Գյումրիի տոնը

25.10.2010 at 18:28 1 комментарий

-Այ տես, Վահան, էն սև շենքը, Կազաչի պոստն է, ես էդտեղ եմ ծնվել,-մեքենայի լուսամուտից մամաս ցույց է տալիս ճամփի ձախ կողմում հեռվում երևող շենքը: Մտանք Գյումրի:

Մի շաբաթ առաջ մամաս ասեց. «Գյումրիի տոնին մասնակցելու հրավեր եմ ստացել, անպայման գնալու եմ, կգա՞ս հետս»: «Հա, կգամ»: Հրավիրատոմսը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ: «Տես, գրել են Չերազ-Անդրեասյան, բայց անունս են սխալ գրել` Բյուրատ են գրել»: Մամայիս անունը Բյուրակն է, դրել է հայրը` Վահան Չերազը Բյուրակնյա լեռներում ինչ-որ ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին:

Մինչև 10 տարեկան մամայիս ազգանունը եղել է Չերազ, երբ մորը գնդակահարել են ու մամաս որբ է մնացել, քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Մամաս ամբողջ կյանքն ուզել է վերականգնի Չերազը, բայց էդպես էլ չի արել: Իսկ հիմա հրավերին գրված` Չերազ:

«Կսափրվես», ասի` «հա, կսափրվեմ»: Նախորդ օրը էլի զգուշացրց` կսափրվես, բայց տենց էլ չսափրվեցի, առանց սափարվելու էկա: Էս չես սափրվել,- դժգոհեց:

Բայց պարզվեց սափրվելու հարկ չկար: Մենք Գյումրի գնացինք մի հրավերով, բայց չմասնակցեցինք և ոչ մի միջոցառման`

16.00 Հյուրերի դիմավորում քաղաքի մուտքի մոտ

Իսկ մենք ժամը երկուսին արդեն Գյումրիում էինք, ու Ռաֆիկ Պապոյանի տանը համով-համով ուտում տիկին Սուսաննայի սարքած ճաշերը: Ինչի՞ գնդակահարեցին Չերազին,-հարցնում է Սերժը, մեզ Գյումրի բերած վարորդը:

-Առաջին անգամ 1924 թվին են բռնում: Ուրեմն Չեկայից մարդ է գալիս որբանոց: Սկաուտը ներս չի թողնում, կարգ կար, երբ մարդ էր գալիս, սուլիչի սուլոցներով պետք էր տեղեկացնել ղեկավարին: Մինչև Չերազը գալիս է, չեկիստը ապտակում է սկաուտին, որ համարձակվել էր իրեն ներս չթողնել, Չերազն էլ չեկիստին է ապտակում: Տենց հետևից ընկնում են: Առաջին անգամ ձերբակալում են տանում ԷՆԿԱՎԵԴԵ: Շենքը 16-րդ փողոցի վրա էր, ամբողջ փողոցը լցվում են որբերը ու կանսերվի բանկաները ձեռքներին չխկչխկացնում են, չխկչխկոցի ձենը բռնում է քաղաքը: Չերազին ազատում են ու որբերի ուսերի վրա հետ տանում,-պատմում է Պապոյանը:

Էս պատմությունը ես չէի լսել:

Հետո արդեն էլի են բռնում ու աքսորում:

Երկու տարի անց վերադառնում է,  27 թվի հունվարին մամաս է ծնվում, ու մի քանի ամիս հետո Չերազին էլի ձերբակալում են որպես դաշնակցական, տանում Թիֆլիս ու Թիֆլիսում գնդակահարում: Բայց պապս դաշնակ չի եղել: «Վահան Չերազ և իր երգը Հայաստանի» գրքում գրված է. «Եղերական կերպով ընդհատված իր կյանքի բովանդակ ընթացքին Վահան Չերազ եղած է շեշտված ոչ-դաշնակցական մը»:

Պապիս մասին մյուս աղբյուրը Ռաֆիկ Պապոյանի «Ֆիզիկական կուլտուրան Հայաստանում 1918-1920թթ.» գիրքն է, մի մեջբերում անեմ.«Լինելով Անդրանիկ զորավարի հայակական առաջին կամավորական գնդում, նա կռվեց 1915-1919թթ. Տարբեր ռազմաճակատներում` կատարելով բազմաթիվ սխրանքներ: Զենքը մի կողմ դնելով և հայրենիքին ծառայելու միշտ պատրաստ Չերազը նվիրվեց հայոց բազմահազար որբերի դաստիարակության գործին» և այլ:

Սպասի սրչ տամ, տեսնեմ Վահան Չերազ ինչ կբերի: Այ քեզ բան, վիքիպեդիայում հոդված.

Վահան Չերազ— Յայտնի հայ մարզիկ, Պոլսոյ և Հայաստանի Հանրապետութեանսկաուտական շարժման հիմնադիրներէն:

Վահան Չերազը կրտսեր եղբայրն էր յայտնի հասարակական-քաղաքական գործիչ, մտաւորական, խմբագիր և գրող Մինաս Չերազի: Ան հիմնադիրներէն եղաւ Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական շարժման: Առաջինն էր որ ֆութպոլ խաղը բերաւ Օսմանեան Կայսրութիւն. հիմնեց ֆութպոլի խումբեր և կազմակերպեց խաղեր: 1920-ին, անսալով Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի կոչին՝ Պոլիսէն կը փոխադրուի Ալեքսանտրապոլ, հայրենիքի մէջ մարզական կեանքին զարկ տալու համար: Այդ շրջանին, Ցեղասպանութենէն վերապրած որբերու մէկ մասը Ալեքսանտրապոլ կեդրոնացած էր: Հայաստանի խորհրդայնացումէն ետք, մինչ իր ընկերներէն շատեր կը փախչէին, արհամարելով իրեն սպառնացող վտանքը և ծանօթներու զգոյշացումները, ան նախընտրեց մնալ հայրերիք, իր սկաուտներուն մօտ:[1] Հակառակ որ Վահան Չերազ շարքային դաշնակցական չէր, 1927-ին՝ զինք այդպէս զրպարտելով, Թիֆլիսի մէջ Բերիան անձամբ սպաննեց զինք:[2]

Տեսնես ո՞վ է գրել, լավ ա, բայց մեջը լիքը սխալներ կան: Ուղղում եմ` Վահան Չերազը ոչ թե կրտսեր եղբայրն է եղել Մինաս Չերազի, այլ եղբոր որդին: Նաև ավելացնում եմ կնոջ ու դստեր մասին տեղեկություն.«Չերազի կնոջը` Վարդանուշ Չերազի գնդակահարում են 1937թ.: Նրանց որբ մնացած դստերը`Բյուրակնին որդեգրում է Վարդանուշի եղբայրը` Վարդկես Անդրեասյանը ու վախենալով հետապնդումներից փոխում աղջկա ազգանունը դարձնելով Անդրեսյան: Բյուրակն Անդրեասյանը այժմ բնակվում է Երևանում»: Նաև ավելացնում գրականություն ենթախորագիր, տակը` Վազգեն Անդրեասեան «Վահան Չերազ և իր երգը Հայաստանի»:

-Մամ, լսե՞լ ես, որ պապայիդ Բերիան ա գնդակահարել։

-Հա,այդպես ասում են, շատ եմ լսել։ Ասում են Բերիան հարցաքննելիս անընդհատ ասել է հորս թե խոստովանիր որ դաշնակցական ես։ Հայրս էլ, էլ չի համբերել, ասել է՝ այո, գլխիս գլխարկը, ձեռքիս փայտը, կողքիս շունը դաշնակցական են, ու տեղում Բերիան գնդակահարել է։

Բերում է ևս մի լինք akumb.am ֆորումում քննարկում` «Տարօրինակ անուններ».

«Ի դեպ, հորս անունն էլ պակաս տարօրինակ չէ: Անձնագրով Վահանչերազ է: Բայց այս անունն իր պատմությունն ունի: Տատիկիս հոր անունը Վահան էր, ազգանունը՝ Չերազ: Տատս չէր ուզում, որ այդ ազգանունը կորչի, որովհետև նա վերջին ճյուղն էր, իսկ Չերազները ազնվական տոհմ են եղել: Սովետի ժամանակ թույլ չեն տվել ազգանվանը կպցնել և դարձնել Չերազ-Իշխանյան, ոչ էլ թույլ են տվել անվանը գծիկով կպցնել (Վահան-Չերազ), դրա համար ստիպված Վահանչերազ են դրել անունը»: Էդ Վահանչերազը ես եմ:

Պապոյանի շնորհիվ վեց տարի առաջ Գյումրիի մի փողոցը և օլիմպիական հերթափոխի դպրոցը անվանակոչվեցին Վահան Չերազ: Նաև մի փողոց գնդապետ Մազմանովի անունով, նա 20 թվին Ղարսի հանձնման ժամանակ տեսնելով հայկական բանակի փախուստը ինքնասպան էր եղել: Նա 28 տարեկան էր, Գեորգևյան խաչի շքանշանակիր: Մի փողոց էլ կոչվեց գեներալ Նիկոլայ Ղորղանյանի անվան, նրան էլ խմբապետ Համազասպի ու հանրապետության  ուրիշ զինվորականների հետ կացնահարել էին բոլշևիկները 20 թվին:

— Անունը դրել էին դաշնակցական ավանտյուրա, ինչ դաշնակ, բոլշևիկների վայրագություններին չդիմացավ ժողովուրդը ու ապստամբեց,-ասում է Պապոյանը,- Փետրվարյան ապստամբությունից հետո երկիրը հանգստացավ, ճնշումներն ու սպանությունները վերացան: Մինչև 1923թ. երկիրը շատ խաղաղ էր, Չերազը ընկերներին նամակ էր գրում, թե եկեք Հայաստան:

Պապոյանը դեռ տասնհինգ տարի առաջ  Չերազի, Ղորղանյանի ու Մազմանովի անունները վերականգնելու շարժում էր սկսել, բայց էն ժամանակվա ՀՀՇ-ական քաղաքապետ Միքայել Վարդանյանը չէր ուզել, դաշնակցական կառավարության սպաների ու Վազգեն Մանուկյանի կնոջ պապի անունով փողոց անվանակոչելը կնեղացներ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Իսկ նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ իմանում է նախաձեռնության մասին շատ է ուրախանում ու իրականացնում:

«Ինչ էլ ասեն, էդ մարդու հասցեին, ես իրեն միշտ շնորհակալ կլինեմ»,-ասում է մամաս:

-Մարտին Օսյան կար, գրել էր «Հայաստանում ջրացատկային սպորտի զարգացումը» առաջին անգամ նրանից լսեցի Վահան Չերազի անունը, մայրը որբանոցում էր մեծացել, պատմել էր որ Վահան Չերազը Արփաչայում գյոլ էր կապել մի աշտարակ կառուցել ու որբերին ջրացատկ էր սովորեցնում: Էդ էէէ, 70-ական թվերն էր,-պատմում է Պապոյանը, Մանկավարժական ինստիտուտի սպորտային մանկավարժության աբմիոնի պրոֆեսոր,-պատկերացնում եք, որբերի 100 ֆուտբոլային թիմ է ստեղծել, որբանոցների դիմացը ամբողջ ֆուտբոլի դաշտեր ուր անընդհատ ֆուտբոլ են խաղացել: Հենց Հայաստանի առաջնության առաջին ֆուտբոլիստները էս որբերից են եղել:

Երբ արդեն պիտի Գյումրիի հյուրերին դիմավորեին, մենք թեյը խմեցինք ու  իջանք Թումանյանի անվան գրադարան,  ճակատին քար է տեղադրված` «Այս տանը ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազը 1925-1927»:

Վարդանուշին`տատիս , 37թվին էստեղից են տարել: Արմենիանաուում գրել եմ մորս պատմածը.

«Գիշերը Չեկան ներխուժեց մեր տուն, տունը տակնուվրա արեց, եւ մորս տարան։ Գիշերանոցով, ոտաբոբիկ վազում էի մեքենայի հետեւից։ Նրան այլեւս չտեսա։ Հետո, տասը տարեկան աղջիկ, գնում էի բանտ, հերթ էի կանգնում, որ ուտելիք հասցնեմ մորս, հերթս հասնում էր, ասում էին՝ էստեղ էդպիսի մարդ չկա, գնացեք չեկա, գնում էի չեկա, հերթս հասնում էր, ասում էին՝ էստեղ չի։ Էդպես էլ չկարողացա մորս որեւէ բան հասցնել։ Երկու ամիս ուշացումով մորիցս բացիկ ստացա՝ խնդրում էր տաք հագուստ։ Գնացինք բանտ, ասացին, որ այլեւս նա Լենինականում չի։ Իմ բազմաթիվ դիմումներին պատասխանում էին, որ նա դատապարտվել է տասը տարվա աքսորի՝ եռյակի կողմից, առանց նամակագրության իրավունքի։ Հետագայում Երեւանի բանտից ազատված մի կնոջից լսեցի, որ նա սպանվել է Երեւանի բանտերից մեկում։ Նրան ձերբակալեցին, քանի որ համարձակվել էր լինել Վահան Չերազի կինը, եւ որ եղբայրը ապրում էր Փարիզում

Մի քանի օր դպրոց չգնացի։ Ես գերազանցիկ էի, ու նկարս փակցված էր պատվո տախտակին։ Երբ մտա դպրոց, տեսա, որ նկարս հանված է։ Ես արդեն համարվում էի ժողովրդի թշնամու աղջիկ»։

Պապիս էլ, տատիս էլ գնդակահարում են 41 տարեկանում, ինչպես Հախվերդյանն է երգում` իմ պապերը ինձնից ջահել հեռացան: Ու մամաս 10 տարեկանում որբանում է:

-Էջոն քո ի՞նչն է եղել,- հարցնում է Պապոյանը:

-Էջոն տատիկս էր:

-Հարազա՞տ:

-Հարազատից ավելին: Իմ սիրելի տատիկս: Էջոն մամայիս առաջին ամուսնու Պողոս Զեննեյանի եղբոր կինն էր: Նրանք կողքի գյուղից էին: Պերտոսը Եվրոպայում կրթված մարդ էր, եկել էր իր գյուղը զարգացնելու, դպրոցում ուսուցիչ էր: Ջարդերի ժամանակ մամաս հորանց տուն է եկած լինում, թուրքերը մտնում են գյուղ, Պողոսին աշակերտների հետ դպրոցում վառում են: Ամբողջ էդ գաղթի ճամփեքը մամաս Էջոյի հետ է անցնում:

-Ասում են, որ Էջոն ճաշ էր սարքում ամբողջ թաղը բույրը բռնում էր,-ասում է Պապոյանը:

-ԷԷ, տատիկս ինչ ճաշեր էր սարքում, ասում էի՝ տատի, դու ի՞նչ համալսարան ես ավարտել որ էսպես ճաշեր ես սովորել, քթի տակ ժպտում էր:

Որ եկանք Էրևան, մամաս էլի հիշեց Էջոյին, թե ինչպես  էին տատի հետ ընկած բանտից ԿԳԲ մոր համար ուտելիք տանում, բայց ամեն տեղ մերժում էին վերցնել. «Այն փոքրիկ աղջիկը ու ծեր տատիկը իրար ձեռ բռնած»:

-ԿԳԲ-ից վերջը կարողացա Վարդանուշի գործերի պատճենը ստանալ, քիչ բան էր մնացել: Էնտեղ կա, թե ով է մատնել Վարդանուշին, գիտե՞ք ով,-հարցնում եմ Պապոյանին:

-Փիրղալամյա՞նը:

-Հա, մեկը ինքը: Նաև Ցոլակ Հայկազյանը:

Պապոյանը զարմացավ, Հայկազյանը հայտնի ազգային ու մարզական գործիչ էր ու շատ հարգված մարդ:

Մեղադրական եզրակացությունը հազիվ ա կարդացվում, ժամանակին, գետառը վարարել ա, լցվել ԿԳԲ-ի արխիվ, ու փաստաթղթերի մի մասը ոչնչացել են մի մասի շրիֆտն էլ  ջրից լղոզվել ա:

«Чераз Вардуш Алексановна, жена расстреляанного известного дашнака, организатора скаутского движения и английского разведчика Вагана Чераза. Сама старая, активная дашначка. Поддерживает связь(անհասկանալի բառ) бюро дашнаков, откуда получает соответствуюшчие директивы и по существу ведет контр-революционную работу, как по городу, так и его районам, имеет обширные связи среди дашнакского элемента, в частности среди бывш. Скаутов, постепенно их втягивает в дашнакскую работу. Весма хитрая, осторожная, опытная, конспиративная дашначка. Дашнакскую работу проводила через старых активных дашнаков, разгромленных нами, проходящих по груповой разработке “АКТИВИСТЫ” – ОГАНЕСЯН Аветиса, ЭКИМЯН Мкртича и др. Являясь руководителем весьма законсперированного дашнакского центра поддерживающего связь с заграницей, действует весма осторожно. Имеет ряд родственников дашнаков как в Париже так и других капиталистических странах: Турции,Америке и в др., с которыми систематически поддерживала письменную связь.

Следствием установлено, что в начале сего года приехала из заграницы Ирана жена крупного дашнака Мамбре Варсеник, которая остановилась у нее и во время беседы контр-революционного характера, участвовал ОГАНЕСЯН Аветис(репрессирован нами), беседу вели контрревалюционного характера, интерисовались судьбой дашнакских эмигрантов находящихся в Иране- МУРУК КАРО(известный дашнакский хмбапет , перешел нелегально в Иран 1925 году) и другими.

Иаложенное потверждено по свидетельскими показаниями: АЙКАЗЯН Цолака, ОГАНЕСЯНА Ааветиса(обвиняемый по сему делу), ПИРГАЛАМЯНА Гайка, КАРАПЕТЯНА Абрама, ЭКИМЯНА Мкртича   и частичным признанием самой обвиняемой ЧЕРАЗ Вартуш Алексановны.

ПОСТАНОВИЛ

Следственное дело N-1470 по обвинению ЧЕРАЗ Вартуш Алексановны направить на рассмотрение ТРОЙКИ НКВД Армянской ССР[i].

(ХАЧАТРЯАН)

Նաև գրված է, որ Վարդանուշը հոկտեմբերի 8-ից գտնվում է ՆԿՎԴ-ի Լենինականի բանտում:

Մամաս չի կարդացել արձանագրությունները։ Մամ, գիտե՞ս մեղադրականում գրված է թե մամադ դաշնակցական ժողովներ է արել։

-Մամայիս ընկերուհու աղջիկը՝ Բեբեկը ընկերուհի ուներ ԿԳԲ-ում` Նորան։ Բեբեկին խնդրեցի, ասի՝ ինչ կլինի Նորային հարցրու՝  ինչի՞ են մամայիս տարել։ Հարցրել էր, էկավ ասեց՝ Բյուրակ, մամադ ձեր նկուղում դաշնակցական գաղտնի ժողովներ է կազմակերպել։ Ի՞նչ ժողով, մեր նկուղը ավերակ տեղ է, մի երկու թթու է դրված, էնտեղ մարդ չի տեղավրվի,-ասեցի,- Ուրեմն, տանն են արել,- Մեր տանը ոչ մի ժողով չի եղել, մեկ-մեկ հյուրեր էին գալիս, նստում կարտ էին խաղում։

Մյուս փաստաթուղթը եռյակի արձանագրությունից քաղվածք է, ուր երկու խոսքով նույն մեղադրանք է և որոշումը[ii]

Постановил

ЧЕРАЗ Вартуш Алексановну-

РАССТРЕЛЯТЬ, лично ему принадлежащее имущество-конфисковать

-Ախր Հայաստանը մամայիս զգուշացրեց։ Հայաստանը որբերից էր եղել, ԿԳԲ-ում մեքենագրուհի էր աշխատում, լավ հիշում եմ էդ օրը, գիշերով գաղտնի, որ ոչ ոք չտեսնի, էկավ մեր տուն, Վարդանուշ քույրիկ, փախի էստեղից քեզ բռնելու են։ Մամաս բանի տեղ չդրեց`ի՞նչ եմ արել որ բռնեն, ասեց։

«Իմ ուրիշ բանաձևը» էսսեում գրել էի.

«Մամաս ասում է, որ մինչև 80-ականներ երազում էր, որ մայրը, հնարավոր է, չի գնդակահարվել, հավանաբար սիբիրյան աքսորում է, գուցե ամուսնացել է, երեխաներ ունի: Եվ սպասել է, որ մի օր իր քույրերն ու եղբայրները իրեն կգտնեն: Եվ միայն անցյալ տարի մորս երազները փլվեցին, երբ ես ԱԱԾ-ից ստացա փաստաթուղթ, որ տատիս՝ Վարդանուշ Անդրեասյանին, գնդակահարել են եռյակի որոշմամբ»:

-Տասնմեկ տարեկան երեխա, գնացի ԿԳԲ-ի պետի տուն, տեղը ցույց էին տվել, բարձրացա երկրորդ հարկ, դուռը ծեծեցի, բացեցին, հարցրի՝ մամաս ուր է, ինչու եք տարել, ու սկսեցի լաց լինել, նա բան չասեց, մռայլ նայում էր ինձ։ Ոնց էի նվաստացել։

Մկրտիչ Հեքիմյանին ու Ավետիս Հովհաննիսյանին նույնպես գնդակահարում են:

-Դե Հայկազյանը մեղք չունի, պատկերացնում եմ ինչ կտտանքների են ենթարկել, որ իրենց ուզածը ասել է,-ասում ա մամաս:

-Ձերբակալել էին, այ ես չգիտեի, իսկ Փիրղալամյանի՞ն:

-Չէ, նրան չէին ձերբակալել: Բոլորը գիտեին Գյումրիում, որ բանսարկություններ է տալիս ԿԳԲ-ին:

Վարդանուշ Չերազի արդարացման 1958թ. որոշման մեջ Հայկազյանի անունը չկա՞. «Վարթուշ Չերազին դատապարտելու համար հիմք են հանդիսացել օրգանի ստացած տեղեկատվական բազմաթիվ հաղորդումները, որոնց բովանդակությունը, ինչպես եվ վկաներ Այվազյանի, Փիրղալամյանի, Կարապետյանի եվ մյուսների ցուցմունքների բովանդակությունը  կոնկրետ և որոշակի չեն….Վարդուշ Չերազը իր գաղտնի կազմակերպության պատկանելու հանգամանքը ժխտել է»: Հետո նշվում է, որ կոպիտ խախտումներով է գործը քննվել, դատախազի սանկցիա չի եղել, մեղադրանք չի առաջադրվել, օպերատիվ տեղեկանքները հավաստի չեն, թարգմանիչ չի հրավիրված և այլն ու վերջում` կարճել գործը հանցանքը չապացուցված լինելու պատճառով: Բայց ո՞վ է Այվազյանը, 37-ի արձանագրության մեջ չկա, գուցե ռուսերեն Айказян-ը հայերենում Այվազյա՞ն է դառել:

Առաջին անգամ, երբ կարդացի արձանագրությունը Հայկազյանի անունը աչքս ծակեց, որտև գործում բերված անուններից միայն նրան եմ ճանաչել: Մարզված մարդ էր, ծեր տարիքում էլ ոտքով Հայաստանի մի ծերից մյուս ծերը քայլում էր: Հիմա, մտածում եմ, որ արձանագրության առաջին տպավորության տակ մարդուն մատնիչ եմ համարել, բռնել, տանջել են մարդուն տատիս անունը տվել է:

-Իսկ այ սա էն տունն  է, որ մամայիս տանելուց հետո ապրում էինք,-ցույց ա տալիս մամաս ավտոյի լուսամուտից:

-Այսինքն:

-Մամայիս որ տարան, մեզ տնից դուրս արեցին, բերեցին էս տան մեջ մի խուց տվեցին:

Ու հետո իջնում ենք Վահան Չերազ փողոցով:  Չորսի կողմերն էր:

16:15 Տոնական շքերթ

16:30 Քաղաքապետարանի շենքի բացման արարողություն:

17:00 Խաչքարների պուրակի բացման արարողություն:

Խաչքարերի մոտ հայտնվեցինք չորս անց քանիս, դիմացը երկար ժապավեն էր կապված ու ոստիկանները չթողեցին մոտիկից նայենք: Արդեն Երևան գալուց հետո հրավիրատոմսում կարդացի ու իմացա, որ խաչքարերի բացում պիտի լիներ: Հետո Հանրայինով իմացա, որ դրանք Ջուղայի խաչքարերի պատճեններն են:

Հրապարակում ոստիկանները կանգնած չէին թողնում առաջ գնանք` մամաս հանեց հրավիրատոմսը ու ցույց տվեց` տեսեք ես հրավիրված եմ: Բայց չանցավ, մեկ է ոստիկանը ասեց, որ նոր քաղաքապետարանի շենքի հետևով շրջանցենք ու էն կողմից հրապարակ մտնենք: Էլ ոչ մի տեղ առիթ չեղավ, որ հրավիրտոմսը ցույց տա:

-Երկիրը գռփում են, ամեն ինչը իրենցն ա, ու սենց տոներով ժողովրդի աչքին թոզ են փչում, – ջղային ասեց Սերժը:

Հրապարակում ահագին ժողովուրդ էր հավաքվել: «Կարմիր կապույտ նարնջագույն», «երկիր ես սիրում եմ քեզ» երգերը բարձր հնչում են, համերգը դեռ չէր սկսվել, պիտի լիներ ըստ ծրագրի.

17:30 տոնական համերգ Վարդանանց հրապարակում :

Էս ի՞նչ նոր արձան են դրել: Գյումրիի հրապարակի կենտրոնում:

Վարդան Մամիկոնյանը ձիու վրա, Ղևոնդ Երեց թուրը ձեռին, Իշխան Կամսարականը, Սահականուշ և էլի ինչ որ կաթողիկոս`հերոսական արշավում են ուղիղ վրադ: Բայց, սպասի, Հայաստանում առաջին կնոջ արձանն է` Սահականույշը: Չէ, էլի կան կանանց արձաններ, բայց սիմվոլներ են, կոնկրետ կին չեն, ինչպես ասենք` մայր Հայաստանը:

-Էս կոմերիտուհու արձանն է, նույն ձևով մնացել է,- Կենտրոնական այգում մամաս ցույց է տալիս 80 տարի առաջվա իր մանկության պահպանված պատկերները,- Էս սալահատակի քարերը նույն քարերն են, ոչ մի բանի ձեռք չի տրված: Այ էն շենքը տեսնո՞ւմ ես, թատրոնի հին շենքն է,-խարխուլ մի շենք,- միշտ դերասանները դիմացը նստած էին:

Բարձրանում ենք Գորկա, այգու գլխավոր հատվածը:

-Դու պատկերացնո՞ւմ ես ինչ հրաշք բան է էստեղ սահնակով մինչև էնտեղ գնալը, դե պատկերացրու, թե ես ինչ ժամանակ եմ անցկացրել, իմ սահնակն էլ արտասահմանյան էր, ղեկով ղեկավավող,- ցույց է տալիս մամաս գորկայից զառիվար իջնող ճանապարհը,- Չէ, լավ էր, որ եկանք, էնպես երջանիկ եմ, չես պատկերացնի: Այ կարուսելները նույն տեղը մնացել են: Նույնիսկ այն ռոտոնդան է մնացել նույնությամբ, էդտեղ նվագախումբ կար, նվագում էր ու երիտասարդները պարում էին, դե իմացի ինչ քաղաք էր:

18:00 Հյուրասիրություն «Օազիս» ռեստորանում:

-Ռեստորան Օազիսը սա է, էստեղ տեռասաձև իջնում էին, երեք ջրավազան կար, շատ գեղեցիկ էր, ջրավազանները հանել են էս ռեստորանն են սարքել:

-Ջրավազանները կան, ռեստորանի մեջ են,-ասեց Պապոյանը:

-Կուզե՞ս հյուասիրությանը գնաս,-հարցնում եմ:

-Չգիտեմ, եթե հին ծանոթներիս կտեսնեմ կուզեմ գնամ:

-Ի՞նչ հին ծանոթ, պաշտոնյաներ են լինելու:

-Հա՞, կարծո՞ւմ ես: Դե լավ հետ գնանք:

Այգում մուտքի մոտ ասեցին, որ հենց նոր Սերժ Սարգսյանի կորտեժը անցավ:

Երեկոյան Հայլուրով նայեցի էն ինչ չէի տեսել, հրապարակում աստղերի համերգ ու Արտակ Ալեքսանյանը ուրախ ժպիտով ազդարարում է «Գյումրին վերածնվում է»:


[i] «Չերազ Վարդուշ Ալեքսանովնա, կինը գնդակահարված հայտնի դաշնակ, սկաուտական շարժման կազմակերպիչ և անգլիական լրտես Վահան Չերազի կինը: Ինքը, հին, ակտիվ դաշնակ է: Կապ է պահպանում դաշնակցական բյուրոյի հետ, որտեղից ստանում է համապատասխան դիրեկտիվներ և  իրականում հակահեղափոխական գործ է ծավալում, ինչպես քաղաքում այնպես էլ նրա շրջաններում, լայն կապեր ունի դաշնակ էլեմենտների հետ, մասնավորապես նախկին սկաուտների, հետզհետե նրանց քաշում է դաշնակցական գործունեության մեջ: Բավականին խորամանկ, զգույշ, փորձված, կոնսպիրատիվ դաշնակ է: Դաշնակցական գործունեությունը տարել է հին ակտիվ դաշնակների միջոցով`մեր կողմից ջախջախված, որոնք խմբակային մշակված «Ակտիվիստներով»` Հովհաննիսյան Ավետիս, Հեքիմյան Մկրտիչ, և այլք: Հանդիսանալով ղեկավարը արտասհամանի հետ կապեր պահող բավականին քողարկված դաշնակցական կետնրոնի, գործում է շատ զգույշ: Ունի մի շարք դաշնակ ազգականներ  ինչպես Փարիզում, այնպես էլ այլ կապիտալիստական երկրներում` Թուրքիայում, Ամերիկայում և այլն, որոնց հետ սիստեմատիկ նամակագրական կապ է պահպանում:

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա սկզբին, Իրանից եկել է խոշոր դաշնակի կինը Մամբրե Վարսիկը, ով նրա տանն է մնացել և հակահեղափոխական զրույցներին մասնակցել է Հովհաննիսյան Ավետիսը(մեր կողմից բռնված), վարել են հակահեղափոխական բնույթի զրույցներ, հետաքրքրվել են դաշնակ էմիգրանտների ճակատագրով(բառը չի հասկացվում) Իրանում գտնվող Մուրուք Կարոյով(հայտնի դաշնակ խմբապետ, անլեգալ անցել է Իրանի սահմանը 1925թվին) և ուրիշներով

Շարադրվածը հաստատվել է Հայկազյան Ցոլակ, Հովհաննիսյան Ավետիսի(այս գործով մեղադրվող), Փիրղալամյան Հայկի, Կարապետյան Աբրահամի, Հեքիմյան Մկրտիչի և մեղադրյալի` Վարդուշ Չերազ Ալեքսանովնայի  մասնակի խոստովանությամբ:   վկայություններով: Որոշեց. Հետաքննվող գործ N1470 Չերազ Վարդուշ Ալեքսանովնայի մեղադրանքով ուղղարկել ՆԿՎԴ եռյակի քննությանը:

(ԽԱՉԱՏՐՅԱՆ)

[ii] Վճռեց

Չերազ Վարդանուշ Ալեքսանովնային` գնդակահարել, նրան պատկանող գույքը առգրավել

Entry filed under: պատմվածք. Tags: .

Տոնավաճառում ամենաշատ վաճառված գիրքը Մարինեի փայ աստվածը

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: