Լեռ Կամսար. Ինչպես «զտեցին» Հայաստանի միակ անկախ գրողին

07.11.2012 at 10:24 Оставьте комментарий

«Էն տարիներին էդպիսի գրողին նոբելյան էին տալիս»,-ասեց Միսակը:

Լեռ Կամսարը նույնիսկ բախտ չունեցավ իր կենդանության օրոք տպագրվել արտասահմանում, Բոստոնից եկած լրագրող Սիմոն Կյուլոյին, ով վերցրել էր Լեռ Կամսարի ձեռագրերը դուրս տանելու համար, 1961թ.  ԿԳԲ-ն Արմենիա հյուրանոցում սպանում է (այդ մասին  այստեղ՝ Հետքում):

Բոլոր հայ գրողները՝ և ստալինյան ժամանակների բռնադատվածները և նրանք ովքեր շրջանցեցին ռեպրեսիաները, բոլոր-բոլորը այս կամ այն չափով մեկը վախից, մյուսը համոզմունքով, էն մյուսը կարիերայի համար, տուրք են տվել Սովետական գաղափարախոսությանը՝  փառաբանել մարքս-լենինիզմը կամ նրա առաջնորդներին՝ գրական գործերում կամ ելույթներում գովերգել հեղափոխությունը ու նրա նվաճումները: Եվ միայն մեկն է եղել, ով մնացել է մինչև կյանքի վերջ անկախ, երբեք չի գովերգել Սովետը, հակառակը՝ իր անկախության շնորհիվ  մշտապես սրամտության հեղեղով ծաղրել  Սովետական միությունն  ու նրա լիդերնեին. այդ մեկը՝ Լեռ Կամսարն է:

Միանգամից համեմտում ես հայ մյուս երգիծաբանների՝ Օտյանի և Պարոնյանի հետ. ամենաաչքի ընկնող տարբերությունն այն է, որ Կամսարի ծաղրի առարկան մեզ շատ ավելի մոտ ժամանակներն են, և ծաղրվում են մարդիկ որոնց ժամանակակիցն ես եղել:

Եթե երբևէ որևէ մեկի մտքով անցնի երևանում անկախ մարդու՝ գրողի խորհրդանիշ դնել, դա կարող է լինել միայն Լեռ Կամսարի արձանը:

Կամսարից մնացած բազմաթիվ անտիպներ Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը պարբերաբար տպագրում է մամուլում, նաև հրատարակել է երկու գիրք, բայց ինչպես իսկական անկախ գրող, Կամսարն ունի ձեռագրեր, որոնք հրաժարվել են տպել հայաստանյան մամուլում:

Դրանցից երկուսը նականերն են, ուր նկարագրվում է թե  ինչպես Չարենցի նախաձեռնությամբ Լեռ Կամսարին հեռացնում են «Պետհրատից», իսկ մի նակաում բացահայտվում է նաև Չարենցի սեռական կողմնորոշումը:

Լեռ Կամսարին ի վերջո զտում են՝ հեռացնում աշխատանքից, իսկ 1935թ. աքսորում, քսան տարի անց 1955թ. վերադառնում է:

«Աշխարհից նեղացած էր, ոչ մեկի հետ չէր շփվում, մի թթենի կար բակում, ընկերություն էր անում միայն թթենու հետ»,-հիշում է Վանուհին: Միակ գրողը՝ Շիրազն էր, որ երբեմն այցելում էր Կամսարին, իսկ մահից հետո ավելի հաճախ էր գալիս նրանց տուն:

«Ես երկու անգամ պղծել եմ գրիչս, իսկ էս մարդը երբեք չի պղծել»,-հիշում է Շիրազի խոսքը Վանուհին:

Այս տեքստերը՝ երկու նամակները  հրապարակվել են 2009-ին  Մարտի 8-ի Փարիզի «Յառաջ»-ում:

Մի զտման պատմություն

 

ՀՍԽՀ Բանգյուղտեսչությանը կից հանրապետական հանձնաժողովին

Պատճեն` Կենտկոմին
Պատճեն` Պատմությանը

Գեղեցիկ սովորություն

Դատարաններում մեղադրյալին բեմ հանելիս հարցնում են սովորաբար.
— Դատարանի կազմի դեմ առարկություն ունե՞ս։
Գեղեցիկ սովորություն է սա, որը սակայն չկիրառվեց դատավարությանը այնքան նմանող իմ զտման ժամանակ։ Այս սովորությունը կիրառվում է բոլոր ժամանակների օրենքներում, այն պատճառով, որովհետև Քրիստոսի ծննդյան թվականից այս կողմը ընդունված չէ առհասարակ, որ իր աչքի մեջ գերան ունեցող դատավորն ուրիշի աչքից շյուղ հանելու իրավունք ունենա։
Այժմ երկու խոսք դատավորներիս մասին։

Ս Ի Մ Ա Կ

Կարո՞ղ է նախագահ լինել մի մարդ, երբ չգիտե թե ժողովի մեջ բոլորը հավասար իրավունքներ են վայելում, երբ խնդիրը անհատական վիրավորանքին է գալիս, և չի կարելի Ակսել Բակունցին գլխի վրա դնել, իսկ Լեռ Կամսարին ոտքի տակ։
Ինչպե՞ս կարող եմ ես` 43 տարու «մանուկս», ինձ «դաստիարակ» ընդունել մի մարդու, որը կյանքում ծնրադրել է բոլոր աստվածներին և դեռ զառամած չլինելով, մի երկու աստված երկրպագելու էլ ժամանակ ունի։
Չասե՞մ իրեն հապա, որ մահվան դատապարտված հանցավորին անգամ, պարանը վիզը անցկացնելիս, չեն հայհոյում։
Որտեղի՞ց վերցրեց նախագահ Սիմակը իր ապլոմբը, գուցե նրանից, որ նա կուսակցական է, մանկագիր ու դասագրքերում սոցիալիզմ է շինում մանուկների համար։
Եթե այստեղ տեղը լիներ ու շեղումից չվախենայի, ես ցույց կտայի, որ մանկագիր Սիմակի տիկնիկային մոտեցումը դեպի սոցիալիզմի կառուցումը ոչ թե սոցիալիստական շինարարություն , այլ սոցիալիստական քանդարարություն է։
Ես ցույց կտայի, որ նրա թխածո, մտացածին հերոսներից ոչ մեկը չի ծնվում արգանդից, որ նրա նյութերը դասագրքերում անբեղուն ձվեր են ինկուբատորում շարված, որ նա սոցիալիզմը կառուցելու դժվարությունները հոգեբանորեն մանկացնելու կարողությունից իսպառ զուրկ լինելով, մոլորեցնում է լոկ մանկան, այդ շինարարությունը գզած բամբակի մեջ գլորվելու չափ հեշտ պատկերացնելով նրան։

Չ Ա Ր Ե Ն Ց

Իմ երկրորդ դատավոր Չարենցն այսպես սկսեց.
— Նոր գալով, թեև ես չլսեցի, թե ինչ խոսեց Լեռ Կամսարը, բայց հայտնի է, թե ինչ պիտի խոսած լինի…
Հետո էլ վերջացնելով «իր խոսքն» ասաց.
— Ես առաջարկում եմ զրկել Լեռ Կամսարին վերջին խոսքից, որովհետև հայտնի է, թե ինչ պիտի խոսի…
Եվ հարգվեց առաջարկը։ Նախագահ Սիմակը ինձ զրկելով վերջին ձայնից, փրկեց Չարենցին, և նրա հարձակման ստոր շարժառիթները ծածկված մնացին հասարակությունից, որը սակայն երկու խոսքով կուզեմ պարզել այստեղ։
Առաջին անգամ ես Չարենցին պատահեցի 19-ը թվին փողոցում։ Նա շատ հարգալից մոտեցավ ինձ և խնդրեց ծանոթանալ։ Ծանոթացա։ Երկուսս էլ հայ գրողների ընկերության անդամ էինք, ու հետզհետե այնքան մտերմացանք, որ նա իր կոմունիստ լինելու գաղտնիքը չթաքցրեց ինձանից, և այդ այն ժամանակ, երբ դաշնակները որսկանի հոտառությամբ բոլշևիկ էին որոնում։ Այդ թվականին նա ընկերաբար խորհուրդ էր տալիս վերջ տալ մանր լրագրական ֆելիետոններիս և սկսել «Դոն Քիշոտի» նման մի խոշոր երկ գրել դաշնակցական խմբապետների կյանքից։
Այստեղ էլ կտրում եմ պատմությանս թելը` մի երկու հարցում տալու Չարենցին։
— Այդ ինչպե՞ս պատահեց, որ 12 տարի առաջ ինձ Սերվանտեսի տաղանդ էր վերագրում (Սերվանտես, որի կոշիկի փոկերն իսկ արձակելու արժանի չէի ես), իսկ հիմա ի զարմանս իմ, հանկարծ «վարձու գրչակ» է համարում։
Երկրորդ` կարելի՞ է վարձու կամ ծախու գրչակ անվանել ինձ, առանց ամբաստանած լինելու խորհրդային կառավարությանը, չէ՞ որ 21 թվից սկսած ես բացառապես գրել եմ խորհրդային մամուլում։ Գրիչ գնելը ավելի պակաս հանցանք է, քան գրիչ վաճառելը։
Երրորդ` եթե զտմանս ժամանակ բեմ դուրս եկա «որոշ կազմակերպված դաշնակցական իդեոլոգիայով», ինչո՞ւ էր դաշնակցական իշխանության ժամանակ առաջարկում ինձ «Դոն Քիշոտ» գրել դաշնակցականների մասին։ Իսկ այն, որ պատասխանատուի աշխատավարձ ստացող և դասագրքային ու զանազան այլ ձեռնտու կապալներից կլորիկ գումարներ վաստակող Չարենցը միացած Սիմակի հետ, ինձ մեղադրում էին «գռփողականության» մեջ, այդ արդեն տանելու բան չէ ու ես չեմ կարող չպոռալ.
— Ի՞նչ է սա, այսօր բոլոր ուղտ կլանողները մժղուկ քամելու են հավաքվել։
Բայց ինչո՛ւ, այս բոլորն ինչո՛ւ։
— Որովհետև գրավոր պարսավել եմ նրան, որպես «թուքի», «խլինքի» և «մեզի»[1] երգիչ և բանավոր վռնդել «դեն եմ թքել» նրա անձնական ծանոթությունը, որպես բարոյապես անարժեք մարդու։

Ա Կ Ս Ե Լ

Միակն իմ մեղադրողներից, որ քիչ թե շատ կոռեկտ պահեց իրեն` Ակսել Բակունցն էր։ Բայց սա էլ օձիքես պինդ բռնած ուզում էր, որ ես անպայման մի աշխարհայացք ունենամ։ Ինչքան ասացի, թե չունեմ այդպիսին` ձեռքից չազատվեցի։ Ես էլ ստիպված, ինքզինքս անհատապաշտ հայտարարեցի։ Հայտարարեցի և մտածեցի` ծո անհատն ինչ է, որ մարդ նրան պաշտի։ Չէ որ ամառ ժամանակ երեք օրվա մեռած անհատին մոտենալիս, պետք է թաշկինակը սեղմել քթին։ Եվ միթե գրողին այդքան հարկավոր է այդ «աշխարհայացք» կոչված բանը։ Կամ կարելի՞ է աշխարհայացք ունենալ, առանց ճանաչելու, թե ինչ է «աշխարհը»։ Ճիշտ է, այս բոլոր պրոլետ գրողները, լցված ատրճանակի նման «աշխարհայացքը» պատրաստ-կապած ման կուգան, բայց չտեսա մի օր, որ այդ աշխարհայացքը իրենց գրվածքների մեջ կրակեին։
Օրինակ, ինչ աշխարհայացք կա Ակսելի այն գրվածքների մեջ, ուր Մթնաձորի արջերը «թոնթորալով» ման կուգան օրնիբուն։
Չարենցն աշխարհայացք ունի՞։ Ոչ, իհարկե։ Նրա գլուխգործոցը «Ամբոխները խելագարվածն» է։ Եվ ինչ։ Նա 12 տարի առաջ ինչ հաջողությամբ, որ ամբոխները խելագարացրեց, նույն հաջողությամբ չկարողացավ հետագայում խելքի բերել նրանց և սոցիալիստական շինարարությանը լծել, ու բոլորը կատարվեցին իր գրվածքներից դուրս։

Արարողությունը

«Զտումը», սակայն, սաստիկ նմանեցավ Հիսուսի դատավարությանը։
Նախագահ Սիմակը 100 տոկոսով Կայիափա քահանայապետն էր։ «Խաչ հան զդա» պոռացող փարիսեցիներն իրենց տեղերում կազմ պատրաստ։ Մեկը դրանցից մինչևիսկ պոռաց. «Պետք է ոչնչացնել նրան» (այսինքն` ինձ) և գրավել նրա ունեցվածքը («Ի վերա պատմուճանաս վիճակս արկանեին»)։
Քրիստոսի Կայիափան ուզեցավ անպայման նրան «թագավոր» դուրս բերել, իմ Կայիափան ինձ «աղա» դուրս բերավ, Թովմաղյան կանչելու տեղ Թովամա- աղայան կանչելով։
Միայն ես իսկական Քրիստոսը չէի, ճիշտ է, իմ «թագավորությունն» էլ նրա պես այս աշխարհից չէր, բայց ես նրա պես հեզ և անհիշաչար չէի։
Երբ բեմ ելնելուս, դեռ բերանս չբացած, իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արված է արդեն նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն։ Այս տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման։ Այդ րոպեին իմ գերագույն նպատակն էր երևալ Սիմակին այնպես, ինչպես չէր ուզենար տեսնել ինձ, ասել այն` ինչ չէր կամենա լսել ինձանից, որպեսզի ցույց տամ դրանով, թե նա դեռ որքան փոքր է դաստիարակ լինելու համար։ Այնտեղ, բեմ հանելով ինձ, ընթացիկ բոլոր հակահեղափոխական դավանանքներով զարդարեցին։ Միայն լոմինտ ձևականության մեջ, կարծեմ մոռացան մեղադրել։ Սակայն մի փոքր հմուտ դերձակը կնկատեր անմիջապես, որ այս «գատովի» մեղադրանքներից ոչ մեկը վրաս չէր «նստում»։ Որովհետև ես սովորություն չունեմ ոչ «գատովի» հանցանք գործելու, ոչ էլ «գատովի» գաղափար դավանելու։ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, և որպես այդպիսին, ոչ միայն «խորհրդային բեմը չեմ օգտագործում այդ քարոզելու» այլ այդ սկզբունքները մի օրով իսկ փոխ չեմ տալիս ուրիշին դավանելու համար։
Այնտեղ մեկը մինչևիսկ «ուռճացած տնտեսատեր» հայտարարեց ինձ, ի նկատի ունենալով, որ խորհրդային կարգերին կատարելապես «թշնամի» լինելու համար անհրաժեշտ է նաև այդ հանցանքը, ու չնայած նրան, որ հայտարարեցի, թե այո, ճիշտ է, ունեի 40 փեթակից մի մեղվանոց, որը միայն վնաս էր տալիս, որի կեսը այս տարի անտերությունից փչացավ, որը սա երկրորդ տարին է հանձնել եմ Էջմիածնի որբ եղբորս որդուն, որ տարեկան տալիս է միայն 2 փութ մեղր, որի դիմաց անցյալ տարի 200 ռուբլի հարկ վճարեցի ու թե այս տարի ինչքան պիտի տամ, այն էլ Աստված գիտե, մի մեղվանոց, որից սաստիկ ցանկացել եմ ազատվել, բայց ոչ ոք չի մոտեցել` արկղերի փտած ու ծակծկված լինելու պատճառով, մեղվանոց, որ միայն գլխացավանք է բերել ինձ և ոչ շահ` չեղավ։ Չնայած նրան, որ հայտարարեցի, թե խարխուլ տունս ըստ ձևի է միայն իմս, որ Գավգործկոմինն է ըստ էության, և կանգուն մնալու համար դեռ իմ սուղ միջոցներից է խլում, փոխանակ օգուտ տալու` չեղավ։ Էլի շարունակեցին ինձ տնտեսատեր համարել ու չիմացա ինչ լեզվով խոսել, որ նրանց հասկացնեի, թե մենք 6 անձ ընտանիք, բացառապես ապրում ենք իմ ստացած 190 ռուբլի ռոճիկով։
Եվ վերջապես, տնտեսությունս ստուգելը խոմ մետաֆիզիկական մի բարդ խնդիր չէ, չէ որ երկու հոգուց բաղկացած մի բրիգադ տեղն ու տեղը կպարզի հարցը, եթե, իհարկե, ցանկալի է ընդհանրապես, որ ես այդ խնդրում իրավացի լինեմ։

ՈՎ ԵՄ ԵՍ

Առանց դավանանքի մի մարդ։
Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։
Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։
Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։
Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։
Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։
Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։
Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։
Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։
Մարդն ինձ համար դեռ մնում է նախկին մարդակերը։ Վայրենի մարդը մորթում էր իր գերուն և ուտում էր նրա միսը, որը 5 փութ կարող էր կշռել։ Արդի ընտանի մարդը հավաքում է 10000 մարդ իր գործարանում և նրանց աշխատանքը շահագործելով, գնում է մեկ հոտ ոչխար, որն ունի ոչ թե հինգ, այլ հինգ հազար փութ միս։
Ձևերը փոխվել են, էությունը մնացել է նույնը։
Իմ կոդեքսի մեջ գերագույն պատժի արժանի են ու գնդակահարում են միայն այն մարդկանց, որոնք կեղծում են ու թաքցնում իրենց դավանանքը։
Ես «ցինիկ անկեղծությամբ» (ինչպես որակեց Չարենցը) բաց կանեմ ամեն անցորդին իմ ներսը։ Ամոթալի է` ինձ ինչ, գովելի է` ինձ ինչ։ Խոմ ես չեմ ստեղծել։ Խնձորենին կարող է մտածել դերասանի իրավունքով մի տարի էլ խնձորի փոխարեն սերկևիլ տալ։
Մարդիկ սովորաբար 40-ից դենը գաղափարի պատվաստ չեն բռնում։
Ամեն անգամ, երբ փողոցում տեսնում եմ Քաջազնունուն, Ղազարյանին կամ այդ «ականավորներից» մեկն ու մեկին, որոնք Հայաստան եկած սոցիալիզմին են հարել, «պերեդելկա» արված շրջազգեստի եմ նմանեցնում մտովի, որոնց, սակայն, դաշնակցությունը 40 տարի հագավ ու որոնց հին կարի տեղերը դերձակի աշակերտն անգամ կարող է նկատել հիմա։ Այդ մետամորֆոզը կատարվելու էր առնվազն 12 տարի առաջ, երբ կումունիստները հալածվում էին իրենց իսկ ձեռքով։ Այն ժամանկ գործը գաղափարի հետ կլիներ միայն և ես, գլխարկս հանած, ծունկի կգայի այդ գաղափարի մարդոց առաջ։ Իսկ հիմա գործի մեջ խառնվել է պաշտոն, ռոճիկ, սենյակ իր հարմարություններով և, վերջապես, Հայաստան (թեկուզ խորհրդային)։ Դե արի ու ջոկիր, թե ուր է սկսվում գաղափարականը և ուր վերջանում անհատական-նյութականը այս մարդկանց։
Ինչպես Շվեյցարիան գեղեցիկ է, որովհետև այլազան կեղև ունի, այնպես էլ մարդկությունն է գեղեցիկ, երբ ունի գաղափարի, համոզումի, կարծիքի և ճաշակի այլազանություն։
Քաղաքական կյանքով ապրող բոլոր մարկանց մի կուսակցություն` չափազանց քիչ է, բնական չէ ու չի կարող լինել։ Կոմկուսակցության պրակտիկան հենց ապացուցում է այդ։
Ո՞ւր է կուսակցության «հին գվարդիան»։ Չկա։ Նրանք «թեքվեցին», նրանց հաջորդներն էլ են թեքված, հաջորդների հաջորդներն էլ, ու ոչ մի երաշխիք, որ թեքումների այս պրոցեսը կանգ կառնի մի օր։ Իսկ այդ թեքումները ոչ այլ ինչ են, եթե ոչ կուսակցություններ, այո, սոցիալիստական, սակայն տարբեր կուսակցություններ։ Կոմունիստներից զատ կան և այլ սոցիալիստական կուսակցություններ, մինչևիսկ դաշնակցությունն էլ իր «կովկասյան նախագծում» ուներ սոցիալիստական մաս, որը, սակայն, 6-րդ անզարգացած մատի նման կպած էր նրանց «ծրագրին» անգործածելի։
Բերում եմ հետևյալ օրինակը, ցույց տալու, որ ինչ որ բնական է` դժվար է թեքել։
Միջնադարյան մի կրոնավոր իր նորածին զավակը սեռական կյանքից` աշխարհի այդ ամենագայթակղիչ զգացմունքից, զերծ պահելու համար, լեռ բարձացրեց ճգնական կյանքով ապրեցնելու։ Տղան մինչև 17 տարեկան կին չտեսավ ու չգիտեր ինչ բան է կինը։ Մի օր, սակայն, հեռու սարի գլխից տեսավ կանացի մի բազմություն, մոտակա վանքը ուխտի կերթար։
— Պապա~, պապա~ ինչ բան են սրանք,- պոռաց տղան։
— Սրա՞նք, սրանք… ը~ըը… սրանք սագեր են, զավակս… այո, մի տեսակ սագեր…
— Սագե՞ր։ Օհ, ինչ լավ սագեր են, պապա, մի հատ առ ինձ համար,- աղերսում էր որդին…
Սրանով կամենում եմ ասել, անունը կուզեք «թեքում» դրեք, կուզեք «կուսակցություն»` տարակարծությունը բնական է ու անհեղելի։
Թեև չմոռանամ ասել նաև այն, որ այս կամ այն կուսակցության պատկանելու համար միշտ խելք, համոզմունք և նման բնական գործոններ դեր չեն խաղում` մանավանդ անչափահասների մեջ։ Շատերի կանայք կուսակցական են միայն նրա համար, որովհետև ամուսինները կուսակցական են։
1904 թվի Սասունի կռիվներին, ես ճեմարանում փոքրիկ աշակերտ էի։ Էջմիածնից, լազի շորեր հագած զինվորներ, գնում էին Սասուն Անդրանիկին օգնելու։ Նրանք վանքի անտառում հաղորդվում էին, մի բաժակ գինի խմում, լեգզինկա պարում և ճամփա էին ընկնում։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողնում նրանց հագի վարը նեղ, հետույքն ուռած լազի շալվարները։ Իմ կարծիքով, այդպիսի հետույք ունեցող զինվորը անպարտելի մի բան էր, և եթե մի փոքր էլ մեծ լինեին շալվարի այդ ուռուցքները` չեմ կարող երաշխավորել, որ ես այժմ դաշնակցական չէի։
Հետագայում, իհարկե, հայ-թուրքական ընդհարմանը, շատ էլ չափսոսացի, որ դաշնակցական չէի դարձել։
Ճեմարանում գիշերելու եկավ 17 հոգուց բաղկացած հնչակյան մի խումբ, որոնց սպիտակ չուլ փափախները և ձեռների միատեսակ սվինավոր մոսինները նախկին «համուզումները» միանգամից սրբեցին-տարան…
Ես վերջացրի իմ աշխարհայացքի մասին։
Չգիտեմ հետադիմական են մտքերս, թե առաջադիմական, սակայն գիտեմ, որ իմ մտքերն են։
Համապատասխանում են որևէ գիտական վարդապետության, ունե՞ն ստանդարտ կառուցվածք, մտնում են որևէ քաղաքացիություն ստացած «իզմի» մեջ` չգիտեմ։ Իմ մտքերով «թշնամի՞» եմ խորհրդային կառավարությանը, բարիկադի «այս» կողմն եմ արդյոք, թե «այն», դարձյալ չգիտեմ ու հարցնում եմ։
Ի՞նչ է նշանակում «թշնամի»։
Ամբողջ տասը տարի երեք ոխերիմների` աստծո, դաշնակցության և ապարատի բյուրոկրատիզմի դեմ կռվող մի մարդ, եթե կարող է ձեզ թշնամի լինել` ուրեմն ճի՛շտ որ ես ձեզ թշնամի եմ։
Եթե ես` հեթանոս «անբանդերոլ» գրողս, ընդհանուր հաշվում ավելի օգտակար չեմ եղել ձեր կուսակցությանը, քան այլ մի կարգ «բանդերոլավորներ», որոնք անբեղուն հավի նման միայն կչկչում են բեմերում, միայն աղմկում ու թափահարում թևերը, անկարող մի ձու դնելու մեր գրական պնակում` թշնամի եմ։
Եվ դատողություն։
Մի՞թե թշնամին կարող է «ցինիկորեն անկեղծ» լինել իրենից ֆիզիկապես ուժեղ թշնամու առաջ։
Ո՛չ, չի կարող։
«Ցինիկորեն անկեղծ» լինում են միմիայն բարեկամի, միմիայն մտերիմների հետ։
Հին ժամանակ «ցինիկորեն անկեղծ» էին հավատացյալներն իրենց խոստովանահոր առաջ չոքած, եկեղեցու մեջ։
Ճիշտ է, շնորհիվ իմ անդիսցիպլին մտածելակերպի, անկարող եմ ձեր կուսակցության շարքերում սոցիալիզմ կառուցել, բայց շատ հաջող և շատ վարպետ կարող եմ հրապարակը մաքրել, պատրաստել այն շինարարության, պեղել հիմքի տեղերը թշնամի խութերից և, վերջապես, քանդել հինը։ Քանդելը հեշտ բան չիմանաք։ Գավգործկոմը Երևանի Ռուսաց եկեղեցին քանդելու վրա 40 հազար ծախսեց և ինչքան նեղությամբ։ Բոլոր շարադրողները գիտեն, որ գտնել գրվածքի ավելորդաբանություններն և իմաստուն ձևով սղելը նույնքան արժեքավոր է, ինչքան նորը գրելը։
1921 թվին, արձագանքելով «Խորհրդային Հայաստանի» կոչին, իմ ոտքով Թավրիզից Հայաստան եկա, համաձայնվեցինք ժամանակի ղեկավարության հետ և աշխատակցության անցա։ Եթե ղեկավարությունն այն օրն ասեր ինձ, թե 10 տարի հետո բարիկադի վրա պիտի բարձրանաս` ես եկած ճամփովս ետ կերթայի։
Ես ի՞նչ բարիկադի մարդ եմ։ Ո՞ւմ դեմ կռվեմ, կամ կռվելիս եթե հանկարծ հաղթեցի` ինձ հարկավոր է 2 սենյակ, մի խոհանոց և 40 մետր պարտեզ, որ արդեն Քաղխորհուրդը խոստացել է տալ ինձ առանց կռվի։
Սրանից դուրս, եթե մի օր վիճակվեր ինձ հաջող պարել Հերովդեսի առաջ և նա ասեր «խնդրիր, ինչ որ կուզես»-ը` ինչիս է պետք «Հովհաննես Մկրտչի գլուխը այս սկուտեղի վրա»։ Ես կուզեմ իմ գլուխն իմ ուսերի վրա։ Մի գլուխ, որով ինչ ուզեմ` այն մտածեմ, ինչ ցանկամ` այն դավանեմ։
Ահա իմ ողջ «իմպերիալիզմը»։ Մի իմպերիալիզմ, որի համար իսպառ ավելորդ է սուրը հանել պատյանից։ Ինչքան էլ անհավասար բաժանվի, ամեն մարդու 2 սենյակ, մի խոհանոց և մի գլուխ միշտ կհասնի կարծում եմ։

Ուղղում` մինչև սխալվելը

Խոսելով իմ մասին, ասացի, որ դավանանք չունեմ։ Բայց մի՞թե հնարավոր է այդ։ Ոչ, իհարկե։
Անկուսակցական, անդավանաք եղողի գլխում տորիչելյան դատարկություն պիտի լինի անպատճառ։
Ինձ թվում է` նա, ով ասում է` ոչ մի դավանաք չունեմ, ուզում է ասել, որ բոլոր դավանանքները միասին ունեմ։ Անկուսակցականին ամենայն իրավամբ պան-կուսակցական կարելի է անվանել։
Մեկ կուսակցության պատկանողը, կամ մի դավանանք ունեցողը նման է այն ամուսնացող երիտասարդին, որը քահանայի առաջ խոստանում է իր դավանանքի հետ «մեկ բարձի ծերանալ», քոռ լինի, քաչալ լինի` տեր լինել։
Անկուսակցականը ոչ մի կողակցի հետ ուխտ չունի կապած։ «Աչքը դուրս» տղամարդու նման ման է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրա։
Ես այդ կողմից կատարյալ Դոն Ժուան եմ։ Գեղեցիկ գաղափար տեսնելուն պես` «անմիջապես նրա ձեռքը կխնդրեմ»։
Եթե այս այսպես է, ըստ իմ տեսության, ուրեմն, իմ դեգերումներում ունեցել եմ նաև կոմունիստական թեքո՞ւմ։
Այո, ճարտարապետության հարցում ես մոտեցա կոմկուսակցությանը իր ժամանակին։ Արամայիս Երզնկյանը ծաղրեց ինձ Ջիվանի բառերով ու «աքլոր» անվանեց։ Ես պատասխան գրեցի` թերթը չտպեց։ Մտածեցի, եթե թերթը մոնոպոլ է մի մարդուն միայն, չարժե զբաղվել այդ խնդրով։
Երզնկյանն իր այդ գրվածքում ուզում էր ասել` տեսեք, բանն ո՞ւր է հասել, որ Լեռ Կամսարն անգամ սոցիալիստ է դարձել։ Մի մարդ, որ իրավունք չունի այդ անելու։
«Զտմանս» ժամանակ Չարենցն էլ անդրադարձավ ճարտարապետության մասին գրված իմ ֆելիետոնին և հայտարարեց, որ կեղծ է` մոռանալով սակայն, որ ես «ցինիկորեն անկեղծ» եմ։

Պատժի էվոլյուցիան

Ահա այն բոլորն, ինչ կարող եմ ասել իմ մասին։
Այժմ ես ու Սիմակը կանգնած ենք հանձնաժողովի առաջ։ Մեր մեջ վեճ կա։ Ըստ իմ այս տասը տարվա խորհրդային մամուլին մատուցածս ծառայության համար ես արժանի եմ ոչ թե պատժի, այլ վարձատրության։ Ըստ նրա` գործազրկության, հետևաբար` սովամահության։
Բայց դուք սա նայեցեք, թե օրենքները որքան են փոխվել Ադամի ժամանակներից։
Աստված իբրև գերագույն պատիժ Ադամին տվեց իր ճակատի քրտինքով աշխատելու և ապրելու պատիժը, այսօր այդ պատիժը պարգև է արդեն, որից զրկում է ինձ Սիմակը, չասելով սակայն, ինչո՞վ պիտի ապրեմ, դուրս գալով դրախտից։
Եթե խնդիրը ինձ, կնոջս և 90-ամյա մորս վերաբերվեր` ոչինչ, ես կօգտվեի «Սոկրատեսի բաժակից» առանց ամենայն ափսոսանքի։ Մահը «գերագույն պատիժ» է միայն նրանց համար, որոնց կյանքը «գերագույն հաճույք» է եղել։ Ծերունի մորս կհրամայեի արագացնել քայլերը, մի բան էլ կինս կաներ։ Բայց բանը նրանում է, որ ես միակ կերակրողն եմ երեք փոքրիկների, որոնցից մեծը միայն վեց տարեկան է, և որոնք տանը նստած ողջ օրը «Լենին պապի» են մեծարում և «Տրակտոր ջան» երգում։ Մեկը նրանցից մինչևիսկ ասում է. «Տրակտորը գյուղ մտավ` փայտե արորը կորավ»։
Սրա՞նց հետ ինչ պիտի անել։

Արագիլի իրավունքով

«Անսուրբ» թռչուններից անգղն ու արագիլը տրադիցիոն կարգով առանձին իրավունքներ են վայելում, և մարդը հանդուրժում է նրանց գոյությունը։ Այդ թռչունները կարծես օտար հյուպատոսներ լինեն մարդկանց երկրում։ Արագիլին սպանելն անգամ մեղք է համարվում, և այդ անճոռնի թռչունը, որը ոչ համեղ միս ունի, ոչ անուշ ձայն, շինում է իր բույնը մարդկանց տան կտուրին կամ նրանց բակի բարդու ծայրին արձակ համարձակ, անգամ մտերմաբար։ Ինչո՞ւ։
Որովհետև արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին` կռկռան գորտին, օձին և այլ թունավոր մորեխների։
Բան է, եթե Հանրապետական հանձնաժողովը գտնի, որ ես իրավունք ունեմ ապրել, թող գրի, որ թույլատրվում է ինձ ապրել այս երկրում արագիլի իրավունքով, իբրև մեկը, որը տասը տարի կտցահարել է խորհրդային կարգերի երեք թշնամիներին։
Այո, ոչ ավել, ոչ պակաս։
Արագիլի իրավունքով…
Խորին հարգանքով մնամ`
Պետհրատի վարչության 1931թ. հոկտեմբերի 15-ի
նո. 189 հրամանով պաշտոնից արձակված
«առաջին կարգով զտված» սրբագրիչ`
ԱՐԱՄ ԹՈՎՄԱՂՅԱՆ
կամ ինչպես թերթում հայտարարված էր փակագծի մեջ
(ԼԵՌ ԿԱՄՍԱՐ)

27-ը հոկտեմբերի, 1931թ.
Երևան

ՀՍՍՌ հանրապետական դատախազության քննիչին` 1935 թվի իմ բանտարկության առթիվ ինձ առաջադրված մեղադրանքների մասին (հատված)

Իմ զտումը Չարենցի իմ դեմ պատրաստած մեքենայությունների արդյունք էր։
Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ փոխադարձաբար գնահատում էինք իրար ու հարգում։
Այդ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակությունները։ Իսկ այն օրվանից, երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզվով խոսել եւ սրա- նրա վրա կրակել, հետո բանտարկվել` ես թողի նրա բարեկամությունը եւ մի ֆելիետոն գրեցի նրա մասին, որի պատճառով թշնամացանք, եւ նա ձեռքի տակի բոլոր միջոցներով աշխատեց իր վրեժը լուծել ինձանից։
Իմ զտումը կազմակերպեց եւ ինքը անձամբ դուրս գալով բազմամարդ դահլիճում, փրփուրը բերանին ինձ վրա հարձակվեց, անվանելով ինձ «դաշնակցական», «ողորմելի գրչակ» եւ այլն, ու դրա հետ մեկտեղ հայհոյանքի այնպիսի տարափ, որ ոչ մի պատվավոր հավաքույթի պատիվ բերել չէր կարող, եւ վերջում էլ նախագահողին հրամայեց զրկել ինձ վերջին խոսքից, պաշտպանվելու իմ անկապտելի իրավունքից։
Ահա ձեզ մի տաղանդավոր բանաստեղծ, որ իմ նկատմամբ դարձավ տաղանդավոր զրպարտող։
Լեռ Կամսար
02.05. 1955թ.


[1] Չակերտներում գրված բոլոր բառերը Չարենցի  «Ռոմանս անսեր»-ից են: Լեռ Կամսարը 1923թ. ֆելետոն է գրել՝«Իշաբար շարված ողորմի» վերնագրով Չարենցի «Ռոմանս անսերի» վերաբերյալ։ Կամսարը վստահ էր, որ այս զտումը նախաձեռնելով Չարենցը վրեժ էր լուծում Լեռ Կամսարից: Վանուհի Թովմասյանը գրում է, որ այդ մասին իրեն ասել է նաև Ստեփան Կուրտիկյանը. «Նոր էի հայրենադարձվել, մի երիտասարդ տղեկ էի, ում, առանց աչքը թարթելու, կվերացնեին։ Բա՜, այսպիսի գարշանքի մեջ էինք ապրում, աղջի՛կս։ Ես մասնակիցն եմ եղել երգիծաբանի ամոթալի, սարքովի «զտում»-դատավարությանը։ Հիմա սրանով ո՛չ ապրել եմ կարողանում, ո՛չ մեռնել։
Չարենցը չէր կարողանում ներել պապիդ գրած մեկ ֆելիետոնը իր մասին։ Հավաքելով գրողներին եւ մեզ`երիտասարդ աշխատակիցներիս՝ ասաց.
— Շատ է լեզուն երկարացրել էդ … խեղկատակը, չափը չի ճանաչում, դասեր է տալիս ողորմելի գրչակը, էն էլ ո՞ւմ, ինձ, պատկերացնո՞ւմ եք, ինձ` Չարենցիս, ես դրա… Կջնջեմ, փոշի կսարքեմ քեզ, ընկե՛ր Լեռ Կամսար…Էնպես ոչնչացնեմ քեզ, որ հետքդ անգամ չմնա աշխարհիս երեսին։ Չարենցի վրա կկոտրվի քո օձի ատամը, несщастныи клоун, խաղ ես անում ինձ հետ, վիժվածք։
Հաջորդ օրը կայացավ մի եղկելի դատավարություն, որի լուռ մասնակիցն էի ես»։

Реклама

Entry filed under: խոհ.

Ո՞ւր է մեր պատասխանը. եթե Ղարաբաղը չես ճանաչում, եվրասիադ մոռացի Ինչի՞ համար էր անկախությունը. մի վերացած համայնքի պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Սարոջինի Սահու. Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է... fb.me/BErVSE8g 10 hours ago
  • Սարոջինի Սահու. Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է... fb.me/2skQ6hU0p 10 hours ago
  • Հայաստանը գնում է ստորագրելու եվրոասոցացման պայմանագիրը շատ պարզ պատճառով՝ որ եվրոպայից փող ստանա՝ վարկերի ու... fb.me/7JkjrxB7t 3 days ago
  • Անի Յավրենց. Հեռացողներից սեր չեն մուրում,որովհետև իրենց ընտրությունն իրենց փոխարեն են արել: Հեռացողներին՝ ետևից... fb.me/18V11mRYz 3 days ago
  • fb.me/8A52aZ5xZ 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: