Եվրոպայից հեռու մի աշխարհ. Պանկիսի կիրճը այլ կերպ է ներկայացնում Վրաստանը

06.06.2008 at 00:00 Оставьте комментарий

Դեռ Երևանում Թբիլիսիից զգուշացրել էին, որ Պանկիսի մեկնելիս կանայք պետք է գլխաշոր կապեն և հագնեն երկար շրջազգեստ։ Տարօրինակ էր, որ Եվրամիություն ձգտող Վրաստանում կա մի հատված, որտեղ կանայք խստորեն ենթարկվում են կրոնական և նահապետական բարքերին։

IWPR-ի Համակովկասյան լրագրողների ցանցի ծրագրով Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի մի խումբ լրագրողներ մեկնեցին` մինչև վերջերս միջազգային տեռորիզմի և ավազակաորջ հանդիսացող Պանկիսի կիրճ։

Կիրճի բնակիչներ քիստիները վայնախյան ժողովուրդների (չեչեններ և ինգուշներ) մի հատվածն են, որոնք միայն բարբառային նրբերանգով են տարբերվում չեչեններից ու մաս են կազմում չեչենական տեյպերի (ցեղային տոհմական կառույց)։

Վրացի լրագրողուհի Էկա Դանաշիան ասում էր, որ միայն 90-ականների վերջին է իմացել, որ քիստիները վրացի չեն։ Վրացական «շվիլի» վերջավորությամբ 8 հազար բնակչությամբ ժողովուրդը իր վայնախ լինելը լայն հանրության համար «մատնեց» հատկապես չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում, երբ չեչեն փախստականներին ու ռազմիկներին սրտաբաց ընդունեց իր գյուղերում։

Գումաշվիլին պատմում է, թե ինչպես են քիստիները հայտնվել կիրճում

Թբիլիսիից մոտ 200 կմ դեպի հյուսիս գտնվող Ախմեթի շրջանում գլխաշորով կանանց տեսնելիս իմանում ես, որ մուտք ես գործել քիստիների գյուղ։ Մի քանի ժամ տևող այցի ընթացքում հորդառատ անձրևի պատճառով չհաջողվեց ճաշել Ջոկոլո գյուղում` տարածքի միակ քրիստոնեական եկեղեցու բակում, և ստիպված հյուրընկալվեցինք Դուիսի գյուղի մի ընտանիքում։

Կախեթի ռեգիոնի ղեկավարի նախկին տեղակալ Զաուր Գումաշվիլին ներկայացրեց քիստիների պատմությունը, որոնք 19-րդ դարի կեսին, լեռներից իջնելով, վերաբնակվել են Պանկիսիում։ Նրանց հիմնական զբաղմունքը եղել է թալանը, պարբերական հարձակումներով հարթավայրի բնակչությանը ահաբեկում էին` թալանելով նրանց ունեցվածքը, առևանգելով կանանց և երեխաներին։

Գումաշվիլին ցույց է տալիս դիմացի սարը, որտեղ վրացի իշխան Իվանեցին և քիստի առաջնորդ Ջոկոլան եղբայրանալու ծես են կատարում` երդվելով միմյանց հավատարիմ լինել, որի արդյունքում ավազակային հարձակումներից բնակչությունից զրկված Պանկիսիի կիրճը 1830-ականներին տրվում է քիստիներին` հողագործությամբ զբաղվելու ու ավազակությունը վերջ տալու համար (պատմությունն արտացոլված է 19-րդ դարի վրացի պոետ Վաժա Փշավելու գործերում: Հետագայում սրա հիման վրա վրացի ականավոր կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարահանեց «Աղերս» ֆիլմը)։

Սակայն քիստիներն ավելի վաղ ժամանակներում են հաստատվել Վրաստանում:

Գումաշվիլին ասում է, որ ինքը 1760 թվին եկած քիստիների սերնդից է, որոնց հողեր են տրվել վրաց թագավորի կողմից` պատերազմում Վրաստանը խիզախորեն պաշտպանելու համար։

Քիստիները, արտաքուստ ենթարկվելով պետական կառույցներին` ամուր պահպանել են իրենց ավանդական կառավարման համակարգը՝ ավագների խորհուրդը, որը որոշում է համայնքի բոլոր հարցերը ու իր դատավճիռ է արձակում` անկախ պետական դատարանի որոշումներից։

Գումաշվիլին ասում է, որ ոստիկանությանը իրենք չեն խանգարում, և եթե քիստին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ապա ազատվելուց հետո պարտավոր է իրենց դատարանի առաջ էլ կանգնել։ Լինում են դեպքեր, որ կողմերին հաշտեցնելու դերակատարություն ունեցող քիստիների դատարանը նախորդում է պետականի որոշմանը։ Ամենամեծ պատիժը համայնքից արտաքսումն է։ Ավագների խորհուրդը վերջերս ստացել է պետական գրանցում` որպես հասարակական կազմակերպություն։

Խորհրդային իշխանության փլուզումից ի վեր Պանկիսին սկսեց չենթարկվել կենտրոնական իշխանությանը, երբ «Վրաստանը` վրացիներին» կարգախոսով ազգայնականները, հանձինս «Մխեդրիոնի» զինված միավորման, զենքի ուժով փորձեցին տեղահանել այլազգիներին։ Օսերը հեռացան, բայց քիստիներին տեղահանելու փորձերը ձախողվեցին։

Չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում չեչեն փախստականների հետ եկան չեչեն, արաբ մարտիկներ ու ավազակներ։ Կիրճը վերածվեց մարդկանց առևանգող, թմրանյութի առևտրով զբաղվող խմբերի և տեռորիստների բնակավայրի, և Պանկիսի անունը հայտնվեց լրատվամիջոցների ամենագլխավոր լուրերի մեջ։

2002 թվականին ամերիկացի հրահանգիչների օգնությամբ Վրաստանի իշխանությունները ռազմական գործողություններ սկսեցին Պանկիսիում, իսկ ավազակախմբերից մաքրազերծումը ավարտեց Սահակաշվիլին։

Սակայն անիշխանական վիճակից ոչ բոլոր քիստիներն են դժգոհ։ Դուիսիի բնակիչ Շիրվանը և իմամ Ամուր Խանջուշվիլին ասում են, որ իրենց չէր ճնշում իշխող վիճակը։

Վտանգը ավելի շատ վերաբերում էր օտարներին։ Լրագրողներին բերող վարորդ Նորիկը Դուիսի երկրորդ անգամ է գալիս, առաջինը 1999 թվին էր, երբ տաքսիով ուղևոր բերելուց հետո ընկավ ավազակների ձեռքը:

«Հետ գալուց հետևիցս մեքենա էկավ, նշան արեց՝ կանգնցրու, չկանգնա, մեկ էլ ավտոմատի լուլեն հանեց, կանգնեցի։ Երեք հոգի՝ մեկը ավտոմատով, մյուսները պիստալետներով, իջան։ Ասին փողերդ տուր, տվեցի մոտինս:

Սկսին ավտոմատի կոթով ծեծել, փող էին ուզում. «էկել ես դեղի, ուրեմն փող ունես» (կարծում էին` նարկոտիկ առնելու եմ էկել): Հետիս էրեխին էլ տվին ձեռը ջարդին: Ասում եմ` «Սաղ փողս ձեռիցս առաք», ասեց. «թե չտաս` կսպանենք» ու ավտոմատի լուլեն կոխեց բերանս, որ կրակի»:

Նորիկն ասում է, որ գյուղ բերած իր ուղևորը փրկեց իրեն։ Բայց այդ դեպքից վարորդը շաքարախտով հիվանդացել է։

Չեչնիայից եկան նաև վահաբիստներ, որոնք մտցրեցին երրորդ օրենքը՝ շարիաթը, սակայն ավագների խորհրդի հետ հակամարտության արդյունքում շարիաթը նահանջեց։ Այդուհանդերձ, Դուիսիում գործում է վահաբիստների մզկիթը։

Մարտնչող իսլամական այս ուղղությունը արմատախիլ են անում Ռուսաստանում և Ադրբեջանում։ Անցյալ տարի Մախաչկալայում եղածս երկու օրերին ոստիկանությունը մի քանի վահաբիստ էր սպանել։ Իսկ Դուիսիի մզկիթի մոտ հավաքված մորուքավոր երիտասարդները (վահաբիստների հատկանիշներից մեկն է մորուք պահելը) ավելի հանգիստ են Վրաստանում։

Մզկիթի մուտքի մոտ երիտասարդ հավատացյալը բարձրաձայն քարոզում էր, որից միայն երկու բառ էր հասկացվում` «ճշմարիտ» (վրացերեն այս բառը նույնությամբ արտասանվում է և նույն իմաստն ունի) և «Ալլահ»։

Իսկ մյուսները ստուգում էին, որ մզկիթ մտնելուց առաջ կանայք գլխաշորով ծածկեն ամբողջ գլուխը (միայն դեմքը կարող է երևալ)։ 25-ամյա իմամ Ամուրն ասում է, որ գնալով շատանում են հավատացյալները, մանավանդ երիտասարդների շրջանում, և ուրբաթ օրերին մզկիթում մոտ 300 հավատացյալ է աղոթում։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

The Soviet Patient: “My Heart is Black without a Grease-Paint” A World Away from Europe: Pankisi gorge shows another face of Georgia

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: