Հավատքի պատճառով ճաղերի հետևում. Եհովայի վկաները իրենց հալածված են զգում` չնայած այլընտրանքային ծառայության մասին օրենքի գոյությանը

25.07.2008 at 00:00 12 комментариев

Սմբատյանը բանտարկվել է կրոնական համոզմունքների պատճառով ծառայությունից հրաժարվելու համար

18-24 տարեկան 66 երիտասարդներ իրենց պատիժն են կրում «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում (գաղութում) այն բանի համար, որ հրաժարվում են ենթարկվել զինվորականության հրամաններին։

Նրանք Եհովայի վկա են, որոնց կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս բանակում ծառայել, և որոնք դատապարտվել են քրեական օրենսգրքի 327 հոդվածով զինվորական ծառայությունից խուսափելու համար ( 12-ն էլ իրեց պատիժն են կրում Արթիկի գաղութում)։ Անկախ Հայաստանում 364 Եհովայի վկա դատապարտվել է զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։

«Մենք պատրաստ ենք ծառայել միայն այլընտրանքային քաղաքացիական ծառայությունում,- «Էրեբունի» գաղութ այցելած «ԱրմենիաՆուի» թղթակցին ասել է տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ 23-ամյա Կարեն Սմբատյանը, որ պատիժը կրում է նույն համալսարանի շրջանավարտ եղբոր՝ 24-ամյա Մկրտիչի հետ,- պատրաստ ենք կատարելու այլընտրանքային ծառայություն, եթե դա լինի միայն քաղաքացիական»։

2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս պարտավորվեց ազատ արձակել կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողներին և ընդունել օրենք այլընտրանքային ծառայության մասին։ Սակայն Եհովայի վկաները, որոնք զինվորական ծառայությունից հրաժարվող միակ հավատացյալներն են, բանտերից չազատվեցին։

Իսկ 2004 թվականին այլընտրանքային ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 22 Եհովայի վկաներ և մեկ մոլոկան ծառայության մեկնեցին հիվանդանոցներ և ինտերնատներ` որպես սանիտարներ, սակայն հինգ ամիս անց հրաժարվեցին ծառայությունից, քանի որ այն պաշտպանության նախարարության վերահսկողության տակ էր և ենթարկվում էր զինվորական ոստիկանության հրամաններին։ 15 հոգի դատապարտվեցին դասալքության և ծառայության վայրը լքելու մեղադրանքով 2-3 տարվա ազատազրկման: Նրանք մոտ 7 ամիս մնացին բանտերում, և հետևողական պայքարի շնորհիվ (դիմել էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղական դատախազությունները միջնորդեցին դատարաններին հետ ուղարկել գործերը նախաքննության, իսկ գլխավոր դատախազությունը կարճեց դրանք` հանցակազմի բացակայության համար:

Այժմ իր զինվորական բնույթի պատճառով այլընտրանքային ծառայության ոչ ոք չի մեկնում: Եվրոպայի խորհուրդը 2007 թ. հունվարի 23-ի թիվ 1532 բանաձևով կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերանայելու այլընտրանքային ծառայության մասին օրենքը` համաձայն Եվրախորհրդի փորձագետների առաջարկների, որոնք մշակվում են, իսկ մինչ այդ ներում շնորհել կրոնական հայացքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված դատապարտյալներին:

«Մենք զղջում ենք, որ մեր ժամանակը այստեղ է անցնում։ Բայց մենք չենք զղջում, որ հրաժարվում ենք զենք վերցնել…»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնում է, որ, հաշվի առնելով այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման հետ կապված Եհովայի վկաների բազմաթիվ բողոքները, որոշ միջազգային իրավապաշտպան կառույցների մտահոգությունները, ինչպես նաև ԵԽԽՎ թիվ 1361 (2004) 1 և թիվ 1532 (2007) բանաձևերը, իր հանձնարարությամբ այս ոլորտում ուսումնասիրություններ են կատարվում և կդիտարկվի օրենքում համապատասխան փոփոխություններ առաջարկելու հնարավորությունը:

Այժմ ոչ ոք չի մեկնում այլընտրանքային ծառայության զինվորական բնույթի պատճառով:

Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում ծառայությունից հրաժարվող հավատացյալների վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև վատթարացավ։ 2 տարի առաջ գաղութում նրանց թիվը մոտ 20 էր, իսկ այսօր` 3 անգամ ավելի։ Ոչ թե հավատացյալներն են շատացել, այլ անազատության ժամկետներն են երկարել։ Մինչև 2006 թ. նրանք դատապարտվելուց հետո կրում էին իրենց պատժի մեկ երրորդը ու վաղաժամկետ ազատվում (օրինակ՝ 1 տարվա դատապարտվածը 3,5 ամիս նստելուց հետո որպես կարգապահ կալանավոր դատարանի վճռով ազատվում էր)։ Սակայն 2006 թ. սեպտեմբերին կառավարության որոշմամբ դատապարտյալին վաղաժամկետ ազատելու նոր կարգ մտցվեց, որից հետո այլևս ոչ մի Եհովայի վկա վաղաժամկետ չի ազատվել։ «Էրեբունու» ամենաերկար դատապարտյալը` 2 տարի 3 ամիս այստեղ գտնվող (դատապարտվել է երկու տարի վեց ամիս ազատազրկման) 21-ամյա Սամվել Դավթյանը, հիշում է, որ վերջին մեկ/երրորդով ազատվողը եղել է 2006 թ. սեպտեմբերի սկզբին։

Ըստ կառավարության այդ որոշման` կալանավայրերի վարչական հանձնաժողովները դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակման ներկայացնում են նորաստեղծ անկախ հանձնաժողովին, որի դրական որոշումից հետո` դատարան։ Վարչական հանձնաժողովները դադարեցին ներկայացնել նրանց անկախ հանձնաժողով։ Կալանավորներն ասում են, որ իրենց հավատակիցներից 5-ի գործերը հասել են անկախ հանձնաժողով և մերժվել։ Կալանավայրի ղեկավարությունը Եհովայի վկաներին չներկայացնելը հիմնավորում է, որ նրանք չեն զղջում իրենց արարքի համար։

«Եհովայի վկաներն աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ, հանցածին հակումներ չեն դրսևորում, բացասական մտածելակերպ չունեն, առողջ ապրելակերպ ունեն, բայց ամեն դեպքում ազատ արձակման միջնորդություն ներկայացնելու հիմքը զղջալու հանգամանքն է»,- ասում է ջոկատի պետ Արտակ Դավիդյանը, որ 2-րդ տարին է` աշխատում «Էրեբունիում»։

Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Մարգարյանը երկրորդ ամիսն է` աշխատում այստեղ և ասում է, թե տեղյակ չէ` ինչպես են նախկինում Եհովայի վկաները վաղաժամկետ ազատվել. «Ես անալիզ չեմ արել և չգիտեմ, թե 2006 թվականից հետո ինչ է փոխվել։

Վաղաժամկետ ազատում են՝ ով զղջում է իր կատարածի համար, Եհովայի վկաներից ոչ ոք չի զղջացել»։

66 դատապարտյալներից ոչ ոք չի պատրաստվում զղջալ. «Մենք զղջում ենք, որ մեր ժամանակը այստեղ է անցնում։ Բայց մենք չենք զղջում, որ հրաժարվում ենք զենք վերցնել, որ չենք ուզում զինվորականությանը ենթարկվել»,- ասում է Կարեն Սմբատյանը։

Եթե 3 տարի առաջ Եհովայի վկաները դատապարտվում էին 1-1,5 տարվա ազատազրկման, ապա այժմ պատիժը խստացվել է, և դատապարտվում են 2-ից ավելի։

Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ 22-ամյա Վահե Մուսայելյանին, որ 1 տարի 8 ամիս նստած է, առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման, սակայն դատախազության բողոքարկումից հետո վերաքննիչը նրա պատիժը դարձրել է 2 տարի 6 ամիս։ Մկրտիչ Սմբատյանը դատապարտվել է սկզբում 1 տարի 10 ամիս, դատախազության բողոքարկումից հետո պատիժը դարձել է 2 տարի 6 ամիս, իսկ վճռաբեկը նույնն է թողել դատավճիռը։

Միայն մեկը հիվանդության պատճառով ստացել է 1 տարի։ Հինգ մարդ ստացել են առավելագույն պատիժը՝ 3 տարի (հոդվածը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում)։

Եհովայի վկաների նկատմամբ պատիժների խստացումը Մարդու իրավունքների պաշտպանը չի մեկնաբանում` բացատրելով, որ, ըստ օրենսդրության, Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին:

Եհովայի վկաները մնում են եռահարկ կացարանի 3 բարաքներում։ Առաջին հարկի բարաքում, ուր եղավ «ԱրմենիաՆաուի» հետ հանդիպումը, 25 քմ տարածք է, ապրում են 18 մարդ, երբ, ըստ կարգի, պետք է լինեն 6-8 (ըստ միջազգային ստանդարտի` յուրաքանչյուր դատապարտյալին հասնում է 4 քմ տարածք)։ Հիմնարկի պետ Մարգարյանը ընդունում է, որ խախտված են կալանավորների բնակության պայմանները։ Հիմնարկը սահմանված է 370 կալանավորի համար, սակայն բնակվում է 565-ը։

Կեցության այլ պայմաններից չեն դժգոհում։ Հնաբնակ Սամվելը, թեև ասում է, որ 2 տարվա ընթացքում կերակրի որակը բարելավվել է, բայց նրանք Ճաշարանից գրեթե չեն օգտվում, միայն հացն են վերցնում, թեև ասում են, որ բոլորն էլ այնտեղ գոնե մեկ անգամ ճաշել են, և սնվում են հարազատների բերածով։

Քրեականների հետ հարաբերությունները շատ լավ են, քարոզում են նրանց Աստվածաշունչ:

«Նրանք տարբեր աղավաղված տեղեկություններ ստանալով` թյուր կարծիք ունեին վկաների մասին, հիմա շատերը փոխել են իրենց կարծիքը»,- ասում է Կարենը։

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Կենդանու օգնությունը. Հիպոթերապիան մեծ հաջողություն ունի հաշմանդամ երեխաների մոտ Nobody wins: A visit to post-war Georgia

12 комментариев Add your own

  • 1. Ara Petrosyan  |  17.04.2010 в 16:41

    ինձ շատ հետաքրքիր ա եթե պատերազմը բառիս բուն իմաստով չոքեր եհ. վկաների դռանը, ինչ պետք ա անեին` ավետարանը ձեռքը չոքեին թշնամու առաջ ???

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  17.04.2010 в 18:14

      Եթե մարդ հավատում է, թե զենք չվերցնելով ու մեռնելով հոգին փրկվում է, ապա հակառակն ապացուցելը անհնար է: Մահը էն միակ բանն է, որ ոչ մեկին չես կարող ապացուցել թե էնտեղ ինչ կա:

      Нравится

      Ответить
  • 3. Ara Petrosyan  |  17.04.2010 в 19:21

    հա, բան չունեմ ասելու, եթե վերացական ու պատկերավոր նայենք պրոբլեմին, Վահան ձեր գրածն ընդունելի է:
    Բայց ես եթե իրանց հանդիպեի, շատ կոնկրետ «հողեղեն» հարց կտայի` այ եթե ա. ոչ անի պատերազմ սկսվեր ու ազերիները մտնեին Երևան ու գային ձեր տուն ու տնեցիքին սկսեին սպանել կամ բռնաբարել կամ սղոցել` իրանք ինչ կանեին: Ու պատկերացնում ես եթե ասեին` ոչինչ էլ չեմ անի, իմ հարազատտները մեռնում են ու փրկվում: Ինձ համար ծիծաղելի է էդ տեսակ դիրքորոշումը: Հա էլի թող եհ.վկա լինեն, բայց ոչ ……..

    Нравится

    Ответить
    • 4. Վահան Իշխանյան  |  17.04.2010 в 22:23

      ուժեղ հավատը մարդուն ամեն ինչի ընդունակ է դարձնում: երևի կիմանաս, որ մուսուլման շահիդը, երբ ռումբը կապած վրա ինքն իրեն պայթեցնում է, վստահ գիտի, որ անմիջապես դրախտում պիտի լինի, ուր նրան սպասում են մի քանի կույս գեղեցկուհիներ: Նաև բազմաթիվ քրիստոնյաներ նահատակվել են, վստահ լինելով որ փրկութոյւն են ստանալու: Նաև հայերը դարերով չեն կռվել, որովհետև վստահ էին որ աստծո դատաստանը ամեն ինչ իրա տեղը կդնի: Մի ճանապարհորդի գրածն եմ հիշում, որ 19-րդ դարի սկզբին Հայաստանում գյուղացուն հարցնում է` ինչու չեք պայքարում ձեր ազատության համար, գյուղացին պատասխանում է` Աստված կպատժի նրանց, դա մեր գործը չի:
      Իսկ թե ինչ կանեն Եհովայի վկաները եթե թշնամին մտնի տուն, ապա կարող ես նրանց հարցնել, էսօր ավելի հեշտ է եհովայի վկային հարցեր տալ քան որևէ այլ դավանանքի ներկայացուցիչի, եհովայի վկաները և՛ փողոցում են մոտենում և՛ դռներն են թակում:
      Իսկ ես կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր մարդ ազատորեն ընտրի, թե ինչ պիտի լինի իր հետ մահից հետո: Հենց հայրենասիրական տեսակետից ազատությունը ավելի կհզորացնի երկիրը, քան մարդուն պարտադրելը լինել զինվոր: Որևէ եհովայի վկա, որ բանակ չի ուզում գնալ, երկրին շատ մեծ օգուտ կարող է տալ իր բարեխիղճ աշխատանքով նաև, ամեն տարի բանակից խուսափողների ութսուն տոկոսը, եթե ոչ ավելին(գումարած կաշառքով ազատվածները) առաքելական են:

      Нравится

      Ответить
  • 5. Ara Petrosyan  |  17.04.2010 в 22:55

    ու հայերը դարերով կռվելիս աստծու անունը տալով են կռվել նաև…Այ էդ ճանապարհորդին պատասխանած գյուղացու խելքով էլ հիմա սենց վիճակ ա🙂
    մահից հետո կատարվելիքի մասին խոսելը պարապ բան ա իմ կարծիքով, կներես

    Քո ազատասիրական գաղափարների հետ շատ էլ համաձայն եմ, բայց կոնկրետ դեպքում ու մեր թշվառ երկրի պարագայում բանակի հարցում թույլ տուր ինձ լինել պնդաճակատ ու «շովինիստ»: Իրանց արած գործը` ծերանոցներում ու հիվանդանոցներում` անող կանայք կան…

    իսկ մանավանդ հիմա երբ ծառայության են գնում 90 ականների սկզբի դառը սերնդի ջահելները, էդ ավելի ակտուալ ա:
    ինչի շեշտեցի 90ականները, որովհետև նախ ծնելիություն ա քիչ եղել, հետո տղեքի մեծ մասը աչքի պրոբլեմներ ունեն,
    մոմի լույսի հետևանքն ա
    ՈՒ էս ամենի լույսի տակ բանակ չգնալը ճիշտ չի

    ես ահավոր կասկածներ ունեմ որ էս ազգը առաքելական ա ընդհանրապես, համենայն դեպս մի հինգ տարուց կեսը կդառնան եհ.վկաներ, մի 25 տոկոսը` յոթերորդ օրվա ադվենտիստներ մնացածն էլ ավետարանչական եկեղեցու հետնորդներ ու պըռծ…
    շնորհակալություն

    Нравится

    Ответить
    • 6. Վահան Իշխանյան  |  17.04.2010 в 23:15

      չասեցի թե հայերը չեն կռվել, բայց կռվածը, կորցրածը ու ունեցածը որ համեմատում ես, տեսնում ես որ էնքան էլ հավեսով չեն կռվել, իսկ երբ նվաճող են եղել, տիգրան մեծի ժամանակ, քրիստոսը դեռ ծնված էլ չէր, ու չգիտեմ թե ինչ աստծո անուն են տվել:
      բարեխիղճ աշխատելը չէր վերաբերվում այլընտրանքային ծառայությանը, թեև, կարծում եմ որ հիվանդանոցում որոշ պատանիների համար սանիտարի նվաստացուցիչ աշխատանքից բացի, երկրում լիքը աշխատլու տեղ կա ու եթե մի երհովայի վկա հաշվապահ է, ապա կարող է ծառայել, առանց բյուջեի վրա գումար նստելու որևէ պետական հիմնարկում, և այլն, իսկ ծառայելուց հետո էլ աշխատանքից չի խուսափի(փոքր քաղաքում կտեսնես ջահելների սևերի մեջ բազմությունը քաղաքի կետնրոնում կանգնած, իսկ եհովայի վկաների համար չաշխատելը, կարծեմ անընդունելի է, գիտեմ որ քո ասած ադվենտիսնտերի ու այլ բողոքական խմբերի համար չաշխատելը մեղք է) ու ինչ էլ աշխատի վստահելի կլինի: իսկ երկրում ինչքան աշխատող լինի, էնքան լավ: հա, ասեմ, որ կարծում եմ, որ այլընտրանքային ծառայությունը պիտի չսահմանափակվի բարեխնամ գործունեությամբ:
      Հայաստանի բանակի պրոբլեմը տարեկան մի քսան երհովայի վկայի չծառայելու մեջ չի, այլ լիքը ուրիշ բաներում ու ամենագլխավորը որ երկու տարի ջահել տղերքը անիմաստ ու պարապ անցկացնում են առանց մի բան սովորելու:
      իսկ եթե ազգի մեծ մասը ուզի եհովայի վկա դառնալ կամ ադվենտիստ թող դառնան, ուրեմն հակառակ տեսակետ ունեցողների փաստարկաները աշխարհի մասին համոզիչ չեն եղել: բայց, մի մտահոգվիր, յուրաքանչյուր հասրակությունում հավատացյալների թիվը ինչ որ չափից էլ չի անցնում:

      Нравится

      Ответить
  • 7. Ara Petrosyan  |  17.04.2010 в 23:38

    հա ճիշտ ա երկու տարի ծառայելու դեմ ես միշտ կռվել եմ, որտև զինվորական գործը վեց ամսում էլ կարելի ա սովորել, բայց մի պահ պատկերացրու որ բոլորը վեց ամիս ծառայեին, սահման պահող բառացիորեն չէր լինի, դիրքերը մարդ չէր լինի
    սա է իմ ասածը` մենք էնքան մարդակային ռեսուրս չունենք, որ թեկուզ քսան եհ.վկա չծառայի
    իհարկե ավելի խորը խնդիր ա փողով ազատվածների հարցը, բայց դե էս երկրում դա նոռմալ ա համարվում
    պատերազմի ժամանակ թիկունքի աշխատանքը միշտ էլ կարևոր ա, բայց դա էլ ա պետք սովորել

    Нравится

    Ответить
    • 8. Վահան Իշխանյան  |  18.04.2010 в 07:17

      էն որ երկու տարին շատ երկար ա ծառայության համար, պարզ է, բայց ես դա նկատի չունեի: վեց ամիս էլ լիներ, մեկ է բան չէին սովորեցնելու: մեր բանակը մտավոր պակաս ունի ավելի շատ քան մարդկային ռեսուրսի ու իմ կարծիքով, կոռուպցիայի պատճառներից մեկը բանակում դա է: եթե էդ երկու տարում զինվորին սովորցնեին իսկական ռազմական գործ, որ էդ երկու տարում ոչ թե մարդուն բթացնեին այլ մասնագիտություն ու գիտելիք տային ու մարզեին նրան, ուրեմն բանակը էնքան արդյունավետ կդառնար, որ մարդկային ռեսուրսի պակաս էլ չէր ունենա: բայց էն կա ինչ կա, ու բանակի պակասը մարդկային ռեսուրսն է դառնում, այսինքն պոտենցյալ թնադանոթի միս: ուղղակի մեր բախտը բերել է, որ թշնամում բանակն էլ ա թնդանոթի մսի վրա:
      ու էլի կրկնեմ, ընդհանրապես երկրին է մտավոր ու մարդկային ռեսուրս անհրաաժեշտ և ազգայնականները իրենց այլատյացությունով հակազգային գործ են անում հայի ինքնության սահմանը նեղացնելով ու նպաստելով որ հայերի թիվը քչանա:

      Нравится

      Ответить
  • 9. The Mummy  |  28.07.2010 в 17:02

    Աւելի լաւ կ՛ըլլար որ եհովայի վկաներ բնաւ չգային Հայաստան, ընդհանրապէս աշխարհի վրայ չըլլային : Ինչու, անոնք պէտք չեն աշխարհին եւ Հայաստանին: Շատ տարիներ առաջ անոնց քարոզիչները եկած էին Միջին Արեւելքի հայ գաղութներ, բայց երկար չմնացին, վռնտուեցան: Գիտես ինչու եկած էին, որովհետեւ Մ. Ա. մանաւանդ Լիբանանը հայ սփիւռքին սիրտն էր, որպէսզի տկարացնըն սփիւռքը պէտք է տկարացնել Լիբանանի հայութիւնը: Այն ատեն չյաջողեցան, եկան Հայաստան եւ մեծ հող գտան բազմանալու, ոչ պետութիւնը ոչ ալ եկեկղեցին ջանք ըրին զանոնք դուրս շպրտելու Հայաստանէն, ընդհակառակը օրինականացուցին անոնց գործունէութիւնը, ուրիշ աղանդներու կողքին: Անոնք եկած են Հայաստան հայ ժողովուրդը մասնատելու, ուժերը ջլատելու որպէսզի տկարանան հայերը եւ դիւրին ըլլայ Հայաստանը վերացնել աշխարհի երեսէն: Ես լրիւ համաձայն եմ Արա Պետրոսեանին հետ, անոնք եկած են որպէսզի հայ երիտասարդները համոզեն չգնալ կռուի եթէ Աստուած չընէ պատերազմ ըլլայ, աւելի քիչ թիւով կռուողներ ըլլան հայկական բանակին մէջ: Անոնք ղրկուած էին Մ Ա մեր թշնամիներուն կողմէն եւ ղրկուած են Հայաստան նոյն մարդկանց կողմէն: Ուրիշ բան մը եւս, եթէ իրենք քրիստոնեայ են, ինչպէս որ իրենք կ՛ըսեն, ինչու եկած են Հայաստան, չէ որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնեայ ժողովուրդն է, եկեր են հացագործին հաց ծախելու: Թող երթան իսլամական երկիրներ քրիստոնէութիւնը տարածելու: Բայց չեն համարձակիր այդ երկիրները երթալ որովհետեւ իսլամները չեն թոյլատրեր, Հայաստանի իշխանութիւնները թոյլ գտնուեցան սկիզբէն: Վահան ջան դուն պէտք չէ պաշտպանես նրանց, անոնք Հայաստանի թղնամիներն են: Պէտք է յորդորել հայ երիտասարդները վերամիանալու հայ եկեղեցիին: Անոնք անդունդի եզրին կը գտնուին:

    Нравится

    Ответить
    • 10. Գոհար  |  01.05.2011 в 20:51

      Ես համաձայն չեմ այն մտքի հետ,որ Եհովայի Վկաները չեն պաշտպանում թե իրենց թե իրենց ընթանիքի անդամներին.Ինքս շաթ ծանոթներ ունեմ որոնք հանդիսանում են Եհովայի Վկաներ և այդ հարցը նույնպես ուղղել եմ նրանց.Ցանկացած Եհովայի Վկա թանկ է գնահաթում իր կյանքը ու բացի զենքի կիռարությունից պատրաստ է ցանկացած այլ միջոցներով պաշտպանվել.Իսկ ներեցեք այսօր մեր երկրում քանի տոկոսն է իր տանը օրինական զենք օգտագործում՞.Փաստորեն եթե նրանք կազմում են 2կամ3% ապա ձեր տրամաբանությունից ելնելով պետք է մնացած 97% մահանա՞.

      Нравится

      Ответить
  • 12. Suren  |  23.05.2011 в 23:30

    Es lriv hamadayn em Vahan Ishxanyani het

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: