Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«միայն հենվելով սեփական խիզախության վրա»

27.10.2011 at 12:31 7 комментариев

«Իսկ գուցե նրա թիկունքին ինչ որ մեկը եղե՞լ է»,-հարցրի ես: Լիլիթը քմծիծաղ տվեց` ըհը ևս մի հիմար ով զոհ է գնացել քարոզչությանը, ևս մեկը ով խելք չունի սեփական դատողությունները անելու համար:

Հետո լրջացավ ու վստահ ասեց.

«Он пошел на это на свой страх и риск,- հնարավոր չէր որ Նաիրիի հետևը մարդ լիներ, ոչ մի երաշխիք չկար, որ կենդանի կմնար»:

Ես էլ էի տենց կարծում, ոչ մի պատվեր կամ գումար չէր կարող արժենար կյանքը, որ կարող էր կորցնել Նաիրի Հունանյանը(չէի բացառում, որ ինչ որ մեկի ազդեցության տակ է եղել, բայց պատվեր` բացառում էի). Զինված, հրապարակային մտնում ես Ազգային Ժողով գնդակահարում վարչապետին, ԱԺ նախագահին ու տեղակալներին, ութ հոգու ու պատվե՞ր, երբ ամեն վայրկյան կարող էին կողքից խփել: Էն որ թիկնապահ չկար, ոչ ոք չպաշտպանեց երկրի ղեկավարներին, Նաիրին չէր կազմակերպել, Վազգեն Սարգսյանի թիկնազորի ղեկավարը նրա մտերիմ ընկերն էր, որ հոկտեմբերի 27-ին չէր ուղեցել նրան, իսկ մյուս թիկնապահներն էլ պարզվեց պրոֆեսիոնալ չէին:

Եթե ընդունում ես, որ Նաիրի Հունանյանը և իր չորս համախոհները կյանքը վտանգելով տեռոր են արել, որ նրանց կյանքի դիմաց նյութական շահ հնարավոր չէր խոստանալ, Նաիրին երեխաներ չուներ, փողը վերցնելն ու մեռնելը ինչի՞ն էր պետք, ուրեմն պետք է ընդունես, որ նրա արածը խիզախ քայլ էր: Եթե խիզախ քայլ էր, ուրեմն, տակը գաղափար կա, իսկ եթե գաղափար կա ուրեմն Նաիրին գաղափարներ ունի: Մեզ չէ՞ որ դաստիարակել են` խիզախ ու քաջ են գաղափարական հերոսները`Վարդան Մամիկոնյան, Գևորգ Չաուշ, Նժդեհ այսինքն դրական, օրինակելի հատկանիշներ են: Սակայն և՛ պետական և՛ ընդդիմադիր քարոզչությունը չէր կարող իրեն թույլ տալ, որ Սպարապետին ու Կարեն Դեմիրճյանին սպանողը գաղափարական մարդ լիներ: Ինչպես Ջորջ Բուշը չէր կարող իրեն թույլ տալ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկիչների արարքի մեջ գաղափար ու խիզախություն տեսնել ու ծիծաղելի հայտարարություն արեց` նրանք վախկոտ մարդիկ էին: Թե ինչ կա դրանից ավելի խիզախ, չբացատրեց:

Բայց ոչ ոք չէր կարող հրապարակայնորեն ասել, որ Նաիրին խիզախ մարդ է, որ պատվեր չի կատարել, արածը պատվեր լինելու համար շատ ռիսկով բան է: Ասողին կկապեին հոկտեմբերի 27-ի հետ, իսկ լավագույն դեպքում հիմարի տեղ կդնեին` էսքան էլ միամիտ մարդ, չի հասկանում, որ ոչ ոք առանց պատվերի պառլամենտում չէր գռռցնի:

Միայն հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ահաբեկիչներին Վազգեն Մանուկյանը անվանեց մի խումբ ռոմանտիկներ, Լյուդմիլա Հարությունյանը՝ Ռոբին Հուդ, իսկ Ռաֆայել Ղազարյանը ասեց` երբ չի գործում արդարադատությունը գործում է ինքնադատաստանը: Նրանց մեղադրեցին` ինչպե՜ս կարելի է`ռոմանտիկ, Ռոբին Հուդ, բացահայտել է պետք հոկտեմբերի 27-ը: Հետո էլ ոչ ոք չէր ասելու «ռոմանտիկներ», միայն`ճիվաղ:

Բացահայտել մի բան, որ արդեն բացահայատ է, բացահայտ ահաբեկիչներ, իսկ եթե նույնիսկ նրանք պատվեր էլ կատարած լինեին, ամենադաժան խոշտանգումների տակ չէին կարող չխոստովանել, նրանք Վազգեն Սարգսյանի ընկերների ձեռքում էին` զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր գործը վարում, գլխավոր դատախազն էլ էլի Վազգենի ընկեր արարատցի Բորիս Նազարյանն էր, վարչապետն էլ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը. «Ձմեռվա ցրտին, մինուս տասին, բանտախցի լուսամուտները բաց, վրաս սառը ջուր էին լցնում ու թողնում մի քանի ժամ, հետո գալիս էլի սառը ջուր էին լցնում: Նրանք ինձ ստիպում էին միայն մի ցուցմունք տամ` ասեմ որ Ռոբերտ Քոչարյանն է պատվիրել մեզ»,-պատմում էր Նաիրիի խմբի անդամ Էդիկ Գրիգորյանը Նուբարաշենի բանտի իր խցում 2009թ աշնանը: Իսկ իր հրապարակված նամակում գրում է. «դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ: Իսկ ինչպե՞ս վարվեց Քոչարյանը: Նա նույնիսկ քեզ չանհանգստացրեց: Քո պաշտոնը ոչ միայն պահպանեց, այլև հետագայում բարձրացրեց»:

Ո՞վ դիմանար չասեր խոշտանգողների ուզածը: Էդիկը չէր ասել: Ավելի դաժան տանջանքների են ենթարկվել Նաիրին ու իր եղբայր Կարենը, նրանց քեռի Վռամ Գալստյանը, նա խոստովանել էր դատարանում փակ նիստի ժամանակ, թե ոնց են իրեն տանջել ու հետո էլ խցում ինքնասպան եղավ: Բայց Ջհանգիրյանին չհաջողվեց կորզել իր ուզած ցուցմունքը: Եթե նույնիսկ նրանց հետևը մարդ է եղել ու նրանք դիմացել են տանջանքներին ու չեն խոստովանել, ուրեմն կրկնակի հերոսներ են` կարողացել են գաղտնիքը պահել: Բայց տրամաբանությունը անզոր է ընդդիմության քարոզչական տեռորի առաջ:

Էսօր, իհարկե, արդեն իրավիճակը փոխվել է, մամուլը ավելի ազատ է զգում, որի վկայությունը «Առավոտի» խմբագրականն է, ուր ասվում է. «Պատրանք է նաև այն, որ եթե Նաիրի Հունանյանին կամ նրա եղբորը «լավ հարցաքննեին», նրանք կհայտնեին, թե ով է այս ահասարսուռ հանցագործության պատվիրատուն։ Ավելի «լավ», քան Գագիկ Ջհանգիրյանը, նրանց ոչ ոք չէր հարցաքննի՝ նախկին զինդատախազի թիմն այդ առումով հարուստ փորձ ունի։ Նաիրիին, անշուշտ, դրդել են ահաբեկչության, բայց այնպես, որ ինքը չէր գիտակցում, որ կատարում է ուրիշի կամքը»։

Ու մեկ էլ 2002թ. հոկտեմբերին, ահաբեկիչների դատավարության ընթացքում հայտնվում է մի աղջիկ և ասում Он пошел на это на свой страх и риск: Ինչպես թարգմանես, միտքը մոտավորապես սա է` նա դա արեց առանց թիկունքի, միայն հենվելով սեփական խիզախության վրա:

2002թ. Հոկտեմբերն էր, աշխատում էի armenianow.com-ում: Մի նամակ ստացա վերնագրով` «Մի թույլ տվեք Հայաստանին վճռելու մահապատիժ»: Էդ օրերին ամենաքննարկվող թեման մահապատժի հարցն էր, Հայաստանը մտել էր եվրախորհուրդ ու պարտավորվել մահապատիժը վերացնել, բայց քաղաքական վերնախավը` ընդդիմություն թե իշխանություն պնդում էր, որ մինչև Նաիրիի խումբը մահապատժի չենթարկվի չի կարելի թույլ տալ, որ վերացվի մահապատիժը: Մտավորականները հերթով հեռուստատեսությամբ հումանիստ էին խաղում, ինչպե՜ս կարելի է մարդուն մահվան դատապարտել, բայց հենց կոնկրետ հարց էր տրվում` իսկ Նաիրի՞ն, կամ լռում էին կամ թեման փոխում կամ էլ ասում` էս մեկն էլ ու վերջ:

Ու հանկարծ մի նամակ, որը կոչ էր անում Եվրախորհրդի մոնիտորինգի խմբին ստիպել Հայաստանին հրաժարվել մահապատժից այնպես որ թույլ չտրվի ոչ մի բացառություն. «Թույլատրել Հայաստանին մահապատիժ վճռել նույնիսկ «վերջին անգամ» կնշանակի ետ գցել նրա զարգացումն առնվազն տասնյոթ դարով. հասցնելով երկիրը իր մինչ-քրիստոնեական ժամանակաշրջանին։ Եվ անգամ այն փաստը, որ բոլոր այն եվրոպական երկրները, որոնք այսօր թույլ կտան Հայաստանին կայացնելու նման վճիռ, նույնպես անխուսափելիորեն պետք է վերադառնան առնվազն ինկվիզիցիայի դարաշրջան, չի նվազեցնում պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացու համար»։

Նամակը անթաքույց պաշտպանում էր Նաիրի Հունանյանի կյանքի իրավունքը, հստակ երևում էր որ հենց Նաիրիին մահապատժից փրկելու համար է գրված, տես. «Ցավոք, այսօր Հայաստանը կարծես այնքան խենթ է, որ պատրաստ է իր գլուխն այս կախաղանի մեջ մտցնելու, քանզի այստեղ մարդիկ, կան որոնք Նաիրի Հունանյանի համար մահապատիժ են պահանջում, իսկ մյուսները, ինչն առավել ցավալի է, տեսնում են այս ամենը ու լռում… շարունակ լռում»։ Ու ոչ այնքան մահապատժի դեմ էր, որքան հենց Նաիրին փրկելու համար, որ հենց Նաիրիի դեպքում բացառություն արվի ու չկիրառվի մահապատիժը. «Մենք դիմում ենք ձեզ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎՃԻՌԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՐԳԵԼԵԼՈՒ խնդիրքով»։

Երբ Լիլիթին հանդիպեցի ավելի պարզ դարձավ, որ նա մահապատժի վերացման շարժման ակտիվիստ չի, որ մահապատիժի դեմ գաղափարական մարտիկ չի, այլ ուղղակի դեմ է մահապատժին միայն մի պատճառով` որ Նաիրի Հունանյանը չսպանվի:

Ճիշտ է, էլի էի հանդիպել մարդկանց ովքեր Նաիրիին գովում էին, մի քեֆի ժամանակ էլ մեկը Նաիրիի կենացը խմեց` Նաիրին ի՞նչ ա արել որ, էս ժողովրդի ուզածը, պիտի նրան ազատեն մի բուտկա տան, թող աշխատացնի ապրի: Մամուլում երբեք չէին հայտնվի Նաիրիի տեռորի հանդեպ դրական արձագանքները: Մի սոցիոլոգիական հարցում էին հրապարակել, ուր բնակչության 25 տոկոսը դրական էր գնահատել հոկտեմբերի 27-ը, «Հայոց աշխարհն» էլ նման հարցում անցկացնելը անբարոյական որակեց:

Ու հանկարծ մի խումբ, ովքեր հրապարակայնորեն պաշտպան էին կանգնում ահաբեկիչներին, իշխող կարծիքին դեմ բան ասում, որ հենց Նաիրիի կյանքի համար պետք է վերացնել մահապատիժը, ոնց նյութ չգրեի՞ր:

Լիլիթի հետ նստել էինք Կինո Մոսկվայի դիմացի բացօթյա սրճարանում, աչքերը փայլում էին Նաիրիի մասին խոսելիս, բայց չէ՞ որ մարդ է սպանել,-հարցնում էի. քմծիծաղ էր տալիս, նա վստահ պնդում էր որ Նաիրին հերոս է. «Պատիժը ավելի դաժան կարող է լինել, երբ շարքային քաղաքացու են սպանում։ Այն որ նրանք սպանել են բարձրաստիճան պաշտոնյաների մեղմացուցիչ հանգամանք կարող է լինել։ Մի ամերիկացի ինձ ասաց, որ Հայաստանում շատերը իրար շշնջալով իրենց համակրանքն են արտահայտում Նայիրիի նկատմամբ։ Վարչապետի բանակը մայրերի համար իրենց որդուն մի զույգ կոշիկ էր դարձել, որ ուղարկում էր ծառայության եւ կարող էր ետ չստանալ»: Նա շատ հպարտ էր այդ նամակի համար. «Էդ մարդկանց ճակատագրի համար ես պատասխանատվություն եմ զգում։ Եթե նրանց գնդակահարեն ես ինձ մասնակից կզգամ։ Իսկ հասարակությունը անտարբեր է։ Ո՞ր երկրում այսքան շատ հասարակական կազմակերպություն կա։ Դրանք ամեն ինչից կարող են խոսել եւ ոչինչ չանել։ Դրանցից ոչ ոք չէր համարձակվի նման նամակ գրել։ ՀԿ-ները բացվել են մի բանի համար՝ որ գրանտ ստանան ու փող աշխատեն»։ (մեջբերումները իմ ակնարկի չխմբագրված տարբերակից են):

Լիլիթին ասեցի, որ հավանական է Նաիրիին մահապատժի ենթարկեն, քանի որ Եվրոպան համաձայնվել է, որ Հայաստանը հետաձգի մահապատիժը վերացնելը մինչև 2003-ի հուլիս: Լիլիթի աչքերը լցվեցին ու նա առանց ցտեսություն ասելու հեռացավ: Հետո, երբ ակնարկս հրապարակվեց(«Բանավեճ մահապատժի մասին. Եվրոխորհրդի անդամակցությունը բախվում է ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու խորհրդարանի մտադրությանը»), նամակ գրեց, ներողություն խնդրեց, որ թողել հեռացել է, իսկ որոշ ժամանակ անց էլ Նաիրիին նվիրված պատմվածք ուղարկեց «Բնագրում» տպելու համար: Պատմվածքը ռուսերեն էր, ես կարծեմ խմբագիրներին էլ չտվեցի, գիտեի որ մերժելու են, ոչ թե որ Նաիրիին էր նվիրված, չէ, ուղղակի շատ հովվերգական էր ու սիմվոլներով լեցուն: Այսպես էր ներկայացված տեռորիստը. «Նա սպանեց ժանտախտը: Ուղղակի այդպես: Ասեց որ կսպանի ու արեց` գնդակահարեց: Իսկ քաղաքը խուճապի մեջ էր, մինչ այդ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ ժանտախտը մահկանացու է, որ նա էլ կարող է մահանալ: Բայց դա եղավ, և շատերը նույնիսկ կասկածեցին, որ դա ժանտախտ էր: Քաղաքը ամեն ինչում սարսափելի հիասթափված էր. ժանտախտից, այն բանի համար, որ նա էլ պարզվեց մահկանացու է, կյանքից, նրա անկանխատեսելիության համար, Աստծուց, որ պարզվեց ընդհանրապես գոյություն չունի(հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր նման բան թույլ տալ)»:

Նամակը ստորագրել էին հինգ հոգի, բացի Լիլիթից նաև` Դիանա Զաքարյան, Նվեր Սարգսյան, Լալա Ասլիկյան, Մագդա Ավետիսյան: Նրանցից միայն Լալա Ասլիկյանի հետ ծանոթացա, նա էլ Լիլիթի պես հմայված էր Նաիրիով, նույնիսկ Նաիրիին գրքեր էր ուղարկել, բայց դժվար հասներ: Լիլիթի պես նրա աչքերն էլ էին փայլում Նաիրիի անունը տալիս, բայց զգացվում էր որ խմբի լիդերը Լիլիթն է, անըդնդհատ գովում էր Լիլիթի, թե ինչ խելոք ու հետաքրքիր աղջիկ է: Լալային հաճախ էի տեսնում, աշխատում էր «Ուորդլերնինգ» կազմակերպությունում, գնում-գալիս էի, «Ուորդլերնինգից» գրանտ էի ստացել 2003-2004թվերի քաղաքական հալածանքերի ուսումնասիրության համար ու գիրք հրատարակեցի «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն»: Զրուցում էի Լալայի հետ, հարցնում է Լիլիթից, մեկնել էր Շվեդիա, կգա՞ Հայաստան, անպայման,-ասում էր Լալան, հետո իմանում էի, որ կարծեմ Իսպանիայում է:

2008-ի հունվարի՞ն, թե՞ փետրվարին Լալային Սեդայի հետ տեսա Պողոտա-Թումանյան խաչմերուկի Սթար սուպերմարքեթի դեմը, Օպերայի հայաթում Լևոնի ցույցերն էին: Նրանք էլ էին մասնակցում, զարմացա` դու որ Նաիրիին արդարացնում ես, ո՞նց ես Լևոնի հետևից գնում, Վազգենին Լևոնն ա ստեղծել: «Հա,-ասեց Լալան,-ամուսինս էլ ա էդ ասում»: Նա դեռ տատանվում էր, իսկ Սեդան ուղղակի կոպտեց ինձ, ինչ-որ Սերժի անունը տվեց իբր Սերժին եմ պաշտպանում: Ուզեցի առարկեմ` ի՞նչ Սերժ, Սերժը ի՞նչ կապ ունի, բայց անհույս էր, Սեդան արհամարհական վերից վար չափեց ինձ:

Մի քանի օր էլ անցավ ու Լալան ակտիվ լևոնական դարձավ, հետո էլ պլակատը ձեռը ցույցերի առաջից գնում էր, հերիք չի մարտի մեկից հետո էլ էլ-փոստով հարձակվեց վրաս, որ համարձակվել էի մի նամակի տակ ստորագրել, ուր պահանջվում էր դատել Լևոն Տեր-Պետրոսյանին որպես Հայաստանի սպառնալիք(նամակը էստեղ). նամակում ասվում էր «Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին ղեկավարն էր, ում օրոք մասսական ընտրակեղծիքներ եղան, առաջինն էր ով բանակը հանեց ցուցարարների դեմ, առաջինն էր ով ոտնահարեց խոսքի ազատությունը ու թերթեր փակեց, առաջինն էր ով փակեց քաղաքական կուսակցություն ու նրա լիդերներին բանտեր նետեց, առաջինն էր ում թևի տակ առաջացան օլիգարխները: Այսօրվա բոլոր օլիգարխները նրա ժամանակ են հարստացել, նա այն մարդն է ով իշխանության է բերել այսօրվա իշխողներին, նա այն մարդն է ով սպանեց հայերի հավատը արդարության ու ազատության նկատմամբ»:

Դրանից հետո էլ որ Լալային փողոցում տեսնում էի չէր բարևում, դավաճա՞ն էի երևի, թե ի՞նչ էի: Այ քեզ պատմություն, արդարացնես ԼՏՊ-ի նախագահության սպարապետին սպանողին, բայց չբարևես մեկին ով միայն պահանջում է դատել ԼՏՊ-ին, այ քեզ բան` մեկ Նաիրի պաշտպանես, մեկ Ջհանգիրյանի հետ պայքարես:

Հիմա Լալայի անունը տեսնում եմ բանակում զինվորների սպանությունների դեմ պայքարողների խմբերում, ակտիվ մասնակցում է, կազմակերպում է կոնֆերասներ, ֆիլմերի նկարահանումներ: Լավ է, թող պայքարի, ինքը պայքարողների մեջ ամենալավը գիտի, որ «Վարչապետի բանակը մայրերի համար իրենց որդուն մի զույգ կոշիկ էր դարձել, որ ուղարկում էր ծառայության եւ կարող էր ետ չստանալ»:

 

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ամերիկահայ գիտնականը բացատրում է. Ինչու է հայ հումանիտար գիտությունը ճգնաժամի մեջ Թիֆլիսյան կոնֆերանս. թուրքական հայաֆոբիայի հիշատակումը մարեց հայ-ադրբեջանցի ջերմությունը

7 комментариев Add your own

  • 1. Arshak  |  27.10.2013 в 21:57

    http://yelaket.am/am/?p=31844

    Нравится

    Ответить
  • 2. Նիկոլ Մարգարյան  |  28.10.2013 в 10:03

    Իմ կարծիքով սպանության անձնական մոտիվացիա եղել է: Վարձու ահաբեկիչը թիրախին վերացնելուց հետո մի քանի անգամ հրացանի կոթով չէր խփի սպանվածին ու հայհոյանքներ չէր տեղա: Բավական էր ստուգողական կրակոցը:

    Нравится

    Ответить
  • 3. ՎԱՀԱԳՆ  |  28.10.2013 в 21:04

    Ով էլ լինի պատվիրատուն, տասնչորս տարում Նաիրին անունը կտար, նա բավականին խելք ունի, որ հասկանա, որ իր կյանքը կործանվել ա իր պատվիրատուի լավ ապրելու համար:

    Нравится

    Ответить
  • 4. Garnik  |  29.10.2013 в 00:56

    նա այն մարդն է ով իշխանության է բերել այսօրվա իշխողներին, նա այն մարդն է ով սպանեց հայերի հավատը արդարության ու ազատության նկատմամբ»:

    Нравится

    Ответить
  • 5. Samvel Sargsyan  |  30.10.2013 в 16:43

    Cavok srti hoktembery 27-y das 4darcav vo4 verevnerin ev vo4 nerkevnerin,ajsinkn dra krknutjuny 4i bacarvum.

    Нравится

    Ответить
  • 6. samoxinSamuel  |  31.10.2013 в 20:33

    I wish there are more Nairi Hunanyans in Armenia at least in every 10 years to clean up Armenian parliament and state clan as a prophylactic precaution from fatal corruption.

    Нравится

    Ответить
  • 7. vartanhovhan  |  29.10.2014 в 23:07

    Կեցցես Վահան ջան, կարծում եմ որ արդեն համապատասխան փաստեր կան համոզվելու որ Նաիրին մարդասպան չէր, Կարդա Գեհենի Առաքելի այս գրիքը https://www.scribd.com/doc/241885406/ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-27-Ի-ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

    Нравится

    Ответить

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com