Վիքիլիքսը ցույց է տալիս. Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարազուրկ գործիչ է

13.09.2011 at 10:17 Оставьте комментарий

Քաղաքականությանը «անբարոյականություն» ու «պոռնկություն» են անվանել նրանք ովքեր ականատես են եղել հանուն գաղափարների ու քաղաքական շահերի զոհաբերված ժողովուրդներ ու մարդիկ: Քաղաքական գործիչներն էլ այնքան էլ չեն ժխտել, որ հանուն իրենց գաղափարների ու ազգային շահերի պատրաստ են արյան գետեր հոսեցնել կամ անտարբեր լինել մարդկային զոհերի հանդեպ: «Չկան մշտական բարեկամներ կան մշտական շահեր» բրիտանական արտահայտությունը գործնականում նշանակում է, որ հանուն ազգային շահերի երեկվա հռչակված «բարեկամին», այսօր անտարբեր կհետևես, թե ինչպես են ոչնչացնում: Քաղաքականությունը որպես ոչ բարոյական գործունեություն բնորոշող այլ ձևակերպումներ էլ կան, ինչպես` նպատակը արդարացնում է միջոցները:

Այո, «Նպատակը» կամ «հանունը» հենց գաղափարներն են ու գաղափարախոսությունները և դրանց հիման վրա ձևավորված շահերը, որոնք քաղաքականությանը իմաստ են հաղորդում, մոտիվացիա տալիս, արդարացնում են «անբարոյականությունն» ու «պոռնկությունը» և թույլ են տալիս քաղաքականությանը անմարդկային քայլերի գնալ: Քաղաքականության մեջ գաղափարախոսության հիմնավորումն է հենց դառնում քաղաքականության «բարոյականը» ու հետևաբար քաղաքականության մեջ եթե չկա գաղափարախոսություն այն քաղաքականություն չէ և «անբարոյականություն» է:

(փակագծում ասեմ, յուրաքանչյուր բնագավառ իր «էթիկան» կամ «բարոյականությունը» ունի, որ կարող է հակասել այլ բնագավառի «բարոյականին»: Օրինակ, բժշկության մեջ անբարոյականություն չէ կենդանիների վրա փորձեր անելը, իսկ կենդանիների պաշտպանության կազմեկերպության տեսակետից դա անբարոյականություն է, այսուհանդերձ երկու բնագավառներն էլ ունեն ընդհանուր բան` «բարոյական» հիմնավորում: Նույնն էլ քաղաքականության մեջ, երկու քաղաքկան կուսակցություն կամ երկու պետություն տարբեր, իրար հակասող «էթիկաներ» կարող են ունենալ, բայց երկուսն էլ ունենում են մի ընդհանրություն` իրենց յուրահատուկ «բարոյական» հիմնավորումը):

Փոփոխվող աշխարհում, թվում է թե մարդու իրավունքները սկսում են տեղ զբաղեցնել միջազգային քաղաքական հարաբերություններում, այսուհանդերձ, հիմա էլ եթե անհրաժեշտ է լինում, մարդկային կյանքը կոպեկի արժեք չի ունենում քաղաքական շահերը առաջ տանելու ճանապարհին:

88թվին, երբ Հայաստանը սկսեց ոտք դնել իրական քաղաքականության դաշտ, այնտեղ ներխուժեցին ամենատարբեր մարդիկ, քաղաքականությունից անտեղյակ և տեղյակ, ազգային շահերով մտահոգ, և անձնական շահերը բավարարել ձգտող, նաև մեկը, ով շանս էր տեսնում ինքնահմայվելու և հմայելու մասսաներին:

Քաղաքականություն ներխուժման հնարավորությունը բաց չթողեց Լևոն Տեր-Պետրոսյանը ով քաղաքականությունից վերցրեց «անբարոյականությունը» ու նետեց հանունը, վերցրեց` «արդարացնում են միջոցները» ու դուրս նետեց նպատակը, վերցրեց շահը, դեն նետեց գաղափարը:

«Նպատակն» ու «գաղափարը» փոխարինեց ինքնահմայվածությունը բավարարելու նարցիսական տենչով, որը դարձավ իր միակ նպատակը ու պարտադրեց այն ամբողջ երկրին: Գիտությունը այն տեղը չէր, ուր կարող էր մասսաներին հմայել, իսկ դերասան լինելու շանսը բաց էր թողել կամ տաղանդի բացակայության, կամ մեկ ուրիշ պատճառով(պատահական չի, որ նա այցելել է ուսանողական դերասանական խմբակներ):

Մնում էր քաղաքականությունը, որ իր առաջ դռները բացեց պերեստրոյկան: Նրա յուրաքանչյուր ժեստում, միկրոֆոնը ուղղելու մատների շարժումներում, ելույթների շեշտերում երևում է այն հիացմունքը, թե ինքը ինչքան լավ քաղաքկան գործիչ է և ինչպես է կարողանում քաղաքականություն անել ու մանիպուլացնել մասսաներին: Այդ ինքնահիացմունքն էլ փոխանցվում է շրջապատին ու նրանց մեջ դառնում անանձնական հիացմունք, որը կարող է մղել նրանց հերոսության: Այսպես ստեղծվում է Լևոնի վկաների բանակը:

Նրա գաղափարական սնանկությունը կամ «հանունի» բացակայությունը քսան տարի շարունակ նկատել են հայաստանյան շատ քաղաքացիներ, սակայն դա քիչ է ազդել նրա կարերայի վրա: Այլ երկրում, որը ունի մշակված քաղաքական համակարգ, կազդեր շատ դաժան կերպով:

Հայաստանը, ուր չկա ձևավորված քաղաքական համակարգ, լրիվ չեն ձևավորվել դասակարգերն իրենց շահերով, մասնավորապես միջին խավը, իսկ ազգային շահն էլ իրարամերժ ընկալումներ ունի`ծովից- ծով Հայաստանից մինչև 29 հազար քկ. հանրապետություն կամ ինքնավարություն Ռուսաստանի կազմում, գաղափարազուրկ մարդուն հնարավորություն է տալիս թաքնվել իրարամերժ գաղափարների տակ և ներկայանալ գաղափարական ու մնալ քաղաքականության մեջ:

Քաղաքական համակարգի ձևավորմանը զուգահեռ, քաղաքական ուժերի ու հասարակական շերտերի մրցակցությունն ու հակամարտությունը առաջացնում են խաղի կանոններ, էթիկական նորմեր ու քաղաքականությունը դարձնում ավելի «բարոյական», կամ կրոնական «բարոյական» տերմինից խուսափելու համար, ասենք` էթիկական: Այդ էթիկական նորմերն էլ դառնում են քաղաքական գործչին գնահատելու չափանիշներից մեկը:

(Միջազգային հարաբերություններում էլ երկրների մեջ մրցակցությունն ու միմյանց նկատմամբ դիմադրությունը հասցնում է մի վիճակի, որ սկսում են իրար հաշվի առնել, մշակվում են խաղի կանոններ, էթիկա, որոնք դեռևս չձևավորված համաշխարհային համակարգի պայմաններում ավելի թույլ են գործում, քան ձևավորված ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում):

Հայաստանում հենց էթիկայի բացակայությունն էլ թույլ է տալիս Լևոնին 20 տարի շարունակ մնալ քաղաքականության մեջ` երկրի ունեցվածքը ոչնչացնել, մասսաներին սնանկացնել ու ժողովրդավարության հնարավորությունը թաղել,  ՀՀՇ-ի կողմից սպանություններ իրականացվեն, իսկ հետո մեղադրել իշխանությանը այդ նույն բաներում և այդպես շարունակ: Ու նաև` Ղարաբաղի վերամիավորման համար պայքարել, իսկ հետո Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում:

Վիկիլիքսը մեզ տեղեկացրեց, որ Լևոնի գաղափարազուրկ լինելը նկատել է նաև ԱՄՆ-ն, մի երկիր որտեղ նման գործիչը թիթեռի կյանք կունենար.

Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը նկատել է . «Լևոն Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական հայացքները` հանուն անձնական քաղաքական շահի և անկասկած կրկին այդպես կվարվեր, եթե համոզված լիներ, որ դա իրեն կօգնի թուլացնել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը»:

Այս եզրակացությանն էր նա եկել, լսելով 2008-ի հոկտեմբերի 17-ի միտինգին Լևոնի ելույթը, ուր նա ասում է, թե ԱՄՆ-ն ու արևմուտքը օգտագործելով Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունը զիջումներ կկորզեն ղարաբաղյան հարցում (ԱՄՆ-ին, փաստորեն մեղադրում է պրոադրբեջանական դիրքրոշման մեջ ):

ԼՏՊ-ն հայտարարել էր նաև.«Երես թեքելով Ռուսաստանից և լիովին ապավինելով Արևմուտքին՝ հանձինս ԱՄՆ ի և նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը», իսկ Հայ-թուրքական հարաբերություններում էլ մեղադրում է Սարգսյանին զիջողական կեցվածքի համար:

Եվ վերջում էլ հայտարարում է, թե այս իրավիճակում, Սերժի ոչ լեգիտիմությունը չսրելու համար, որ Արևմուտքը այն չօգտագործի, դադարեցնում է հանրահավաքները:

Այն որ Լևոնը Սերժի վարած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովն էր, բազմիցս արտահայտվել է, իսկ ավելի ցայտուն այս հունիսին «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում.«Սարգսյանը ի՞նչը այնպես չարեց», հարցին պատասխանում է.«Նա ամեն ինչ արեց նորմալ և ճիշտ»:

Սակայն ճիշտ հակառակ մտքերն է ասում հանրահավաքից 18 օր անց ԱՄՆ-ի դեսպան Յովանովիչի հետ հանդիպմանը, կոչ անելով, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ:

Միտինգին հայտարարում է.« Չի կարելի նկատի չունենալ նաև այն յուրահատուկ հանգամանքը, որ իշխանությունը լքող ԱՄՆ ի ներկա վարչակազմը կփափագեր իր ժամկետի ավարտը պսակել արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրած մի այնպիսի հաջողությամբ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է»։ Իսկ Յովանովիչը գրում է, թե ԼՏՊ-ն ինքն է խորհուրդ տալիս, որ ԱՄՆ նախագահ Բուշը, նախքան իր պաշտոնից հեռանալը, հյուրընկալի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին և կազմակերպի ստորագրման արարողությունը:

Նրան զայրացրել է, որ Լևոնը մի կողմից իր հետ հանդիպմանը կոչ է անում ԱՄՆ-ին ավելի ակտիվ ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ(« ԼՏՊ-ն նշեց, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, և ԱՄՆ-ի կողմից վճռորոշ ներգրավվածությունը կարող է կողմերին լուծման հանգեցնել»), մյուս կողմից ամբոխին ասում է, որ ԱՄՆ-ն օգտվելով Սերժի ոչ լեգիտիմությունից զիջումներ է կորզում Հայաստանից ղարաբաղյան հակամարտության մեջ և ընդդիմությունն էլ հանուն հայրենիքի ցույցերը դադարեցնում է, որ չվնասի Հայաստանի դիրքերին:

Լևոնը Յովանովիչի առաջ արդարացել է, թե ստիպված է ԱՄՆ-ին մեղադրել, որ կարողանա մարդկանց տուն ուղարկելու պատճառ ունենալ:

Վիքիլիքսը հայտնում է. «Դեսպանը Տեր–Պետրոսյանին ասել է, որ նույնիսկ եթե այդ հայտարարությունը միտված է եղել բավարարելու իր հետևորդներին, ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե Տեր–Պետրոսյանն իրականում ինչ է մտածում, և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ ոչ բարոյական լույսի ներքո ներկայացնելը ինտելեկտուալ առումով անազնիվ է», նաև.« Մեր տպավորությունն այն է, որ Լ. Տեր–Պետրոսյանն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը և մանևրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանևրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ–ի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով»:

«Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով և մեծ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքի իր ելույթը քաղաքական մանիպուլյացիայի ակտ էր, եւ հակասում էր իր իսկ կողմից տարիներ շարունակ կիրառված` ԼՂ եւ Թուրքիայի վերաբերյալ հարցերում պրագմատիզմի քաղաքականությանը:»:

Որո՞նք են Յովանովիչի ասած ԼՏՊ-ի «սեփական քաղաքական տեսակետները»: Երկու խոսքով սա է. ոչ մի այնպիսի քայլ չանել, որ կարող է Թուրքիային զայրացնել ու սրել Հայաստանի դեմ, հետևաբար ցեղասպանության ճանաչումը չպետք է դառնա Հայաստանի քաղաքականության նպատակ(Վիկիլիքսը հաղորդում է. Յովանովիչի 2009-ի ապրիլի 22-ի նամակում ասված է. «ԼՏՊ-ն նշել է, որ միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ իր կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է մի կողմ դնել Ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Դա սփյուռքի գործն է և ոչ թե` մեր», ասաց ԼՏՊ-ն:), Ղարաբաղի հարցը ամեն գնով լուծել, որպեսզի բացվեն սահմանները, Հայաստանը դուրս գա շրջափակումից, որը միակ պայմանն է Հայաստանի զարգացման, առանց ապաշրջափակման Հայաստանը ապագա չունի, հետևաբար փուլային տարբերակով զիջումների գնալ, գնալ այնքան, որ այն լուծվի թեկուզ ինքնավարությամբ Ադրբեջանի կազմի մեջ, իսկ Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքը կտա միջազգային հանրությունը:

7or.am-ի խմբագիր Անդրանիկ Թևանյանը այս գաղափարախոսությունը անվանեց կղերապահպանողական նույնացնելով այն հայ կղերական քաղաքականության հետ, որի գաղափարախոսությունն էր իշխող ռեժիմների հետ յոլա գնալով, նրանց լծի տակ հնազանդվելով, և իշխողներին ու հակառակորդներին չթշնամացնելով, անընդհատ զիջումներ անելով ապահովել հայերի գոյությունը:

Հայաստանում էլ բազմաթիվ մտավորականներ գնում են Լևոնի հետևից հենց այս գաղափարախոսությունը դավանելու համար: (Նրա համախոհների մեջ շատ են իրենց առաջադեմ, ձախ, կամ լիբերալ համարողները, բայց նրանց գաղափարները հայ-թուրք-ադրբեջանցի հարաբերությունների նկատմամբ շատ մոտ է կղերապահպանողականությանը):

Այժմ քննարկման նյութը այն չէ, թե կղերական-պահպանողական գաղափարախոսությունը արդյունավե՞տ է արդյոք, կամ կա՞ն իրավիճակներ, որ կարող է կենսունակ լինել: Խնդիրն այլ է, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը կղերապահպանողական է, և ընդհանրապես նա ունի՞ գաղափարախոսություն:

1988թ. Տեր-Պետրոսյանը Օպերայի հրապարակ եկավ «պայքար պայքար մինչև վերջ» լոզունգով: Այդ «վերջը» Ղարաբացի վերամիավորումն էր Հայաստանի հետ: Եթե Ղարաբաղ կոմիտեում յուրաքանչյուրը գործիչ իր նախընտրութուններն ուներ, Ղարաբաղի վերամիավորման խնդրի հետ, կամ նույնիսկ առանց այդ խնդրի, մեկին հուզում էր սոցիալական հարցը, մյուսին պայքարը բյուրոկրատիայի դեմ, էն մյուսին ավելի շատ Հայաստանի անկախությունը, մեկ ուրիշին և անկախությունը և Ղարաբաղի միավորումը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը միայն Ղարաբաղի վերամիավորման մասին էր խոսում: Այլ թեմա նա չուներ և անընդհատ կրկնում էր` քանի դեռ Ղարաբաղը չի վերամիավորվել Հայաստանի հետ ղարաբաղյան շարժումը չի ավարտվելու: Երբեմն նրա հռետորաբանությունը դառնում էր հակաադրբեջանական, որի համար կուլիսներում համախոհները քննադատում էին. Ղարաբաղյան շարժման գաղափարախոսության մեջ չէր մտնում թշնամանք ադրբեջանցիների նկատմամբ, այն հռչակում էր որ շարժումը ոչ մի ազգի դեմ չի ուղղված և իր նպատակն է Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս բերելը ու Հայաստանի հետ վերամիավորումը:

Հայաստանի Գերագույն սովետում Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերի շնորհիվ էր, որ ընդունվեց Հայաստանի ու Ղարաբաղի միավորման 1989թ. դեկտեմբերի մեկի որոշումը: Գերագույն Սովետի նիստից հետո, որը տեղի էր ունենում այսօրվա Ամերիկյան համալսարանի շենքում, Լևոն Տեր-Պերտոսյանը հաղթական դուրս եկավ ու ցնծացող ամբոխին ներկայացրեց Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման որոշումը:

Գաղափարական կղերապահպանողականի համար Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը անընդունելի կլիներ, պահպանողականը սկզբունքորեն դեմ կլիներ և նրա հակաադրբեջանական հռետորությանը և դեկտեմբերի մեկի որոշմանը: Իրականում էլ այդ որոշումը որևէ իրավական ուժ չուներ, քանի որ Հայաստանը ՍՍՀՄ կազմի մեջ էր և Հայաստանը օրենսդրորեն չէր կարող միավորել Ղարաբաղը, իսկ կղերապահպանողականի համար նաև դա անհարկի սրում էր թշնամանքը երկու ժողովուրդների մեջ:

Ուրեմն, որն էր Տեր-Պետրոսյանի արածը, ինչ էր այն տալիս: Այդ դիրքորոշումը կոնյունկտուրայի թելադրանքով էր պայմանավորված` ամբողջ ազգը հակադրբեջանական էր, մնում էր դուր գալ նրան, Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման որոշումն էլ թղթի կտրոր էր և ոչ մի վտանագ չէր ներկայացնում. պատերազմի սպառնալիք չկար, դեռ Սովետ էր: Ուրեմն սովորական պոպուլիզմ էր և իր «Պայքար պայքար մինչև վերջը», և հակաադրբեջանական հռետորությունը, և դեկտեմբերի մեկի որոշման համար հրապարակային բեմադրությունը, որ երկրին ոչինչ չէր տալիս, բայց իրեն  տալիս էր հաջող բեմադրության ինքնահիացմունքի բերկրանք:

Ի վերջո, Տեր-Պետրոսյանը ինքնահիացմունքի գագաթը պետք է լիներ երկրի ղեկավար դառնալը, որին նա հասավ. իշխանության բարիքներից օգտվելու գայթակղությունը ներարկելով Հայոց  համազգային շարժման ակտիվիստներին և նրանց վրա հենվելով դարձավ Գերագույն սովետի նախագահ ապա Հանրապետության նախագահ:

Սովետը քանդվեց, Հայաստանը անկախացավ, սկսվեց պատերազմ և եկավ այն պահը երբ քաղաքական գործիչը այլևս չէր կարող յոլա գնալ միայն պոպուլիզմով, սովետական տանիքի տակ մի գործունեությամբ, որ այնքան էլ լուրջ ազդեցություն չի ունենում գործընթացների վրա: Եկավ ինքնուրույն, բարդ որոշումներ ընդունելու ժամանակը, որտեղ կարող են դրսևորվել միայն գաղափարախոսություն ու անձնական շահից բացի այլ շահեր ունեցող  գործիչները: Երկիրը միայնակ է աշխարհի առաջ և այն քաղաքական գործիչը խիզախ որոշումներ կարող է ընդունել, ում ուժ ու գործելու կամք է հաղորդում  գաղափարախոսությունը ու նպատակը: Իսկ Լևոնը գաղափարախոսություն չուներ, ի՞նչ անել. պատերազմի ամենաթեժ պահին միանգամից հրաժարվեց  Ղարաբաղը միացնելու գաղափարախոսությունից, որով եկել էր իշխանության ու «դարձավ» կղերապահպանողական և 1989թվի դեկտեմբերի մեկով Ղարաբաղը Հայաստանին «միացնողը», ընդամենը երեք տարի անց, 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդային» ասաց. «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը» :

Ահա թե ինչու Լևոնը քաղաքակնության բնագավառից վերցրեց միայն «անբարոյականությունը», իր ու իր համախոհների բառերով ասած «պրագմատիզմը» և աղբամանը նետեց հանունն ու գաղափարը, ու հռչակեց` ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: «Անբարոյականությունը» վերցրեց և դարձրեց քաղաքականության բանաձև միայն արդարացնելու համար իր անգաղափար ինքնահիացմունքը:

Ի վերջո նա դուրս եկավ պատերազմից վամպիրի պես քամելով ղարաբաղյան շարժման գաղափարական մարդկանց գործունեության արդյունքը`Ղարաբաղում գործող ռազմական և քաղաքական ուժերի, Հայաստանում էլ իր թշնամի Վազգեն Մանուկյանի գործունեությունը, ում նշանակեց պաշտպանության նախարար պարտությունների ամենաթեժ պահին   ու հեռացրեց հաղթանակներից հետո:

Սակայն ղարաբաղյան հակամարտությունը հեռու էր ավարտված լինելուց, պատերազմի վտանգը միշտ կար, հետևաբար կղերապահպանողական «պատմուճանից» նա չէր կարող հրաժարվել և ընդունեց Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, որի արդյունքն էր լինելու «Կոմսոմոլսկայա պրավդայի» հարցազրույցում ասածը`«Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին»:

Սակայան վճռական պահին, երբ նա արդեն պատրաստ էր Ղարաբաղը հանձնել, նրան չէին կարող հանդուրժել Ղարաբաղի անկախության համար պայքարած ուժերը ու 98թ. նրան ստիպեցին հրաժարական տալ: Որ նա որևէ գաղափարաախոսություն չունի, որ նա ոչ էլ կղերապահպանողական է, պարզ դարձավ, երբ հեշտությամբ ենթարկվեց ուժայինների պահանջին ու նախագահի պաշտոնը լքեց: Մինչ այդ, 98թ. հունվարի 8-ի անվտանգության խորհրդի նիստում նա պնդում էր, որ եթե փուլային տարբերակը չիրականանա Հայաստանը կործանվելու է(այդ մասին այստեղ): Գաղափարական, ծրագիր ունեցող մարդը հանուն իր գաղափարի, հանուն նրա, որ իր երկիրը չկործանվի, գոնե մի քիչ կդիմադրեր, իսկ նա զրո դիմադրություն ցուցաբերեց և  հեռուստատեսության առաջ հանգիստ ասաց` հայտնի ուժերի ճնշմամբ ես հրաժարական եմ տալիս: Իսկ BBC-ին այս տարի տված հարցազրույցում էլ իր հրաժարականի մասին ասաց. «Ես նրանց այն ժամանակ ասացի, եթե դուք կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք: Ես հո չեմ կարող խափանել այդ լուծումը: Արեք, տեսեք, ինչ կստացվի…», կարծես խոսքը քիմիական լաբորատորիայում ինչ որ փորձի մասին է և ոչ հայրենիքի:

(Հարց կլինի, իսկ միթե նրան հեռացնողները անձնական շահերով չէին առաջնորդվում: Առաջնորդվում էին, բայց անձնական շահի հետ միասին նրանք այս կամ այն չափով ունեին նաև գաղափար` Ղարաբաղի անկախության գաղափարը, որից զուրկ է Տեր-Պետրոսյանը):

Սակայն ինքնահիացմունքը չլքեց նրան ու կրկին վերադարձավ քաղաքականություն վերականգնելու հիացմունքի տանուլ տված կապիտալը:

2008-ի մարտի մեկը ևս մեկ անգամ բացահայտեց, որ ԼՏՊ-ն գաղափարազուրկ է, մի քանի ամիս հեղափոխական հռետորաբանությամբ ամբոխ հավաքեց և հենց հասավ բախման պահը, թաքնվեց իր առանձնատանը անգլուխ թողնելով հազարավոր մարդկանց և միայն միայն զոհերց ու թափված արյունից հետո երեկոյան ուշ կոչ արեց ցրվել ամբոխին, երբ արդեն ամբոխին ցրել էին: Գաղափարը չկար, հանուն որի պիտի դուրս գար բախումների գնացող ամբոխի առաջ կամ գոնե իր առանձնատնից ղեկավարեր: Իսկ հետո արդեն արդարացնելու համար մարտի մեկի իր վարքը, նետեց նոր  «գաղափար»` պայքարի սահմանադրական ճանապարհը ու իր նոր կազմակերպությունը կնքեց գանդիական կոնգրեսի անունով` ցույց տալու համար, որ ինքը էն գլխից էլ դեմ էր բախումներին և հետևորդն է առանց բռնության պայքարի գանդիական ուղղության:

Իսկ ահա, 2008թ. հոկտեմբերի 17-ի ելույթում Յովանովիչը նկատում է որ իր իմացած 20 տարվա կղերապահպանողականը, կամ իր խոսքերով ասած «պրագմատիկը» փոխվել է ու հագել ազգայնականի «պատմուճան» և իր անձնական շահերը վեր է դասում իր գաղափարներից:

Իսկապես, Լևոնը ինչո՞ւ էր կերպարանափոխվել: Ի՞նչն էր պատճառը, որ 2008-ի փետրվարին ԱՄՆ-ի գովքն անող Լևոն Տեր-Պետրոսյանը յոթ ամիս անց հանկարծ հակաամերիկյան ելույթ է ունենում ու մեղադրում ԱՄՆ-ին ղարաբաղի հարցում այն քաղաքականության համար` փուլային  զիջումներ կորզելու մեջ, որը ինքը պաշտպանում էր դեռ 1997թվից:

Փոխվել էր միջազգային իրավիճակը, վրաց-ռուսական պատերազմի արդյունքում Ռուսատանի դերը Կովկասում կտրուկ աճել էր ու «հրապարակային» Լևոնին դարձրել հակաամերիկյան գործիչ, նա քծնում էր նոր իրավիճակի տիրոջը, որ հնարավորություն ունենա մտնել ռուսական տանիքի տակ: 2008-ին վրաց-ռուսական պատերազմը դեռ նոր էր ավարտվել, երբ Լևոնը շտապեց հայտարարել. «Ոչ ոք չի կարող վիճարկել նաև, որ Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ հարավօսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից։ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա»։(խուճապը նրան  այն աստիճան ծայրահեղության  էր հասցրել, որ վրացական ռմբահարումները որակում էր ցեղասպանություն):

Սակայն մյուս կողմից էլ «ոչ հրապարակային», «կուլիսային» Տեր-Պետրոսյանը  Ղարաբաղի կորստի գնով իշխանությունը վերցնելու համար Յովանովիչին համոզում է իրականացնել այն, ինչ որպես սպառնալիք ներկայացնում էր հանրահավաքում, որ  ԱՄՆ-ն ակտիվ ներգրավվի հակամարտության կարգավորման մեջ, այսինքն  ճնշումներ գործադրելով Հայաստանի իշխանության վրա Ղարաբաղի հարցում զիջումներ կորզի, որի շնորհիվ  իշխանությունը կտապալվի, ինչպես ինքը տապալվեց 1998-ին, և արդեն Ղարաբաղի կորստի վրա հենվելով  «ազգայնական» պատմուճան հագած կգա իշխանության: Պուտինն ու Մեդվեդևը կլսեն հրապարակի ելույթը, կուլիսներինի մասին չեն իմանա: Գաղափարի կատարյալ բացակայություն, միայն մի խնդիր. գցել Սերժին, բայց դրսի ուժերի միջոցով` Ռուսաստան` տես, Սերժը արևմուտքի կամակատարն է, գցի, որ տեղը ես գամ քեզ ծառայեմ, ԱՄՆ-ը, ճնշի Սերժին, Ղարաբաղը Հայաստանի ձեռից առ, որ ընկնի, ես գամ տեղը նստեմ: Քաղաքական բարոյականության կոնտեքստում, որը, ինչպես նշեցի պայմանվորված է գաղափարախոսությամբ,  Լևոնը բարոյականությունից զուրկ քաղաքական գործիչ է:

Ի՞նչ բացահայտեց Վիքիլիքսը, որ մինչ այս անհայտ էր. Վիքիլիքսի հրապարակումների շնոհրիվ վերջնականապես ապացուցվեց, որ Լևոնը գաղափարազուրկ ու պատհեապաշտ նարցիս է: Մինչ այդ նրա գաղափարազուրկ լինելու բոլոր փաստարկներին հնարավոր էր ինչ որ ձևով առարկել, օրինակ ասել` ոչ թե Լևոնն է փոխվել ժամանակի ընթացքում, այլ ժամանակը ու քաղաքկան իրավիճակը, որ յուրաքանչյուր իրավիճակում նա հանուն հայրենիքի(ազգային շահ չեմ ասում, քանի որ դա նա կեղծիք է համարել) 88, 92, 98 թվերին իրար հակասող տարբեր որոշումներ է ընդունել: Վիքիլիքսը ցույց տվեց, որ նա ոչ թե տարբեր ժամանակներ, այլ  միևնույն ժամանակ է իրարամերժ «որոշումներ» ընդունում` կախված ամբիոնից ու տեղից. ԱՄՆ-ի դեսպանատանը ԱՄՆ-ի մարդն է, հրապարակում Ռուսատանի, դեսպանատանը ԱՄՆ-ին խնդրում է ավելի ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, մինչև տարեվերջ լուծել խնդիրը, իսկ հրապարկում քննադատում ԱՄՆ-ին որ զիջումներ է պահանջում Հայաստանից, որ ուզում է մինչև տաեվերջ լուծել Ղարաբաղի խնդիրը, որը շատ վտանգավոր է, և իբր ԱՄՆ-ի ուզած լուծումը ու Հայաստանի զիջումները թույլ չտալու համար ցույցերը դադարեցնում է: Ուրեմն, հենց այս բացահայտումն էլ հիմնավորում է, որ դեռևս 88թ. նա  գաղափարազուկ է եղել:

Յովանովիչի համար խորթ է փոփոխական գաղափարներով քաղաքական գործիչը, մանավանդ, որ նա հարվածում է ԱՄՆ-ի հեղինակությանը, սովոր չէ շփվել մի քաղաքական գործչի հետ, որի գաղափարները անհայտ են, դրա համար էլ հատուկ շեշտում է.« ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե Տեր–Պետրոսյանն իրականում ինչ է մտածում»:

Բայց հայ մտավորական մի շերտի համար, ում միտքը զոհն է դարձել քաղաքական համակարգի ու էթիկայի վակուումի, քաղաքականությունը այն չէ որտեղ գաղափարներ կան, և քաղաքական գործիչը այն չէ ով «հայտնի է թե ինչ է մտածում»: Նրա, այդ մտավորականի համար այն գործիչը ով «հայտնի չի թե ինչ է մտածում», հանճար է, ինչպես Լևոնը, ու հիանում է թե ինչպես է պոդիումում նա ամենատարբեր պատմուճաններ փոխում: Այդ մտավորականի համար «քաղաքականությունը անբարոյականություն է»  քաղաքականության միակ բանաձևն է, ուրիշը չկա: Եթե չկա, ուրեմն, հնարավոր չի հրաժարվել քաղաքականությունից, ուրեմն պետք է լինել «անբարոյական»: Իսկ Լևոնն էլ որպես բանաձևն ամենալավ կերպով իրացնող այդ մտավորականների հիացմունքի անդրադարձից փայլատակում է երևակայելով քաղաքականության միակ գիտակ: Վիկիլիքսը ոչ միայն չի զայրացնի Լևոնին ու նրան պաշտողներին, այլև կուրախացնի, որ այն ճշգրտորեն նկատել է, թե ինչ խորամանակ, ճկուն ու մեծ գործիչ է Տեր-Պերտրոսյանը, կարողանում է .«ինտելեկտուալ անազնիվ լինել», «մանիպուլացնել», «ցույց չտալ թե ինչ է մտածում», «վաճառել սեփական գաղափարները»: Նույնիսկ Լևոնի այն վկաները, ովքեր մանիպուլացվել են, դրանից միայն հաճույք են զգում, որ իրենց ուղեղի հետ խաղում է առաջնորդը:

Ու վերջին հարց. Գաղափարական անհատնե՞րն են ստեղծում քաղաքական համակարգ, թե՞ համակարգն է ստեղծում գաղափարական հոսանք: Հավի ու ձվի պատմությո՞ւնն է, արդյոք: Այնուամենայնիվ գաղափարի բացակայությունը չի նպատսում համակարգի ստեղծմանը, սկզբանական գաղափարն է խթանում երկրի ձևավորմանը ու նոր գաղափարների առաջացմանը:

Յուրաքանչյուր երկիր իր ուրույն ճանապարհն է ունենում, ճանապարհները բազմազան են: Մի ժողովուրդ վերանում է, մյուսը երկիր ստեղծում, մի երկիր անցնում է ձևավորման ճանապարհը ու հզորանում, մյուսը տարիներ մնում ճամփի սկզբին: Երկրներ կան, ուր անհատները համակարգի հիմքերն  են դնում, կամ էլ նպաստում նրա ձևավորմանը(ինչպես դը Գոլը, Ֆրանկոն, Պինոչետը, Դեն Սյաոպինը, Նժդեհը, Արամ Մանուկյանը), և կան այնպիսիք, ուր գաղափարազուրկ անհատները իրենց կենսունակությունը ապահովելու համար խոչընդոտում են համակարգի ձևավորմանը(ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը):

Entry filed under: խոհ. Tags: , .

Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայի պես կեղծում է պատմությունը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: