Կրկնակի զրկվածները. «բարձրաստիճան» կոռուպցիայից տուժում է մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը

07.11.2008 at 00:00 1 комментарий

16-րդ թաղամասի 16 շենքի բնակարաններից մեկը որ հատկացվել է ծնողազուրկ երեխաներին

Առնվազն 25 բնակարան, որ պետությունը Եվրամիության դրամաշնորհով գնել է մանկատան շրջանավարտների համար, անպիտան են բնակության համար:
Բնակարաններն այցելել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցները։ Մի քանի բնակարան կոյուղաջրերով մշտապես ողողվում են, և այնտեղ նույնիսկ անասուն չեն պահի։

Մանկուց ծնողազուրկ երիտասարդների ու նրանց զավակների համար բնակարանամուտը բերել է խոնավությունից առաջացած հիվանդություններ։ Մի քանիսը հեռացել են բնակարաններից՝ կոյուղու հեղեղների տակ չմնալու համար։ Բոլոր բնակարանները կամ առաջին, կամ վերջին հարկերում են, որի պատճառով կամ վերևից է խոնավություն գալիս, կամ` ներքևից։ Բնակարանները ձեռք են բերվել շուկայականից մի քանի անգամ ավելի գներով, և որբերին հարմարավետությունից զրկելու հաշվին հարստացել են որոշ պաշտոնյաներ։ «Բնակության համար պիտանի» պայմանը գրեթե ոչ մի բնակարան չի բավարարում։

Բնակարանները հատկացվել են Եվրահանձնաժողովի պարենային ծրագրի հիման վրա Կառավարության 2003 թվականին ընդունած «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով։ Կառավարության հետ կնքած հուշագրի համաձայն` Եվրահանձնաժողովը 10 միլիոն եվրո է հատկացրել հանրապետության բյուջեին, որով պետք է իրականացվեին գյուղատնտեսական և սոցիալական ծրագրեր։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս ծրագրով պետք է առողջապահական օգնություն, բնակարան և գույք տրամադրեր 1991 թվականից սկսած մանկատների 227 շրջանավարտների, սակայն 6 տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, գնվել է 109 բնակարան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պետական գույքի կառավարման վարչության հետ եռակողմ պայմանագրի հիման վրա` 35 բնակարան գնել է «Կարեն Z» ՍՊԸ-ն, 63 բնակարան` «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն (երկուսն էլ մասնավոր ընկերություն են)։

Բնակարանները

Ջեյն Բաբայանի բնակարանի պատերը բորբոսնած են, տարբեր տեղերում երեք լիտրանոց բանկաներ են դրված, որ առաստաղից կաթոցները լցվեն։ Բայց ամենաանտանելին ձմեռն է, երբ առաստաղի վրայով անցնող շենքի կոյուղու սառած խողովակները տաքացնում են, ու հալված կոյուղաջուրը վթարված խողովակներից չռռալով դուրս է պրծնում։ Ձմեռվա ցրտին 32-ամյա Ջեյնը, 2 տարեկան աղջկան և 6 տարեկան տղային առած, դուրս է գալիս փողոց, սպասում, որ վերևից թափվող ջուրը կտրվի։

Հատակի տակից էլ են կոյուղաջրերը վեր բարձրանում ու հոսակից բլթբլթալով լցվում բնակարան։ Խոնավությունից տան կահույքը փտել է, անկողինները մշտապես թաց են, անկյուններում որդեր են վխտում։

Աղջկա ոտքերը ցավում են, իսկ տղայի քիթը մշտապես փակ է, դեղերն այլևս չեն օգնում։ 2004-ին բնակություն հաստատելուց հետո կոպեկները կպցնելով՝ պատերը մի քանի անգամ վերանորոգել է, բայց ապարդյուն, կոյուղին մշտապես հոսում է, ու նորոգած պատերի ծեփը թափվում է ու նոր բորբոսներ ծաղկում։ Խոնավությունից ավերվել են էլեկտրական հանգույցները, ու նա հաճախ մնում է առանց էլեկտրականության։ Նրա մշտական հյուրերը առնետներն են, որ կոյուղով գալիս ու ավերածություններ են գործում. «Կռիսները մտնում են դարակներս, կռուպեղենը տակնուվրա անում, գոնե կռիսների դեմը լիներ առնել»,- հուսահատ ասում է Ջեյնը։

Ջեյնը մանկատան այն յոթ շրջանավարտներից է, որոնք 2004 թվականին ստացել են 16-րդ թաղամասի 16-րդ շենքի նախահարկի անօգտագործելի տարածքի 7 վերաձևված բնակարանները։

Բնակարանների առաստաղի վրայով անցնում են 14 հարկանի շենքի կոյուղու ու ջրի հանգույցները, որոնք ամեն ձմեռ, ինչպես 16-րդ թաղամասի գրեթե բոլոր շենքերում, սառչում են, իսկ երբ բնակիչները կրակով բացում են դրանք, ջուրը դուրս է պրծնում ու թափվում որբերի գլխին։ Վթարված են նաև շենքի տակով անցնող կոյուղագծերը։ Շենքի հին բնակիչներն ասում են, որ նախկինում դիտահորից մշտապես ջուր էր բլթբլթում, ու որ տարածքը որպես բնակարաններ վերաձևելիս կոյուղու դիտահորը շինարարները ուղղակի ցեմենտով փակել են, որի հետևանքով կոյուղաջուրը ելք է գտնում բնակարանների մեջ։

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»,- ասում է Գավառի մանկատան շրջանավարտ, 32-ամյա Խաչատուր Աֆրիկյանը, որ կնոջ հետ ապրում է բորբոսնած պատերի ու խոնավության մեջ: «Երբ մտանք բնակարան, թվում էր՝ ամեն ինչ նորմալ է, բայց հատակի քեչան բարձրացրի, տեսա՝ տակը բետոն է (բոլոր բնակարանների հատակը բետոն է)»,- պատմում է Խաչիկը։ Օդափոխման համակարգ չկա, և Խաչիկն իր պատկերացրածով երկու ծխահան խողովակ է սարքել: «Ինչ էստեղ եմ, ձենս կտրվել է, մի օր վեր եմ կենում` մի կողքս է ցավում, մի օր` մյուսը»։

Գրիգոր Հակոբյանի բնակարանամուտը վերածվել է թափվող կոյուղու դեմ պայքարի։ «Ամեն տարի 100 հազար դրամ փող եմ ծախսում դրա վրա, բայց էլ ուժս չի պատում»,- ասում է նա։ Փողը չի հերիքում խմելու ջրի պլաստիկե խողովակը փոխելուն, որը ամեն ջրի ճնշման ուժեղացման հետ պայթում է ու տունը ողողում։

Յոթ բնակարաններից միայն չորսում են բնակվում, մյուս երեքի բնակիչները չեն դիմացել կոյուղու գրոհին։

Արթուր Աբրահամյանի բնակարանով անցնող կոյուղու խողովակից դուրս պրծած հեղեղատը տարել է տան պատը, ավերել ամբողջ բնակարանը։ Հիմա նա այլ տեղ է բնակվում: «Միամիտ տարան խաբին մեզ, ասին՝ տուն ենք տալիս»,- ասում է Արթուրը, որ ճողվածքի անհաջող վիրահատությունից հետո ոտքի վնասվածք է ստացել ու խոնավության մեջ ապրել չի կարող։

Բնակարանները գնել է «Կարեն Z»-ն 2004-ին, յուրաքանչյուրը` 3.798.800 դրամով (այն ժամանակվա փոխարժեքով` մոտ 8400 դոլարով), երբ այդ տարիներին 16-րդ թաղամասում, ուր Երևանում ամենաէժան բնակարաններն են, կարելի էր միջին հարկերում երկու սենյականոց գնել 4-5 հազար դոլարով, իսկ 7 հազարով՝ երեք սենյականոց բնակարան։ Յոթ բնակարանը միասին գնված է 26.777.700 դրամով (48.700 դոլարով):

Շենքի բնակիչներն ասում են, որ նախկինում այդտեղ չհաջողված պահեստ էր, որ վերածվել էր աղբանոցի։

Մի անշարժ գույքի գործակալ ասաց «ԱրմենիաՆաուին», որ այդ տարածքը վաճառված կլինի «շան մսի» գնով, քանի որ ոչ ոք դա որևէ նպատակով երբեք չէր առնի։
Թբիլիսյան խճուղու նորակառույց 7 հարկանի շենքի վերջին 7-րդ հարկի 11 բնակարանները ստացած շրջանավարտների բախտը ավելի է բերել, քանի որ այստեղ հատակից ջուր չի բլթբլթում, միայն վերևից է կաթում։

Առաստաղը մեկ սանտիմետրանոց գիպսակարտոն է, որի պտուտակներով ամրացման տեղերից անձրևը մշտապես կաթկթում է։ Ոչ մի միջոց չկա այն դադարեցնելու, քանի որ առաստաղը ուղղակի կփլվի, եթե վրան շինարարություն արվի։ Բայց եթե տանիքը այնպես վերանորոգվի, որ ջուր չթափանցի դեպի առաստաղ, միևնույն է, գիպսակարտոնե առաստաղը բնակարանը չի մեկուսացնում անձրևի ձայնից ու եղանակի փոփոխությունից։ «Էնքան բարակ է, որ անձրևը որ գալիս է, կըտ-կըտ-կըտ լսվում է,- ասում է Նունե Սիմոնյանը, որ բնակարանը ստացել է 2006 թ. դեկտեմբերին: — Հարցնում եմ սոցապում՝ էս խի՞ մեր գլխին պանել չեն դնում»։

Ձմեռները անհնար է պայքարել ցրտի դեմ, քանի որ բնակարանը ինչքան էլ տաքացվի, առաստաղը ջերմություն չի պահում: «Անհնար է տաքացնել, ինչքան ուզում ես բան վառի, բաժակով ջուրը դնում եմ՝ սառույց ա դառնում»,- ասում է Նունեն։

Պատուհանները փոխել է, քանի որ, ինչպես ինքն է ասում, ձյունն ու անձրևը ճեղքերից լցվում էին։ Բնակարանը ստացել է առանց ներքին դռների, ինքն է երկուսը դրել։ 16-րդ թաղամասի համեմատ` բնակարանի հատակը անմիջապես բետոնը չէ։ Բայց մանրահատակները առանց ամրացնելու ուղղակի դրված են հատակին, քայլելիս դուրս են թռչում։ Շենքում օրերով ջուր չի լինում։ Նունեի դուստրը՝ Դիանան, երիկամի հիվանդությունից ամեն օր տակը միզում է, սակայն նրան լողացնելու հնարավորություն չունի. «Ի՞նչ անեմ, դպրոց է գնում, վրայից հոտ է գալիս, ստիպված դուխի եմ ցանում, որ հոտ չգա»։ Ասում է, որ ջրի պոմպն էլ անընդհատ վառվում է, և արդեն 4-րդ անգամ իրենցից 1000-ական դրամ են հավաքում՝ նոր պոմպ գնելու համար։ 7 հարկանի շենքը վերելակ չունի, ու Նունեն ասում է, որ իր երեխան ոտքերի հիվանդություն ունի և չի կարողանում ամեն օր 7 հարկը բարձրանալ։ «Մեզ էշի տեղ դրին, խաբեցին, ասին՝ չեք վերցնի, էլ չեք ստանա, մենք էլ ճարահատյալ վերցրինք, խորհուրդ տվող չունեինք»,- ասում է Նունեն։

Նա ստիպված տարվա մի մասը վերադառնում է հանրակացարանի իր նախկին խուցը, որ դիմանա ձմռան ցրտին ու անձրևի տեղատարափի տակ չմնա։ Մյուս 10 բնակարաններում նույն պատկերն է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ասում է, որ Նունեն պարտավոր է բնակվել իր բնակարանում՝ անկախ պայմաններից։ Նա ասում է, որ բնակարանն ստանալուց հետո մանկատան շրջանավարտների իրավունքները ավարտվում են, և սկսվում են պարտականությունները, որոնցից մեկն էլ բնակարանում բնակվելն է։ Նա ասաց, որ արդեն չբնակվելու համար մի շրջանավարտի ձեռքից կառնվի հատկացված բնակարանը։ Իսկ բնակարանների որակը գնահատում է պիտանի բնակության համար։

Բնակարանները գնել է «Կարեն Z»-ն, որը նաև այս շենքի կառուցողն է։ Այսինքն՝ իր կառուցած բնակարանները վաճառել է պետությանը մոտ 51 միլիոն 90 հազար դրամով (2006 թ. փոխարժեքով՝ 113.500 դոլար (1 դոլարը` 450 դրամ), յուրաքանչյուր բնակարանը` մոտ 10.300 դոլարով։

Հերմինե Ասատրյանը պատմում է, որ երբ 2004 թ. մտավ 4-րդ զանգվածի 4 հարկանի շենքի 4-րդ հարկի իրեն հատկացված բնակարանը, մի ավերակ հայտնաբերեց։

Առաստաղից ջուրը կաթում էր, շքապատշգամբը փլվում էր, լուսամուտները չէին փակվում, ձմռանը ձյունը լցվում էր։ Ասում է, որ տունը բնակելի դարձնելու համար մոտ 2 հազար դոլար է ծախսել. «4 տարի կոպեկ-կոպեկ հավաքել եմ, մի կտոր հացս պահել եմ, որ տունը սարքեմ։ 600 դոլար մենակ կռիշի վրա եմ ծախսել»,- ասում է 28-ամյա Հերմինեն, որ մատուցողուհի է աշխատում։ Հիմա առաստաղից չի կաթում, նոր պատշգամբ է կառուցել, լուսամուտները փոխել է։ Սակայն դեռևս զուգարանի սանհանգույցը չի աշխատում, ու Հերմինեն շարունակում է կոպեկ-կոպեկ հավաքել՝ զուգարանը վերանորոգելու համար։ Հերմինեն, իմանալով ուրիշներին բաժին ընկած վթարային բնակարանները, համարում է, որ իր բախտն ավելի է բերել, գոնե ի տարբերություն 16-րդ թաղամասի և Թբիլիսյան խճուղու շենքերի` հնարավոր եղավ վերանորոգել. «Ես էնքան եմ պայքարել, որ վատ տուն չտան, ու լավ տուն ստացա»։

Հերմինեի մեկ սենյականոց բնակարանը ևս ձեռք է բերել «Կարեն Z»-ն 4.573.391 դրամով (8300 դոլարով)։ Հերմինեն լսել է, որ տանտերը իր բնակարանը վաճառել է 4500 դոլարով։

Լուսինե Մանուկյանը 8-րդ զանգվածի 12 հարկանի շենքի վերջին հարկի իր ստացած բնակարանը հայտնաբերել է կտուրից թափվող անձրևաջրերով ու փտած խողովակներով: «Լույս չկար, պատերի մեջ լարերը տրաքել էին խոնավությունից»,- ասում է նա։ Համայնքի միջոցներով խողովակները փոխել են։ Բնակարանը գնել է «Կարեն Z»-ն 2004 թ. 4,2 միլիոն դրամով (մոտ 7600 դոլար)։

Աբովյան քաղաքի Կարմիր բանակի թիվ 6 շենքը բնակելի թաղամասից կղզիացած է, ու մոտակա դպրոց կամ կանգառ հասնելու համար մոտ կես կիլոմետր պետք է քայլել։ Շենքի առաջին հարկի տարածքը վերաձևվել է 6 բնակարանների, որոնցում ապրում են մանկատան շրջանավարտներ։ Բոլոր բնակարանների հատակից խոնավություն է բարձրանում, պատերի ներքևում ծեփը քանդվում է, ու հատակը ուռչում։ Ներս մտնելիս խոնավության հոտը խփում է քթին։ «Զատիկ» մանկատան շրջանավարտ 23-ամյա Զվարթ Կիրակոսյանը բնակարանը ստացել է մեկ տարի առաջ` 2007-ի սեպտեմբերին։ 5 ամիս առաջ երեխա է ունեցել. «Ինձ դուր է գալիս բնակարանը, մենակ խոնավության հոտից վախենում եմ երեխան հիվանդանա»։ Կարմիր բանակի 6-ի բնակարանները գնել է «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն, յուրաքանչյուրը` 7,2 միլիոն դրամով՝ մոտ 20.000 դոլարով (2007-ի փոխարժեքով)։

Գույքը

Գրեթե բոլորի հեռուստացույցները մեկ ամսվա ընթացքում պայթել են։ Ենթադրվում է, որ գույքը գնելուց հետո պահեստավորվել է խոնավ տեղ, որի հետևանքով շարքից դուրս են եկել հեռուստացույցները։ Կահույքը՝ բազկաթոռներն ու մահճակալները, շատերինը կոտրվել են հենց առաջին անգամ օգտագործելուց։ Մեկի տանը մահճակալն է կոտրված, մի տեղ՝ աթոռները, մեկ այլ տեղ կոտրված փայտերը իրար մեխելով դեռ փորձում են օգտագործել։

Մի քանիսը նոր կահույք են ձեռք բերել։ Բոլորը միաբերան ասում են, որ վերմակներն ու ներքնակները հոտած են եղել, բացել են և հայտնաբերել մեջը բրդի հետ ոչխարի կղկղանք։
Լալա Ղազարյանը բողոքում է, որ շրջանավարտները գույքը չեն օգտագործում, իսկ ոմանք վաճառել են, և նրանց դեմ գործ է հարուցվելու՝ գույքը վերադարձնելու կամ ֆինանսական կորուստը վերականգնելու համար։

Քրեական գործերը

Այս տարվա ապրիլի 28-ին դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որ 2004, 2005, 2006 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ գրուպ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր, որոնցով «Սոկոլ գրուպը» պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ (2,49 միլիոն դոլար) գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան, որոնցից գնվել է միայն 63-ը։ Դատախազությունը, ուսումնասիրելով 12 բնակարանների գները, պարզել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայականից 53 միլիոն դրամ (117,000 դոլար) ավելի գնով։

Հաղորդագրությունում ասված է. «Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին, այն է՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ գրուպ» ՍՊԸ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Գործի նախաքննությունն այժմ գտնվում է ոստիկանության քննչական վարչությունում։ Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված։

«ԱրմենիաՆաուի» հարցմանը տված ոստիկանության պատասխանը գրեթե նույնությամբ կրկնում է 5 ամիս առաջ դատախազության տարածած հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ քննությունը գնում է միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Սոկոլ գրուպի» համատեղ կատարած չարաշահումների վերաբերյալ, նախարարության ու «Կարեն Z»-ի համատեղ գործունեության և բնակարանների որակի վերաբերյալ քննություն չի տարվում։ Միայն ի տարբերություն դատախազության հաղորդագրության, որտեղ մեկ անգամ է հիշվում Ձոնիկ Մարգարյանի անունը, այստեղ երեք անգամ է տրվում։

Սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ բոլոր պայմանագրերը ստորագրվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի հրամանների հիման վրա, և Ձոնիկ Մարգարյանը միայն կնիքի դեր է խաղացել։ 2003 թվականից գործող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը իրականացվել է, բոլոր նկարագրված բնակարանները ձեռք են բերվել, «Կարեն Z» և «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ներին ընտրել և նրանց հետ պայմանագրեր են կնքվել, ֆինանսական յուրացումները կատարվել են Աղվան Վարդանյանի նախարար եղած ընթացքում։ Իսկ բնակարաններն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և պետական գույքի կառավարման վարչության համատեղ հանձնաժողովը, որի համանախագահն է Լալա Ղազարյանը, իսկ ոլորտը ղեկավարում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Ֆիլարետ Բերիկյանը։

Աղվան Վարդանյանը դաշնակցության կուսակցության մեջ բարձր դիրքի (մայիսից նա կուսակցության հրահանգով դուրս եկավ նախարարի պաշտոնից և ընտրվեց բյուրոյի անդամ) և ունեցած կապերի (արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նրա քրոջ ամուսինն է, մտերիմ հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ) շնորհիվ որևէ պատասխանատվության չի կանչվել, ու քավության նոխազ է դարձել մի պաշտոնյա՝ Ձոնիկ Մարգարյանը, որ միայն կատարել է նախարարի հանձնարարականները և ոչ ընտրել է «Կարեն Z» և «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ներին որպես գործընկեր, և ոչ էլ առնչվել բնակարանների գնմանն ու դրանց որակին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թ. մայիսի 2-ի համարում հաղորդվում է, թե Աղվան Վարդանյանը իր նախարարության օրոք ձեռք է բերել օլիգարխին վայել ամառանոց, երեք բնակարան, երկուսը՝ էլիտար շենքում, տղային թանկարժեք մեքենա։ Մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ Վարդանյանը կտավների թանկարժեք հավաքածու է հավաքել։

Դաշնակցությունը ոչ միայն տեղյակ է իր նախարարների կոռուպցիոն գործերից, այլև խրախուսում է, քանի որ, «ԱրմենիաՆաուի» տեղեկություններով` դաշնակցական պաշտոնյաներն իրենց ստվերային եկամուտներից հարկեր են մուծում կուսակցության բյուջե։ Լեգիտիմության պակաս զգացող իշխանությունը չի կարող որևէ դաշնակցական նախարարի դեմ գործ բացել, քանի որ իր դեմ կհանի Դաշնակցությանը։

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Ռուբեն Մարգարյանն «ԱրմենիաՆաուի» այն հարցին, թե դաշնակցական նախարարներն իրենց «ստվերային» եկամուտներից մուծում են արդյոք Դածնակցության բյուջե, պատասխանեց.

«Կա սահմանված միջին անդամավճար, բայց դա չի նշանակում, որ բոլոր դաշնակցականներն այդ չափ են մուծում: Ով ավելի հնարավորություն ունի, ավելին է մուծում: Դաշնակցական նախարարները շատ ավելին են մուծում»:

armenianow.com

Entry filed under: հոդված. Tags: , , .

Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը Double Deprived: “High ranked”corruption affects orphans’ housing

1 комментарий Add your own

  • […] Տպվելուց հետո էլ երկրորդ անգամ զարմացա, երբ ԱԺՄ-ի անդամ Ֆիլարետ Բերիքյանը կատաղած նայելով ինձ ասեց՝ արա, դու կրիշնայակա՞ն ես: Հետո, մի քանի տեղից լսեցի, որ իմ մասին ասում են՝ լսե՞լ ես Վահանը կրիշնայական ա դառել: Հասկացար, ուրեմն քեզ կհամարեն նրանցից ում պաշտպանում են: Դրա համար էլ, երբ Ֆիլարետ  Բերիքյանը Սոցապ փոխնախարար էր նախարարության պաշտոնյաները կերան որբերի բնակարանների համար հատկացված փողերը: Որբերը իրան ոչ հոր կողմից էին բարեկամ ոչ մոր, ինչի՞ պիտի պաշտպաներ(այդ մասին այստեղ): […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: