Ամերիկահայ գիտնականը բացատրում է. Ինչու է հայ հումանիտար գիտությունը ճգնաժամի մեջ

29.08.2011 at 00:00 Оставьте комментарий

  1. Հազվագյուտ որակյալ գիտական շախատնանքեր
Արա Սանջյան

Արա Սանջյան

Հումանիտար ոլորտի` պատմության, գուցե նաև գրականագիտության ու գրաքննադատության մեջ բացառապես Երևանում մասնագիտացած երիտասարդ գիտնականները սովորաբար անհաղորդ են 1980ական թթ. սկսված այս բնագավառներ մուտք գործած գիտական նոր ուղղություններին և առայժմ չեն կարող հեշտությամբ տպագրվել ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող միջազգային ժուռնալներում։ Իսկ վերջին երեսուն տարում պատմագիտության բնագավառում՝ պոստմոդեռնիզմի ազդեցության տակ նկատվող տեսական ու մեթոդոլոգիական փոփոխությունները բավականին արմատական են։ Օտարերկրյա որոշ մասնագետներ դրանք նույնիսկ համեմատում են Ուշ Միջնադարում և Նոր Ժամանակների սկզբում՝ Վերածնության ու Լուսավորության դարաշրջաններում իրականացված արմատական ինտելեկտուալ փոփոխությունների հետ, որոնք միջնադարյան աշխարհայացքը փոխարինեցին այն ինչով որ այսօր նոր ու ժամանակակից ենք համարում։ Հայոց մոտ այդ նույն փոփոխությունը կատարվեց 19-րդ դարում։

Այս կարծիքն է հայտնում Միշիգանի համալսարանի Դիրբոռն քաղաքի մասնաճյուղի դասախոս Արա Սանջյանը պատասխանելով այն հարցին թե ինչո՞ւ Հայաստանի հումանիտար ոլորտի գիտնականները չեն տպագրում ուսումնասիրություններ ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ժուռնալներում։

Գիտական ժուռնալների ազդեցության գործակիցը տալիս են ամերիկյան Թոմսոն Ռոյտերս և եվրոպական Սկոպուս ինստիտուտները, որոնցով էլ միջազգային ասպարեզում որոշվում է ժուռնալի գիտական որակը։ Երկու ինստիտուտների տված ԱԳ-ները հիմնականում համընկնում են։

ԱԳ ունեցող ժուռնալներում հայաստանաբնակ հասարակագետների բացակայության հարցը սկսվեց քննարկվել այն բանից հետո, երբ խրախուսագումար տրվեց 2010 թ. ԱԳ ունեցող ժուռնալներում տպագրություն ունեցող մինչև երեսունհինգ տարեկան 95 գիտնականների, որոնցից միայն մեկն էր հասարակագիտական ոլորտից`թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ Նրա «Հայկական համայնքը և Արդարություն և զարգացում կուսակցությունը. վստահության որոնում կիսալուսնի տակ» ( The Armenian Community and the AK Party։ Finding Trust Under the Crescent) հոդվածը տպագրվել է Թուրքիայում հրատարակվող “Insight Turkey” եռամսյա հանդեսում, որը ամենացածր գործակից ունեցող ժուռնալներից է, գործակիցը` 0,0001։ Մնացած 94 բնագետների հրապարակումները տասը անգամ ավելի բարձր գործակից ունեցող ժուռնալներում են։

Խրախուսագումար հատկացնելու գաղափարը ներկայացրել էր «Պահանջում ենք գիտության ֆինասավորում» (ՊԳՖ) նախաձեռնությունը, գումարը հատկացրել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։

ՊԳՖ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինասավորմամբ հասարակագիտությունը խրախուսելու համար նոր խրախուսագումարի համար հայտարարություն արեց 2005-2011թթ. ԱԳ ունեցող ժուռնալներում հրապարակում ունեցող մինչև 41 տարեկան հասարակագետների համար։ Ներկայացված հայտերից միայն վեցինը անցան՝ իրենց ինը հոդվածներով։ Նրանցից միայն մեկի հրապարակումն էր բարձր ԱԳ ունեցող ժուռնալում. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռոման Հովսեփյանի համահեղինակած “The Earliest Finds of Cultivated Plants in Armenia։ Evidence from Charred Remains and Crop Processing Residues in Pisé from the Neolithic Settlements of Aratashen and Aknashen” հոդվածը տպագրվել էր 2008-ին գերմանական “Vegetation History and Archaeobotany” ժուռնալում, որի գործակիցը 2,091 է։

Ֆեյսբուքյան ՊԳՖ խմբում ծավալված բանավեճերում բնագետները քննադտում են հասարկագետներին, որ չեն տպագրվում ԱԳ ունեցող ժուռնալներում ակնարկելով, թե նրանց մասնագիտական որակը ցածր է:

Ամեն տարի ԱԳ ունեցող ժուռնալներում Հայաստանից միջինը մոտ 500 հոդված է տպագրվում, որից միայն յոթն է հասարակագիտությունից, երբ միևնույն ժամանակ ողջ աշխարհում (եվրոպական երկրներ, Ճապոնիա, ԱՄՆ և այլն) ԱԳ ունեցող ժուռնալներում տպագրությունների կեսից ավելին հասարակագիտությունից է։

Սանջյանը ողջունում է երիտասարդ գիտնականներին խրախուսագումար տալու նախաձեռնությունը և հույս է հայտնում, որ այս երևույթը կկրկնվի ամեն տարի։ Միաժամանակ, նա զգուշացնում է թե գուցե որոշակի տարբերակում պետք է մտցվի մի կողմից բնական ու ճշգրիտ գիտությունների և մյուս կողմից հումանիտար ու հասարակագիտական ուսումնասիրությունների արժևորման մեջ։ Գիտական գործունեության արդյունքը միայն  ԱԳ ունեցող ժուռնալներով սահմանափակելով գիտության ընդհանուր պատկերից դուրս են մնում այն հեղինակների աշխատանքները, որոնք հրատարկվել են առանձին գրքով և որոշակի թեմայով լույս տեսած ժողովածուներում։

Արա Սանջյանը ծնվել է Բեյութում, ավարտել է Երևանի պետհամալսրանի պատմության ֆակուլտետը (1991), Ph.D.-ն պաշտպանել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսմանց դպրոցում (1996), 2001-ին Անգլիայում հրատարակել է “Turkey and Her Arab Neighbours 1953-1958” ուսումնասիրությունը, որի հիմքը նրա ատենախօսությունն է։

Գիտության խնդիրների շուրջ նրա հետ զրուցեցի skype-ով։

Սանջյանը նշում է, որ գիտնականի աշխատնաքի գնահատման այս տարբերությունը կա նաև ԱՄՆում. այնտեղ էլ բնագետներն ու ճարտարագետները(ինժեներ) մեղադրում են հումանիտարներին, որ նրանք  քիչ են տպագրվում ԱԳ ունեցող ժուռնալներում: Բայց ֆիզիկոսներն ու ճարտարագետները սովորաբար շատ գրքեր չեն գրում, իսկ հասարակագետները ավելի հաճախ գիրք են գրում, կամ ժողովածուներում հոդվածներ հրատարակում:

Սանջյանը բացատրեց, թե հասարակագիտության ոլորտում ԱՄՆ-ում դասախոսի հրատարակած առաջին գիրքը նրան հնարավորություն է տալիս ունենալու դասախոսական աստիճանի բարձրացում և աշխատավարձի հավելում, դառնալ associate professor, որ երևի ամենատարածված աստիճանն է ամերիկյան համալսարաններում: «Ես առաջին գիրքս տպել էի Անգլիայում երբ ընդունվեցի ներկա աշխատանքիս և միանգամից ստացա associate professor-ի աստիճան։  Ինձ ասել են` հենց երկրոդը տպեմ, արդեն կարող եմ դիմել լման պրոֆեսոր դառնալու համար»: Գիտական գրքեր տպող հրատարակչությունների Ազդեցության գործակիցը չի չափվում։ Այսուհանդրեձ համալսարանական հրատարակչությունները սովորաբար ավելի հեղինակավոր կհամարվեն:

Երկրոդ, ըստ Սանջյանի, հասարակագիտության մեջ ամբիոնի վարիչներ, դեկաններ նշանակելը պայմանավորել միայն նրանց տպված հոդվածների քանակով նույնպես այնքան էլ ճիշտ չի: Մարդիկ կան որ մեծ էրուդիցիա ունեն, սակայն ալարում են հոդված տպել, այսուհանդերձ իրենց ուսանողները տպագրում են հոդվածներ, որոնք գրված են իրենց գիտական ղեկավարների գաղափարների հիման վրա: «Այս դեպքում չես կարող ասել` մարդը հոդված չունի, պիտի ամբիոնի վարիչ չլինի»:

Բնականաբար, Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշերին համապատասխանող հումանիտար ուսումնասիրություններ։ Սանջյանը հիշեցնում է, որ ամերիկյան Mazda Press հրատարակչությունը 2008-ին հրատարակեց Ազատ Եղիազարյանի ուսումնասիրությունը՝ Սասնա ծռերի վերաբերյալ (Daredevils of Sasun: Poetics of an Epic)՝ Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի հայ գրականության դասախոս Պիտեր Քաուիի թարգմանությամբ ու խմբագրմամբ: Թեև այս հրատարակչությունը լիարժեք ակադեմական չի համարվում, այսուհանդերձ ամերիկյան հարգված այլ հրատարկչությունների նման, այն յուրաքանչյուր գիտական գիրք հրատարկում է միայն մի քանի գաղտնապահական գիտական դրական գրախոսություն ստանալուց հետո: Սանջյանը գտնում է, որ Հայաստանում կան հումանիտար ոլորտի այլ գիտնականներ, որոնց գրքերը նույնպես կարող են անգլերեն թարգմանվել և մանր խմբագրական պատշաճեցումներից հետո տպվել դրսում: Օրինակ, Ալբերտ Մուշեղյանի «Խորենացու ժամանակը» գիրքը մի քիչ կառուցվածքային խմբագրման դեպքում կհամապատասխանի արևմտյան լավագույն հրատարակչատների չափանիշներին։ Սակայն, նման աշխատությունները կարող է մերժեն տպագրել միայն այն պատճառով, որ այս թեմայով գիրքը քիչ հավանական է, որ շատ վաճառվի: Հրատարկաչությունը ԱՄՆ-ում բիզնես է, և եթե հրատարակչատունը մտահոգ է, թե իր տպագրած գիրքը պիտի չվաճառվի, չի հրատարակի կամ հեղինակից կպահանջի սուբսիդ: Բայց «Խորենացու դարը» գրքի որակը ունեցող որևիցե աշխատություն, նույնիսկ, եթե թեման խիստ մասնագիտական է հոդվածների բաժանելու և ըստ այնմ խմբագրելու դեպքում ԱԳ ունեցող ժուռնալները անպայման կտպագրեն:

Սակայն Արա Սանջյանը ասում է, որ սրանք, դժբախտաբար, եզակի դեպքեր  են։ Հայաստանում հումանիտար ոլորտի գիտնականները սովորաբար շատ ծանոթ չեն օտար երկրներում հրատարակվող ԱԳ ունեցող ժուռնալների բովանդակությանը, ավանդույթներին, գրելաոճին, ընդհանրապես՝ մշակույթին, որպեսզի նրանց համապատասխան հոդվածներ գրեն, իսկ դրանց ծանոթանալու հնարավորություններն էլ Երևանում դեռևս սահմանափակ են։

  1. Հումանիտար գիտության ճգնաժամի պատճառները. Աշխարհին անհաղորդ լինելը

«Որպեսզի կարողանաս այս օտար ժուռնալներում տպվես պետք է նրանց մշակույթին ծանոթ լինես, ուրեմն ուսման ընթացքում դասախոսը պետք է հանձնարարի, որ ուսանողները այս ժուռնալներից հոդվածներ կարդան, և ուսանողը պարբերաբար կարդալով կամաց-կամաց այդ մշակույթին ծանոթանա, թե այնտեղ հարցադումները ինչպիսին են, տեսնի թե նրանց մոտ գիտական ապարատը ոնց է կազմվում և այլն։ Սակայն ընդհանրապես Հայաստանում բարձրագույն կրթության մեջ, գոնե պատմության պարագային, կարծում եմ որ այսպիսի բան համարյա չկա։ Այսինքն, երբ ուսանողը մտնում է կուրս, և իրեն տալիս են գրականության ցանկը այն սովորաբար միայն հայերեն և ռուսերեն է։

«Երբ սկսես կարդալ այդ ժուռնալները, կսկսի մտահորիզոնդ լայնանալ, արդեն չես բավարարվի լսարանի մեջ լսածովդ։ Իմ անձնական փորձս պատմեմ։ 90 թիվն էր, երբ Մեծ Եղեռնի առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպեցին Երևանում։ Հրավիրված օտարերկրյա մասնակիցներից մեկը եկել էր պատմության ֆակուլտետ և իր աշխատությունները թողել։ Ֆակուլտետի մեջ անգլերեն սահուն կարդացող միակ դասախոսը հանգուցյալ Վալտեր Դիլոյանն էր և ժուռնալները նրա մոտ էին։ Նրանից խնդրեցի` «ընկեր Դիլոյան, կրնա՞մ այս ժուռնալները կարդալ»։ Տվեց, առա-կարդացի, 22 տարեկան էի, Բեյրութում սովորած անգլերենս լավ էր։ Եվ Այդ հոդվածները՝ 19-րդ դարում հայ ազգային և բանվորական դասակարգային ինքնագիտակցության զարգացման մասին ինձ համար հարցադրումների նոր աշխարհ էր, որոնք այդ օրերում երբեք Երևանի մեջ չկային։ Այն ժամանակ ինձ համար նորություն էին այդ հոդվածներում օգտագործված նյութերը`չեխ պատմաբան Միրոսլավ Հրոխի ուսումնասիրության արդյունքները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ազգային զգացումների զարգացման մասին, դրանք կարելի՞ է հայկական փորձի հետ համեմատել և այլն։ Ուրեմն, երբ սկսում ես կարդալ օտար ժուռնալներ քո հարցադրումների շրջանակը բնականաբար լայնանում է»։

ԳՖՊ-ն առաջարկել է Մրցունակության հիմնադրամին Հայաստանի գիտնականների և ուսանողների համար բաժանորդագրվել Thomson Reuters-ի և Scopus-ի շտեմարաններին, որն արժի տարեկան 180 հազար դոլար։ Երևանի համալսարանի Իզմիրյան գրադարանում հնարավոր է մուտք գործել Կալիֆոռնիայի նահանգային համալսարան-Ֆրեզնոյի գրադարանի շտեմարան, իսկ Բժշկական համալսարանի գրադարանում բժշկական հարուստ շտեմարաններ։ Բայց այդ հնարավորությունը դասախոսներն ու ուսանողները ունեն միայն համալսարանի գրադարանում:  Մինչդեռ այլ երկրներում յուրաքանչյուր դասախոսի և ուսանողի տրվում է հնարավորություն ցանակացած համակարգչից իր գաղտնաբառով մտնել իր համալսարանի շտեմարան։

«Երբ ես Երևանում սովորում էի այդ ժուռնալները Հայաստան չէին հասնում,-հիշում է Սանջյանը,- Այժմ լսել եմ թե մի սիստեմ կա համալսարանում օգտվելու Կալիֆոռնիայի նահանգային համալսարան-Ֆրեզնոյի համալսարանի շտեմարանից։ Այս շտեմարանին ես ծանոթ եմ։ Ֆրեզնոյում դասավանդել եմ մեկ կիսամյակ։ Այստեղ տասնյակ հազարավոր ժուռնալներ կան։ Ամերիկայի մեջ այս շտեմարաններից օգտվելը շատ սովորական բան է, ես Բեյրութ նստած գաղտնաբառովս կմտնեմ իմ համալսարանի շտեմարանը և կկարդամ, նյութերի մեծագույն մասը pdf կամ html ֆորմատով կրնամ քաշել ու պահել իմ անձնական համակարգիչի մեջ՝ ապագա օգտագործման համար։ Համալսարանը բոլոր ուսանողներին, պաշտոնեությանը ու դասախոսներին (ներառյալ թոշակի անցած պրոֆեսորներին) տալիս է շտեմարան մուտք գործելու հնարավորություն։ Առավել, եթե իմ համալսարանի շտեմարանում չկա փնտրածս ժուռնալը կարող եմ պատվիրել համալսարանին, որը այլ համալսարանների գրադարաններում կգտնի ինձ հարկավոր եղած հոդվածը, կպատճենի և ինձ կուղարկի։ Օրինակ, մեր համալսարանի շտեմարանում չկա «Պատմաբանասիրական հանդեսը»։ Համալսարանում գործող Հայագիտական ուսումնասիրությանց կենտրոնի մասնավոր գրադարանում «Պատմաբանասիրական հանդեսի» բազմաթիվ համարներ կան, բայց շարքը ամբողջական չէ։ Եթե ինձ կամ մեկ ուրիշին հարկավոր է «Պատմաբանասիրական հանդեսում» տպված մի հոդված, որ մեզ մոտ պակասում է, երբ դիմեմ թե այսինչ թիվի այսինչ հոդվածը ուզում եմ, նկարում բերում են ինձ որ կարդամ և օգտագործեմ դասավանդելիք նյութերս պատրաստելու կամ ուսումնասիրություններ կատարելու ժամանակ»։

Սանջյանը ասում է, որ ԱԳ ունեցող ժուռնալներում չտպագրվելու մյուս պատճառն այն է, որ հումանիտար ոլորտի գիտնականներից շատերը բավարար չգիտեն անգլերեն, կամ այլ եվրոպական լեզուներ, որ կարողանան միջազգային ժուռնալների պահանջների համապատասխան հոդվածներ գրել. «այսօր երբ համալսարանում մասնագիտական ֆակուլտետ են ավարտում, բավարար չափով անգլերեն չգիտեն, որ մագիստրատուրան կամ ասպիրանտուրան արտասահմանում շարունակեն։ Ամերիկայում իմ հանդիպած հումանիտար տարբեր բնագավառի Հայաստանից ժամանած ուսանողների համարյա բոլորը համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետի կամ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի շրջանավարտներ են։ Պատմության ֆակուկտետը թվում է չի պատրաստում կադրեր, որ հասկանան գիտության միջազգային ժարգոնը, կարողանան իրենց մտքերը բանաձևել գիտական այդ լեզվով ու բառապաշարով։ Եվ երբ Հայաստանի գիտնականները երբեմն ոչ գիտական անգլերենով կղրկեն հոդվածներ նույնիսկ արտասահմանում տպվող օտարալեզու զուտ հայագիտական հանդեսներին, այնտեղ պատրաստակամություն չունեն նստել ու մանրամասն խմբագրել։ Բնականաբար գրագետ անգլերենով հոդվածներ ուղարկելը հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ ունեցող հանդեսների պարագայում շատ ավելի անհրաժեշտ է։ Պետք է հաշվի առնել որ ԱԳ ունեցող հանդեսների մեծ մասը խմբագրվում են ֆակուլտատիվ կամ կամավոր հիմունքներով, ու խմբագիրները շատ ժամանակ չունեն տրամադրելու յուրաքանչյուր հոդվածի»։

Սանջյանը ասում է, որ 19-րդ դարի վերջում հրապարակ իջած և Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին ստեղծագործած գիտնականներից շատերի աշխատությունները համապատասխանում էին իրենց ժամանակ գործող միջազգային չափանիշներին, քանի որ նրանք` Աճառյան, Մանանդյան, Աբեղյան, ինչպես նաև նույն ժամանակ Հայաստանից դուրս գործած Ադոնց, Հովսեփյան և ուրիշներ կրթություն էին ստացել եվրոպական մեծ համալսարաններում։ Հաջորդ սերնդի առաջ՝ ստալինյան վարչակարգի և նրա հաջորդների երկիրը մեկուսացնելու քաղաքականության հետևանքով փակվեցին համաշխարհային գիտական նոր ուղղություններին ու մեթոդներին ծանոթանալու դռները և նրանք մնացին խորհրդային գիտության համար թույլատրելի շրջանակների մեջ. «Երկրոդ սերունդը կամաց-կամաց իր կապը կորցրեց իր ժամանակի եվրոպական գիտության հետ։ Ես եթե դասավանդեմ Հայաստանում,  ուսանողներին այսօր իսկ կհանձնարարեմ կարդալ Մանանդյանի, Ադոնցի, Տեր-Մինասյանի, Մալխասյանի, Աշոտ Հովհաննիսյանի աշխատությունների մեծագույն մասը, որովհետև դրանց մեջ առ այսօր ուսանելի շատ բան կա, հատկապես՝ գիտական բանավեճի բարձր կուլտուրա»։

 

  1. Հումանիտար գիտության ճգնաժամի այլ պատճառներ և բարենորոգման քայլեր

Իսկ որո՞նք են այն թերությունները որոնք չեն բավարարում ժամանակակից գիտության պահանջներին։

Սանջյանը նշում է.

Գիտական հարցադրումները Հայաստանի պարագային ընդհանրապես շատ տեղայնական են։ Շատ հաճախ հայկականը չի համադրվում ռեգիոնալի և միջազգայինի մեջ. «Ես չեմ ասում, թե թեման անպայման պիտի միջազգային լինի։ Եթե ես ուզենամ ԱԳ ունեցող օտար ժուռնալում հոդված գրել Տիգրան Մեծի մասին, կարող եմ, բայց պետք է այնքան լավ իմանամ, թե վերջին տարիների միջազգային մասնագիտական գրականության մեջ ինչ կա Լուկուլլոսի, Պոմպեոսի, Միհդրատ Եվպատորի և նրանց ժամանակակից պարթևների և սելևկյանների մասին, որ ըստ այդմ ներկայացնեմ իմ գրածը։ Ես չեմ կարող Տիգրան Մեծի միջազգային մասնագետ համարվել եթե անգլերենով, ֆրասներենով և օտար այլ լեզուներով վերջին 20-30 տարվա ընթացքին տպված մենագրությունները կամ հոդվածները Լուկուլլոսի, Պոմպեոսի և Միհրդատի մասին չեմ կարդացել։

Եթե օսմանյան կայսրությունում հայերի մասին պիտի գրեմ միջազգային հնչեղություն ունեցող մի հոդված, ավելի լավ կարող եմ վերլուծել և համոզիչ մեկնաբանություններ ներկայացնել եթե կարդամ, թե նույն ժամանակաշրջանի նույն կայսրության մեջ բնակվող հույները, բուլղարները, արաբները, ինչ խնդիրներ էին դիմագրավում։ Երկրորդը, եթե ծանոթ եմ արդեն այդ խնդիրներին և ես մի հոդված գրեմ հայոց պատրիարքության մասին և երկու-երեք պարբերությամբ էլ հայոց պատրիարքությունը համեմատեմ հրեա րաբունապետության և հույների պատրիարքության հետ և ցույց տամ նմանությունները կամ տարբերությունները, արդեն դա կավելացնի հոդվածի միջազգային արժեքը և ԱԳ ունեցող ժուռնալում տպվելու հավանականությունը։ Իսկ երբ համեմատություն չի արվում, խնդիրը կարող է նույնիսկ իբրև ազգային բացառիկության ներկայացվել, երբ իրականում այնտեղ բացառիկություն չկա։ Եթե հայկական մի խնդիր պիտի ուսումնասիրես ապա անպայման պետք է այդ ժամանակաշրջանի կողքի ժողովուրդների նույն խնդիրն էլ ուսումնասիրես, որ քոնը լավ հասկանաս։ Երբ ուսումնասիրում են արաբական շրջանի հարկային քաղաքականությունը Հայաստանում և չեն կարդում, թե ինչ էր նույն ժամանակ հարկային քաղաքականությունը Իրաքում, ապա դա բացթողում է։ Նույն պետությունն է եղել, չէ՞։ Նույն հարկային քաղաքականությունն է եղել, ուրեմն, պետք է նայես Իրաքինը կամ Սիրիայինը նույնպես»։

Նաև, հայ պատմաբանները իրենց ազգային պատկանելությունը չափազանց ուժեղ շեշտում են իրենց աշխատությունների մեջ, իսկ Եվրոպայի մեջ մարդիկ հնարավորին չափ այն թաքցնում են։ Սա չի նշանակում, թե չունեն, բայց գիտության բնագավառում ընդունված է, որ դա արտաքինից չպետք է երևա։ Ի վերջո, ԱԳ ունեցող ժուռնալների ներկայացված բոլոր հոդվածները նախքան տպագրվելը անցնում են գրախոսության (peer-review) պրոցես, և գրախոսող մասնագետները սովորաբար հոդվածագրի ազգակիցը չեն լինում։

ԱԳ ունենան ժուռնալներում տպված հոդվածները պետք չէ ունենան բացորոշ քարոզչական բնույթ։ Օրինակ, եթե հոդված գրես, թե ադրբեջանցիները իրավունք չունեն Ղարաբաղի վրա, քանի որ այս հողերը վաղուցվանից եղել են հայկական, Եվրոպայի մեջ շատ հետաքրրքրված չեն այս տիպի, ըստ իրենց քարոզչական նպատակ հետապնդողհոդվածներով։ Սակայն, կասկած չունեմ, որ միջազգային ցանկացած մասնագիտական ժուռնալի կհետաքրքրի լավ հիմնավորված հոդված թե Ադրբեջանում պատմագիտական տեսությունները ի՛նչ էվոլյուցիա են ապրել և թե այդ էվոլյուցիան ինչքանո՛վ պայմանավորված է Ադրբեջանի դիմագրաված ներքին (ինքնության) և արտաքին (տարածքային վեճեր) մերօրյա խնդիրներով։

«Մեզ մոտ պատմագրության բացահայտ նպատակը հաճախ բացորոշ կերպով հայկական հողային պահանջների արդարացիությունը ապացուցելն է, որպեսզի երբ ուժ ունենանք, կամ արդարությունը հաղթի, այդ հողերը դարձյալ մերը լինեն։ Այսպիսի մոտեցումով միջազգային գիտական հոդված տպագրել հնարավոր չի։ Հեղինակը չպետք է երևա քարոզչի դերում։ Նա կարող է, սակայն, հանդես գալ նկարագրողի ու մեկնաբանողի դերում և ԱԳ ունեցող ժուռնալներին հոդված առաջարկել Հայաստանում այսօր տիրող քաղաքական համոզումների և ակնկալիքների մասին։ Միաժամանակ, կարելի է ԱԳ ունեցող ժուռնալներում հոդվածներ գրել նաև հայ ժողովուրդի համար մեծ կարևորություն ունեցող պատմական դեպքերի, օրինակ՝ Մուսա լեռան հերոսամարտի կամ Սարդարապատի ճակատամարտի մասին։»

Ֆրասիացի պոսթմոդեռն փիլիսոփա Ժան Ֆրանսուա Լյոթառը ստեղծել է մետանարատիվ կամ grand récit տերմինը, որով նա բնորոշում է մարդկային գիտակցության վրա իշխող ընդհանրական բնույթ կրող սխեմաները‚ որով մարդիկ բացատրում են պատմական ածանցյալ շատ երևույթներ։ Արևմտաեվրոպական մտածողության վրա, օրինակ, երկար ժամանակ գերիշխել է «պրոգրեսի» մետանարատիվը, որի համաձայն արևմտյան ինտելեկտուալ էլիտաները Լուսավորության դարաշրջանում իրենց մոտ գոյացած համոզումները, ինչպես «ազատության ձգտում» և այլն, համարել են ունիվերսալ ու բոլոր ժողովուրդներին բնորոշ։ Եվրոպացիները երկար ժամանակ հավատացել են թե բարենպաստ պայմանների առկայության դեպքում աշխարհի բոլոր ժողովուրդները ձգտելու են ընթանալ նույն ուղիով և ըստ այնմ էլ նրանք արժևորել են իրենց և այլ ժողովուրդների պատմական ընթացքը։ Այս և այլ մետանարատիվներ ներկայումս սուր հարձակման են ենթարկվում պոստմոդեռնիզմից ազդված պատմաբանների ու փիլիսոփաների կողմից։ Սրանց շարքում հարձակման թիրախ է դարձել նաև գաղութացված ժողովուրդներին բնորոշ մետանարատիվը՝ նախ՝ փառավոր անցյալ, հետո՝ ընկնելով օտարների լծի տակ հասնել կործանման եզրին, ու ի վերջո՝ վերածնունդ։ Հայոց պատմության ներկա մետանարատիվը շատ նման է այս սխեմային։ Նույն ազգային մետանարատիվները բալկաններում և Կովկասի մեր հարևանների մոտ ևս շատ ուժեղ կան։ Ըստ այդմ, ամեն ազգ ուզում է վերադառնալ իր իդեալականացրած անցյալին, բայց այդ իդեալական անցյալները տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ժամանակներում են, և շատ հաճախ տարածքային ու մշակութային ժառանգության շուրջ ընդհարումների կառաջնորդեն։ Օրինակ, վրացիների համար իդեալական քարտեզը Դավիթ Շինարարի և Թամար թագուհու շրջանինն է, մերը` չորրորդ-հինգերորդ դարերինը, Ադրբեջանինը՝ 18-րդ դարի վերջինը, սերբերինը՝ 14-րդ դարինը, հույներինը՝ բյուզանդական կայսրության բարձրակետինը, բուլղարներինը՝ 9-10-րդ դարերինը, և այլն։ Ինչքան ինձ հայտնի է, արտասահմանում ընթացող տեսական և այլ բնույթի խորը քննարկումները այս մետանարատիվների մասին, առայժմ հայագիտության մեջ լուրջ արձագանք չեն թողել։

Հաջորդը. Ստալինյան շրջանից ժառանգ մնացած այն չափազանցությունը` թե ամեն ինչ որ ռուսական կամ խորհրդային էր, լավ էր, իսկ ինչը դրսից էր, վատ էր, այժմ շարունակում է անուղղակիորեն իշխել Հայաստանի հումանիտար գիտությունների որոշ ճյուղերի, առավել ևս՝ ԶԼՄ-ների մեջ, միայն թե լավի կամ հնագույնի տեղը ռուսականի փոխարեն զբաղեցնում է հայկականը։ ԱԳ ունեցող ժուռնալներում այսպիսի հաստատումներ կատարելու և նրանք լավ պաշտպանել կարողանալու համար, հեղինակը պարտավոր է քաջածանոթ լինել իր հետաքրքրված բնագավառում միջազգային փորձին՝ ավելորդ քննադատություների տեղիք չտալու համար։

Բացի դա, Հայաստանի պատմագրությունը հիմնականում քաղաքական պատմությունն է ուսումնասիրում։ Նույնիսկ մարքսիզմի այն գաղափարը, թե «պատմութունը զանգվածների պատմություն է» խորհրդահայ պատմագրության մեջ հետևողականորեն չի կիրառվել։ Եթե բացես խորհրդային և հետխորհրդային ժամանակներում տպված պատմության դասագրքերը, էլի մեծ մասամբ այնտեղ քաղաքական պատմութուն է, այսինքն՝ Տիգրան Մեծ, Վարդանանք և այլն. ժողովրդական զանգվածները այնտեղ համարյա չկան։ Իսկ միջազգային նոր պատմագրությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական պատմության կողմից անտեսված խմբերին, մարգինալ շրջանակներին, օրինակ, կնոջ դերը, ընտանեկան հարաբերությունների էվոլյուցիան, մարմնավաճառությամբ զբաղվողները, միգրացիոն ալիքները, սպառողների նախասիրությունների փոփոխությունները, և այլն, նույնիսկ խորհրդային ժամանակների «օրենքով գողերը» ։

Պոտմոդեռնիզմին բնորոշ է նաև միկրոպատմությունների արծարծումը, երբ օրինակ, մեկ փոքր դեպք կառնես և դրա շուրջ կփորձես պատմական ընդհանրացումներ անել։ Հայ պատմաբանները համարյա չեն անդրադարձել այս ժանրին։ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը», ուր Չարենցի կնոջ վրա կրակելու պատմությունն է, նման է այս ժանրին, բայց Չարենցը նշանավոր անհատ է։ Եթե առնես մի աննշան կերպար (ասենք մի բանվոր կամ կոլտնտեսական) ու նրա հետ պատահած մի հետաքրքիր դիպվածի համակողմանի պատմությունը գրես, դա կլինի միկրոպատմություն, և իսկապես այսօր արտասահմանյան շատ պատմաբանների համար մի գյուղացու կյանքի ուսումնասիրությունը հաճախ նույնքան կարևոր է թվում որքան մի թագավորի կամ հանրահայտ գիտնականի»։

Հայ պատմագրության մեջ առ այսօր համարյա չի կիրառվում նաև պոստմոդերնիստական գլխավոր մոտեցումը՝ ավանդված տեքստի նկատմամբ գերքննադատությունը։ Ի վերջո, հին ժամանակների պատմությունը, ինչպես նաև նորի կարևորագույն մասը, գրավոր տեքստի վրա է հիմնված, իսկ պոստմոդեռնիզմը կասկածի տակ է առնում հենց տեքստի հավաստիությունը։ Պոստմոդեռնիստներն առարկում են. ինչքան պատմության փաստական նյութը քիչ է, պատմաբանի միջամտությունը դեպքերի մեկնաբանության մեջ կշատանա, և նախկին սերնդի պատմաբանների կողմից անառարկելի համարվող ճշմարտություները կարող է չդիմանան պոստմոդեռնիստական քննադատությանը»։

Պոստմոդեռնիստները ավելի մեծ շեշտադրմամբ զգուշացնում են թե պատմությունը պետք չէ արժևորել հաշվի առնելով դեպքերի հետագա ընթացքը։ «Օրինակ, մենք ներկայիս արևմտահայերի 19-րդ դարի առաջին կեսի և երրորդ քառորդի պատմությունը սովորաբար նայում ենք իբրև նախապատրաստություն հայ քաղաքական կուսակցությունների գործունեության։ Բայց, ի վերջո, չպետք է նաև մոռանալ, որ իրականության մեջ ոչ բոլոր հայերն էին ձգտում օսմանյան կայսրության քայքայմանը։ Միշտ էլ այլ տարբերակների կողմնակից հայեր եղել են` օսմանյան կայսրությունը բարեփոխել, նոր ֆորմուլ գտնել բազմազգ պետության գոյատևման համար և այլն։ Երբ մեկ տենդենցը՝ թուրքական և այլ ազգային պետությունների ստեղծումը հաղթեց, մյուս այլընտրանքները համարյա մոռացվեցին պատմաբանների կողմից։ Ժամանակակից պատմագրությունը հետաքրքրված է նաև քաղաքական գետնի վրա տանուլ տված այսպիսի գաղափարական ուղղությունների պատմությամբ։ Պատմաբանների մոտ տարածված խոսք կա թե «երբ պատմությունը կգրես, միշտ հիշի որ Վաթերլոուի ճակատամարտի առավոտը վստահ չէիր, որ Նապոլոնը պարտվելու է։»

Վահրամ Տեր-Մաթևոսյանի օրինակը ցույց է տալիս թե Հայաստանի մասնագետներին հնարավոր է տպագրվել նույնիսկ ԱԳ ունեցող թուրքագիտական ժուռնալներում։ Ի հարկե, այդ ժուռնալները դեռևս պատրաստ չեն անկաշկանդ քննարկելու ցեղասպանության հարցը (ներկայիս դա կարելի է անել ոչ-թուրքագիտական ժուռնալներում), բայց հայ-թուրքական բազմակողմ հարաբերությունների պատմության տասնյակ թեմաներ կան, որ Հայաստանի գիտնականները կարող են ազատորեն ու խորը գիտականությամբ բարձրացնել նույնիսկ թուրքագիտական ժուռնալներում։ Օրինակ, դերասան Հակոբ Վարդովյանը դերեր է խաղացել և հայկական թատրոնում և թուրքական թատրոնում, եթե նրա վերաբերյալ գիտական հոդված գրվի, հաջողությամբ կտպվի ԱԳ ունեցող թուրքագիտական կամ այլ միջազգային ժուռնալում։ Կամ, հայատառ թրքերեն և այլ նյութեր ուսումնասիրելով կարելի է գրել, օրինակ թե 19-րդ դ. օսմանյան ռեֆորմների հանդեպ հայերի մոտեցումները ի՛նչ են եղել։ Ցանկացած արևելագիտական, իսլամագիտական և թուրքագիտական ժուռնալ կտպի այսպիսի թեմայով գրված լավ հոդված։ Եվ այսպիսով հայերը կարող են թուրքագիտության ճամբարի մեջ մտնել և հանրածանոթ դառնալ սկիզբը օսմանյան կայսրության մասին գրելով, և ո՛չ անմիջապես, առաջին իսկ րոպեից թուրքագիտական ժուռնալների մեջ ցեղասպանությանը անդրադառնալով։ Իսկ մուտք գործելուց և ուրիշների հարգանքը վաստակելուց հետո արդեն նույն գիտնականը կարող է նաև ցեղասպանության թեմայի մասին հեղինակավոր հոդված գրել, թերևս մի օր նույնիսկ նեղ թուրքագիտական ժուռնալներու մեջ։ Խոսքս, կրկնում եմ, բացառապես ԱԳ ունեցող թուրքագիտական ժուռնալներին է վերաբերվում։

Այսպիսով, եթե Հայաստանում հասարակական գիտություններում հասնենք այն մակարդակին, որ և վաստակաշատ և երիտասարդ գիտնականները կանոնավորաբար հոդվածներ հրատարակեն ԱԳ ունեցող ժուռնալներում, ապա դա հայկական սկզբնաղբյուրներն ու հայագիտության նվաճումները միջազգային բեմահարթակի վրա ներկայացնելու շատ հարմար առիթ կհանդիսանա»։

Բայց, ի՞նչ քայլեր են պետք անել, որ հասարակագիտության ոլորտը զարգանա այդ ուղղությամբ.

Սանջյանը առաջարկում է.

«Բնականաբար նախ պետք է պատրաստել հասարակագիտության միջազգային մտածողության ու պրակտիկային ծանոթ դասախոսների մի սերունդ, որ իր հերթին աշխատանքի անցնելուց հետո նոր ուսանողներին հենց բակալավրիատի առաջին կուրսից կամաց-կամաց ընտելացնի այս աշխարհին, մի աշխարհ որտեղ հայաստանաբնակ հայագետը իրեն հավասարապես հարազատ զգա և հայագիր հայագիտության և  միջազգային հումանիտար գիտությունների ոլորտներում։ Այդ մասնագետը պետք է շատ սահուն տիրապետի առնվազն մեկ արևմտաեվրոպական լեզվի, կարողանա այդ լեզվով գրել, դասախոսել ու բանավիճել, լավ տիրապետի ինտերնետային տեխնոլոգիային, որպեսզի առավելագույնս օգտվի ինտերնետային փնտռտուքի ներկայացրած հնարավորություններից, ինչպես նաև այն շտեմարաններից, որին բաժանորդագրվել է իր ինստիտուտը կամ բուհը։ Բնականաբար, Երևանի գիտական գրադարանները օտարալեզու մասնագիտական գրականությամբ և շտեմարանների բաժանորդագրությամբ ապահովելը պահանջում է հսկայական նյութական միջոցներ։ Պետք է նաև խոստմնալից մագիստրանտներին և ասպիրանտներին օժանդակություն տրվի որպեսզի ճամփորդեն արտասահման և մասնակցեն գիտաժողովների։ Կարելի է պետհամալսարանում կամ ակադեմիայում ստեղծել հատուկ գրասենյակ, որ խմբագրական օժանդակություն կցուցաբերի ԱԳ ունեցող ժուռնալներին ներկայացնելու համար հոդված գրող ասպիրանտներին կամ երիտասարդ դասախոսներին ու գիտաշխատողներին։ Լուրջ ծրագրի առկայության դեպքում, այս համապարփակ ծրագիրը հնարավոր կլինի լուծել և գոհացուցիչ արդյունքի հասնել 10-15 տարվա ընթացքում։

«Վերափոխության տեմպերը ավելացնելու ցանկության պարագայում, հնարավոր է դիմել ավելի արմատական քայլի և առկա պատմության, լեզվաբանության, գրականագիտության, փիլիսոփայության, ևայլն ամբիոններին զուգահեռ ստեղծել նույն մասնագիտությունների նոր ամբիոններ, համալրված արդիական այս մոտեցումներին համոզված մասնագետներով, որպեսզի նրանց այլևս վարչականորեն չկաշկանդված ջանքերով եվրոպական ժամանակակից միտքը ավելի արագ ընկալվի, տարածվի Հայաստանում, տա արագ պտուղներ, որոնցից մեկը կլինի ԱԳ ունեցող ժուռնալներում հայաստանցիների ավելի հաճախակի տպվելը։

«Առանձին ամբիոն ստեղծելը կդյուրացնի ուսանողների միջազգային գրականությանն ու ժուռնալներին ծանոթացնելը։ Եթե արդեն իսկ հաստատված և վաստակ ունեցող ամբիոններում ներկայումս նվիրված ուսանողը ինքնուրույն է գտնում դրանց տեղը, որովհետև դասախոսը այդպիսի բաներ չի հանձնարարում, ապա նոր ամբիոններում ի սկզբանե այդ նյութերը կդառնան պահանջված ծրագրի մաս։ Հայաստանում բակալավրիատում կամ մագիստրատուրայում կարելի է փորձարկել նաև մի խիզախ մոտեցում՝ նյութի դասավանդումը կատարել միաժամանակ և հայերեն և օտար լեզուներով, որպեսզի շրջանավարտը հավասարապես տիրապետի երկու կամ երեք լեզուների, ի հարկե՝ հայերենը ներառյալ»։

Սանջյանն ասում է, որ արևմուտքում նոր գաղափարները հաճախ իրենց ճամփան հարթել են ոչ այնքան հին ամբիոնների տեղը գրավելով, այլ զուգահեռ նոր ամբիոններ ստեղծելով, որի արդյունքում հնի ու նորի մեջ մրցակացություն է առաջանում։ Այդ մրցակցությունը՝ հաճախ փոխադարձ մեղադրանքներով, սովորաբար տևում է առավելագույնը 20-30 տարի, որից հետո նախկին «հնի» ու նախկին «նորի» միջև սահմանագիծը չքանում է։

«Արտասահմանի մեջ սա շատ անգամ է եղել. երբ նոր գաղափար է ծագում, որպեսզի չկաշկանդվի հին կառույցով, նոր կառույց են ստեղծում։ Չեմ ասում թե այս պարագայում Երևանի պետհամալսարանի մեջ նորը պիտի ստեղծես, և պիտի լինեն նույն մասնագիտության համար երկու տարբեր ամբիոններ հենց նույն համալսարանում։ Կարող է ուրիշ ինստիտուտի մեջ ստեղծվի նախկինում գոյություն չունեցող պատմության կամ հումանիտար այլ ոլորտի ամբիոն, և հենց սկզբից այնտեղ գործի կվերցվեն նրանք ովքեր արտասահմանում սովորել են կամ նոր գիտահետազոտական ուղղությունների աներկբա հետևորդ են»։

 

Entry filed under: հարցազրույց. Tags: , .

Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: