Պարադո՞քս. սահմանի ռասիզմը պաշտպանում է երևանյան հակառասիզմը

20.06.2010 at 00:00 Оставьте комментарий

«Ինչպես կսահմանես հայը: Ո՞վ է հայը»,-հարցրեց Փարիզում մի ֆրանսիացի, որ ուսումնասիրում է հայերին:

«Հայը նա է, ով Բաքվի օդանավակայաանում հենց ոտք դրեց բռնում են,-պատասխանում եմ ես,- …յան ազգանունով որևէ մեկը, իրեն հայ համարի թե չէ, ատի հայերին թե սիրի, մտահոգ լինի թե թքած ունենա, Բաքվի օդանավակայանում կհիշեցնեն նրա հայ լինելը ու կբռնեն: Նա չի որոշողը թե ով է ինքը, ադրբեջանցին է որոշողը: եթե …յան էլ չլինի, բայց պարզվի, որ հայկական ծագում ունի էլի կբռնեն»:

Ինչպես Արա Նեդոլյանն է գրում «մենք ու ադրբեջանցիները, մենք ու թուրքերը միմյանց համար «օրենքից դուրս ենք»: Այն չգրված օրենքից, որով ազգերը ընդունում ու հաստատում են  փոխադարձ գոյության իրավունքը: Որի շնորհիվ մեկ ազգը կարողանում է` թեև դժգոհություններով` բայց ապրել մյուսի պետության ներսում»:

Արայի խոսքը ես մի փոքր կձևափոխեի` ոչ թե մենք ու ադրբեջանցիները և մենք ու թուրքերը, այլ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ` հայերիս օրենքից դուրս են համարում: Չէ, չասեմ հայերը ավելի հումանիստ են, գուցե ավելի են, չգիտեմ: Չգիտեմ, եթե մենք էլ Թուքիայի պես հզոր դաշնակից ունենայինք ու նավթ մեր հակառակորդին օրենքից դուրս կհանեի՞նք, չգիտեմ, բայց փաստն էն է, որ մենք չենք, այդ  երկու երկրներն են մեզ շրջափակաման մեջ պահում և միակ պահանջը, որ ունեն մեզնից էն է որ ոչնչանանք, ինչպես մի անգամ ոչնչացրել են, որ հայերը չլինեն այս տարածքում: Ի հարկե դա արտաբերվում է այլ լեզվով` թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը:

Լավ, եթե ես, կողքինս, հայերը ընդհանրապես ադրբեջանցիներին օրենքի մեջ են համարում, ի տարբերություն Ադրբեջանի, հենց էս պահին Երևանում բազմաթիվ ադրբեջանցիներ հանգիստ ապրում են, Իրանից եկած վարորդներ ու բիզնեսմեններ, նորմալ, նրանց ասող չկա` աչքիդ վերևը հոնք կա; Հակառակը, հենց ասող լինի, վրեն գործ կբացեն; Դեռ ավելին, եթե քաղաքական ընդդիմությունը պատկերացնում է Ղարաբաղը Ադրբեջաանի կազմում լայն ինքնավարությամբ(այդ մասին միայն նեղ միջոցառումներում է ասում, իսկ ավելի լայն մասսաներին` մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի Հայաստանը չի զարգանա, Թուրքիան սահման չի բացի), ու արդեն անթաքույց խոսում է հայերի համար անվտանգության երաշխիք հանդիսացող տարածքները վերադարձնելու մասին(տեր-պետրոսյանական քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վերջերս հայտարարեց. «եթե մենք ուզում ենք ընկալվել աշխարհի կողմից, պետք է հայտարարենք, թե պատրաստ ենք ցանկացած տարբերակ քննարկել և, օրինակ, ուսումնասիրել ադրբեջանցիներին մի գյուղ վերադարձնելու հարցը»), ուրեմն, ինչպե՞ս է լինում ներսից հանձնողական տրամադրություններով, ինչպես Երվանդ Բոզոյանն է ասում` թրքալիբերալիզմի գաղափարներով ու «ադրբեջանցուն օրենքի մեջ ընդունելով»,  դեռ «անօրեն» հայերը սահմանները չեն բացել ու կարողանում են դիմանալ երկու թուրքական ազգերի մամլիչի տակ:

«Ախպեր ջան, թուրքը իմ համար մարդ չի»,-ասեց օրուգիշեր սահմանին ծառայող նայոմնիկ Արմեն Ավետիսյանը, որ ղարաբաղյան պատերազմի վետերան է:

Արմենիանաուն ուներ «Հայ ձմեռ պապ» բարեգործական ծրագիր. Մենք` լրագրողներս որևէ աղքատ ընտանիքի մասին ակնարկ էինք գրում, դրանք դրվում էին դեկտեմբերի վերջի թողարկման մեջ, իսկ ընթերցողները, հիմնականում սփյուռքահայեր, փող էին փոխանցում, որով «Հայ ձմեռ պապի» կոորդինատորը անհրաժեշտ բաներ էր առնում աղքատ ընտանիքների համար` կով, ոչխար և այլն:

2007-ին ընկերուհիս` Նառա Փիրումյանը ինձ ասեց Արմենի մասին` Վահան խնդրում եմ անպայման գրի, չես պատկերացնում ինչքան վատ են ապրում, վեց էրեխա, էդ տղեն էլ սահմանին ծառայում ա որ էրկու կոպեկ հասցնի տուն: 2007–ին ինչ-ինչ պատճառով «Հայ ձմեռպապի» ակնարկս չգրվեց, մնաց 2008-ին:

«Դարպասի ճռռոցի վրա տան դուռը բացվեց, ու մի հղի կին դուրս եկավ` հետևից զինվորական հագուստով մի տղամարդ։ Մեզ տեսնելով՝ ժպիտը տարածվեց դեմքին ու ներս հրավիրեց՝ «էկե՛ք, էկե՛ք», էնպես, կարծես հարյուր տարվա բարեկամներ էինք, բայց իրար առաջին անգամ էինք տեսնում։ Ներսում աղքատություն ու ցուրտ, խունացած պատեր` հսկա ճաքերով, կոտրված ապակիներով պատշգամբ, մահճակալներ ու սեղան՝ աղքատիկ կերակուրով, թթու և կիսատ օղու շիշ։ «Նստե՛ք, նստե՛ք»,- ուրախ-ուրախ ասաց տանտերը։ Ու եթե հետը սկսեինք խմել, այդպես էլ չէր հարցնելու, թե ով ենք և ինչի ենք եկել: Ստիպված ես հարցրի. «Չե՞ք ուզում իմանալ, թե ովքեր ենք»։ «Ինչ կարևոր է»,- ասաց տանտերը։

Արմեն Ավետիսյանը` Աչաջուր գյուղում իր սխրանքներով հայտնի մարտիկը, 1988 թվականից (երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց) մինչև այսօր Վազաշեն գյուղի մերձակա սահմաններն է պաշտպանում, մասնակցել է Ղարաբաղյան ճակատի մարտերին Լաչինի միջանցքում»։

Ակնարակում չգրեցի «ախպեր ջան թուրքը ինձ համար մարդ չի»: Լրագրությունը, այսինքն էն լրագրությունը, որին ես եմ դավանում,  քեզ էն ռամկեքի մեջ ա գցում, որոնցով պիտի հասարակական բարոյականության, համամարդկային, մարդու իրավունքների արժեքները պահես, չպրոպագանդես ռասիզմ, թշնամանք այլ ազգերի նկատմամբ, ի վերջո թուրքն էլ ա մարդ, ու ես գիտեմ, վստահ եմ,  որ մարդ ա: Հա, կարաս գրես որ այսինչը ասեց թուրքը մարդ չի, բայց ի՞նչ կոնտեքստում, քննադատաբար, այ տեսնում եք ռասիստներ կան, որ թուրքին մարդ չեն համարում:

Իսկ իմ գործը Արմենի նկատմամբ կարկեցանք առաջացնելն է, որ սփյուքահայը բանկային քարտի տվյալները չխկացնի կոմպին ու փոխանցում անի հայրենքում աղքատ ապրող զինվորի ընտանիքին:  Հա, ճիշտ է,  սփյուռքահայերն են փողը փոխանցում, թուրքին ատող սփյուռքահայերը, բայց հիմա, նոր սերնդի սփյուռքահայն էլ է ուրիշ, նա գիտի, որ թուրքը մարդ է, ուղղակի թուրքական իշխանությունն է վատը, որ ցեղասպանությունը չի ճանաչում:

Երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում տապոռահարել էր Գուրգեն Մարգարյանին, դաշնակ պատգամավոր Ռուստամյանը Եվրոպայի խորհրդում ասեց` մենք ադրբեջանցիների հետ գենետիկորեն անհամատեղելի ենք: Հայ առաջադեմ մտավորականությունը քննադատում էր նրան, նրա խոսքի մեջ ռասիզմ տեսնում, ինչպե՞ս կարելի է այդպես արտահյատվել, բոլոր մարդիկ էլ համատեղելի են, ուղղակի պետք է կոնֆլիկտները հարթել փոխզիջումների գնալ:

Հայաստանում, թեև Արմենի պես մտածողներ կան, բայց իշխում է այն պատկերացումը որ թուրքը, ադրբեջանցին մադիկ են:

«Ադրբեջանում հայի անունով ապրելը հավասարազոր է մահվան», — ասում է Բաքվի Սաբայիլի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Խալիդա Բայրամովան է»:

Ադրբեջանցի լրագրողներ Այթան Ֆարհադովի ու Մամմադ-Սադիք Ֆաթալիեւի ակնարկը հրապարակվել է iwpr.net-ում «Ադրբեջան. հայ երիտասարդը պայքարում է որ ադրբեջանական քաղաքացիություն ստանա»: Ակնակը պատմում է 1988թ. ադրբեջանական մանկատանը հայտնված ազգությամբ հայ Ակիֆ Աբիշովի մասին, որին հայ լինելու պատճառով չեն տալիս անձը հաստատող վկայական: Նա նույնիսկ անուն-ազգանունն է փոխել, դեն է գցել «Արթուր Ավագյանը»,  հայերի սիրած անունը և …յան-ով ազգանունը, սակյան փաստաթողթ չեն տալիս: «Սա քաղաքական հարց է, եւ դրա հրապարակայնությունը Ակիֆին միայն ի վնաս է գործելու: Իհարկե, նա մեղք չունի, որ հայ է, բայց փաստը մնում է փաստ»,-ակնարկում ասել է Բայրամովան, Ադրբեջանում այն քիչ մարդկանցից, որ հային մարդ է համարում ու Ակիֆին կացարանով ապահովել է:

Ակիֆ-Արթուրի բախտը բերել է, խաղաղություն է, եթե պատերազմ սկսվի նրա գլուխը անմիջապես կկտրեն:

Իսկ Ռամիլ Սաֆարովը պատերազմին չի սպասում, Գուրգեն Մարգարյանին տապոռելուց հետո ասել է.«ես ափսոսում եմ որ մինչև հիմա հայ չեմ սպանել»: Ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ մշտապես պահանջում են Սաֆարովին տալ ազգային հերոսի կոչում, երեխաների անունը դնում են Ռամիլ: Պետությունը հերոսի կոչում չի տալիս, պոլիտկորեկտությունը պահում է, բայց լավ հրահրում է որ պահանջեն: Տա-չտա, մեկ է, հասրակությունը հերոսի կոչումը արդեն տվել է: Ադրբեջանի հերոսը հայ սպանողն է:

Ադրբեջանցի հերոսները ինչպե՞ս է եղել որ չեն հասցրել հայ սպանել, ինչպե՞ս է լինում, որ նրանք սահմանները չեն կարողանում հատել:

Արմենի մասին պատմող ակնարկում  նրա հակաթուրքությունը բնորոշող մի նախադասություն գրեցի զինվորի նկարագիրը չխեղելու համար` «իմը թուրք սպանելն ա».

«Աղքատությունը նրան ստիպեց դուրս գալ բանակից ու մեկնել Ռուսաստան փող աշխատելու։ Վեց ամիս անց վերադարձավ պարտքերի մեջ. «Ասի` գնամ իմ բախտը փորձեմ, քաշվեցի, հետ եկա: Մի կով ունեի, էդ էլ ծախեցի, որ պարտքերիս տոկոսը փակեմ։ Ինձնից ի՞նչ խոպանչի, ախպեր ջան: Իմը զենքն ա, թուրք սպանելն ա,հայրենիք պահելն ա, ինձ էլ Աստված էդ կողմից ա տվել: Մեկին հարստություն ա տալի, մեքենա ա տալի, ինձ էլ էս՝ հայրենասիրության հիվանդությունը»։

Չգրեցի նաև նրա պատմածը, թե ինչպես է թուրք սպանել, ինչպես պատերազմի ժամանակ մի ադրբեջանցի չոքել է դիմացը ու երկար խնդրել որ կյանքը չխլի, ի վերջո Արմենը ատրճանակը դրել է ճակատին ու կրակել: Չգիտեմ, Խոջալուում հայերը խաղաղ բնակիչներին սպանե՞լ են, թե՞ չէ: Երկու կողմից էլ պրոպագանդա է գնում, ու ճշմարտությունը հիմա չի էլ պարզվի: Բայց կար մի գաղափար, թուրք ու ադրբեջանցու համար հայերը ոչխարներ են, կարաս դնես հերթով մորթես. ի՞նչ անել որ գաղափարը չաշխատի, որ ոչխարի տեղ չդնեն, որթելու ցանկությունից առաջ վախենան. ցույց տալ որ հայը ոչխար չի ու հայի համար ադրբեջանցին էլ ոչխար կարա լինի, ցույց տալ հայի դաժանությունը, որ ադրբեջանցիները վախենան հայերի վրա հարձակվել:

«Ախ Շուշի, Շուշի, ոնց եմ ուզում քեզ տեսնել», ասում է ադրբեջանցի լրագրող Սեբուհին Թիֆլիսի «Բոմոնտ» հյուրանոցի ճաշասենյակում: «Ես քեզ հրավիրում եմ, Սեբուհի,արի տես,  ոչ ոք քեզ չի արգելի, հակառակը ուրախությամբ կընդունեն», բարեկամական խոսակցությունը ոգով ասում եմ ես: Սեբուհու բարի դիմագծերը փոխվեցին, աչքերը կրակ կտրեցին: Մինչև իմ հրավերը նա երկար խոսում էր թե հայերն ու ադրբեջանցիները ինչ կապված են իրար, որ մի օտար տեղում հազարավորների մեջ իրար գտնում ու ընկերանում են: Նաղլը վերջացավ. «Կգա օրը որ ես քեզ կհրավիրեմ Շուշի»,- սառը ասաց նա: Ես պատասխան չունեմ տալու, ի՞նչ ասեմ, ասեմ` չես կարա՞ գրավես: Սա պատասխան չի: Պատասխանը իմ տեղը տալիս է հեռու Իջևանում Արմենը` «ադրբեջանցին մարդ չի»: Ինչպես Իսրայելցի զինվորի համար մարդ չի արաբը, որ անցած ձմեռ Գազայում չխնայեց, հայրենիքի անվտանգության համար մեր ու մանուկ դրեց ռմբակոծեց: «Արաբին մարդ չհամարելը» Իսրայելի անվտանգության երաշխիքն է, հենց «մարդ համարեց» նրան չորս կողմից կխժռեն հրեային «մարդ չհամարող» արաբները:

«Երկու անգամ վիրավորվել է, բեկորը թիկունքում է մնացել, մտադիր էլ չի հանել. «Թող մնա, որ էրկաթը թանկանա` ծախեմ»,- ծիծաղելով ասում է Արմենը։ «Իսկ նեղություն չի տալի՞ս»: «Հիմա արդեն չէ. թող մնա իմ մեջ հիշատակ պատերազմից, բոլորս անցավոր ենք, թող ես էլ էս հետս տանեմ էս աշխարհից»։

Մերսի Արմեն ջան, քո ռասիզմի համար, քո ռասիզմի շնորհիվ եմ ես հակաֆաշիստ, թուրքերը մարդիկ են, Օրհան Փամուկն էլ սիրածս գրողը, Թուրքիան կամաց-կամաց փոխվում է: Իսկ դու ժամանակ չունես մտածես` տարբերություն դնես թուրք ու ադրբեջանցի, որ մեկը ինչ չափով ա մեզ նեղում, թե էսինչ ադրբեջանցին կարգին մարդ էր, ոնց օգնեց մի հարցում, մինչև մտածես` կկրակեն: Քո «թուրքին մարդ չհամարելու» շնորհիվ են էստեղ Երևանում ադրբեջանական օրեր անցկացնում, ադրբեջանցիների հետ չաշկա-լոշկա անում, տարածաշրջանայաին համագործակցություն, «հայերն ու ադրբեջանցիները պետք է բարեկամ լինեն», «Ռուսատանը, որ չլինի Կովկասում թշնամանքը կվերանա» տռը-ֆսներ դուրս տալիս  ու հայ-ադրբեջանական բարեկամության գաղափարի վրա գրանտներ ստանում, տները վերանորոգում, երեխաների կրթությունը ապահովում:

Իսկ Արմենի որդին բերդից ազատված կլինի՞.

«Ավագ որդին՝ Արարատը, գաղութում է, Ղարաբաղում ծառայելիս հայաստանցի-ղարաբաղցի վեճի ժամանակ դանակահարել է, տուժողը ողջ է մնացել, բայց ինքը ստացել է 4,5 տարի, մնացել է 18 ամիս։

Մի քանի ամիս առաջ մյուս որդին է այցելել եղբորը, Արմենը չէր կարող, ծառայության է, իսկ Մարիամն ինչպե՞ս թողնի երեխաներին։ Ծնողները որդուն մեկ տարի չեն տեսել, իսկ երբ Երևանի Նուբարաշենի գաղութից Արարատին տեղափոխեցին Արթիկ, արդեն ուղղակի անհնար դարձավ այցելելը, միջոցներ էլ չկան գաղութ հասնելու»։

Իսկ Արմենի տունը ինչ վիճակում ա տեսնես, վերանորոգե՞ց:

«Յոթերորդն էլ տղա է, անունը ինչ կդնեն` դեռ չեն որոշել, բայց հաստատ Ա-ով կսկսվի, ինչպես իր և բոլոր երեխաների անուն, ազգանուն, հայրանունը երեք Ա-եր են։

Առաջին անգամ Էս տարի սկսել էր տունը վերանորոգել, ընդարձակել, որպեսզի որդուն ամուսնացնի, ապրելու տեղ ունենան, բայց չհասցրեց, փողը չհերիքեց, ու տունը մնաց ցուրտ հոսանքների գերի։ Ձմռան ամիսներին կիջնեն ներքևի հարկը, որ հիմա հողե հատակով ու կոտրած ապակիներով, ծեփաթափ պատերով գոմ է հիշեցնում։

Դարպասի վերևով անցնում է գազատար խողովակը, բայց փող չկա, որ քաշեն ներս, ու ստիպված էլի ինչ-որ կերպ պիտի փայտ ճարեն ձմռանը տաքանալու համար։

Արմենի աշխատավարձը, պարգևատրումները գումարած, ամիսը 163 հազար դրամ (մոտ 525 դոլար) է։ Ուրիշ տեղից ոչ մի կոպեկ, ոչ մի օգնություն տուն չի մտնում։ Ամիսը 3 պարկ ալյուր են առնում, որը 36 հազար դրամ է կազմում, մի տուփ լվացքի փոշին 2 օր է դիմանում»։

Լավ ա դիմանում ես էդ գումարով, եթե չդիմանայիր, ի՞նչ պիտի անեինք, Արթուրի պես անուններս էլ փոխեինք չէր փրկի, ուրեմն Սաֆարովի տապոռի տակ չմնալու համար պիտի թռնեինք էս երկրից:

Արմենը մեզ, ինձ ու լուսանկարիչ Անահիտին դիմավորեց, ուրախ զրուցեց, ու տենց էլ չիմացավ թե խի ենք եկել: Ես մի երկու բառով ասեցի` լրագրող ենք, չքավոր ընտանքիենրի մաիսն գրում ենք, կարող է օգնություն լինի, բայց կարծես Արմենի հեչ պետքը չէր: Գուցե կինը մի քիչ գլխի ընկավ, որ մեր այցելությունը կարող է մի քիչ փոխել իրենց կյանքը: Չգիտեմ: Բայց մեկ է, ակնարկս չփոխեց նրանց կյանքը:

Նյութս գնաց 2008–ի դեկտեմբերին Արմենիանաուում, վրան  պատուհան կա «Սեղմեք այստեղ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամին ձեր նվիրատվություններն անելու համար»: Բայց իմաստ չունի սեղմել,  դեկտեմբերին «Հայ ձմեռպապի» տնօրենի ու Արմնենիանաուի խմբագրի միջև կոնֆլիկտի պատճառով «Հայ ձմեռպապ» ծրագիրը հասավ Արմենի ընտնաիքին, բայց սփյուռքահայի կարեկցանքը նրա տուն չմտավ, ծրագիրը փակվեց:

«Իջևան քաղաքի ճամփին վարորդը լսեց, որ Արմենից ենք խոսում ու շարունակեց. «Արմե՞նը։ Մի աստված տղա ա, մարզի մեջ տենց տղա չկա, առաջին օրից կանգնած ա ու կռվում ա, էն ա` գնահատող չկա»։

Ակնարկս նոր, մի քանի օր առաջ դրեցի իմ բլոգում ու ստացա մի մեկանաբանություն.

Show me a hero and I’ll write you a tragedy.
F. Scott Fitzgerald

հգ. Պարզվեց, որ Հայ ձմեռ պապը չի փակվել, գործում է, ու Արմեն Ավետիսյանի ընտանքին օգնություն է տրամադրել: Նաև նրա ընտանիքի մասին ֆլիմ են նկարել: Սակայն ես ֆիլմում տեսա մի ուրիշ Արմեն, այն հերոսը չէր, որին կենցաղային հարցերը չէին հուզում, կամեերայի առաջ նրան խեղճացրել էին և մի իրավիճակի մեջ դրել, որ խեղճացած պատմի իր կյանքի դժվարություններից ու կարեկցանք առաջացնի:  

Entry filed under: խոհ. Tags: , , .

Քվազիմտավորականներն ու քվազինժդեհականները կերտում են քվազիհայաստան Ոսկե ծիրանը ծառայեցվում է թուրքերի ու վրացիների շահերին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: