Շիզոֆրենիա. ո՞վ էր տեսել քանդեն Հոկտեմբերի 27-ի տաբուն

01.12.2009 at 00:00 3 комментария

Ցմահ ազատազրկվածների խցում` ես, հոկտեմբերի 27-ի գործով նստած Դերենիկ Բեջանյան, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդուն` Սեդրակ Զատիկյանին սպանելու համար դատապարտված Արսեն Առուշանյան, հոկտեմբերի 27-ի գործով նստած Էդուարդ Գրիգորյան, Դրոյի գործով նստած Արսեն Արծրունի

Թիֆլիսում ասի մտնեմ տեսնեմ ինչ կա Հայաստանում, բացում եմ Ա1+-ի սայթը ու` այ քեզ բան,«Այլանդակություն» վերնագրի տակ լուսանկար` ցմահ ազատազրկվածներ Արսեն Արծրունին, Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը ու «Ազատամտություն» օրաթերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը բանտի խցում: «Այ քեզ բանը» լուսանկարին չի վերաբերվում, այլ մեկնաբանությանը, հանրապետական Գալուստ Սահակյանի մեկնաբանությանը`«Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»: Թե պետական անվտանգության ի՞նչ խնդիր է առաջացնում, խոսք չկա:  Փորձեմ ես պարզել:

«Այ քեզ բան» եմ ասում, որովհետև ես էլ երկու ամիս առաջ նույն խցում էի, նույն սեղանի շուրջ ու ունեմ լուսանկրաներ նույն մարդկանց հետ, որոնք պատրաստվում էի հրապարակել նյութիս հետ: Դեռ չեմ գրել, հա հետաձգվում էր, հիմա առիթը եկավ, որ իմ լուսանկարն էլ հրապարակեմ: Ուրեմն ես էլ պետական անվտանգության խնդիր եմ առաջացրել:

Ա1+-ի լուսնկարը վերցված է «Հայկական ժամանակի» նոյեմբերի 26-ի համարից, ուր լուսնկարի տակը մակագրված է.

«Նկարի ձախ կողմում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Դերենիկ Բեջանյանն է: Նրանից աջ` առաջին պլանում «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին է: Վերջինիս կողքին` 2008-ի փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց բողոքի ցույցեր կազմակերպող Արտյոմ Խաչատրյանն է, ով հանրությանը հայտնի է «Շիզոլինի» մականվամբ: Նկարի աջ կողմում` հետին պլանում նստածը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է: Նկարի կենտրոնական մասում` հետին պլանում նստած ճաղատ գլխով մարդու ինքնությունն անհայտ է, քանի որ դեմքը հստակ չի երեւում: Բերված նկարը, ամենայն հավանականությամբ, արվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների խցում: Նկարը մոտ 2 ամիս առաջ է տեղադրվել ինտերնետում: ՀՀ օրենսդրությունը խմբակային տեսակցություն չի նախատեսում, այն էլ` դատապարտյալների խցում: Բացի այդ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը»(«Հայկական ժամանակը» սուտ է գրել, թե լուսնկարը ինտերնետից է վերցված, այն ինչ-որ ձևով նրա ձեռքն է ընկել):

Ու հիմա կարդում եմ էս մակագրությունը ու էլի մտածում` թե ինչ փորձանք կգար գլխներիս, եթե Նիկոլ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը գային իշխանության, թե ինչպես օրենսդրությունը կփոխեին, որ լրագրողները բանտախցեր մուտք չունենային, որ ընդհանրապես կալանավորների հետ հանդիպումներ չլինեին ու կալանավորները մնային ձայնազուրկ ու հետևաբար իրավազուրկ,  ինչպես Տեր-Պետրոսյանի ժամանակ էր:

Իրավապաշտպանության ու լրագրության մեջ մի էթիկայի կանոն կա` մի վնասիր, կալանավորին վնաս մի հասցրու: Բայց դա Հայաստանի համար չի, առավել ևս  «Հայկական ժամանակի», որ մի սպառնալիք է կախում հասարակության գլխին` թե « հետաքրքիր կլինի իմանալ ով է ապահովում Հոկտեմբերի 27-ի ոճրագործների բարեկեցությունը», այսինքն՝ ո՞վ է իրեն թույլ տվել օգնել ցմահ խցում մեկուսացած, ամեն ինչից զրկված մարդկանց, գտնել այդ «անամոթին», գամել անարգանքի սյունին: Եվ էս ֆաշիզմը, եթե գար իշխանության ինչպիսի՜ ջերմեռանդությամբ պիտի որսար բոլոր նրանց աջակիցներին,  ում ոճրագործ կորակեր:

Լրագրողները լռում, են, ամեն պատեհ-անպատեհ առիթով լրագրողական համերաշխություն ցուցաբերող, ամեն անգամ հայտարարությունների տակ ստորագրող լրագրողական կազմակերպությունները կլռեն, որ իշխանության հավակնող ուժը դատապարտում է լրագրողի ազատ մուտքը բանտեր ու  մեղադրում, թե օրենք է խախտվել(իրականում ինչպես հաճախ, այս դեպքում էլ «Հայկական ժամանակը» մի քանի տողի մեջ երկրորդ սուտն է գրում, իրականում օրենսդրությունը թույլ է տալիս լրագրողին այցելել բանտախուց): Ես էլ եմ «խմբակային», երկու հոգով այցելել բանտախուց` լուսանկարիչ Իննա Մխիթարյանի հետ և դա արվել է օրենքի բոլոր կանոններով՝ գրավոր նամակ եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ և ստացել գրավոր թույլտվություն: Հակառակը` եթե թույլ չտաային այցելել բանտախուց, այդ դեպքում օրենքը կխախտվեր:

Լրագրողական համերաշխությունը, լրագրողների իրավունքի պաշտպանները կլռեն, իսկ Ա1+-ն ու «Հայկական ժամանակը» ու մյուս ընդդիմադիր թերթերը կամ, ավելի ճիշտ, մյուս  լևոնական թերթերը կխառնվեն իրար: Ինչո՞ւ:

Ճաքեր է տալիս հոկետմաբերի 27-ի տաբուն, մի տաբու, որն արգելում է ահաբեկիչների վերաբերյալ չեզոք կարծիք ունենալ, նրանց ձայն տալը, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ունենալ ու հարց բարձրացնելը` թե ինչպե՞ս է այս երկրում հանդուրժվել ,  որ այդ կալանավորներին ամենահավոր խոշտանգումների ենթարկեն: Մի տաբու, որն սրբորեն պահում են և իշխանությունների և ընդդիմադիր զլմ-ները ու  հակառակորդներ Գալուստ Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը:

Ու հենց էս տաբուի գոյությունն  է, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորներին դարձնում է ամենաիսկական քաղաքական բանտարկյալներ: Քաղաքական, քանի որ քաղաքական հաշվարկները արգելում են նրանց մասին ճշմարտությունը ասել, հայտարարել, թե նրանք էլ են մարդ ու նրանց նկատմամբ բազմաթիվ օրենքներ են խախտվել, որ նրանց ամենավերջին խոշտանգումներին են ենթարկել ու որևէ մեկը, որևէ հասարակական գործիչ  չի փորձել հայտարարել, որ խախտվել են մարդու իրավունքները:

էս տաբուն քանդեց հենց Արտյոմ Խաչատրյանը, սկսեց «Ազատամտությունում» հրատարակել Էդիկ Գրիգորյանիտեքստերը, որոնք հոկտեմբերի 27-ի պատճառների այլ տարբերակ են ներկայացնում` տարբեր և իշխանության և ընդդիմության տարբերակներից: Այսպես.

«Կազմակերպիչների մասին աղմուկի միակ փաստարկն այն է, թե ու՞մ էր ձեռնտու: Գաղտնիք չէ, որ նկատի ունեն Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին: Եթե ես հիմա ցուցակ գրեմ, թե ում էր ձեռնտու, կստացվի մարդահամար: Այդ պատճառով ես դա չեմ անում: Իսկ գուցե այդ աղմուկը պետք էր, որպեսզի դրա հետևում թաքցնեն շատ ավելի կարևոր բաներ: Օրինակ, «Հոկտեմբերի 27-ի» իրական դրդապատճառները: Թե չէ գրել են. «համաձայն չլինելով վարած քաղաքականության հետ…», «բացասաբար տրամադրված լինելով…» համաձայնեք, որ էնքան էլ համոզիչ չէ, եթե չասեմ` սուտ է»:

Եվ նաև թե ինչպես են իրենց խոշտանգել որ իրենցից ցուցմունք կորզեն նախագահ Քոչարյանի դեմ.

«Իսկ այ, դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ»:

Հենց այս խցում Էդիկը նաև ինձ էր պատմում, թե ինչպես էին ձմեռվա ցրտին լուսամուտները բաց ցուրտ –10-20 աստիճան խցում վրան սառը ջուր լցնում ու առավոտ գալիս, որ ստանան իրենց ուզած պատասխանը` թե Քոչարյանն է պատվիրել ահաբեկչությունը: Ու Գագիկ Ջհանգիրյանի ներդրած բոլոր ջանքերին հակառակ, բոլոր խոշտանգումներին դիմանալով նա մնում է անկոտրում ու չի ասում էն ինչ իրենից պահանջում էին(Փակագծերում նաև ասեմ, որ իր և իր հետ կալանավորվածների նկատմամբ ահավոր խոշտանգումների մասին պատմեց նաև Դրոյի գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունին. պատմեց, որ տղաներից մեկին Ազգային անվտանգության պետ Դավիթ Շահնազարյանը անձամբ է ծեծել, տվել դուբինկով գլխին ու այնպես է ծեծել, որ տղան հոգեկան խանգարում է ստացել, իսկ նույն գործով մեկ այլ կալանավորի` Արտավազդ Մանուկյանին տանջել են հիվանդ վիճակում թութքի պրիստուպի ժամանակ անօգնական թողնելով այնքան մինչև արյունահոսությունից մահանում է: Այս ամենը եղել է 94-95 թվերին):

Հիմա քաղքական վերնախավը խառնվել է իրար` չէ՞ որ 27-ի կալանավորները օրենքից դուրս են, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը, կամ թեկուզ չեզոք խոսքը կհարավածի քաղաքական համակարգին` այն համակարգին որի պետական իշխանությունը  Վազգեն Սարգսյանի արձաններն է շարում ցրելու  համար մեղադրանքները, թե կազմակերպել է հոկտեմբերի 27-ը, իսկ նրա հակառակորդ մասը` Կոնգրեսն, ՀՀՇ-ն, սրբացնելով Վազգեն Սարգսյանին դարձնում են գործիք, որ մեղադրեն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին,  թե նրանք են սարքել հոկտեբերի 27-ը:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի սիմվոլն է դարձել, հակամարտող բոլոր ուժերը կմեղադրեն միմյանց ամեն ինչում, բայց միասին կպաշտեն այն մարդուն, ով պրակտիկորեն սկիզբ դրեց ընտրակեղծիքներին: Սյդ պաշտանմունքով մատնում են իրենց, որ  հավատարիմ են ընտրակեղծարար համակրգին: Վազգեն Սարգյանը այն հարմար հանգուցյալն է, որին աստվածացնելով քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ներկայացնում է նրան որպես իր կողմնակից, քանի որ նա այլևս չի կարող ասել թե ում կողմից է, ինչպես Աստված չի կարող ասել, թե որ եկեղեցին է իրեն ճիշտ մեկնաբանում: Եվ արդեն սա մի հղկված իրավիճակ է, որի պայմաններում երկու կողմերն էլ հարմարավետության մեջ են:

Հարմարավետությունը սկսում է խարխլվել, երբ սկսում է խոսել «համրացվածը»` հոկտեմբերի 27-ի գործով Էդիկ Գրիգորյանը ձայն է ստանում: Հնչում է երրորդ կարծիքը, թե հոկտեբերի 27-ը գաղափարական գործողություն է եղել. Իսկ ի՞նչ գաղափար, տեռորիստական ա՞կտ ուղղված հենց էն համակարգի դեմ, որի անբաժան մասերն են ընդդիմութունն ու իշխանությունը:

«Երևան ժամանակն» էլ անմիջապես միացավ ընդդիմադիր եղբայրներին ու միանգամից արեց էն տեռորը որից վախենալով ոչ ոք չի փորձում հոկտեմբերի 27-ի մասին այլ տեսակետ ասել հայտարարելով «Ահա՛խնդրեմ կապը` «Հոկտեմբերի 27-ի» ու կազմակերպիչների»: Այսինքն հանկարծ տաբուին չդիպչեք, հանկարծ մարդկային վերաբերմունք չցուցաբերեք այդ ահաբեկիչների նկատմամբ, թե չէ միանգամից ձեզ կկապենք հակտեմբերի 27-ի հետ:

Ու թղթակիցները վազում են հոկտեմբերի 27-ի զոհերի հարազտաների դռները, որ նրանց վրդովմունքը տարածեն:

Տաբուն կոտրվում է ու հարցերը շարվում են իրար հետևից ու փորձում յուրաքանչյուր ահաբեկչի դրդապատճառը հասկանալ: Օրինակ, թե ինչո՞ւ 4 տարի ղարաբաղյան ճակատում կռված Դերենիկ Բեջանյանը զենքը ձեռքին մտավ Ազգային ժողով: Արդյո՞ք այն բանի համար, ինչ ինքն է ասում, որ իրենից ավելի քիչ վաստակ ունեցող կամ ընդհանրապես չկռված  պատերազմի մասնակիցները միլիոնատեր են դարձել, իսկ ինքը չքավորության մեջ ապրում էր հանրակացարանում ու չէր կարողանում ընտանիքը կերակրել:  Այսինքն անարդարության նկատմամբ զայրույթը  չկարողացա՞վ սանձել: Իսկ ինչո՞ւ Էդուարդ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանը, որ ոչ մեկին չեն սպանել, ԱԺ դահլիճ են մտել, երբ սպանդն ավարտվել էր, պիտի ցմահ դատապարտվեն: Ինչո՞ւ է ցմահ դատապարտվել Աշոտ Կնիազյանը, որ ընդհանրապես մուտք չի գործել ԱԺ և ահամբեկչությունից հետո երկու օր հանգիստ իր երթուղայինն է քշել: Եվ արդյո՞ք Նաիրի Հունանյանը և նրա եղբայր Կարենը, եթե ինչ-որ տեղից հրահրվել են, ապա այդ տեռորը արել են առանց նյութական շահի, այդպիսի մեծ ռիսկի գնացողը դա կանե՞ր փողի համար: Եթե դրդապատճառը փողը չի ապա ի՞նչն է: Ուրեմն գաղափա՞ր կա տակը:

Իսկ հայերը, դե ընդհանրապես մարդիկ երբեմն ավելի մեղմ են վերաբերվում  էն տեռորին, ուր կա գաղափար, նույնիսկ շատերը դրական են վերաբերվում, իսկ երբեմն էլ ահաբեկչին հռչակում ազգային հերոս: Եվ հակառակը, աններող են այնտեղ, ուր միայն շահ կա: Ուրեմն էս հարցերի պատասխանները կարող է ավելի ներողամիտ վերաբերմո՞ւնք առաջացնել կալանավորների նկատմամբ: Բայց չէ՞ որ ներողամտությունը հարված է հենց համակարգին` Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած և այժմ Սերժ Սարգսյանի ղեկավարած համակարգին:

Իսկ հարվածը համակարգին առաջացնում է այլ խնդիրներ, թե այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը արդյո՞ք քաղաքական ընդդիմադիրներ են, թե՞ ուղղակի նույն դասակարգին պատկանող հակառակորդներ, որ 17 տարվա մեջ փոքր խմբով յուրացրին համաժողովրդական, բոլորիս պատկանող ունեցվածքը, թույլ չեն տալիս իշխանության հետ կապ չունեցող մեկը հարստանա, և հիմա էլ իրար դեմ պայքարում են  եկամտի աղբյուրներին տիրանալու համար, բայց գործում են ժողովրդավարության ու ազատության անունների տակ:

Իսկ եթե ընդդիմություն կոչվածը հեչ էլ գաղափարկան ընդդիմություն չի, ապա ո՞վ է արդյոք նա, ո՞րն է էս երկրի ընդդիմությունը, գուցե անգլուխ ընչազուրկ, շահագործվող աշխատավոր կամ  գործազուրկ, սեփականաշնորհումից զրկված մի զանգվա՞ծ, որին կապիտալի տարբեր խմբեր նախրի պես օգտագործում են իրար դեմ, որ զավթեն իրարից պետական իշխանությունը: Ու մեկ էլ պարզվում է, որ մամուլն էլ` թե՛ ընդդիմադիր թե՛ իշխանական այդ նույն դասակարգի  ձեռքում է, այդ դասակարգինն է, որի տարբեր թևեր լրատվության անվան տակ պրոպագանդա են անում, որ այդ ընչազուրկ մասսային ավելի արդյունավետ օգտագործեն իրար դեմ: Ու բախումից առաջանում է մարտի մեկ իր 10 զոհերով, որոնց մեջ այդ իշխող դասակարգի ոչ մի ներկայացուցիչ չկա:

Տաբուն քանդելը ճաքեր է առաջացնում զլմ-ների մշակած համակարգում, պարզվում է «ամեն ինչ ասող» ըդդիմադիր մամուլը ոչ միայն բազմակարծություն չի ապահովում, այլև չի հրապարակում մի տեսակետ, որն իշխանությանն էլ է դեմ: Որ խոսքի ազատությունը ոչ միայն պետությունն է խոչընդոտում, այլև հենց ընդդիմադիր մամուլը, որ խոսքի ազատության խնդիրը միայն պետական իշխանության հարց չէ այլ մի այլ իշխանության, այս երկրը քամելով  հարստացած դասակարգի` կապիտալի իշխանության, որ ներկայացնում են ընդդիմության երկու թևերն(Տեր-Պետրոսյանի թևը ու նոր ձևավորվող ընդդիմությունը Քոչարյանի գլխավորությամբ) ու իշխանությունները, որ հոկտեմբերի 27-ը հենց այդ կապիտալին  էր հարված  ու որ ահաբեկչությունը սպանել է այդ կապիտալի կուտակման  կնքահայրերից մեկին, նրա սիմվոլին:

Ու որ Գալուս Սահակյանը ասում է, թե հոկտեբերի 27-ի կալանավորներին այցելելը, այսինքն նրանց խոսք տալը պետական անվտանգության խնդիր է առաջացնում, ապա նկատի ունի իշխանության համակարգն է վտանգի ենթարկվում, կրկնում եմ՝ ոչ թե պետական այլ ընդհանրապես իշխանության, այն իշխանության, որ ձևավորվել է 90-ականներին ու գործում է հիմա: Ու հենց էստեղ իրենց համերաշխությամբ դասակարգի երկու թևերը մատնում են, որ նույն համակարգի ծնունդն են ու նրա ներկայացուցիչները:

Հարց կառաջանա` գուցե նրանք այնքան զգայուն են, նյարդերը թույլ են, որ մարդասպանների նկատմաամբ մարդկային վերաբերմունքից փշաքաղվո՞ւմ են: Ինչպե՞ս, այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիր մամուլը դիկտաֆոնները ձեռքը չնետվեց Տիգրան Նաղդալյանի հարազատների մոտ, երբ չորս տարի նստելուց հետո ազատեցին նրա սպանությունը կազմակերպող Վազգեն Սարգսյանի եղբորը` Արմեն Սարգսյանին, ինչո՞ւ էին հիացմունքով լսում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր` ինձ ընտրելով ընտրում եք Վանո Սիրադեղյանին, մեկին որի վրա մի շարք սպանություններ կան: Ինչո՞ւ է ցույցեր անում, որ ազատեն մի քանի հոգու գլուխ կերած Մուշեղ Սաղաթելյանին: Ինչո՞ւ: Պարզ է, սպանել միայն իրենց է կարելի:

Եթե լրագրողը այցելի որևէ մարդասպանի, մեկին որ միանգամից մի ամբողջ հինգ հոգիանոց ընտանիք է մորթել, լևոնական մամուլն ու Գալուստ Սահակյանը պարզ չի՞ որ բանի տեղ չեն դնի: Նրանց համար, հանրապետական թե ՀՀՇ, մարդն ի՞նչ է, մարտի մեկին տասը զոհեցին, պետք լինի հարյուրն էլ կզոհեին, իսկ ինչպես 96թ. Արշալույսի քեֆի ժամանակ Վանո Սիրադեղյանն էր ասում` պետք լինի 800 հոգի էլ կսպանեն:

Նրանք հայտարարելով, թե այդ խուց այցելելը  օրենքի խախտում է, նկատի ունեն որ տաբուն է խախտվել, որ ոչ թե ցմահներին չի կարելի այցելել, այլ հենց հոկտեմբերի 27-ի կալանավորներին ու հերիք չի այցելել, հետն էլ մարդկային վերաբերմունք ունենալ նրանց նկատմամբ,  որ այդ այցելությունով խախտվում է իրենց սահմանած օրենքը: Ուրեմն ավելի անկեղծ լինելու համար Կոնգրեսն ու Հանրապետականը համատեղ պիտի նախագիծ ներկայացնեն ԱԺ, որ արգելվում է այցելել հենց Հոկտեմբերի 27-ով նստածներին:

ՀԳ. «Հայական ժամանակի» հրապարակած լուսնակարից հետո Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն է տարվում: Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ասում են, թե էդ քննության շրջանակներում կանչվել է հարցաքննության ցմահ կալանավորների զբոսանքը հսկող հսկիչը և հենց էդ պահին, երբ կալանվորների վրա հսկողություն չի եղել, բանտից փախել են երկու ցմահ դատապարտվածներ: Եթե էդպես է, ուրեմն մաղթում եմ որ էս հրապարակումից հետո նոր ծառայողական քննություն տարվի:

Լուսանկարները Իննա Մխիթարյանի

1 դեկտեմբերի 2009

Entry filed under: խոհ. Tags: , , , .

“Взять Цхинвали – не проблема”. Проблема – грузинский национализм Չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա իրական փոփոխություններ անել Հայաստանում

3 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: