Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք է անցնեն դեպի ազատություն

13.03.2009 at 00:00 4 комментария

Հայաստանում ճակատագրեր են խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը, քանի որ ընդունված է միասեռականներին հրեշ և բացիլ համարել:

Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում:

Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև ու միասեռական սեր:

Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վերհանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում:
26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, ով հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու:

Նա իր այս ազատությունը վաստակել է միասեռականության համար դատարանի կողմից հանցագործ ճանաչվելով, որի պատճառով նրա հարազատներն ու ամբողջ թաղամասն իմացել են, որ Հովիկը միասեռական է, ու նա այլևս թաքցնելու բան չունի:

Մղձավանջը սկսվեց 1999-ին, երբ մի առավոտ Հովհաննեսին ոստիկանները տանում են ու արվամոլության մեղադրանք ներկայացնում: Նրան ու ևս չորս հոգու մատնել էր իր հետ սեռական հարաբերություն ունեցած մի անձ:
Հովհաննեսը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, պատմում է, որ միանգամից ընդունում է, որ տղամարդու հետ սեռական կապ է ունեցել. «Ես չգիտեի, որ հանցանք եմ գործել, ու երբ ոստիկանությունում հարցրին, թե արե՞լ ես, ասի՝ այո»:
Պատմում է, որ ոստիկաններն իրեն ահավոր ծեծում էին` պահանջելով այլ միասեռականների անուններ տալ, սակայն ինքն այդպես էլ չի տալիս:

Վեց հոգի դատապարտվում են Հայաստանի Հանրապետության Քր. օր. 116-րդ հոդվածով՝ արվամոլություն. Հովհաննեսի պատժաչափը անչափահաս լինելու շնորհիվ ավելի քիչ է լինում. դատապարտվում է երեք ամիս ազատազրկման (հոդվածը նախատեսում էր մինչև հինգ տարվա ազատազրկում):
Պատմում է, որ բանտում մշտապես ենթարկվել է վերակացուների ճնշումներին. «Կալանավորների կողմից էնքան ճնշում չեմ զգացել, ինչքան աշխատողների. ոնց որ իրանց համար խաղալիք լինեի, տանում ծաղրում էին, հետո նորից բերում, գցում կամեր»:
Միասեռականի պիտակ ստացած Հովհաննեսին սկսում են հալածել թաղի տղաները, հետևից գոռում՝ գոմիկ, քարերով խփում, հարձակվում, ծեծում:

Սա դեռ ամենը չէ. պատմում է, որ մի ոստիկան նրան մշտապես շանտաժի ենթարկելով` պահանջում էր հարուստ միասեռականների անուններ տալ:
Հաջողության չհասնելով` նրա միասեռական լինելու մասին հայտնում է այն բարի տնօրենին, որտեղ նա աշխատում էր: Տնօրենը Հովհաննեսին ու նրա միասեռական ընկերոջը հեռացնում է աշխատանքից:
26-ամյա Հովհաննես Մինասյանի դատապարտվելուց անցել է տասը տարի, և այսօր նա աշխատանք ունի, թաղում նրան էլ չեն հալածում, սովորել են նրա ներկայությանը:

1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված Քրեական օրենսգրքով Սովետական Միությունում միասեռականությունը ապաքրեականացվում է:
Սակայն 1933 թվականին նորից մտնում է քրեական օրենսգիրք և, ի վերջո, հանվում 2003 թ.:
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին:

Թեև նոր Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո հանվում է «արվամոլություն» հոդվածը, սակայն միասեռականների նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը չեն վերանում:
Մեկ տարի առաջ Երևանի բուհերից մեկի ուսանող 21-ամյա Խաչիկին ծնողները դուրս են անում տնից, այն բանից հետո, երբ իմանում են, որ որդին միասեռական է:
Խաչիկը 13-14 տարեկանում զգում է, որ ինքը տարբերվում է շրջապատից, աղջիկների փոխարեն տղաներն են ձգում իրեն:
«Այդ տարիքում, երբ սկսում են ձեռնաշարժությամբ (օնանիզմ) զբաղվել, ես պատկերացնում էի տղաների: Ինձ թվում էր, թե ես միակն եմ իմ տեսակի մեջ, բայց հետո ինտերնետով ծանոթացա իմ նմանների հետ»:

Առաջին սեռական կապն ունենում է 20 տարեկանում ինտերնետով ծանոթացած մի տղայի հետ: Սիրած տղային՝ որպես ընկեր, ծանոթացնում է ընտանիքին:
Սակայն մի օր մայրը հայտնաբերում է, որ նրանց կապը սովորական ընկերությունից տարբերվում է:
«Մի անգամ սենյակումս մենք ֆիլմ էինք նայում: Կարծում էի, թե դուռը փակ է, ու համբուրեցի նրան: Էդ պահին մաման ներս մտավ ու տեսավ»,- հիշում է նա:

Մայրը սկզբում լաց է լինում, իսկ հետո հոր հետ հարձակվում որդու վրա.
«Պապաս ջղայինացավ. «Ինչո՞վ քեզ չէին հերիքում աղջիկները, որ որոշեցիր գնաս տղաների հետ կապ ունենաս: Իմ տղեն տենց չի կարա լինի»:
Հետո մաման ոգևորված հարձակվեց. «Դու ավելի լավ ա մեռնեիր, ավելի լավ ա իմանամ` տղա չունեմ, մահացել ա, քան իմ տղան գոմիկ լինի»:
Հարձակվեց, սկսեց խփել ինձ: Ձեռքերը պահեցի, որ չխփի, պապան սկսեց խփել: Հետո ինձ ասեցին, որ ես իրանց տղեն չեմ այլևս, իրանց ընտանիքի անդամը չեմ կարա լինեմ ու իրանց տունը պիտի լքեմ: Երկար-բարակ չմտածեցի, տնից դուրս եկա»:

Այդ օրվանից Խաչիկը վարձով է ապրում և ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում:
Երկու ամիս անց Խաչիկը զինվորական ծառայությունից ազատվում է միասեռական լինելու համար, սակայն դա նրա վրա հավելյալ ճնշումներ է բերում:
Հայաստանի՝ հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2004 թվականի պաշտպանության նախարարության մի հրամանով` միասեռականները չեն զորակոչվում:
«Կամիսիայի հոգեբույժին ասեցի` գեյ եմ, գրիչը շպրտեց ու ասեց՝ վա՛յ քու, արա՛»:
Պատմում է, որ մի փոխգնդապետ թղթապանակով սկսել է խփել. «Բա՞ դու տղամարդ ես, բա հայ տղամարդը իրա վրա շա՞ռ կանի` ես գյոթ եմ (միասեռական նշանակող վիրավորական հայհոյանք)»:

Խաչիկին ուղարկում են հոգեբուժարան, որտեղ ախտորոշում են` «անձի շեշտվածություն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում», և ազատվում է ծառայությունից:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը IWPR-ին գրավոր պատասխան ուղարկեց միասեռականներին բանակ չզորակոչելու վերաբերյալ:
Ըստ նրա` «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը ազատում է միասեռականներին զորակոչից:

Ալիևի հակասական գրքի հերոսները՝ Արտուշը և Զաուրը, ի վերջո, որոշում են ինքնասպան լինել՝ ցած նետվելով Բաքվի Կույսի աշտարակից, որն Ադրբեջանում համարվում է դժբախտ սիրո խորհրդանիշը:
Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ Հայաստանում հասարակության կողմից զանազան ճնշումները դրդել են որոշ միասեռականների ինքնասպանություն գործել:
Իր տվյալներով` վերջին երեք տարում 10 միասեռական է իրեն գցել Կիևյան կամրջից:
Նա իր պրակտիկայից օրինակներ է բերում, թե ինչպես են ճակատագրեր խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը. կինը հրաժարվում է երեխաներից ու հանձնում մանկատուն, քանի որ պարզում է` նրանց հայրը միասեռական է: Մեկ այլ դեպքում` հայրը տնից դուրս է հանում 14-ամյա որդուն, որը փողոցում հայտնվելով` մարմնավաճառությամբ է գոյատևում:

«Հասարակության մեջ ֆոբիա կա միասեռականների հանդեպ. նրանց հրեշ, բացիլ են համարում»,- ասում է նա,-իմ միասեռական պացիենտները, միմյանցից իմանալով, ինձ գտնում են ու իմ մասին ասում՝ գոնե նա մեզ լսում է»:
Նման պայմաններում քաղաքական գործիչները ոչ միայն չեն փորձում բարելավել իրավիճակը՝ վերացնելով խնդրի շուրջ հասարակության անիրազեկությունն ու կանխակալ կարծիքը, այլև հակառակը՝ ավելի են վատթարացնում իրադրությունը:

Նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն ասում էր, որ միասեռականներին պետք է քարկոծել:
Միասեռականների դեմ ակտիվ պայքարում է Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը, որի այս հայտարարությունը 2006 թ. հուլիսին միանգամից երեք թերթ է հրապարակել:
«Եթե համասեռամոլ (նրանց հաճախ տրվող անվանում-հեղ.) անսեռների մի գլխաքանակ կա, ապա մի բնակավայր հիմնենք` «Համասեռաշեն», քանի որ սա եվրոպական արժեք է, իհարկե` Եվրոպայում, թող հավաքվեն այնտեղ»,- ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի ու հեռուստատեսության հաճախակի հոմոֆոբիական քարոզի առաջամարտիկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը, աշխարհի մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես, միասեռականներին պիղծ, հիվանդ ու մեղավոր է անվանում:
Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրն ինտելեկտուալ ռեսուրսից:
«Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող, ապագա քիմիկոս»: Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը:
Այն դարձավ սադրանք` ևս մեկ անգամ բացահայտելու հայ հասարակության հոմոֆոբիան:
Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել»:
Իսկ «Իսկական «Իրավունք» պահպանողական թերթը գրեց, թե այդ փաստաթղթով «արվամոլներին ու լեսբուհիներին՝ մարդկության այդ թափոնին, չգիտես ում կողմից որոշված, տրված իրավունքները» աստվածացնում են:

26-ամյա ակտիվիստ Հրայրը (անվտանգության նկատառումով անունը փոխված է) ասում է, որ ՄԱԿ-ի հայտարարությանը միանալն իրենց իրավունքները չի պաշտպանում:
«Ես չեմ ողջունում: Սրանից միայն վնաս եղավ, հանգիստ ապրում էինք, մեր գործն էինք անում: Հիմա սկսվեց աղմուկ, մեր դեմ լարվածություն առաջացավ, հոմոֆոբները հավաքվում են ու մեզ հայհոյում»,- նշեց նա:
Հելսինկյան կոմիտեի նախագահ, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության խմբի անդամ Ավետիք Իշխանյանն ասում է, որ առավել ծանր է միասեռականների վիճակը փակ համակարգերում` կալանավայրերում:
«Գաղութում նրանք առանձին բարաքում են, նրանց ձեռքով բարևելը, սիգարետ վերցնելը, նրանց իրերին դիպչելը տաբու է»,- ասում է նա:

«Եթե որևէ կալանավոր միասեռականի սպասքից օգտվի` նույնիսկ նախապես չիմանալով, թե դա ումն է, ապա հանցագործ աշխարհը նրան «փչացած» է որակում»:
«Նրանք ամենաստորացուցիչ աշխատանքներն են անում՝ կոյուղի ու զուգարան մաքրում»:
Իշխանյանն ասում է, որ նրանց իրավունքների պաշտպանությունը դժվար է, քանի որ նրանք չեն բողոքում իրենց կարգավիճակի համար:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հերքում է այն փաստը, որ միասեռականներին բանտերում ամենաստորացուցիչ աշխատանքն է բաժին ընկնում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատանք կատարող դատապարտյալ ինքն է ընտրում այդ աշխատանքի բնույթը:

«Այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում համասեռամոլներն ապրում են առանձին, պայմանավորված է նրանց ցանկությամբ: Նույն կերպ իրենց ցանկությամբ առանձին են բնակվում Եհովայի վկաները»:
Այսուհանդերձ, Դավիթ Գալստյանը նկատում է, որ իրադրությունն սկսում է բարելավվել՝ չնայած բավական դանդաղ:
2001 թ. երկրում, Եվրախորհրդի անդամ դառնալու շնորհիվ, մարդիկ սկսել են իրենց իրավունքներն ավելի ակտիվ պաշտպանել, և միասեռականների վիճակը համեմատաբար բարելավվել է, և ավելի շատ միասեռականներ են խոսում իրենց ինքնության մասին:

2007 թ. ստեղծված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK Armenia) բացահայտ հանդես է գալիս միասեռականների իրավունքների պաշտպանությամբ ու զբաղվում սեռավարակների կանխարգելմամբ:
Կազմակերպության ակտիվիստ 26-ամյա Հրայրն իր պարսիկ ընկերոջից բաժանվել է միայն այն պատճառով, որ նա ցանկանում էր հեռանալ Եվրոպա:
«Իրանում չէր կարող ապրել, այնտեղ կախում են միասեռականներին, այստեղ էլ էր ընկճված ու համոզում էր գնանք, իսկ ես չէի ուզում գնալ»:

Թեև նա մշտապես զգում է անհանդուրժողականության ճնշումը, սակայն իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում:
«Երեխա ժամանակ ինձ հասկանալու տանջանքների մեջ էի, ու կողքիս ոչ ոք չկար,- հիշում է նա:
Իսկ այսօր մենք մի մեծ թիմ ենք ու փորձում ենք օգնել նրանց, ովքեր անպաշտպան են:
Սա ինձ համար շատ թանկ է: Չեմ վախենում նույնիսկ հաշվեհարդարից, եթե գնամ մի եվրոպական երկիր ու ջայլամի կյանքով ապրեմ, ես ինձ պարտված կհամարեմ»:

Հատուկ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի համար (www.iwpr.net-ի)

Լուսանկարները Կարեն Միրզոյանի

Entry filed under: հոդված. Tags: , , , .

Ծախսաձոր Travel Армянские геи: долгий путь к свободе

4 комментария Add your own

  • […] մեջ: Հովհաննեսի մասին ևս մի անգամ գրեցի անցյալ տարի «Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք … հոդվածում: 40.158616 […]

    Нравится

    Ответить
  • 2. zulumik  |  15.06.2010 в 00:13

    Իրոք, ՀՀ-ում ո’չ մտածելակերպը, ո’չ գրված ու չգրված օրենքները այսօրինակ մարդկանց որևէ կերպ չեն աջակցում:
    Մենք ո’չ Եվրոպայում ենք , ո’չ էլ Ամերիկայում, ու այն ամենն ինչ հասարակության համար անսովոր է` աննորմալ է համարվում:

    Մեր երկրում ուր տղաների 98 %-ն ամուսնանում է, որովհետև «մաման արդեն հոգնում` ա իրա շորերը լվա, տունը մաքրի», «աղջկա պապան հարուստ ա,կպահի» ու լիքը այլ էդօրինակ պատճառներով(աղջիկների մասին լռում եմ :-(…. ), իրավունքների մասին երևի վաղ է խոսել, էն էլ` միասեռականների:
    Երբ հասարակական գիտակցությունն էնքան բարձրանա, որ հայկական ավանդական ընտանիքի մոդելից «փախչողների» ընտանիքները տձև ու չարօրակ հասարակական նորագոյացություններ չդառնան,
    երևի էդ ժամանակ էդ մարդկանց համար էլ հայ լինելն ու Հայաստանում ապրելն ավելի դյուրին լինի:
    Մինչ այդ, սակայն, գրեթե բոկլորը հիասթափված են….
    Հուսալքվածներից շատերը երկրից են գնում, ոմանք էլ մնում են երկրում ու յոլլա գնում🙂

    Нравится

    Ответить
  • 3. Karen  |  24.02.2011 в 16:42

    😦

    Нравится

    Ответить
  • 4. ՉՅՈՌՆԻ  |  14.08.2011 в 22:32

    Ավելի ճիշտ պետք է ասել հայ ժողովուրդը պետք է երկար ճանապարհ պետք է անցնի բառը ամբողջովին ընկալելու համար: Իսկ ինչ վերաբերվում է փողոցներում միասեռականների հետևից անբարո խոսքերին ու ծեծին, ապա ասեմ նման մարդիկ ովքեր մարդու հետևից գոռում են կամ քար շպրտում, դրանք ուղակի ղզողլան եթիմներեն, երևի դրանք կամ ծնող չունեն կամել դրանց ծնողները տռասից տուն չի գալի: Կարճ ասած պոռնիկների թուլեքը:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: