«Էս ո՞ր երկրում ենք ապրում». աստղի մահը անհայտ է մնացել

24.01.2013 at 00:30 1 комментарий

totik

լուս. Կարեն Միրզոյանի

-Ներեցեք Վահա՞նն է:

-Այո՞:

-Վահան, ինձ կհիշե՞ք, Անուշն եմ, Տոտիկի կինը:

-Վայ, Անուշ ջան, ոնց չեմ հիշում:

Վաղուց լուր չունեի, երևի Տոտիկին մի բան է պատահել:

-Տոտիկը ո՞նց ա:

-Վահան ջան, Տոտիկը մահացավ:

-Ոնց թե, էդ ե՞րբ ա մահացել, չենք իմացել:

-Ուրեմն դուք էլ չեք իմացել, օգոստոսի 29-ին:

-Վայ, Անուշ ջան,  ցավակցում եմ:

Այ քեզ տխուր լուր, խեղճ Տոտիկ, վերջերս մտքովս անցնում էր՝ ի՞նչ եղավ Տոտիկը, առողջությունն էլ մի բան չէր, համարն էլ ուր կլիներ, որ զանգեի հարցնեի:

Բայց ո՞նց չենք իմացել,  Տոտիկը՝ 80-ականների ռաբիսի աստղը, նրա երգերը պտտվում էին հայաթից-հայաթ, հարսանիքից-հարսանիք, թաղումից-թաղում: Մահացել է, ու ոչ մի տեղից չեմ լսել:

Տոտիկը 57 թիվ էր, ուրեմն 55 տարեկան:

-Բա թերթերը չգրեցի՞ն:

-Այ ցավդ տանեմ, այ Վահան ջան, էս ո՞ր երկրում ենք ապրում, ըսկի հեռուստացույցով էլ չեն ասել, կարելի էր ասել էլի, էդ մարդը քիչ բան չի արել, 2000 հատ երգ ա գրել, ձեզանից ի՞նչ էր գնում, ոչ ասեցին ոչ գրեցին:

գուգլում փնտրեցի, երկու էլ-թերթում կարճ տեղեկություն կար: Տոտիկը կերակրափողի քաղցկեղ ուներ, մի քանի տարի առաջ Անուշի հետ տունը ծախել-գնացել են Ֆրանսիա, որ կարողանան բուժել: Էնտեղ էլ մահացել է: Թաղել են Եռաբլուրում, Տոտիկը պատերազմի վետերան էր:

Հիմա Անուշը Տոտիկի արխիվն է հավաքում, ուզում է երգերի տեքստերի գիրք տպել, տեսնենք հովանավոր կճարի՞:

-Թեկուզ «Երգ երգոցով» հաղորդում անեին,-տխուր ասում է Անուշը:

Պահե՞լ ենք արդյոք «Կենտրոնով» Տոտիկի հետ Վիոլետ Գրիգորյանի արած հարցազրույցը: «Կենտրոնը» դժվար պահած լինի, էն հազվագյուտ հաղորդումներից էր, որ ժամանակից շուտ էր ավարտվել, ուղիղ եթերի ժամանակ հաղորդման կեսից Վիոլետին ասել էին՝ ընդհատի: Ամենավերևից էին զանգել: Ինչի՞ համար, հավանաբար, որ Տոտիկը հանցագործ աշխարհից էր պատմել:

-Նոր ձայնագրություններ ունե՞ր:

-Շատ ունի: Մենակ հիվանդ ժամանակ չէր կարում երգրեր, ձենը կտրված էր, ձայնագրում էր երաժշտությունը, տեքսը գրում էր, գալիս տանում-երգում էին, ուռուցքը ձայնալարը ճզմել էր:

2004թ. դեկտեմբերին էր, «Արմենիանաուում» խմբագիրս՝ Ջոնը լրագրողներին հանձնարարեց ակնարկներ գրել, թե ինչպես են Նոր տարին դիմավորում հայ աստղերը: Ի՞նչ գրեմ, թե ինչ տարբեր կայֆերի մե՞ջ են աստղերը, նրանք ում ձենը  հենց հնչում է, ալիքը փոխում եմ: Կգրեմ Տոտիկի մասին, մի երաժիշտ, ով աստղ է դառել ոչ թե հեռուստաէկրանի կամ Երգի պետական թատրոնի պրախոդով, այլ հազարավոր մարդկանց սրտերում՝ տներում հնչող մագնիտաֆոնային ձայնագրություններով, հարսանիքներում՝ Հայաստանից մինչև Միջին Ասիա, ում երգերը հայաթի տղաների բերաններից չէին իջնում՝ «Դե կանգնի կյանքիս Կարուսելը»:

«Արմենիանաուի» 2004-2005-ի համարների հենց էն մասը ուր ակնարկս էր, ցավոք, ինտերնետում չկա: Բայց սպասի. սըրչ եմ տալիս կոմպիս մեջ, բերում է ֆայլը՝ totik: Ըհը, բայց Կարեն Միրզոյանի լուսանկարները չունեմ: Լավ, ես էլ ունեմ նկարած:

Ակնարկս գրելուց հետո Ֆրանսահայ գրող Անահիտ Սարգսյանի հետ էլի գնացինք Տոտիկենց տուն՝ Չարբախի կողմերն էր: Կարենի լուսանկարները էնպես տպավորիչ էին, որ երբ ես էլ լուսանկարեցի, թվաց, թե Կարենի նկարածի պես ա ստացվել: Բայց ոչ մի տեղ չէի դրել, հիմա առիթ ա, կդնեմ: Ըհը, էս էլ լուսանկարների cd-ին:

Ուրեմն, արդեն կարող եմ ութ տարի առաջ գրածս ակնարկը հրապարակել՝ Տոտիկի հիշատակին:

totik2

լուս. Կարեն Միրզոյանի: Կարենի լուսանկարները հետագայում գտա:

Ռաբիսն ու իրականությունը. ռաբիսի աստղի մռայլ օրերը

Տոտիկը` գլխարկը մինչև հոնքերը քաշած, գունատ ու նիհար, նյարդերի կծիկ, ծխախոտը անընդհատ կպցնում է, ոտքերն ու ձեռքերը սառած, անկողինը միշտ բաց, որ պառկի, դիմավորեց Նոր տարին անցյալ տարվա նման` սպասման մեջ։

Նոր երգեր է վաճառել, բայց Նոր տարին եկավ, իսկ երգերի փողը` ոչ: Անցյալ տարի նույն վիճակն է եղել. մարդ ու կին առել են մի փոքր շիշ օղի, մի կտոր հավի բուդ ու Նոր տարի արել։ Հեռուստացույցն անջատել են, որ հյուրերը կարծեն, թե տանը մարդ չկա, ու իրենք վատ չզգան, որ հյուրասիրելու բան չունեն:

Անկումը հանրաճանաչության գագաթնակետից մինչև այսօրվա վիճակ, երբ Տոտիկը փորձում է գոյատևել` պայքարելով հիշողությունների և մռայլ իրականության դեմ, երկար է եղել:

Բայց նրա կյանքը միշտ չէ այդպիսին եղել…

80-ականներին Տոտիկը չէր հասցնում շաբաշների փողը հաշվել։ Մի Հայաստան էր` մի Տոտիկ։ Հարսանիքի վարկը բարձրանում էր, երբ Տոտիկն էր երգում: Նույնիսկ շատերը խախտում էին շաբաթ օրը հարսանիք անելու ավանդույթը, երկուշաբթի էին գցում, որ Տոտիկին հարմար լինի, և նա, իսկապես, զարդարում էր հարսանիքը։
Տոտիկը՝ Աշոտ Բեգոյանը, ռաբիսի աստղ էր։ Ճիշտ է, նրա երգերը երբեք հեռուստատեսությամբ կամ ռադիոյով չէին հնչում, ձայնասկավառակներ չէին թողարկվում։ Բայց նա աշխատավորների շրջանում ավելի հանրահայտ էր, քան բազմաթիվ պաշտոնական երգիչներ։

Տոտիկի «Կարուսել» ու «Ճանապարհ» երգերը անլեգալ հիթեր էին, որ երգում էին Հայաստանից մինչև Միջին Ասիա: Նրա ձայնագրությունները՝ արված տներում սիրողական սարքավորումներով, պտտվում էին ամբողջ Հայաստանով ու խորհրդային սփյուռքով։

լուս. Վահան Իշխանյանի

լուս. Վահան Իշխանյանի

Վերևում խորհրդային իշխանությունը չէր ընդունում ռաբիսը, հայ մտավորականությունը ռաբիսը համարում էր ոչ ազգային, արևելյան ու արհամարհում էր։ Բայց ներքևում՝ բանվորներն ու գյուղացիները ռաբիզով էին ապրում, ռաբիսով հարսանիք ու թաղում անում, ռաբիսն էր նրանց հոգու երգը։ «Ռաբիզում արևելյան ելևէջներ կան,- ասում է Տոտիկը,- մեր ազգն էլ, ո՞վ չգիտի, ապրում է արևելքում։ Թուրք, պարսիկ, արաբ` եկել իշխել են մեր վրա ու ազդեցություն են թողել։ Քեֆ-ուրախությունը առանց ռաբիզի չի լինի։ Կարո՞ղ ա Պավարոտտիի տակ հարս պարացնեն»:

47-ամյա Աշոտ Բեգոյանը ծնվել ու մեծացել է ռաբիզի կենտրոնում՝ Երևանի Երրորդ մասում։ Մանուկ հասակում նա իր անունը՝ Աշոտիկ, արտաբերել է Տոտիկ, որը և դարձել է նրա մականունը։ Ծնողները բաժանված են եղել։ Մեծացել է տատի մոտ։ Մայրը նրան անընդհատ ճնշել է, որի մասին երգերից մեկում գրել է.

Տատս ինչ-որ բան գտել էր իմ մեջ,
Որ դու չէիր գտել, ես ի՞նչ մեղք ունեի…

«Մայրս էլ իր կյանքում ա ճնշված եղել, իմ նման ներվային էր»,- ասում է Տոտիկը, որ հասկանում է մորը, քանի որ ինքն էլ մոր նման դրսում ջղայնանում է ու գալիս ջղայնությունը թափում է երկրորդ կնոջ՝ Անուշի վրա, ինչպես մայրն էր իր վրա բարկանում ու ծեծում։ Հետագայում էլ մոր հետ անհնար էր ապրել. «Իմ մոտ գնալ-գար կար, երաժշտական աշխարհ ա, ուտել խմել ա, իսկ մերս չէր դիմանում»։

Տոտիկ, Անուշ, Վիոլետ, Անահիտ: լուս. Վահան Իշխանյանի

Տոտիկ, Անուշ, Վիոլետ, Անահիտ:
լուս. Վահան Իշխանյանի

12 տարեկանում նրան տալիս են գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորում էին աղքատների ու մեկ կամ երկու ծնող չունեցող երեխաներ։ Երկու տարի անց փախչում է դպրոցից. «Ուսուցիչներից մեկը ամբողջ դասարանին ասեց՝ բճի վաստակներ, ես ընկերոջս հետ դասարանից դուրս եկա, քո դասին ո՞վ ա նստողը»։

Կիսաթափառական կյանք է վարում, ապրում է բաղերում։ Բայց նա արդեն երգելով փող էր վաստակում և իրեն ու տատին պահում։

Տասը տարեկանում` ծննդյան տարեդարձին, նվեր է ստանում փոքրիկ ակորդեոն, ասում է, որ միանգամից սկսեց նվագել. «Հենց ակարդիոնը ձեռս առա, սկսեցի նվագել։ Աստված տվել էր»։ Երաժշտության ուսուցիչ չի ունեցել, մինչև հիմա էլ նոտաներ կարգին չգիտի։

Նրա առաջին հայտնի երգերից է «Ես մի տղա եմ` տասնչորս տարեկան» երգը։ Տարիքի հետ ամեն տարի փոխվում է երգի թիվը, վերջում երգում է «Ես մի տղա եմ` 18 տարեկան»։ Դա նրա ճակատագրական տարիքն էր, երբ բանտ է ընկնում։

Կնունքի ու բնակարանամուտի քեֆին նվագելուց հետո տուն վերադառնալիս ընկերները թալանում են տաքսու պարկի դրամարկղը, և ինքն էլ հետները ձերբակալվում է. «Ես մեքենայի մեջ քնած էի, երկու ընկերներս գնացել, թալանել էին, ես բանից անտեղյակ։ Մեկ էլ էն եմ հիշում, որ քաղմասում ծեծում են»։

Հիշում է, թե ինչպես էր ոստիկանը ծեծում, քացիներով այնքան է տալիս, որ կրունկը պոկվում է, հետո էլ, կատաղած, պոկված կրնկի համար է ծեծում։ Սակայն, ասում է, որ  ոստիկաններին չի հաջողվում ստիպել իրեն, որ խոստովանի, թե հանցանք է կատարել։ Ստանում է վեց տարի ազատազրկում։ Բանտում գրում է մի քանի երգ, որոնցից ամենահայտնին «Դառնացել է այս աշխարհը, ծանրացել է հոգուս քարը» երգն է։

Բանտը, որտեղ Տոտիկն անցկացրել է իր կյանքի «ոսկե» տարիները, որտեղ «վաստակել» է մինչև հիմա տանջող անքնությունը, նրա կյանքում ամենածանր հետքն է թողել. «Որ հանցանք ես կատարած լինում, հանգիստ ես։ Բայց շատ ծանր ա, որ ոչինչ չես արել ու նստում ես, ամբողջ ժամանակ տանջվում ես»։ Միջնակարգ դպրոցն ավարտում է Կալմիկիայի գաղութում, բայց գաղութը նրա համար ավելի կարևոր դպրոց է դառնում. «Շատ մարդիկ էդ տարիքում համալսարան են ավարտում, բայց ես կյանքի ակադեմիան եմ ավարտել, հասկացել եմ, թե ինչ ա մարդը, որ ոչ մի համալսարան չի կարա տա էդ կրթությունը»։

Նստում է երեք տարի ու ներումով ազատվում։ Դեր են խաղում տատի գրած դիմումները, որ իր թոռը հանցանք չի կատարել։

Բանտից տուն գալիս գնացքի մեջ գրում է իր ամենահայտնի երգերից մեկը` «Ճանապարհը».

Չուք-չուք-չաք-չաք-չուք, գնացքն է սլանում,
Չուք-չուք-չաք-չաք-չուք, տուն եմ վերադառնում:

Մայրիկ, սիրելիս, ինչո՞ւ ես դու լալիս,
Չէ՞ որ քո որդին բերդից տուն է գալիս։

«Գնացքի մեջ, Ռաստովի մոտ, պառկած, ճանապարհի ռիթմը մեջս էր, էկա տուն, արդեն երգը պատրաստ էր»։ Ազատվելուց մեկ տարի անց` 79-ին, գրած «Կարուսելը» Տոտիկին հռչակ է բերում («Կանգնիր, կյանքի կարուսել, սիրո կարոտից այս երգն եմ հյուսել»)։

80-90 թվականները Տոտիկի ամենաբեղուն տարիներն էին։ Նրա դաստան (կլարնետ, դհոլ, ակորդեոն, որ ինքն էր նվագում) հրավիրում էին հարսանիքներին նվագելու Ռոստովից, Թբիլիսիից, Կրասնոդարից։ Երեք օրում մինչև 2500 ռուբլի էին աշխատում (սև շուկայի գներով` մոտ 600 դոլար)։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Տոտիկը ջոկատների հետ մեկնում է ճակատ։ Գրում է ռազմական երգեր, որոնցից մեկը դառնում է քայլերգ։ Հետագայում թողարկում է հայրենասիրական «Եռաբլուր» ձայներիզը։

Պատերազմից հետո անհաջողությունները հաջորդում են իրար։ Կինը բաժանվում է ու երկու որդիների հետ մեկնում Ռուսաստան։ 94-ին Տոտիկը վաճառում է բնակարանը ու գնում Մոսկվա, որ որդիներին մոտ լինի, սակայն ոստիկանները նրան տանում են բաժին, պատմում է, որ ծեծում են ու 12 հազար դոլարը ձեռքից առնում: «Ասի` կգնամ, Ռուսաստանում կմիանանք, էրեխեքիս մասին էի մտածում։ Բայց պարզվեց` կնոջս պետք չէր միանալ։ Մոսկվայում հյուրանոցի դեմից տարան, լավ ծեծեցին, ջարդեցին ու 24 ժամ տվին, որ գնամ։ Խնդրեցի՝ գոնե փողս հետ տվեք, ասին՝ քեզնից ո՞վ ա փող առել որ»։

totik3

լուս. կարեն Միրզոյանի

Տոտիկը մնում է մենակ` անտուն ու անփող։ Իր վիճակը արտացոլվում է երգի հետևյալ տողերում. «Պալատս թողած` մի վրան չունեմ/ Արքա եմ եղել, այսօր գահ չունեմ»։ 2003 թվականին մահանում է մայրը, ու Տոտիկը տեղափոխվում է նրա բնակարան։

Նևրոզները հանգիստ չեն տալիս, տրվում է հարբեցողությանը, սակայն փրկություն չկա, հենց խմելուն վերջ է` տալիս, նյարդային ցնցումները կրկնվում են ավելի ուժեղ։

Արդեն տասը տարուց ավելի է, որ նա հարսանիքներում չի երգում. առողջությունը թույլ չի տալիս։ Նյարդային ցնցումները երկրի սոցիալական վիճակին զուգահեռ սաստկանում են, և շատ հարսանիքներ դառնում են աներգ:

«Մեր փողի աղբյուրը ժողովրդի ուրախությունն ա,- ասում է Տոտիկը: – Առաջ, որ հարսանիք էի նվագում, սովորական բանվորը ի սրտե շաբաշ էր տալիս։ Ճիշտ ա, տենց փող չէինք առնում, ոնց որ հարուստի հարսանիքում, բայց բանվորի շաբաշով 300 ռուբլի գալիս էր, մի ամսվա բարձր աշխատավարձ, որ մի օրում էիր առնում։ Իսկ հիմա էլ չես ասի բանվորի ընտանիք: Հեն ա, դեմը «Հայէլեկտրոն», էնտեղ աշխատողը շաբաթը մեկ գոնե մսով ճաշ ուտում էր։ Հիմա գործարանը կանգնած ա, էլ բանվոր չի մնացել։ Երկրում չնչին տոկոսն ա լավ ապրում։ Բայց նրանք էլ տեղյակ չեն երկրի վիճակին։ Ջիպով գնացողը չի տեսնի մայթի խորդուբորդը»։

Բայց շարունակում է ստեղծագործել, գրում է երկրորդ «Ճանապարհը», այս անգամ ոչ թե վերադարձի, այլ հեռացման մասին. «Անծանոթ ու խորթ երկիրն է ինձ կանչում…»։

Երկրորդ «Ճանապարհը» Հայաստանից փրկվելու մասին է, որ իրեն կազատի աղքատությունից. «Էս պետություն չի, սա ավելի մեծ գաղութ ա, փոքրից դուրս եմ եկել, մեծ գաղութ եմ մտել»:

Հիմա փող է աշխատում պատվերով երգեր գրելով։ Գրում է ամեն տիպի երգ՝ ալբոմի, ծննդյան տարեդարձի, հարսանիքի։ Նրա երգերը երգում են բազմաթիվ հայտնի երգիչներ՝ Թաթան, Թաթուլը, Սրբուհի Քեքեջյանը և այլք։ Արդեն գիտի երգչի ճաշակը ու նրա «հագով երգը ձևում է»։

Տոտիկն ասում է, որ իր վերջին երգերից մեկը վախենում են կատարել, քանի որ երկրի իրական վիճակի մասին է և ոչ թե պետության փառաբանում. «Հայաստան, քո ուղեղը հիվանդ է, Հայաստան, սրտիդ մեջ ցավ ու դարդ է»։

Սակայն ամենից տաժանակիրը թաղման երգ գրելն է։ Պատվիրատուն պատմում է հանգուցյալի կյանքի մանրամասները, ասում, թե որ դրվագները պիտի լինեն երգում. «Քիչ ա մնում` կոշիկի համարն էլ ասեն»։ Երբ սկսում է գրել, նյարդերը չեն դիմանում, մի երկու տող գրում է, աչքերը լցվում են. «Կես մարդ եմ դառնում. էդ մարդուն չեմ ճանաչում ու պիտի մտնեմ նրա հոգեբանության մեջ` ոնց ա ապրել։ Առանց էն էլ օրական կես ժամ եմ քնում, մեկ էլ էդ մարդը երազիս ա գալիս։ Դե, արի էդ պատվեր տվողին բացատրի: Ասում եմ՝ չեմ ուզում, ախպեր, ասում է՝ ուրեմն դու օղորմածիկին չես հարգում»։

լուս. Վահան Իշխանյանի

լուս. Վահան Իշխանյանի

Բայց պատվերները մշտական չեն, պատվիրատուներն էլ հաճախ ուշացնում են փողը, լինում է, որ ընդհանրապես չեն վճարում։ Ու անհանգստությունից նյարդայնանում է։ Անուշը` երկրորդ կինը, նրա միակ խնամողն է, որ հավատում է Տոտիկի հաջողությանը ու նպատակ է դրել նրան վերադարձնել նախկին փառքը։ Տետրերի մեջ խնամքով, գեղեցիկ ձեռագրով արտագրել է նրա մոտ 1500 երգերը։ Մի այդքան երգ էլ անհետ կորել է։ Անուշն ափսոսում է, որ միշտ չի եղել Տոտիկի կողքին, որ փրկեր նրա բոլոր երգերը։ Անուշն է Տոտիկի բժիշկը. նա մասնագիտությամբ բուժքույր է, որ կրճատման տակ է ընկել ու ազատվել աշխատանքից և հիմա, ինչպես Տոտիկն է ասում, իրեն սրսկելով ուզում է ֆորմի մեջ մնալ։

«Տոտիկի հետ շատ դժվար է, ամեն ինչից ներվայնանում ա,- ասում է Անուշը: – Հեռուստատեսությամբ երգ են տալիս, վատանում ա, լվացք եմ անում, ներվայնանում ա, ասում ա` ռիթմով ձեռքերդ շարժի։ Խոսում եմ, ձայնիս վրա ա ներվայնանում, ասում ա՝ բասդ ցածրացրու, խոսելուց տոնայնությունդ պահի։ Ինձ ասում են՝ ո՞նց ես դիմանում, ասում եմ՝ ես սիրում եմ հիվանդ խնամել, առողջները ինձ չեն հետաքրքրում»։

Նոր տարվա շեմին Տոտիկը ուրախանալու ոչ մի առիթ չուներ։ Հացն ու ծխախոտը խանութից պարտքով էին վերցրել` հույս ունենալով, որ պատվիրված երգի փողը կբերեն, բայց արդեն երկար ժամանակ ուշացնում են, ու հույսը մարում է։ Մի օր առաջ մեկն ուզել է երգ պատվիրի, Տոտիկը փողը գլխանց է ուզել, պատվիրատուն հրաժարվել է։ Ռաբիզ երգիչներն էլ փող չունեն, որ վճարեն։

«Էս երկրի վիճակը դզվելու ա, բայց ես չեմ տեսնի,- ասում է Տոտիկը: – Գոնե էս տարի ժողովրդի վիճակը մի քիչ լավանա, էդ ժամանակ ես էլ լավ կզգամ։ Որ մարդիկ մտածմունքը երեսներին գնում են` իրանք իրանց խոսալով, վատանում եմ: Որ սկսեն ժպտալ, լավ կզգամ։ Ինձ էլ մենակ առողջություն ա պետք»։

http://www.armenianow.com
14.01.2005

Հգ. տոտիկի երգերի տետրի միջից այն ժամանակ հրապարակման համար ընտրել էի երգի այս տեքստը

Տոտիկ

ես ինչ մեղք ունեի

Իմ սիրելի մայր, քո բախտի համար
Ինչու էիր ծեծում, ես ինչ մեղք ունեի,
Փողոցում գտած այն փողի համար
Ինչ էիր անիծում, ես ինչ մեղք ունեի։

Մեր տան մեջ կորած այն փողի համար
Հալածեցիր ինձ-ես ինչ մեղք ունեի,
Ես քեզնից փախած, տխուր ու շվար
Տանիքում թառած- ես ինչ մեղք ունեի։

Քո և տատուս մեջ կռիվ էր անվերջ,
Ես դեռ փոքրիկ էի, ես ինչ մեղք ունեի,
Տատս ինչ-որ բան գտել էր իմ մեջ,
Որ դու չէիր գտել, ես ինչ մեղք ունեի։

Իմ վրա փակվող փականի համար.
Ուզեցի այրվել, ես ինչ մեղք ունեի,
Կարդա, հասկացիր, իմ սիրելի մայր,
Բացի քեզանից ես ոչ ոք չունեի։

 

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ «Նժդեհ». քննադատությունը տեղն է գցում ֆիլմը

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: