գրիարը» 240 հազար դոլար վճարել է ԾԻԳ-ին` 8000 քմ տարածքը իրացնելու ծախսերի համար։

Սակայն կան դեպքեր, ինչպես նշված է Պաշտպանի արտահերթ զեկույցում, երբ իրացնում է տարածքը կառուցապատողը. «իրացնողը՝  ԾԻԳ-ը, կնքելով կառուցապատողի հետ նախնական պայմանագիր, նրան զիջել է տարածքը երրորդ անձի իրավունքներից ազատելու իրավունքը՝ նախնական երկկողմ պայմանագրով պարտականություններ ստեղծելով պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ անձանց համար։ Կառուցապատողը, որի միջոցների հաշվին պետք է իրականացվի տարածքի իրացումը, դարձել է սեփականատերերի եւ օգտագործողների իրավունքները ցանկացած ճանապարհով սահմանափակելում շահագրգիռ անձ։ Այդպես ԾԻԳ-ի փոխարեն բնակիչների եւ սեփականատերերի հետ պայմանգիր էին պարտադրում ստորագրել «Վիզկոնը» եւ Մելիք Գասպարյանը (տես` Վարդունու պատմությունը)։

2004-ի հունվարին Պուշկինի, Կողբացի եւ հարակից այլ փողոցների բնակիչները ստացան ծանուցում ԾԻԳ-ի գնային առաջարկի մասին, որտեղ նշված էր թե տունը գնահատված է, ինչքան է գնահտված, որ գնային առաջարկից հրաժարվելու դեպքում սեփականատերը կորցնում է խրախուսման գումարը եւ հրավիրվում էին ԾԻԳ պայմանագիր կնքելու։ Բնակիչները բորբոքված գնում էին ԾԻԳ ու հարցնում, թե ով է այսպես գնահատել իրենց բնակարանները, իրենք համաձայն չեն։ Ինչպես ասում է Իրինա Եդիգարյանը, իրենց պատասխանում էին՝ եթե համաձայն չես, կվտարվես բնակարանից՝ առանց խրախուսման գումարն ստանալու, դատարան դիմես՝ կպարտվես, դատարանները մերն են, եւ որ այս ամենն իրագործվում է հանրապետության նախագահի հանձնարարությամբ:

Փորձը ցույց է տալիս, ինչպես նկարագրված է վերևում, որ այդպես էր լինում, եթե չէին համաձայնում ԾԻԳ-ի առաջարկին, զրկվում էին խրախուսող գումարից, ԾԻԳ-ը դիմում էր դատարան, եւ դատական երեք ատյանները վտարման որոշումներ էին կայացնում, որից հետո Դատական ակտերի հարկադիր կատարողները, ոստիկանության հսկողության տակ, դուրս էին շպրտում բնակիչներին, նրանց կահ-կարասին լցնում բեռնատարերը. եթե վտարվածը տեղ ունենում էր, ապա բեռները տեղափոխում էին նրա տեղը, եթե ոչ՝ ԴԱՀԿ-ի տարածք։ Վտարված բնակիչների վկայությամբ՝ նրանց սկզբից ԾԻԳ-ի աշխատակիցները զգուշացրել են, որ դատարան չդիմեն, քանի որ դատարաններին հրահանգված է վտարման որոշումներ կայացնել։

Դեռեւս ոչ մ ի դատական վճիռ հօգուտ բնակիչների չի եղել։ Փաստաբան Արթուր Գրիգորյանն է ասում.«Դատարանը եղել է ԾԻԳ-ի որոշումների վրա կնիք դնելու գործիք»։

Սահամանդրական դատարանի որոշումը` եւ նրա անզորությունը

Մարդու իրավունքերի ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումի արդյունքում, 2006թ. ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանը 11 էջից բաղկացած ՍԴՈ-630 որոշումով հակասահմանադրական համարեց այն օրենքները (քաղաքացիական օրենսգրքի 218, հողային օրենսգրքի 104, 106, 108 հոդվածները), որոնց հիման վրա ընդունվել էին կառավարության որոշումները եւ կառավարության 1151-Ն որոշումը, որոնց հիման վրա վտարել են Կենտրոնի բնակիչներին[23]:

ՍԴ-ն արձանագրեց, որ միջազգային պրակտիկայում սեփականության օտարման համար հիմք են պետության եւ հասարակության այնպիսի կարիքները, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, օդանավակայանների, հանրային տարաբնույթ նշանակության այլ ենթակառուցվածքների, պաշտպանական նշանակության օբյեկտների շինարարությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, բնակավայրերի կառուցապատման ծրագրերի իրականացումը։

Որոշումով հակասահմանդրական նորմերը ուժը կորցրած են ճանաչվում ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը։ Սակայն, բացի սեփականատերերից պահված 10% հարկերը վերադարձվելուց, ՍԴ որոշումը որեւէ կերպ չշտկեց վտարված բնակիչների իրավունքները։

Դատարանների վճիռներով վտարված մի քանի բնակիչներ, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, դիմեցին վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններ, քանի որ ՍԴ-ի որոշումները քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատարանների վճիռները վերանայելու հիմք են հանդիսանում, սակայն բոլոր հայցերը մերժվեցին։ Սեդրակ Բաղդասարյանի հայցը վերաքննիչ դատարանը մերժեց այն հիմնավորմամբ, թե հայցը ներկայացնելու ժամանակ (հայցը քննվել է օգոստոսի 23-ին) դեռեւս հակասահմանադրական ճանաչված օրենքները ուժի մեջ են եղել եւ գործել են մինչեւ հոկտեմբերի մեկը[24]։ Իսկ վճռաբեկը արդեն հոկտեմբերի մեկից հետո, նոյեմբերին, մերժել է մի քանի հայցեր, մասնավորապես Իրինա Եդիգարյանի հայցը՝ օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանույթամբ, սակայն չի պարզաբանում, թե ինչում չի համապատասխանում[25]։

Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է «Պատական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանը, որ կառավարության 1151-Ն որոշումը կառավարությունը անվավեր է ճանաչել[26],սակայն անվավեր ճանաչման որոշում գոյություն չունի։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անվավեր ճանաչված իրավական ակտի մասին իրավական ակտով կարող են լուծվել անձանց խախտված իրավունքները ճանաչելու, անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու եւ անվավեր ճանաչելու հետեւանքով պատճառված վնասները հատուցելու հարցեր։

2006թ. նոյեմբերի 27-ին Ազգային ժողովն ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, որտեղ պետության բացառիկ գերակա շահ է համարվում նաեւ քաղաքաշինությունը, որը չկա ՍԴ որոշման մեջ։ Այսինքն՝ բնակարանային եւ շինարարական բիզնեսը օրենքով դառնում է բացառիկ գերակա հանրային շահ։ Օրենքի հոդված 18 Անցումային դրույթներում ընդունվում է.«եթե մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կարիքների համար սեփականությունը վերցնելու մասին կառավարության որոշումն ընդունվելուց հետո տվյալ հողամասը վերցնելու կամ այդ հողամասի մասով հողահատկացում կատարելու մասին կայացվել է որոշում եւ օտարվող սեփականատերն ընդունել է կառավարության սահմանած կարգով տրված գնային առաջարկը, կամ կնքվել է տվյալ սեփականության օտարման մասին պայմանագիր, ապա տվյալ սեփականության օտարման դիմաց փոխահատուցումը կատարվում է կառավարության սահմանած փոխհատուցման կարգով կամ կնքված սեփականության օտարման մասին պայմանգրին համապատասխան» /ավելի պարզ լեզվով գրել/։ Այսինքն՝ հակասահմանադրական ճանաչված օրենքներով եւ կառավարության որոշումով սեփականատերերից վերցված տարածքներն ու շինությունները այս օրենքով կրկին օրինականցվում են։ ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության նախաձեռնությամբ, 27 պատգմավորների ստորագրությամբ  դիմում տրվեց ՍԴ՝ օրենքի Սահմանադրության համապատասխանությունը պարզելու համար։ Սակայն պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը մայիսի սկզբին հետ վերցրեց ստորագրությունը: Այդպիսով անհրաժեշտ 1/5-ը չհավաքվեց, եւ դիմումը չքննվեց[27]։

2007թ. հունվարին ՍԴ-ն տարածեց հաղորդագրություն[28]՝ արձանագրելով, որ ՍԴ որոշմամբ տրված ժամկետում (մինչեւ 2006 թ. հոկտեմբերի 1-ը) Կառավարությունը եւ Ազգային ժողովը անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ չկատարեցին՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու եւ նրանց սեփականության իրավունքի երաշխավորման ու պաշտպանության արդյունավետ նախապայմաններ ստեղծելու համար, իսկ ԱԺ-ի կողմից ընդունված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության մասին» օրենքում ՍԴ որոշման իրավական դիրքորոշումների հարցին չի կարող անդրադառնալ, քանի որ ՍԴ մասին օրենքը թույլ չի տալիս։

2007թ. ԱԺ ընտրություններին չկարողացան մասնակցել Բուզանդի փողոցից վտարված 32 քաղաքացի, քանի որ նրանք վտարվելու հետևանքով ոչ մի տեղ հաշվառված չեն, թեեւ հաշվառումից հանված են, սակայն անձնագրային գրանցումով բնակվում են իրենց՝ արդեն գոյություն չունեցող շենքերում։ Հաշվառման մեջ չլինելով` նրանք չեն կարողանում սոցիալական նպաստ ստանալ, թոշակի անցնել, անձնագրային տարիքի հասածները` անձանգիր ստանալ:

ՍԴ որոշումից երկու ամիս անց, 2006թ. հունիսի 16-ին կառավարությունը ընդունում է N 956-Ա որոշումը` հիմնվելով հակասահմանդրական ճանաչված 1151-Ն որոշման վրա, որով Երեւանի քաղաքապետին թույլատրվում է Երեւանի 33-րդ (Ֆիրդուսի փողոցի մերձակայք) թաղամասում բնակարանային եւ հասարակական նշանակության ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով 50476. 55 քմ տարածքի իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի գնման նախապատվության իրավունքը տալ «Սիթի սենթր դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը։

2007 թ. հունվարի 25-ին կառավարությունը ընդունում է 108-Ն «Երեւան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը եւ նկարագրության արձանագրության օրինակելի ձեւը հաստատելու մասին» որոշումը՝ հիմնված «Հասարակության եւ պետության կարիքների համար  սեփականության օտարման մասին» օրենքի վրա։

Նոր ընդունված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության մասին» օրենքն արդեն ակնհայտ խախտված է, քանի որ, ըստ օրենքի, հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության, սակայն որոշումով օտարվում է գույքը՝ նաեւ հօգուտ յոթ անհատ ձեռներեցների։ Որոշումով 34 անհատների եւ կազմակերպությունների բնակեցված տարածքներ են տրվում  կառուցապատման համար։ Ցանկով արձանագրված են հարյուրավոր բնակարաններ, որոնք պիտի օտարվեն։

Ֆիրդուսի փողոցի տարածքի 45 սեփականատեր 2007թ. մարտի 20-ին դիմել են դատարան՝ ՀՀ կառավարության թիվ 108-Ն որոշումը «Երեւան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը եւ նկարագրության արձանագրության օրինակելի ձեւը հաստատելու մասին» անվավեր ճանաչելու դիմումով, դատավարությունը հինգերորդ ամիսն է, ինչ չի ավարտվել։


[1]Ըստ հեղինակին ուղղված Երեւանի քաղաքապետարանի 31.օգոստոսի 2007թ., 38/01-1185 նամակի։

[2] Սովետական Միության փլուզումից հետո քաղաքացիներին հնարավորություն տրվեց սեփականշնորհել իրենց պետական եւ այլ անօրինական բնակարանները

[3] «Հայկական ժամանակ», «Երբ ամեն ինչ վերջացած է», 7 սեպտեմբեր, 2005թ., 3 հունիս, 2006թ.։

[4] Դատարանի որոշումները հարկադրաբար կատարող մարմին

[5] 2001 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի կառավարության «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» ընդունած N 645 որոշումով Երեւանի քաղաքապետարանին կից ստեղծված մարմին, որն լիազորված է կառուցապատման գոտին ազատել բնակիչներից եւ հանձնել ներդրորղներին։ Երեւան քաղաքը չունի ներկայացուցչական մարմին, հանրապետության նախագահի կողմից նշանակված քաղաքապետը ենթակա է կառավարությանը, հետեւաբար քաղաքապետարանը չունի լիազորություն նման կառույցներ ստեղծելու։  Կառավարությունը իր տարբեր ծրագրերի իրականացման համար ստեղծում է ԾԻԳ-եր։

[6] Հայցը վարույթ ընդունելուց հետո առաջին քայլն է, երբ դատարանը հարցեր է ուղղում պատասխանող կողմին, այն երկրի կառավարությանը, ում դեմ բողոք է ստացվել։

[7] Սովետական Միությունում 30-ական թվերը Ստալինյան ռեպրեսիայի տարիներն էին, երբ անմեղ մարդկանց քաղաքական սարքովի մեղադրանքներով, որակելով ժողովրդի թշնամի ձերբակալում կամ գնդակահարում էին։ Ռեպրեսիաների խորհրդանշող թիվը դարձավ 37-ը, քանի որ այդ թվին եղան ամենազանգվածային ձերբակալումները եւ  գնդակահարեցին բազմաթիվ անվանի մտավորականների։

[8] Հայաստանի ազգային արխիվ, 04.02.04, N11-20/16 եւ 12.02.2004, N 112

[9] Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան, Գործ 2-5121-04թ

[10] «Առավոտ», սեպտեմբերի 10, 2005թ.

[11] Քանի դեռ վիճահարույց տարածքի վերաբերյալ առաջին ատյանի որոշումը բողոքարկված է վերին ատյաններ(վերաքննիչ եւ վճռաբեկ) եւ այն դեռեւս ուժի մեջ մտած չէ, իրականացման ենթակա չէ։

[12] 1988 թվականին Սովետական Ադրբեջանի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզսովետը որոշում ընդունեց դուրս գալ Ադրբեջանի կազմից, որի պատճառով սկիզբ առավ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ Ադրբեջանից Հայաստան գաղթեցին մոտ 350 հազար փախստական:

[13] 1949 թվի ապրիլին Կոմունիստական կուսակցության քաղբյուրոն որոշում էր ընդունել, դաշնակցականներին Վրաստանից արտաքսելու մասին (Ïîëèòáþðî ÖÊ ÐÊÏÁ-ÂÊÏÁ ïîâåñòêè äíÿ çàñåäàíèé, òîì 3, Ìîñêâà 2001) , իսկ մայիսի 29ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը նախագահ, Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխվոր քարուղար Իոսիվ Ստալինի ստորագրությամբ ընդունել է խիստ գաղտնի  «Վրացական Հայկական եւ Ադրբեջանական խՍՀՄ-ներից, ինչպես նաեւ սեւ ծովի առափնյա տարածքներից արտաքսվողների տեղափոխության վերաբնակեցման եւ աշխատանքի տեղավորման մասին» 2214/856 որոշումը հայերին աքսորելու մասին, իսկ դրա նախորդ օրը մայիսի 28-ին Պետական անվտանգության նախարարությունը ընդունել էր հրահանգ որոշումն իրականացնելու մասին(Ամատունի Վիրաբյան «Հայաստանը Ստալինից մինչեւ Խրուշչով», Երեւան 2001, էջ 167)։ Հայ հեղափոխական Դաշնակցությունը հայկական կուսակցություն է, որ հիմնադրել է 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը, Սովետական կարգեր հաստատվելուց հետո վերացվել է: Արդեն 1921 թվականից դաշնակցկականներ չկային Սովետական Միությունում: այս որոշումները դաշնակցության դեմ պայքառի անվան տակ նպատակ ունեին հայկական բնակչությունը քչացնել հարավային Կովկասիում:

[14] Նույնը:

[15] 1915 թվականաին Թուրքիայում իրականացվեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը, փրկվածների մի մասը գաղթեց Հայաստան:

[16]«Ազգ»11, հունիսի, 2005

[17] «Առավոտ», 1,հունիսի,2005

[18] www.ombuds.am , Տարեկան զեկույց 2004թ., Հայաստանի հանրապետության մառդու իռավունքների պաշտպանի գործունեության եւ հիմնարար ազատությունների խախտման մասին, Երեւան 2005թ.

[19] Տարեկան զեկույց 2005թ., Հայաստանի հանրապետության մառդու իռավունքների պաշտպանի գործունեության եւ հիմնարար ազատությունների խախտման մասին, Երեւան 2007թ.

[20] 30 ական թվերին քաղաքական բանտարկյալներին չէին դատում, նրանց նկատմամբ վճիռները ընդունում էին երեք հոգուց բաղկացած եռյակները տռոյկա, աքսորելուց մինչեւ գնդակահարություն:

[21] «ԻՐՏԵԿ» էլեկտրոնային գրադարան, հետագա բոշոր որոշումները այստեղից են վերցված։

[22]www.concourt.am

[23] նույն տեղը

[24] ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, գործ թիվ 05-1306

[25] ՀՀ վճռաբեկ դատարան, քաղ. գործ թիվ 3-2339(ՎԴ)2006թ.։

[26] ՀՀ արդարադատության նախարարություն, 13.08.2007թ., N ե4319

[27] Սահմանդրության պահանջով Սահմանդրական Դատարան կարող է դիմել միայն պատգամավորների մեկհինգերորդը, առնվազն 27 պատգամավոր

[28] www.concourt.am

2007թ., օգոստոս-նոյեմբեր

Entry filed under: հոդված. Tags: , , , .

Առանց ընտրության Վերադարձ Չեչնիա. փոթորիկները քնեցվում են, բայց չեն մեռնում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: