Նավահանգիստ Աննա Սագրադովա

26.06.2013 at 11:25 Оставьте комментарий

anna-sagradova«Բնագիր» կայքի ընթերցողների բաժնում փնտրում ես  ասույթներ, որ ինչ որ անվան տակ դրել ես, չես գտնում, ու հանկարծ անվերջանալի էջերը թերթելիս,  հայտնվում են տեքստեր, ծանոթ անունով անծանոթ տեքաստեր, որոնց ուշադրություն չես դարձրել, բայց հիմա կլանում են, տողերը իրար հետևից կուլ ես տալիս, ուզում ես էլի կարդաս, կարդաս, կարդաս, բայց մեկ էլ վերջանում են, չկան, ինչ որ պահից էլ նա չի գրում: Աննա Սագրադովան ինքնասպան եղավ 2007 թվի մայիսի 28-ին՝ անկախության օրը: 24 տարեկան: Օրը հատո՞ւկ էր ընտրել՝ «Ես վճարում եմ սխալ լինելու ու խելոք չհամարվելու գինը կատարյալ անակախության դիմաց»,- գրել էր նա «Մարազմ Երևանցի» տեքստում. կատարյալ անկախության ևս մի դրսևորո՞ւմ՝ կյանքի հետ անես ինչ ուզենաս, օրինակ փոխարինես մահվամբ ու անկախությունը վերածես կախաղանի:

Մնացե՞լ են համակարգիչներ, որ կարդում են ansi տառատեսակները: Բնագիրը, առաջին հայերեն գրական ինտերնետային կայքը՝ տեքստերը անօգտագործելի դարձած տառատեսակներով: Ուրեմն, Սագրադովայի տեքստերը դարձնել  unicod և հրապարակել:  Երեք տարի առաջ էր, որ Կենդանի մատյանի բլոգումս հրապարակեցի դրանք(այստեղ ևայստեղ): Ու մեկ էլ՝ այ քեզ պատմություն, մի արշավ սկսվեց, Աննայի քույրը ու նաև ինչ-որ ընկերներ, ռմբահարեցին՝ թե ինչպես կարելի է Աննայի պատմությունը գրել, հարցեր տալ թե ինչու ինքնասպան եղավ, ասել, որ կախվել է, թե ինչ երկտող է թողել, էթիկա խաղացնել և այլն: Խլել Աննայի անկախությունը, թույլ չտալ որ ուրիշները անկախ նրա մտերիմներից խոսեն նրա մասին:

Բայց նաև ստացա նամակներ, ովքեր հուզված պատմում էին Աննայի հետ իրենց մտերմության մասին: Նաև մի աղջիկ, ով գրել էր. «Աննայի իսկական մոտիկ մարդիկ, թե կարդացել են էլ ձեր գրածը, լռել են, միայն ես չդիմացա, ու պատճառը Վահան Իշխանյանն էր, ուրիշ մեկի էջը միգուցե չկարդայի: Աննան սիրում էր Վահան Իշխանյանին, շատ»:

Այ քեզ նորություն, ես Աննային չէի տեսել, մենք ընդհանուր ընկեր ունեինք,  նա պատմում էր Աննայի մասին, և ոչ ավելին:  Իմ ի՞նչն էր սիրում: Հաջորդ նամակում պատասխանում է. «Հայաստանում շատ մարդ չկա, որ կկարդան Լորիկը ու կգժվեն, և ոչ թե ընկալեն որպես գռեհիկ դատարկաբանություն կամ էլ հրճվեն պոշլի բառերից»: Լորիկը իմ «ուսապարկ» պատմվածքի հերոսն է(պատմվածքը այստեղ):

Գրում ես պատմվածք, գրում ես քո ուզածի պես, հաշիվ չտալով թե ինչ բառերով են գրվում, մի օր էլ հրապարակում ես, բայց մարդիկ միայն բառերն են տեսնում, բառեր, որ պարզվում է պոշլի են, բառեր որ չեն լսել, կամ բառեր որ լսել են ու ամաչել, կամ բառեր որ արտասանել են բայց միայն տղայական կռուգում, հանկարծ կին չլսի, ու ջղայինացել են՝ ինչպես կարելի է գրել բառեր, որ գրելու համար չեն, գրել բառեր, որ կուզեին  գոյություն չունենային: Ու պատասխանելով, ակամա սկսում ես արդարանալ ու մոռանում ես, որ գրածդ միայն բառեր չեն, նաև նախադասություններ են, պարբերություն, ու վերջը՝ պատմվածք: Քո գրական գործի դեմ հարձակումներին պատասխանելը մի հիմարություն է, որ թաղում է գրությունդ:

Եվ մեկ էլ, պարզվում է, որ եղել է ընթերցող, ով ոչ թե բառերն է կարդացել, այլ բառերով  կարդացել է պատմվածքը, բառերը օգնել են, և ոչ թե խանգարել, տեսել է բառերից բացի ուրիշ բան ու ինձ էլ հիշեցնում է՝ քո գրածը միայն բառերը չէին: Նամակ գրող աղջի՞կն է խոսում, թե՞ Աննան: Երկուսն էլ: Ուրեմն, Կենդանի մատյանում բլոգային գրառումը ինձ մի բան տվեց, ստացա անսպասելիորեն այն միակ ու կարևոր արձագանքը, որտեղ Աննան խոսեց ինձ հետ, նրա մահից հետո երեք տարի անց  մենք ծանոթացանք ու զրուցեցինք:

Անծանոթ մահացածի հետ ընկերությունն ու զրույցը մենախոսությունից ավելի անկաշկանդ է, ինքը չկա, որ իր վրա ձգի խոսակցությունը ու չես էլ ճանաչել, որ միասին հիշողության գերին դառնաք. էս երկրում ընկերության ղեկը քո ձեռքին է, միայն դու ես ղեկը պտտում, ուր ուզես կարող ես տանել, էն երկրում՝ նրա ձեռքին, միայն ինքն է ղեկը պտտում: Մնում է պարզել՝ նո՞ւյն ղեկն ենք պտտում, թե՞ տարբեր ղեկեր են, ես՝ իրենը, ինքը՝ իմը: Պտտում ես ղեկը ու տանում է քեզ մի  նավահանգիստ՝ Աննա Սագրադովայի անվան գրական մրցանակ` ինքնասպան կին, ում մեջ ստեղծագործողն էր և մրցանակ, որ թույլ չի տա մեռնել:

Աղջիկը նամակում գրում է. «Թե ուզում եք գրել մի աղջկա մասին, որ մահացավ, ասում եմ, ավելի լավ ա գրեք էն աղջիկների մասին, ովքեր դեռ դիմանում են, էնքան շատ են իրանք, էնքան շատ են, ամեն օր տասնյակ նման աղջիկներ են անցնում ձեր կողքով, նստում կաֆեում ձեր կողքը ու հերթ կանգնում ձեր հետևից, դուք չեք էլ իմանում ոնց են իրանք ուզում մեռնել ու ինչ պրիմիտիվ ֆակտորներ են հետ պահում իրանց, բաներ, որ Աննայի ճանապարհին չկային ուղղակի…»:

Չէ, հումանիզմն ու հոգիներ փրկելը թողնել հոգևորականներին ու հոգեբաններին: Ճանապարհին խոչընդոտներ չունենալն էլ այն ընդգծված տարբերությունն է, որ գոյություն ունի Աննայի ու փրկության կարիք ունեցող ապրողների միջև: Էն ժամանակ գրել էի հարցեր, թե ինչու ինքնասպան եղավ, ի՞նչ էր գրված երկտողում և այլն: Հիմա այդ հարցերը երկրորդական են դարձել, ու մահվան թեման իր գրություններում անընդհատ պտտող Աննան այլ հարց է առաջանում՝ սիրո պատմությունը պատճա՞ռ էր, թե՞ առիթ ինքնասպանության. մրցանակ մի անհայտ աղջկա անվան, ում համար մահը մի մութ սենյա՞կ էր, ուր հետաքրքրասիրությունից  անպայման պիտի մտնես, թե՞ կյանքն էր մի խաղալիք, որ խաղալուց հետո գցում ես մի կողմ: Մրցանա՞կ թե՞ փառատոն, էն բանաստեղծների, որոնց  ստեղծագործական հետաքրքրությունը տանում է ամենաարգելված ու չբացված մութ սենյակները: Բայց թույլ կտա՞ն էթիկայի պահապանները Աննային մնալ անկախ, դառնալ փառատոն ամենաանկախ մասնագիտության՝ բանաստեղծների համար(միակ գործը, որ արվում է առանց եկամտի ակնկալիքի ու ինքնանպատակ):

Ինչո՞ւ են մրցանակները անվանի մարդկանց անունով, ասենք Չարենցի կամ Հրանտ Մաթևոսյանի անվան: Մրցանակը ոչ նրանց փառքը կավելացնի ոչ էլ ստացողի տաղանդը: Ուրեմն սահմանել մրցանակ նրա անվան, ով փառքից իրեն զրկեց, տաղանդն էլ թողեց իր անվան մրցանակը ստացողին:

(Ռուսական բարդերի ամենահայտնի փառատոնը ոչ թե Վիսոցկու այլ 24 տարեկանում գետում մահացած ուսանող Գրուշինի անվան է):

Աննան ծնվել է հոկտեմբերի 21-ին, չգիտեմ, թե առաջարկս ինչ արձագանք կունենա: Ունենա թե չունենա, Աննա Սագրադովայի ստեղծագործությունները հրապարակելու մի առիթ ևս.

Լավ էր, ժամանակին հասցրեցի պեղել Աննայի գրությունները, հիմա «Բնագիր» կայքը արդեն ավերված է ու ավերակների մեջ պեղումներ անելը անհնար կլինի:

Մարազմ Երեւանցի

Ես մի մեծ դժբախտություն եմ, բայց չի կարելի, որ երջանկությունն անընդհատ լինի: Համը դուրս կգա: Ես մի մեծ մեղք եմ, բայց միշտ ճիշտ լինելը ձանձրալի ա ու անհետաքրքիր: Ես մի մեծ հիմարություն եմ: Այո, ես հիմար եմ ու դրանով ես ազատ եմ: Մինչդեռ դուք` երջանիկներ, անսխալականներ ու խելոքներ, գերի եք ձեր իսկ հորինած ճշտության ու մտածողության: Ես վճարում եմ սխալ լինելու ու խելոք չհամարվելու գինը կատարյալ անակախության դիմաց: Ու ես կարող եմ ցանկացած տեղ ու ցանկացած ժամանակ ասել իմ մտքինը: Եւ ում կկպնի իմ ասածը ու պոկ չի գա, կասի, որ ես հիմար եմ: Բայց մենակ մնալուն պես կհասկանա, որ ես ճիշտ եմ, կատի ու կերկրպագի ինձ:

Ես հիմար եմ ու ես միշտ ճիշտ եմ ու միշտ սխալ եմ: Ես միշտ երջանիկ եմ ու միշտ դժբախտ եմ: Ես միշտ ես եմ , իսկ ձեր համար ես հավերժ հիմար եմ:

Քրիստոնեություն 2005 կամ God has quit chat

God: Բարեւ

Sagan: Բարեւ: Իսկ դու ո՞վ ես:

God: Ես Աստվածն եմ

Sagan: Շատ լավ կատակ էր :Ի՞նչ եղանակ ա վերեւներում…

God: Բայց դու ուզում էիր, չէ՞

Sagan: Ինչ էի ուզում:

God: Խոսել ինձ հետ

Sagan: ???

God: Միթե դու չէիր հենց այս գիշեր բարձրաձայն ասում այդ բառերը:

Sagan: Էս ինչ-որ հումոր ա, հա՞

God: Ես քո հետ առաջին ու վերջին անգամ եմ խոսում, սրանից հետո էլի մենակ լսելու եմ: Դու կարող ես չհավատալ, դա արդեն քո գործն ա:

Sagan: Ո՞նց կապացուցես, որ դու Աստվածն ես:

God: Շատ հասարակ. դու հավատում ես իմ գոյությանը

Sagan: Wow!!!Ինչ փաստարկ էր, է՞: Քո կարծիքով ես հիմա՞ր եմ:

God: Լավ, լսի, արի խոսենք: Հետո ես կգնամ: Ես քեզ ոչ sms-ներ եմ ուղարկելու, ոչ mail եմ անելու: Բայց հիմա արի խոսենք:

Sagan: Լավ, ենթադրենք, թե ես հավատացի: Հարց. Ինչու՞ հենց ես

God: Որովհետեւ դու առաջին մարդն էիր, որը ուզեց խոսել ինձ հետ:

Sagan: Լավ, իսկ ինչի՞ մասին ենք խոսելու

God: Մենք պարզապես կզրուցենք: Ես այնքան վաղուց դա չեմ արել: Մարդիկ միայն խնդրում են ինձ, ուզում, երբեմն պահանջում ու շատ հազվադեպ շնորհակալություն հայտնում: Հարյուրավոր տարիների ընթացքում չգտնվեց մի մարդ, ով կհարցներ արդյոք ի’նձ ինչ-որ բան պետք չէ՞: Իսկ առանց շահի շփման մասին ուղղակի խոսք լինել չէր կարող: Ե՞վ…

Sagan: Էդ դեպքում ինչու՞ ես ընդհանրապես մարդուն ստեղծել:

God: Անգործությունից:

Sagan: Նույնիսկ: Իսկ դու՞ երբ ես ծնվել

God: Էդ մի քիչ բարդ ա: Երբեք: Ես միշտ եղել եմ, ինչպես նաեւ ես չկամ ու երբեք չեմ եղել: Ու ես հոգնել եմ էդ ամենինչից:

Sagan: Աստված,ես քեզ սիրում եմ:

God: Գիտեմ, բայց միեւնույն է , շատ վատ եմ զգում ինձ: Հասկանու՞մ ես, ես արդեն անվերջ ժամանակ գոյություն ունեմ: Ու էդ ամբողջ գոյության ընթացքում ես ձեզնով եմ զբաղված: Դուք խլում եք իմ ամբողջ ժամանակը: Ես պետք է լսեմ ձեր աղոթքները, կատարեմ քիչ թե շատ նորմալ խնդրանքները, կյանքի դասեր տամ հիմարներին, լինեմ Աստված եւ Սատանա միաժամանակ, հավատ ծնեմ կամ վերականգնեմ ու լիքը տենց բաներ: Պատկերացրու, թե դու պարտավորված լինեիր զբաղվել երկրի վրա ապրող բոլոր մրջյունների ճակատագրերով: Գլխումդ չի տեղավորվում, չէ՞: Բայց ամենացավալին էն ա, որ ես կատարյալ մենակ եմ էս աշխարհում: Ես ի զորու եմ ստեղծել ամեն ինչ, բայց միայն ոչ ինձ նման մեկին: Եւ ամեն ինչ էլ կարող եմ ոչնչացնել, բայց միայն ոչ ինձ: Ու չկա մեկը, ում կարող եմ ուղղել հուսահատության պահերի իմ աղոթքը: Իսկ դուք միլիոններով եք: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է իրեն հարմար ընկեր գտնել, յուրաքանչյուրն ընտրության հնարավորություն ունի, միայն ոչ ես:

Sagan: Աստված իմ…

Միայն հասցրեցի գրել,երբ տեսա privat chat room-ի պատուհանին կարմիր տառերով գրված

God has quit chat-ը

Եւ միայն այդ ժամանակ հիշեցի, որ նույնիսկ internet-ին միացած չէի…

Նոր տարի

Ատում եմ ամանորյա գիշերը:

Եթե տարվա 364 գիշերներին ես ինձ միայնակ եմ զգում, ապա ամանորի գիշերը ես ինձ ոչնչություն եմ զգում: Ընդամենը փոշի, որ ոչ մեկի հարկավոր չէ: Թվում է, թե եթե այդ գիշեր ես անհետանամ, ոչ ոք չի էլ նկատի: Պարզ է, որ մոլորակն իր ընթացքը չի կանգնեցնի, ես դրա մասին չեմ խոսում… Մոտենում էր տարվա մեջ իմ ամենատխուր գիշերը: Մի քանի րոպեից ժամանակային նույն գոտում ապրող մարդկանց ամբոխները պիտի թնդային ուրախությունից:

Ես կանգնած էի իմ տան պատուհանի մոտ, որը իմ պես տխուր էր ու լաց էր լինում: Նրա ապակու վրա գոյացած արցունքները չգիտեմ, թե ում մասին էին, բայց դրանք փոքրիկ ստվերներ էին գցում իմ սառած դեմքին: Կողքից նայողին երեւի կթվար, թե դեմքիս լիքը ճանճեր էին նստել, ինչպես մեռելների դեմքին են նստում: Կաթիլները երբեմն չէին դիմանում ու, փոքր առվակներ կազմելով, մեկը մյուսի ետեւից ծորում էին ներքեւ. այդ ես էի լացում դրանց ստվերներով:

Ձեռքս դրեցի ապակու դեմքին` թողնելով նրա վրա իմ ափի թաց հետքը: Ապակին սրբեց իր ու իմ արցունքներն ու ես տեսա, թե ինչպես եկավ նոր տարին: Երկնքում 12 լուսին հայտնվեց ` 12 ամիս: Հողը զինվեց 4 եղանակներով: Արեւից 365 փունջ աստղափոշի պոկվեց:Հեռվում երեւաց Ձմեռ Պապի սահնակը: Նա իմ կողմ ուղղեց իր հայացքը ու, պատուհանիս հասնելով, ասաց իր անտանելի բարի ձայնով.

-Աննա, չտխրես, հրաշքները շարունակվում են քո կյանքում:

Ես գամեցի իմ ատելությամբ ու արյունով լի աչքերը նրա բարի դեմքին ու գոռացի.

-Գնա այստեղից, դու չկաս, -գրկեցի իմ լացող պատուհանին ու արտասվեցի նրա հետ:

Ձմեռ Պապն էլ հեռացավ, որովհետեւ դեռ շատ գործ ուներ անելու:

Ես կանգնած էի իմ լացող պատուհանի մոտ ու կատաղությամբ սրբում էի արցունքներս:

Ատում եմ ամանորը: Ատում եմ հրաշքները…

Գիշեր

06.01.05թ.

Ձեր շենքի կտուրից գիշերը կաթում է ուղիղ քո լուսամուտի տակ: Դու քնած չես, բայց չես կանչի ինձ, չնայած ես այստեղ եմ` ձեր շենքի բակին եմ նվիրում իմ սառը, գիշերային ստվերը: Ես կմնամ այստեղ, իսկ դու ինձ ներս մի կանչի: Ես կպարեմ աստղերի համար ու կերազեմ պատուհաններում անջատված լույսերի փոխարեն: Ու գուցե դու կտեսնես ինձ քո մութ պատուհանից, բայց չես կանչի ինձ, որովհետեւ այս ցուրտ գիշերը կլցնի իմ ականջները խարույկի ձայնով, ու ես կպարեմ` թողնելով հողին իմ հազարավոր ստվերները:

Ու կլսվի մեկի կանչը, բայց դա չես լինի դու, ու չեն կանչի ինձ: Ես պարզապես անշարժ կպարեմ կտուրից ծորացող գիշերվա համար: Ու դու երկար կնայես ինձ քո մութ պատուհանից ու չես կանչի ինձ: Ես պարզապես անշշուկ կերգեմ իմ կողքին կանգնած դատարկության համար: Դու կտեսնես իմ երգը ու կփակես աչքերդ , դու խոր քուն կմտնես, իսկ ես կպարեմ մինչեւ կտուրից կկաթա գիշերվա վերջին կաթիլը…

Մնացածը` հեչ

Սենյակը չափից ավելի էր լուսավորված, էն աստիճան, որ առաջին րոպեներին միայն թարթիչների արանքից էի նայում(ու ճիշտն ասած համարյա ոչինչ չէի տեսնում):Հետո կամաց-կամաց սովորեցի էդ բարբարոս լույսին ու, կոպերս մի քիչ բացելով, սկսեցի մոտավորապես տեսնել ու իրարից տարբերել իրերը: Մի քիչ ուշ, բայց հասկացա, որ ոչ թե լույսն էր շատ, այլ պարզապես սենյակը կատարյալ սպիտակ էր (պատերը, առաստաղը, բոլոր իրերը, ամենինչ): Ի տարբերություն սպիտակ պատերով հոգեբուժարանների, էս մեկը հաստատ հոգեհիվանդարան կարող էր լինել (ընդամենը մի տաս րոպե էի այդտեղ, բայց արդեն մենակ մի բանի մասին էի մտածում-ինչքան հնարավոր ա շուտ փախնեմ տեղից):Արդեն ահագին ժամանակ էր անցել, բայց ոչինչ տեղի չէր ունենում: Մի պահ ինձ նույնիսկ թվաց, թե սենյակի պատերից ոչ մեկին դուռ չկա (բա ես ո՞նց եմ հայտնվել ստեղ):Սկսեցի դանդաղ շոշափել-տնտղել պատերը և վերջապես գտա (չէ խելքս հլը չեմ թռցրել,պարզապես դուռը ոսկերչական մանրակրկիտությամբ ձուլվում էր պատին): Ձանձրույթից սկսեցի ուսումնասիրել սենյակը: Բացի չորս պատերից,առաստաղից,լույսի անտեսանելի աղբյուրից, (որից սենյակում ոչ մի ստվեր չէր ընկնում),այնտեղ կային նաև աթոռներ,սեղան,բազմոց: Նստեցի բազմոցին, մի երկու անգամ թռվռացի նստած տեղում-շատ հարմար էր, հենվեցի,գլուխս հետ գցելու ընթացքում աչքովս ընկավ սեղանին դրված մոխրամանը: Շատ լավ միտք էր-էդ պահին ծխելը:Բայց մի ակնթարթ էլ չանցավ, ու ես հասկացա, որ պայուսակս հետս չի, բա ու՞ր ա, ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչի եմ եկել ստեղ, ու արդյոք եկել եմ, թե ինձ բերել են,ու որպեսզի ցրեմ էդ ոչ այնքան հաճելի մտքերը, ելնում եմ տեղիցս ու ձեռքերով թփթփացնում շալվարիս դիմացի ու ետևի գրպանների տեղերում: Գրողը տանի-չկա ոչ մի բան: Կատաղությունս փողում է իր հիմնը: Թոքերս լիքը օդ եմ քաշում ու գոռում,-“Հեյ”,-օգուտն ինչ, ձայնս երևի դիմացի պատին էլ չհասավ: Այ քեզ բան,էս ու՞ր եմ ընկել-լավ ա գոնե օդ կա,թե՞ չկա: Երևի ուղղակի մեռել եմ ու վերջ: Չէր դզի, որ տենց լիներ-առավել ևս եթե «սա» լիներ իմ հավերժական կյանքն ու իմ ապրելավայրը: Որովհետև, եթե տենց ա- ուրեմն Աստված իմ վրա շատ զայրացած ա եղել ու ուղիղ տշել ա դժոխք: Հա, ճիշտ ա-հիմա ես հոգու կատարելագործման էտապում եմ: Երևի էնքան պիտի մնամ ստեղ, մինչև բոլոր մտքերս ու զգացմունքներս էս սենյակի նման կսպիտակեն, բա հետո՞… Հետո՞,որ ջհանդամն եմ գնալու: Չէ’,մի րոպե,ես համաձայն չեմ,ինչի՞ ես պիտի մեռնեի,ախր կյանքս նոր ա սկսվել:

Նորից եմ փորձում գոռալ-ոչ մի առաջխաղացում…

Կատաղած մի երկու անգամ անցնում դառնում եմ սենյակի երկայնքով ու նստում բազմոցին:Գլուխս վերցնում եմ ձեռքերիս մեջ ու փորձում եմ մտքերս գլուխս հավաքել:Ի՞նչ եմ անում ես ստեղ, ինչի՞ եմ եկել (արա, գլխումս մի հատ միտք չկա, որ գոնե մի կերպ, համոզելով կապեմ սենց ինչ-որ բանի հետ): Ո՞ւմ հետ եմ եկել, ինչ-որ մեկի հետ խոսե՞լ եմ սրա մասին) կատարյալ դատարկություն-ասես ուղեղս ֆորմատ արած լինեն: Չէ, ախր ինչ-որ բաներ հիշում եմ, չէ՞: Ոնց եմ հիշում,թե ես ո՞վ եմ (մտովի տալիս եմ անուն ազgանունս, հիշում եմ մեր հասցեն, շենքի առաջին հարկում վերջերս բացված մեծ անցքը, մեր հեռախոսի համարը, իսնտիտուտս, աշխատանքս,ընկերներիս…) Ընկերների՞ս…Էս հաստատ իրանց ձեռքի գործն ա, ուզում են օյին խաղացած լինեն գլխիս, որ հետո հիշելու ու ղժալու բան լինի: Էդ մտքից սիրտս մի քիչ թեթևանում ա,նույնիսկ ժպտում եմ: Բայց մի պահ անց կասկածը նորից իր գործը սկսում ա-իսկ եթե իրանք չե՞ն:Էդ դեպքում բա ի՞նչ ա… Մի քանի րոպե ընդհանրապես բան չեմ մտածում,հետո ինձ սկսում ա գրոհել մի միտք,թե մի խումբ ցնդած գիտնականներ որոշել են ինչ-որ փորձ անցկացնեն ու աշխարհին ապացուցեն, թե իրանք դեմք են- մեջտեղն էլ ես եմ տուժում: Սկսում եմ տրամաբանել, թե փորձը ոնց կարող ա կոչվի, ասենք «Ինչպես կարելի է մարդուն դարձնել կլաուստրաֆոբիկ», կամ «Ինչքան կարող եք դիմանալ սպիտակի ներքո» ու լիքը տենց տարբերակներ, որոնք նույնքան ապուշություն են, ինչքան առաջին երկուսը: Էն մտքից, թե ես հիմա հանդիսանում եմ սպիտակ ճագարի կամ առնետի դերում, մեջս զզվանք ա առաջանում էդ գիտնականների հանդեպ (որոնք գուցե միայն իմ աննոռմալ երևակայության արդյունքն են):

Տեսնես ժամը քանի՞սն ա: Ինչքա՞ն ժամանակ եմ արդեն ստեղ… Մոտենում եմ պատին ձուլված դռանը ու փորձում եղունգներս մտցնել արանքը: Չի ստացվում (շան տղերքը շատ լավ են սարքել): Ծարավ եմ զgում (հեղուկի մասին մտքից հասկանում եմ,որ զուgարանի կարիք էլ ունեմ), սոված չեմ- էդ մեկը գոնե լավ ա,թե չէ “полный комплект” էր լինելու: Մտածածիցս ինձ բացում ա: Սկսում եմ խորացնել-անհարմարությունների «ամբողջական կոմպլեկտ»- ստեղծիր ինքդ- գնա բար,խմի առանց ուղեղդ գործի դնելու, դուրս գալուց առաջ զուգարան մի մտի ու գնա մի սենյակ, որտեղից չկարողանաս դուրս գալ,մինչև որ, մինչև որ… Արա, ճիշտ ա ես բար եմ գնացել ու լիքը խմել եմ, եթե լիքը խմել եմ-ուրեմն մենակ չեմ եղել,բա ովքերո՞վ ենք եղել… գրողը տանի, ինչի՞ չեմ հիշում… Լավ, գնացել ենք բար, մենակ չէի, շատով էինք (արդեն լավ ա): Դուրս գալուց առաջ զուգարան չմտա… որովհետև հինգ րոպեից տուն էի հասնելու (հաղթանակի դափնիների հոտը զգալով` հասկացա, որ տառապանքներս դատապարտված են ավարտվելու): Ուրեմն սենց-ամեն ինչ տեղի ա ունեցել բարից տուն ընկած ճանապարհին: Քանի որ շատով էինք (ու հավանաբար ընկերներիս հետ էի) ուրեմն առաջինը պիտի իմ տուն gնայինք, որովհեև ամենամոտն ա ու կիսասթափ,կիսահարբած վիճակի համար ամենահարմարը, քանի որ բոլորի համար նստելու տեղ ու սուրճ խմելու բաժակ կա: Մի խոսքով մեր գիշերային ոդիսականի երկրորդ կանգառը իմ տունն ա, իսկ հետո… Չէ,սպասի, կարևորը ոչ թե հետո-ն ա, այլ մինչև-ը: Ի՞նչ ա եղել մինչ տուն հասնելը…………………………………………………………… ………………………………………………………………………………………………………………………………………………………………………

Մի խոսքով,ոնց որ ասում ա Վ. Սահակյանը,-«Ստեղ մի հատ մեծ քֆուր կա»:

-Չեմ հիշում- ջհանդամին, թե կհիշեմ: Այ տենց,եթե էս իմ ընկերների սարքածն ա,կամ ապուշ գիտնականների էշ-էշ կայֆերն են,կամ «թաքնված տեսախցիկ» ա,մեկ ա, ինչ ուզում ա լինի, դե կտեսնեք ես ինչ կանեմ,- համարյա գոռալով մենախոսեցի ու գնացի պառկեցի բազմոցին: Դեմքիս հեգնական ժպիատ ա հայտնվում,աչքերս փակում եմ: Ռադ եմ անում գլխումս եղած բոլոր մտքերն ու ամբողջ ուշադրությունս կենտրոնացնում եմ մենակ մի բանի-մտքում ոչխար թռցնելու վրա: Եզություն ա գիտեմ,բայց դե ի՞նչ անեմ:Կամ պիտի արթուն մնամ ու գժվեմ,կամ էլ քնեմ ու ժամանակ սպանեմ:

Ուրեմն սենց-եկավ, եկավ-հոպ, թռավ, մեեե~, փախավ: Հիմա մյուսը-եկավ, թռավ, գնաց:Երրորդը (ինչ էլ դմակավորն ա էս մեկը) հոպ-ա,ծանր դմակը քարշ տալով գնաց մի կողմ: Հաջորդը-եկավ,թռավ,անցավ: Հինգերորդը-թռավ,անցավ: Վեցերորդը… Տասերորդը… Քսանմեկերորդը… Հիսուներորդը…

«Զգուշացեք դռները բացվում են»…Վեր եմ թռնում տեղիցս: Մետրո՞- առաջին բանը, որ անցնում ա մտքովս: Մի կերպ բացում եմ աչքերս ու հասկանում,որ գլխացավից մեռնում եմ: Շուրթերս կպել են իրար,բերանումս մի գրամ թուք չկա ու լիքը տենց բաներ: Հենց տեսողությունս արդեն ի վիճակի ա դառնում պատկերներ կլանելու, ուղեղիս հասնում ա, որ ես դեռ անիծված սենյակում եմ: Բայց ինչ-որ բան էն չի,առաջվանը չի: Ուշադիր սկսում եմ նայել դիմացս, շուրջս,ամեն-ամեն տեղ: Վերջապես գտնում եմ- դուռը բացված ա, այսինքն նախկին ձուլման գծի երկայնքով բարակ արանք ա առաջացել:Մոտենում եմ ու հրում դուռը: Մի հայացք եմ գցում հետ ու դուրս եմ գալիս էդ չարաբաստիկ սենյակից: Հայտնվում եմ ինչ-որ մութ տարածությունում (կատարյալ սպիտակից հետո սևն ինձ ավելի սև ա թվում): Ձայներ եմ լսում ու շարժվում դրանց ուղղությամբ: Վերջապես գտնում եմ ձայների աղբյուրը- այ քեզ հիմարություն: Ընկերներս բերանները բաց նայում են,թե ոնց եմ ես իրենց մոտենում: Ընկերուհիներիցս երկուսը չեն դիմանում ու թռնում են ինձ ընդառաջ,մեկը գոռալով ասում ա.

-Բայց դու դե~մք ես…

Զարմացած նայում եմ իրա հիացմունքից շողացող դեմքին: Էդ պահին մյուսը քաշում ա թևիցս ու ասում.

-Մենակ տեսնես ինչ մռութն ա, հիշում ես չէ՞,որ ասում էիր ինձ կտաս…

Ապուշ կտրած նայում եմ ընկերներիս` իրենց տարօրինակ պահելաձևի ներքո, ու ինձ մի պահ թվում ա, թե մի հատ մեծ կենդանի ա կանգնած դիմացս, որ լիքը գլուխներ ունի, ու իրանցից ամեն մեկը ինձ մի բան ա ասում, բայց ես ոչինչ չեմ ընկալում, հիմարացած նայում եմ ու ոչինչ չեմ հասկանում…

Հայտնվում ա մեկը-բոյով, քաչալ` մազերը հետ սանրած (կատակ եմ անում,ուղղակի քաչալ), կովային մեծ աչքերով ու բարակ շուրթերով: Նրա դեմքը ինձ շատ ծանոթ ա թվում: Ուշադիր նայում եմ աչքերի մեջ` փորձելով կապել իմ հիշողությունների հետ (ինչ-որ պայմանագիր ա աչքիս առաջ գալիս, իմ ստորագրությունը, էդ մարդու բարակ շուրթերն եմ հիշում` ինչ-որ բան բացատրելիս), բայց ամեն ինչ լղոզված ա ու ես ոչինչ չեմ հասկանում: Մոտենում ա ինձ: Ձեռքին VHS ֆորմատի տեսաերիզ: Մեկնում ա ինձ ու ասում.

-Շնորհավորում եմ: 1 ժամ 21 րոպե ու ոչ մի կաթիլ արցունք:

Հարցական վրան եմ նայում:

-Տեսնում եմ որ դեղի ազդեցությունը դեռ չի անցել,ձեր ընկերներն ամեն ինչ կբացատրեն:

Նայում եմ ընկերներիս: Բոլորն ուրախ են ու անհասկանալի զվարթ: Ետ եմ շրջվում,անծանոթ քաչալը մի հսկայական փափուկ խաղալիք-փիղ ա դիմացս դնում (էնքան արաg, որ ես վախից մի երկու քայլ հետ եմ թռնում): Ընկերներս ծիծաղում են: Ես սկսում եմ նեռվայնանալ ու մտածաում եմ,թե շատ լավ ա,որ էս անասունին ընկերուհուս եմ խոստացել:Էդ մտքիս վրա ընկերուհիս հայտնվում ա դիմացս ու սպասողական հայացքով ինձ ա նայում: Տալիս եմ խաղալիքը իրան: Նենց ա գրկում,նենց ա փաթաթվում,ոնց-որ չգիտեմ ում կգրկեր: Թարս վրան եմ նայում (մի պահ մոռանալով,որ ընկերուհիս ա):Պարզապես էդ մթնոլորտը արդեն վրաս ազդում եր: Մոտենում եմ ընկերներիցս մի քանիսին ու առաջարկում շարունակել կիսատ մնացած ոդիսականը: Աղմուկն ու անիմաստ շարժումները մեր հետ հանում ենք էդ շատ տարօրինակ օբյեկտից ու շարժվում իմ տան ուղղությամբ:

Կարևորը-կենդանի ենք,մնացածը` հեչ…

Կավատը

Արագ անջատեցի սենյակիս լույսը: Մութը ինձ գրկեց, ու ես արտասվեցի: Ինձ սարսափեցրել էր հայելում կանգնած Աննան:

«Աստված իմ,-մտածում էի ես,- այս ինչ եմ ես դարձել, չէ՞ որ ժամանակին ես մարդ եմ եղել: Ո՞վ եմ ես հիմա» : Անձայն նստած էի սենյակիս հատակին, իսկ արցունքներն ակամայից հոսում էին իմ փակ աչքերից:

«Ես հոգնել եմ անվերջ խոսելուց, ինչու՞ ես չեմ կարողանում լռել: Ես խոսում եմ անգամ երբ  ինձ լսող չկա: Ես անվերջ պատմում եմ իմ հույսերի ու երազանքների մասին: Ասես հիշողություններիս ու ցանկություններիս կավատը լինեմ: Ես դրանց տառերից կամ հնչյուններից մարմիններ եմ տալիս ու պոռնկության հանում: Այո, դրանք իսկական պոռնիկ են դարձել, որովհետեւ կեղտոտվել են մարդկանց ծիծաղից, ցրվել են կյանքի տարածության տարբեր մութ ու գարշահոտ անկյուններում: Դրանք իրենք էլ իրենց չեն հարգում, էլ ուր մնաց ուրիշները հարգեն: Դրանք զզվելի կպչուն են դարձել ու անտանելի շատախոս:

Ու էդ պոռնկացած հիշողություններից, ցանկություններից, հույսերից ու հույզերից փազլի նման հավաքված իմ էությունը չի դադարում ցավից ոռնալ: Ես հիվանդ եմ ու շուտով կմեռնեմ: Հոգիս արդեն արյուն է հետ տալիս: Իսկ ես արցունք չունեմ այլեւս…

Անանուն ցավ

Կեղտոտ անցումում

ցավ էին վաճառում,

սպիացած ու թարմ,

հատը` 10 դրամ:

Մտա գրպաններս,

մոտս փող շատ կար:

Ես բոլորն առա,

որ ցավի երկար:

Ցերեկս գիշեր դարձավ,

ոտքիս տակի հողը` ջուր:

Փողոցներն անուն չունեն,

քայլում եմ` չգիտեմ, թե ուր:

Ես մի տուն գտա,

ուր մարդիկ չկային:

Առանց թակելու ներս մտա

ու շաղոտ հայելու մեջ

ես ցավին տեսա:

Ցավը հիասքանչ էր`

անարցունք, անսեր…

Ես ցավից մեռել էի:

Անանուն գիշեր:

Քամի էր: Ես գնացի նրա հետ քանդած կառամատույցին ու նստեցի արդեն մեկնած գնացքը: Լուռ կանգնել էի պատուհանի առջեւ ու նայում էի գնացքի կողքով վազող մթությանը: Ժանգոտած անիվների անդուլ աղմուկն ու շոգեքարշային սառած փնչոցները սպանեցին երեւակայությունս: Ես պարզապես լսում էի այդ աղմուկն ու նայում մթության փակ աչքերին` չկարողանալով անգամ երեւակայել կարոտս:

Քամին քշեց, տարավ ճամպրուկներս` իմ ցավն ու արցունքները: Ձեռքիս մնաց միայն ճմռթված տոմսս` հավատս, թե ամեն ինչ վերջացել է, բայց միայն մեր երկուսի համար:Միայն «մեր»-ի ու «մենք»-ի համար: Որ «մենք»-ը հիմա նորից «ես» ու «դու» ենք: Նորաստեղծ, մաքուր «ես» ու «դու»: Ու յուրաքանչյուրս կարող է շարունակել այն, ինչ չի կարող անել «մենք»-ը:

Գնացքը ծանր հոգոցով կանգ առավ: Ձեռքիս տոմսը պատռեցին, ու ես իջա գնացքից այն նույն քանդված կառամատույցին: Մնացի այդպես կանգնած ` պատռված տոմսս` հույսս ձեռքումս, թե ամեն ինչ վերջացել է, բայց միայն «մեր» ու «քո» համար, որ ես դեռ կարող եմ… հասնել ու նստել այն գնացքը, որը մեկնել է արդեն:

հգ. Ինտենետում ևս մի անգամ փնտրելով, տեսա Սագրադովայի մասին պատմող տեսագրություն

Entry filed under: խոհ. Tags: , .

Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում Ֆիլմս Ոսկե ծիրանում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: