Չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա իրական փոփոխություններ անել Հայաստանում

25.12.2009 at 00:00 Оставьте комментарий

Հարցազրույց հրապարակախոս Վահան Իշխանյանի հետ

«Տեր-Պետրոսյանի վերադարձը համարում էի փորձանք, քանի որ նա հիմնադրեց Հայաստանի անկախացումից հետո ձևավորված բրգաձև-կենտրոնաձիգ իշխանությունը»։
«Տեր-Պետրոսյանի վերադարձը համարում էի փորձանք, քանի որ նա հիմնադրեց Հայաստանի անկախացումից հետո ձևավորված բրգաձև-կենտրոնաձիգ իշխանությունը»։

— Պարոն Իշխանյան, Դուք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանության համարում եք «փորձանք հասարակության գլխին»։ Ինչո՞ւ։

— Իշխանության նա արդեն եկել է, պետական իշխանությանն էր կրկին ուզում տիրանալ, որն իսկապես վտանգավոր կլիներ: Պետական իշխանությունից բացի՝ գոյություն ունեն այլ իշխանություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի, որոշ ազդեցություն պետական կառավարման համակարգի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն այդպիսի իշխանություն ունեցողներից է, որն ստեղծվել է, երբ այն պետական իշխանություն ուներ, որով մեծ կապիտալ կուտակեց ու պահպանեց ֆինանսական աղբյուրները և այդ միջոցներով հաստատում է իր իշխանությունը: Նույն կերպ իշխանություն ունի նաև երկրորդ նախագահը:

Անկախության քսան տարվա ընթացքում, երբ նայում ենք քաղաքական դաշտին, տեսնում ենք, որ ձևավորված են երեք կենտրոններ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Հայաստանի երեք նախագահները վերահսկում են հասարակական կարծիքը, և նրանց միջև անընդհատ ընթանում է ու ընթանալու է պետական իշխանությունը վերցնելու պայքար։

Այս առումով չեմ կարծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություն չունի, պարզապես նա ցանկանում էր վերցնել պետական իշխանությունը։ Ինչո՞վ էր վտանգավոր նրա կողմից պետական իշխանությունը վերցնելը։

Նախ ասեմ, որ նրա իշխանության վերադառնալու թեման արդեն ակտուալ չէ, քանի որ վերադարձի վտանգն այլևս գոյություն չունի։ Այսպես կոչված՝ արմատական ընդդիմությունն իշխանության գալու հավակնություններ արդեն չի կարող ունենալ, այն մեռել է, պարզապես դեռ նրա մահվան լուրը չի տարածվել։

Տեր-Պետրոսյանի վերադարձը համարում էի փորձանք, քանի որ նա հիմնադրեց Հայաստանի անկախացումից հետո ձևավորված բրգաձև-կենտրոնաձիգ իշխանությունը, որն իր փաստաթղթային ձևակերպումը ստացավ 1995թ. Սահմանադրությամբ, որը սահմանեց, որ իշխանության գլխին կանգնած մարդն է երկրի միակ տերը. նշանակում էր կառավարության անդամներին, դատական համակարգի պաշտոնյաներին, մարզպետներին ու այլ պետական պաշտոնյաների, կարող էր ցրել խորհրդարանը:

Այս տիպի իշխանական համակարգը հնարավորություն չի տալիս իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ. հասարակական շերտերը, մարդիկ հնարավորություն չունեն մասնակցել երկրի խնդիրների լուծմանը։ Խնդիրն այն է, որ այդ համակարգը գոյություն ունի մինչ օրս, իհարկե, որոշ փոփոխություններով։

Եթե 90-ականներին իշխանության վերևի մասում մի քանի հոգի էին կանգնած, հիմա այնտեղ մի քանի խմբավորումներ են։ Սակայն երկու պարագայում էլ հասարակությունը մասնակցություն չունի երկրի կառավարման գործընթացին։ Այս համակարգը ստեղծել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և որպես համակարգի հիմնադիր՝ նրա վերադարձը շատ ավելի վտանգավոր է, քան նրանք, ովքեր հետագայում են սկսել օգտվել այդ համակարգից՝ գալով իշխանության։

Ես միշտ համեմատականներ եմ անցկացնում Ստալինի ու ստալինյան համակարգի հետ, որ հետագայում ղեկավարում էր Բրեժնևը: Պատկերացրեք՝ բրեժնևյան ժամանակաշրջանում հանկարծ վերադառնար այդ համակարգը ստեղծող Ստալինը, բնականաբար՝ նախընտրությունը կտայի Բրեժնևին։ Այլ բան է, որ պիտի համակարգը փոխվի: Բայց  փոփոխության խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանը չի դնում, նա միայն անհատներին փոխելու մասին էր խոսում: Իսկ ես գիտեմ, որ այն անհատը, որ հիմա իշխանության է, գերադասելի է այն անհատից, որին ընդդիմությունն էր առաջարկում:

— Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դներ համակարգի փոփոխության խնդիր, կկարողանա՞ր այն իրականացնել։ Նրա ղեկավարած ընդդիմությունն ունե՞ր համակարգը փոխելու ներուժ։

— Նա համակարգը չէր կարող փոխել, քանի որ իր մտածողությամբ համապատասխանում է այն համակարգին, ինչն ինքն է ստեղծել։ Մենք չենք կարող ասել, թե Ստալինը կարող էր ստեղծել ժողովրդավարական համակարգ, նա չէր կարող, քանի որ նրա մտածողությունը հենց այդպիսին էր, ինչպիսին համակարգն էր։ Տեր-Պետրոսյանը չունի ազատական մտածողություն, բայց լավ գիտի ժամանակակից աշխարհի լիբերալ կոնտեքստների լեզուն, որով կարողանում է խոսել ու համախոհներ հավաքել։

Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ նա իր հանրահավաքների ժամանակ հաճախ էր օգտագործում «ազատություն» բառը և դրանով գրավում երիտասարդներին: Շարքային մարդիկ շատ ժամանակ չունեն մտածելու, թե այդ ազատությունն ինչ մեխանիզմներով պետք է տրվեր։ Իրական ազատությունը մարդուն տրվում է միայն ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, իսկ նա ժամանակին մի անգամ փակել է ազատությունների ճանապարհը իր Սահմանադրությամբ:

Այդ առումով, եթե վերլուծենք Լևոն Տեր-Պետրոսյանի ողջ տեքստը, կհասկանանք, որ նա ազատության ամենամեծ թշնամին է. մի կողմից՝ ասում է «ազատություն», մյուս կողմից՝ ով իր համախոհը չէ՝ «տականք ու դավաճան»: Դեռ իշխանության չեկած՝ իրեն չենթարկվելու ազատություն չի տալիս: Ստալինն էլ էր սիրում ասել «ազատություն», բայց 60 միլիոն կոտորեց որպես ժողովրդի թշնամի ու դավաճան:

Իհարկե, Տեր-Պետրոսյանը Ստալին չի էլ կարող լինել Եվրոպային ինտեգրվող երկրում, բայց նա հաստատ բանտերը կլցներ «դավաճաններով ու տականքներով», ինչպես մի անգամ արել է, իսկ էս ալիքի վրա ավելի բռնակալ էր լինելու:

— Ձեր ասածից կարելի ենթադրել, որ կունենանք համակարգի փոփոխություն միայն գաղափարական փոփոխությունից հետո։ Այսօր քաղաքական դաշտում գաղափարական փոփոխության հիմքեր տեսնո՞ւմ եք։

— Ինձ համար ցավալին այն է, որ չեմ տեսնում քաղաքական որևէ ուժ, որը կբերի գաղափարական այն փոփոխությունները, որի մասին հայտարարում են։ Ի վերջո՝ կարող են հայտնվել մարդիկ, որոնք դրանց մասին խոսում են, սակայն այն իրական մեխանիզմները, որոնք երկրի ներսում փոփոխություն կիրականացնեն, ես չեմ տեսնում։

Օրինակ՝ ապշում եմ, երբ Վարդան Օսկանյանը խոսում է քաղբանտարկյալների ու ընտրությունները կեղծելու մասին։ Սա այն դեպքում, երբ 2003թ. ընտրությունը կեղծելու գաղափարական արդարացնողը հենց ինքը՝ Վարդան Օսկանյանն էր, իսկ այսօրվա քաղբանտարկյալներն էլ մարտի 1-ի արդյունքն են, որ մեջ նրա դերակատարությունը մեծ էր:

Մտածում եմ, որ մի քանի տարի հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի նման, Օսկանյանն ու Քոչարյանն էլ են գալու ու խոսելու են ազատությունների ու արդարության մասին։ Ես չեմ դատապարտում և չեմ ասում՝ եկեք դատապարտենք սրան կամ նրան, բայց ինձ համար կարևոր է, որ մարդ նախ ասի, որ ինքը սխալներ է կատարել, որի պատճառով ստեղծվել է օլիգարխիկ ու մոնոպոլացված համակարգ, հետո նոր խոսի արդարության մասին։

Թե չէ գալիս ու մոնոպոլիաների մասին այնպես են խոսում, կարծես երկնքից նոր են իջել։ Այս իրավիճակում չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ կկարողանա իրական փոփոխություններ անել Հայաստանում։

— Հայաստանում կա՞ն գաղափարական ընդդիմություններ, թե՞ մենք միշտ գործ ենք ունենում իրավիճակային ընդդիմությունների հետ։

— Մեր քաղաքականության մեջ գաղափարականը վերաբերում է միայն արտաքին քաղաքականությանը։ Ներքին կյանքում ո՛չ Դաշնակցությունը, ոչ՛ ՀԱԿ-ը, ոչ՛ Քոչարյանն ու Օսկանյանը, ոչ՛ էլ այսօրվա իշխանությունները որևէ տարաձայնություն չունեն։ Նրանք բոլորը կոռումպացված են, որոնք իշխանությունը պատկերացնում են որպես իրենց ֆինանսական աղբյուրների ու եկամուտների բազմապատկման միջոց, սակայն ներկայանում են դեմոկրատիայի անունից:

— Դուք Ձեր բլոգում առաջարկում եք քանդել հոկտեմբերի 27-ի տաբուն։ Ինչո՞ւ։

— Հոկտեմբերի 27-ի մասին շատ են խոսում, և այս տասը տարվա ընթացքում խոսում են նույն նախադասություններով ու արտահայտություններով. հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել։ Սա հենց տերպետրոսյանական իշխանության արտահայտություններից մեկն է: Հայաստանի ընդդիմադիր մամուլն ամբողջությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանակի ձեռքում է, և այդ մամուլի պրոպագանդայի արդյունքում ստացվեց այնպես, որ ողջ հասարակությունը սկսեց մտածել, որ հոկտեմբերի 27-ը չբացահայտված գործ է, որը պետք է բացահայտել։

Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ անկախ, չեզոք տեսակետ չի հնչեցվում։ Օրինակ՝ եթե լիներ անկախ մամուլ, պիտի անդրադառնար, թե ինչու Ղանդիլյանի [ՀՀ երկաթգծի պետ Համբարձում Ղանդիլյան], Աշտարակի քաղաքապետ Հովհաննես Սուքիասյանի սպանությունները կատարողները նստած են, իսկ կազմակերպիչները չեն բացահայտվում։

Ղանդիլյանի սպանողը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից, ընկեր Սամվել Գևորգյանի վարորդը, որը հիմա բանտում է։ Այսինքն՝ կատարողները նստած են բանտում, իսկ կազմակերպիչների մասին որևէ մեկը չի խոսում։ Կան էլի մի քանի պատվիրված սպանություններ, որ եղել են ՀՀՇ-ի գաղափարական աջակից քիլերների ձեռքի գործը: Դրանց հետևում կանգնած են լուրջ մարդիկ։

Ի տարբերություն հոկտեմբերի 27-ի տղաների, որոնք դատարանում ասում էին, որ իրենց հետևում մարդ չկա կանգնած, Ղանդիլյանի և մյուս դեպքերում տղաները միշտ ասել են, որ իրենք քավության նոխազ են, որ պատվեր են կատարել, բայց պատվիրատուներին չեն բացահայտել: Մամուլը դրա մասին չի խոսում, քանի որ ծառայում է այն ուժերին, որոնք կազմակերպել են այդ սպանությունները:

— Իսկ ինչո՞ւ  չեն բացահայտվել։ Չէ՞ որ ՀՀՇ-ից հետո իշխանությունը երկու անգամ փոխվել է Հայաստանում։

— Երբ ասում եմ, որ Հայաստանում պետական իշխանությունից զատ կա նաև մեկ այլ իշխանություն, որոնք իրար դեմ դուրս են գալիս, իրար մարտի 1 են անում, մարդիկ են սպանվում, բայց իրար վրա գործ չեն բացում, իրար չեն նստեցնում, հենց սա նկատի ունեի։ Սա ցույց է տալիս, որ նրանք նույն արտադրանքն են, նույն համակարգի ծնունդը։ Սպանությունների կազմակերպիչներին չեն բռնում, բայց նստեցնում են կատարողներին։

Նույնը կատարվել է «Դրո» խմբի հետ։ Դաշնակցության վերնախավից որևէ մեկն այդ գործով նստած չէ։ Այսինքն՝ Հայաստանում վերնախավերն ունեն լուռ պայմանավորվածություն, որ իրար վրա գործ չեն բացի և հանցագործության համար պատվիրատուներին չեն պատժի։  Այս երաշխիքային համակարգը շատ լավ է աշխատում։

— Այս ամենից, որտեղ ամեն ինչ, ըստ Ձեզ, շատ մռայլ է, ինչպե՞ս կարելի է դուրս գալ։

— Ես այս հարցում հոռետես եմ, քաղաքականության մեջ հիմնական, եթե չասեմ միակ, դեր խաղում են ֆինանսները։ Քաղաքականության մեջ այն ուժերն են իշխում, ովքեր ունեն մեծ կապիտալ։ Իսկ այդպիսիք պետական իշխանություն են ունեցել ու նրանք էլ համակարգը փոխելու, նոր մեխանիզմներ աշխատեցնելու խնդիր չունեն: Գաղափարական, հետևողական ընդդիմություն եթե առաջանա էլ, չի ֆինանսավորվի ու հետևաբար՝ փող չի ունենա մրցակցությանը դիմանալու համար։

Մյուս կողմից՝ չեմ տեսնում մտավոր այն ներուժը, որ կառաջացներ այդ ընդդիմությունը և լուրջ փոփոխությունների հույս կտար։ Սակայն կան փոփոխություններ, որոնք պարտադրվում են դրսից՝ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին, և նաև ժամանակն ինքնըստինքյան փոփոխություն է թելադրում:

Զրուցեց Արփի Մախսուդյանը

«Կապիտալ» օրաթերթ

ԹԻՎ 241 (512), Ուրբաթ

25 Դեկտեմբեր 2009թ

www.cdaily.am


Entry filed under: հարցազրույց. Tags: , , , .

Շիզոֆրենիա. ո՞վ էր տեսել քանդեն Հոկտեմբերի 27-ի տաբուն Փախուստ կյանքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: