Մանգասարյան Ռուբոն չկա

23.03.2009 at 15:29 Оставьте комментарий

Ռուբոն: Լուսանկարը Անահիտ Հայրապետյանի

Առավոտ, կիրակի, անկողնուց վեր ես կենում, վարագույրները քաշում, արևը տուն ա լցվում, ու մեկ էլ տխրում ես, որ էսօր առաջին անգամ Ռուբոն արևի լույսը էլ չի տեսնելու: Մանգասրայան Ռուբենը մահացել է,- հեռախոսափողի մեջ լաց լինելով տեղեկացնում է Լոռանսը: Ոնց թե:

Փետրվարի սկզբներին էր, Ծաղկաձորում, միասին աշխատելու, թե հանգստանալու էինք գնացել, ինքը` ավելի աշխատելու, ես` ավելի հանգստանալու: Հանգստյան տան բարում գարեջուր ենք խմում, քննարկում պլաններ: Երկուսիս երազանքն էր, որ միասին Թուրքիայի մուսուլման համշենցիների մասին նյութ անենք, ու Ռուբոն ասեց, որ էս տարվա մեջ անպայման կազմակերպելու եմ, գնանք: Ռուբոյի ծրագրերը անսպառ են, ծրագրերի մի իննսուն տոկոսը իրականացնում էր, թե չէ, վերջը հարյուրն էլ կաներ:

Ասում եմ` գիտես, Ռուբո, Գիգանտը երրորդ կինն ա բերել, չէթա՞նք նյութ անենք: Դե դու ընենց չարիր, որ Գիգանտը համաձայնվի,-խնդում ա Ռուբոն ու  պատմում Աննային. Զանգիլանում իմացանք, որ Մնջևանում Գիգանտ անունով մեկը երկու կին ունի` երկու քույրեր: Լավ թեմա է, գիտես ինչ տիպ էր, ինչ ասես ձեռից գալիս էր` աբորտ անում էր, ատամ քաշում էր, դե ընդե ատամանբույժ մոտիկ չկար, պացիենտին նստցնում էր փոքր աթոռին, ինքը կոլոտ էր ահավոր, որ բոյը հասնի, մի բաժակ թթի արաղ խմցնում, պլասկագուպցին գցում ատամը քաշում, մի բաժակ էլ հանելուց հետո տալի, կնիկները էրկու քուր, մեկը ավելի սիրուն, մեկը ավելի գեշ, սիրունը պառադնին էր, հետը տեղ-մեղ էր գնում, գեշոտը` ռաբոչին, տան գործ էր անում, էրեխեքը խառը էրկուսին էլ մամա էին ասում, չորսը մեկից էր, էն էրկուսը մյուսից: Հետո էս Վահանը Գիգանտի տղին, անունը ի՞նչ էր, Փաշիկ,- ասում եմ,- հա, Փաշիկ, Փաշիկին ասեց` տար երկրորդ հարկը ցույց տուր, ժեշտի տուն էր, իրար կպցրած: Հելնում են, էս Վահանը հարցնում ա` բա պապան որտե ա քնում, բա մաման որտե ա քնում, բա մյուս մաման որտե ա քնում: Որ գնում ենք, տղեն հորը պատմում ա, թե ինչ հարցեր ա տվել, ու Գիգանտը նեղացել էր, իրիկունը էլի գնացինք իրանց մոտ, նեղացած ու ջղայն- ջղայն ասում ա` գալիս ընէնց հարցեր եք տալի, էլ ներս էլ չթողեց:

Ես նյութը տպեցի «Արմենիանաուում» ու «Հայկական ժամանակում», 12.05.2004թիվ` ԳԻԳԱՆՏ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԻՐՏ, ՈՒԺ, ՍԵՔՍ: Սկսում էր. «Գիգանտը առաջին հերթին հայտնի է, որ մի տան մեջ երկու կին ունի` Մարգարիտը  ու Անուշը: Կանայք երկու քույրեր են, որոնց, Գիգանտը ասում է, փախցրել է  86-87 թվերին. «Գնացի ուզելու` հերը չտվեց, որ սենց փոքր-մոքր եմ: Ես էլ ասի, որ տենց ա` էրկու աղջկան էլ կփախցնեմ, սկզբից մեկին, մի տարի հետո` մյուսին»: Կանայք ասում են, որ իրենց կամքով են փախել Գիգանտի հետ, որ չուզեին, չէին գնա», և այլն: Ու համ էլ “Աֆիշում” տպվեց` ռուսերեն, Ռուբոյի ֆոտոներով:  Մինչև հիմա, որ Կովկասի ինստիտուտ Ռուբոյի մոտ մտնում էի, Ռուբոն մեկ-մեկ բացում ա կոմպի մեջ Գիգանտի ֆոտոները, ընտանիքը հերթով շարված, մի ծայրում ես, մյուսում Խչոն:

Խչոն ամեն առիթով պատմում ա, թե խի Ռուբոն իրան կանգնացրեց Գիգանտի ընտանիքի կողքը` Խչո ջան, դու էլ կողքները կանգնի, ես էլ չեմ ջոկում` ինձ խի ա իրանց հետ նկարում: Հետո ջոկի որ նկարը տեսա, սաղ ընտանիքը իմ ստից էր,- Խչոն ցույց ա տալիս գոտկատեղը,- ինձ կանգնցրեց, որ էրևա դրանց բոյը ինչքան ա, վայ էդ ոնց գլխիս սարքիր, Ռուբո, ու խնդում ա Խչոն:

Ծաղկաձորից մի շաբաթ առաջ Խչոյի հետ Կովկասում էինք, Խչոն ասեց` բա գիտես, Գիգանտը երրորդ կինն ա բերել: Ռուբո,- ասում եմ,- արի գնանք երրորդի մասին էլ նյութ անենք, բան չկա, Խչոն կհամոզի Գիգանտին, իրանց թագավորն ա, Գիգանտը Խչոյին թագավոր էր ասում, կասի` Գիգանտ, ընկերներս պիտի քո ընտանիքի մասին թազա նյութ անեն, էն էլ կասի` թագավոր ջան, որ դու ես ասում, թող անեն:

Հա՞, ճիշտ, Խչոն իրանց թագավորն ա, կհամոզի, արի գնանք,- ասեց Ռուբոն, – արի չուշացնենք, հունիսին գնանք: Չէ, Ռուբո,- ասում եմ,- էն շոգին կխաշվենք, արի աշունը գնանք: Որոշեցինք, որ հաստատ գնալու ենք: Ու գնալու էինք:

Նայում եմ Ռուբոյին դագաղի մեջ պառկած, աչքս չեմ կարում կտրեմ, նույն Ռուբոն, քնած, աչքերը փակ, բայց ինչ-որ բան էն չի, իմ ճանաչած Ռուբոյից տարբեր ա: Ի՞նչն ա տարբեր: Չեմ հասկանում: Սենյակից դուրս եմ գալիս, Ռուբոյի պատկերը հետս, ու արա~, իմացա, Ռուբոն կոստյումով էր, առաջին անգամ Ռուբոյին տեսնում եմ կոստյումով: Ինչքա~ն խորթ ա կոստյումը Ռուբոյին: Նա միշտ ժիլետով ու ջինսով էր, եթե դագաղում էլ ժիլետով լիներ, չէի ասի, թե մահացած ա:

Գիգանտի թեման կարգին չպրծած` մեկ էլ Ռուբոն անկապ ասեց` բայց գիտես, լավ չեմ, առողջությունս վատ ա: Կարծես նամյոկ տար, էսքան ծրագրեր, բայց… Սի՞րտդ ա,- միանգամից հարցրի: Չէ,- պատասխանեց: Միանգամից սիրտը էկավ միտքս: Ռուբոն շատ էր ծխում, ինչ Ռուբոյին հիշում եմ, քեմըլի պաչկեն անբաժան էր, օրը էրկու պաչկա, եթե ոչ ավել ու թունդ, լայթ չէր ծխում: Բայց մի քանի տարի կլինի` քեմըլը թողել էր ու ուրիշ սիգարետներ էր ծխում, ինչքան ծրագրերը շատանում էին, էնքան հաճախ էր ասում`պիտի թողնեմ, քչացրել էր, բայց էլի չէր կարում լրիվ թողեր: Լյա՞րդդ ա,- երկրորդը, որ էկավ միտքս: Չէ: Խի՞ լյյարդը, դե Ռուբոն խմում էր, ես Ռուբոյին չեմ պատկերացնում, որ աշխատանքից հետո մի էրկու բաժակ չխմեր: Հարբած գրեթե Ռուբոյին չեմ տեսել, բայց աշխատանքային հոգնածությունը անցկացնում էր օղիով: Իրիկունը խմում, առավոտը էլի ակտիվ աշխատանքը: Ես միշտ նախանձել եմ մարդկանց, որ խմում են ու հետո աշխատում, ես որ խմում եմ, իրեք օր չեմ կարում գործ անեմ, կամ որ անեմ` գլխառադ: Որ հիմա լիներ, կասեի` Ռուբո, դե լուսանկարելու համար շատ խելք պիտի չաշխատացնես, մի հատ չխկցնել չի՞, դրա համար էլ պախմելիայով հեշտ ա աշխատելը, մերը ուրիշ, պախմելիայով գրելը անհնար ա: Ռուբոն կխնդար, ու չէր վիճի, թե լուսանկարի համար ինչքան խելք ա պետք: Շատ վստահ էր մասնագիտության մեջ: Մի լուսանկարչի հետ ռեպորտաժ էի անում, նրան ասեցի` մի հատ էս կչխկցնե՞ս: Լուսանկարիչը նեղացավ, ասեց` Վահան, սրանից հետո ինձ չասես չխկցնել: Ռուբոյին պատմեցի, խնդաց, ասեց` ինձ միշտ կարաս ասես` չխկցրա: Հակառակը, հաճախ ասում էր` Վահան, հես ա, սկսելու եմ գրել, էլ դու գործ չունենաս, տես, էս ֆոտոյիս համար ես եմ գրել: Ես էլ ասում եմ`արա, դե հացիս վայիս մի ասա:

Բայց մեր մասնագիտական կոնֆլիկտը եղավ Աբխազիայում: Ռուբոն լավ կադրեր չէր գտնում, իսկ ես պնդում էի, որ կարևոր հարցազրույցներ պիտի անեմ, Ռուբոյին չէր դզում, հո չէր հասել Աբխազիա, որ մարդկանց գլուխ նկարի, բայց ես էլ չէի կարա զիջեի, իրա ուզած մարշրուտով գնայի ու բաց թողնեի հարցազրույցներս, ինֆոն, նյութս մարդկանց մասին էր և ոչ թե տեսարանների: Վեճը թեժացավ` կարևորը լուսանկարն ա՞, թե՞ տեքստը: Մեր համատեղ աշխատանքի ընթացքում սա միակ վեճն էր, միակ անգամն էր, որ Ռուբոն կադր չէր գտնում:  2004 թիվն էր, ապրիլ, Սուխումի ու ձյուն, սառել մնացել էինք: Էկել էինք թեթև, թե պիտի մերձարևադարձային երկրում նյութ անենք, էն էլ ասում էին, թե տենց ցուրտ Սուխումը չէր տեսել: Բոթասներով ու կուրտկեքով, ձեռներս ջեբներս կծկված, ձների վրայով սառած էստեղից էնտեղ: Բայց ջերմությունը գտնում էինք, Գագրայի հյուրանոցի կողքի աբխազական խորտկանոցը, կենտրոնում կրակ, վրան կապտիտ են լինում պանիր ու միս, վերևը երդիկ, որ իբր ծուխը դուս գա, բայց կեսն էր դուս գալիս, ես ու Ռուբոն, ծխից աչքներս արցունքոտած, միսը ուտում ու խմում, ես` գինի, ինքը` արաղ:

Հետո Բաթում արդեն ավելի հանգիստ էր, հյուրանոց, հայ լուսանկարիչ կոլեգա, ավելի տաք էր եղանակն արդեն, ծովի ափին սուրճ, իրիկունը խինկալի ու պելմենի, ու խմել, խմել, խմել: Բաթումից էկանք Էրևան ու մի շաբաթից` Ախալքալաք, էլի էշի պես առանց տաք շորերի, դե ապրիլի կեսերն էր, ինչ իմանանք, որ ցուրտ ա լինելու, առաջի գործը շուկայում սվիտր առնելն էր, իսկ երկրորդը` Ռուբոյի դրամապանակը գողացան:

Բա ինչդ ա՞, հարցրի: Թոքերս,- ասեց Ռուբոն, ինչ-որ կետեր կան թոքերումս: Շաբաթ իրիկունը ուշ Առնակի հետ որ գնացինք Ռուբոյենց տուն, առաջին հարցը որ տվի` ինչի՞ց եղավ: Ինֆարկտ,- ասեց Տիգրանը` Ռուբոյի ախպերը: Մաման մի շաբաթ առաջ ինսուլտ էր ստացել, ախպերները հերթափոխով խնամում էին, կիրակի Ռուբոյի օրն էր, ու մեկ էլ հիվանդ մոր աչքի առաջ վատանում է, մայրը էդ վիճակում մի կերպ իջնում հինգերորդ հարկից երկրորդ հարկ, հարևանին կանչում, մինչև գալիս են, սիրտ շփում, արդեն Ռուբոն չկա:

Շատ էր իրան մաշում,- ասում ա Տիգրանը, հանգիստ չուներ, “Նեշենել ջիոգրաֆիկն” էլ որ սկսեց, արդեն շատ ծանր էր: Որ ամառը մեկ էլ գալիս էր Վաչագան, ընկնում քնում էր 24 ժամ, էնքան հոգնած էր լինում:

Կովկասի ինստիտուտի ֆոտոլրագրության կուրսը` արդեն չորս թե հինգ տարի, ընթացիկ լուսանկարչական պրոյեկտները, ”Նեշենել ջեոգրաֆիկի” խմբագիր` երկու համարը տպել էր, երրորդը մնաց, առաջինի համար գնացինք Ղափան, Վաչագան, պիտի բարձրանայինք Խուստուփի գագաթը, մի շաբաթ մնացինք, եղանակ չարեց, Խուստուփը չբացվեց, ամպերի մեջ, ու անձրև: Նախավարժանքի համար մի օր բարձրացանք անտառ: Ես հալից ընկել եմ, քրտինքը կաթկթում ա վրայիցս, շունչս փչում, Ռուբոյի հեչ պետքը չի, արագ-արագ, մի հատ չի քրտնում, քայլում ա վեր ու վար, ես հետևից հասնում եմ, ես քիչ ծխող, ինքը` պաչկեքով, բայց դիխանին տեղը: Ու գետը`ջինջ, հատակը երևում է, Ռուբոն գցում է կարթը ու թաքնվում, կարմրախայտը տեսնում է որսորդին, ամենազգայուն ձուկն է, պիտի զգույշ լինես: Խփեց, օդի մեջ թպրտում է կարմրախայտը: Ես մի ռեպորտաժ արի, տրեխների մասին: Մնաց մի նյութ էլ, ափսոս չգրեցի, Ղափանի ճամփին մի արհեստական լիճ կա, անտառի մեջ, Ռուբոյի հետ գնացինք, Ռուբոն էրկու ժամ կարթը գցել, տարբեր տեղեր փորձեց, բան դուս չեկավ: Բայց ձուկ կերանք: Լճի տնօրենը` Էնգելսը մեզ հյուրասիրեց, ինչ լավ ձուկ էր, խոշոր, որ դրեց սեղանին, ասի չալաղաջ ա: Էնգելսը Ռուսաստանից ձուկը բերում լցնում ա լիճը, ու վճարովի ձկնորսներին թողում ձուկ բռնեն: Մի քանի էջ տետրումս գրառումներ արեցի, բայց Ռուբոն հետո չուզեց, բայց պիտի գրեի, կտայի Արմենիանաուին: Էնգելսն էլ ոնց որ իսկական էնգելսը լիներ` մորուքով, մի քիչ ավելի Մարքսին նման: Ռուբոն որոշել էր Հայաստանում գտներ մի հատ էլ Մարքս, ձեռը տար Մարքսի ֆոտոն, մի հատ էլ Լենին, ձեռը` Լենինի ֆոտոն, ու ֆոտոշարք աներ: Ուժեղ գաղափար ա, չէ՞, Մարքս-Էնգելս- Լենին` իրենց ադաշների ֆոտոները ձեռները:

Ռուբոն օրը մինչև վերջ քամում էր, մի արանք չէր թողնում պարապ նստելու: Ես որ մենակ կամ ուրիշ լուսանկարչի հետ քաղաքից դուրս ռեպորտաժի եմ գնում, գործս անում-պրծնում, էլ չեմ իմանում ինչ անեմ, հյուրանոցում տելեվիզր, ու շուտ քնում: Իսկ Ռուբոյի հետ ուրիշ էր, Ռուբոյի ջիպը` միշտ լցված արշավային պարագաներով, ու միս` բաստուրմա դրած: Չոլերի մեջ, մի տեղ, կանաչ ու առու գտնում, մաշնեն կանգնացնում, շշի վրա միսը քաշում ու` խորոված: Տեսնես ո՞ւր են ֆոտոները` ես պպզած եմ հերթական կրակի մոտ, խի՞ ժամանակին չվերցրի: Լաչինի միջանցքում, Լաչինից Զանգելան ճանապարհին քանի~ տեղ կանգնել ենք ամայի ձորերում, աշխարհն ա ու մենք, մենակ երկուսս, ու նստել խորովածի: Մեկ էլ` կոֆե չխմե՞նք, ու Ռուբոն հանում ա ճամփորդական կերասինկան, կոֆեն դնում,  ու կոֆեով ծխելով վայելում ենք գարնանային եղանակը: Մեկ էլ մի գետակի մոտ կանգնում ու կարթը հանում գցում ջուրը: Ես անելիք չունեմ, կողքից նայում եմ` կխփի թե չէ, կամ թփերի մեջ մոշ ուտում: Իսկ որ գործը անում ենք, ֆոտո, հարցազրույց, և այլն, վերջում իրիկունը խմելու, մի տեղ գտնում ենք գյուղական չոլերում, մի խորտկարան, նստում ու ժամերով խմում ու խոսում: Հետո հյուրանոց, ու էլի, ի՞նչ տելեվիզր, ի՞նչ քնել, նարդի ենք գցում:

1998. Գայանե Աֆրիկյանը, Արզումանը, ես, Ռուբոն

1998. Գայանե Աֆրիկյանը, Արզումանը, ես Ռուբոն

Լուսանկարիչ ու Ռուբո իմ պատկերացման մեջ նույնանում են, ոչ թե Ռուբոն ամենալավ նկարիչն ա, կամ մեկից լավը, մյուսից վատը,  չէ, խոսքը լավի ու վատի մասին չի, Ռուբոյի իմիջը հենց իմ պատկերացրած լուսանկարչինն ա, նրա կյանքի բոլոր դետալները` կարթը, ջիպը, նախկին լաբորատորիան` կասկադում, անլուսամուտ խուցը, ուր պլյոնկեքն էր պռայավկա անում ու նկար տպում, հետո ցիֆրավոյ ֆոտոն, կոմպերը, քեմըլը, օղին ու լուսանկարներ, լուսանկարներ` Աֆրիկա` ծովի ափին սևամորթ տղան պպզած, պատերազմը` ամենատարբեր դեմքեր, կրակ ու մահ, հեղափոխություն` 88, 90, 96 թվեր, իր ամուրի կյանքը, ու երբ ես ու Աննան Ծաղկաձորում համոզում էինք` Ռուբո, ամուսնացի էլի, ինչքան սիրուն ուսանողուհիներ ունես, էրեխա կունենաս, ինչ վատ ա, Ռուբոն նայում էր մեզ` առանց ձայն հանելու ու առանց ժպտալու, կարծես համաձայն էր, բայց ասեց`չէ,  սովորել եմ էս կյանքին:

Երբ Լոռանսը զանգեց, մենք Արմանի թազա մանիֆեստն էինք քննարկում` DVD հեղափոխություն, ուր այսպիսի տողեր կան. «Ամեն մարդ պատկանում է ինքն իրեն: Հետևաբար ամեն ոք ունի բացարձակ իրավունք կառավարել սեփական կյանքը, մարմինը, խոսքը, արարքները և ազնիվ ճանապարհով ձեռք բերված սեփականությունը»: Արմանին ասում եմ` մտցրեք մի կետ էլ, որ լրիվ լիբերալ լինի` ամեն մարդ բացարձակ իրավունք ունի մահից հետո որոշել, թե ինչ կլինի իր հետ: Արմանը` չէ, ինչ մահ, չուզեց, Վիոլետը ասում ա` Արմանը աթեիստ ա: Է, հա, ես էլ հավատացյալ չեմ, բայց ուզում եմ մի մանիֆեստ, որտեղ յուրաքանչյուրը ընտրություն անի, թե մահից հետո ինչ կլինի իր հետ: Ու եթե այդ մանիֆեստը բոլորս ընդունած լինենք, լավ կլինի, մանավանդ, որ Ռուբոն մահից հետո ընտրած կլինի նորից ծնվելը:

Entry filed under: խոհ. Tags: .

Ապագայի արձանը Հիմնադիրն ու ֆաշիզմը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: