Այլ ազգայնականություն. Րաֆֆին ընդդեմ հատվածապաշտության

31.03.2013 at 16:23 Оставьте комментарий

լուս՝ Գագիկ Աղբալյանի

լուս՝ Գագիկ Աղբալյանի

«Նացիզմը, երիտթուրքականությունը դրանք հատվածապաշտական նեղ, վախկոտ գաղափարախոսություններ են, որոնք կապ չունեն իրական ազգայնականության հետ:

Ձեր, երիտասարդների հայրենիքում չկա ազգային շահ, չկա երկրի ամբողջականություն եթե հայ մարդը սեփական հողում ազատ չէ»:

Այս խոսքերը Րաֆֆի Հովհաննսյանինն են: Որևէ նորություն չկա՞, դրանք կարո՞ղ էին ասել նաև Սերժ Սարգսյանը, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արմեն Ռուստամյանը կամ  Վարդան Օսկանյանը: Դժվար, բայց ենթադրենք ազատության ու իրավունքի թեմայով նման բան ասեին ու ասում էլ են:

Ի՞նչն է տարբերությունը:

Խոսքի նոր լինելը որոշվում է նաև նրա հնչելու տեղով, թե որտեղ է ասվել. տեղն է նրան հաղորդում բովանդակություն և իմաստ: Րաֆֆի Հովհաննսյանը այս խոսքերը ասել է ֆաշիստական երիտասրդների կողմից հրդեհված DIY ակումբում:  Նա ամբողջ Հայաստանում միակ քաղաքական գործիչն էր, ով այցելեց ֆաշիզմից տուժած երիտասարդներին, աջակցեց նրանց և ասաց՝ չկա ազգային շահ, եթե հայ մարդը սեփական հողում ազատ չէ:

Այդ նույն ժամանակ դաշնակցական Արծվի Մինասյանը հրձիգներին ազատելու համար գրավ տվեց: Բայց եթե Դաշնակցությունից  հակասական կարծիքներ հնչեցին, մի քանի հոգի՝ հիմնականում սփյուռքահայ, դատապարտեցին հրկիզումը, երկուսն էլ ողջունեցին այն(տես «Այլ դաշնակցություն…»), ապա Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը միակամ էր, միայն ֆաշիզմը ողջունող ելույթներ հնչեցին, իսկ համակարգի նշանակած դատավորն էլ ազատեց հրձիգներին: Մյուս քաղաքական ուժերը լռեցին:

Եվ երբ նախընտրական շրջանում Րաֆֆին կիսում էր մուրացկան ծեր կնոջ հետ հացը  ինձ համար միայն տեխնոլոգիա ու քարոզարշավ չէր, քանի որ նա արդեն «հաց էր կիսել»  DIY-ում,  մի անպաշտպան աղջկա ակումբում,  որը դարձել էր կրոնամոլ մռակաբես ամբոխի ու հզոր կուսակցության թիրախ:

Րաֆֆին  հատվածապաշտություն բնութագրելով նացիզմն ու երիտթուրքականությունը, բացում է իր գաղափարական հիմքը, հնարավորություն տալիս «հատվածապաշտություն» եզրով  մեկնաբանել նրա ծրագրային դրույթները:

Հատվածապաշտությունը ընդդեմ Ղարաբաղի

Րաֆֆու բնութագրած DIY-ի հրկիզողների երիտթուրքական ու նացիստական հատվաածապաշտության արտահայտութունն է նաև ԼՏՊ-ի Ղարաբաղը հանձնելու քաղաքականությունը: Մի հատվածի պաշտամունքը մեկ այլ հատվածի ոչնչացման գնով,  սեփական հատվածի դժբախտությունները մեկ այլ հատվածին պատճառ դարձնելով, հայրենակից ղարաբաղցի ղեկավարներին մոնղոլ-թաթարներ անվանելով ղարաբաղցիներին օտարելը հայաստանյան հանրությունից,  Հայաստանի դժբախտությունների պատճառը Ղարաբաղյան խնդիրը դարձնելով և այն զոհելու գնով Հայաստանը փրկելու ֆաշիզմը դարձավ 2008-ի ընդդիմության համախմբող ուժերից մեկը:

Հատվածապաշտություն. DIY-ի հրձիգների պես, կրոնական այլադավան եկեղեցիների հավատացյալներին ջարդուփշուր անող Վազգեն Սարգսյանի երկրապահների պես(այստեղ), ընտրությունները կեղծելով մի խմբակի կամքը պարտադրելու պես, Լևոնը բերեց Ղարաբաղն ու ղարաբաղցիներից ազատվելու գաղափարը(հակաղարաբաղյան ֆաշիմզի մասին տես «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ»)

Ֆաշիզմը՝ մի հատվածին  թշնամի հռչակելը ու նրա դեմ պայքարելը, ներծծվել է հասարակության մեջ. Հայաստան հատվածը ընդդեմ Ղարաբաղի, առաքելական հատվածը ընդդեմ այլակրոնների ու այլադավանների, հետերոսեքսուալները ընդդեմ միասեռականների, տերերը ընդդեմ իրավազուրկների, հարուստները ընդդեմ ընչազուրկների, կուշտերը ընդդեմ սովածների (ինչպես Սերժը ասեց իր ասուլիսում՝ «Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ» և ստացավ արձագանք Վլադ Հովհաննիսյանից՝ «Եթե մարդ չի ցանկանում երկխոսել ՍՈՎԱԾ մարդու հետ, ապա ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ հետ երբեք չի երկխոսի. երբեք !!!»):

Լևոնը իր հատվածապաշտությունը արտահայտել էր դեռ նախագահ եղած ժամանակ ոչ միայն ընտրությունները կեղծելով և միայն իր հատվածի գերիշխանությունը հաստատելով և ամբողջ երկրի ռեսուրսները այդ հատվածի մեջ բաժանելով, այլև երբ  Ղարաբաղի խնդրի լուծման «փուլային» կոչվող անվան տակ Ղարաբաղը փորձում էր հանձնել Ադրբեջանին:

Այն ժամանակ հակաղարաբաղյան հատվածապաշտությունը հասարակական կարծիք չձևավորեց, կանխվեց հեղաշրջմամբ և որպես Ղարաբաղի ապահովության  երաշխիք երկրի նախագահի աթոռին բերեցին ղարաբաղցի. Հատվածապաշտությունը հանգեցրեց այն պատկերացմանը, թե Ղարաբաղի անկախությունը միայն կարող է պաշտպանել մեկ այլ հատվածապաշտը՝ ղարաբաղցի նախագահը: Այլ կերպ ասած, ի՞նչ եղավ. հայաստանցի նախագահին հանեցին, քանի որ ղարաբաղը նրա պետքը չէր, ավելին, խանգարում էր,  փոխարինեցին ղարաբաղցիով, ում Ղարաբաղը պետք էր:

Այս հատվածապաշտությունն է այն գաղափարական հիմքը, որ հնարավորություն է տալիս իշխանության մնալ ղարաբաղցի Սերժ Սարգսյանին՝ միայն ղարաբաղցի նախագահը կարող է պահել Ղարաբաղը, ավելի մեղմ արտահայտությունն է՝ միայն ղարաբաղյան շարժման ներկայացուցիչը կարող է պահել Ղարաբաղը(Վազգեն Մանուկյանը ասում է. «Քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, իշխանության ղեկին պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր Շարժման հետ որոշակի ճանապարհ են անցել»: Ի՞նչ կլինի, եթե այդ սերունդը կյնաքից հեռանա, իսկ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չլինի: Ղարաբաղի հարցը վտանգվում է, երբ Շարժման գաղափարը՝ Ղարաբաղի ազատությունը, հասրակության սեփականությունը չի դառնում և հույսը կապվում է միայն շարժմանը կապված մարդկանց նեղ շրջանակի հետ: Միայն  մի շրջանակին վստահելով իշխանությունը հարվածի տակ է դրվում և Ղարաբաղը և ժողովրդավարությունը: Հրեաները նույն կերպ մտածեին, Իսրայելը վերացել էր, քանի որ նրա հիմնադիրները վաղուց մահացել են):

Այդ հատվածապաշտության արդյունք էր, որ ղարաբաղցի հաջորդ նախագահը դադարեցրեց մեկ այլ հայկական հատվածի՝ Ջավախքի աջակցությունը, Կառավարությունը փակեց 1990թ. ստեղծված Ջավախքի խնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի վարչությունը ու աշխատանքից ազատեց վարչության պետ Ստեփան Մարգարյանին, ով այսօր իր ծրագրերը իրականացնելու համար դարձել է «Բարգավաճ» կուսակցության անդամ, թույլ տվեցին, որ վրացական իշխանությունները Ջավախքի վրացացման քաղաքականությունը հեշտությամբ առաջ տանեն՝ Մինոծմինդայի դուխաբոռների լքվող գյուղերը վրացիներ գնեն, որ Ջավախքում հայոց լեզուն սահմանփակվի, վրացերեն չիմանալու համար հայկական դպրոցների ուսուցիչները հեռացվեն աշխատանքից, հայկական դպրոցներում սահմանփակվեն հայերենի դասերը. «2008թ.-ից սկսած Հայաստանը ոչ մի պետական քաղաքականություն չի վարում Ջավախքի հարցում եւ շրջանի բոլոր հարցերը, եթե նույնիսկ քննարկվում էլ են, ապա մնում են խոսակցությունների մակարդակի վրա»,- ասում է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը «Ժամ» թերթին:

Սակայն ինչքա՞ն ժամանակ հնարավոր կլինի Ղարաբաղը պաշտպանել  հատվածապատության գնով, եթե երկրում իշխում է հատվածապաշտությունը, ապա մի օր երբ ղարաբաղցի նախագահը հեռանա, նախագահ կդառնա մեկ այլ հատվածապաշտ, այլ հատված ներկայացնող՝ ջավախքցի կամ արտաշատցի և հատվածապաշտությամբ առաջնորդվելով կրկին կփորձի անդամահատել Հայաստանի մի հատվածը՝ Ղարաբաղը, հանուն մյուսի, և կիրականացնի այն ինչ չկարողացավ անել իր նախորդ հայաստանցի նախագահը:

Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի, ինչո՞ւ անկախ պետք է լինեն Էրիտրեան, Հարավային Սուդանը, Կոսովոն, Իսկ Ղարաբաղը չլինի,-ասում է Րաֆֆին իր հետընտրական մարզային արշավներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ղարաբաղի անկախության ճանաչման համար պայքարով կոտրում է հասարակական տրամադրությունների մեջ արմատներ գցած հատվածապաշտությունը, հայ ինքնությունը ազատում հատվածի գերիշխանությունից, հաստատում որ Ղարաբաղի անկախությունը միայն «խեղդվողի» գործը չէ, որ անկախ ծագումից յուրաքանչյուր հայ ով իր ինքնությունը հայության հետ է կապում, ուրեմն այդ ինքնության մասն են ոչ միայն Հայաստանը կամ սփյուռքը, այլև Ղարաբաղը որպես պետություն, որ հայի ինքնությունը չի սահմանափակվում մի տեղանքով, մի տարածքով, և նոր ընդդիմությունը կրկին հրապարակ է վերադարձնում Ղարաբաղի անկախության գաղափարը:

Րաֆֆին հատվածապշտական երիտթուքկական ազգայնականությանը հակադրում է այլ ազգայնականություն, որը ոչ թե մերժում այլ պաշտպանում է հայ ժողովրդի բոլոր ճնշված հատվածների և յուրաքանչյուրի շահերը լինի Ջավախքում, Ղարաբաղում, Աբխազիայում, թե Հայաստանում և տարածքից զրկված սփյուռքահայությանը:

Դա Սփյուռքահայ լինելո՞ւց է: Ոչ, հանդիպել եմ շատ սփյուռքահայեր, ովքեր պնդում են, թե Ղարաբաղը պետք է թողնել Ադրբեջանի կազմում, միևնույն ժամանակ ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման խնդիրը նրանց գլխավոր մտահոգությունն է, այսինքն՝ սփյուռքահայ հատվածապաշտություն(իսկ մի սփյուռքահայ բարեկամ ինձ ասաց, որ Ղարաբաղի խնդիրը ղարաբաղցիների գործն է, սակայն նա շատ անհանգստացած էր մեկ այլ ճնշված ժողովրդի ճակատագրով՝ պաղեստինցիներով):

Սերժ Սարգսյանը ոչ միայն իր ղարաբաղցի լինելով, այլև արտաքին քաղաքականությամբ ապացուցել է, որ Ադրբեջանի հետ փոխզիջումը չի դիպչելու  Ղարաբաղի անկախությունը, այն զիջմեն ենթակա չէ: Րաֆֆու Ղարաբաղի ճանաչման պահանջը նա քննադատում է միայն որպես տակտիկա, որ այս պահին դա վտանգավոր է, իր ասուլիսում մասնավորապես ասում է. «Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք»:

Սակայն Սերժը իր տնտեստական քաղաքականությամբ ամեն տարի, ամեն օր զիջում է Ղարաբաղը Հայաստանում, մարդկանց զրկում նորմալ ապրելու հույսից, մղում արտագաղթի, և եթե իր կառավարման հաջորդ հինգ տարիներին ևս մի 300 հազար մարդ լքի երկիրը, մնացած փոքրաթիվ հուսալքված զանգվածը չի կարող Ղարաբաղի անվտանգության երաշխիք լինել, առավել ևս որ այդ հուսալքումը ավելի կպարարտացնի լևոնական ուժերին, ովքեր տնտեսական ամբողջ ձախողումների մեղքը գցում Ղարաբաղի վրա(հիշենք Լևոնի ելույթը 2010թ. հուլիսի 17-ին ՀՀՇ 16-րդ համագումարում. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»):

Ղարաբաղում էլ, ուր տագնապի մեջ էին Լևոնի շարժումից, այսօր շատ լավ են ընդունում  Րաֆֆիիին  ու Ժառանգությանը, նրա Ղարաբաղի ճանաչման կոչերի մեջ այն վտանգները չեն տեսնում, ինչի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, հակառակը՝ արցախաբնակ Հայկ Խանումյանը քննադատում է Սերժ Սարգսյանի ասուլիսը և Հայաստանի իշխանությանը, որ Ղարաբաղի հետ խուսափում է կնքել պայմանգիր.«Միգուցե իրո՞ք դժվար է ՀՀ իշխանությունների համար ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց խնդիր չէ, կարելի է այլ կերպ վարվել: Կարելի է, օրինակ, ռազմավարական պայմանագիր կնքել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, ինչն Արցախից առաջարկվել է բազմաթիվ անգամ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից»:

Ղարաբաղի վերաբերմունքի արտահայտությունն էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի  ելույթը Րաֆֆու հանրահավաքում: Ղարաբաղի ժողովուրդն էլ, ինչպես Հայաստանում, փոփոխությունների է ձգտում և Րաֆֆու մեջ տեսնում  փոփոխություններ բերող այն ալիքը, որը կարող է հասնել Ղարաբաղ(այս տեղակությունները ստանում եմ ղարաբաղցի ծանոթներիցս):

Այժմ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարները կարող են հեղափոխել հասարակական տրամադրությունները, երբ եկել է մի ուժ որ փորձում է համախմբել հայության բոլոր հատվածները, երբ հատվածապաշտական հակաղարաբաղյան ՀԱԿ-ը հոգեվարքի մեջ է,  ՀԱԿ-ին նյութական ու բարոյական աջակցություն  ցուցաբերելով նրան նոր շունչ է հաղորդում Գագիկ Ծառուկյանը  և նրան աջակցող մամուլը, որը երկու տարի առաջ ԼՏՊ-ին անվանում էր չարորակ ուռուցք(«Ղարաբաղը հանձնելով լավ ապրելու» քարոզ իրականացնելը Տեր–Պետրոսյանի սևեռուն գաղափարի դրսևորում է, որը նրա հիվանդ մտածողությամբ է պայմանավորված», «եթե Տեր–Պետրոսյանն անկեղծորեն համոզված է, որ փուլային հանձնելու տարբերակն է լավագույնը, ապա դա նրա իրավունքն է, բայց Հայաստանի հասարակությունն իր հերթին պետք է հետևություն անի ու թույլ չտա մեր քաղաքական դաշտի չարորակ ուռուցքին և հինգերորդ շարասյան ֆունկցիա կատարողին ակտիվ դերակատարում ունենալ մեր քաղաքական կյանքում»-Անդրանիկ Թևանյան,  19 ապրիլի, 2011, «7օր»): Իսկ այսօր քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով ՀԱԿ-ը դարձել է ընդունելի ուժ:

Կամա թե ակամա  Ծառուկյանը և նրա գործընկեր Ռոբերտ Քոչարյանը, ու նրանց աջակցող մամուլը ՀԱԿ-ին նոր կյանք հաղորդելով, նպաստում են, որ հանրային գիտակցության մեջ շարունակի ապրել հակաղարաբաղյան հատվածապաշտությունը:

Զուգահեռ. Րաֆֆին երևանյան առաջին հանրահավաքում հարթակին էր հենասայլակի մեջ նստած հաշմանդամի Արման Մուշեղյանի հետ….Լուս՝ Գագիկ Աղբալյանի

Զուգահեռ. Րաֆֆին երևանյան առաջին հանրահավաքում հարթակին էր հենասայլակի մեջ նստած հաշմանդամի Արման Մուշեղյանի հետ….Լուս՝ aravot.am-ի

Մարզպետները պետք է ընտրովի լինեն

Հատվածապաշտությունը բերում է դիկտատի, հատվածի, խմբի կամքի պարտադրանքը մյուս հատվածներին. այդպես ՀՀՇ-ն 95թ հատվածապաշտությունը դարձրեց երկրի հիմնական օրենքը՝ սահմանդրությունը, պարտադրեց հատվածապաշտական սահմանդրություն, որով մի խմբի կամքն էր պարտադրվում ամբողջ հանրությանը և ամբողջ երկրին, միապետական այդ սահմանդրությամբ մի անձը՝ նախագահը, վերից վար նշանակում է երկրի բոլոր առանցքային պաշտոնները՝ վարչապետ, դատախազ, դատավորներ, մարզպետներ և այլն:

Րաֆֆի Հովհաննսյանը հետընտրական մարզային արշավի ժամանակ մեղադրելով, որ մարզպետները նախագահի կամակատարներն են ու նրա թելադրանքով կեղծում են ընտրությունները,  մի քանի անգամ հայտարարեց՝ «Մարզպետները պետք է հրաժարական տան, նոր սահմանադրությամբ մարզպետը պետք է լինի ընտրված»:

Մարզպետների ընտրություններով երկիրը կվերափոխվի, 10 նոր քաղաքական մրցակցության ասպարեզներ կբացվեն(ինչպես 2005թ. սահմանդրական փոփոխություններով Երևանը դառնալով ինքնակառավարվող, նոր քաղաքական մրցակցության ասպարեզ բացվեց), մարզպետն ու մարզային ավագանին ինքնուրույնություն ստանալով ոչ թե նախագահի կամակատարը կլինեն, այլ կձգտեն ինքնուրույն քաղաքականությամբ մարզը զարգացնել, մարզերը կմրցակցեն միմյանց հետ և այդ մրցակցության շնորհիվ ոչ միայն Երևանը այլև ամբողջ երկրի տնտսությունը համաչափ կզարգանա: Ընտրակեղծիքների կենտրոնացված համակարգը կփլվի, կենտրոնից կախում չունեցող մարզպետը այլևս շահագրգռված չի լինի կեղծել ընտրությունները նախագահի ու իշխող կուսակցության համար:

Մինչև այժմ էլ եղել են քաղաքական ուժեր, որոնք իրենց ծրագրերում ունեցել են նոր սահմանդրության կետերը՝ անկախ դատական համակարգ, խորհրդարանական հանրապետություն, մարզպետների ընտրություններ, սակայն այժմ այդ դրույթները հաղթած թեկնածուի շուրթերով հասարակական հնչեղություն են ստանում, դառնում հազարների գաղափարը:

Րաֆֆին ի տարբերություն նախորդ ընդդիմության ոչ թե պահանջում է վերականգնել սահմանադրական կարգը(այն վերականգնելու կարիք չկա, այդ կարգը գործում է 95թվից՝   պաշտոնները վերից վար նշանակվում են, և նշանակովի դատարաններն էլ այն որոշումներն են ընդունում, որոնք թելադրում է իրենց նշանակողը), այլ փոխել այդ կարգը, երկիրը դարձնել խորհրդարանական, ընտրովի մարզպետներով ու անկախ դատարանով (ՀԱԿ-ի համար սահմանդրական կարգը վերականգնելը սահմանդրության հեղինակին նախագահ դարձնելն է, որ ոչ թե գործող նախագահը, այլ ինքը նշանակի դատավորներին ու մարզպետներին): Սահմանդրական կարգի վերաբերյալ իմ նյութը այս նյութում՝ «Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը»:

 

Զուգահեռ... նախկին ընդդիմություն՝ թիկնապահներով շրջապատված սև պլաշչավորներ:Լուս՝ Ֆոտոլուրի

Զուգահեռ… նախկին ընդդիմություն՝ թիկնապահներով շրջապատված սև պլաշչավորներ:
Լուս՝ Ֆոտոլուրի

Մարտավարությունը

Րաֆֆին իր հետընտրական երևանյան առաջին հանրահավաքում հարթակին էր հենասայլակի մեջ նստած հաշմանդամի Արման Մուշեղյանի հետ: «Արմանը կլինի իմ թիկնապահը» ներկայացրեց նրան Րաֆֆին.  սահմանփակ կարողություններ ունեցող անձը՝ խորհրդանիշը աղքատ երկրի, ուր բնակչության մեծ մասը սահմանփակ հնարավորություններ ունի կամ ընդհանրապես հնարավորություն չունի զավակներին կրթության տալու, առողջապահությունից օգտվելու, մի կտոր հացի փող աշխատելու, գործարարությամբ զբաղվելու:

Րաֆֆիի կեցվածքը շեշտում է նրա տարբերությունը նախորդ ընդդիմության շքեղ մեքներաներով եկած, հարթակում  հաղթանդամ թիկնապահներով շրջապատված սև պլաշչավորների հետ, հատվծապաշտները՝ ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեցող հատվածներին, աղքատ ու իրավազուրկ մասսաներին օգտագործում էին վերադարձնելու իշխանության մեջ իրենց կորցրած դիրքերը: Հարթակին իշխող նույն դասակարգն էր, որոնց տարբերությունը իշխանություններից միայն այն է, որ կորցրել են քաղաքական իշխանությունը:

Նոր շարժմանը զուգընթաց տարբերությունները գնալով շեշտվում են նախորդների հետ.  Մեկը հացադուլավոր, կացարանը՝ բաց երկինքը (մինչև իշխանությունը թույլ չտվեց վրան խփել), մյուսի կուշտ մարմնի կացարանը շքեղ Լինքոլնը:

Մեկի ռեսուրսը որդին, զավակներն ու կինն են, մարմինն է, որ հյուծվելով ստիպում է խոսել իշխանությանը, մյուսը՝ հեղափոխության նախապատրաստվելով  որդուն փախցնում է երկրից(ընկերս հարցրել էր մի լևոնականի՝ ինչո՞ւ քո որդին պիտի գնա նստի, իսկ Լևոնինը դրսում լինի, պատասխանել էր՝ բա նա Լևոնի որդին ա, հո չէր խառնվելու), մյուսի ռեսուրսը դիրքերը կորցրած կապիտալն է, որ ուզում է վերականգնել նախկին դիրքերը ու ամբոխին հանում գյուլլի բերան, մեկը միայնակ մտնում է նախագահական և նախագահի հետ երկխոսությունից ոչինչ չի թողնում պատերի հետևում, ամբողջ խոսակցությունը ներկայացնում ընտրազանգվածին, մյուսը ընտրազանգվածը փողոցում պահելով այն օգտագործում է, որ իր ներկայացուցիչները պատերի հետևում իշխանության հետ նախարարների ու ԱԺ-ում տեղեր կորզելու բազար անեն և կամ ինչ որ բան որից տեղյակ չենք(որևէ մեկը գիտի՞, թե 2011-ին ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը ինչ է խոսվել, ոչ ոք չի կարող ասել, միայն ենթադրություններ, բայց բոլորը գիտեն, թե ինչ են խոսել Սերժն ու Րաֆֆին):

Կհաղթի՞ Րաֆֆին, կգա՞ իշխանության, չեմ ուզում հարցին պատասխանել, մեջբերեմ Ծովինար Տերտերյանի խոսքը. «հեղափոխության մեկ դասական տեսակ գոյություն չունի, դրանք բազմաթիվ եւ բազմերանգ են։ Ինձ թվում է, որ այսօր Հայաստանում առկա է Նաժմաբադիի ներկայացրած դիսկուրսը, ինչը կարող է դրական փոփոխությունների պատճառ դառնալ։ Ոմանք կարող են ասել, որ այդ տեսակի դիսկուրսն արդեն քսան տարի է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Ես կարծում եմ, որ մինչեւ օրս այն համատարած բնույթ չի ունեցել, բայց տեսնում եմ նշաններ, որ ժողովրդավարական մտածելակերպի և հոգեբանության ձեւավորման ընթացքները արագացել են։ Ինձ համար դրա վառ օրինակներն են դասադուլները, ֆեմինիստական նոր ակցիաները, բնապահպան ակտիվիստների վերջին մի քանի տարվա ակտիվ գործունեությունը, ստվերային իշխանություն ձևավորելու փորձը, Րաֆֆի Հովհաննիսյանի այն պնդումը, որ ինքը քաղաքացու հավասարն է, ինչը նա ապացուցում է քաղաքացիների ձեռքը համբուրելով եւ չթողնելով, որ նրանք համբուրեն իրենը։ Այս ամենի արդյունքն անմիջապես տեսանելի կարող է չլինել»:

ՀԳ.

Րաֆֆուն խանդող մամուլի ծաղրանքի թեմա դարձած «բարևը» ընդունեց մեկը, ով հնարավորություն չունի նրան ֆիզիկապես բարևել՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը, ով իր բարևը փոխանցեց նամակով.

«20 տարեկանից բանտում գտնվելուս 17 տարիներին իմ ընտանիքը, ես տասնյակ դիմումներ ենք ուղարկել Բաղրամյան 26, դիմել նաև բաց նամակներով, սակայն ձայն բարբառո անապատի. լավագույն դեպքում դրանք ուղղվում են տարբեր օղակների, օրինակ՝ դատախազություն:

Սակայն գեթ մեկ ֆորմալ թուղթ չի ստացվել նախագահական ապարատից: Փոխարենը օրեր առաջ բացահայտեցի, որ նույն Բաղրամյան 26-ը շատ օպերատիվ է աշխատում, երբ նամակ է ստանում, ասենք, հանրահայտ ռոք-աստղ Սերժ Թանկյանից»:

Եվ նաև. «Ցավում եմ, որ ֆիզիկապես Ազատության հրապարակում չեմ՝ քաղաքացիների կողքին: Այս պայքարի մեջ ինձ ոգևորել է այն, որ տեսնում ու զգում եմ քաղաքացիական շարժում և ոչ թե կրկին քաղաքական գործչի կուռքացում»:

Մի առաջնորդ, ում ձայնը լսելի է անարդարության զոհ դարձած կալանավորին, ով անտեսված իրեն ճաղերի հետևը գցած նախորդ ընդդիմության և «դանդաղ շտապող» իշխանությունների կողմից, իր 17 տարիների ազատազրկման ընթացքում առաջին անգամ հույս է կապում քաղաքական ուժի հետ: Նրա պես տասնյակ հազարավորներ՝ երկրի իրավազուրկ հատվածները:

25.03.2013, tert.am

Entry filed under: խոհ. Tags: .

Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» ֆաշիզմի թիրախ Երբ էլիտան հարմարված է, մնում է հեռանալը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: