Կանանց երկիրը. արտագաղթը շարունակվում է

22.01.2012 at 00:00 Оставьте комментарий

Սիրվարդ. հեռուստացույցը ամբողջ օր միացրած եմ թողնում որ մենակ չզգամ

Սիրվարդ. հեռուստացույցը ամբողջ օր միացրած եմ թողնում որ մենակ չզգամ

Սիրվարդն ու Վարդանը իրենց ամուսնական քսան տարիների ընթացքում միասին եղած ամիսները եթե տարիների վերածեն, միայն երեք տարին են միմյանց հետ եղել: Մնացած ժամանակ Վարդանը խոպանում է, որ Մարտունիում թողած կնոջն ու երեխաներին կարողանա պահել: Ինն ամիս դրսում, երեք ամիս տանը: Մնացած ժամանակ Սիրվարդի հետ Վարդանի վիրտուալ պատկերն է, որ ամուսինը հեռախոսով ուղարկել է Բարնաուլից:

«Առաջին տարին որ գնաց, մեծ տղաս 10 ամսական էր, որ ամուսինս հետ վերադարձավ, հորը չէր ճանաչում, ասում էր. «ուրիշի ձաձան ինչի՞ ա եկել մեր տուն», իսկ ես դա ոչ մեկի չեմ կամենում, որ երեխան հորը չճանաչի,- պատմում է 46-ամյա Սիրվարդ Բարսեղյանը,- սկզբնական շրջանում երեխաները փոքր էին, դժվար էր, հոր կարիք ունեին: Հետո ընտելացանք քիչ-քիչ. ամեն տարի գնում էր»:

Սիրվարդը միայնակ մեծացրել է երեք զավակներին` երկու որդիներին ու դստերը:

Վարդանը մյուս խոպանչիների հետ գնում է ապրիլին, գալիս դեկտեմբերին:

«Ամբողջ ծանրությունը ընկնում ա մոր ուսերին,- ասում է Սիրվարդը,- մայրերը պետք է կարողանան երեխային ճիշտ ուղու վրա կանգնեցնել, այնպես դաստիարակել, որ կիսվեն, շրջապատ չմտնեն, չծխեն, խուլիգանություն չանեն: Ու էդ մայրերը հերոս մայրեր են: Շատ երեխաներ հոր կարիքը ունենալով,  մանավանդ տղաները, ճանապարհից դուրս են նետվում: Ճիշտ է, դրսում աշխատողը, տուն փող բերողը տղամարդն ա, բայց ամբողջ ընտանիքի ծանրությունը կնոջ վրա ա՝ երեխայի դաստիարակությունից սկսած, վերջացրած տնտեսականով, ամեն ինչով:

Ամբողջ Մարտունին ու գյուղերն են անհայր: Երիտասարդները ամուսնանում են, մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս ընտանիքի հետ են ու մեկ էլ երիտասարդ կնոջը թողնում ու գնում են: Նույնիսկ երեխաները որ ծնվում են, էնտեղ են իմանում՝ դրսում, որ իրենք երեխա են ունեցել:

Մնացած ժամանակ Սիրվարդի հետ Վարդանի վիրտուալ պատկերն է, որ ամուսինը հեռախոսով ուղարկել է Բարնալուլից

Մնացած ժամանակ Սիրվարդի հետ Վարդանի վիրտուալ պատկերն է, որ ամուսինը հեռախոսով ուղարկել է Բարնալուլից

Կին, երեխա մնում են էստեղ, իսկ նրանք էլ մնում են էնտեղ, կանանցից  ում բախտը բերում է, ամուսինը հետ է վերադառնում, ում բախտը չբերի, էնտեղ են մնում: Իսկ մեր հայ կանայք միշտ սպասում են: Սպասեն, հավատարիմ մնան ամուսնուն, ընտանիքը շեն պահեն մինչև տեսնեն՝ ամուսինը երբ կգա»:

Շատերը ի վերջո ընտանիքներին էլ են տանում: Սակայն Սիրվարդը հրաժարվել է ընդմիշտ տեղափոխվել Ռուսաստան, նա Մարտունիում մնացած այն կանանցից է, որոնց շնորհիվ այդ շրջանը չի ամայացել:

«Պատահել ա, նույնիսկ ամուսինս ասեց՝ գնանք աշխատենք միասին, Յարոսլավում էր աշխատում, նույնիսկ տուն էր վարձել, որ գնայինք ընտանիքով ապրեինք-աշխատեինք, նույնիսկ ինձ աշխատանք էին խոստացել: Բայց  չհամաձայնվեցի, ես գիտեի` եթե գնայի, իմ երեխաները էնտեղ ապագա չէին ունենալու: Ու ես ճիշտ դուրս եկա. ովքեր ժամանակին գնացել են ու  հիմա ուզում են հետ վերադառնալ, չեն կարողանում, երեխեքը էլ էս կյանքը, էստեղի կյանքին էլ չեն ընտելանա, չեն համակերպվում: Լավագույն դեպքում, եթե գան, մայրաքաղաքում են ուզում ապրել, եթե էդ բոլոր վերադարձողները մայրաքաղաքում ապրեն, բա գյուղերում ինչ կլինի: Ու ես չեմ ուզել էդ կյանքը, հանուն երեխեքի չեմ գնացել»:

Վարդանը իննսունականների սկզբներին Հայաստանում ընդհատումներով աշխատել է հացի գործարանում, ապա, Քյալբաջարը գրավելուց հետո, փայտահատություն է արել, օրը 3000 դրամ աշխատել, բայց այլևս Հայաստանում սպառվում են աշխատանքի հնարավորությունները, ու աշխատանքը կապվում է միայն խոպանի հետ:

Մարտունիում. «Անունդ ի՞նչ է», «Գոռ», «Գոռ ջան, պապադ որտե՞ղ է», «Ռուսաստանում»

Մարտունիում. «Անունդ ի՞նչ է», «Գոռ», «Գոռ ջան, պապադ որտե՞ղ է», «Ռուսաստանում»

Խոպանը տղամարդկանց աշխարհն է: Մանավանդ շրջաններում պատրիարխալ ավանդույթը թույլ չի տալիս աշխատունակ կանանց մեկնել արտագնա աշխատանքի: Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ-ի 2007թ. ուսումնասիրությամբ աշխատանքային միգրանտների միայն 6,5 տոկսոն է կին, 129 հազարից վեց հազարը:

Իսկ Մարտունիում էլ ոչ միայն Վարդանի, այլև հաշվապահի մասնագիտություն ունեցող Սիրվարդի համար աշխատանք չկա, արդեն տասը տարի նա չի աշխատում: 1984 թվից աշխատել է Մարտունու էլեկտրատեղակայման իրերի գործարանում, որը 1997թ. սեփականաշնորհումից հետո վերջնականապես դադարում է գործել:

Սովետական տարիների Մարտունիի չորս գործարաններից ոչ մեկը հիմա չի աշխատում:

Մարտունու արդյունաբերությունը ավերվելուց հետո քաղաքացիների միակ ապրուստի միջոցը մնում է գյուղատնտեսությունը, այն էլ գյուղատնտեսական միջոցների թանկության պատճառով անեկամտաբեր գործ է և հազիվ տան պահանջներին է բավարարում: Սիրվարդենք ունեն 1500 քմ հող, մշակում են կարտոֆիլ, բայց հենց վերջին տարին շատ քիչ բերք են ստացել:

Մարտունիում. կանանց երկիրը

Մարտունիում. կանանց երկիրը

«Դժվարը պարարտանյութի հարցն ա, էս տարի մենք չենք կարողացել ձեռք բերել: Մեր հողամասին նորմայով պիտի 3 պարկ պարարտանյութ տանք, 3 պարկի փող որտեղի՞ց տանք, եթե ես չեմ աշխատում, ընտանիքում աշխատող չկա»:

Եթե աշխատանք լինի, ու տղամարդ կարողանա իրա ընտանիքի պահանջը բավարարի, մինիմում չեմ ասում, մաքսիմում տղամարդ դուրս չի գա»:

Խոպանի բերած մինիմալն էլ այս տարվա մայիսից սեպտեմբեր չորս ամիսների ընթացքում ամուսնու ուղարկած 700 դոլարն է, որով նա չգիտի թե որ հարցը լուծի: Մինչև աշխատանքային սեզոնի ավարը դեռ երեք ամիս կա, և հույս ունի, որ ամուսնինը գոնե 1000-1500 դոլար էլ խոպանից կբերի: Սիրվարդը հիշում է ամուսնու աշխատած լավագույն տարին, 1997 թվին էր, երբ Վարդանը 2000 դոլար բերեց հետը, ու կարողացան յոթ տարի առաջ կառուցած տան շինարարական աշխատանքները ավարտին հասցնել: Խոպանում աշխատած գումարները նույնիսկ չի հերիքել բարձր առաջադիմություն ունեցող դստերը Երևանում բարձրագույն ուսման տալու համար, ստիպված աղջիկը ընդունվեց Մարտունու քոլեջը:

Գյուղում կանայք, դրսում տղամարդիկ. օդանավակայանում տղամարդիկ Մարտունու Զոլաքար գյուղից են

Գյուղում կանայք, դրսում տղամարդիկ. օդանավակայանում տղամարդիկ Մարտունու Զոլաքար գյուղից են

«Էլի պիտի շնորհակալ լինենք, որ պարտքով ապրում ես, պարտքով ապրանք են տալիս, փողը լինում՝ տալիս ենք,- ասում է Սիրվարդը,- հիմա պետություններն են պարտքով ապրում, ուր մնաց մարդիկ: էդպես ընտանիք չկա, որ պարտքով չապրի, ով էլ ասում ա՝ ես պարտքով չեմ ապրում, սուտ ա: Գնացեք խանութներ, պարտքացուցակները բացեք, կտեսնեք՝ աշխատանք ունեցողն էլ ա պարտք, չունեցողն էլ»:

Ավագ որդին` Վահանը, հոր պես վարորդ է, բանակից զորացրվելուց հետո խոպանում է, 2008-ին հոր հետ միասին են մեկնել, գործատուն աշխատեցրել ու վերջում խաբել, փողը չի տվել: Դրանից հետո հայր ու որդի տարբեր տեղեր են մեկնում աշխատելու, որ եթե մեկին խաբեն, մյուսը գոնե կարողանա փող բերել: Հիմա որդին Մոսկվայում է, հայրը` Յարոսլավում: Կրտսեր որդին զորացրվելուց հետո սովորում է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայում, դուստրը ամուսնացել է, իսկ Սիրվարդը մնացել է միայնակ այն տան մեջ, որը կառուցվել է իրենց երջանկության համար:

«Դե ցերեկը հարևանների հետ շփվում ենք: Բայց դե որ իրիկունը գալիս ա, արդեն մենակ ես: Հեռուստացույցը ամբողջ օր միացրած եմ թողնում, որ մենակ չզգամ»:

1994-2010 թվականների ուղևորափոխադրումների տարեկան վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1994 թվին 127 հազար մարդ է մեկնել երկրից, հետագա տարիներին էլ արտագաղթը կայուն շարունակվում է, մեկնողների թիվը գերազանցում է վերադարձողների թվին, և միայն 2004-2006 թվերին են արտագաղթի տեմպերը նվազում, ու երկիր մուտք գործողների թիվը գերազանցում է մեկնողների թվին: 2006-ին ժամանողները 27 հազարով գերազանցում են մեկնողներին: Ապա սկսում է էլի աճել արտագաղթը:

Ուղևորափոխադրումների հաշվեկշիռը, մեկնումների ու ժամանումների հաշվեկշիռը՝ ըստ ազգային վիճ. ծառայության տվյալների

2011     -49, 1 հազար

2010    -29,9 հազար

2009    -25 հազար

2008    -23,  1 հազար

2007    -3,2 հազար

2006    27,1

2005    12, 5

2004    2, 1

2003    -10, 2

2002    -2, 7

2001    -60, 4

2000    -57, 5

1999    -7

1998    -24, 4

1997    -31, 3

1996    -20,5

1995    -37,5

1994    -127,8

«Ես փորձ չունեմ, առաջին տարին եմ գնում,- ասում է առաջին անգամ մեկնողը,- մեր նեղությունից դուրս գալու համար էթում ենք աշխատելու, կարտոշկով յոլա էինք գնում, էս տարի էլ չստացվեց, ոչ ջրի, ոչ պարարտանյութի, ոչ մի բանի հարցը չի լուծվում, չի հանում ծախսը, ստիպված էթում ենք»:

«Ես փորձ չունեմ, առաջին տարին եմ գնում,- ասում է առաջին անգամ մեկնողը,- մեր նեղությունից դուրս գալու համար էթում ենք աշխատելու, կարտոշկով յոլա էինք գնում, էս տարի էլ չստացվեց, ոչ ջրի, ոչ պարարտանյութի, ոչ մի բանի հարցը չի լուծվում, չի հանում ծախսը, ստիպված էթում ենք»:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, բերելով վերջին չորս տարիների ուղեւորափոխադրումների տվյալները, ասում է, որ արտագաղթի աճ չկա:

«2008-2010 թթ. Արտագաղթի աճը հինգ հազարի մոտ թիվ է: Էս պարագայում խոսել արտագաղթի ահագնացող տեմպերի մասին, տեղին չի, առավել ևս էն պարագայում, որ էս սահմանահատումների թիվը ամենևին արտագաղթի թիվ չի,- ասում է նա,- պիտի անպայման մի ճշտում մտցնենք, որ յուրաքանչյուր միգրանտ ուղևոր է, բայց յուրաքանչյուր ուղևոր չէ, որ միգրանտ է, մինչև երեք ամսով մեկնողները, ըստ ՄԱԿ-ի բնորոշման, միգրանտներ չեն, մարդիկ գնում են տարբեր նպատակներով, դա կլինի տուրիզմ, հանգիստ, բարեկամներին այցելություն, բուժում, ուսում, և այդպիսիները միգրանտներ չեն: Այ մասսայական արտագաղթի մասին կարելի է ասել իննսունական թվերի վերաբերյալ, երբ տարեկան Հայաստանից մոտ հարյուր հազար մարդ էր հեռանում»:

Zham.am-ի խմբագիր Երվանդ Բոզոյանը ասում է, որ  90-ական թվերի սկզբին արտագաղթը օբյեկտիվ էր, քանի որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում փլուզվեցին բոլոր  ենթակառուցվածքները, արտադրությունները, և հազարավորներ անգործ մնացին:

«90-ականներին երկու օբյեկտիվ պատճառ կար, մեկը պատերազմն էր, մյուսը՝ սոցիալ-տնտեսական վիճակը, որ առաջացել էր խորհրդային փլուզման արդյունքում, և այն սարսափելի ծանր իրավիճակը, որը առաջացավ 90-ական թվականներին,- ասում է նա,- հազարավոր մարդիկ, չկարողանալով տեղավորվել նոր հարաբերություններում, արտագաղթեցին»:

Երվանդ Բոզոյան. 14.4 տոկոս տնտեսական անկումը բավականին ծանր և ողբերգական ցուցանիշ է, որը չէր կարող չազդել բնակչության վրա: Եթե աշխատատեղերը կրճատվում են, արդյունքը պիտի լինի ուղղակի աշխատուժի արտահոսքը երկրից:

Երվանդ Բոզոյան. 14.4 տոկոս տնտեսական անկումը բավականին ծանր և ողբերգական ցուցանիշ է, որը չէր կարող չազդել բնակչության վրա: Եթե աշխատատեղերը կրճատվում են, արդյունքը պիտի լինի ուղղակի աշխատուժի արտահոսքը երկրից:

Բոզոյանը ասում է, որ երկիրը որոշ չափով կայունացավ 1995թ. էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու շնորհիվ, իսկ ավելի լուրջ կայունություն եղավ 2000-ական թվականներին, երբ Հայաստանում տնտեսությունը սկսեց զարգանալ, որի հետ միասին կամաց-կամաց արտագաղթի տեմպերը թուլացան: Սակայն ամեն ինչ փոխվեց 2007-2008թթ., և կրկին աճեցին արտագաղթի տեմպերը:

«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իր բացասական դերը կատարեց Հայաստանի պրոցեսների վրա, բայց իշխանությունները ճիշտ կողմնորոշվելու փոխարեն, որ ավելի նորմալ պայմաններ ստեղծեին բիզնեսի համար, ճիշտ հակառակ քաղաքականությունը արեցին, հարկային ճնշումներ սկսեցին, և հետևաբար Հայաստանի տնտեսությունը սկսեց փլուզվել»,- ասում է Բոզոյանը,- «Ուզում եմ հիշեցնել, որ 2009թ. Հայաստանի տնտեսական անկումը պաշտոնական տվյալներով 14.4 տոկոս է կազմել, ինչը համաշխարհային ռեյտինգավորման մեջ վերջինից երկրորդ տեղն է, առաջինը Ուկրաինան էր՝ 15 տոկոս:  3 տոկոսի անկումը զարգացած երկրներներում հսկայական ցնցում է առաջացնում, կառավարություններ են փոխվում, ընդվզումներ են լինում, իսկ 14.4 տոկոսը բավականին ծանր և ողբերգական ցուցանիշ է, որը  չէր կարող չազդել բնակչության վրա. եթե տնտեսությունը կրճատվում է՝ աշխատատեղերը կրճատվում են, բնականաբար դրա արդյունքը պիտի լինի ուղղակի աշխատուժի արտահաոսքը երկրից, այն ինչ կատարվում է այսօր»:

Թեև սեզոնային աշխատանքի սկսում են մեկնել մարտ-ապրիլից, սակայն օգոստոսին օդանավակայանում նույնպես կարելի է տեսնել բազմաթիվ արտագնա աշխատանքի մեկնողներ, ինչպես Մարտունու Զոլաքար գյուղից խումբը: Նրանցից մի քանիսը առաջին անգամ են մեկնում աշխատանքի.

Իրինա Դավթյան. արտագաղթի պատճառներն են` աշխատատեղերի բացակայությունը, ցածր վարձատրությունը, բիզնես միջավայրի անբարենպաստ լինելը, մարդիկ չեն տեսնում իրենց երեխաների ապագան այստեղ:

Իրինա Դավթյան. արտագաղթի պատճառներն են` աշխատատեղերի բացակայությունը, ցածր վարձատրությունը, բիզնես միջավայրի անբարենպաստ լինելը, մարդիկ չեն տեսնում իրենց երեխաների ապագան այստեղ:

-Ես զոլաքարցի տղա եմ,  կեթամ իմ նեղության համար, ես տասնխինգ տարի կեթամ Հայաստանից, ամեն տարի,-ասում է մի խոպանչի, ում երեք տղաները իր հետ գնում, իր հետ գալիս են,- Հայաստանից լյուբոյ դուս գալացող տղեն էլ կռնա ապրիլ»:

Էս տարի նա տանում է իր հետ համագյուղացուն, ով առաջին անգամ է գնում խոպան.

«Ես փորձ չունեմ, առաջին տարին եմ գնում,- ասում է առաջին անգամ մեկնող զոլաքարցին,- մեր նեղությունից դուրս գալու համար էթում ենք աշխատելու, կարտոշկով յոլա էինք գնում, էս տարի էլ չստացվեց, ոչ ջրի, ոչ պարարտանյութի, ոչ մի բանի հարցը չի լուծվում, չի հանում ծախսը, ստիպված էթում ենք»:

«Ի՞նչ լիներ, որ չգնայիք»:

«Մեր ղեկավարները պիտի բարելավեին գյուղացու վիճակը, էնպես անեին, որ պարարտանյութի, ջրի, մյուս ծախսերը դուրս գային, որ գյուղացուն էլ մի քիչ օգուտ մնար կարենար ապրեր»:

Սիրվարդ. Մեր փողոցի վրա 16 տան մեջ ընդամենը մեկ տուն կա, որ դրսում մարդ չունի

Սիրվարդ. Մեր փողոցի վրա 16 տան մեջ ընդամենը մեկ տուն կա, որ դրսում մարդ չունի

«Չի կարելի ժխտել, որ արտահոսք կա, անշուշտ դա ահնար է չնկատել,- ասում է Իրինա Դավթյանը,- Եթե նայենք սոցիոլոգիական հետազոտությունները, ապա առաջին պատճառը աշխատատեղերի բացակայությունն է, մյուսը, որ աշխատատեղեր կան, բայց բավարար չի վարձատրությունը, այսինքն էնքան ցածր է, որ մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքները պահել: Հաջորդ գործոնը բիզնես միջավայրի անբարենպաստ ներգործությունն է, բիզնես միջավայրը չի նպաստում, որ մարդիկ կարողանան լիարժեք իրացնել իրենց, և շատերը փորձում են այդ հնարավորությունը իրացնել արտասահմանում: Նաև գործոններից մեկն էլ այն է, որ մարդիկ կան, ովքեր չեն տեսնում իրենց երեխաների ապագան այստեղ: Եվ եթե խոսում ենք չակերտավոր ասած արտագաղթի նվազման մասին, ապա սա այնպիսի համընդհանուր խնդիր է, որ պետությունում իրավիճակը պետք է փոխվի, որ այլևս արտահոսք չլինի, մարդիկ փորձեն ապրել, աշխատել և իրենց երեխաների ապագան կապել Հայաստանի հետ»:

Այդ փոփոխման հեռանկարի փոխարեն նկատվում են Սիրվարդի հարևանների անտղամարդ տները.

«էս մեր թաղամասը էդպես ընտանիք կամ էդպես տուն չկա, որ արտագնա աշխատանքի գնացած չլինեն կամ էնտեղ հիմնական չբնակվեն: Էս մեր փողոցի վրա 16 տուն ա, ու 16 տան մեջ ընդամենը մեկ տուն կա, որ դրսում մարդ չունի, էն էլ՝ ժամանակին մեծ տղան էնտեղ էր»:

Ակնարկը գրվել է համանուն ֆիլմի սցենարի հիման վրա: Լուսանկարները կադրեր են ֆիլմից:

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Ուր է վրացական թեյը. վրացական տնտեսության հինգ ուղղությունները քանդվում են «Փախստականները». Լավ կյանքի գինը հայրենիքի մասին սուտն է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: